Սրանից հետևում է, որ նա, ով պետություն է նվաճում, պետք է նախապատրաստի բոլոր չարագործություններն ու միանգամից գլուխ բերի՝ այլևս դրանց չվերադառնալու համար և ոչ թե ամեն օր շարունակի անել նույն բանը։ Այդժամ մարդիկ կամաց-կամաց կհանդարտվեն, իսկ տիրակալը կկարողանա բարիք գործելով, աստիճանաբար նվաճել նրանց համակրանքը։ Ով որ այլ կերպ վարվի անվճռականության կամ անմտության պատճառով, նա արդեն էլ երբեք սուրը պատյանը չի դնի ու էլ երբեք չի կարողանա ակնկալել իր հպատակների աջակցությունը, որոնց հանգիստը խաթարվել է նոր ու անվերջ փորձություններով։ Այնպես որ, մարդկանց ցավ պետք է պատճառել միանգամից. որքան հազվադեպ է դա համտեսվում, այնքան քիչ է դրանից սպասվող վտանգը, իսկ բարեգործությունները պետք է անել չնչին չափաբաժիններով, որպեսզի ավելի լավ համտեսվեն։ Իսկ ամենմակարևորը տիրակալի համար այն է, որ նա պետք է հպատակների հետ այնպես վարվի, որ ոչ մի իրադարձություն՝ վատ, թե լավ, նրան չստիպի իր վերաբերմունքը փոխել նրանց նկատմամբ, քանի որ, եթե վրա հասնեն դժվար ժամանակներ, չարիք գործելն արդեն ուշ է, իսկ բարիք գործելն անօգուտ, որովհետև կհամարեն, որ դա հարկադրյալ է արվում և երախտագիտությամբ չեն հատուցի։
== Գլուխ IX։ Քաղաքացիական մենիշխանության մասին ==
Հիմա անցնեմ այն դեպքերին, երբ մարդն իր հայրենիքի տիրակալ է դառնում ոչ թե ոճրագործությունների ու անօրինականությունների ճանապարհով, այլ համաքաղաքացիների հոժար կամքով, ինչի համար պահանջվում է, իսկն ասած, ոչ թե քաջություն կամ հաջողություն, այլ ավելի շուտ՝ հաջողակ խորամանկություն։
Հարկ է նշել, որ այդպիսի մենիշխանությունը, որը կարելի է քաղաքացիական անվանել, հիմնվում է ազնվականության, կամ ժողովրդի պահանջով։ Քանզի չկա մի քաղաք, որտեղ հակասության մեջ չլինեն այս երկու խավերը։ Ազնվականությունն ուզում է իրեն ենթարկել ու կեղեքել ժողովրդին, իսկ ժողովուրդը չի ցանկանում ճնշվել ու կեղեքվել, ուստի այդ երկու խավերի բախումը լուծվում է երեք ճանապարհով՝ մենիշխանությամբ, անիշխանությամբ կամ ազատությամբ։
Մենիշխանությունը հիմնվում է ազնվականության կամ ժողովրդի կողմից՝ նայած թե նրանցից ում է առաջինը հարմար առիթ ներկայանում։ Ազնվականությունը, տեսնելով, որ չի կարող դիմակայել ժողովրդին, իր շարքերից մեկին գահ բարձրացնելով, նրան հռչակում է տիրակալ՝ նրա թիկունքում իր ցանկություններին հագուրդ տալու նպատակով։ Ճիշտ նույն կերպ էլ ժողովուրդը, տեսնելով, որ չի կարողանում դիմադրել ազնվականությանը, գահ է բարձրացնում որևէ մեկին՝ պատսպարվելու նրա իշխանության ներքո։ Ազնվականության օգնությամբ իշխանություն ձեռք բերած տիրակալի համար ավելի դժվար է պահպանել իշխանությունը, քան նրա, ում ժողովուրդն է իշխանության հասցրել։ Քանի որ, եթե տիրակալը շրջապատված է ազնվականներով, որոնք իրենց նրան հավասար են համարում, նա չի կարող ոչ հրամայել, ոչ էլ ինքնուրույնաբար գործել։ Մինչդեռ նա, ում ժողովուրդն է իշխանության բերել, իշխում է մենակ, և նրա կողքին չկա կամ գրեթե չկա մեկը, որը համարձակվի չենթարկվել նրան։ Ընդսմին, անհնար է ազնվորեն, առանց մյուսներին նեղացնելու, բավարարել ազնվականների պահանջները, բայց ժողովրդի պահանջները բավարարել կարելի է, որովհետև ի տարբերություն ազնվականության, ժողովրղի նպատակն ավելի ազնիվ է։ Ազնվականությունն ուզում է կեղեքել ժողովրդին, իսկ ժողովուրդը չի ուզում կեղեքվել։ Ավելացնեմ, որ թշնամաբար տրամադրված ժողովրդին անհնար է հնազանդեցնել, որովհետև, նա բազմաբյուր է, իսկ ազնվականությանը կարելի է, որովհետև սակավաթիվ է։ ժողովուրդը, վատագույն դեպքում, երես կթեքի տիրակալից, մինչդեռ, թշնամաբար տրամադրված ազնվականությունը ոչ միայն երես կթեքի, այլև նույնիսկ կելնի նրա դեմ, քանզի ազնվականությունը հեռատես է, խորամանկ, նախօրոք է ծրագրում նահանջի ուղիներ, և գիտի՝ ինչպես հաճոյանալ ավելի ուժեղներին։ Ավելացնեմ նաև, որ տիրակալը չի կարող ժողովուրդ ընտրել, բայց ազնվականների մեջ կարող է ընտրություն կատարել, քանզի նա օժտված է պատժելու, և ներում շնորհելու, իրեն մերձավոր դարձնելու կամ շնորհազրկելու իրավունքով։
Փորձեմ այս վերջին մասն ավելի հանգամանորեն բացատրել։ Ազնվականների հետ պետք է վարվել այնպես, ինչպես որ նրանք են քեզ հետ վարվում։ Իսկ նրանք կարող են դրսևորել երկու գործելակերպ՝ կամ ցույց տալ, որ պատրաստ են կիսել տիրակալի ճակատագիրը, կամ՝ ոչ։ Առաջիններին, եթե նրանք շահադետ չեն, պետք է հարգել ու սիրաշահել, իսկ ինչ վերաբերում է երկրորդներին, ապա այստեղ պետք է տարբերել երկու դրդապատճառ։ Եթե այդ մարդիկ իրենց այդպես են դրսևորում փոքրոգության կամ բնածին անվճռականության պատճառով, այդպիսիներին պետք է օգտագործել, առավել ևս, եթե նրանք հմուտ են որևէ գործում։ Իսկ եթե նրանք միտումնավոր կերպով ու պատվասիրությունից դրդված են այդպես վարվում, ապա դա նշանակում է, որ իրենց մասին ավելի շատ են հոգում, քան տիրակալի։ Այդ Ժամանակ նրանցից պետք է զգուշանալ ու վախենալ ոչ պակաս, քան բացահայտ հակառակորդներից, քանզի փորձության պահին նրանք միշտ կօգնեն տապալել տիրակալին։
Այնպես որ, եթե տիրակալն իշխանությունը ձեռք է բերել ժողովրդի օգնությամբ, պետք է աշխատի չկորցնել նրա համակրանքը, ինչն ամենևին էլ դժվար չէ, որովհետև ժողովուրդը լոկ պահանջում է, որ իրեն չկեղեքեն։ Բայց, եթե տիրակալին, հակառակ ժողովրդի ցանկության, գահ է բարձրացրել ազնվականությունը, ապա նրա առաջնահերթ գործը պիտի լինի շահել ժողովրդի համակրանքը, ինչը նույնպես դժվար չէ, եթե նրան առնի իր հովանու ներքո։ Մարդիկ, եթե մի լավ բան են տեսնում նրանց կողմից, ումից չարիք էին սպասում, առանձնահատուկ ձևով են կապվում բարերարի հետ։ Այս դեպքում ժողովուրդն ավելի շատ կհամակրի տիրակալին, քան այն դեպքում, եթե ինքը նրան հասցրած լիներ իշխանության։ Իսկ ժողովրդի աջակցությունը կարելի է ստանալ տարբեր միջոցներով, որոնք ես չեմ քննարկի, քանի որ դրանք առանձին դեպքերում տարբեր են և չեն կարող ստորադաս լինել որևէ որոշակի կանոնի։
