― Ուշադի՛ր եղեք բոլորդ, ես սկսում եմ։
==Գլուխ XXXIII==
Ուր պատմվում է անխոհեմ հետաքրքիրի վեպը
Ֆլորենցիայում, Իտալիայի հարուստ ու հռչակավոր քաղաքում, Տոսկանայի գավառում, երկու հարուստ ու անվանի ազնվականներ էին ապրում՝ Անսելմո և Լոտարիո, այնքան մտերիմ, որ բոլոր նրանց ծանոթները նրանց անունը դրել էին «երկու բարեկամ»։ Երկուսն էլ երիտասարդ էին, ամուրի, միևնույն հասակի, միատեսակ բնույթի և այդ համապատասխանությունը ավելի ևս նպաստում էր, որ նրանց մերձությունը ավելի սերտ լինի։ Անսելմոն ավելի եռանդուն սիրային հաճույք էր փնտրում, մինչդեռ Լոտարիոն նախընտրում էր որսը։ Սակայն հաճախ մարդիկ տեսնում էին, որ Անսելմոն զոհում էր իր ճաշակը Լոտարիոյին՝ անտառները հետևելու համար, և Լոտարիոն մոռանում էր որսը՝ Անսելմոյին հետևելու համար։ Այսպես համակերպվում էր նրանց կամքը, ինչպես լավ ստուգված ժամացույցի սլաքներն են միասին ընթանում։
Անսելմոն խելահեղորեն սիրում էր մի օրիորդի նույն քաղաքից, այնքան գեղեցիկ, այնքան խոհեմ և այնպիսի լավ օջախից, որ Լոտարիոյի խորհուրդով, առանց որի նա երբեք գործ չէր բռնում, վճռեց նրա ծնողներից թույլտվություն խնդրել ամուսնանալու նրա հետ։ Լոտարիոն հանձն առավ այդ առաքելությունը և վարեց այնպիսի վարպետությամբ, որ կարճ ժամանակ հետո Անսելմոն տեսավ իրեն իր փափագած երջանկության տեր։ Կամիլան էլ, իր կողմից, այնքան գոհ էլ այդ ամուսնական միությունից, որ չէր դադարում գոհություն տալ Աստծուն, ապա Լոտարիոյին, որին նա պարտական էր այդ երջանկության համար։ Ամուսնության առաջին օրերին, որ սովորանար նվիված են լինում հարսանեկան տոնակատարության, Լոտարիոն շարունակում էր այցելել իր բարեկամին, ինչպես սովորույթն է, պատվելու նրան այնքան, որքան որ հնարավոր է։ Սակայն հենց որ հարսանիքն ավարտվեց և հյուրերի և շնորհավորողների թիվը նվազեց, Լոտարիոն սկսեց ավելի քիչ հաճախել (ինչպես յուրաքանչյուր խոհեմ մարդ կվարվեր), համոզված լինելով, որ չի կարելի ամուսնացած բարեկամների մոտ նույնքան ազատ գնալ֊գալ, ինչպես այդ լինում է ամուրի ժամանակ։ Որովհետև թեև բարի և իսկական բարեկամությունը չի կարող և չպետք է բնավ կասկած ունենա, այնուհանդերձ ամուսնու պատիվը այնքան փափկանկատ բան է, որ կարող է վիրավորված լինել անգամ եղբորից, ուր մնաց թե բարեկամից։ Անսելմոն իսկույն նկատեց Լոտարիոյի սառնությունը։ Նա գանգատվեց չարաչար և ասաց, որ երբեք չէր ամուսնանա, եթե իմանար, որ ամուսնությունը խոչընդոտ է հանդիսանալու նրանց սովորական հաճախումներին։ Որ եթե սերտ միության համար, որ իշխում էր նրանց միջև իրենց ամուրի ժամանակ, մարդիկ նրանց «երկու բարեկամ» անունն են տվել, ապա պետք չէ նրանցից մեկի զգուշավորության պատճառով կորցնել այդ մականունը, այնքան պատվաբեր ու գեղեցիկ։ Նա աղերսեց, եթե միայն բարեկամությունը թույլ է տալիս նման արտահայտություն, որ Լոտարիոն առաջվա պես լիակատար տեր լինի իր տանը, գա ու գնա առաջվա պես, հավատացնելով, որ իր ամուսինը՝ Կամիլան, այլ բավականություն ու ցանկություն չունի, քան եթե իր ներշնչածը և որ տեղեկանալով նրանց մտերմության մասին, նա էլ է զարմացած մնացել այդ սառնությունից։ Բոլոր այս փաստարկումներին, որ Անսելմոն բերում էր Լոտարիոյին համոզելու համար, որ առաջվա պես գնա֊գա իր մոտ, վերջինս պատասխանեց այնպիսի խոհեմությամբ, այնքան խելացի և զուսպ, որ Անսելմոն հավատաց նրա բարի միտումներին և նրանք պայմանավորվեցին, որ Լոտարիոն շաբաթը երկու անգամ և տոն օրերին գա ճաշի։ Սակայն չնայած այդ պայմանին, Լոտարոն վճռել էր, որ ոչինչ չպիտի անի, ինչ որ կարող է վնասել իր բարեկամի պատվին, որ իր սեփականից ավելի թանկ էր իր համար։ Լոտարիոն հաճախ ասում էր նրան ― և ուներ իրավունք, ― թե այն մարդը, որին երկինքը գեղեցիկ կին է շնորհել, խնամքով պիտի քննի բարեկամներին, որոնց ընդունում է իր տանը և կանանց, որոնց հետ շփվում է կինը, որովհետև այն, ինչ որ գլուխ չի գալիս եկեղեցիներում, հասարակական հրապարակներում կամ թե չէ ժողովրդական տոներին և ուխտագնացություններին (տեղեր, ուր մարդը չի կարող միշտ արգելել կնոջը գնալու) կարող է հեշտությամբ կատարվել բարեկամ կամ հավատարիմ կնոջ տանը։ Լոտարիոն ցուցադրում էր, թե որքան անհրաժեշտ է ամուսիններին ունենալ հավատարիմ բարեկամ, որ նախազգուշացներ նրանց տունը կառավարելու մեջ հնարավոր սխալներից, որովհետև հաճախ պատահում է, որ ամուսինները, կուրացած իրենց կանանց սիրուց և, վախենալով նրանց վշտացնել, օգնության չեն հասնում բարի խորհուրդով անել կամ չանել այս կամ այն բանը, որ կարող է վարկաբեկել իրենց պատիվը և առաջ բերել վիրավորանք։ Մինչդեռ այդ անփութության մասին բարեկամի կողմից նվազագույն նախազգուշացված լինելու դեպքում հեշտությամբ կարելի է դրանց առաջն առնել։ Սակայն որտեղի՞ց գտնել այդքան սրտաբաց, այդքան ուղղամիտ, այդքան ազնիվ բարեկամ, որ պահանջում է Լոտարիոն։ Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Լոտարիոն միայն կարող էր լինել, որ այնքան արթուն հսկում էր Անսելմոյի պատվին, որ այլևայլ պատրվակներով խուսափում, կրճատում ու սահմանափակում էր նրա մոտ գնալ֊գալը, որպեսզի պարապ ու չարամիտ մարդկանց տեղիք չտա չարախոսելու, տեսնելով որ մի հարուստ մարդ, ազնվական և հազար ու մի լավ հատկություններով օժտված, ինչպես իրեն էր թվում, հաճախում է Կամիլայի պես գեղեցիկ կնոջ տունը։ Եվ թեև տիկնոջ առաքինությունն ու համեստությունը կարող էին սանձահարել ամենաչարախոս լեզուները, այնուհանդերձ Լոտարիոն չէր կամենում նրա և իր բարեկամի պատիվն ու բարի անունը վտանգի ենթարկել։ Ուստի այն օրերը, երբ նա պիտի Անսելմոյի մոտ ճաշեր, հաճախ նա այլ գործով էր զբաղվում և հավատացնում էր, որ այդ գործերը՝ անհետաձգելի են։ Իսկ երբ բարեկամները հանդիպում էին, ապա ողջ ժամանակը գնում էր մեկի գանգատների և մյուսի արդարացումների վրա։ Մի անգամ, երբ որ նրանք քաղաքից դուրս զբոսնում էին դաշտում, Անսելմոն ասաց Լոտարիոյին․
― Դու, Լոտարիո, բարեկամս, անտարակույս, կարծում ես, որ ես պիտի հազար շնորհակալություն ուղղեմ Աստծուն, որ ծնվել եմ պատվավոր ծնողներից, որ ինձ վրա առատ ձեռքով թափվել են բնության բարիքները և հարստությունը։ Ես պակաս պարտական չեմ Աստծուն, որ նա ինձ քեզ պես բարեկամ է տվել և Կամիլայի պես կին։ Այդ բարիքները ես գնահատում եմ, եթե ոչ այն չափով, որքան ես պարտավոր եմ, ապա առնվազն այնչափ, որչափ ի վիճակի եմ։ Եվ ահա, բոլոր այս պարգևներով հանդերձ, որ սովորաբար կազմում են մարդկային ողջ երջանկությունը, ես աշխարհիս երեսին ամենից հիասթափված և դժբախտ մարդն եմ։ Չգիտեմ, թե ինչքան ժամանակ է, ես տանջվում եմ մի ցանկությունից, որ այնքան տարօրինակ է, այնքան արտասովոր, որ ինքս ինձնից զարմանում եմ։ Ես պարսավում եմ ինքս ինձ և ուզում եմ ծածկել իմ սեփական մտքից, սակայն ինձ համար նույնքան դժվար է վերացնել նրան, որքան պատմել արար֊աշխարհին։ Բայց քանի որ, միևնույն է, ես չեմ կարողանա երկար ժամանակ ներփակել նրան իմ կրծքում, ես նախընտրում եմ հավատալ քո ազնվությանը, համոզված լինելով, որ ջանքը, որով քո բարեկամությունը կաշխատի բուժել նրան, շուտով կազատի ինձ ճնշող տագնապից և իմ խելագարության հասցրած ցավը կփոխվի գոհացումով, որ կտա ինձ քո հոգատարությունը։
Լոտարիոն, զարմացած Անսելմոյի խոսքերից, չգիտեր, թե ինչով է ավարտվելու այս երկար առաջաբանը կամ ներածությունը։ Նա մտքով որոնում էր, թե ինչ ցանկություն կարող է ունենալ իր բարեկամը, սակայն չէր կարողանում գտնել։ Այդ տանջանքներին վերջ դնելու համար նա ասաց Անսելմոյին, որ անարդարացի է նրանց մտերիմ բարեկամության հանդեպ այդքան ոլորապտույտ ճամփաների դիմելը իր գաղտնի մտքերը բանալու համար, մինչդեռ նա պետք է վստահ լինի, որ կստանա խորհուրդ, թե ինչպես վարվի կամ օգնություն՝ բուժելու իր ցավերը։
― Դու արդարացի ես, ― պատասխանեց Անսելմոն, ― և դու սիրտ ես տալիս ինձ խոստովանելու, որ ինձ տանջող ցանկությունն է իմանալ՝ արդա՞րև Կամիլան այնքան լավ ու հավատարիմ կին է, ինչպես ես եմ կարծում։ Միակ միջոցը, որ կարող է ինձ համոզել, դա փորձելն է, այնպես որ նրա հավատարմությունը դրսևորվի, ինչպես կրակի միջոցով ճանաչվում է ոսկու որակը։ Որովհետև ես այն կարծիքին եմ, ով բարեկամ, որ կինը չի կարող լավ ու առաքինի կոչվել, եթե ենթարկված չի եղել փորձության։ Հավատարիմը նա է, որի սիրտը չեն շարժել սիրահարների խոստումները, նվերները, արցունքները և անընդհատ համառությունը։ Կարելի՞ է լավ համարել մի կնոջ, եթե ոչ ոք նրան տեղիք չի տվել լավ լինելու։ Մի՞թե զարմանլի է, որ կինը երկչոտ ու շրջահայաց է, եթե նրան տեղիք չեն տալիս ազատ վարվելու, կամ թե չէ, եթե գիտե, որ առաջին իսկ հանցանքի համար իր ամուսինը ընդունակ է սպանել նրան։ Չի կարելի համեմատել մի կնոջ, որ խոհեմ է երկյուղից կամ առիթ չլինելուց այն կնոջ հետ, որ ենթարկվել է փորձության, հետապնդումի և դուրս եկել պայքարից հաղթական պսակով։ Բոլոր այդ և ուրիշ շատ պատճառներով, որ ես կարող էի բերել իբրև արդարցում և հաստատում իմ կարծիքի, ես ցանկանում եմ, որ իմ կինը՝ Կամիլան անցնի այս փորձությունը, որ նա մաքրվի հրում թախանձնանքների և հետապնդումների մի մարդու, որ արժանի է նրա սիրուն։ Եթե, ինչպես ես հույս ունեմ, նա դուրս գա փառքով, ես կհամարեմ, որ երջանկությունն աննման է, իմ ցանկությունների անոթը լեփ֊լեցուն կլինի, ես կասեմ, որ բախտը ինձ առաքինի կին է տվել, որի մասին իմաստունն ասել է․ «Ո՞վ կգտնի նրան»։<ref>Իմաստուն ― Սողոմոն իմաստուն։ Մեջբերում նրա առակներից։</ref> Իսկ եթե այլ կերպ կատարվի, քան ես եմ կարծում, ճշմարտությունից հաղթահարված լինելու հաճույքը կթեթևացնի ցավը, որ պիտի պատճառի ինձ այսքան թանկ մի փորձ։ Հիմա, սիրելի Լոտարիո, ոչ մի առարկություն, որ դու կարող ես բերել, ընդունակ չի լինելու ինձ շեղել իմ ծրագրից․ միակ շնորհը, որ ես քեզնից խնդրելու եմ, դա այն է, որ դու քեզ տրամադրես, որպես գործիք այս գործում, իմ ցանկության առարկա։ Ես կընձեռեմ բոլոր միջոցները կատար ածելու, առանց մոռանալու մի բան, որ ընդունակ է շարժել մի պատվավոր, համեստ, հանգիստ ու անշահախնդիր կնոջ սիրտը։ Մի հանգամանք էլ, որի պատճառով ես վճռել եմ հատկապես քեզ ընտրել այս դժվարին ձեռնարկի համար այն է, որ եթե դու հաղթահարելու լինես Կամիլայի խոհեմությունը, ես ներքուստ համոզված եմ, որ դու չես կամենա անցնել սահմանը, այլ կատարված կհամարես այն, ինչ որ մարդկային հայացքով ագրելվում է անել։ Ես վիրավորված կլինեմ սոսկ մտադրությունից և իմ խայտառակությունը սղողված կլինի քո լռության ստվերների մեջ և լռությունդ, քանի որ ինձ է վերաբերում, պետք է լինի հավիտենական, ինչպես մահը։ Այսպիսով, բարեկամս, եթե դու կամենում ես, որ ես դեռևս վայելեմ այն, ինչ որ կարելի է կյանք անվանել, ապա դու պետք է փութաս սկսել այս սիրային պայքարը ո՛չ սառն ու դանդաղ, այլ տաք ու եռանդուն, ինչպես պահանջում է իմ ծրագիրը և իմ հավատը քո նկատմամբ ու բարեկամությունը, որ միացնում է մեզ։
Այդպես ասաց Անսելմոն Լոտարիոյին, որ լսում էր նրան ուշի֊ուշով և բացի մեր մեջ բերած մի քանի խոսքից, շուրթը բաց չարեց, մինչև որ նա ավարտեց։ Իսկ երբ որ Անսելմոն վերջացրեց, Լոտարիոն երկար նայում էր նրան, ասես առաջին անգամն էր տեսնում և կարծես բարեկամի դեմքը նրան երկյուղ ու զարմանք էր ներշնչում։ Վերջապես նա ասաց․
― Չեմ կարող համոզել ինքս ինձ, ո՜հ բարեկամ Անսելմո, որ քո ասածը կատակների մի հյուսվածք չէ։ Որովհետև եթե ես կարծեի, թե դու լուրջ ես խոսում, ապա ես կզգուշանայի քեզ ունկնդրելուց և այսպիսով վերջ կդնեի քո երկար ճառին։ Ես համոզված եմ, որ կամ դու ինձ չես ճանաչում, կամ ես չեմ ճանաչուն քեզ։ Սակայն ոչ, ես գիտեմ, որ դու Անսելմոն ես, դու էլ գիտես, որ ես Լոտարիոն եմ։ Սակայն ափսոս, որ դու առաջվա Անսելմոն չես և, երևի, կարծում ես, թե ես էլ չպիտի առաջվանը լինեմ, որովհետև այն, ինչ որ ինձ նոր ասացիր, չի կարող իմ բարեկամ Անսելմոյից ելնել և այն Լոտարիոյից, որին դու ճանաչել ես, դու նման ծառայություն չէիր կարող խնդրել։ Բարի բարեկամները փորձում են իրար, ինչպես պոետն է ասում, usque od aras,<ref>Ընդհուպ մինչև զոհասեղանները, այսինքն՝ քանի դեռ չի շոշափվում որևէ սրբություն։ Պլուտարքոսի կողմից Պերիկլեսին (որի մի բարեկամը թախանձագին խնդրել է նրան կեղծ ցուցմունք տալ երդմամբ) վերագրվող այս արտահայտությունն ըստ երևույթին Սերվանտեսը վերցրել է կողմնակի աղբյուրից։</ref> ասել կուզե, թե չի կարելի օգտագործել բարեկամին Աստծուն հակառակ գործերում։ Եթե այդ ճշմարտությունն ակնհայտ է եղել մի հեթանոսի համար, որքան ավելի ակնբախ պիտի լինի քրիստոնյայի համար, որ գիտե, թե ոչ մի սեր չպիտի մեզ աչքաթող անել տա մեր պարտականությունը Աստծո հանդեպ։ Եթե մարդ ընդունակ է մոռանալու իր պարտականությունը երկնքի նկատմամբ, որպեսզի միմիայն իր բարեկամով զբաղվի, դա պետք է առնվազն այն դեպքում, եթե նրան պատվի վարկաբեկում կամ կյանքի վտանգ սպառնալու լինի և ոչ թե չնչին և նշանակություն չունեցող մի բանի համար։ Ուստի, ասա ինձ, Անսելմո, ի՞նչ վտանգ է սպառնում քո պատվին կամ կյանքին, որպեսզի ես պարտավոր լինեմ քո խաթրը պահել, կատարելով այնքան զզվելի գործ, որ դու ինձնից պահանջում ես։ Իհարկե և ոչ մի վտանգ։ Ընդհակառակը, ես տեսնում եմ, որ դու խնդրում ես ինձնից զրկել քեզ և միաժամանակ ինձ պատվից և կյանքից։ Որովհետև զրկել քեզ պատվից նույնը չէ՞, թե զրկել կյանքից։ Չէ՞ որ պատվազուրկ մարդը մեռածից վատ է։ Եվ ես, ինչպես դու ես խնդրում, լինելով այնքան վատ մի գործիք, ինձ անպատված կնկատեմ և, հետևաբար, կարող եմ ինձ նաև մեռած համարել։ Լսիր ինձ, Անսելմո բարեկամ, համբերություն ունեցիր և մի պատասխանիր ինձ, մինչև որ ես չասեմ այն ամենը, ինչ որ կարծում եմ քո առաջարկի մասին՝ դու ժամանակ կունենաս ինձ առարկելու և ես՝ լսելու քեզ։
― Համաձայն եմ, ― ասաց Անսելմոն, ― քո ուզածն ասա՛։
Լոտարիոն շարունակեց․
― Ինձ թվում է, Անսելմո, թե քո միտքը հիմա նման է մավրի մտքին, որին չի կարելի համոզել իրենց հավատի ստությունը ո՛չ սուրբ ավետարանի քաղվածքներով, ո՛չ բանական դատողությունների վրա հիմնված փաստարկներով, կամ հավատի դավանաբանությամբ։ Նրանց շոշափելի օրինակներ են հարկավոր՝ թեթև, դյուրըմբռնելի, առարկայական ու անհերքելի, մաթեմատիկական ապացույցներով, որոնց չի կարելի չհամաձայնել, հետևյալ օրինակի պես՝ <i>եթե երկու հավասար քանակից հանելու լինենք երկու հավասար մասեր, ապա մնացորդներն էլ հավասար կլինեն։</i> Եվ երբ նրանք այդ էլ չեն հասկանում (ինչպես հաճախ պատահում է), հարկ է լինում նրանց ցույց տալ ձեռներով, նրանց աչքը կոխել և վերջին հաշվով երբեք հնարավոր չի լինում նրանց համոզել մեր հավատի ճշմարտությունը։ Ես հարկադրված եմ նույն միջոցները գործադրել նաև քո նկատմամբ, որովհետև կիրքը այնքան է շփոթեցրել քեզ, և քո ցանկությունը այնքան հեռու է հիմնավոր լինելուց, որ ես ժամավաճառ կլինեի, եթե բացատրելու լինեի քո պարզամտությունը, ես այլ կերպ բացատրել չեմ կարող։ Եթե բարեկամությունը չլիներ, որ արգելում է ինձ խիստ վարվել և լքել քեզ քո գտնված բացահայտ վտանգավոր տեղում, ես կթողնեի, որ դու պատժվես քո ցնորքների և ցնդաբանության համար Մտիկ արա, Անսելմո, թե ի՜նչ ես խնդրում ինձնից։ Դու ուզում ես, որ ես սեր ներշնչեմ մի համեստ կնոջ, հրապուրեմ մի պատվավոր կնոջ, նվերներ տամ մի անշահասեր կնոջ, մի առաքինի կնոջ գլուխը տանեմ։ Այո՛, դու ինձ հենց այդ ասացիր։ Սակայն, եթե դու գիտես, որ քո կինը համեստ, պատվավոր, անշահասեր ու առաքինի է, ապա էլ ի՞նչ ես ուզում։ Եվ եթե դու կարծում ես, որ նա իմ գրոհներից հաղթական դուրս կգա, ինչպես անտարակույս դուրս կգա, ի՞նչ ավելի պատվաբեր անուններ ես ավելացնելու իր ունեցածներին, ի՞նչ կատարելություն ձեռք կբերի նա։ Կամ թե չէ դու նրան այնպիսի կին չես համարում, ինչպես որ ասում ես, ինչո՞ւ ես ուզում նրան փորձած լինել։ Ավելի լավ չէ՞ իսկույն ևեթ նրան նրան անես այն, ինչ որ քեզ լավ է թվում։ Իսկ եթե նա առաքինի է, ապա ի՞նչ ես կարծում հանդգնություն չէ՞ փորձել ճշմարտությունը, որ փորձելուց հետո էլ մազաչափ չի փոխելու հիմա հենց ունցած կարծիքդ։ Արդարացի է ասված, որ միայն անմիտ ու անհույս մարդիկ են այնպիսի գործ բռնում, որից ավելի շուտ վնաս կարելի է սպասել, քան օգուտ, մանավանդ երբ ոչ ոք չի դրդում կամ ստիպում նրանց և եթե առաջուց պարզ է, որ այդ գործը կատարյալ խելագարություն է։ Դժվարին գործերին ձեռնամուխ են լինում սովորաբար կա՛մ Աստծո համար, կա՛մ աշխարհի, կա՛մ երկուսի համար միասին։ Աստծո համար գործ են կատարում սուրբ մարդիկ, որ մարդկային մարմնի մեջ ապրում են հրեշտակային կյանքով։ Աշխարհիս համար գործ են կատարում մարդիկ, որ անծայրածիր ծովեր են լողում֊անցնում, թափառում են զանազան երկիրներ, այցելում օտար ժողովուրդներ, որպեսզի ձեռք բերեն այն, ինչ մենք կենսական բարիքներ ենք անվանում։ Վերջապես, երկուսի համար միասին արի զինվորներն են գործ կատարում։ Նկատելով թշնամու պատում ճեղքվածք, նրանք, մոռանալով երկյուղը, առանց խորհելու և դատողություն անելու իրենց սպառնացող բացահայտ վտանգի մասին, անընդհատ առաջ են նետվում հազար ու մի մահվան ընդառաջ, թևավորված ցանկությամբ պատշտպանելու հավատը, հայրենիքը և թագավորին։ Ահա թե ինչ գործեր են կատարվում աշխարհիս երեսին և թեև նրանք լեցուն են դժվարություններով ու վտանգներով, սակայն բերում են պատիվ, փառք և օգուտ։ Սակայն այն, որ դու ես ձեռնարկում ու մտմտում, չի ծառայի Աստծու փառքին և չի բերի քեզ ո՛չ պատիվ, ո՛չ էլ կենսական բարիքներ։ Որովհետև եթե այնպես հաջող վերջանալու լինի, ինչպես դու ես կամենում, էլի դրանից դու չես դառնա ոչ առավել հռչակավոր, ոչ հարուստ, ոչ պատվելի։ Իսկ եթե վատ վերջանալու լինի, ապա դու ամենադժբախտ մարդը կլինես և բանի պետք չի լինի այն միտքը, որ ոչ ոք չգիտե քո դժբախտության մասին, որովհետև քո տանջանքի համար այն էլ է բավական, որ դու ինքդ այդ գիտես։ Այս ճշմարտությունը հաստատելու համար ես կբերեմ այն տները, որոնցով վերջանում է Լուիս Տանսիլլո բանաստեղծի<ref>Նեապոլիտանյան պոետ Լուիջի Տանսիլլո․ գրել է․ «Le lagrime di san Pietro» պոեմը «Պետրոս առաքյալի զղջալը Քրիստոսին ուրանալուց հետո» թեմայով։ Սերվանտեսի բարեկամ պոետ Լուիս Գալվես դե Մոնտալվոն 1657 թվին հիշված պոեմը թարգմանել է իսպաներեն։</ref> Սուրբ Պետրոսի արցունքը հռչակավոր պոեմայի առաջին մասը։
<poem>
Աճում է վիշտն ու զղջումն է մեծանում,
Երբ Պետրոսը տեսնում լույսը պայծառ,
Չկա ոչ ոք, սակայն ցավն է խորանում,
Մեղանչել է ինքը իր դեմ վատաբար։
Չէ՞ որ զղջումն ազնիվ սրտում չի ծնվում
Նախատինքով, մեղադրանքով ուրիշի,
Անբաժան են այնտեղ հանցանք ու զղջում,
Թեկուզ մեղքը երկնին լինի լոկ հայտնի։
</poem>
Այդպես էլ քո վիշտը չի թեթևացնի գաղտնիքը։ Դու անընդհատ արցունք կթափես։ Եվ, եթե քո աչքերը հրաժարվելու լինեն, քո սրտից կհոսի արյուն֊արցունք, այն դյուրահավատ բժշկի պես, որ փորձի ենթարկեց դյութական գավաթի միջոցով, մի բան, որ խոհեմաբար իմաստուն Ռինալդոն հրաժարվեց փորձելուց։<ref>Նկատի ունի «Կատաղած Ռոլանդից» մի միջադեպ (երգ XLII)։ Բոլոր ցանկացողներին առաջարկում էին խմել սքանչելի հատկություն ունեցող մի գավաթից․ եթե խմողն անհավատարիմ կին ունի, ապա խմիչքը, չընկնելով նրա բերանը, թափվում է նրա կրծքի վրա։ «Մեր պոետի» ― որովհետև Արիոստոյին վկայակոչող Լոտարիոն ինքը իտալացի է։</ref> Թեև այս օրինակը բանաստեղծական հերյուրանք է, այնուհանդերձ նրա մեջ խրատ է թաքնված, որ պետք է նկատի առնել, ըմբռնել և յուրացնել։ Սակայն ես ուզում եմ վերջ տված լինել համոզելու քեզ քո սխալը։ Ասա ինձ, Անսելմո, եթե երկինքը, կամ քո բարի բախտը քեզ մի հրաշալի ադամանդի տեր դարձրած լիներ, որի մաքրությունը, փայլն ու արժեքը գոհացնեին ամենաճարտար ակնավաճառներին, և նրանք համարեին այդ քարը իր սեռի մեջ ամենակատարյալը, և եթե դու ինքդ էլ նույն կարծիքի լինեիր, արդյոք խոհե՞մ բան կլիներ, եթե քո խելքին փչելու լիներ նրան դնել զնդանի վրա և զարկել ուժգնորեն մուրճով, որպեսզի փորձած լինես՝ արդյոք նա այնքան ամո՞ւր է, ինչպես դու կարծում ես, և ենթադրենք, թե քարը դիմանար այս կոպիտ փորձին, մի՞թե այդ մի բան կավելացներ նրա արժանիքին, նրա արժեքին։ Եթե քարը ջարդվեր (մի բան, որ հնարավոր է), մի՞թե ամեն ինչ կորած չէր լինի և այդպիսի գեղեցիկ փորձի հնարողը մի՞թե հիմար չէր համարվի։ Իմացած եղիր, Անսելմո բարեկամս, ահա այդ ադամանդը Կամիլան է, ինչպես քո կարծիքով, այնպես էլ շրջապատի։ Արդարացի՞ կլիներ նրան զնդանի վրա դնելը։ Եթե նա դիմանալու լինի, մի՞թե նա առաջվանից ավելի արժեք կունենա։ Իսկ եթե տեղի տալու լինի՝ խորհիր ապա, թե ինչ կլինի քո վիճակը առանց նրան և որքան հիմնավոր հարկադրված ես լինելու մեղադրել քեզ՝ նրա և քո կործանման համար։ Հասկացիր, որ աշխարհիս երեսին հավատարիմ կնոջից ավելի թանկագին ադամանդ չկա, որ կնոջ պատիվը միմիայն լավ կարծիքն է, որ մենք ունենք նրանց մասին և որ քո կնոջ վարքը այնքան մաքուր է, ինչքան կարելի է բաղձալ, թեև դու այդ ճշմարտությունը կարծես թե կասկածի ես ենթարկում։ Հիշի՛ր, որ կինը անկատար էակ է։ Պետք չէ թակարդ լարել նրանց ոտերի տակ, որպեսզի նրանք սայթաքեն և ընկնեն մեջը, այլ ընդհակառակը՝ պետք է վերացնել բոլոր խոչընդոտները, որ նրանց ճամփան դյուրանա, որպեսզի նրանք կարողանան հասնել իրենց պակասող կատարելության, որ է՝ լիակատար առաքինության։ Բնագետները պատմում են, թե կզաքիսը մի փոքրիկ գազան է, որի մորթը ծայրաստիճան սպիտակ է և թե երբ որ որսորդները կամենում են նրան բռնել, նրանք այսպիսի խորամանկություն են գործադրում՝ նրանք նկատում են, թե ինչ արահետով է սովորաբար ընթանում և այնպես կեղտ են թափում, ապա թե քշում են նրան այն տեղը․ երբ որ կզաքիսը հասնում է կեղտով ծածկված տեղին, նա իսկույն կանգ է առնում և նախընտրում է, որ իրեն բռնեն ու սպանեն, քան թե մտնել ցեխի մեջ և փչացնել մորթի սպիտակությունը, մի բան, որ նա ազատությունից ու կյանքից վեր է դասում։ Պատվավոր ու պարկեշտ կինը՝ կզաքիսի է նման։ Նրա առաքինությունը, ամոթխածությունը նրան ձյունից ավելի մաքուր ու սպիտակ են դարձնում։ Այդ սպիտակությունը պահպանելու համար և խանգարելու համար, որ նա աղտոտի, պետք է միանգամայն այլ խորամանկություն գործադրել, քան այն, որ ծառայում է որսորդներին։ Չի կարելի նրան շրջապատել սիրահարների նվերների ու թախանձանքների կեղտով, որովհետև, երևի, և անգամ կարելի է ասել անպայման, բնությունը նրան չի օժտել այնպիսի ուժով ու տոկունությամբ, որպեսզի նա, առանց կողմնակի օգնության կարողանա խուսափել նման թակարդներից։ Պետք է վերացնել այդ խոչընդոտները և ցուցադրել նրանց միմիայն առաքինության գեղեցկությունը, փայլը, որ բխում է բարի համբավից։ Պատվավոր կինը հայելի է փայլուն ու ողորկ բյուրեղից՝ աննշան մի շնչից դառնում է մթամած ու միգասքող։ Պատվավոր կնոջ հետ պետք է վարվել սրբության պես՝ պաշտել և ձեռք չտալ, նկատել նրան որպես ծաղիկներով լեցուն գեղեցիկ մի պարտեզ, ուր չպիտի ոտ կոխել, ոչ էլ վարդ պոկել, որի չքնաղությամբ ու թարմությամբ հիանում են՝ նայելով ցանկապատի արանքից։ Ի վերջո, ես ուզում եմ ասել քեզ մի ոտանավոր արդի մի կատագերգությունից, որ մնացել է մտքումս և որի նյութը ինձ թվում է նման մեր քննարկածին։ Մի ողջամիտ ծերունի խորհուրդ է տալիս մի հոր լավ պահել իր աղջկան և հսկել նրան։ Ի միջի այլոց նա ասում է․
<poem>
Ապակի է կինը կյանքում,
Ուստի պետք չէ նրան դատել․
Կարելի է կոտրել, հատել,
Ամեն ինչ հեշտ է աշխարհում։
Կոտըրվում է՝ կոտըրվի թող,
Հիմարը չի զգուշանում․
Նա՛ է միայն այդ քայլն անում՝
Ով նորոգել էլ չի կարող։<ref>Անհայտ հեղինակի բանաստեղծություն, որի մեջ ակնարկվում է Դանայիսի առասպելը, որպես թե սիրահարված Զևսը ոսկե անձրևի տեսքով է մտել Դանայիսի արգելարանը։</ref>
Համաձայն են ողջն այդ մտքին․
Այո՛, ես էլ համաձայն․
Եթե մեր մեջ կա Դանայան՝
Ոսկյա անձրև կգա կրկին։
</poem>
Այն ամենը, ինչ մինչև հիմա ասացի, Անսելմո, քեզ էր վերաբերում։ Դու ինձ թույլ կտաս մի խոսք էլ իմ մասին ասեմ։ Եվ եթե իմ խոսակցությունը քեզ երկար ու բարակ է թվում, ապա ներիր ինձ՝ այդ պահանջում է այս լաբիրինթոսը, որի մեջ գցել ես ինքդ քեզ և որից քեզ պետք է դուրս բերել։ Դու ինձ բարեկամ ես համարում և դու կամենում ես անպատվել ինձ, մի բան, որ հակասում է բարեկամությանը։ Եվ դու մենակ ինձ չես ուզում անպատվել, այլ պահանջում ես, որ ես էլ անպատվեմ, որ դու ուզում ես ինձ անպատված լինել՝ դա պարզ է, որովհետև երբ որ Կամիլան տեսնի, որ ես ձգտում եմ իրեն սիրել, ինչպես որ դու ես կամենում, նա ինձ կհամարի անազնիվ, անբարոյական մարդ, որ կարող է հղանալ այդպիսի զզվելի մի ծրագիր՝ այնքան հակասող մեր ընդհանուր բարեկամությանը, որ դու ուզում ես, որպեսզի քեզ ես անպատված լինեմ, դա ևս անկասկած է, որովհետև նույն Կամիլան հիմք կունենա կարծելու, որ ես նրան համարում եմ թեթևամիտ կին և դրա համար էլ հանդգնել եմ նրան իմ սիրո մասին ասելու։ Եվ անպատվությունը, որ ես կգցեմ նրա վրա, արդյոք չի՞ ընկնի նաև քո վրա, քանի որ նա քեզ է պատկանում։ Ահա՛, թե որտեղից է ծագում այն արհամարհանքը, որին ենթարկվում է դավաճանող կնոջ ամուսինը։ Եվ անգամ եթե նա իմացած չի եղել իր դժբախտությունը, եթե տեղիք տված չի դրան իր վարքով և եթե իր կարողությունից վեր է եղել դրա առաջն առնելու՝ նա պակաս չի ստորանում հասարակական կարծիքի մեջ և նրա մասին լոկ արգահատանքով են խոսում։ Նրան սովորաբար չեն հարգում, թեև այդ դժբախտությունը առաջ եկած լինի ավելի նրա կնոջ վատ հակումներից, քան իր անփութությունից։ Ես արծարծում եմ այն հիմքը, թե ինչու անհավատարիմ կնոջ ամունինն անարգվում է, թեև, ինչպես ես ասացի, նա չի իմանում իր դժբախտությունը, ինքը չէ պատճառը և ինքը չի առիթ տվել։ Ես կարծում եմ, որ այս զեղումը քեզ համար ձանձրալի չի լինի, որովհետև նա միմիայն հոգուտ քեզ է։ Սուրբ գիրքն ասում է՝ երբ որ Աստված ստեղծեց մեր նախահորը երկնային դրախտում, քուն առաքեց Ադամին և նրա քնած միջոցին ձախակողմյան կողը հանեց և ստեղծեց մեր նախամայր Եվային։ Ադամն արթնանալով տեսավ նրան և ասաց՝ ահավասիկ իմ միսն ու ոսկորը։ Ինքն Աստված ավելացրեց՝ ահա թե ինչու մարդը թողնելու է իր հորն ու մորը և երկուսով մի մարմին են կազմելու։ Այսպես հիմնվեց ամուսնության սուրբ կարգը, որի կապանքը կարող է քակել լոկ մահը։ Այդ կարգը այնպիսի ուժ ու ունակություն ունի, որ երկու տարբեր էակ մի հատիկ մարմին են կազմում և անգամ երջանիկ ամուսինները, որ երկու հոգի են ունենում, ունենում են լոկ մեկ կամք։ Դա նրանից է, որ կնոջ մարմինը ամուսնու հետ մեկ է և նրա պակասությունն ու անկատարությունն էլ ընկնում է մարդու մարմնի վրա, անգամ եթե մարդը մեղավոր չլինի։ Դա նույնն է, ինչպես ոտի կամ մարմնի այլ մասի ցավը զգում է ողջ մարմինը մինչև գլուխ, որովհետև դա միևնույն մարմինն է։ Նմանապես ամուսինները մաս ունեն իրենց կանանց անպատվությունից, որովհետև նրանք երկուսով մեկ են։ Սակայան որովհետև աշխարհիս պատիվն ու անպատվությունը միշտ բխում են միս ու արյունից, հետևաբար նաև վատ կնոջ անարգության մի մասը մարդու վրա պիտի ընկնի, անգամ եթե մարդը տեղյակ չլինի։ Միտք արա, Անսելմո, թե ի՜նչ վտանգի ես ենթարկում դու քեզ՝ ձգտելով խռովել խաղաղությունը քո արժանավոր ամուսնու։ Միտք արա ― պարապ և անմիտ հետաքրքրությունն է մղում քեզ վրդովելու այդ պարկեշտ կնոջ անդորրությունը։ Խորհի՛ր, որ այդ գործից դու շատ քիչ կշահես, իսկ կորցնելիքդ այնքան շատ կլինի, որ անհնար է ասել, խոսքերս հերիք չեն տա։ Իսկ եթե այն ամնեը, ինչ ասացի, բավական չէ քո վատ մտադրությունից քեզ դարձնելու համար, ապա որոնիր քո դժբախտության և անպատկառության համար այլ գործիք, որովհետև ես չեմ լինելու, անգամ եթե կորցնելու լինեմ քո բարեկամությունը, մի բան, որ ինձ համար ամենազգալի կորուստ կլիներ։
Այդ ասելուց հետո առաքինի և խոհեմ Լոտարիոն լռեց, իսկ Անսելմոն այնքան ամոթահար ու մտամոլոր մնաց, որ բավական ժամանակ չկարողացավ մի խոսք պատասխանել։ Վերջապես նա ասաց․
― Դու տեսար, Լոտարիո բարեկամ, ինչ ուշադրությամբ ես լսեցի քեզ։ Քո փաստարկումներից, օրինակներից, նմանություններից ես ճանաչեցի քո խոհեմությունն ու գերագույն և անկեղծ բարեկամությունը։ Ես անգամ ընդունում եմ, որ եթե ես հետևելու լինեմ քո խորհուրդներին և կաշկանդված մնալու լինեմ իմ գաղափարներով, ես կփախչեմ բարիից չարին ընդառաջ վազելու համար։ Սակայն երևակայիր, որ ես հիվանդ եմ, ինչպես կանայք, որ հող, մոխիր, ածուխ և այլ ավելի վատթար բաներ են ուտում։ Երևակայիր, որ ես էլ եմ բռնված այդ հիվանդությամբ և ինձ բուժելու համար պետք է դիմել խորամանկության, և այդ դժվար չի լինի, եթե դու նույնիսկ առերես և թեթև փորձես գրավել Կամիլային։ Նա այնքան էլ թույլ չէ, որպեսզի առաջին իսկ փորձից իր պատիվը գետին գցի։ Գալով ինձ՝ ես կգոհանամ այդ փորձով, իսկ դու կատարած կլինես բարեկամությանդ պարտականությունը ոչ միայն վերակենդանացնելով ինձ, այլև համոզելով ինձ, որ ես պատվազուրկ չեմ։ Այն միտքը, որ ես վճռել եմ այդ փորձն անել, բավական է, որպեսզի համոզի քեզ չմերժել ինձ, որովհետև դու չես հանդուրժի, որ ես իմ խելագարությունը վստահեմ մի ուրիշ մարդու, մի բան, որ կվարկաբեկի ինձ, իսկ դու այնքան վախենում ես իմ վարկաբեկումից։ Գալով Կամիլային, դու չպիտի կանգ առնես այն բանի համար, որ նա վատ կարծիքի կլինի քո մասին, երբ տեսնի, որ դու ընկել ես իր ետևից, որովհետև հենց որ իմացանք փորձի հետևանքը, դու ազատ կլինես բանալու մեր խորամանկությունը և նա նորից կհարգի քեզ առաջվա պես։ Այսպիսով, քանի որ քեզնից քիչ բան է գնում այս փորձի համար, իսկ դու կարող ես ինձ անչափ բավարարել, ես աղաչում եմ, որ չմերժես ինձ, հաղթահարելով այն մի քանի դժվարությունները, որ դու գտնում ես, որովհետև ինչպես ասացի քեզ, հենց որ դու սկսես, ես փորձությունը ավարտած կհամարեմ։
Լոտարիոն տեսնելով, որ Անսելմոյի վճիռը հաստատ է, չիմանալով, թե այլևս ինչ փաստարկում ու նկատառում անի, ընդունակ համարելով նրան հաղորդելու իր խելագարությունը մի ուրիշին, մեծ դժբախտությունից խուսափելու համար որոշեց բավարարել նրան, սակայն հաստատ ծրագրով այնպես պահել իրեն, որ առանց Կամիլայի պարկեշտ զգացմունքները խռովելու կարողանա բավարարել իր բարեկամին։ Նա ասաց Անսելմոյին, որ պետք չէ ոչ ոքի հաղորդել այդ ծրագիրը, որ ինքը հանձնառու է լինում այդ գործին և կսկսի, երբ որ նա կամենա։ Անսելմոն քնքշորեն գրկեց նրան, հազար շնորհակալություն հայտնեց, ինչպես եթե աշխարհիս ամենամեծ ծառայությունը արած լիներ իրեն։ Նրանք պայմանավորվեցին, որ հետևյալ օրից նրանք գործի կանցնեն, որ Անսելմոն Լոտարիոյին հնարավորություն կընձեռնի Կամիլայի հետ առանձին հանդիպումներ ունենալու և որ կմատակարարի փող ու նվերներ Կամիլային ընծայելու համար։ Նա խորհուրդ տվեց, որ Կամիլայի համար երաժշտություն բերել տա, նրան ոտանավորներ նվիրի և եթե այդ դժվար թվա, ինքը կանի նրա փոխարեն։ Լոտարիոն ամեն բանի համաձայնեց, սակայն միանգամայն այլ մտադրությամբ, քան ուներ Անսելմոն։ Այսպես պայմանավորվելուց հետո նրանք դիմեցին դեպի Անսելմոյի տունը, որտեղ Կամիլան խռովահույզ սպասում էր իր ամուսնուն, որ սովորականից ուշ վերադարձավ։
Անսելմոն որ հասավ տուն, Լոտարիոն էլ իր տունը գնաց։ Անսելմոն նույնքան գոհ էր, որքան Լոտարիոն՝ մտամոլոր ու շփոթ։ Նա չգիտեր, թե ինչպես պատվով դուրս գա այսքան տխմար գործից, սակայն նույն գիշերը գտավ հնարը, ինչպես խաբի Անսելմոյին՝ առանց վիրավորելու Կամիլային։ Հետևյալ օրը նա գնաց Անսելմոյի մոտ ճաշի։ Կամիլան նրան սիրալիր ընդունեց։ Նա առանձին մտերմություն էր ցույց տալիս Լոտարիոյին, որովհետև գիտեր, որ սերտ կապով կապված է Անսելմոյին։ Ճաշից հետո Անսելմոն խնդրեց Լոտարիոյից, որ ընկերակցի Կամիլային մինչև որ նա վերադառնա մի տեղից, որտեղ նա գործ ունի մոտ ժամ ու կեսով։ Կամիլան կամեցավ խանգարել, որ նա տնից դուրս գա և Լոտարիոն փորձեց ուղեկցել նրան, սակայն Անսելմոն խուսափեց, հանձնարարելով կնոջը, որ Լոտարիոյին մենակ չթողնի և վեջինիս՝ սպասել իրեն, որովհետև հետը կարևոր խոսակցություն ունի։
Երբ որ Անսելմոն գնաց, Կամիլան ու Լոտարիոն մնացին մենակ սեղանի շուրջը, որովհետև ծառաները գնացել էին ճաշելու։ Լոտարիոն, իր բարեկամի ցանկության համեմատ, զգաց իրեն մի թշնամու առաջ, որ միմիայն իր գեղեցկությամբ կարող էր տեղն ու տեղը հաղթահարել սպառազինված ասպետների մի ամբողջ գունդ։ Տեսնում եք, որ Լոտարիոն ուներ տեղիք՝ երկյուղ կրելու։ Նա արմունկը դրեց բազկաթոռի թևքին, գլուխը հենեց ձեռքին և, Կամիլայից իր անքաղաքավարության համար ներողություն խնդրելով, ասաց, որ մինչև Անսելմոյի վերադարձը նա կկամենար մի քիչ նիրհել։ Կամիլան նրան պատասխանեց, որ շատ ավելի լավ կլինի թախտի վրա,<ref>Թախտի վրա ― Estrado ― տախտակամած սենյակի մեջ (մոտավորապես մեկ ոտնաչափ բարձրությամբ), որը ծածկված էր լինում գորգերով, վերջիններիս վրա դարսվում էին բարձեր, որպեսզի կարելի լիներ այնտեղ հարմար նստել կամ պառկել (ավելի ուշ ժամանակի «բուդուարի» նախատիպը։ </ref> քան բազկաթոռի։ Սակայն նա կարևորություն չտվեց և պատրաստվեց քնելու։ Անսելմոն վերադառնալով, կնոջը գտավ իր սենյակում, իսկ Լոտարիոյին՝ քնած սեղանատանը և խորհեց, որ իր բացակայության երկար լինելու հետևանքով Լոտարիոն ժամանակ է ունեցել զրուցելու Կամիլայի հետ և ապա ննջելու։ Նա անհամբեր սպասում էր Լոտարիոյի արթնանալուն, որպեսզի հետը դուրս գա և տեղեկանա, թե ինչ է տեղի ունեցել։ Երբ որ նրանք մենակ մնացին, Լոտարիոն նրան ասաց, որ հարմար չի դատել միանգամից բացվել առաջին իսկ օրը, որ նա բացի Կամիլայի գեղեցկությունը գովաբանելուց բան չի արել և ասել է, թե ողջ քաղաքը նրանից է խոսում, նրա հրապուրանքից, նրա հազվագյուտ հատկություններից։ Նա ասաց, թե իրեն թվում է, որ սա լավ միջոց է տիկնոջ սիրտը գրավելու և տրամադրելու իրեն լսելու համար։ Նա համոզված է, որ դևն էլ այդ միջոցին է դիմում, երբ որ ուզում է խաբել մահկանացուին, որը զգաստորեն զգուշանում է նրա թակարդներից․ լինելով խավարի ոգի՝ նա կերպարանափոխվում է լույսի ոգու, գայթակղում է բարի դիտավորությունների ձև անելով, ապա թե բացվում է և իր ծրագիրը հասցնում իր վախճքնին, եթե միայն սկզբից ևեթ նրա ծրագիրը չի մերկացվել։
Այս ամենը դուր եկավ Անսելմոյին, որ ասաց, թե առանց տնից դուրս գալու նա հնարավորություն կտա նրան ամեն օր տեսնել Կամիլային, իբրև թե զբաղվում է գործով, սակայն այնպես, որ Կամիլան գլխի չընկնի իր խորամանկությունը։ Անցան մի քանի օրեր։ Լոտարիոն Կամիլային ոչ մի բառ չէր ասում, բայց Անսելմոյին հաղորդում էր, որ անընդհատ խոսում է նրա հետ, սակայն առայժմ նրա վարքի մեջ ոչ մի դատապարտելի բան չի նկատում և, մի խոսքով, հույսի և ոչ մի նշան չի տալիս։ Ընդհակառակը՝ նա սպառնում է պատմել իր ամուսնուն, եթե Լոտարիոն չփոխի իր վարմունքը։
― Շատ բարի, ― ասաց Անսելմոն, ― մինչև հիմա՝ Կամիլան դիմացել է խոսքերի դեմ։ Պետք է տեսնենք, կդիմանա՞ նա գործերի դեմ, վաղը ես կհանձնեմ երկու հազար դահեկան, որ դու առաջարկես նրան և կնվիրես և երկու հազար էլ, որ գոհարներ գնես, նրան հրապուրելու համար։ Կանայք կարող են առաքինի լինել, բայց որքան նրանք ավելի սիրուն են, այնքան ավելի հմայք ունի նրանց համար զարդարանքը։ Եթե Կամիլան այդ գայթակղության էլ դիմանա, ես բավարարված կլինեմ և այլևս քեզ չեմ չարչարի։
Լոտարիոն պատասխանեց, թե քանի որ ինքը գործն սկսել է, ուզում է մինչև վերջը հասցնի, և թե ինքը հույս ունի, որ այդ գործից դուրս կգա միանգամայն հաղթահարված։ Հետևյալ օրը նա ստացավ չորս հազար դահեկան, որ նրան չորս հազար հոգս էին պատճառում, որովհետև նա չգիտեր, թե ինչ սուտ դարբնի։ Վերջ ի վերջո նա վճռեց ասել, որ Կամիլան դիմանում է պարգևներին և խոստումներին նույնքան լավ, որքան և սիրո հայտարարություններին և որ անօգուտ է այլևս հոգնություն պատճառելը, որովհետև բոլոր այս փորձերը լոկ ժամանակի կորուստ են։ Սակայն բախտը այլ կերպ տնօրինեց։ Մի անգամ Անսելմոն, ըստ սովորականին, թողնելով Կամիլային մենակ Լոտարիոյի հետ, փակվեց հարևան սենյակում և դռան կողպեքի ծակից սկսեց նայել և ականջ դնել, թե նրանք ինչ են խոսում ու անում։ Եվ ահա նա տեսավ, որ ավելի քան կես ժամի ընթացքում Լոտարիոն բերանը բաց չարեց և մի հատիկ խոսք չի էլ արտասանի, անգամ եթե այնտեղ ամբողջ մի դար մնալու լիներ։ Նա գլխի ընկավ, որ Լոտարիոյի բոլոր ասածները Կամիլայի պատասխանների մասին կեղծ ու պատիր են։ Սակայն որպեսզի վերջնականապես ստուգած լինի, նա դուրս եկավ իր սենյակից, Լոտարիոյին մի կողմ քաշեց և հարցրեց նրանից, թե ինչ նոր բան կա և ինչ տրամադրություն է ցույց տալիս Կամիլան։ Լոտարիոն պատասխանեց, որ այլևս անկարող է երկար ժամանակ շարունակել այս դժվարին գործը, որ Կամիլան իրեն այնքան կոշտ ու կոպիտ է պատասխանում, որ ինքն այլևս խոսք չի գտնում նրան ասելու։
― Ա՜խ, Լոտարիո, Լոտարիո, ― ասաց Անսելմոն, ― ի՞նչ վատ ես պատասխանում ինձ քո պարտականության հանդեպ և այն մեծ հավատի հանդեպ, որ ես տածում էի դեպի քեզ։ Ես դուրս եմ եկել հարևան սենյակից, ես ականջ էի դնում, դու մի խոսք չասացիր Կամիլային, մի բան, որ ինձ կարծել է տալիս, թե դու նրան երբեք էլ բան չես ասել։ Եթե այդ այդպես է, իսկ ես չեմ կասկածում դրանում, ապա ինչո՞ւ ես խաբում և խորամանկությամբ խլում ինձնից միջոցը՝ իմ ծրագիրն ի կատար ածելու։
Անսելմոն այլևս բան չասաց և թողեց Լոտարիոյին շփոթ ու ամոթահար, զգալով պատվի խայթ իր սուտը բռնված լինելու համար։ Նա երդվեց Անսելմոյին, որ ապագայում իր ողջ կյանքը կգործադրի նրան գոհացնելու, որ այլևս չի խաբի, որ Անսելմոն թող ծածկուկ նայի, նա կհավատա, որ ինքը ճիշտ է ասում, և որ իր ճիգ ու ջանքը կցրեն Անսելմոյի կասկածները։ Անսելմոն հավատաց և որպեսզի Լոտարիոն կարողանար միանգամայն հարմար և առանց խոչնդոտների գործը տեսնել, նա որոշեց մի շաբաթով բացակայել տնից։ Նա իր բարեկամներից մեկին, որ ապրում էր գյուղում, հրավիրել տվեց իրեն, որպեսզի Կամիլայի առջև հեռանալու պատրվակ ունենա։ Ապարախտ խելագար, ի՜նչ գործի վրա ես, ի՞նչ է քո նպատակը, ի՞նչ հանդուգն ծրագիր ես նյութել դու։ Դու գործում ես ինքդ քո դեմ, դու դավում ես քո պատվի դեմ, դու հյուսում ես քո կորո՜ւստը։ Քո ամուսինը առաքինի է։ Դու խաղաղ վայելում ես ամուսնական միության քաղցրությունը, ոչինչ չի խռովում քո վայելքը։ Կամիլայի խոհերը քո տան պատերից դուրս չեն գալիս։ Դու նրա արևն ես աշխարհիս երեսին, նրա ցանկությունների նպատակը, նրա զգացմունքների միակ առարկան, նրա կամքի կանոնն ու դատավորը։ Նա միմիայն քո ուզածն է կամենում, իբրև երկնքի հրաման։ Նրա պատվի, գեղեցկության և համեստության գանձերը, որպես թանկարժեք հանք, բացված են քո առջև։ Դու կարող ես վերցնել ամեն ինչ, ինչ որ մեջը կա և ամեն ինչ, որ կամենաս։ Ինչո՞ւ ես ապա ուզում փորել հողը և նոր, անլուր գանձի հետքը փնտրել։ Չէ՞ որ ամեն ինչ կարող է փլչել, որովհետև այդ գանձերը նրա փխրուն բնության թույլ սյուների վրա են հենված։ Իմացած եղիր, որ անկարելիի ետևից ընկած մարդուց խլում են հնարավորն էլ, ինչպես այն, ինձնից ավելի լավ պոետն է արտահայտել՝
<poem>
Փնտրում եմ ես լույսով անմար
Փորձանգի մեջ՝ բախտ ինձ համար,
Փոթորկի մեջ՝ խաղաղություն,
Ժանտախտի մեջ՝ առողջություն,
Ազատություն՝ անել բանտում,
Փրկության ելք՝ մութ փակուղում։
Դադարել եմ բարիք հուսալ
Բախտից, որ չի ուզում անսալ,
Որ երկնքի պես անզիջում՝
Չի կարեկցում ու չի խղճում․․․
Էլ ինչ խնդրեմ անկարելին,
Երբ մերժում է և կարելին։
</poem>
Հետևյալ օրը Անսելմոն գնաց գյուղ և, հրաժեշտ տալով, ասաց Կամիլային, որ իր բացակայության ժամանակ Լոտարիոն գալու է ճաշի և հետևելու տան գործերին և որ խնդրում է նրանից վերաբերվել իր բարեկամին այնպես, ինչպես իրեն է վերաբերվում։ Պարկեշտ ու հավատարիմ Կամիլան վշտացավ այդ հրամանից և պատասխանեց, որ ամուսնու բացակայության միջոցին անվայել է, որ ուրիշը գրավի նրա տեղը սեղանի շուրջը։ Իսկ եթե Անսելմոն այդ հրամանը տալիս է, որովհետև չի հավատում, որ ինքը կարող է տունը կառավարել, ապա թող այս անգամ նա փորձի իրեն և փորձով համոզվի, որ ինքը ունակ է ավելի մեծ գործի։ Անսելմոն պատասխանեց, որ այդ իր կամնքն է և որ նա պետք է գլուխ խոնարհի և հնազանդի։ Կամիլան ասաց, որ կկատարի նրա ցանկությունը, թեև հակառակ է իր կամքի։ Անսելմոն գնաց։ Հետևյալ օրը եկավ Լոտարիոն, որին Կամիլան դիմավորեց սիրալիր և արժանապատվությամբ, սակայն այնպես էր սարքում, որ հետը երբեք մենակ չմնա։ Նրան շարունակ շրջապատում էին ծառաներն ու սպասուհիները, իսկ ամենից հաճախ նրան ուղեկցում էր Լեոնելա անունով մի սպասուհի։ Սա մանուկ հասակից ապրած է եղել Կամիլայի ծնողների տանը, ուստի Կամիլան նրան շատ էր սիրում և մարդու գնալուց հետը բերել էր Անսելմոյի տունը։ Առաջին երեք օրվա ընթացքում Լոտարիոն բնավ չխոսեց Կամիլայի հետ, թեև կարող էր, որովհետև ճաշից հետո, սեղանը հավաքելուց հետո, բոլոր ծառաները գնում էին ձեռաց ճաշ անելու․ Կամիլան նրանց պատվիրել էր որքան կարելի է շուտ վերադառնալ։ Բացի այդ նա հրամայել էր Լեոնելային նախապես ճաշել և իրեն երբեք մենակ չթողնել։ Սակայն սպասուհու գլխում այլ մտքեր կային՝ նա օգտվում էր ճաշի ժամից զվարճանալու համար, ուստի և հաճախակի մոռացության էր տալիս իր տիրուհու պատվերը և թողնում նրան մենակ Լոտարիոյի հետ, ասես թե նրան դիտմամբ սովորեցրած լինեին։ Բայց Կամիլայի պարկեշտ տեսքը, խիստ դեմքը և զուսպ վարմունքը սանձահարում էին Լոտարիոյի լեզուն։
Սակայն այս երջանիկ սկզբնավորությունը չէր կարող պահպանել նրանց կործանումից, որովհետև եթե լեզուն լռում էր, ապա միտքը գնում էր իր ընթացքով, և Լոտարիոն ազատ միջոցին մանրամասնորեն խորհում էր Կամիլայի հրապուրյների մասին, որ ընդունակ էին ոգևորելու մարմարե արձանը, ո՜ւր մնաց թե մահկանացու սիրտը։ Նա հիանում էր խոսելու փոխարեն, նա երազում էր, թե որքան Կամիլան արժանի է սիրված լինելու և այդ խոհերը անզգալի կերպով թուլացնում էին փափկանկատությունը Անսելմոյի նկատմամբ։ Հազար անգամ նա փորձեց լքել քաղաքը և քաշվել մի տեղ, որտեղ նա երբեք չտեսնի ոչ Անսելմոյին, ոչ Կամիլային, սակայն հաճույքը, որ նա վայելում էր Կամիլային տեսնելուց, իսկույն խորտակում էր նրա վճիռը։ Նա ճիգ էր գործադրում իր վրա, պայքարում էր ինքն իր դեմ, որպեսզի հաղթահարի իրեն և այդ վայելքը չզգա և մենակ մնալուց նա դատապարտում էր իր խելագարությունը, ինքն իրեն վատ բարեկամ և անգամ վատ քրիստնյա էր անվանում։ Նա իրեն համեմատում էր Անսելմոյի հետ և հանգում այն եզրակացության, որ մեկի խելագարությունը փոխանցվում է մյուսի անհավատարմության և որ եթե նա քիչ է մեղավոր Աստծու աչքում, քան մարդկանց, ապա նա կարող է հանցանքի պատժից երկյուղ չկրել։
Վերջապես Կամիլայի արժանիքներն ու գեղեցկությունը, միացած այն պատահմունքին, որ մի անխոհեմ ամուսին գցել է Կամիլային իր ձեռքը, հաղթանակեցին հավատարմության վրա Լոտարիոյի նկատմամբ։ Եվ, անսալով իր կրքին, երեք օր անընդհատ պայքարից հետո, նա սկսեց սիրաշահել Կամիլային այնպիսի հուզմունքով ու կիրքով, որ Կամիլան մնաց բոլորովին շփոթված և չկարողացավ այլ բան անել, քան եթե թողնել իր աթոռը և քաշվել իր սենյակը, առանց մի բառ արտասանելու։ Սակայն նրա արհամարհանքը չխլեց Լոտարիոյի հույսը, որ միշտ ծնվում է սիրո հետ միասին։ Ընդհակառակը՝ նա առավել ևս հրահրեց նրա սերը դեպի Կամիլան, որը անակնկալի գալով նրա վարմունքից, չգիտեր, թե ինչ աներ։ Եվ կարծելով որ վտանգավոր և անվայել կլիներ Լոտարիոյին հնարավորություն տալը դարձյալ իր հետ տեսակցելու, նա նույն գիշերը իր մարդկանցից մեկին ուղարկեց Անսելմոյի մոտ մի նամակով հետևյալ բովանդակությամբ։