— Դե, եթե քայլում է հողի վրայով ու սովորական հետքեր թողնում, նշանակում է նա ուղղակի մի հասարակ ծերունի է, ուրիշ ոչինչ,— բացատրեց թզուկը:
— Գուցե և դու ճիշտ ես, համաձայնվեց համաձայնեց էլֆը,— բայց այստեղ նույնիսկ ծանր սապոգները հետք չեն թողնի: Խոտն այստեղ չափազանց բարձր է ու ճկուն:
— Դրանով հետքագետին չես շփոթեցնի,— առարկեց Ջիմլին: — Արագորնին մի հատիկ տրորված ցողունն էլ է բավական: Միայն թե վախենում եմ նա ոչինչ չգտնի, նույնիսկ հիմա, երբ լույսը բացվել է: Դա Սարումանի ուրվականն էր, ես դրանում միանգամայն համոզված եմ: Գուցե նա հիմա է՞լ է մեզ հետևում անտառից:
— Միայն ա՛յդ էր պակաս, որ վնաս պատճառեիր: Բայց իսկապես, այս անտառը ինչ-որ մեկից դաժանորեն վիրավորված է: Այնտեղ՝ խորքում, ինչ-որ բան է հասունանում և շատ շուտով ժայթքելու է: Զգու՞մ եք լարավածությունը: Նույնիսկ շնչելն է դժվար:
— Այո, իսկապես տոթ է,— համաձայնվեց համաձայնեց թզուկը: — Այստեղ ավելի լուսավոր է քան Չարքանտառում, բայց ինչ-որ շատ հեղձուկ ու փոշոտ է օդը, և ծառերն էլ բորբոսնած են:
— Ֆենգորնը ծեր է, այո, շատ ծեր է,— հոգոց հանեց էլֆը: — Այստեղ նույնիսկ ես եմ ինձ ջահել զգում՝ առաջին անգամ այն ժամանակվանից, ինչ ճանապարհորդում եմ ձեզ հետ: Չէ՞ որ դուք իմ կողքին իսկապես երեխաներ եք: Այո, նա ծեր է և լի անցյալի հիշողություններով: Խաղաղ ժամանակ լիներ՝ հաճույքով կզբոսնեի այստեղ: