― Ահա՝ թե ովքեր են մեր կողոպտիչները, ― ավելացրեց քահանան, ― թող ողորմածն Աստված ների նրան, ում միջոցով նրանք խուսափեցին արժանի պատժից։
==Գլուխ XXX==
Ուր պատմվում է չքնաղ Դորոթեայի խելքի և ուրիշ շատ հասարակ ու զվարճալի բաների մասին
Հազիվ էր քահանան ավարտել իր խոսքը, որ Սանչոն բացականչեց․
― Ազնիվ խոսք, սինյոր լիցենցիատ, այդ սխրագործությունը հենց իմ տերն է կատարել։ Այն պահին էլ ես ասում ու մատնանշում էի, որ նա խորհի, թե ինչ է անում և որ նրանց ազատելը մեղք է՝ չէ՞ որ նրանց մեծամեծ ոճիրների համար են թիանավերի վրա թիավարելու ուղարկում։
― Հիմար, ― վրա բերեց դոն Կիխոտը, ― պարտ չէ և պատշաճ չէ թափառական ասպետներին ստուգել՝ մեղավո՞ր են, թե՞ անմեղ այն ճնշվածները, վիրավորվածները և շղթայվածները, որոնց նրանք հանդիպում են բանուկ ճամփաներում։ Նրանց վայելում է լոկ օգնել տկարներին՝ ուշ դարձնելով նրանց տառապանքների և ոչ թե ոճիրների վրա։ Ես դեմ առա տանջված ու դժբախտ մարդկանց՝ շարված շղթայի վրա և վարվեցի այնպես, ինչպես իմ դավանանքն է պատվիրում, իսկ մնացածը ― թող դատեն երկնքում։ Ում աչքին որ դա վատ բան է երևում, նա տառ անգամ չի հասկանում ասպետականությունից և ստում է, ինչպես բռի գյուղացի կամ սրիկա (ի բաց առյալ, իհարկե, սինյոր լիցենցիատի սուրբ աստիճանը և նրա պատվելի անձը), և ես կապացուցեմ նրան սրով, ասես թե սուրս առջևս դրած լիներ։<ref>Երդման բանաձև, որը գործ է ածվում միայն ավետարանի նկատմամբ։ Երդման թախծալի կոմիզմը մատնանշվում է նրանով, որ դոն Կիխոտը դրանից առաջ զրկվել էր սրից։</ref>
Այդ ասելով նա ոտներն ամրացրեց ասպանդակներում և սաղավարտը խորը քաշեց ճակատին, ― որովհետև դալլաքի լագանը, որ նա Մամբրինի սաղավարտի տեղ էր ընդունում, կախված էր թամբի առաջի փայտից, և տաժանակիր աշխատանքի դատապարտվածները նրան այնպիսի վիճակի մեջ էին գցել, որ նորոգումի մեծ կարիք կար։
Դորոթեան, հնարագետ և սրախոս աղջիկ լինելով, իմանալով, որ դոն Կիխոտի խելքը վնասված է և որ բացի Սանչո Պանսայից ամենքը նրան ծաղրում են, չկամեցավ ուրիշներից ետ մնալ և այսպես ասաց վիրավորված դոն Կիխոտին․
― Սինյոր ասպետ, մտաբերեցեք այն շնորհը, որ դուք ինձ խոստացաք և այն, որ դուք ուրիշ արկածների մեջ չեք ընկնի, որքան էլ նրանք անհետաձգելի լինեն։ Մեղմեցեք ձեր ցասումը։ Եթե սինյոր լիցենցիատն իմանալու լիներ, որ այն տաժանակիր աշխատանքի դատապարտվածները ձեր անհաղթ ձեռքով են ազատված, նա երիցս կկտրեր իր շուրթը և երիցս կկծեր իր լեզուն, նախքան ձերդ ողորմածությանը որևէ անհաճո բան ասել։
― Երդվում եմ, որ դա ճիշտ է, ― վրա բերեց քահանան։ ― Ես ուղղակի բեղս կպոկեի նախապես։
― Ես կլռեմ, տիրուհիդ իմ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և կզսպեմ արդարացի ցասումս, որ եռ է գալիս իմ կրծքում։ Այսուհետև ես կլինեմ հանգիստ ու խաղաղասեր, մինչև որ իմ խոստումը չկատարեմ։ Սակայն իմ բարի մտադրություններին ի պարգև, խնդրեմ, ասացեք ինձ, եթե այդ ծանր չգա ձեզ, ի՞նչն է ձեր վիշտը, քանի՞ հոգի են նրանք, ի՞նչ մարդիկ են և ի՞նչ դասից, որոնց վրա պետք է պայթի իմ արդարացի, օրինավոր և արժանավոր վրեժը։
― Սիրով կպատասխանեմ, ― ասաց Դորոթեան, ― եթե միայն ձեզ ձանձրույթ չի պատճառի իմ դժբախտությունների և աղետների մասին լսելը։
― Ձանձրույթ չի լինի, տիրուհիդ իմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
Դրան Դորոթեան պատասխանեց․
― Որ այդպես է, ականջ դրեք, սինյորներ։
Հենց որ նա այս խոսքերն արտասանեց, Կարդենիոն ու դալլաքը մոտ եկան նրան, կամենալով իմանալ, թե խելացի Դորոթեան ինչ պատմություն է հնարելու։ Նույնն արեց նաև Սանչոն, որ նույն մոլորության մեջ էր գտնվում, ինչ որ իր տերը։ Իսկ Դորոթեան, ավելի հարմար նստելով թամքի վրա, կոկորդը մաքրելուց ու պատրաստվելուց հետո, ինչպես անում են նման դեպքերում, շատ դուրեկան կերպով այսպես սկսեց․
― Նախ և առաջ թող ձեզ հայտնի լինի, սինյորներ, որ իմ անունը․․․
Այստեղ նա կակազեց, որովհետև մոռացել էր, թե քահանան ինչ էր դրել իր անունը։ Սակայն վերջինս իսկույն օգնության հասավ, որովհետև ձեռաց գլխի ընկավ, թե ինչի մեջն է դժվարությունը և ասաց․
― Զարմանալի չէ, տիրուհի, որ ձերդ բարձրությունը քաշվում ու դժվարանում է, կամենալով պատմել մեզ իր ցավերից։ Այդպես է ցավի հատկությունը ― նա զրկում է հիշողությունից նրանց, որոնց վրա թափվում է։ Մարդիկ դժբախտության մեջ հաճախ մոռանում են իրենց սեփական անունը, ինչպես հիմա պատահեց ձեզ, որ մոռացել եք, թե ձեր անունը իշխանուհի Միկոմիկոնա է, և որ դուք Միկոմիկոն մեծ թագավորության օրինավոր ժառանգորդն եք։ Այս հիշեցումից հետո ձերդ մեծությունը առանց դժվարության կարող կլինի իր ճնշված հիշողության մեջ վերականգնել այն ամենը, ինչ որ հաճելի լինի պատմել մեզ։
― Միանգամայն արդարացի է, ― պատասխանեց աղջիկը, ― և հուսով եմ, որ հետագայում ես առանց հիշեցումների յոլա կգնամ և իմ ճշմարտապատում պատմությունը կհասցնեմ մինչև խաղաղ նավահանգիստ։ Իմ հոր՝ թագավորի անունը Տինակրիս իմաստուն էր, որովհետև մագիա կոչվող գիտության մեջ նա շատ տեղյակ էր։ Այդ գիտության միջոցով նրան հայտնվեց, որ մայրս՝ թագուհի Խարամիլյան, իրենից շուտ պիտի մեռնի և որ դրանից հետո շուտով իրեն է վիճակված լքելու այս աշխարհը, իսկ իմ ճակատագիրն է՝ մնալու որբ, անհայր և անմայր։ Եվ թեև նա վշտացած էր դրանից, սակայն ավելի ուժգին նա վշտացած էր, ինչպես ինքն էր ասում, այլ բանից․ նա ստուգապես գիտեր, որ մեր պետության գրեթե կողքին, մեծ կղզու վրա, հրեշավոր մի հսկա էր իշխում Պանդաֆիլանդո Դժնաչք անունով (բոլորին հայտնի է, որ թեև նրա աչքերը կանոնավոր են և իրենց տեղը, բայց նա միշտ մի քիչ շեղ է նայում, ասես թե շլդիկ լիներ և այդ նենգությունից է անում, որպեսզի վախեցնի և ահաբեկի բոլորին, որոնց վրա նայում է)։ Եվ ահա հայրս իմացավ, որ երբ հսկային հասնի իմ որբության լուրը, նա մեծ զորքով կհարձակվի մեր թագավորության վրա և ինձնից ամեն ինչ կխլի, առանց ինձ անգամ մի փոքրիկ գյուղ թողնելու, որտեղ ես կարողանայի օթևան գտնել։ Սակայն ես կարող էի այդ աղետից և կործանումից խուսափել, եթե կամենայի նրան մարդու գնալ։ Սակայն բոլոր տվյալներով հայրս կարծում էր, որ ես երբեք չեմ համաձայնի նման անհավասար ամուսնության և նա ամենևին չէր սխալվում, որովհետև երբեք մտքովս էլ չէր անցնի պսակվել ո՛չ այս հսկայի, ո՛չ էլ ուրիշ նմանի հետ, որքան էլ նա մեծ ու զորավոր լիներ։ Բացի այդ՝ հայրս ինձ ասաց, որ երբ ինքը կմեռնի և Պանդաֆիլանդոն առաջ կխաղա իմ թագավորության վրա, ես չպիտի մտածեմ անգամ դիմադրության մասին, որովհետև դա հավասարազոր կլինի կործանման։ Իսկ ես պետք է, եթե կամենում եմ փրկված լինել մահից և կատարյալ բնաջնջումից իմ բարի և հավատարիմ հպատակներին, բարի կամքովս մաքրել թագավորությունս, որովհետև այդ հսկայի դիվական ուժի դեմ պաշտպանվելու հնարավորություն չկա։ Եվ նա կտակեց ինձ՝ անմիջապես մի քանի հավատարիմ մարդկանց հետ ճամփա ընկնել Իսպանիա և այնտեղ գտնել փրկչիս իմ բոլոր աղետներից՝ թափառական ասպետին, որի փառքը այդ միջոցին տարածվել է ողջ պետության մեջ և որի անունը լինելու է, եթե միայն ես լավ եմ հիշում, դոն Ասոտ կամ դոն Խիգոտ։<ref>Azote նշանակում է «պատուհաս», jigote՝ «ծեծած միս»։</ref>
― Երևի նա դոն Կիխոտ է ասել, ― ընդհատեց նրան Սանչո Պանսան, ― կամ այլ կերպ՝ Տխուր Պատկերի Ասպետ։
― Հենց այդպես, ― պատասխանեց Դորոթեան։ ― Համ էլ նա ավելացրեց, որ այդ ասպետը բարձրահասակ է, նիհար դեմքով և որ նրա աջ կողմի վրա, ձախ ուսից քիչ ցած կամ այդ մասին մոտիկ տեղում թուխ խալ կա՝ խոզի մազի պես կոշտ մազով ծածկված։
Լսելով այդ՝ դոն Կիխոտը ասաց իր զինակրին․
― Ապա արի այստեղ, եղբայր Սանչո, օգնիր շորս հանեմ։ Որովհետև ես կամենում եմ համոզվել, իրո՞ք ես այն ասպետն եմ, որ նախագուշակել է իմաստուն թագավորը։
― Ի՞նչ կարիք կա, որ ձերդ ողորմածությունը շորը հանի, ― հարցրեց Դորոթեան։
― Որպեսզի տեսնեմ խալը, որի մասին ասել է ձեր հայրը, կա՞ արդյոք, ― պատասխանեց դոն Կիխոտը։
― Դրա համար շոր հանելու կարիք չկա, ― ասաց Սանչոն, ― ես առանց այդ էլ գիտեմ, որ ձերդ ողորմածության մեջքի մեջտեղին հենց այդ տեսակ խալ կա, և դա առնականության նշան է։
― Դա միանգամայն բավական է, ― ասաց Դորոթեան, ― որովհետև բարեկամները նման մանր֊մունր բաների վրա ուշ չեն դարձնում և կարևոր չէ՝ ուսի՞ն է խալը, թե՞ մեջքին։ Գլխավորն այն է, որ խալը կա, իսկ որտեղ էլ լինի՝ մեկ է, մարմնի բոլոր մասերը միատեսակ են։ Անկասկած, իմ բարի հայրը ճիշտ է նախագուշակել, և ես էլ չեմ սխալվել, դիմելով տեր դոն Կիխոտին, որովհետև, անտարակույս, նրան է նկատի ունեցել իմ հայրը։ Չէ՞ որ մարմնի նշաններին համաձայն է նաև բարի համբավը, որ պտտում է նրա մասին ոչ միայն Իսպանիայում, այլև բովանդակ Լամանչում, ― որովհետև հազիվ էի ես ափ իջել Օսունում, երբ արդեն ականջիս հասավ նրա գործերի պատմությունը, որ իսկույն հուշեց իմ սրտին, որ իմ որոնածը հենց նա է։
― Սակայն, տիրուհիդ իմ, ինչպե՞ս կարող էր ձերդ ողորմածությունը Օսունում ափ իջած լինել, ― հարցրեց դոն Կիխոտը, ― քանի որ դա ծովային նավահանգիստ չէ։
Մինչև որ Դորոթեան պատասխան տար, միջամտեց քահանան և ասաց․
― Տիրուհի իշխանուհին, երևի, կամեցել է ասել, որ այն օրից, ինչ նա ափ է իջել Մալագում, առաջին վայրը, որտեղ նա լսել է ձերդ ողորմածության մասին, Օսունան է եղել։
― Այո՛, հենց իմ ասելս այդ է եղել, ― հաստատեց Դորոթեան։
― Ապա ամեն ինչ հասկանալի է, ― ասաց քահանան։ ― Դե, շարունակեցեք, ձերդ մեծություն։
― Ես բան չունեմ ավելացնելու, ― ասաց Դորոթեան, ― գուցե այն, որ վերջապես բախտը գթաց, և ես գտա սինյոր դոն Կիխոտին։ Ես հիմա արդեն ինձ համարում եմ թագուհի և իմ ամբողջ թագավորությանս տիրուհին, որովհետև իր սիրալիրությամբ և վեհանձնությամբ հաճեց ինձ հետ գնալ ուր որ ես նրան տանելու լինեմ։ Իսկ ես նրան հսկա Պանդաֆիլանդո Դժնաչքի մոտ եմ տանելու, որպեսզի նա սպանի հրեշին և վերադարձնի ինձ այն, ինչ որ ինձնից ապօրինի խլված է։ Այդ ամենը պիտի կատարվի ծրագրածի պես, որովհետև այդպես է նախագուշակել իմ բարի հայր Տինակրիո իմաստունը։ Նա թուղթ է թողել՝ գրված հունարեն և քաղդեերեն։ Ես պետք է անմիջապես, առանց որևէ առարկությունների, դառնամ նրա օրինավոր ամուսինը, և իմ անձի հետ հանձնեմ նրան իշխանությունը նաև բովանդակ իմ թագավորության վրա։
― Ի՞նչ կասես սրան, Սանչո բարեկամս, ― հարցրեց այստեղ դոն Կիխոտը։ ― Լսո՞ւմ ես՝ խոսքը ինչի մասին է։ Չէ՞ի ասում քեզ այդ բանը։ Ահա մենք թագավորություն էլ կունենանք, որ մենք կառավարենք և թագուհի, որի հետ ամուսնանանք։
― Աստված վկա, ճիշտ է, ― ասաց Սանչոն։ ― Պետք է ախմախ լինել, որպեսզի մարդ, այդ սինյոր Պանդաիլադոյի գլուխը չջարդի և իշխանուհու հետ չամուսնանա։ Ի՞նչ կասեք, գե՞շ թագուհի է։ Կուզենայի՜, որ իմ անկողնում էլ այդպիսի լվիկներ թռչկոտեին։
Այդ ասելով, նա ի նշան առանձին հաճույքի, երկու անգամ օդում աքացի տվեց։ Ապա նա բռնեց Դորոթեայի նստած ջորու նախտան և, կանգնեցնելով, չոքեց՝ աղաչելով, որ աղջիկը թույլ տա համբուրել իր ձեռքը՝ որպես իր թագուհու ու տիրուհու։ Ո՞վ չէր ծիծաղի տեսնելով տիրոջ նման խելագարությունը և ծառայի պարզամտությունը։ Դորոթեան պարզեց իր ձեռքը և խոստացավ նրան մեծ պաշտոնյա դարձնել հենց որ երկինքն իրեն թույլ տա վերստին տիրանալ իր թագավորության։ Սանչոն հայտնեց իր շնորհակալությունն այնպիսի դարձվածներով, որ ներկաները դարձյալ ծիծաղեցին։
― Ահա, սինյորներ, իմ պատմությունը, ― շարունակեց Դորոթեան։ ― Մնում է ասեմ, որ իմ թագավորությունից հետս դուրս բերած ամբողջ շքախմբից մենակ այս միրուքավոր զինակիրս է մնացել, իսկ մնացածները բոլորն էլ խեղդվեցին սարսափելի փոթորկի միջոցին, որ վրա հասավ մեզ նավահանգստի մոտերքում։ Իսկ մենք նրա հետ երկու տախտակի վրա հրաշքով ափ հասանք։ Ասենք՝ իմ ողջ կյանքը, ինչպես որ արդեն դուք նկատած կլինեք, հրաշք ու գաղտնիք է։ Իսկ եթե ես որվևէ ավելորդ կամ անտեղին բան ասացի, ապա մեղավորը այն պարագաներն են, որոնց սկզբից ևեթ մատնանշեց սինյոր լիցենցիատը, արտասովոր և անընդհատ փորձությունները զրկում են հիշողությունից նրանց, որոնց գլխին թափվում են։
― Ինչ փորձությունների էլ ենթարկվելու լինեմ ես, որքան էլ մեծ ու զարմանալի լինեն նրանք, ո՜վ ազնվազարմ ու արի տիրուհի, ― հայտարարեց դոն Կիխոտը, ― ծառայելով ձեզ, ես հիշողությունս չեմ կորցնի։ Ես կրկին հաստատում եմ իմ խոստումը և երդվում, որ ձեզ մինչև աշխարհիս ծայրը կհետևեմ, մինչև որ չհանդիպեմ ձեր դաժան թշնամուն, որի հանդուգն գլուխը Աստծու և իմ ձեռքի օգնությամբ հույս ունեմ, որ կկտրեմ այս կուռ թրի ծայրով ― կուզենայի ասել, բայց չեմ կարող, որովհետև իմ կուռ թուրը հափշտակել է Խինես դե Պասամոնտեն։
Վերջին խոսքերը նա արտասանեց ատամների արանքով, ապա շարունակեց․
― Իսկ նրա գլուխը կտրելուց հետո ես ձեզ կմտցնեմ ձեր պետության խաղաղ տիրության մեջ, դուք կկարողանաք, ըստ ձեր ազատ հայեցողության, տնօրինել ձեր անձը, որովհետև իմ հիշողությունը գրավված է, կամքս՝ գերի և բանականությունս՝ հափշտակված նրանով․․․ ոչինչ այլևս չեմ ավելացնի։ Միայն թե ես ոչ միայն անկարող եմ ամուսնանալ, այլև նաև ամուսնության մասին խորհել, անգամ եթե փյունիք թռչունը լիներ հարսնացուս։
Դոն Կիխոտի ամուսնանալու անկարելիության մասին ասած խոսքերը այնքան դուր չեկան Սանչոյին, որ նա ցավալիորեն բարձրացրեց իր ձայնն ու ասաց․
― Երդվում եմ, սինյոր դոն Կիխոտ, որ ձեր խելքը թռել է։ Ինչպե՞ս կարելի է տատանվել, երբ որ այսպիսի ազնվական իշխանուհու հետ ամուսնանալու մասին է գործը գալիս։ Ի՞նչ եք կարծում, բախտը ամե՞ն քայլափոխում ուղարկելու է ձեզ սրա պես հաջողություն։ Կամ թե միգուցե, ձեր կարծիքով, տիրուհի Դուլսինեան ավելի՞ գեղեցիկ է։ Իհարկե ոչ, սրա կեսի չափ էլ գեղեցիկ չէ։ Պատրաստ եմ երդվելու, որ իշխանուհու եղունգն էլ չարժե։ Ասել է թե՝ իմ կոմս դառնալս փըստ եղավ, եթե ձերդ ողորմածությունը սպասելու է, որ ծովի տակին տանձ բռնի։ Ամուսնացեք, անպատճառ ամուսնացեք, թող սատանան տանի ձեզ, ձեռքից մի գցեք թագավորությունը, որ նահախ տեղից ինքն է գալիս ձեր ձեռքը։ Իսկ երբ որ թագավոր դառնաք, ― ինձ մարկիզ դարձրեք կամ փոխարքա, ապա ― ամեն ինչ թեկուզ սատանի բաժին դառնա։
Դոն Կիխոտը, լսելով այս սրբապղծությունը իր տիրուհի Դուլսինեայի նկատմամբ, չհամբերեց և, բարձրացնելով նիզակը, առանց խոսք ասելու և նախազգուշացնելու, երկու այնպիսի հարված հասցրեց Սանչոյին, որ սա հասակովը մեկ փռվեց գետնին և, եթե Դորոթեան իր ճիչով դոն Կիխոտին ետ պահելու չլիներ, նա, անշուշտ, տեղն ու տեղը կսպաներ նրան։
― Մի՞թե դուք կարծում եք, ստոր գյուղացի, ― սկսեց նա պահ մի անց, ― որ դուք միշտ ոտներիս արանքը փայտ եք կոխելու, իսկ ես միշտ ներելու եմ ձեր հանդգնությունը։ Ձեր մտքիցն էլ թող չանցնի, անիծյալ անպիտան, ― որովհետև դուք անպիտան եք, քանի որ ձեր լեզուն խիզախեց դիպչել աննման Դուլսինեային։ Գիտե՞ք դուք, տխմար, ավարա, բռի գյուղացի, որ միայն նա է, որ ուժ է տալիս իմ ձեռքին և որ առանց նրան ես չէի կարող անգամ լու սպանել։ Ասացեք ապա, իժի լեզու ունեցող սրիկա, ո՞վ է ձեր կարծիքով նվաճել այդ թագավորությունը, կտրել հսկայի գլուխը և ձեզ մարկիզ դարձրել (որովհետև այդ ամենը ես արդեն համարում եմ կատարված՝ այն, ինչ մտահղացված է՝ կատարված է), մի՞թե ոչ Դուլսինեայի առաքինությունը, որ իմ ձեռքն ընտրել է որպես գործիք իր սխրագործությունների։ Նա մարտնչում է իմ մեջ և հաղթում ինձնով, իսկ ես ապրում ու շնչում եմ նրանով և նրանից է իմ կյանքն ու կացությունը։ Օ, զզվելի անպիտան, ի՜նչ անշնորհակալն եք դուք, դուք, որին հող ու փոշուց են բարձրացրել և հասցրել անվանի տիրոջ։ Դուք ձեր բարերարուհուն դրա համար զրպարտում եք։
Ինչքան էլ Սանչոն ջարդված լիներ, այնուհանդերձ նա լսեց իր տիրոջ խոսքերը և, ոչ առանց փութկոտության վեր կենալով, թաքնվեց Դորոթեայի յորդա ձիու քամակին և այնտեղից պատասխանեց․
― Ասացեք ինձ, սինյոր, եթե ձերդ ողորմածությունը վճռել է չամուսնանալ այս ազնվազարմ իշխանուհու հետ, ապա ուրեմն թագավորությունը ձերը չի՞ լինի։ Իսկ եթե այդպես է, ապա էլ ի՞նչ շնորհ սպասեմ ձեզնից։ Ահա թե ինչից եմ գանգատավոր ես։ Անպայման ամուսնացեք այս թագուհու հետ, որ ուղղակի երկնքից է իջել մեզ համար, իսկ հետո դուք կարող կլինեք վերադառնալ տիրուհի Դուլսինեայի մոտ՝ եղել են հո աշխարհիս երեսին թագավորներ, որ ապրելիս են եղել սիրուհիների հետ։ Գալով գեղեցկության՝ ես այդ գործին չեմ խառնվում, որովհետև, իսկապես, երկուսն էլ գեղեցկուհի են ինձ համար, թեև տիրուհի Դուլսինեային ես երբեք չեմ տեսել։<ref>Այստեղ Սերվանտեսը նորից հակասում է ինքն իրեն․ XXV գլխում ցույց է տրված, որ Սանչոն լավ էր ճանաչում Դուլսինեային։</ref>
― Ինչպե՞ս թե չես տեսել, ― ընդհատեց նրան դոն Կիխոտը։ ― Չէ որ դու նոր նրանից ողջույն ես բերել ինձ համար, զազիր դավաճան։
― Ես ուզում էի ասել, որ նրան բավականաչափ երկար տեսած չկամ, որպեսզի մանրամասն, ամեն կողմից զննած լինեի նրա գեղեցկությունն ու բոլոր հրապույրները։ Բայց, ընդհանրապես, նա ինձ լավիկն է թվում։
― Ահա հիմա ես ներում եմ քեզ, ― ասաց դոն Կիխոտը, ― դու էլ ներիր ինձ, որ վիրավորեցի քեզ, որովհետև մարդուս առաջին շարժումները կամքից կախված չեն լինում։
― Այդ ես արդեն գիտեմ, ― պատասխանեց Սանչոն։ ― Իսկ իմ առաջին շարժումը խոսելու ցանկությունն է լինում։ Ոչ մի կերպ չեմ կարողանում զսպել ինձ և գոնե մի անգամ չասեմ այն, ինչ որ պտտվում է լեզվիս ծայրին։
― Այնուամենայնիվ, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― խորհիր ասածիդ վրա։ Դու հո գիտես՝ կուժը ջրի ճամփին․․․ էլ չեմ շարունակի։
― Դե լավ, ― պատասխանեց Սանչոն, ― Աստված երկնքում տեսնում է բոլոր հանցանքները, նա էլ կվճռի, թե որն է ավելի վատ՝ վատ խոսելը, ինչպես ես, թե՞ վատ անելը, ինչպես ձերդ ողորմածությունը։
― Դե, բավական է, ― ընդհատեց Դորոթեան։ ― Վազեցեք, Սանչո, համբուրեցեք ձեր տիրոջ ձեռքը և ներողություն խնդրեցեք, իսկ հետագայում զգույշ եղեք գովասանքի և պարսավանքի մեջ և Տոբոսցի տիրուհու մասին վատ մի խոսեք։ Ես պատրաստ եմ ծառայելու նրան, թեև նրան չեմ էլ ճանաչում։ Մնացածը Աստծուն հավատացեք, և դուք կալվածներ կունենաք և կապրեք նրանց մեջ իշխանավայել կյանքով։
Սանչոն, գլուխը կախ գցած, մոտեցավ դոն Կիխոտին և խնդրեց, որ տա իրեն իր ձեռքը, որ և նա պարզեց արժանապատվությամբ։ Երբ որ Սանչոն համբուրեց, դոն Կիխոտը նրան օրհնեց և առաջարկեց հետը առաջ անցնել, ասելով, թե պետք է նրան հարց ու փորձ անի և հետը շատ կարևոր բաներից զրույց անի։ Սանչոն հնազանդեց և երբ որ նրանք մնացածներից առաջ ընկան, դոն Կիխոտն ասաց․
― Քո վերադարձից հետո դեպքը չբերեց, որ մանրամասն տեղեկանայի, թե ինչպե՞ս ես կատարել հանձնարարությունս և ի՞նչ պատասխան ես բերել։ Սակայն հիմա, երբ բախտը շնորհում է մեզ և՛ տեղ, և՛ ժամանակ դրա համար, ինձ մի զրկիր Դուլսինեայից բարի լուր լսելու բախտից։
― Հարցրեք, ձերդ ողորմածություն, ամեն բան, որ կուզենաք, ― պատասխանեց Սանչոն։ ― Իմ բերանը հիմա կկրկնի այն, ինչ որ մտել է ականջս, միայն թե աղաչում եմ ձերդ ողորմածությունից, տեր իմ, այլևս այնքան վրեժխնդիր միք լինի։
― Ինչո՞ւ ես ասում այդ, Սանչո, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Նրա համար, ― պատասխանեց Սանչոն, ― որ դուք հիմա ինձ ծեծեցիք ավելի շուտ այն պատճառով, որ անցյալ գիշեր սատանան մեզ կռվացրեց և ոչ թե տիրուհի Դուլսինեայի մասին ասած խոսքերի համար։ Նրան ես սիրում ու հարգում եմ, որպես սրբություն (թեև ի՞նչ սրբություն կա մեջը որ) ― միմիայն ձերդ ողորմածության համար թանկ լինելու համար։
― Բավ է շաղակրատես այդ մասին, Սանչո, խնդրում եմ, ― ասաց դոն Կիխոտը, ― քո խոսքերն անախորժ են ինձ։ Ես նոր ներեցի քեզ, իսկ դու ինքդ գիտես, որ ասված է․ «Նոր մեղքի համար ― նոր զղջում»։
Այդ վայրկյանին ճամփին նրանք իրենց առջև էշի վրա նստած մի մարդ տեսան և երբ որ նա մոտ եկավ, գնչուի տեղ դրին նրան։ Սակայն Սանչոն, որի աչքերը էշ տեսնելուց քիչ էր մնում դուրս թռչեին, անծանոթին տեսավ թե չէ, իսկույն ճանաչեց Խինես Պասամոնտեին և, բռնելով թելից, այսինքն՝ գնչուից, կծիկը քակեց, այն է՝ գլխի ընկավ, որ գորշ էշը, որի վրա նստած էր Պասամոնտեն, իր սեփականն է։ Այդպես էլ դուրս եկավ։ Պասամոնտեն, որպեսզի իրեն չճանաչեն և չխանգարեն էշը ծախել, գնչուի պես էր հագնվել։ Գնչուների, ինչպես և շատ ուրիշ լեզուներով նա խոսում էր, ինչպես իր մայրենի լեզվով։ Տեսավ նրան Սանչոն և ճանաչեց, իսկ տեսնելուց և ճանաչելուց հետո բարձրաձայն գոչեց․
― Գող Խինեսիլյո, ետ տուր ինձ իմ մալը, վերադարձրու կյանքս, մի՛ խռովիր հանգիստս, թող ինձ մնա իմ էշը, վերադարձրու ինձ իմ զվարճությունը։ Ճղի՛ր, սրիկա, կորի՛ր, գող և թող այն, ինչ որ քոնը չէ։
Այդքան հայհոյանքի կարիք չկար էլ։ Առաջին իսկ խոսքից Խինեսը վայր թռավ էշից, և զոռ տալով ոտներին, վազեց ու վայրկյանապես անհետացավ։ Սանչոն մոտեցավ իր գորշին և գրկելով ասաց․
― Քեֆդ ինչպե՞ս է, գանձ իմ, իմ հոգու էշը, իմ սրտագին բարեկամս։
Եվ այդ ասելով նա համբուրում էր նրան, ասես թե մարդ լիներ։ Իսկ էշը լուռ էր։ Թույլ տալով, որ իրեն գրկեն ու համբուրեն, նա ոչ մի խոսք չպատասխանեց։ Հասան ետ մնացածներն ու սկսեցին շնորհավորել Սանչոյին գյուտի համար, մանավանդ դոն Կիխոտը, որ հայտարարեց, թե չնայած դրան, նա չի փոխում իր խոստումը երեք քուռակի մասին։ Սանչոն շնորհակալ եղավ։ Երբ որ դոն Կիխոտը Սանչոյի հետ առջևից գնում ու զրույց էր անում, քահանան ասաց Դորոթեային, որ նա իր պատմությունը շատ ճարտար արեց՝ կարճառոտ և նման ասպետական վեպերում եղած զրույցներին։ Դորոթեան պատասխանեց, թե զվարճության համար ինքը հաճախ այդ վեպերն է կարդացել։ Մի բան միայն չէր իմանում՝ որտե՞ղ են գտնվում ծովեզրյա երկրներն ու քաղաքները, այդ պատճառով էլ խելքին փչածն ասաց՝ թե ափ է իջել Օսունում։
― Ես այդպես էլ հասկացա, ― պատասխանեց քահանան, ― ուստի աճապարեցի օգնության հասնել և շտկել ամեն ինչ։ Սակայն ասացեք, խնդրեմ, տարօրինակ չէ՞ տեսնել, թե ի՜նչ դյուրությամբ դժբախտ հիդալգոն հավատ է ընծայում բոլոր պատրանքներին և հեյրուրանքներին լոկ այն պատճառով, որ նման են այն ցնդաբանություններին, որ նա կարդացել է այդ գրքերում։
― Այդ խելագարությունը, ― ասաց Կարդենիոն, ― այնքան հազվադեպ է և նոր, որ նրան պատկերել և նրանից վեպ կառուցել կամեցողը պետք է որ շատ նուրբ միտք ունենա, որ կարողանա գլուխ բերել։
― Սակայն մի բան, որ ավելի զարմանալի է, ― ասաց քահանան, ― դա այն է, որ եթե մի կողմ դնելու լինենք հիմարությունները, որ այդ սիրելի մարդը դուրս է տալիս իր խելագարության առարկայի վերաբերմամբ և եթե նրա հետ ուրիշ բաներից խոսելու լինեք, նա շատ խելացի դատողություններ կանի և կցուցադրի առողջ, պայծառ միտք։ Այնպես որ՝ եթե նրա հետ ասպետականությունից խոսելու չլինեք, ոչ մի կերպ չի կարելի նկատել, որ նա խելքից պակաս է։
Մինչդեռ այս խումբն այդպես հանդարտ առաջ էր շարժվում, դոն Կիխոտը շարունակում էր իր զրույցը Սանչոյի հետ։
― Բարեկամս, ― ասում էր դոն Կիխոտը, ― թողնենք մեր բոլոր վեճերը և ոխ չպահենք։ Դե ասա՝ որտե՞ղ, երբ և ինչպե՞ս տեսար դու Դուլսինեային։ Ի՞նչ էր անում նա, ի՞նչ ասացիր դու նրան, ի՞նչ պատասխանեց նա քեզ և դեմքի ի՞նչ արտահայտությամբ կարդաց նա իմ նամակը։ Ո՞վ արտագրեց նամակս։ Մի խոսքով՝ պատմիր ինձ ամենը, ինչ որ քո կարծիքով արժանի է որ մարդ իմանա և հարցնի, առանց մի բան ավելացնելու կամ սուտ ասելու ինձ հաճույք պատճառելու համար և առանց կրճատելու, որ իմ բավականությունը պակասի։
― Սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― եթե ճշմարիտն ասելու լինեմ, ձեր նամակը ոչ ոք չի արտագրել, որովհետև ես հետս չէի էլ վերցրել։
― Դու ճիշտ ես ասում, ― վրա բերեց դոն Կիխոտը, ― որովհետև հուշատետրը, որի վրա ես գրել էի, քո գնալուց երկու օր անց ես գտա մոտս և դա ինձ չափազանց վշտացրեց, որովհետև ես չգիտեի, թե դու ինչ ես անելու, երբ որ նկատես մոռացածդ և կարծում էի, թե հենց որ նկատես ― կվերադառնաս։
― Ես այդպես էլ կանեի, ― պատասխանեց Սանչոն, ― եթե անգիր արած չլինեի ձեր ընթերցումի միջոցին։ Ես թելադրեցի մի խորանապետի, որ գրի առավ կետ առ կետ և որն ինձ ասաց, որ թեև ինքը բանադրանքի շատ թղթեր է կարդացել, սակայն այսպիսի գեղեցիկ թուղթ երբեք չի տեսել ու չի կարդացել։
― Եվ դու մինչև հիմա էլ հիշո՞ւմ ես անգիր, ― հարցրեց դոն Կիխոտը։
― Ոչ, սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― հենց որ նամակը հանձնեցի, իսկույն ևեթ, տեսնելով, որ այլևս բանի պետք չէ, մոռացության տվի։ Եվ եթե մի բան սկզբից միտս է մնացել՝ դա ― իշազոր, ասել կուզե՝ իշխանազոր տիրուհին է և վերջը՝ մինչև գերեզման ձեր՝ Տխուր Պատկերի Ասպետը։ Եվ սրանց մեջտեղը ես ավելի քան երեք հարյուր անգամ դրել եմ հոգիս, կյանքս և աչքիս լույսը։