— Դու արդեն դրա կարիքը չունես,— ժպտաց Գենդալֆը: — Իմ խորհուրդն էր՝ վստահել Էոմերին և ոչ թե ստախոս ու խորամանկ Օձալեզվին: Մի կողմ նետիր ափսոսանքն ու վախը, ժամանակն է գործի անցնել: Թող բոլորը, ովքեր կարողանում են թամբին նստել, առանց հապաղելու արշավեն արևմուտք, ինչպես Էոմերն էր ձեզ խորհուրդ տալիս: Պետք է, քանի դեռ ուշ չէ, Սարումանի հարցը լուծել: Եթե մենք չհաղթենք Սարումանին, ապա ամեն ինչ կորած է, իսկ եթե հաղթենք՝ մեզ նոր գործեր են սպասում: Բոլորը, ովքեր մնում են այստեղ՝ ծերերը, կանայք և երեխաները, պետք է թաքնվեն լեռներում. Ռոհիրիմները այնտեղ ապաստարան ունեն՝ հատուկ այսպիսի իրավիճակների համար նախատեսված: Թող մարդիկ ուտելիք վերցնեն իրենց հետ, բայց թույլ չտաս չափից շատ բարձել ձիերին ավելորդ իրերով ու գանձերով: Խոսքը գնում է կյանքի և մահվան մասին:
— Քո խորհուրդն իմ սրտով է,— համաձայնվեց համաձայնեց Թեոդենը: — Թող ռոհանցիները պատրաստվեն արշավի՛: Իսկ դուք, իմ բարեկամներ... Ճիշտ ասացիր, Գենդալֆ, մենք անքաղաքավարի ենք դարձել: Դուք ամբողջ գիշեր արշավել եք: Հիմա արդեն կեսօր է, իսկ դուք դեռ ոչ քնել եք, ոչ հաց կերել: Հիմա ձեզ համար ննջասենյակներ կպատրաստեն, բայց սկզբում պետք է միասին սեղան նստենք:
— Ոչ, տիրակա՛լ,— առարկեց Արագորնը,— հոգնած ճանապարհորդների համար դեռ վաղ է հանգիստ փնտրել: Ռոհանի ռազմիկները պետք է հենց այսօր ճանապարհ ընկնեն, իսկ մենք՝ սուրը, տապարը և աղեղը, կմիանանք նրանց: Մեր զենքերը չպետք է ծուլորեն պառկած մնան քո ապարանքի դռների տակ: Ես խոստացել եմ Էոմերին, որ կկռվեմ նրա հետ ուս ուսի տված:
— Ավելի լավ է ասես, որ եթե աչքի մեջ շյուղ է ընկնում, երբեմն ճշմարտություն էլ է սուտ թվում,— ասաց Գենդալֆը:
— Այո, իմ աչքերը կուրացել էին,— համաձայնվեց համաձայնեց Թեոդենը,— բայց ամենից շատ ես քեզ եմ պարտական, Գենդա՛լֆ: Դու կրկին ճիշտ ժամանակին հայտնվեցիր: Մինչ արշավի դուրս գալը ես կուզենաի քեզ պարգևատրել թագավորական ընծայով: Ընտրի՛ր, ինչ ցանկանում ես, իմ գանձերը՝ քո գանձերն են: Միայն չխնդրես ինձանից իմ սուրը:
— Ճիշտ ժամանակին եմ հայտնվել, թե ոչ, ցույց կտա ապագան,— պատասխանեց Գենդալֆը: — Իսկ ինչ մնում է նվերին, տիրակա՛լ, ես կընտրեմ այն, առանց ինչի չեմ կարող յոլա գնալ: Նվիրիր ինձ Լուսաչին: Ես նրան փոխարինաբար էի վերցրել, այդպես էր մեր պայմանավորվածությունը, բայց հիմա ես ուղևորվում եմ մահացու վտանգին ընդառաջ. մեկ արծաթն ընդդեմ ինը սևերի: Ես չեմ ցանկանում վտանգի ենթարկել մի բան, որը ինձ չի պատկանում: Եվ բացի այդ Լուսաչի հետ ինձ կապում է հավատարիմ բարեկամությունը: