Նա հեծկլտաց և սկսեց մրմնջալ: Հոբիթները համբերատար սպասում էին:
— Հա, հարավի հեքիաթները,— վերջապես շարունակեց Գոլլումը,— բարձրահասակ, հստակ աչքերով մարդկանց մասին, նրանց քարե տների մասին, որ սարերի են նման, արծաթե թագով թագավորի և Սպիտակ Ծառի մասին: Հրաշալի հեքիաթներ են: Մարդիկ աշտարակներ են կառուցել մինչև երկինք, որոնցից ամենաբարձրը արծաթա-սպիտակավուն էր: Այդ աշտարակում պահվում էր Լուսնաքարը, իսկ աշտարակի շուրջը բարձր, սպիտակ պարիսպներ էին:
— Դա երևի Մինաս Իթիլն է, Ծագող Լուսնի ամրոցը, որը կառուցել է Իսիլդուրը՝ Էլենդիլի որդին,— ասաց Ֆրոդոն: — Այդ նա է կտրել Թշնամու մատը:
— Այո-այո, նրա սև ձեռքի վրա միայն չորս մատ կա,— ցնցվելով, հաստատեց Գոլլումը: — Բայց նրան չորսն էլ է լիովին բավարար: Նա ատում է Իսիլդուրի ամրոցը:
— Իսկ կա՞ մի բան, որը նա չի ատում,— հոգոց հանեց Ֆրոդոն: — Բայց մեր ինչի՞ն է պետք Ծագող Լուսնի Ամրոցը:
— Ամրոցը, տեր, ինչպես կար, այնպես էլ մնում է: Մեծ աշտարակ, սպիտակ տներ և ամրոցը շրջապատող պարիսպներ՝ միայն թե ամրոցը վատն է դարձել, տգեղ: Ինքը այն գրավել է շա՜տ վաղուց, և հիմա այնտեղ սարսափելի-սարսափելի է: Ով տեսնում է այն, ուզում է սողալ հեռու ու թաքնվել դրա ստվերից: Բայց տերը ստիպված է գնալ այդ ճանապարհով, որովհետև այլ ճանապարհ չկա: Լեռներն այնտեղ այնքան էլ բարձր չեն, հին ճանապարհը բարձրանում է լեռների գագաթը՝ մինչև մութ անցումը, իսկ հետո ներքև, ներքև, դեպի Գորգորոթ: — Գոլլումը վերջին բառերն ասաց շշունջով և դողդողալով:
— Եվ ի՞նչ օգուտ մեզ դրանից,— միջամտեց Սեմը: