— Ե՛ս քո ինչն եմ ասել, լավ կլիներ խեղդվեիր, պրծնեինք,— փնթփնթաց նա, սողաց ներքև և արթնացրեց Ֆրոդոյին:
Տարօրինակ էր, բայց Ֆրոդոն արթնացավ թարմացած, հանգստացած: Նա լավ երազ էր տեսել: Սև ստվերը կարճ ժամանակով նահանջել էր, և այստեղ, այս հիվանդ, այլանդակ երկրում, նրան բարի տեսլքներ էին այցելել: Հիշողության մեջ ոչինչ չէր մնացել, բայց սիրտը ջերմացել էր, հոգին թեթևացել, և ''Բեռն'' էլ այնքան չէր ճնշում:Գոլլումը ողջունեց ֆրոդոյին, ինչպես շունը տիրոջը: Նա հրճվանքով թռչկոտում էր Ֆրոդոյի շուրջը, ճտտացնում երկար մատները և շոյում Ֆրոդոյի ծնկները: Վերջինս ժպտաց նրան: — Լավ, լավ,— ասաց նա: — Ապրես, Սմեագորլ, դու հուսալի ուղեկից ես, հավատարիմ ծառայեցիր մեզ: Մենք արդեն գրեթե հասել ենք, մնում է վերջին քայլը: Տար մեզ դարպասի մոտ, և քեզանից էլ ոչինչ չեմ պահանջի: Տար դարպասի մոտ՝ և կարող ես գնալ, ուր ուզում ես, միայն թե ոչ մեր թշնամիների մոտ: — Դարպասի մո՞տ: — Գոլլումը զարմանքից ու վախից նույնիսկ ծղրտաց: — Տերն ասում է, տար դարպասի մո՞տ: Այո, այդպես է ասաց, իսկ հնազանդ Սմեագորլը անում այն ամենը ինչ կարգադրում է տերը, այո-այո: Այ հիմա մոտիկ կգնանք, և տերը, գուցե, միտքը կփոխի: Ոչ մի լավ բան չկա դարպասի մոտ, ոչ մի լավ բան: — Լա՛վ, լա՛վ, մոռացա՛նք քեզ հարցնել,— նրա խոսքը կտրեց Սեմը: — Գնա՛նք, ավարտե՛նք սկսած գործը: Մթնում էր: Նրանք դուրս եկան փոսից և դանդաղ շարժվեցին առաջ: Բայց դեռ չէին հասցրել մի քանի քայլ անել, երբ նրանց կրկին պատեց սարսափը՝ այն նույն սարսափը, որ զգացել էին առաջ, երբ նրանց գլխավերևով փոթորկի պես անցավ Թևավոր Ուրվականը: Նրանք ընկան գարշահոտ հողին և քարացան, բայց այս անգամ երկինքը չմթագնեց. երևում է, Բարադ-Դուրի չարագուշակ սուրհանդակը բարձր էր թռչում: Փոքր ինչ սպասելով, Գոլլումը վերջապես վեր կացավ և, ցնցվելով ու քթի տակ ինչ-որ բան փնթփնթալով, գաղտագողի սողաց առաջ: Կեսգիշերից մոտավորապես մեկ ժամ անց սարսափը կրկին մեխեց նրանց գետնին, բայց այս անգամ սարսափի աղբյուրն ավելի հեռու էր, ավելի բարձր. Ուրվականը ամպերից էլ բարձր էր թռչում և փոթորկի պես սլացավ արևմուտք: Այս անգամ Գոլլումը վախից բոլորովին ուժասպառ էր եղել: Նա ցնցվում էր ու նվնվում, որ ամեն ինչ վերջացած է, իրենց նկատել են, և հիմա թշնամին ամեն ինչ գիտի: — Երեք անգա՛մ,— վնգստաց նա,— երե՛ք: Նրանք զգու՛մ են, զգու՛մ են Սքանչելիին, նրանք Սքանչելիի սպասավորներն են... Այլևս գնալ չի կարելի: Կբռնե՛ն մեզ, կբռնեեեն... Համոզելն ու ջերմ խոսքերը օգուտ չտվեցին: Միայն այն ժամանակ, երբ Ֆրոդոն ստիպված ձեռքը տարավ սրին և բարկացած բղավեց նրա վրա, Գոլլումը վեր կացավ և ծեծված շան պես սողաց առաջ: Այդպես, սայթաքելով, մինչև երկար ու տառապալից գիշերվա ավարտը և ահարկու լուսաբացի գալը քայլում էին նրանք, լուռ, ոչինչ չտեսնելով և չլսելով: Միայն քամին էր չարագուշակ սուլում նրանց ականջներում: === Գլուխ երրորդ. Սև Դարպասը փակ է === Առավոտյան դեպի Մորդոր ճանապարհորդությունն ավարտվեց: Ճահիճներն ու անապատը մնացին հետևում. առջևում, գունատ երկնքի ֆոնին սպառնալից վեր էին խոյանում սև լեռները:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]