Իբրև եզրափակում ասեմ, որ տիրակալը պետք է հաշտ լինի ժողովրդի հետ, այլապես բախտորոշ իրավիճակում կզրկվի իր գահից։ Սպարտայի տիրակալ Նաբիդոսը դիմակայեց ամբողջ Հունաստանի և հռոմեական հաղթական զորքերի պաշարմանը՝ փրկելով հայրենիքն ու իշխանությունը և դա այն դեպքում, երբ մոտալուտ վտանգից առաջ նրանից պահանջվեց հաշվեհարդար տեսնել ընդամենը մի քանի հոգու հետ, մինչդեռ, եթե նա թշնամություն ունենար ամբողջ ժողովրդի հետ, չէր կարող սահմանափակվել քչով։ Եվ թող ինձ չառարկեն այն ծամծմված ասացվածքով, թե իբր հույսը դնել ժողովրդի վրա նույնն է, թե ավազի վրա տուն շինել։ Ասացվածքը ճիշտ է, երբ խոսքը սովորական քաղաքացու մասին է, որն ապավինելով ժողովրդին, հույս է փայփայում, թե ժողովուրդն իրեն կփրկի, եթե նա թշնամիների կամ մագիստրատի ձեռքն ընկնի։ Այստեղ իսկապես որ կարելի է խաբվել, ինչպես խաբվեցին Գրաքոսը Հռոմում կամ մեսսեր Ջորջո Սկալին Ֆլորենցիայում։ Բայց, եթե ժողովրդի մեջ հենարան է փնտրում այն տիրակալը, որը ոչ թե խնդրում, այլ հրամայում է, ընդսմին՝ անվախ է, փորձության պահին հոգու կորովը չի կորցնում, չի զլանում պաշտպանության համար անհրաժեշտ նախապատրաստություններ անել և կարող է իր կարգադրություններով ու արիությամբ խանդավառել շրջապատողներին, նա երբեք չի խաբվի ժողովրդի հարցում և կհամոզվի, թե որքան ամուր է այդ հենարանը։
Սովորաբար, նման դեպքերում տիրակալի դիրքը վտանգվում է քաղաքացիական կարգերից անսահմանափակ իշխանության անցնելու ժամանակ, քանի որ տիրակալները ղեկավարում են մագիստրատի միջոցով կամ միահեծան կերպով։ Առաջին դեպքում տիրակալի վիճակը երերուն է ու խոցելի, քանի որ նա լիովին կախված է մագիստրատի անդամների կամքից։ Նրանք ի զորու են ցանկացած և, առավել ևս, ճակատագրական պահի նրան զրկել իշխանությունից, այսինքն կարող են ելնել նրա դեմ կամ չկատարել նրա կարգադրությունները։ Եվ այստեղ, վտանգի դեմ-հանդիման, տիրակալն արդեն չի կարող իր համար բացարձակ իշխանություն ապահովել, որովհետև քաղաքացիներն ու հպատակները սովոր լինելով կատարել մագիստրատի կարգադրությունները, արտասովոր իրավիճակում չեն ենթարկվի տիրակալի հրամաններին։ Այդ պատճառով էլ նման պարագայում տիրակալը միշտ կզգա հուսալի մարդկանց պահանջ, քանզի չի կարելի հավատ ընձայել խաղաղ ժամանակ տեսածիդ, երբ քաղաքացիները զգում են պետության կարիքը և յուրաքանչյուրը շտապում է հավաստիացումներ անել քանի դեռ մահվան շունչը չի զգացել, պատրաստակամություն է հայտնում իր կյանքը զոհել հանուն տիրակալի, բայց, երբ պետությունը վտանգի պահին զգում է իր քաղաքացիների կարիքը, նրանցից քչերն են հրապարակ գալիս։ Եվ նման պահը վտանգավոր է նրանով, որ պատահում է միայն մեկ անգամ։ Ուստի, իմաստուն տիրակալը պետք է միջոցներ ձեռք առնի, որպեսզի քաղաքացիները միշտ և ցանկացած պարագայում զգան տիրակալի ու պետության կարիքը։ Միայն այդ դեպքում նա կարող է հույս դնել նրանց հավատարմության վրա։