— Հետևեք ինձ,— ասաց նա: — Թեոդենը թույլ է տալիս ձեզ ներս մտնել, բայց ստիպված եք զենքերը, ներառյալ նաև գավազանը, թողնել մուտքի մոտ, դռնապանների հսկողության տակ:
Անհյուրընկալ դարպասները դռներըը բացվեցին, և Ճանապարհորդները մեկը մյուսի հետևից ներս մտան: Դարպասի մյուս կողմում լայն, սալարկված, որորապտույտ ճանապարհ էր սկսվում: Մերթ լայն ոլորաններով, մերթ կարճ, քարե աստճաններով այն բարձրանում էր բլրի գագաթը, շրջանցելով փակ դռներով փայտյա մռայլ տները: Ճանապարհի երկայնքով՝ իր քարե հունի մեջ, քչքչալով վազում էր առվակը: Վերջապես երևաց բլրի գագաթը: Այնտեղ՝ կանաչ մարգագետնի վրա, վեր էր բարձրանում մի ընդարձակ թումբ, որի ստորոտին քարե ձիու գլխով աղբուր կար: Ջուրը թափվում էր մեծ քարե ավազանի մեջ, իսկ այնտեղից ճանապարհի երկայքով փորված քարե հունը: Լայն, քարե սանդուղքը տանում էր դեպի դղյակի մուտքը, որի աջ և ձախ կողմում քարե նստարաններ էին դրված: Նստարաններին, մերկացրած սրերը ծնկներին, նստած էին արքայի թիկնապահները: Նրանց ոսկեգույն մազերը հյուսված էին, իսկ կանաչ վահանները և մինչև ծնկները հասնող պողպատյա զրահները փայլում էին արևի տակ: Երբ թիկնապահները ոտքի ելան, հյուրերին թվաց, թե նրանք ավելի բարձրահասակ են, քան սովորական մահկանացուները:
— Հասանք,— ասաց ուղեկցող ժամապահը: — Դե, ես պետք է հետ վերադառնամ: Հաջողությու՛ն եմ ցանկանում, և թող Ռոհանի տիրակալը ձեր հանդեպ բարեհաճ գտնվի: