Ավելացվել է 298 558 բայտ,
12:19, 21 Մայիսի 2015 {{Վերնագիր
|վերնագիր = Ակն ընդ ական
|հեղինակ = [[Վահե Քաչա]]
|թարգմանիչ = Ալ․ Թոփչյան
|աղբյուր = [[«Գիշատիչների խնջույքը»]]
}}
===* * *===
Նա լիաթոք շնչեց աշնան առաջին օրերի սառը օդը, հետո սիգարեթ վառեց։ Դանդաղ, քուլան քուլայի ետևից ծուխը փչեց, կարծես ուզում էր քշել թոքերում մնացած օդի վերջին բուրմունքը։ Երրորդ քուլան թողեց՝ ավելի կարճ, և այլևս չհետաքրքրվեց սիգարեթով։ Շոշափեց գրպանները, շալվարի բարակ պաստառի տակից զգաց բանալիների սառը ծակոցը, վերցրեց և ուղղվեց դեպի հիվանդանոցի միակ արմավենու տակ կանգնած իր մեքենան։ Ձեռքին բռնած անձրևանոցը գցեց ետևի թիկնատեղին, հարմար տեղավորվեց և միացրեց մեքենայի շարժիչը։
Ուղիղ ձգված ճանապարհի երկու կողմերում նարնջենիներ էին, որոնք փշալարերի փոխարեն ցանկապատված էին վայրի կակտուսներով։ Թվում էր, ճանապարհը գնում, գնում խրվում է ծովի մեջ։
Հասնելով խաչմերուկ Էռմեն արգելակեց։ Ձախից ձկնորսների նավակայքն էր։ Ջրի վրա ճոճվում էր մոտ քսան նավակ։ Աջից դաշտն էր՝ պտավորված արևի վերջին ճառագայթների շարժուն ստվերներով։ Մեքենայից դուրս գալուց առաջ բացեց ծոցատետրը։ Այս երեկո ոչ մի ժամադրություն չուներ։ Վաղն առավոտյան պիտի այցելեր Զորդիներին։ Ծոցատետրը գրպանը դնելիս՝ ձեռքը մի ծրարի դիպավ։ Մոռացել էր։ Կնոջ նամակը, կնքված Փարիզում։ Խնամքով շարված դրոշմանիշներ և ձեռքով գրված, երկու անգամ ընդգծված Par avion ազդը։ Ծրարը բացեց, ցրված, անտարբեր աչք ածեց, կարծես ձևականություն էր կատարում։ Ոչ մի հետաքրքիր բան։ Լավ է զգում և մտադիր է մեկ ամիս հետո վերադառնալ։ Մանրուքներ ազգականների մասին և, սովորականի պես, երեք կամ չորս ընդգծված տող։ Մի հետգրություն, որպեսզի ներողություն խնդրի ձեռագրի համար, քանի որ անկողնում է գրել։
Անձրևի նուրբ կաթիլները քերեցին ապակին, աղավաղելով բնանկարը։ Թաղամասի միակ բար֊ռեստորանի կարմիր և կապույտ լույսերը ժամանակից շուտ վառվեցին։ Էռմեն դուրս եկավ մեքենայից, հրեց ռեստորանի դուռը։ Դեռ շատ մարդ չկար։ Մատուցողը նոր էր հագել սպիտակ վերնոցը և ուղղել փողկապը։ Տիրուհին՝ տիկին Շամպենը, ձայնապնակներն էր դասավորում սեղանին։ Նա մի գաղտնի ժպիտ ուղղեց Էռմեին. սա նստեց ջեռուցման մարտկոցի մոտ։ Տիկին Շամպենը մարսելցի էր և ընդամենը չորս տարի էր, ինչ Տրիպոլիում էր։ Նա մենակ էր պահում իր բարը։ Ոչ ոք չգիտեր նրա անցյալը։ Քաղաքում ապրում էր մենակ, մի կոկիկ բնակարանում։ Մոտ քառասուն տարեկան էր, լավ պահպանված և թուլություն ուներ բժիշկ Էռմեի նկատմամբ, որին երկու տարի առաջ էր տեսել իր բարը մտնելիս։
— Մարտինի՞, բժի՛շկ։
Էռմեն բարձրացրեց աչքերը և համաձայնության նշան արեց։ Նրան թվաց, թե մի բան է պակասում իրեն, հետո հիշեց, որ բար է մտել մարտկոցի մոտ թերթ կարդալու։ Գրպաններում փնտրեց, լրագիրը չգտավ։
— Ահա, բժի՛շկ։
Տիկին Շամպենը ապերիտիվի բաժակը դրեց սեղանին և, քանի որ այցելուները քիչ էին, մտածեց, որ զրույց կբացի։ Քիչ մնաց ասեր. «Եղանակը փչանում է», բայց հրաժարվեց։ Թեթևակի շփոթված, մի պահ մնաց սառնարանի մոտ, տրորեց մատները, հետո դարձավ, որ մի ձայնապնակ դնի։ Էռմեն կանչեց մատուցողին, ճաշացուցակը խնդրեց։ Շաբաթը մեկ կամ երկու անգամ այստեղ էր ճաշում։ Նա սիրում էր սրահի հանգստավետ կահավորումը, պատի զարդապնակները, ցածր սեղանները, փափուկ բազկաթոռները։ Այցելուները, քիչ թե շատ ընտիր էին։ Երբեմն ցածրաստիճան ծառայողները ժամերով նստում էին բարում, բարձրաձայն խոսում և սիգարեթի մոխիրը թափում հատակին։ Տիկին Շամպենը չտեսնելու էր տալիս։ Նա դասական երաժշտություն էր դնում, չափազանցնում էր շարժումները, քշում կատվին, որ ննջում էր բարձի վրա և որի ներկայությունը օգնում էր միջավայրի մտերմությունը շեշտելուն։ Տիկին Շամպենը սիրում էր սնոբ այցելուներին, ճանաչված մարդկանց։
Մի զույգ մտավ։ Տղամարդը ճանաչեց Էռմեին, ուղղվեց նրա կողմը և ներկայացրեց իրեն ուղեկցող կնոջը։ Էռմեն վեց ամիս առաջ վիրահատել էր նրան։
— Ա՜, բժի՛շկ, վիրահատությունից հետո ես ժայռի պես եմ…
Նա աչք ածեց շուրջը, մի մտերմիկ նշան արեց տիկին Շամպենին, որ նրանց կողմն էր նայում։ Ամեն անգամ Էռմեին հանդիպելիս՝ տղամարդը ուզում էր արտահայտել իր երախտագիտությունը, և երբեք հարմար առիթ չէր ներկայանում։ Բայց այս երեկո…
— Ի՞նչ կկամենայիք, բժիշկ։
Նա տեղավորվեց, իրեն ընկերակցող աղջկան ցույց տվեց ազատ աթոռը։ Վերջինս անխոս նստեց։ Էռմեի ներկայությունը նեղում էր նրան։
— Գիտե՞ք, բժիշկ, ես հիմա ինչ որ ուտում եմ, մարսում եմ։
Այս խոսքերը Էռմեն քանի՜ անգամ էր լսել։ Իհարկե, նա սիրում էր իր մասնագիտությունը, բայց ապաքինված այցելուները նրան այլևս չէին հետաքրքրում։ Հիվանդանոցից դուրս նա ուզում էր փոխել իր կյանքը։ Մի քանի ժամ գոնե չխոսել վիրահատությունների մասին, չխոսել քույրերի հետ, ընդունարանում սպասող ազգականների հետ, որոնց աչքերը լի են հարցումով։
— Շնորհակալություն, ես գերադասում եմ գարեջուրը։
Նախկին վիրահատյալը՝ ամերիկյան ինչ֊որ մեքենայի ֆիրմայի ներկայացուցիչ, անպայման ուզում էր շամպայն խմեցնել նրան։
— Բայց դուք խորհուրդ տվեցիք, որ վիրահատությունից հետո շամպայն խմեմ։ Հիշո՞ւմ եք, բժիշկ։
Նա շամպայն լցրեց բաժակները։ Աղջիկը, որ պետք է իսպանացի լիներ, դժվարությամբ էր խմում։ Էռմեն որտե՞ղ էր նրան հանդիպել։ Փորձեց հիշել, բայց նկատեց, որ ուրիշ բանի մասին է մտածում։ Հոգնածության նշան։ Նա դատարկեց գարեջրի գավաթը և վերջին պատառը կերավ։ Սրահը լցվել էր։ Մատուցողը՝ ձիգ, անխոս, շառագունած դեմքով, սեղանից սեղան էր անցնում։ Տիկին Շամպենը թղթի կտորների վրա մատիտով պատվերներն էր նշում, իսկ ձեռքի տակ մի բաժակ շամպայն կար։ Ժամանակ առ ժամանակ կռանում էր, ստուգում ավտոմատ նվագարանի վրա մնացած ձայնապնակների քանակը, ապա շրթունքներն էր թրջում բաժակով։
— Սիգա՞ր էլ չեք ուզի, բժիշկ։
Չվշտացնելու համար վերցրեց և վեր կացավ։
— Ես հետո կծխեմ։
Նա զուսպ գլուխ տվեց տիկին Շամպենին և դուրս եկավ։ Բարակ անձրև էր մաղում։ Մեքենայի շարժիչի ծածկոցը լուսազդերի թույլ լույսի տակ տեղ֊տեղ փայլում էր։ Դուռը փակելիս՝ լսեց տիկին Շամպենի ձայնը.
— Բժիշկ…
Տիկին Շամպենը մոտեցավ։ Ուսերին սպիտակ շալ էր գցած, որի ծայրերը երկու ձեռքով սեղմել էր կրծքին։
— Ուզում եմ խորհուրդ հարցնել ձեզանից։
Եվ քանի որ բժիշկը լուռ էր, շարունակեց.
— Գուցե այս շաբաթ կարողանայիք ընդունել ինձ։
Բժիշկը չհարցրեց, թե նա ինչ ցավով է տառապում, մտածելով, որ խորհուրդ հարցնող մյուս մարդկանց պես հիմա կասի։ Տիկին Շամպենը սպասեց։
— Վաղը չէ մյուս օրը, առավոտ վաղ եկեք հիվանդանոց։
Նա շարժվեց, սեղմեց ստարտերը։ Շտապում էր տուն՝ լողանալու։ Մեքենայի լուսարձակները որսում էին բնանկարը՝ ձիթենիներ, ժայռեր, ծովի ափին փտող նավակներ և դաշտում ցրված միահարկ տներ։ Էռմեն ապրում էր քաղաքից քսան կիլոմետր հեռու, նախկին աճպարարի սարքած առանձնատներից մեկում։ Դա եղևնիներով շրջապատված մի խաղաղ վայր էր։ Մյուս առանձնատների բնակիչները նավթային ընկերությունում աշխատող անգլիացիներ էին։ Սեփականատերը, որն անդորր էր սիրում, ապրում էր մի եռահարկ տան մեջ։ Նա ուներ դռնապան, որն զբաղվում էր ամեն ինչով, հեռախոսով տեղեկացնում էր բնակիչներին, երբ այցելուներ էին գալիս, նամակներն էր ընդունում, առավոտյան բաժանում գյուղացիների բերած կաթը և հացը։ Նույնիսկ մեքենաներով էր զբաղվում։ Ֆրանսիացի էր, մոտ հիսուն տարեկան և հպարտ էր իր ազգանունով՝ Կյուրի։ Նա ապրում էր մի լիբանանուհու հետ և, ի վերջո, ամուսնացավ հետը։ Կինն իրեն այնպես էր պահում, կարծես Ֆրանսիայում լիներ, հարազատ գյուղում։ Սեղան նստելիս՝ կարմիր գինի, շաբաթը երկու անգամ՝ կասուլե<ref>Ֆրանսիական ազգային ճաշատեսակ։ Ծ.Թ.</ref> և ամեն օր՝ տապակած կարտոֆիլ։
Էռմեն կանգ առավ տնակի առջև։ Կյուրին երևաց։ Նրա ձեռքին դանակ կար, երևի խոհանոցում գործ ուներ։
— Ձեր փոստը եկել է, բժիշկ։ Կեսօրից հետո ստացված թերթեր։
Էռմեն հետևեց նրան. արևելյան բազմոցներով կահավորված մի սրահ, որը միաժամանակ ճաշասենյակ էր։ Տիկին Կյուրին մի անկյունում հյուսում էր։ Սպիտակ սփռոցով ծածկված սեղանի վրա կային կիսված մրգեր։ Կյուրին մրգով կարկանդակ էր թխում։ Նա ձեռքերը սրբեց գոգնոցով և թերթերի ծրարը տվեց Էռմեին։
Տուն տանող ծառուղով քայլելիս՝ Էռմեն կազմեց երեկոյի ծրագիրը։ Առաջին անելիքը, տաքացնել բաղնիքի ջուրը, հետո՝ վերադառնալ սրահ, բացել թերթերի ծրարը, միացնել ընդունիչը։ Ի՞նչ էր այս երեկո ուզում խմել. ջի՞ն, վիսկի՞, թե՞…
Կանգ առավ ծառուղու կենտրոնում։ Հյուրասենյակի ծածկոցափեղկերի արանքից ուժեղ լույս էր թափանցում։ Նա մտածեց, արդյոք որևէ ժամադրություն չունե՞ր։ Չէր հիշում։ Եթե ոչ… Սա ոչ այլ ոք էր, քան նա։ Շտապեց և մինչ գրպանում կորոներ բանալին, տեսավ, որ դուռը բաց է։
— Ես ուզեցի անակնկալի բերել ձեզ…
Դասական դարձվածք։ Կանգնած էր սրահի կենտրոնում, ձեռքին՝ գիրք և թուղթ կտրելու դանակ։ Սենյակը տաքացրած էր և խոհանոցի թեթև բուրմունք էր լողում օդի մեջ։ Էռմեն ծրարը դրեց բազկաթոռին, անձրևանոցը հանեց։ Այդ երեկո տիկին Ռութի ներկայությունը նեղում էր նրան, բայց փորձեց ցույց չտալ։ Ի միջի այլոց, գեղեցիկ կին էր տիկին Ռութը։ Ամիսներով, յուրովի, զուսպ հետամտում էր Էռմեին։ Բնակվում էր հարևան առանձնատանը, անգլիացի ամուսնու հետ, որն առայժմ տիկին Էռմեի պես ճանապարհի վրա էր։ Մի ամսից ի վեր, շաբաթը երկու անգամ գալիս էր այստեղ և զգացվում էր, որ կիրթ է, խուսափում էր Էռմեի հետ «դու»֊ով խոսել և անունով կանչել։
— Քաղցա՞ծ եք։
Նա խնամում էր Էռմեին, կարծես իր ամուսինը լիներ։ Էռմեի համար ճաշ էր պատրաստում իրենց խոհանոցում և բերում, եթե նույնիսկ գիշերը նրա հետ անցկացնելիս չլիներ։
— Հենց նոր ճաշեցի,— պատասխանեց Էռմեն,— բայց մի բաժակ կխմեմ…— Նա սեղանը գցել էր։ Նստեցին։ Մինչ կինը կվերջացներ պահածոյի մնացորդը, Էռմեն մի բաժակ գինի խմեց։ Կիրթ շարժուձևով էր ուտում, միսը բաժանում էր կտորների և պատառաքաղով երկու կտոր էր միանգամից վերցնում։ Էռմեն, արմունկները սեղանին դրած, լուռ նստել էր։ Դրսում, հավանաբար, անձրև էր գալիս։
— Հոգնա՞ծ եք բժիշկ։
Ոչ, բայց Էռմեն անհամբեր սպասում էր նրա գնալուն, որպեսզի լողանար, հետո ռադիոընդունիչի մոտ, հատակի վրա, բարձին կիսով չափ թիկն տված թերթ կարդար։ Ժամը քանիսը կլիներ։ Ժամը ո՞ւթը։ Ի՞նը։ Կնոջ համար ոչ մի նշանակություն չուներ։ Վերջապես վեր կացան։ Կինը ուզեց սեղանը հավաքել։ Նա չթողեց, ասելով, որ վաղը առավոտ կանուխ աղախինը պիտի գա։ Էռմեն հույս ուներ այդ ձևով ժամանակ շահել։
— Երաժշտություն ուզո՞ւմ եք լսել։
Այո, և ոչ, բոլոր դեպքերում ոչ նրա ընկերակցությամբ։ Երեկոներ կան, երբ մարդ եսասեր է դառնում։ Ամբողջ օրը մտածելով հիվանդների մասին, Էռմեն առանձնանալու կարիք էր զգում։ Ռութը միացրեց ընդունիչը, պտտեց կոճակը։
— Թեթև՞ երաժշտություն, թե՞ դասական։
Ռութը նախաձեռնություն վերցնել չգիտեր։ Էռմեն նայում էր նրան ու մտածում՝ արդյոք հեգնո՞ւմ է իրեն, թե՞ ոչ։ Տիկին Ռութը, հոնքերով հարցական նշան արած, սպասեց նրա պատասխանին։ Այս երեկո լույսը ոչ մի հմայք չէր տալիս նրան։ Էռմեն որոշեց այլևս չհանդիպել նրան։ Միայն մեկ գիշեր կարող էր հանդուրժել նրան, վերջին գիշերը։
— Դասական,— ասաց նա։
Սկսեց փնտրել, ալիքը փոխեց, վերջապես գտավ։
— Սա ձեզ դո՞ւր է գալիս։
Մոցարտի սոնատն էր։
— Շատ լավ է,— պատասխանեց նա։
Տեղավորվեց բազկաթոռում, ձեռք չտվեց թերթերին։ Հետաձգում էր այդ հաճույքը։ Սիգարեթ վառեց և անհետացավ ծխի էկրանի ետևը։ Տիկին Ռութը հազաց, հետո ներողության խնդրեց։ Նա շարունակում էր կարդալ գիրքը, տեղ֊տեղ կտրատելով էջերը։ Էռմեն վեր կացավ։ Այլևս չէր կարողանում նստել։ Այդ պահին ափսոսաց, որ կինը բացակա է. նա գոնե հանգիստ էր թողնում իրեն։ Կնոջ հետ կարող էր ժամերով մնալ՝ առանց խոսք փոխանակելու։ Էռմեն այնպես էր վարժեցրել կնոջը, որ նույնիսկ, եթե կինը կողքին լիներ, իր ներկայությանը զգացնել չէր տալիս։ Նա կարծես կահույքի մի մասը լիներ։ Այնինչ սրա ներկայությամբ նեղվում էր։ Դեռ բարեբախտություն էր, որ կարողանում էր առանց անգլիական առոգանության ֆրանսերեն խոսել։
— Վա՞տ եք զգում, բժիշկ։
Ռութը գիրքը թիկնաթոռի թևին դրեց և նայեց ետ ու առաջ անող Էռմեին։
Էռմեն կանգ առավ.
— Հոգնած եմ, հասկանո՞ւմ եք…
Ուրիշ բան չասաց, առանց հաճույքի մի նոր սիգարեթ վառեց։
— Կուզե՞ք ընդունիչի ձայնը իջեցնեմ։
Առանց պատասխանի սպասելու, Ռութը վեր կացավ, պտտեց կոճակը.
— Այսպես լա՞վ է։
Էռմեն չպատասխանեց, մի հայացք ձգեց գրքին։ Վստահ էր, որ տիկին Ռութը կարդում էր մի վիրաբույժի խոստովանություններն անգլերեն։ Գուցե Ռութը հարցեր տար։ Նրա ուշադրությունը շեղեց ուրիշ բանի վրա։
— Այս շաբաթ կինո գնացի՞ք։
Նա երազում էր։ Էռմեն կրկնեց իր հարցը։
— Պատկերացրեք, որ ինձ թույլ տվեցի եգիպտական ֆիլմ նայել։ Դուք տեսե՞լ եք։
— Ոչ։
Հինգ րոպե էր, ինչ ռադիոընդունիչը լռել էր։ Լսվում էր անձրևի ձայնը։ Սիգարեթի ծուխը ձգվում էր վեր, հալվում օդում։ Տիկին Ռութը վերջապես վճռեց։ Նա վեր կացավ, նշան արեց գրքի էջի վրա։
— Կարծում եմ, որ ուշ է։ Ժամը քանի՞սն է։
— Տասն անց քսան րոպե։
Բավական էր մի բառ, որպեսզի կինը չգնար։
— Շաբաթվա մեջ ձեզ իմաց կտամ։
Մի դժգույն ժպիտ փայլեց տիկին Ռութի դեմքին։ Նա ուսերին գցեց վերարկուն, մի պահ վարանեց, հետո.
— Բարի՛ գիշեր, բժիշկ։
Նա անհետացավ ծառուղում։ Էռմեն դուռը փակեց։ Հանգցրեց մեծ ջահը, վառեց ջեռուցման մարտկոցի մոտ դրված լամպը, մի գավաթ ջին լցրեց, հետո գնաց լոգանք ընդունելու։
Դրսում ջրորդաններից անձրևի խոշոր կաթիլներ էին թափվում։
Կյուրին ուզում էր անկողին մտնել, երբ դռան առջև մի անծանոթ մեքենա դռդռոցով կանգ առավ։ Նա ետ տարավ պատուհանի վարագույրը, դեմքը հպեց ապակուն։ Խավարով ծրարված մեքենայի ձևը չջոկեց։ Հետո վերը տեղադրված թարթող լուսարձակներից գլխի ընկավ, որ հին «Ֆորդ» է։ Նա սպասեց։ Մի րոպե անցավ։ Վերջապես, մի մարդ իջավ և, դռնակը չփակելով, ուղղվեց տան կողմը։ Գլխին անձրևանոց էր գցել և նմանվել ֆիլմերում փոթորկի մեջ ընկած նավաստու։ Նա դուռը կամաց թակեց։ Կյուրին մի պահ վարանեց, ապա դուռը բացեց։ Նրան թվաց, թե վթարի գործ է, և եկել են օգնություն խնդրելու։ Մարդը մնաց շեմին։
— Ներեցեք, որ անհանգստացնում եմ ձեզ։
Ֆրանսերեն էր խոսում, համարյա առանց առոգանության։ Արդյոք նրա հագուստների՞ց էր, ուռած անջրանցիկի՞ց, թե՞ շուրջը և դեմքին խաղացող ստվերներից, բայց Կյուրիին թվաց, որ գործ ունի ուժեղ և թիկնեղ մարդու հետ։ Չնայած կիրթ ձայնին, Կյուրին խոհեմ համարեց ներս չհրավիրել նրան։ Մարդը շարունակեց.
— Ասացին, որ այստեղ կարող եմ բժիշկ գտնել։
Կյուրին հենվեց աթոռի թիկնակին։
— Բժիշկ Էռմեն ապրում է կողքի տանը,— ասաց նա,— բայց հիմա ուշ է։ Այս ժամին չի կարելի նրան անհանգստացնել։ Եթե միայն…
Նա ինքն իրեն ընդհատեց, հարցրեց.
— Ձե՞զ համար է։
Ինչ֊որ մութ բան կար։ Օգնություն խնդրելու համար մեքենայով արվարձան չեն գնա, երբ քաղաքում բազմաթիվ բժիշկներ կան։ Եթե շտապ օգնություն է պետք, ապա Սեն֊Շառլ հիվանդանոցը բաց է ամբողջ գիշեր։
— Կնոջս համար է,— պատասխանեց մարդը,— նա լավ չի զգում։
Մարդը նկատեց, որ մոռացել է մեքենայի դուռը փակել։
— Կներեք,— ասաց նա։
Աներևակայելի արագությամբ գնաց մեքենայի դուռը փակեց, հետո մի քիչ շնչասպառ, եկավ, իր տեղը բռնեց դռան մեջ։
— Ի՞նչ է պատահել ձեր կնոջը։
Կյուրին շատ էր սիրում բժշկությամբ զբաղվել։ Ժամանակին նշագեղձերի վիրահատման էր ենթարկվել և հիմա ազատ ժամերին կարդում էր ձեռքն ընկած բժշկական բոլոր հանդեսները։
Մարդը վարանեց, հետո, կարծես ափսոսանքով, ասաց.
— Փորն է ցավում։
Կյուրիի մասնագիտությունը կոկորդն էր, բայց կարևոր դեպքերում ընդարձակում էր իր գիտելիքների դաշտը։
— Իսկ ճշգրիտ ո՞ր կողմն է ցավում։ Ձա՞խը, թե՞ աջը։
Մարդը մտածեց.
— Գնամ իրեն հարցնեմ։
Բայց մինչ կվերադառնար մեքենան, ավելացրեց.
— Խնդրում եմ բժշկին հայտնեք։
Կյուրին նախընտրեց սպասել նրա վերադարձին։ Այդ ժամերին նա բժշկին երբեք չէր անհանգստացնում։
Այս անգամ, ներս թափվող անձրևի պատճառով, մարդուն հրավիրեց ներս և խնդրեց դուռը փակել։ Վերջինս մտավ։ Անձրևանոցը պահել էր գլխին։ Լույսի տակ Կյուրին մի լավ զննեց նրան։ Միջահասակ էր, առանց գոտիի շալվար էր հագել։ Սա առաջին մանրամասնությունն էր, որ զարմացրեց Կյուրիին։ Նկատեց նաև, որ գեր էր և կլոր, լայն ճակատ ունի, խիտ հոնքեր, փոքրիկ ականջներ և խոր, կարծես հեռուն նայող շագանակագույն աչքեր։ Օձիքը անձրևից ու քրտինքից թրջվել էր։ Բաճկոն չէր հագել, բայց ձեռքին փայլուն խավով ռատինե վերարկու կար։
— Հետո՞,— հարցրեց Կյուրին։
Մարդը նույն ձայնով պատասխանեց.
— Ավելի լավ կլիներ, եթե բժշկին իմաց տայիք։
— Դուք վստա՞հ եք, որ լուրջ բան է։ Ես չեմ կարող բժշկին դատարկ տեղը անհանգստացնել։ Նա արդեն բավականին հոգնել է հիվանդանոցի հիվանդներից։
— Խնդրում եմ։
— Լավ, կփորձեմ։
Մի վերջին վարանում.
— Սեն֊Շառլ հիվանդանոցը գիտեիք։ Քսան րոպեի ճամփա է այստեղից…
— Տրիպոլիից չենք գալիս,— պատասխանեց մարդը։— Ճամփի վրա ենք…
Նա ուզեց մի բան էլ ավելացնել, բայց լռեց։
Կյուրին համարը հավաքեց։ Մի րոպե անց հեռախոսը կռնչաց.
— Ես եմ, բժիշկ, Կյուրին։ Կներեք անհանգստացնելուս համար, բայց…
Մարդը չէր լսում։ Նա անհաղորդ դեմք ուներ։ Անձրևի կաթիլները փայլուն հետքեր թողնելով, հոսում էին անձրևանոցի վրայով։ Մի մաքուր թաշկինակ էր դուրս ցցվել գրպանից։ Դաստակին ոսկյա մեծ ժամացույց էր փայլում։ Կոշիկները այնքան էլ նոր չէին։
— Ես էլ այդպես ասացի, բժիշկ…
Անհնար էր նրա ճշգրիտ տարիքը որոշել։ Օրինակ, երբ աջ ձեռքի կարճ և հաստ մատները շարժելով խոսում էր, երիտասարդ է երևում։ Իսկ երբ անշարժ էր՝ տասնհինգ տարով մեծանում էր։
— Կարծես փորն է ցավում…
Ծխախոտի վատ հանգցրած մի կրճոն քիթ ծակող հոտ էր արձակում։ Մյուս կրճոնները հավաքված էին սեղանի անկյունում։ Կյուրին դրանցով ծխամորճն էր լցնում։ Մի թույլ լույս էր մարմրում հարևան սենյակում, որը դռնապանի սենյակից բաժանված էր ապակեպատ դռանը քաշած ասեղնագործ վարագույրով։ Հին ռադիոընդունիչի վրա դրված էր համազգեստ հագած մի մարդու լուսանկար։
— Ցերեկը ի՞նչ եք կերել։
Մարդը կարծես չհասկացավ։ Երևի մտածեց, թե Կյուրին շարունակում է բժշկի հետ խոսել։ Կյուրին, համբերությունը մի փոքր հատած, բառերը մեկ֊մեկ արտասանելով, կրկնեց.
— Բժիշկը հարցնում է, թե ձեր կինը ի՞նչ է կերել։
Չէր հիշում։ Մտածեց։ Դդումի միջուկ և գառան միս։ Ո՛չ, դա երեկ չէ մյուս օրն էր…
— Նա չի հիշում, բժիշկ։
Ո՛չ, ո՛չ, հիշում է։ Բարեկամների մոտ են ճաշել, բրնձով ճուտ։ Կինը հազիվ մի կտոր կերած լինի։ Նա քաղցած չէր։ Շատ ուշ էր։ Կյուրին հեռախոսափողը կախում է։
— Բժիշկը հանձնարարում է խմորի սոդա և տաք պահել։
Մարդը շվարել է.
— Նա չի՞ ուզում ընդունել։
— Կեսգիշեր է, իսկ մինչև հիվանդանոց այստեղից քսան րոպեի ճամփա է։ Եվ հետո բժիշկ Էռմեն ստամոքսով չի զբաղվում։ Նա թոքերի մասնագետ է։
Եվ Կյուրին անհամբեր կուրծքն է ծեծում, փոշմանելով, որ անհանգստացրել է Էռմեին։ Մյուսը չի շարժվում։ Նա նայում է պատին կիպ դրված բազմոցին և սպիտակ երեսներ հագցրած ասեղնագործ բարձերին։
— Եթե ինձ չեք հավատում, ինքներդ զանգ տվեք։
Նա կարծես ավելի է շվարում, հետո միանգամից որոշում է։ Դուռը բացում է և դուրս գնում։ Կյուրին թոթվում է ուսերը և, «Ֆորդի» հեռանալուց հետո, լույսը մարում։
Առավոտյան ժամը ինն է։ Մաքուր սափրված, նախաճաշը արագ կուլ տալով, Էռմեն դուրս եկավ։ Մյուս առանձնատները՝ անձրևից լվացված փայլում էին։ Տիկին Ռութի պատուհանի առջև մի զույգ գուլպա էր ծածանվում առավոտյան սյուքից։ Աշնան խոնավացած տերևները թրջվում էին Էռմեի մաքուր կոշիկների տակ։ Նա հասավ գարաժ, մեքենան հանեց։ Բաց դարպասի մոտ Կյուրին սպասում էր նրան։
— Բժիշկ, ներողություն եմ խնդրում երեկ երեկոյան ձեզ խանգարելու համար։ Հուսամ, որ արթուն էիք։
Էռմեն մի ժխտական շարժում արեց և ճամփա ընկավ։ Խճուղու կողքերին ցեխ էր նստել։ Գյուղացիները բրերի հարվածներով, ցեխոտ կովերի նախիրը տանում էին քաղաք։ Էռմեն ազդանշան տվեց և մի ընդհանուր բառաչյուն արձագանքեց։ Նա դանդաղեցրեց ընթացքը և, վերջապես, ելք գտավ։ Հինգ հարյուր մետր հեռու, նույն տեսարանը կրկնվեց, այս անգամ ոչխարների հետ։ Վերջապես, ճանապարհի շրջադարձին, այնտեղ, ուր աղբյուր էր հոսում, մի կանաչ մեքենա գրավեց նրա ուշադրությունը։ Հին «Ֆորդ» էր, անիվների վրա բարձրադիր, ետևից կուզ, 1935թ. մոդել։ Մեքենան մինչև անիվների կեսը խրվել էր ցեխի մեջ։ Էռմեն ընթացքը դանդաղեցրեց, զննեց մեքենան, հետո սլացավ դեպի Տրիպոլի։
Քաղաքներ կան, որ հպարտանում են իրենց պատմական հուշարձաններով և դրանով տուրիստներ գրավում։ Տրիպոլին հպարտանում էր իր հիվանդանոցով և գրավում Միջին Արևելքի բոլոր մեծահարուստ հիվանդներին։ Ստամոքսի, թոքերի և քաղցկեղով հիվանդները գալիս են այդտեղ բուժվելու։ Էռմեի նման մասնագետները՝ պետությունից առատորեն վարձատրվելով, երեք տարվա պայմանագրով գալիս են աշխատելու։ Տրիպոլին ուրախ քաղաք չէ։ Այնտեղ բնակվող եվրոպացիների միակ զվարճալիքը կինոն է։ Գեղատեսիլ մասը. Տրիպոլին ունի Արևելքի ամենանեղ փողոցներով շուկան։
Էռմեն մեքենան կանգնեցրեց առանձնատներից մեկի առջև։ Պայուսակը ձեռքին զանգ տվեց։ Մի սպասավոր, երկու հսկայական շների ուղեկցությամբ, դուռը բացեց և Էռմեին առաջնորդեց հյուրասրահ, որտեղ Զորդիների ընտանիքը սպասում էր նրան։ Զորդիները քաղաքի ամենահարուստ և ամենահիվանդ մարդիկ էին։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամը, տարբեր ժամանակաշրջանում, որևէ երևակայական հիվանդությամբ էր տառապում։ Նոյեմբերը վերապահված էր մայր Զորդիին։ Ծայրաստիճան ազնիվ, փոկի նման փափուկ, ճարպոտ և հաստափոր մի կին։ Նա բարկացկոտ տրտունջով ընդունեց Էռմեին.
— Դուք մեզ լքել եք, բժիշկ։ Մենք անցյալ շաբաթ էինք սպասում ձեզ։ Այդպես չէ՞, Էմիլ։
Էմիլը՝ ամուսինը, հաստատեց։ Նա իր կնոջով երբեք չէր հետաքրքրվում։ Տարին մեկ անգամ, Ամանորին, համբուրում էր նրա զույգ այտերը, վերակենդանանում էր անցյալը և մի պահ սիրտ հուզում։ Մնացած ժամանակ տարված էր իր սիրած զբաղմունքով, որ տարին մեկ փոխում էր։
Մայր Զորդին փոխեց խոսակցության տոնը.
— Բայց այս երեկո, բժիշկ, ձեզ ճաշի կպահենք։ Մենք կօգտվենք տիկին Էռմեի բացակայությունից։
Էռմեն, հակառակ իր ցանկության, համաձայնեց, որպեսզի վերջ տա տիկին Զորդիի նվնվոցներին։ Վերջինս տղաներից մեկի օգնությամբ վեր կացավ և գնաց իր սենյակը։ Էռմեն հետևեց նրան։ Այդ օրերին մայր Զորդիի ամեն տեղը ցավում էր։ Փորացավ ուներ, վատ էր մարսում, սրտի ուժեղ բախոց, ծանրություն էր զգում ձախ թիակի տակ և երկու օրից ի վեր ստամոքսի պնդություն ուներ։ Ի՞նչ պետք է անել։ Էռմեն քննեց նրան և ձևի համար մի դեղատոմս գրեց։ Հիվանդանոցում ավելի ծանր հիվանդներ էին սպասում։
— Ամբողջ շաբաթվա համա՞ր է սա, բժիշկ։
Նա պայուսակը դրեց մեքենայի մեջ, ուղղվեց դեպի հիվանդանոց։ Որոշված է. այդ երեկո Զորդիների մոտ ճաշելու չի գնա։ Կզանգահարի, ներողություն կխնդրի։
Լավ տրամադրությամբ տեղ հասավ, մեքենան տեղավորեց փյունիկյան արմավենու տակ, աշխուժորեն բարձրացավ սանդուղքով։ Նախասրահում դեմ առ դեմ հանդիպեց ավագ հիվանդապահուհուն։
— Մենք սպասում ենք ձեզ, բժիշկ։ Ամեն ինչ պատրաստ է վիրահատության համար։
— Ինչպե՞ս է երեկ իրիկվա հիվանդը։
Սովորույթ։ Ամեն օրվա խոսքեր։ Նույն հարցերը։ Տեսակցության ժամին նախասրահում սպասող հարազատները, առանց որևէ խոսք հանդգնելու, որպես տարօրինակ կենդանու քննում են Էռմեին։
— Բժիշկ Խալեդը ձեզ սպասում է սրահում։ Կարծում եմ, որ ուզում է վիրահատության մասնակցել։
Էռմեն մի դուռ հրեց, բարձրացավ աստիճաններով, ծխախոտ վառեց, ծուխը երկար ներս քաշեց։ Այդտեղ նա իրեն զգում էր ինչպես տանը, իր տերության մեջ։ Կարող էր ամեն ինչ իրեն թույլ տալ։ Նա կերպարանափոխվում էր։ Նրա շարժումները դառնում էին չոր, կտրուկ։ Այստեղ երկչոտության հասցնող այն աննշան վարանումը չէր զգում։ Անգամ ձայնի շեշտը փոխվում էր, դառնում էր վճռական։ Միջանցքում, իր սենյակի դուռը բացելիս, մի ուսանող տեսավ, որը իրիկվանից հերթապահել էր։
— Երեկ գիշեր հիվանդ ընդունե՞լ եք։
— Գիշերվա ժամը երեքին մի կին ներկայացավ։ Նրան անմիջապես պառկեցրին։
Էռմեն ուզում էր հիվանդության պատճառը հարցնել, բայց մտադրությունը փոխեց.
— Նա մենա՞կ եկավ։
— Ամուսնու ուղեկցությամբ։
— Ծա՞նր էր։
— Արտաարգանդային հղիություն՝ վիժած։ Ստիպված եղանք կանչել բժիշկ Մատիկին…
— Հետո՞,— ընդհատեց Էռմեն։
— Ժամը յոթին մահացավ։ Ուշացրել էին։
Լռություն տիրեց։ Գործից արդեն զզված ուսանողը դուրս եկավ։ Էռմեն արտակարգ դեպքերի սենյակը գնաց։ Դռան առջև մի փոքր վարանեց, հետո պտտեց բռնակը։ Մահճակալի վրա, սպիտակ սավանով փաթաթված, մի մարդաձև բան կար։ Արյունոտ զգեստները շպրտել էին մի կողմ։ Սեղանի տակ, մի զույգ ցեխակոլոլ կոշիկ նկատեց։ Կարմիր, թանձր ցեխը, որ լքված մեքենայի մոտ հոսող աղբյուրի շուրջն էր տեսել։
Երբ Էռմեն ներս մտավ, տիկին Շամպենը հաճախորդի էր սպասարկում։ Երկար ժամանակից ի վեր, գրեթե ոչ մի անգամ, բժիշկը երկու օր իրար վրա «Ռուբիում» չէր ճաշել։ Բայց այդ երեկո անորոշություն էր զգում հոգում, ինչպես իր առաջին վիրահատության օրը, որն անհաջող անցավ։ Նախորդ օրվա պես նստեց մարտկոցի մոտ, սկսեց թերթ նայել։ Նա սուզվեց մի հոդվածի ընթերցման մեջ, հետո, մի րոպե անց, երբ ուզեց էջը թերթել, նկատեց, որ սյունակը շփոթել է։ Նա ուրիշ հոդվածի վերջն էր կարդացել։ Ընդհատված տեղից սկսեց կարդալ և նկատեց, որ այդ բոլորը արդեն կարդացել է մեքենայի մեջ։ Կատուն մռմռում էր նրա կողքին։ Մատուցողը ստուգում էր շշերը և արձանագրում։ Դեռ «Ռուբիի» մտերմիկ պահն էր։ Քիչ հետո բոլոր հաճախորդները միանգամից կգային։ Տիկին Շամպենը իր թղթերի վրա հաշիվը կգրի, մինչդեռ մատուցողը կսահի սեղանների արանքում։
— Մարտինի՞, բժիշկ։
Տիկին Շամպենը ուրիշներից չէր հարցնում, թե ինչ են ուզում խմել։ Էռմեին նա մարտինի էր միշտ առաջարկում։ Ինչո՞ւ։ Ինքն էլ չգիտեր։ Գուցե այն պատճառով, որ նա բժիշկ էր, գուցե և հույս ուներ մարտինիին սովորեցնելով՝ մշտական հաճախորդ դարձնել։ Էռմեն համաձայնեց։ Նա պատվիրեց նախորդ օրվա ճաշից, և երբ, կես ժամ հետո, նախկին վիրահատյալը նույն կնոջ հետ մտավ և, առանց թույլտվություն խնդրելու, տեղ բռնեց նրա մոտ, Էռմեին թվաց, թե նախորդ օրվա երեկոն շարունակվում է։ Նույն զգացումը ունեցավ նաև մեքենա նստելիս։ Հանկարծ նկատեց, որ մտածում է վաղն առավոտյան Զորդիների մոտ գնալու մասին։ Ապակիները իջեցրեց և դանդաղեցրեց ընթացքը։ Մի չոր քամի դաղում էր դեմքը, ստիպելով կկոցել աչքերը։ Լուսարձակները կիլոմետրերով ձիթենիներ և տարտամ տարածություններ էին լափում։ Շարժիչն անաղմուկ աշխատում էր։ Խճուղու վրա անիվների ձայնն էր լսվում։ Հանկարծ ճանապարհադարձին խավարի միջից մի մեքենա երևաց՝ աղբյուրի մոտ, ցեխի մեջ խրված։ Լուսարձակները հանդիպեցին իրար, և Էռմեին թվաց, թե մյուս մեքենան աջից գալիս է իր վրա։ Դա պարզապես լույսերի խաղ էր, բայց Էռմեին ստիպեց լարվել։ Հին «Ֆորդը» նույն տեղում էր։ Էռմեն ստարտերը սեղմեց, և տասը րոպե հետո Կյուրիի սիլուետը երևաց դռան առջև։ Էռմեն ուզում էր մի քանի հարց տալ նրան։ Վերցրեց թերթերը։
— Բժիշկ, դրոշմանիշերը ինձ կպահե՞ք։
Էռմեն զննեց դրոշմանիշերը, հետո անտարբեր ձայնով հարցրեց.
— Երեկ գիշերվա զույգին ճանաչո՞ւմ եք։
Կյուրին, որ, հավանաբար, հանդիմանանք էր սպասում, բերանից հանեց հանգած ծխամորճը։
— Այն մա՜րդը, որ կեսգիշերին ուզում էր ձեզ տեսնել։ Ոչ, ես նրան առաջին անգամ երեկ գիշեր տեսա։
— Իսկ կի՞նը։
— Նա մեքենայի մեջ էր։ Ես նրան չտեսա։
— Իսկապես, ինչի՞ց էր բողոքում։
Կյուրին մի անտարբեր շարժում արեց.
— Ամուսինն ասում էր, որ փորն է ցավում։ Ես նույնիսկ չգիտեի, որ նա ամուսինն է։
Նա ծխամորճը թափ տվեց, մռայլ շեշտով ավելացրեց.
— Այդ մարդկանց հետ չգիտես ինչպես վարվես։ Նրանք բոլորի պես չարացած են։ Հիվանդ են ձևանում, որպեսզի տունդ մտնեն և հանգիստ թալանեն։ Նախ և առաջ, այդ ժամին մարդու չեն անհանգստացնի։ Քանի որ մեքենա ունի, կարող է Տրիպոլի գնալ, ահա թե ինչ պատասխանեցի նրան։
Էռմեն վզնոցը շտկեց և սկսեց գրպանում տան բանալին որոնել։
— Ի՞նչ գույնի էր մեքենան։
Կյուրին մտածեց.
— Կարծեմ, կանաչ։ Հին մեքենա էր։
Արդյոք պե՞տք է ճշմարտությունը նրան ասել։ Ինչո՞ւ ոչ. այսքանից հետո…
— Կինը այս առավոտ մահացել է հիվանդանոցում,— հանկարծ ասաց Էռմեն։
Հետո կտրուկ ավելացրեց.
— Բժիշկ Մատիկն է վիրահատել։
Լռություն տիրեց։ Հետո Կյուրին թոթվեց ուսերը։
— Կյա՜նք է, էլի,— ասաց նա։— Ոչ դուք եք մեղավոր, ոչ էլ՝ ես։
Իհարկե, ոչ ոք մեղավոր չէր, որ կինը մահացել էր ներքին արյունահոսությունից։ Բայց առավոտվանից Էռմեի ուղեղում պտտվող անորոշ միտքը ճշտվեց։ Եթե այն երեկո համաձայներ ընդունել, անմիջապես կհայտնաբերեր բարորակ ձևով երևան եկած հիվանդությունը։ Բայց ժամանակ կունենա՞ր արդյոք նրան փրկելու։
Մյուս օրն առավոտյան կանաչ մեքենան նույն տեղում էր։ Աղբյուրի ջուրը բարակ ակոսներ էր բացել ցեխի մեջ և հին «Ֆորդը» ավելի էր խրվել։ Ցեխի ցայլքերը չորացել էին դռների վրա։ Ապակիներից մեկը ճեղքվել էր և ուր որ է պիտի կոտրվեր։ Շրջապատում վրան խփած քոչվորների երեխաները հարմար պահի էին սպասում, որ մագլցեն մեքենայի տանիքը։ Անհանգիստ գիշերից հետո Էռմեն սովորականից ավելի ուշ եկավ հիվանդանոց։ Ոչ մի վիրահատություն չէր նախատեսված, այցելությունների օր էր։ Նախասրահում մի քանի հոգու թեթևակի ճանաչեց, սնոբներ, քիչ թե շատ երևակայական հիվանդներ՝ հարուստ կամ բարեկեցիկ, որոնք փափագում էին Եվրոպայից եկած բոլոր բժիշկներից խորհուրդ հարցնել։ Տիկին Շամպենը՝ սև հագած, մազերը ագուցած, դաստակին մի ոսկյա ժամացույց, նայեց նրան։ Ձեռնոցապատ մատների մեջ սիգարեթի մի կտոր էր վառվում։ Էռմեն հազիվ մի հայացք նետեց նրան։
— Հիմա կընդունեմ ձեզ։
Նա բարձրացավ, հարցրեց գլխավոր բուժքրոջը, որ հինգ րոպե հետո եկավ։
— Բժիշկ Մատիկը այստե՞ղ է։
Նա գիտեր, որ բժիշկ Մատիկը ամեն ուրբաթ գնում է Բեյրութ։
— Ոչ, բժիշկ, նա բացակա է։
Բաճկոնը հանեց, սպիտակ խալաթը հագավ։ Առանց շտապելու որոշեց իր անելիքը։
— Առաջին մարդուն ներս թողեք։
Դուրս գալու պահին բուժքրոջը հարցրեց.
— Երեկ առավոտ մեռած կնոջ մարմինը որևէ մեկը չի՞ ուզել։
— Այո բժիշկ, ամուսինը երեկ գիշեր ներկայացավ։
— Լավ…
Բուժքույրը դուրս եկավ։ Նա մի քանի վայրկյան մենակ մնաց, սենյակում ետ ու առաջ քայլեց։ Տրամադրությունը վատ էր։ Նա ավելի ջղայնացավ, երբ բուժքրոջ ուղեկցությամբ ներս մտնող մարդուն ճանաչեց. հրապարակի հարուստ վաճառականներից էր՝ հաստափոր, մենամոլ, բարձր խոսող և սնապարծ մի մարդ։ Մի ժամանակ նրան բուժել էր, թոքատապ ուներ։
— Լսում եմ ձեզ։
— Թույլ կտա՞ք, բժիշկ։
Նա խրվեց բազկաթոռի մեջ, վզնոցը հանեց և բացեց վերարկուի կոճակները։ Այտերը շառագունել էին։ Իսկական ապտակելու ռեխ։
— Մի շաբաթ է անդադար հազում եմ, բժիշկ։ Փորձեցի…
Էռմեն այլևս չէր լսում։ Երբ նա շաբաթվա ընթացքում կուլ տված դեղերը սկսեց թվել, Էռմեն հարցրեց.
— Կարծում եք, որ լո՞ւրջ է։
Եվ, առանց պատասխան սպասելու, ասաց.
— Գուցե անհրաժեշտ է ռադիոսկոպով ստուգել։
Թոքատապի պատճառով իրեն թոքախտավոր էր կարծում։ Էռմեն խնդրեց, որ հանվի և սկսեց քննել։
— Բժիշկ, այդտեղ, երբ սեղմում եք, ցավում է։
— Իսկ երբ չեմ սեղմո՞ւմ։
Էռմեն իր ասպարեզում բազմաթիվ առիթներ էր ունեցել սրամտելու, բայց միշտ ձեռնպահ էր մնացել։ Իսկ այսօր…
— Իսկ երբ չեմ սեղմո՞ւմ։
Մյուսը հեգնանքն ընդունեց որպես հոգածության նշան։ Սկսեց ավելի շատ բողոքել։ Քննելուց հետո Էռմեի մատներին ճարպի մի բարակ շերտ էր նստել։ Նա լվաց ձեռքերը։
— Հը՞, բժիշկ։
— Ոչինչ։ Ռադիոսկոպից հետո կխոսենք։
Էռմեն ուզում էր կարճ կապել սրա հետ, ներքևում սպասողների հետ։ Նա բուժքրոջը խնդրեց մյուս այցելուին ներս բերել։ Տիկին Շամպենի հերթն էր։ Նա անխոս մտավ, ձեռնոցները հանեց։
— Բժիշկ…
Էռմեն, սովորաբար կեսօրին, մյուս բժիշկների հետ ճաշում էր հիվանդանոցում, բայց այդ օրը որոշեց գնալ քաղաքի ռեստորաններից մեկը և մենակ ճաշել։ Նա անձրևանոցը գցեց մեքենայի մեջ և քայլեց։ Քսան րոպեի չափ պետք է քայլեր։ Քմայքոտ արևից մոռացված ջրափոսերը ցրվել էին տրամվայի ռելսերի միջև, փողոցի երկարությամբ։ Աշնան սմքած և չորացած տերևները ճթճթում էին վերջին ձմերուկներով բարձած սայլի մետաղե անիվների տակ, որը մի վաճառորդ հրում էր դեպի քաղաք։ Կենտրոնում կարմրին տվող կիսված ձմերուկի մեջ մի դանակ էր խրել։ Նարնջենիների բուրմունք էր օդի մեջ։ Ժամացույցի հրապարակ, քաղաքի մայր երակը։ Գունատ արևը քսվում էր մայթին՝ բոլոր փերեզակներին քաշում կոմիսարիատի շենքը. սև, քառակուսի, հին շենք, բարձր ձեղունով, վանդակապատ պատուհաններով, որոնց ետևից ժամանակ առ ժամանակ երևում էր ետ ու առաջ քայլող կալանավորի սափրած գլուխը։
Էռմեն կտրեց փողոցը, մի քիչ զբոսնեց աննպատակ, մի պահ ֆիլմի ազդի առջև կանգնեց և գնաց մի փոքրիկ ռեստորանում նստելու։ Հունական ամբողջ գաղութը գտնվում էր այդտեղ։ Նրանք մի սեղանից մյուսը խոսում էին իրար հետ և մինչև պռունկը լցրած բաժակներով կենաց խփում։ Ճաշարանատերը ամբողջ ընտանիքի օգնությամբ սպասարկում էր։ Նրա գունատ աղջիկը, որ ժամանակ չէր ունեցել դպրոցական կարմրասև գոգնոցը հանելու, ստվարաթղթի կտորով կրակն էր բորբոքում։ Ճաշացուցակով զբաղված տիրուհին մի բարեհաճ ժպիտ ուղղեց Էռմեին։ Վերջինս խորոված պատվիրեց՝ հաստատության մասնագիտացված ճաշատեսակը։
Նա ցրված ճաշեց և, քանի որ օդը ծանրացել էր ծխից, որոշեց սուրճը ուրիշ տեղ խմել։ Բայց դուրս գալուն պես մտադրությանը փոխեց. մի տաքսի կանչեց և պատվիրեց հիվանդանոց քշել։
Բուժքույրերը դեռ ճաշում էին։ Մինչև նրանց դուրս գալը, սպասեց պարտեզին նայող միջանցքի պատուհանի առջև։ Ապաքինվող հիվանդները զբոսնում էին պարտեզում։
— Արդեն վերադարձե՞լ եք, բժիշկ։
Ավագ բուժքույրը ձեռքերն էր սրբում։ Խալաթի գրպանից մի ծոցատետր էր դուրս եկել։ Էռմեն հարցրեց.
— Ի՞նչ էր կնոջ անունը։ Երեկ գիշեր մահացած կինը ինչպե՞ս էր կոչվում։
Բուժքույրը մտածեց.
— Կարծես, տիկին Բորտակ։
— Ի՞նչ ազգությունից էր։
— Լիբանանցի։
— Երեկ գիշեր ամուսի՞նն էր եկել մարմինը տանելու։
— Այո, բժիշկ, մի կնոջ ուղեկցությամբ։
Ուրիշ ինչ կարող էր հարցնել։
— Ասացեք… Իր կնոջը վիրահատող բժշկին ուզե՞ց տեսնել։
— Ոչ, բժիշկ։ Ոչ մի խոսք չասաց։ Ես նույնիսկ չգիտեմ, ֆրանսերեն խոսո՞ւմ է, թե՞ ոչ։ Ի միջի այլոց, պետք էր տեսնել, թե կնոջը ինչ վիճակում բերեցին։ Փրկելու ոչ մի հույս չկար։
Երեկոյան տուն դառնալիս՝ Էռմեն նկատեց, որ աղբյուրի մոտ լքված մեքենայի անիվներից մեկը չկար։
Հորդ անձրևը կարծես չափչփում էր փողոցները, լպրծուն ցեխ սարքում և շպրտում մայթերի ու մեքենաների վրա։ Երեկոյան ժամը իննից Ժամացույցի հրապարակը նման էր լքված բեմի։ Կինոնկարի կարմիր ազդը թարթում էր փողոցի ծայրին։ Հանդիսատեսները շտապում էին նախասրահ, լուսանկարներ դիտում։ Սրահից մի նորահայտ պարեղանակ էր լսվում և ժամանակ առ ժամանակ, փութով մաքրված հատակից կծու, գաղջ հոտ էր գալիս։ Երբ Էռմեն հասավ, ֆիլմն սկսվել էր։ Տեղավորվելու համար մի ամբողջ շարք պետք է անհանգստացներ։ Նա հարմար նստեց, ըստ սովորության, մի հայացք գցեց աջ, հետո ձախ, բայց իրեն շրջապատող մարդկանց չկարողացավ ջոկել։ Ընդմիջումը չուշացավ։ Գեներատորի թույլ, հիվանդագին, սքողված լույսը դժվարությամբ ցրեց խավարը։ Ավելի ձանձրալի դարձավ, երբ կինոմեխանիկը մի ձայնապնակ դրեց։ Էլեկտրական լապտերները թարթում էին, և դահլիճն ավելի տխուր էր երևում։ Բոլոր հանդիսատեսները տաքանալու համար հավաքվել էին կենտրոնում, և երկու կարգի աթոռները լրիվ ազատ էին։ Էռմեն, որ միայնություն էր սիրում, տեղը չփոխեց, որպեսզի չնկատվի։ Հիվանդանոցի դարպասից դուրս նա դառնում էր երկչոտ, ինչպես ասում են՝ սուսուփուս մարդ։ Մշուշի մեջ է մտնում, ասում էին կոլեգաները։
— Բժիշկ Էռմե…
Նա դարձավ և թիկունքում տեսավ Զորդիների ամբողջ ընտանիքը։ Իր անունը տվողը՝ մայր Զորդին, ադի֊բուդիի ծրարը ձեռքին, բոլորին հրամցնում էր։ Հայր Զորդին լուռ էր, անտարբեր, կարծես հեռու էր ընտանեկան մթնոլորտից։
— Երեկ առավոտ տիկին Էռմեից բացիկ ստացանք։ Շատ գեղեցիկ քայլ էր նրա կողմից։ Գրում է, որ շուտով կվերադառնա։ Դուք գո՞հ եք։
Տիկին Զորդիի որդիները և երկու եղբայրները, որ նրա տանն էին բնակվում, դադարեցին ադի֊բուդի ուտել։ Մի ծեր մարդ, որը ձևացնում էր, թե թերթ է կարդում, աշխատում էր զրույցին հետևել։
— Ամսվա վերջին նա Տրիպոլիում կլինի,— պատասխանեց Էռմեն։
— Ինքնաթիռո՞վ է գալու։
— Այո, ինքնաթիռով։
Հետո ավելացրեց.
— Ավելի քիչ կհոգնի։
Վերջին նախադասությունը դուր եկավ տիկին Զորդիին։ Նա սիրում էր, երբ բժիշկները մարդկային բաներից էին խոսում, ցրտից ու տաքից, քնից ու հոգնածությունից։ Նա սիրում էր այն բժիշկներին, որոնք վերացնում էին բժշկի և հիվանդի միջև եղած պատնեշը։
— Ադի֊բուդի չե՞ք ուզում, բժիշկ։ Մարսողության համար լավ է։
— Ո՛չ, շնորհակալ եմ…
Բժիշկը սկսեց փնտրել ծխախոտի տուփը, բայց չգտավ։ Վեր կացավ, որ գնա ծխախոտ գնելու։ Նախասրահում աշխատողներից մեկը դանակով լուսանկարների կոճգամերն էր հանում։ Ֆիլմի վերջին օրն էր։
— Ծխախոտ ունե՞ք։
— Իրավունք չունենք վաճառելու, բայց դիմացի սրճարանում կարող եք ամերիկյան ծխախոտներ գնել։ Իսկ եթե փակ լինի, «Կարմիր աքաղաղում» անպայման կճարեք։
Անձրև էր դեռ գալիս, և դիմացը ոչ մի լույս չէր վառվում։ Նա գիտեր, որ կաբարեն մոտիկ փողոցներից մեկի վրա է, կինոթատրոնի ետևում։ Բայց այնտեղ գնալու համար տների մի ամբողջ շարք պիտի շրջանցեր։ Նա քայլեց պատի երկայնությամբ, ճիշտ ժամանակին խուսափեց մի ջրակույտից։ Վատ եղանակի պատճառով էլեկտրական հոսանքն անջատվել էր թաղում։ Փողոցը թվում էր անվերջանալի և անել։ Նա իր հետքերով վերադարձավ, թեքվեց ձախ, մտավ մի ուրիշ փողոց։ Բայց ոչ մի ցուցանակ չէր վառվում։ Մի քանի մետր էլ քայլեց և մայթի մոտ երկու մեքենա տեսավ։ Պետք է որ այդտեղ լիներ։ Լուցկի վառեց։ Խավարից դուրս թռավ «Կարմիր աքաղաղի» սպառնալից կատարով ցուցանակը։ Մոմի կամ նավթի ճրագի դողացնող լույսը երկարացրել էր կարմիր ապակիները։ Դուռը փակ էր։ Նա հրաժարվեց ծխախոտ առնելու մտքից։ Վերադարձին նրան թվաց, թե ինչ֊որ մեկը քայլում է հետևից։ Շրջվեց և ոչ ոքի չտեսավ։ Քայլերն արագացրեց։
Կինոթատրոնում, խավարի մեջ, իր տեղը նստեց։ Ֆիլմը սկսվել էր։ Թրջված, նեղված, անտարբեր դիտեց ժապավենը։ Դուրս գալիս՝ խուսափեց Զորդիներից և նետվեց դեպի մեքենան։ Առանց հապաղելու, տիկին Շամպենի մոտից սիգարեթ գնեց։ Նա այժմ շտապում էր վերադառնալ և ափսոսում էր, որ երեկոն կորցրեց։ Չէր կարող նույնիսկ տիկին Ռութին ձայն տալ, կեսգիշերից անց էր։ Աղբյուրի մոտ կանգնած մեքենայի երկու անիվն էր պակասում, իսկ դուռը քամու տակ ճռռում էր։ Չնայած քամուն, Էռմեն մեքենայից իջավ, որ դուռը փակի։ Չկարողացավ հրահանը վառելու և բոցը ներսում պտտեցնելու գայթակղությանը դիմադրել։ Նստարանների սև կաշին այնպես էր մաշվել, որ ետևի թիկնատեղից ծղոտի ծայրեր էին ցցվել։ Ղեկին ամրացված դեղնած տախտակի վրա երևում էին տիրոջ անունը և հասցեն։
:::<b>Է. ԲՈՐՏԱԿ,</b>
:::<b>Էլ֊Մինա փողոց (Տրիպոլի)</b>
===* * *===
Արդյոք վատ երա՞զ էր տեսել այդ գիշեր, թե՞ իրեն հետապնդող ստվերի խուլ ոտնաձայները լսել։ Բանն այն էր, որ հաջորդ առավոտ, հիվանդանոց գնալուց առաջ, Էռմեն որոշեց մտնել «Կարմիր աքաղաղ»։ Նա մեքենան հանեց գարաժից, շարժվեց դեպի Տրիպոլի։ Քառորդ ժամ հետո մեքենան կանգնեցրեց Ժամացույցի հրապարակում, զբոսայգու մոտ։ Եղանակը փոխվել էր։ Մի հաճելի, չոր քամի, բացվող արևի օգնությամբ, ջնջում էր անձրևի հետքերը։ Փերեզակները, սովորականի պես, հավաքվել էին կոմիսարիատի մոտ և արևի ճառագայթների հետ փոխում էին իրենց տեղը։ Էռմեն կինոթատրոն հասավ։ Ապակեպատ դռան միջով տեսավ երեկվա ծառայողին, որ խոսում էր սրահի կառավարչի հետ։ Կիսաբաց դռան առջև երկու ծանուցատախտակ կար։ Նա չկանգնեց, մի շտապ հայացք գցեց լուսանկարներին, ծխախոտ վառեց և քայլեց դեպի «Կարմիր աքաղաղ»։ Նախորդ օրը, խավարի մեջ շփոթել էր ճամփան։ Այս անգամ, քիչ մնաց նորից շփոթեր։ Չորսբոլորը տիրող եռուզեռից, փողոցն ավելի երկար էր թվում։ Բայց և այնպես, բազմաթիվ անգամ մեքենայով անցել էր այստեղից։ Անկյունում մի ներկատուն կար։ Ցուցափեղկի տակ բաճկոններ էին շարված։ Մայթը տեղ֊տեղ փորված էր և նա ստիպված եղավ սալահատակով քայլել։ Դիմացը մի գեր մարդ հեծանիվ էր վերանորոգում։ Պպզած, մի փոքր փքված, անվադողը սուզում էր դույլի մեջ և հանգիստ նայում, թե ինչպես, ժամանակ առ ժամանակ, մանր ու արագաշարժ պղպջակները ծակում են ջրի մակերեսը։ Կարմիր մատիտով նշաններ էր անում դեղնած կաուչուկի վրա։ Երկու տղա ուշադիր հետևում էին նրան։ Կողքի խանութում ճթճթում էր մի գրամեքենա, գրավելով մյուս տղաների ուշադրությունը։ Անկյունում նստած երիտասարդը մի կնոջ թելադրությամբ մեքենագրում էր։ Նեղ շրջազգեստով, ձեռնոցներով, ներկած մազերով կինը պետք է որ «Կարմիր աքաղաղում» աշխատեր, քաղաքի միակ կաբարեում։ Ուշադրություն չդարձնելով տղաների վրա, նա շարունակում էր իսպանական սոսկալի շեշտադրությամբ ֆրանսերեն թելադրել։ Երիտասարդի վարանոտ մատները վազվզում էին գրամեքենայի վրա։ Երբեմն նա ընդհատում էր, որպեսզի գտներ տառը։ Խանութի մյուս անկյունը մի ժամագործի էր պատկանում։ Մաքուր հագնված, փողկապով, սպիտակ անձեռոցիկը գոգին ժամացույց էր նորոգում։ Բայց խանութի մեծ մասը վարսավիրն էր զբաղեցրել։ Նա միակ բազկաթոռը դրել էր ճիշտ մուտքի մոտ։ Նեոնի խողովակի տակ պատից կախած հայելին շրջանակված էր տարբեր խեցիներով։ Տեղական արտադրության և անորոշ գույնի օդեկոլոններ էին լցված երկու դարակներում։ Ծխախոտի վաճառքով էլ էր զբաղվում։ Սպասելով այցելուներին, ոտքի վրա, հայելու առջև սափրվում էր։ Ամենաանսովոր մանրուքը, որ զարմացրեց Էռմեին, մսավաճառի կրպակն էր «Կարմիր աքաղաղի» մոտ։ Միայն գիշերն աշխուժացող կաբարեն այս հարևանությունից կարծես ջնջված, նվաստացած լիներ։ Նույնիսկ մթության մեջ այդքան գոռոզ թվացող մետաղյա աքաղաղի կատարը չէր երևում։ Էռմեն վերադարձավ, հետո շարժվեց հիվանդանոց։ Հանգստացած էր։ Ինչո՞ւ։ Չգիտեր։
— Դուք մեզ հետ չե՞ք նախաճաշի, բժիշկ։
Հենց նոր, մի ուշ սկսված վիրահատություն էր վերջացրել։ Ցերեկվա երեքն էր։ Էռմեն երեկվանից որոշել էր հունական ռեստորանում ճաշել։
— Քաղաքում պետք է մեկին տեսնեմ,— պատասխանեց նա։
Տասը րոպեում հասավ ռեստորան։ Դուռը բացելուց հետո նա վարանեց։ Ուշ էր, սրահում հաճախորդ չկար։ Ճաշարանատերը, սեղանի մոտ նստած, կարտոֆիլ էր կլպում։ Նրա կինը բաժակներ էր շարում դարակների վրա, իսկ սպասուհին պատառաքաղներ էր մաքրում։ Սառած ճաշերի և մնացորդների հոտը բռնել էր սրահը։ Մտերմիկ և միաժամանակ թշնամական բան կար սրահում, որովհետև սեղանների վրա սփռոցներ չկային։ Անկյունում փայտի կեղտոտ թեփն էր կուտակված։
— Ճաշելու համար հո ուշ չէ՞։
Նրա ձայնը կեղծ հնչեց։ Կարծես ստում էր։ Ճաշարանատերը, որ ֆրանսերեն վատ էր հասկանում, սկզբում կարծեց, թե եկել է նախորդ օրը մոռացած իրը պահանջելու։ Նա նայեց կնոջը։
— Բարով եք եկել, բժիշկ,— պատասխանեց վերջինս։— Հիմա կսպասարկեմ ձեզ։
Նա հունարեն դիմեց սպասուհուն, որ գնաց սփռոց և սպասք բերելու։ Էռմեն նստեց պատուհանի մոտ, վերարկուն գցեց աթոռի թիկնակին։
— Ես ձեզ օրվա ճաշացուցակից կմատուցեմ, բժիշկ։
— Խնդրեմ։
Նա ծխախոտի տուփը դրեց սեղանին, սկսեց լուցկու տուփի հետ խաղալ։ Սպասուհին նորից պատառաքաղներն էր վերցրել։ Նա անձեռոցիկի մեջ պտտում էր, հետո մեկ առ մեկ սրբում։ Ճաշարանատերը կանաչի էր մանրում։ Ոչ ոք չէր խոսում։
Ինչ֊որ մեկը այդ պահին հազաց։
Լիքը հազ էր, կարծես կոկորդ էին քերում։ Էռմեն հիշեց, որ որոշյալ ժամերին եկող հաճախորդների համար մի սրահ կա, խորքում, հեռախոսի մոտ, վարագույրով անջատված և առանձին, բակ դուրս եկող ելք ունի։ Հազը այնտեղից էր։
— Խնդրեմ, բժիշկ։
Ճաշարանատերը հեզահամբույր և բարեհաճ ժպիտը դեմքին, կրկնակի բաժին դրեց սեղանին օրվա ճաշացուցակից։
Էռմեն հոգնած, արմունկը սեղանին, սկսեց դանդաղ, առանց հացի ուտել։ Ապակու միջով ներս մտած արևի շողը աշխուժացրել էր սրահի անկյուններից մեկը։ Թափանցիկ վարագույրների ետևից լուռ ստվերներ էին անցնում։ Մթնոլորտը հիշեցրեց իր մանկությունը։ Երբ կրոնավորների մոտ գիշերօթիկ էր, ավելի ճիշտ, երբ տառապում էր անգինայից և ստիպված էր ամբողջ շաբաթը հիվանդանոցում անցկացնել։ Նրա սենյակը մարզադաշտ էր նայում, որտեղ կես ժամը մեկ բոլոր դասարանները իրար էին հաջորդում։ Նա աշակերտների քայլն էր լսում, հետո ուսուցչի ձայնը։
— Մեկ, երկու, երեք։ Մեկ, երկու…
Նա աշակերտների ձայնը չէր լսում, բայց գուշակում էր նրանց ջանքերը և դրանից ավելի թույլ զգում։ Երբեմն հիվանդապահ կրոնավորը լուռ բացում էր դուռը և թերթեր բերում։ Ձեռքի տակ ուներ Վերմոյի տարեցույցի ամբողջ հավաքածուն։ Թերթում էր, թերթում, թերթում առանց ցանկության և առանց պոկվել ուզենալու։ Նույնիսկ այսօր, այդ տարեցույցների կարմիր ու սև կազմերի տեսքից, նա մի փոքր ճնշվում էր։ Եվ հետո այսպիսի հազ կար։ Իր հիվանդության վերջին երեք օրն էր, երբ մի աշակերտ, ամբողջ հետմիջօրեին, մեծահասակի նման հազում էր, խախտելով հիվանդասրահի լռությունը։ Այսպիսի մի կեսօր, որ լի էր մտերմիկ ու ճնշող բաներով, և երբեմն՝ կավճի պես սպիտակ, մի բուռ, փոշոտ արևով։
Հազը նորից սկսվեց։ Ավելի խոր, ավելի երկար։ Էռմեն վատ զգաց։ Նա մրգից հրաժարվեց, սուրճ պատվիրեց։ Երկու կում անելուց առաջ գդալը երկար խառնեց գավաթում։ Նա վեր կացավ, հարցրեց.
— Կարելի՞ է զանգ տալ։
— Իհարկե, բժիշկ, խորքում է։
Նա ուղղվեց խորքը և քաշեց երկու սրահներն իրարից անջատող վարագույրը… Ոչ ոքի չտեսավ։ Սեղանին՝ պանրի մնացորդի կողքին, բանանի կեղև կար։
Նա զանգ չտվեց։
Այս անգամ վստահ էր. իրեն հետևում էին։ Ո՞վ։ Նա ոչինչ չգիտեր, բայց հետևում էին։ Նույնիսկ օրը ցերեկով, փողոցի եռուզեռի մեջ, ոտնաձայներ էր լսում։ Մի քանի անգամ հանկարծ կանգ առավ, ետ նայեց, բայց իրեն հետապնդողի դեմքը չկարողացավ ամբոխից զատել։ Քայլում էր, ոտնաձայները կորչում էին, հետո մի քսան մետրի վրա նորից լսվում։ Էռմեն շրջվում էր և միայն անծանոթ ու անտարբեր դեմքեր տեսնում։ Այսուհետև, նույնիսկ կարճ ճանապարհները, որոշեց մեքենայով գնալ։
— Տվեք բանալին։
Տիկին Ռութը չհասկացավ։
— Բանալին։ Իմ դռան բանալին, որ դուք եք պահում։ Ինձ պետք է, որովհետև իմը կորել է։
— Մոտս չէ։
— Ես ձեզ սպասում եմ։ Գնացեք բերեք։
Տիկին Ռութը չշտապեց։ Նա հենց նոր էր ներս մտել։ Էռմեն սենեկազգեստով նստել էր ընդունիչի մոտ և բժշկական մի հանդես էր նայում։
— Կբերեմ, վաղն առավոտյան,— ասաց նա։
Էռմեն վեր կացավ և պարպեց օղու գավաթը։
— Հիմա։ Ես ձեզ կուղեկցեմ։
Վերարկուն գցեց ուսերին և հետևեց տիկին Ռութին։ Նրանք անցան երկու տներն անջատող քառակուսի հողամասը։ Գիշեր էր և պետք էր զգույշ քայլել։ Էռմեն լուցկի վառեց։
— Հասանք։ Գտա՞ք բանալին։
Լուցկին այրեց նրա մատները։ Նորը վառեց։ Տիկին Ռութը գտավ բանալին, մտցրեց անցքի մեջ, դուռը բացեց։ Էռմեն մնաց շեմին։
— Մի րոպեով մտեք։
— Ուզում եմ օդ շնչել։
Տիկին Ռութը դուռը բաց թողեց, որպեսզի լույս լինի։ Էռմեն բան չէր ջոկում։ Ականջ էր դնում։ Ոչ մի աղմուկ չէր խանգարում գիշերվա լռությունը։
— Վերադարձնում եմ ձեզ։
Էռմեն ցնցվեց, բանալին դրեց սենեկազգեստի գրպանը։
Մյուս օրն առավոտյան հիվանդանոց գնալիս, նա մեծ գոհունակությամբ նկատեց, որ աղբյուրի մոտի լքված մեքենան անհետացել է։ Դատարկված տեղում ջրով լցված ակոս էր մնացել։ Նրան թվաց, թե մի ծանր բեռ է ընկել ուսերից։
«Ռուբիի» հինգերորդ տարեդարձը նշելու համար տիկին Շամպենը մի փոքր հավաքույթ էր սարքել այդ երեկո։ Նա հրավիրել էր Էռմեին։ Վերջինս ուշ եկավ և իրեն գտավ այնպիսի մարդկանց շրջապատում, որոնցից սովորաբար խուսափում էր. հարուստ առևտրականներ, արդյունաբերողներ, հարուստի որդիներ և ձրիակերներ։ Կանայք շատ քիչ էին։ Ամեն ինչ ձրի էր այդ երեկո։ Տիկին Շամպենը սրահի անկյունում բազմոց էր դրել և մի սեղան՝ վրան հինգ մոմերով զարդարված կարկանդակ, որոնք մտերմական երանգ էին տալիս այդ հավաքույթին։ Հրավիրվածները գալիս էին, մի կես ժամ զրուցում, մի բաժակ խմում էին և գնում։ Տիկին Շամպենի շնորհին արժանացողները կամ հույս ունեցողները, իրենց մի փոքր մտերիմ համարելով, մնում էին և սեղանից սեղան քարշ գալիս։
— Մի բաժակ կխմե՞ք, բժիշկ։
Նախկին վիրահատյալը հարբած, փայլող աչքերով, նրան մեկնեց մինչև պռունկ լցված շամպայնի բաժակը։ Էռմեն անխոս վերցրեց, գնաց տեղավորվեց բարում։ Տիկին Շամպենը, որն Էռմեին մտնելիս չէր տեսել, ուղղվեց նրա կողմը։
— Վաղո՞ւց եք եկել, բժիշկ։
Այս երեկո տիկին Շամպենը սովորականից ավելի էր գրգռում նրան։ Ի միջի այլոց, բնավ միտք չուներ այս տարեդարձին ներկա լինելու։ Ապացույց՝ մի բուժքույր էր ուղարկել բժիշկ Խալեդի մոտ, որպեսզի այսօրվա համար կարդալու գիրք վերցներ: Բայց «Ռուբիի» մոտով անցնելիս և այդ բազմությունը տեսնելով…
— Բժիշկ Էռմե, ճանաչո՞ւմ եք…
— Ձեր մասին շատ եմ լսել, բժիշկ։
Տիկին Շամպենը ներկայացնում էր։ Էռմեն ձեռքեր սեղմեց, դեմքեր վերաճանաչեց, ծուխ շնչեց, հազաց, բժշկական խորհուրդներ ստացավ։ Այժմ նա շտապում էր աննկատ դուրս գալ, առանց տիկին Շամպենից թույլտվություն ստանալու։ Նա գնաց լվացարան, որպեսզի տիկին Շամպենին հաշտեցնի իր բացակայության հետ, քանի որ, թվում էր, թե այս երեկո նա միտք չունի Էռմեից հեռանալու։ Երբ վերադարձավ, նրան տեսավ սրահի մյուս ծայրում, մի խմբի հետ զրուցելիս։ Դուրս եկավ։ Դրսում անապատային չոր քամի էր փչում։ Ծառերը շրջված հովանոցի նման էին։ Քամու հետ եկող ավազի պատճառով Էռմեն մեքենայի ապակին բարձրացրեց, վզնոցը փաթաթեց վզին։ Տասը րոպե սովորական ընթացքով վարեց, մինչև որ մի մեքենայի աղմուկ լսեց։ Հայելին շտկեց և քանի որ ոչինչ չերևաց, մի ուրիշ շարժիչի ձայն լսեց, երկու րոպե հետո արագացրեց ընթացքը։ Այս անգամ մյուս մեքենայի ընթացքի արագացման աղմուկը հստակ լսեց։ Մի փոքր կծկվեց և բավարարվեց հայելու մեջ նայելով։ Իր «Սիտրոենի» աղմուկին սովորած, նա միայն մյուս մեքենայի աղմուկն էր լսում, որ քամու քմահաճույքին համեմատ ուժեղանում կամ նվազում էր։ Հինգ րոպե հետո, ճիշտ աղբյուրի մոտ, ոլորանում մի ստվեր գծագրվեց հայելու ուղղանկյան մեջ։ Էռմեն ճանաչեց հին «Ֆորդը», որ լույսերը թարթելով, հետևում էր։ Նա չհասցրեց տեսնել վարորդի դեմքը։ Վատ զգաց, սեղմեց ստարտերը և մինչև դռնապահի սենյակը ընկած տարածությունը մի քանի րոպեում կտրեց։ Դռան առջև Կյուրին ծխամորճն էր ծխում։ Էռմեն դարձավ նրան.
— Նամակ կա՞։
— Երեք օր է ոչինչ չկա, բժիշկ։ Գործադուլը շարունակվում է։
— Հեռախոսի զանգ, հյուրեր, ոչինչ չի՞ եղել։
— Ոչինչ։
— Իսկ տիկին Կյուրին ավելի լա՞վ է։
— Այս առավոտ վեր կացավ, բայց շատ թույլ էր։
Ուրիշ ի՞նչ կարող էր հարցնել։ Լռություն տիրեց։ Կյուրին ծխամորճն էր մաքրում։
— Իմ գրած դեղերը խմե՞լ է։
Այդ պահին «Ֆորդը» հայտնվեց և գրավեց նրանց ուշադրությունը։ Մեքենան հասավ նրանց, հետո, առանց ընթացքը փոխելու, շարունակեց ճամփան, անհետացավ։
— Դարպասը բա՞ց է։
Դժնի գիշեր, հազով ու երազներով լի։
— Կարծում եմ, որ բժիշկ Մատիկի սենյակը ձեզ հարմար կլինի, բժիշկ։
— Նա երկա՞ր է բացակայելու։
— Մի շաբաթից շուտ չի վերադառնա։
— Շատ լավ, ես կօգտագործեմ։
Օրն արագ անցավ։ Էռմեն նախաճաշեց, ճաշեց և քնեց հիվանդանոցում։ Երկրորդ օրը պակաս արագությամբ անցավ։ Երրորդ օրը…
Երեկոյան էր, կեսգիշերին մոտ։ Հիվանդանոցում իրեն շրջապատողներից նյարդայնացած, հոգնած նա ետ ու առաջ էր քայլում իրեն հատկացված սենյակում։ Թերթերը նույնիսկ չէր հասցրել կարդալ։ Ամեն ինչ խաղաղ էր, լուռ։ Պատուհանից երևում էր արմավենու տակ կանգնած իր մեքենան։ Երեք օր տեղից չէր շարժել։ Նոսր ամպերի տակ մտած լուսնից քաղցր լույս էր ծորում։ Էռմեն դուրս եկավ սենյակից։ Նրա քայլերից աթոռի վրա ննջող գիշերապահը արթնացավ։
— Դո՞ւրս եք գալիս, բժիշկ։
— Գնամ մի քիչ օդ շնչեմ։
Հետո ավելացրեց.
— Անհրաժեշտության դեպքում Խալեդին հայտնեք։
Քամու պոռթկումը բռնեց Էռմեի կոկորդը։ Նա տեղավորվեց մեքենայի ղեկի առջև, բռնեց Բեյրութի ճամփան՝ լայն ասֆալտապատ խճուղի, որ հնարավորություն էր տալիս արագություն բացել։ Վերադարձին ծարավ էր, և քանի որ բոլոր սրահները փակ էին, կանգ առավ «Կարմիր աքաղաղի» մոտ։
Դռնից ներս մտնելուց հետո խոնավ քարի հոտ արձակող նեղ աստիճաններով պետք է իջներ, ապա դռան երկու փեղկերը բաց աներ։ Կիսախավարով կլանված փոքր սրահի խորքն ավելի մութ էր։ Բարում նստած մի մարդ թերթ էր կարդում։ Նա լիքն էր, լայն ուսերով և հագին ռատինե վերարկու։ Էռմեն մի պահ վարանեց, հետո գնաց, բարի խորքում նստեց։
— Գարսոն, վիսկի։
Այս անգամ, առանց վարանելու, նրան հարցրեց.
— Թերթ կարդացող այդ մարդուն գիտե՞ք։
Մատուցողը նշված ուղղությամբ նայեց։
— Վերարկու հագածը,— լրացրեց Էռմեն։
— Երկու շաբաթ է, ամեն գիշեր գալիս է այստեղ։ Տպարանատեր է։
— Ի՞նչ է անունը։
— Էմիլ։ Էմիլ Բորտակ։ Երկու շաբաթ է, ինչ կինը մահացել է…
Բարի հաճախորդները մեծ մասամբ եվրոպացի էին և վիսկի էին խմում։ Երկու սեուդացի անգլերեն զրուցում էին բարում աշխատող հունգարացի աղջկա հետ և իրար հետ արաբերեն կատակում։ Մի մարդ արմունկները սեղանին, սիգար էր ծխում։ Բորտակը թերթ էր կարդում։
— Ինձ նորից չե՞ք բերի սրանից, գարսոն,— հարցրեց Էռմեն։
Նա ծարավ էր և վարանում էր Բորտակի կողմը նայել, որովհետև Էռմեին թվում էր, թե նա հետևում է իրեն։ Անորոշ ազգության պատկանող երկու նոր հաճախորդ մտան, աչք ածեցին և դուրս եկան։ Անկյունում, բուլդոգի գլխով դաշնակահարը հունգարական եղանակներ էր նվագում։ Սրահում մի զույգ էր պարում։ Բորտակը թերթ էր կարդում։
— Մենա՞կ եք։
Վայելք ծախող կանանցից մեկի ձայնը թափանցեց ալկոհոլով հագեցած անկյունը, որտեղ երազում էր Էռմեն։ Նա մի պահ նայեց կնոջը. փոս ընկած այտեր, համարյա թե բերանում կորած բարակ շրթունքներ, աչքերում՝ պչրոտ կրակ։ Էռմեն խղճաց նրան։
— Նստեք։
Նա նստեց տաբուրետին, պայուսակը ծնկներին դրեց։
— Ֆրանսիացի՞ եք։
— Ֆրանսիացի։
Էռմեն խոսելու ոչ մի ցանկություն չուներ։ Նա մի բաժակ էլ պատվիրեց իր համար։
— Իսկ ձե՞զ համար,— հարցրեց մատուցողը կնոջը։
— Լիկյոր։
Սեուդացիք բարում աշխատող աղջկան լուսանկարներ էին ցույց տալիս։ Նա մատների ծայրով մեկ առ մեկ վերցնում էր լուսանկարները նայում և վերադարձնում։ Ամեն անգամ, երբ սրահում նոր մարդ էր հայտնվում, դաշնակահարն ընդհատում էր երաժշտական համարը և խառը եղանակներ նվագում, որպեսզի ներս մտնողներին գրավի և համարը վերսկսում էր, երբ հաճախորդը մնում էր կամ դուրս գալիս։ Պարասրահի զույգը, ինչ էլ որ նվագեին, նույն նվաղկոտ ռիթմով պարում էր։ Բորտակը թերթ էր կարդում։
— Ես հույն եմ,— ասաց կինը,— բայց Փարիզը լավ գիտեմ։ Գոնե Փարիզը լավ գիտե՞ք։
— Ճիշտ այդպես,— պատասխանեց Էռմեն։
— Եվ վաղո՞ւց է, որ Տրիպոլիում եք։
— Երկու ամիս,— նետեց Էռմեն։
— Ինժենե՞ր եք։
Էռմեն գլխով հաստատեց։
— Ես համոզված էի։
Մենակ նստած մարդը ծխեց վերջացրեց սիգարը։ Մատների արանքում մնացած ծխուկով նորը կպցրեց։ Նա կանոնավոր ծխի քուլաներ էր ներս քաշում և հավասար հեռավորության վրա փչում։ Երկու աղջիկ նետվեցին նոր մտած հաճախորդի վրա և տարան մի անկյուն։ Մեկն սկսեց ձեռքը շոյել, մյուսը՝ դրամապանակը։ Հաճախորդը բարձրաձայն հռհռաց։ Բոլոր բնավորություններին հարմարվող դաշնակահարը՝ շահ տեսնելով, տեղնուտեղը ընդօրինակեց նրան։ Բորտակը թերթ էր կարդում։
— Հաճախ չեք երևում այստեղ,— ասաց կինը։
Էռմեն պատվիրեց.
— Գարսոն, մի բաժակ էլ։
— Ինձ համար էլ մի գրոգ,— ասաց կինը։
— Ատրակցիոն չի՞ լինում։
Կինը նեղացավ.
— Դուք այստեղ չե՞ք եղել։
Սեուդացիներից ամենանիհարը ընկերոջը ցույց տվեց, որ ճակատի պզուկից արյուն է դուրս գալիս։ Ընկերը թաշկինակն առավ, չորս տակ ծալեց, հետո՝ երկու տակ և բարում աշխատող աղջկան խնդրեց, որ ճակատը մաքրի։ Աղջիկը հրաժարվեց։ Սեուդացին մի պահ համառեց, հետո թաշկինակը դրեց գրպանը, ծխախոտի թուղթ վերցրեց, տարավ ճակատին։ Արյան կաթիլը կպավ թղթին։ Հոգնած զույգը դադարել էր պարելուց։ Նրանք պարզապես քսվում էին իրար, բայց ժամանակ առ ժամանակ, արտաքին պատշաճությունը պահելու կամ խաղն ավելի հետաքրքիր դարձնելու համար, պարի քայլեր էին անում։ Բարում նստած երեք անգլիացի, առանց ձայնի երանգը փոխելու, հանգիստ խոսում էին։ Բորտակը թերթ էր կարդում։
— Սիգարեթ ունե՞ք,— քաղաքավարի հարցրեց կինը։
Էռմեն ծխախոտի տուփը նրան մեկնեց։ Կինը մեկ հատ վերցրեց, խփեց եղունգին և կրակին սպասեց։ Էռմեն լուցկի վառեց։
— Այս պահիս Փարիզում եղանակը զրոյից հինգ աստիճան ցածր է,— ասաց նա։
— Ո՞վ է ձեզ ասել,— հարցրեց Էռմեն։
— Ռադիոյով եմ լսել։
— Ե՞րբ։
— Հենց այս երեկո, գալուց առաջ։
Հետո ավելացրեց.
— Չե՞ք ուզում վերադառնալ Փարիզ։
— Չգիտեմ,— պատասխանեց Էռմեն։
Երկու աղջիկները կանչեցին մատուցողին և պատվիրեցին կես շիշ վիսկի, որ հաճախորդն ուզում էր տանել հետը. առիթն օգտագործելով, իրենց համար էլ խմիչք պատվիրեցին։ Դաշնակահարը նրանցից անբաժան էր. յուրաքանչյուր համարի արանքում մի խառը եղանակով իր ներկայությունն էր հիշեցնում։ Խայծը գրավել էր նաև մատուցողին, որը պտտվում էր նրանց սեղանի շուրջը։ Մի թանձր ծուխ էր ոլորվում սրահում։ Սիգար ծխողը խորհրդածում էր։ Բորտակը թերթ էր կարդում։
— Կպարե՞ք։
Էռմեն թողեց, որ իրեն պարասրահ տանեն։ Քանի տարի էր չէր պարել։ Բայց «Կարմիր աքաղաղում» պարերը աղջիկների պես դյուրին էին։ Բավական էր ինքդ քեզ ազատ թողնեիր։ Բար վերադառնալով՝ Էռմեն մատուցողին նշան արեց.
— Հաշիվը, խնդրեմ։
Թղթի կտոր, խզմզոց։
— Հիսուն լիրա,— ասաց մատուցողը։
Կինը զուսպ նայում էր շուրջբոլորը։ Էռմեն քրքրեց գրպանները, ապա նկատեց, որ բաճկոնը փոխել է։ Մոտը նույնիսկ մի մետաղադրամ չկար։ Մի քանի վայրկյան մտածեց։
— Ես կստորագրեմ հաշիվը,— ասաց նա։— Վաղն առավոտյան կանցնեմ, կկարգավորեմ… Ծայրահեղ դեպքում կարող եմ ժամացույցս թողնել։
Մատուցողը վարանեց։
— Գնամ տիրոջս հարցնեմ։
Հինգ րոպե հետո վերադարձավ.
— Ամեն ինչ կարգավորված է,— ասաց։— Պարոն Բորտակը փակել է ձեր հաշիվը։
Էռմեն միանգամից չհասկացավ։ Նա նայեց բարի մյուս ծայրը։
Բորտակն այլևս այնտեղ չէր։
Հիսուն լիրանոց թղթադրամ։ Նոր։ Խշխշան։ Դուրեկան հոտով։
Էռմեն երկու տակ ծալեց, դրեց մի ծրարի մեջ, վրան դյուրընթեռնելի գրեց Բորտակի անունը և հասցեն։ Կանչեց բուժքրոջը և ծրարը մեկնեց նրան։
— Ժանն այստե՞ղ է։
— Այո, բժիշկ։
— Թող այս ծրարը նշված հասցեով տանի։
Բուժքույրը դուրս եկավ։ Մի ժամ հետո դուռը ծեծեցին։ Ժանն էր։
— Ես ոչ ոքի չգտա,— ասաց նա։— Տպարանը փակ էր։ Կուզե՞ք վաղն առավոտյան գնամ։
— Անօգուտ է,— ասաց Էռմեն։— Երեկոյան ինքս կտանեմ։
Բայց երեկոյան հիվանդանոցից դուրս չեկավ։ Հաջորդ օրը, առավոտ շուտ, մեքենա նստեց և ուղղվեց Էլ֊Մինա փողոցը։ Նեղ ու բանուկ փողոցը քաղաքի երկու կարևոր զարկերակներն իրար էր կապում։ Մեքենան կանգնեցրեց փակուղում, մի գարաժի մոտ, շոշափեց գրպանները՝ համոզվելու, որ հիսունանոցն այնտեղ է, հետո սկսեց համար չունեցող տպարանը փնտրել։ Աջ նայեց, ձախ նայեց, գտավ։ Պատի վրա սև տառերով գրված էր. «Արդիական տպարան»։ Տակը փոքր գրերով՝ Է. Բորտակ։ Երկաթափեղկն իջեցված էր, և ոչ մի հայտարարություն, նույնիսկ մահազդ չկար։ Կողքը մի ջրորդան էր ճռճռում։ Նա նույնիսկ նամակատուփը չգտավ։ Որոշեց ծրարը փեղկի տակ սահեցնել, բայց մտադրությունը փոխեց։ Գնաց գարաժ՝ տեղեկություն ստանալու։
— Ամուսնությունից հետո նրան չենք տեսել,— պատասխանեց գարաժի տերը։— Մի ամիս է չի երևացել։ Երևի հիվանդ է։ Գրիպի շրջանն է…
— Իսկ որտե՞ղ կարող եմ նրան տեսնել։ Հավանաբար, որևէ տեղ է ապրում։
— Ճիշտն ասած…
— Հը՞,— հարցրեց Էռմեն։
Գարաժի տերը մտածեց։
— Լսել եմ, որ ամուսնությունից հետո տունը փոխել է։ Մի ժամանակ քրոջ մոտ էր ապրում։
— Ո՞ր կողմն է։
— Շուկան գիտե՞ք։ Ճիշտ դիմացի շենքը։
— Շնորհակալ եմ։
Այդ րոպեին նա ժամանակ չուներ հարցնելու, թե որտեղ է շուկան կամ դիմացի շենքը։ Նա վերադարձավ հիվանդանոց։
Հաջորդ օրը համարյա մոռացավ պարտքը։ Ավելի շուտ՝ չզբաղվեց դրանով։ Բայց մյուս օրը որոշեց այդ գործը վերջացնել։ Հիվանդանոցում նախաճաշելուց հետո գնաց քաղաք, շուկայի տեղը հարցրեց։ Մանրավաճառները մայթերի վրա կանչում էին անցորդներին և առնելուց առաջ առաջարկում էին համը տեսնել։ Դիմացը մի մեծ շենք էր կանգնած՝ նեղ ու երկար, սև պատշգամբներով մի հին կառույց։ Դռնապան չկար, այնպես որ Էռմեն ստիպված եղավ նույն մայթի վրա կոշիկ վաճառողից հարցնել։
— Բորտա՞կը։ Սպասեք տեսնեմ…
Երիտասարդը դադարեց շղթան մատին փաթաթել։
— Տպարանատեր է,— ասաց Էռմեն։
— Գիտեմ, գիտեմ,— ասաց երիտասարդը։
Նա դուրս եկավ խանութից, մայթից նայեց շենքին։
— Երրորդ հարկն է։
Աստիճանների վրա երեխաներ էին խաղում։ Փտած նարնջի հոտ էր գալիս։ Էռմեն իր համար ճամփա բացեց։ Սայթաքուն աստիճանները և մութ միջանցքները նրան ստիպում էին զգուշորեն բարձրանալ։ Նա հասավ երրորդ հարկ, զանգը փնտրեց, վերջապես, մի պարանի ծայր գտավ՝ դռան վրա կախված։ Քաշեց։ Ոչ մի արձագանք։ Երկրորդ անգամ քաշեց, ավելի ուժեղ։ Խշրտոց լսեց։ Քայլեր մոտեցան, հետո դուռը բացվեց։ Դռան բացվածքի մեջ մի կնոջ գլուխ երևաց։
— Պարոն Բորտակն այստե՞ղ է ապրում։
Ֆրանսերեն հասկանո՞ւմ է արդյոք։ Նա կարծես մտածում էր. հետո դուռը լրիվ բացվեց։
— Մտեք, բժիշկ…
Որտեղի՞ց գիտի, որ ինքը բժիշկ է։ Չհամարձակվեց կնոջը հարցնել և շփոթված մտավ միջանցք։ Կինը ո՛չ ջահել էր, ո՛չ ծեր։ Հոգնած դեմք, վաղաժամ, բարակ խորշոմներ։ Նա մի գորշ սենեկազգեստ էր հագել։
— Պարոն Բորտակն այստե՞ղ է,— հարցրեց Էռմեն։
— Եղբայրս հենց նոր դուրս եկավ։ Ուր որ է կգա։
Էռմեն ձեռքը տարավ գրպանը, ծրարը հանեց։
— Ես մի փոքր պարտք ունեմ նրան վճարելու։
Էռմեն ծրարը մեկնեց։
— Չէի՞ք հանձնի նրան։
Կինը տատամսեց.
— Լավ կլիներ, որ դուք ինքներդ տայիք։ Նա հիմա կգա։
Անխոս՝ նա մի սենյակի դուռ բացեց և առաջինը ինքը մտավ։ Էռմեն ստիպված եղավ հետևել նրան։ Սենյակը փոքր էր, բազմոցներով կահավորված։ Կարի մեքենայի վրա հագուստներ կային։ Աթոռի վրա պառկած կատուն կոճի հետ էր խաղում։ Փողոց նայող միակ պատուհանից գորշ լույս էր թափանցում։ Կինը հագուստները հավաքեց և փորձեց կարգի բերել սենյակը։ Էռմեն սիգարեթ վառեց, մոռացավ նրան էլ առաջարկել։
— Ձեր եղբոր մո՞տ եք ապրում…
— Այսինքն…
Նա կատվին քշեց աթոռից։
— Առայժմ միասին ենք ապրում։
Մի մոխրաման դրեց Էռմեի առջև։ Էռմեն ոտքի վրա զննում էր նրան։ Նա փորձում էր այդ կնոջ տարիքը որոշել։ Ինչո՞վ էր զբաղվում։ Կար անելո՞վ։ Անկասկած։ Ամուսնացա՞ծ էր։ Գուցե։ Որտե՞ղ էր ֆրանսերեն սովորել։
— Նստեք, բժիշկ։
Նա նստեց աթոռին։ Բորտակի քույրը մի րոպեով դուրս եկավ սենյակից։ Նա մնաց մենակ։ Վեր կացավ, կանգնեց պատուհանի մոտ և սպասեց, թե երբ է գալու Բորտակը։ Նա տեսնում էր մանրավաճառներին, մայթը, կոշիկի խանութը և, մի քիչ թեքվելով՝ նաև շենքի դուռը։
— Դեռ չի՞ եկել։
Նա դարձավ, անտարբեր ձայնով պատասխանեց.
— Հինգ րոպե էլ կսպասեմ։
Հինգ րոպեն անցավ։ Էռմեն նայեց ժամացույցին։ Քսան րոպեից հետո պետք է հիվանդանոցում լինի։ Դեռ ժամանակ ունի։
— Եթե թույլ կտաք, ես մի քիչ կկարեմ…
— Խնդրեմ։
Կարի մեքենայի աղմուկ։ Մանրավաճառներ։ Անշարժ կատու։ Հագուստներ։ Խոհանոցի հոտ։ Էռմեն ծրարը դրեց սեղանին։
— Ես պետք է գնամ, ինձ սպասում են հիվանդանոցում։
Կինը վեր կացավ. սենեկազգեստը ուղղեց։ Էռմեն ցույց տվեց ծրարը։
— Երբ վերադառնա, տվեք նրան։
Նա տարակուսեց.
— Ես չեմ սիրում եղբորս գործերի մեջ խառնվել։
Էռմեն համբերությունից դուրս եկավ։
— Բայց նրան վճարելիք պարտքս է։
Հանկարծ նա խղճաց կնոջը։
— Լավ, ես ինքս կկարգավորեմ, բայց որտե՞ղ կարող եմ նրան տեսնել։
Կինը կարծես հանգստացավ։
— Սովորաբար նա գալիս է ինձ հետ նախաճաշելու։ Բայց պատահում է, որ չի գալիս։ Կուզե՞ք հասցեն տամ։
Հիվանդանոց գնալուց առաջ, նա անցավ փոստ, հիսուն լիրանոց վճարագիր ուղարկեց Բորտակի հասցեով։ Այդ ճնշող պարտքից ազատված, նա մտավ մի սրճարան, ապերիտիվ խմեց։
Եղանակը փոխվեց։ Մի շաբաթ անդադար անձրև էր գալիս։ Էռմեն այժմ իր տանն էր քնում։ Տիկին Ռութը և մի քանի թերթեր օգնում էին նրան երեկոներն անցկացնելու։ Նա մտածում էր նույնիսկ բանալին նորից տիկին Ռութին տալ։ Բայց մի անգամ առավոտյան, մեքենան հանելիս, Կյուրին կանչեց նրան.
— Բժիշկ, դուք նամակ ունեք փոստից։
Նա կարծեց, թե պատվիրված նամակ է։
— Իմ փոխարեն ստորագրեիք։
— Դրամ էր։ Կարծեմ վերադարձնում են։
Փոստում նրան ասացին, որ հասցեատերը բացակայում է։ Էռմեն հիսունանոցը նորից դրեց իր դրամապանակը։ Մյուսներից առանձին։
— Բորտա՞կը։ Տեսնո՞ւմ եք գրախանութի վերևի այն երկհարկանի տունը։ Մտնում եք, ձախ կողմում նա է ապրում։ Նրա ամուսնության առթիվ գնված կարասիները ես եմ բերել։
Էռմեն իջավ մեքենայից և քայլեց նշված ուղղությամբ։ Մայթին պպզած մի տղա կռացել էր մի բուռ ածխի վրա և փչում էր։ Գրավաճառը իրեն հանձնված իրիկնաթերթերն էր հաշվում։ Խաղաղ թաղամաս էր։ Ժամանակակից, նոր տները երիզում էին լայն, ասֆալտապատ փողոցը։ Երևում էր նաև ծովը։ Էռմեն բարձրացավ առաջին հարկ, զանգեց։ Զուսպ։ Մի քիչ սպասեց, ապա ուզեցավ երկրորդ անգամ զանգը տալ, երբ նրան թվաց, թե աղմուկ լսվեց։ Բնազդաբար շոշափեց գրպանը։
Մեկ րոպե էլ անցավ։ Երկրորդ անգամ զանգեց։ Ականջ դրեց, թեթև աղմուկ լսեց. փափուկ քայլեր, հետո հառաչանք։ Նա երրորդ անգամ սեղմեց կոճակը։ Այս անգամ համոզված էր, որ դռան ետևը ինչ֊որ մեկը կա։ Եվ դա միայն Բորտակը կարող էր լինել։ Նա երկար սեղմեց կոճակը, թերևս մեկ րոպե։ Գուցե և ավելի։ Երբ մատը քաշեց կոճակից, նրան թվաց, թե զանգը արձագանք է տալիս իր գլխում։ Լռություն տիրեց։ Էռմեն շունչը պահեց և որոշակիորեն շնչառության ձայն լսեց։ Քսան սանտիմետր էր նրան բաժանում Բորտակից։ Այս անգամ պարզապես բախեց դուռը։
Սկզբում մի մատով։ Հետո բռունցքով։ Ոչ ոք չպատասխանեց։ Բայց դռան միջով շնչառություն էր միշտ լսում։ Նա նորից սկսեց բախել։ Բռունցքի հարվածներ։ Սթափվեց։ Նյարդայնացած մի սիգարեթ կպցրեց, հիսունանոցը հանեց, փորձեց դռան ճեղքից մտցնել։ Չստացվեց։ Կարծես Բորտակը թղթադրամը ետ էր մղում։ Նա մի ուրիշ ելք որոնեց, հետո դրեց գրպանը։
— Ավելի վատ ձեզ համար,— ասաց նա բարձրաձայն։
Եվ վերադարձավ հիվանդանոց։
Տիկին Ռութին հաճույք պատճառելու համար այդ կիրակի Էռմեն նրան շուկա ուղեկցեց։ Նա ուզում էր իր ազգականների համար արևելյան նվերներ գնել, որպեսզի Տրիպոլիից մեկնող մի ինժեների հետ ուղարկեր Լոնդոն։ Շուկան ուրբաթ օրերին փակ էր լինում, իսկ կիրակիներին աշխուժանում էր։ Իսկական լաբիրինթոս. նեղ փողոցներով կտրտված։ Բոլորին առաջարկվում էր շոշափել ապրանքը։
— Ի՞նչ եք ուզում գնել,— հարցրեց Էռմեն։
Տիկին Ռութը դեռ չէր որոշել։ Գործվածքներ, բացիկներ, գոհարեղեն, սրճաման։ Նա պատահականորեն կանգ առավ մի փողոցում։
— Իսկ եթե նարգիլե գնե՞մ։
— Ինչի՞դ է պետք։
— Դեկորատիվ է։ Ազգականուհիս իր սրահի անկյունում կդնի։
Էռմեն ուսերը թոթվեց։ Վաճառողն արդեն տարբեր չափսերի նարգիլեներ էր ցույց տալիս։ Տիկին Ռութը մեկը վերցրեց և փաթաթել տվեց։ Նա այսօր սև շալվար էր հագել և լարախաղացի նման էր քայլում՝ ուշադիր, որ չսահի, քանի որ գետինը թաց էր։ Երբեմն հենվում էր Էռմեի ձեռքին։ Նման մի պահի նա սեղմեց Էռմեի թևը և, քանի որ վերջինս ուրիշ տեղ էր նայում, ասաց.
— Հրաշալի է, չէ՞։
Էռմեն դարձավ։
— Ի՞նչը։
— Չե՞ք տեսնում։
Նա սկսում էր նյարդայնացնել Էռմեին։ Տիկին Ռութը ցուցափեղկում դրված կեղծ մանյակով էր հիանում։
— Գնելու եմ։
Ո՜վ սարսափ. նա ծրարված իրը խոթեց Էռմեի գրպանը։ Կողքի կրպակում վաճառողը սպիտակ պանիր և մածնով լի կճուճներ էր դրել։ Մարդիկ կանգնում էին, որոշում առնելուց առաջ, ճկույթը թաթախում մածնի մեջ, որպեսզի համտես անեն։ Մի ծեր մարդ կռացած, ձեռքով շոշափում էր մածնի կճուճը և անարատ սերի թանձրությամբ ու պրկությամբ փորձում էր պարունակության մասին դատել։ Քիչ հեռու, գրախանութի պես մի փոշոտ տեղ մտան, որտեղ բացիկներ և պատահական գրքեր էին վաճառվում։ Հենց այդ պահին Էռմեն տեսավ նրան։ Բորտակը, պայուսակը ձեռքին, խնձոր էր գնում։
— Ես հիմա կգամ,— ասաց Էռմեն տիկին Ռութին։
Մի հիսուն մետր էր նրան բաժանում Բորտակից։ Նա սկսեց հանգիստ, առանց շտապելու քայլել։ Բորտակը կշռված խնձորները մեկ֊մեկ դնում էր պայուսակի մեջ։ Նա վերարկուն գցել էր ուսերին՝ մեջքն արած Էռմեին։
— Կներեք։
Քիչ մնաց մի բեռնակրի ոտք տրորեր։ Նեղ փողոցում մարդիկ էին թրև գալիս, համարյա իրար քսվելով։ Հարկ եղավ արմունկները գործի դնել, որպեսզի երկու զրուցողների միջով կարողանար սահել։
— Կներեք։
Բորտակը դրամապանակը դնում է գրպանը։ Էռմեն արագացրեց քայլերը։ Դեռ մի քսան մետր կար։ Նա հիսունանոցը հանեց դրամապանակից, ձեռքի մեջ սեղմեց։ Երեք ցատկ էր մնացել, որպեսզի մոտենար նրան։ Բայց բազմություն կար։ Նա գերադասեց փողոցը դառնալիս մոտենալ։ Էռմեն, աչքերը չկտրելով նրանից, սկսեց կրնկակոխ հետևել։
Ի՞նչ էր ասելու նրան։ Ոչինչ։ Պարզապես պետք է վերադարձներ փողը։ Բորտակը կասկածո՞ւմ էր արդյոք, որ Էռմեն ճիշտ իր ետևն է։ Դեռ ոչ։ Բայց դարձին հասնելով, քայլերն արագացրեց։ Էռմեն նույնպես։ Բայց այստեղ էլ շատ բազմություն կար։ Մսագործների շուկան էր։ Ամենուր միս։ Շրջիկ վաճառողները աղիք էին ծախում։ Գետինը խոնավ էր և արյունից կարմրած։ Էռմեին թվաց, թե Բորտակն այժմ խուսափում է իրենից։ Բայց ոչ։ Ապացույց, որ կանգ առավ մի խանութի առջև և, մսագործին իր ուզած կտորը մատնացույց անելով, միս ուզեց։ Նա պայուսակը դրեց գետնին, որ փող հանի։
— Կներեք։
Հեծանիվ նստած մի տղա, զիգզագ անելով ճամփա էր բացում իր համար։ Էռմեն ժամանակին խուսափեց նրանից, բայց Բորտակին կորցրեց։ Միս խորովող մի մարդ բանվորների և բեռնակիրների մի խումբ էր հավաքել գլխին։ Համեստ գնով միս էին առնում, որ մսավաճառը դնում էր նրանց հացի կտորի վրա։ Էռմեն Բորտակին նկատեց փողոցի մյուս ծայրում։ Մի՞թե վազքով էր անցել… Այս բազմության մեջ անհնար էր։ Նա արագացրեց քայլերը։
— Կներեք։ Կներեք…
Այժմ, հիսունանոցը սեղմած բռունցքում, ճանապարհ էր բացում։ Չհամարձակվելով վազել, հսկում էր Բորտակի ամեն մի շարժումը, որը նրա առջևից, հիսուն մետրի վրա, հանգիստ քայլում էր։ Առջևից՝ մի մզկիթ շուկայի սահմանն էր նշում։ Այդտեղից սկսած փողոցը լայնանում էր, իսկ երթևեկությունը հեշտանում։ Էռմեն որոշեց մզկիթն անցնելուն պես, վազել և ամեն ինչ միանգամից վերջացնել։ Բայց հանկարծ նրան տեսավ մայթի մոտ կանգնած մեքենան նստելիս։ Գրգռված, նայում էր, թե ինչպես մեքենան շարժվեց և շրջվեց։ Մի պահ թողեց, որ մարդիկ իրեն հրմշտեն, հետո ետ դարձավ ու նկատեց, որ հիսունանոցը ձեռքին է։ Նա քառածալ արեց, դրեց դրամապանակի մեջ։
Տիկին Ռութը սպասում էր։ Նա մի դյուժին բացիկ էր ջոկել։
— Ինչպիսի՞ն են։
Բոլոր բացիկներն անապատն անցնող ուղտերի քարավան էին պատկերում։ Լոնդոնի ազգականներն, անշուշտ, գոհ կլինեն։ Սակայն տիկին Ռութը շատ էր ափսոսում, որ ուղտերի հետ չի նկարվել։
— Ինչ զզվելի եղանակ է։
Այցելուն ապակեպատ դուռը ծածկեց, բաճկոնը մաքրեց թաշկինակով, հետո գնաց մի անկյունում տեղավորվեց։ Նրա կողքին երկու հոգի թերթի վրա կռացած, փորձում էին խաչբառը լուծել։ Բայց «Կաֆե դյու Բրեզիլում» բոլոր վանդակները բացվում են։
— «Որը թույլ է տալիս նրան իր անցքը բացել անցնել…» յոթը տառ…
Մի կեղտոտ եղունգ մաքրում է մատիտի ծայրը, մի մաքուրը՝ կեղտոտվում։
— Չեք գտնո՞ւմ։
Նա կրկնեց.
— «Որը թույլ է տալիս…»
Դրամարկղի մոտ նստած աղջիկը գլուխը բարձրացրեց, ժպտաց անձրևից հանկարծակիի եկած հաճախորդին, շարունակեց հյուսել։ Նա տասնյոթ տարեկան կլիներ։ Գեղեցիկ էր, ուրախ, սիրալիր, և հաճախորդները որդեգրել էին նրան։
Դրսում խոշոր կաթիլներով անձրև էր գալիս։ Մարդիկ վազում էին դարպասի տակ պատսպարվելու։ Երթևեկության ոստիկանը սուլում էր։
— «… Որ արվում է մի շնչով», չորս տառ։
Մատիտի ծայրով տկտկացրեց սեղանին, մի օղակ գծեց, հետո մյուսը՝ ռետինե ծայրով մաքրեց։
Դիմացը, հրուշակեղենի խանութի առջև, Բորտակի մեքենան էր կանգնած։ Ներսը մարդ չկար, բայց առջևի ապակու մաքրիչը գործում էր։
— Պարոն Պիե՛ռ, հեռախոսի մոտ։
Սեխաձև գլխարկով մի մարդ վեր կացավ, սահեց սեղանների արանքով, հասավ բարին և ձեռքն առավ հեռախոսափողը.
— Պիեռն է։ Միշե՞լ… Բարև՛ Միշել…
Մի լրագրավաճառ դուռը բացեց, իր հետ բերելով խոնավ թղթի և թարմ ներկի հոտը։ Նա իր հաճախորդներն ուներ։ Առանց մի խոսք ասելու, երեկոյան թերթերը ջոկեց, դրեց նրա սեղանին և գնաց։
— Ցը՛, Միշել։
Մատիտի ծայրը մտավ ականջը, մի քիչ զբոսնեց և դուրս եկավ։ Գանձապահուհին ցածրաձայն կանչում էր մատուցողին։ Վերջինս մի հաճախորդի էր սպասարկում, դարձավ և գնաց նրա մոտ։ Գանձապահուհին կռացավ և կոկա֊կոլայի գործակալից ստացած մատիտի կտորը ցույց տվեց։
— Խնդրում եմ, մի սուրճ ևս։
Բերետով և ծուռ քթով մի մարդ ձեռքերը շփեց, հետո անձեռոցիկը վերցրեց աթոռի վրայից, թղթեր հանեց ու փռեց առջևը՝ սեղանին։ Նա սկսեց ձեռքերը շփելով կարդալ։ Ժամանակ առ ժամանակ գլուխը բարձրացնում էր, նայում գանձապահուհուն, հետո կռացնում։ Դրսում, Բորտակի մեքենայի մաքրիչը գործում էր, ստեղծելով այնպիսի տպավորություն, թե հիմա մեքենան տեղից կշարժվի։ Ծուխը թանձրացել էր։ Գոլորշիով ծածկված ապակեպատ դուռը աղավաղել էր բնանկարը։ Հանկարծ անձրևը կտրվեց։ Շարժումը նորից սկսվեց։ Մարդիկ հանգիստ քայլում էին. մայթի մեջտեղում կանգ առնում, զրուցում։ Հովանոցները փակվեցին։ «Կաֆե դյու Բրեզիլում» բերետով մարդը դասավորեց իր թղթերը, հենվեց հաշվիչին և գանձապահուհուց մի տուփ սիգարեթ ուզեց։ Մատիտի ծայրը մի գրպան մտավ։ Երեկոյան թերթերը վերադարձվեցին վաճառողին։ Մատուցողը բաժակները սկսեց լվանալ։ Գանձապահուհին ժպիտներ ցրեց։ Մի հաճախորդ դուրս գալիս՝ մոռացավ դուռը ծածկել և ոչ ոք չբողոքեց։
Մեկ ժամ է, ինչ մաքրիչը շարունակում էր իր բաժին ապակին լիզել, բայց ավելի դանդաղ, դժվարությամբ, քանի որ ամեն ինչ չորացել էր։ Մատուցողը պատրաստվեց սրահն ավլել, Էռմեն դուրս եկավ սրճարանից։
— Ուզում եմ սուրճի գավաթներ գնել,— ասաց տիկին Ռութը մտահոգ տեսքով,— արաբական զարդերով դրվագված եռանկյուն գավաթներ։
Կիրակի էր, նույն սև շալվարն էր հագել։ Էռմեն, սիգարեթը ձեռքին, քայլում էր նրա կողքից։ Նրանց մոտով մարդիկ էին անցնում, դիպչում և անհետանում փողոցներում։ Արևի պտերը տեղ֊տեղ լուսավորում էին շուկան։
— Դժվարանո՞ւմ եք որևէ բան ընտրել։
Տնային տնտեսության իրերին հատկացված մի փակուղի։ Հինգ֊վեց խանութում ցուցադրում էին ափսեներ, բաժակներ, պատառաքաղներ։ Ծղոտով լի արկղերի միջից փայլում էին սուրճի գավաթները։ Տիկին Ռութը անմիջապես պպզեց այն կնոջ անբռնազբոսությամբ, որ շաբաթը մեկ անգամ տաբատ է հագնում և ուզում է օգտվել դրանից։ Նա սկսեց ընտրել։ Էռմեն՝ կանգնած, մի նոր սիգարեթ վառեց։
— Ինչպիսի՞ն է այս գավաթը։
— Շատ լավն է։
— Իսկ սա՞։
— Շատ լավն է։
— Ո՞րը կնախընտրեիք։
Փողոցի ծայրին երևաց Բորտակը։ Թևի տակ թերթով փաթաթած մի իր կար։ Էռմեն խանութ մտավ։ Բորտակը նկատե՞ց նրան։ Հավանաբար՝ ոչ, քանի որ խորացավ փակուղու մեջ։ Էռմեն ապակու միջով, աչքերը չէր կտրում նրանից։ Այս անգամ նա ուզում էր վերջ տալ։ Բորտակը դանդաղ էր քայլում. կանգնեց, կռացավ, մի արկղի ծղոտը խառնեց, զննեց գավաթը, դրեց տեղը, առաջ գնաց։ Մի երկու անգամ տիկին Ռութի պես պպզեց, ձեռքի փաթեթը դրեց գոգին, գավաթը տնտղեց, տկտկացրեց ճկույթի եղունգով, վաճառողի հետ շաղակրատեց։ Մի քսան մետր էր նրան բաժանում Էռմեից։ Էռմեի նպատակն այս էր. թողնել, որ Բորտակը խանութի մոտ հայտնվի և նրա հետ փակուղում դեմուդեմ դուրս գա։ Այդ պահին նա ստիպված կլիներ իր հիսուն լիրան ետ վերցնել և այլևս դրա մասին խոսակցություն չէր լինի։ Բորտակն այժմ մոտենում էր։ Նրա և Էռմեի միջև երկու խանութ կար՝ տասը քայլ։ Նա անցավ։ Դուրս գալուց առաջ Էռմեն հայացքով հետևեց նրան։ Ո՞ւր կարող էր գնալ։ Ոչ մի տեղ։ Եկած ճամփով պիտի ետ դառնար։ Ուրիշ խանութ չկար նրա ճանապարհին։ Ընդամենը մի պատ և մի դուռ։ Երբ Էռմեն փողոց ելավ, Բորտակը մտավ շենքը։ Էռմեն մտածեց։
— Դուք ընտրեցի՞ք,— հարցրեց նա տիկին Ռութին։
Վերջինս մի դյուժին գավաթ մեկնեց։ Էռմեն գավաթները վերցրեց, մտավ խանութ։
— Ի՞նչ արժե,— հարցրեց նա վաճառողին։
Վաճառողը վեր կացավ, թղթի կտոր վերցրեց, որպեսզի գավաթները փաթաթի։
— Երկու լիրա,— ասաց նա։
Էռմեն վճարեց և դուրս գալուց առաջ հարցրեց.
— Կողքի շենքը ո՞ւմն է։
— Բաղնիք է։
— Բաղնի՞ք։
— Թուրքական բաղնիք։ Համամ։ Ժամանակին ոմն Անգիշի էր պատկանում։ Այժմ մի սիրիացի է տերը։
Շնորհակալություն և ցտեսություն։
Քանի որ տիկին Ռութը դեռ ուզում էր թրև գալ շուկայում, Էռմեն նրան ուղեկցեց մինչև փողոցի ծայրը։
— Ես ձեզ թողնում եմ,— ասաց նա։— Մի կարևոր այցելություն ունեմ։
Էռմեն չթողեց, որ նա նվնվա և իսկույն ավելացրեց.
— Կեսօրին կհանդիպեմ ձեզ։
Էռմեն սպասեց, որ նա հեռանա, հետո ետ դարձավ։ Դուռը փոքր էր և մի բակով էր բաժանվում հիմնական մուտքից։ Անկյունում ածխի արկղեր էին դարսված։ Օդում ծուխ կար։ Խոնավությունից քրքրված հայտարարության գրերը հազիվ էին կարդացվում։ Էռմեն դուռը բացեց։ Մի մարդ, ձեռքերը գրպանում, ետ ու առաջ էր անում նեղ միջանցքում։ Աթոռի վրա կեղտոտ սրբիչներ կային։
— Ես ուզում եմ լողանալ,— ասաց Էռմեն։
Մարդը չհասկացավ։ Արաբերեն կանչեց։ Մի տղա հայտնվեց՝ ուսին սպիտակ սրբիչներ։
— Լողանալ եմ ուզում,— կրկնեց Էռմեն։
Տղան թարգմանեց, հետո ասաց.
— Մեկ լիրա է։
Էռմեն տվեց լիրան։ Մարդը գրպանը դրեց, հետո քաշվեց, որ ճանապարհ տա։ Էռմեից առաջ անցավ։ Միջանցքի ծայրում նրանք մի քանի աստիճան իջան, հետո տղան մի դուռ բացեց։ Մի մեծ սրահ՝ բազմոցներով, գետնին՝ մաշված գորգեր, գաղջ մթնոլորտ։ Մի քանի հոգի հանվում էին մյուսների ներկայությամբ, սրբիչ էին կապում գոտկատեղին, ուղղվում դեպի դուռը։ Էռմեն մի հայացք գցեց։ Բորտակն այնտեղ չէր։
— Ես ձեզ երկու սրբիչ եմ թողնում։ Երսանկները բազմոցի տակ են։
Էռմեն բաճկոնը հանեց, դրեց բազմոցին, հետո սկսեց շապիկի կոճակները բացել։ Կոշիկները հանեց, կռացավ մի զույգ երսանկ վերցրեց, փորձեց։ Մյուսների պես սրբիչը գոտկատեղին փաթաթելով, սպասեց, որ կողքին հանվող մարդը վերջացնի, որպեսզի հետևի նրան։ Անսովոր լինելով երսանկներին՝ զգուշությամբ էր քայլում։ Մարդը դռան բռնակը պտտեց։ Նա այժմ սրահում էր, որի կենտրոնում մի ավազան կար և պատի երկայնությամբ շարված բազմաթիվ ծորակներ։ Գետնին նստած մարդիկ ցողվում էին ջրով և օճառվում։ Մի ծեր մարդ՝ բաղնիքի աշխատողներից, դես ու դեն էր գնում, քիսայում։ Մի խեղդող տաքություն էր տիրում սրահում։ Գոլորշուց ոչինչ չէր երևում։ Մարդիկ տաք քարերին փռված, ննջում էին։ Էռմեն սկսեց խմբից խումբ թափառել, հույս ունենալով Բորտակին տեսնել։ Վերջապես գնաց ելքի մոտ նստեց։ Քառորդ ժամ անց, ապարդյուն որոնումներից հետո, նա վերադարձավ կլոր դահլիճ՝ հագնվելու։ Սրբիչը հանելուն պես, նկատեց բաղնիքից դուրս եկող Բորտակին՝ ձեռքին մի փաթեթ, հավանաբար կեղտոտ սպիտակեղենը։ Էռմեն տղային կանչեց.
— Դուրս եկող մարդուն ճանաչո՞ւմ եք։
— Մեր հաճախորդներից է,— ասաց վերջինս,— բայց անունը չգիտեմ։
— Քիչ առաջ իզուր փնտրում էի նրան սրահում։
— Երկու ոսկի վճարողներից է։
— Այսի՞նքն։
— Առանձին համարում է լողանում։
«Կարմիր աքաղաղի» դաշնակահարը «Պիգալ» եղանակով դիմավորեց Էռմեին։ Մեկ լիրայով կարող էր «Մարսելյոզը» տանգոյի վերածել նրա համար։ Էռմեն աչք ածեց շուրջը, հետո տասն օր առաջ նստած տեղը գրավեց։ Նրա դիմաց երկու սեուդացի շարունակում էին բարում աշխատող աղջկա հետ շաղակրատել։ Սիգարը բերանին մարդը մտորելով, ծխում էր։ Պարի հրապարակում ոչ մի զույգ չկար։ Մատուցողը ատամների արանքից իր տեսած վերջին ֆիլմի եղանակն էր սուլում։
— Վիսկի։
Պատվիրածը ստանալուց հետո մի սիգարեթ վառեց, ծուխը շրթների շուրջը ոլորեց։
— Ահա և վերադարձել եք։
Անցած անգամվա կինն էր։ Նույն զգեստով։ Նստեց Էռմեի կողքին և ոչինչ չպատվիրեց։
— Մի բան վերցրեք,— ասաց Էռմեն մեկ րոպե անց։
— Կարո՞ղ եմ։
Էռմեն նայեց նրան։
— Ի՞նչ եք ուզում խմել։
Նա մատներով թակեց սեղանը։
— Իսկապես, կարո՞ղ եմ մի բան խմել։
— Քանի որ ասում եմ…
— Բարմեն,— կանչեց կինը։
Պատվիրելուց առաջ նա դարձավ Էռմեին։
— Դուք վստա՞հ եք, որ ձեր դրամապանակը տանը չեք մոռացել։
Հետո, չսպասելով պատասխանի, մի լիկյոր պատվիրեց։
— Ձեր հաշիվը փակեցի՞ք նրա հետ։
Սեուդացիներից մեկը գետնընկույզ մաքրեց և բարում աշխատող աղջկան առաջարկեց համտես անելու՝ զույգ մատները քաղաքավարությամբ տարավ նրա բերանը։ Աղջիկը գետնընկույզը կծեց, մնացածը վերադարձրեց նրան։ Սեուդացին մատներով վերցնելու փոխարեն, բերանով ներս քաշեց, հաստ շրթունքները քսելով աղջկա ձեռքին։ Էռմեն պարպեց իր բաժակը։
— Ի դեպ…
Նա սիգարեթի մոխիրը թափեց հատակին։
— Դուք ճանաչո՞ւմ եք այն մարդուն, որն իմ խմիչքի հաշիվը փակեց այն գիշեր։
— Այն գե՞րը։
— Այո, թերթ կարդացողը։
— Տեսքով գիտեմ։
— Նա հաճա՞խ է գալիս այստեղ։
— Ամեն երեկո։
Գիշերվա ժամը մեկն էր։ Անձրև սկսվեց։ Էռմեն մի կես ժամ սպասեց, հետո տուն դարձավ։ Հաջորդ օրը, առավոտյան ժամը երեքին, նորից «Կարմիր աքաղաղ» անցավ։ Կինը զրուցում էր մի նեգրի հետ։ Էռմեն նշան արեց նրան։ Կինը ներողություն խնդրեց, մոտեցավ և առաջինը խոսեց.
— Ձեր փնտրած մարդը հենց նոր դուրս եկավ։
Այս երեկո էլ անձրև կար։ Էռմեն առանց լույսերը վառելու, մեքենան դանդաղ քշեց։ Փողոցի ծայրին կանգ առավ։ Ոտնաձայն էր լսվում։ Ինչ֊որ մեկը քայլում էր առջևից։ Նա թողեց արգելակիչը, լույսերը վառեց։ Քայլող մարդը հանկարծակի շուռ եկավ, ցատկեց, մտածելով, թե մեքենան իր վրա է գալիս։ Բայց Բորտակը չէր։
===* * *===
Էռմեն ղեկին կծկված, Բորտակի մեքենան էր հետապնդում։ Այս անգամ պիտի բռներ նրան։ Կվերադարձնի հիսուն լիրան, կբացատրի կնոջ հիվանդությունը։ Բժշկական մանրամասներ, օրինակներ կբերի, կցրի նրա կասկածները։ Էռմեն մեղավոր չէ։ Ոչ մի օրենքի առաջ։ Ոչ ոք չի կարող անտարբերության մեջ մեղադրել։ Երկու տարվա ընթացքում, Տրիպոլիում, հարյուրավոր հիվանդներ է վիրահատել։ Ոչ մի մահ։ Բոլոր ընտանիքները երախտապարտ են նրան։ Նույնիսկ քաղաքապետը հպարտանում է, երբ Էռմեն իր հետ սեղան է նստում։ Էռմեն ունի անուն, դիրք և կին։ Նա օրինակելի կյանք է վարում։ Բորտակը ի՞նչ կարող է անել նրա դեմ։ Ոչինչ չի կարող անել, ոչինչ։ Նախ և առաջ, ո՞վ է այդ Բորտակը։ Տպարանատեր։ Ուրիշ ոչինչ։ Եթե կինը ցավեր ուներ, ուրեմն պետք է նախազգուշանար։ Եվ ի՞նչ է ուզում ասել իր շարժուձևով։ Սկսեց Էռմեին հետապնդել, հետո պարտք տվեց նրան և անհետացավ։ Ի՞նչ հույս ունի։ Ի՞նչ է նպատակը։ Վախեցնե՞լ։ Մոռանո՞ւմ է, որ վիրաբույժի հետ գործ ունի։ Նա մոռացե՞լ է, որ բոլորը հարգում են իրեն, որ բոլորը իր հետ են։ Խղճի խա՞յթ, բնա՛վ։ Ամեն օր ամեն գույնի մարդ ենք տեսնում։ Դատարկ բանի համար մարդիկ են մեռնում հիվանդանոցում։ Հետո՞։
Բորտակի «Ֆորդը», որին հետապնդում էր Էռմեի մեքենան, հասավ առանձնատներին։ Էռմեն ձեռքով նշան արեց Կյուրիին և շարունակեց ճամփան։ Բավական էր սեղմել ստարտերը, որպեսզի բռներ Բորտակին, որի վիզն էր տեսնում ապակու միջով։
Ճանապարհը հորիզոնական ձգվել էր։ Ձախից ծովն էր։ Աջից՝ լեռ։ Հողը խոնավ էր, և ոչ մի մեքենա չէր երևում։ Երեկոյան վեցը կլիներ, և արևի վերջին ճառագայթները պարում էին ծովի վրա։
Ինչո՞ւ այսպես դեսուդեն ընկնել։ Ի՞նչ պատճառով է հետապնդում Բորտակին։ Որպեսզի պարտքը վճարի՞։ Այլևս ոչինչ չէր հասկանում։ Անկասկած հոգնածություն էր։ Երկու տարի է արձակուրդ չի վերցրել։ Հոգնածության պատճառով է։ Ուրիշ արդարացում չէր գտնում։ Հանգստի, փոփոխության կարիք ուներ։ Հենց այս երեկո շուտ կպառկի։ Մնաս բարով, Բորտակ։ Անիմաստ բան էր օրերով նրան հետապնդելը, դարանակալելը, «Կարմիր աքաղաղում» ամբողջ գիշերներ հսկելը։ Հինգ րոպե առաջ նա մտածում էր մանրամասներ բացատրել Բորտակին կնոջ հիվանդության վերաբերյալ։ Այժմ մտածում էր միայն հիսուն լիրան վերադարձնելու մասին, առանց որևէ բացատրության։
Նա սկսեց ազդանշան տալ. հասկացնելու համար Բորտակին, որ ետևից գալիս է։ Մի քանի անգամ ազդանշան տվեց, առանց արդյունքի։ «Ֆորդը» շարունակում էր գնալ։ Սկզբում աջ քաշվեց, հրավիրելով նրան առաջ անցնել, բայց տեսնելով, որ Էռմեն նույն արագությունն է պահպանում, սկսեց ճանապարհի մեջտեղով վարել։
Հենց այդպես էլ կանի. ոչ մի բացատրություն չի տա։ Հիսունանոցը կվերադարձնի և ետ կդառնա։ Ոչ մի խոսք չի ասի։
Հանկարծ «Ֆորդն» արագությունը փոխեց և սկսեց ավելի արագ սահել։ Էռմեն ազդանշան տվեց և հասավ նրան։ Ձեռքով նշան արեց Բորտակին՝ առաջարկեց դանդաղեցնել։ Բայց Բորտակը ուշադրություն չդարձրեց նրա վրա։ Նա ուղիղ իր առջև էր նայում, կարծես Էռմեն գոյություն չունենար։ Հինգ րոպե նրանք այդպես քշեցին, հետո Էռմեն վրդովված հարվածեց ղեկին և արգելակիչը սեղմեց։ «Ֆորդը» դուրս եկավ ճանապարհից և խրվեց ցեխի մեջ։ Լռություն տիրեց։ Անշարժության մի րոպե՝ մեկի և մյուսի կողմից։ Էռմեն, որ հաշվի էր առել իր հարվածը, անվնաս, պայուսակը ձեռքին դուրս եկավ մեքենայից։
«Ֆորդի» դուռը ճռռաց, և Բորտակը երևաց։ Նա վերարկուն գցեց ուսին, ոտքը դրեց քարին, հետո երկու ոստյունով ցատկեց ասֆալտի վրա։ Էռմեն ձեռքը խոթեց բաճկոնի գրպանը, դրամապանակը հանեց և մի հիսունանոց մեկնեց նրան։
— Ձեր երախտիքը վերադարձնում եմ ձեզ։
Բորտակն առանց մի բան ասելու, թղթադրամը վերցրեց։
— Ես պատրաստ եմ ձեր մեքենայի վնասները փոխհատուցել,— ավելացրեց Էռմեն։
Հետո հանկարծակի ասաց.
— Որքա՞ն է։
— Մի բան չէ, ես ինքս գյուղում կնորոգեմ։
Նա հանգիստ էր խոսում, առանց բարկության, առանց վրեժխնդրության։ Էռմեն չպնդեց։ Նայեց իր «Սիտրոենին», որի թևը մի քիչ վնասվել էր։ Պայուսակը տեղը դրեց։ Բորտակը նստեց իր հին «Ֆորդը»։ Շարժիչը հազաց, հետո հանգավ։ Նա երկրորդ անգամ փորձեց, բայց շարժիչը բոլորովին չմիացավ։ Փորձեց մանևրելով ընթացքի գցել։ Ապարդյուն։ Էռմեն դիտում էր նրան։
— Հեռո՞ւ եք գնում։
Բորտակը դուռը բացեց.
— Ռուլթա։
— Քանի՞ կիլոմետր է։
Բորտակը մտածեց.
— Երկու հարյուր հիսուն։
Էռմեն նայեց ժամացույցին, գնալու և գալու ժամանակը մտքում հաշվեց։ Առնվազն յոթ ժամ։ Այսինքն՝ գիշերվա ժամը մեկին տուն կվերադառնա։ Ուզում էր հրաժարվել, բայց Բորտակի հարցական հայացքը տեսնելով, ասաց.
— Ես ձեզ կտանեմ, նստեք կողքիս։
Սրտովն էր։ Էռմեն պայուսակը ետևի նստարանին դրեց։ Բորտակը՝ ճամպրուկը ձեռքին, մոտեցավ։
— Ետևը դրեք։ Բռնակը սեղմեք և ձախ պտտեք։
Բորտակը դրեց, հետո կողքը նստեց։ Անխոս, մի անկյունում կծկված, վերարկուի օձիքը բարձրացրեց։ Էռմեն մեքենան ընթացքի գցեց։
— Ճանապարհը ինձ ցույց տվեք,— ասաց նա,— այս կողմերը ես լավ չգիտեմ։
Նա արագ էր քշում, զննելով Բորտակին, որն իր առջևն էր նայում։ Արդյոք ի՞նչ էր մտածում։ Էռմեն ինքնիրեն այդ հարցը տվեց և այլևս չզբաղվեց Բորտակով։ Չքաշվող, ամբարտավան և ավելի առնական էր կարծում նրան։ Այնինչ կողքին մի գեր, լռակյաց մարդ էր, որին Էռմեի ներկայությունը կարծես նեղում էր։
Պետք է որ վեցն անց կես լիներ։ Արևն անհետացել էր, և մի քանի նավ վերադառնում էին նավահանգիստ։ Աջից տեղ֊տեղ անտառով ծածկված լեռն էր հպարտորեն բարձրանում։
— Ռուլթայո՞ւմ եք ապրում,— հարցրեց Էռմեն։
Բորտակը լուռ էր և նեղվում էր։ Նա ուզում էր, որ վերջինս հարցեր տար, իր կնոջից խոսեր, որպեսզի կյանք արժեցած հիվանդության մասին բազմաթիվ բացատրություններ տար։
— Իմ հայրենի գյուղն է,— պատասխանեց Բորտակը,— շաբաթը մեկ անգամ գնում եմ այնտեղ։
Լռություն։ Մեքենայի լռություն։ Մեկ֊երկու նախադասություն, հետո տասը րոպե լռում են, մինչև զրույցը վերսկսվի։
— Հիմա ցուրտ կլինի այնտեղ՝ վերևում։
Բորտակը չպատասխանեց։ Նա գրպանից ծխախոտով լիքը մի մետաղյա տուփ հանեց և սկսեց սիգարեթ փաթաթել։ Վառելուց առաջ Էռմեին ճանապարհի շարունակությունը ցույց տվեց։ Մեքենան դուրս եկավ գլխավոր ճանապարհից և քարքարոտ, անխնամ ու երկու կողմից ձիթենիներով եզերված մի զառիվեր ճամփա բռնեց։
— Կարճ ճամփա է,— բացատրեց Բորտակը։
Նա սիգարեթը վառեց։
Ճանապարհի երկայնքով ցրված քարերը շեղում էին ուղղությունը։ Էռմեն, որ արագ էր քշում, կծկվել էր ղեկին։ Լույսերը նախապես վառել էր և փորձում էր փոսերից խուսափել։ Մի րոպե անց, Բորտակը հարցրեց.
— Կուզե՞ք ձեր փոխարեն ես վարեմ։
Էռմեն չպատասխանեց։ Նա մտածեց, ուղղությունը շեղեց մի քարակույտից, արգելակեց։
— Խճուղին հեռո՞ւ է։
— Քառորդ ժամ հետո այնտեղ կլինենք։ Թողեք ես վարեմ, ես ճամփան գիտեմ։
Էռմեն մեքենայի շուրջը դառնալով, Բորտակի տեղը նստեց, որը տեղավորվեց ղեկի մոտ։ Մինչև ընթացքի գցելը, սիգարեթը ծխեց, ծխուկը դեն գցեց։ Անհանգիստ Էռմեն աչքերը չէր կտրում նրանից, հսկում էր նրա շարժումները։ Ինչի՞ց էր վախենում։ Անսովոր բան չկար, բայց անհանգիստ էր։ Բորտակը զգուշությամբ էր վարում։
— Ես այս ճամփան չգիտեի,— ասաց Էռմեն մեկ րոպե անց։— Քարտեզի վրա նշված չէ։
Բորտակը չպատասխանեց։ Նա աչքերը չէր կտրում ճանապարհից։ Ստվերներն անսպասելի գծեր էին ստեղծում դեմքին։ Նա հազիվ էր դիպչում ղեկին, պետք եղած պահին ճիշտ ուղղություն էր տալիս։ Մեքենան համարյա առանց ցնցման էր գնում։ Քառորդ ժամ հետո լույսերը խավարի միջից որսացին կոկա֊կոլայի շիշը ներկայացնող ռեկլամը։ Էռմեն շունչ քաշեց։
Նրանք այժմ Ռուլթա տանող ճանապարհին էին։ Ձիթենիներն անհետացել էին, իրենց տեղը զիջելով եղևնիներին։ Պետք է որ ժամը ինը լիներ։ Ոլորաններից մեկի վրա Բորտակն արգելակեց և մեքենայից դուրս եկավ։ Անձրևից առաջացած մի փոքր փլուզում փակել էր ճանապարհը։ Բորտակը զննեց, մի քանի քար նետեց այն կողմ և նստեց տեղը։
— Ոչինչ,— ասաց նա,— կանցնենք։
Նա զգուշորեն դիպավ ստարտերին։ Անիվները օդի մեջ պտտվեցին, հետո խլեցին ճամփան։ Անցան։ Մի քանի րոպե հետո երևաց լեռան փեշին խրված Ռուլթան։ Լույսերը թարթում էին։ Հասնելուն պես՝ Բորտակը ճամպրուկը վերցրեց.
— Դուք Տրիպոլի կվերադառնա՞ք։
Էռմեն վարանեց ուշ ժամին նույն ճամփով գնալ։
— Կարո՞ղ եմ այստեղ մի հարմարավետ պանդոկ գտնել։
Բորտակը նորից նստեց, ճամպրուկը դրեց ծնկներին։
— «Մայամիում» սենյակ կճարեք։ Այդ հյուրանոցը միայն ամռանն է աշխատում, բայց անպայման մի բան կգտնեք։
Տրամադրությունը կարծես լավ էր։ Փչեց ձեռքերի մեջ։ Փողոցները նեղ էին։ Հատուկենտ անցորդներ շտապում էին տուն։ Հավաբնից աղմուկ էր լսվում։
— Թեքվեք ձախ։ Այգին տեսնո՞ւմ եք… Նորից՝ ձախ… Այնտեղ է։
Հետո, առանց մի բան ավելացնելու, ճամպրուկը վերցրեց և թաղվեց գիշերվա մեջ։ Կարծես շտապում էր թողնել բժշկին։
Էռմեն ապակին բարձրացրեց, դռները ստուգեց, պայուսակն առավ և գնաց ցույց տրված դուռը թակելու։ Ոչ մի ազդ չկար, որ հյուրանոցի մասին հայտներ, ցույց տար, որ այդ ծանր դռան ետևը սենյակներ, լվացարաններ, անկողիններ, ճերմակ սավաններ կան։ Հաճախորդին գրավող ոչ մի բան։ Համենայն դեպս, նա երկրորդ անգամ թակեց և զարմացավ, քայլերի ձայն լսելով ու դռան բացվածքի մեջ մարդու գլուխ տեսնելով։
— Սենյակի համար եմ եկել,— ասաց Էռմեն։
Մարդը նրան ներս թողեց, հետո տասնչորս֊տասնհինգ տարեկան մի տղայի հետ վերադարձավ։ Նա ձեռքին գրիչ ուներ։ Հավանաբար դասերն էր պատրաստում։
— Սենյակ եմ ուզում,— կրկնեց Էռմեն։— Գիշերելու համար։
Պանդոկատերը որդու բացատրությունները լսեց։
— Մենք սենյակ շատ ունենք, բայց քանի որ սեզոնը չէ, էլեկտրականություն չկա։ Եվ չեն տաքացվում։
— Ինձ մոմն էլ բավական է,— պատասխանեց Էռմեն, որ ավելի վատ բան էր սպասում։— Կուզե՞ք սկզբից վճարեմ։
Միշտ հետևում էր կարգուկանոնին։ Պանդոկատերը, որ ֆրանսերեն չէր հասկանում, շարժումներից կռահեց, որ նա պատրաստվում է դրամապանակը հանել, կանգնեցրեց նրան։
— Վաղն առավոտյան,— թարգմանեց նրա որդին։
Կեղտոտ աստիճաններով հետևեց նրանց և խորշեց բազրիքին դիպչել։ Երկրորդ հարկում պանդոկատերը մի դուռ բացեց և լապտերը ձեռքին ներս թողեց նրան։
Մի նեղ սենյակ էր՝ բորբոսահոտով։ Պատին՝ ժանգը կերած մի սպիտակ մահճակալ էր կպցրած, վերմակը սավան չուներ։ Փողոցին նայող պատուհանի մոտ մի գիշերասեղան կար։ Հայելապատ մեծ պահարանն ամբողջացնում էր սենյակի կահավորումը։
— Լավ է,— ասաց Էռմեն,— բայց սավան եմ ուզում։
Տղան իջավ գտնելու և բերեց դրեց մահճակալին։
— Ձեր լապտերն էլ թողեք ինձ։
Մենակ մնալով, դուռը ծածկեց և նկատեց, որ փական չունի։ Վերմակը վերցրեց և սավանները փռեց։ Պառկելուց առաջ սեղանը դռան ետևը հրեց, հանգցրեց նավթի լապտերը և մի սիգարեթ վառեց։ Սև, լուռ և ճնշող գիշեր։ Ծխախոտը լափող կրակի ճթճթոցը և իր ժամացույցի միալար թկթկոցն էր միայն լսում։ Որքա՞ն ժամանակ արթուն մնաց։ Չէր կարող ասել։ Առավոտյան, երբ աչքերը բացեց, հորդ անձրև էր գալիս։ Աղոտ լույսը դժվարությամբ թափանցում էր պատուհանով և խառնակ ու երկար ստվերներ տարածում սենյակում։ Նա վեր կացավ, ցատկեց դեպի պատուհանը։ Մեքենան տեղում էր։ Հանգստացած հագնվեց, սեղանը հրեց տեղը։ Առաջին հարկում պանդոկատերը, սենեկազգեստի վրա վերարկու հագած, նախաճաշն էր ավարտում։ Մի քանի տղա պտտվում էին նրա շուրջը։
— Որքա՞ն եմ ձեզ պարտք։
Էռմեն հիշեց, որ նա ֆրանսերեն չի խոսում։ Ձեռքով նշան արեց և դրամապանակը հանեց։ Հինգ լիրա դրեց սեղանին։ Պանդոկատերը թղթադրամը դրեց արկղը և երկու լիրա վերադարձրեց։ Հետո գնաց դուռը բացելու։ Անձրևի տարափը ներս խուժեց։ Էռմեն բանալիները փնտրեց և նետվեց դեպի մեքենան։
Նա դանդաղ էր քշում։ Փողոցները առու էին դարձել, տեղ֊տեղ անիվները կիսով չափ մտնում էին ջուրը։ Խանութները փակ էին։ Մարդ չկար, պատուհանների վարագույրների ետևից մարդկային մի քանի ստվերներ էին երևում։
Աջ դարձավ, Տրիպոլիի ճանապարհը ճանաչեց, որն ավելի լավ վիճակում էր, քան քաղաքի նեղ փողոցները։ Այդ ճամփան բռնեց։ Բայց հեռու չգնաց։ Երկու կիլոմետր այն կողմ ճանապարհը փակվել էր փլուզումից։ Ստիպված եղավ շրջվել և վերադառնալ հյուրանոց։ Շարժիչի ձայնը լսելով, պանդոկատերը դուռը բացեց։ Էռմեն, պայուսակը ձեռքին, մտավ նախասրահ։ Ձեռքի շարժումներով պանդոկատիրոջը բացատրեց, որ լեռը փլվել է և նամակի թուղթ ուզեց։
Ճարպի և լցոնած սմբուկի տհաճ հոտը գրգռեց Էռմեի նուրբ ռունգերը։ Նոր գրված նամակները գրպանը դրեց, հետո նայեց ժամացույցին։ Տասներկուսն անց տասն էր, շարունակ անձրևում էր, հորդ, աղմկալից, ջղային անձրև էր, կարծես վրեժ էր լուծում։ Պատուհանից երևում էին միայն ջրի տակ լվացվող «Սիտրոենը» և դիմացի գավիթով տունը։
— Մտե՛ք։
Պանդոկատիրոջ տղան երևաց։ Անջրանցիկ թիկնոց էր գցել ուսերին։ Կոշիկներն ու գուլպաները թրջվել էին և ցեխից կեղտոտվել։
— Նախաճաշը պատրաստ է։
Էռմեն սենյակից դուրս գալու և նրանց հետ սեղան նստելու ոչ մի ցանկություն չուներ։
— Ես ուզում եմ այստեղ նախաճաշել,— ասաց նա։— Պահածոներ ունե՞ք։ Մի տուփ սարդին, աղացած միս և մի կտոր հաց ու պանիր։
— Սմբուկ չե՞ք ուզում։
— Ես գերադասում եմ մի տուփ պահածո։
Տղան իջավ։ Տասը րոպե հետո վերադարձավ, ձեռքին՝ մի ափսե, պատառաքաղ և մի կտոր հաց։ Գրպանից հանեց մի թերթ, մի տուփ սարդին և սպիտակ թղթի մեջ փաթաթված պանիր։ Էռմեն ետ ու առաջ էր անում։
— Ինչ եք կարծում, անձրևը երկա՞ր կտևի։
— Երկու֊երեք օր։
— Տրիպոլի տանող ուրիշ ճամփաներ կա՞ն։
Տղան գլուխը բացասաբար շարժեց։ Նա շտապում էր ներքև իջնել և նախաճաշել։
— Իսկ ի՞նչ պետք է անել։ Ճամփան փակ է։
— Պետք է սպասել։ Ամեն տարի նույն բանն է։
Նա սպասեց մինչև կեսօրվա երեքը, հետո, համբերությունը հատած, ջղայնացած, գնաց մեքենայով մի պտույտ անելու՝ փոստի բաժանմունք կամ կոմիսարիատ գտնելու հույսով։ Փոստը չգտավ, բայց մի դարպասի վրա աչքովն ընկավ ծածանվող լիբանանյան դրոշը։ Նա ցատկեց մեքենայից, պտտեց բռնակը։ Մի մարդ, վառարանի մոտ նստած, ձեռքերն էր տաքացնում։ Նա կանաչավուն շալվար էր հագել և մի գորշ պուլովեր։ Էռմեին տեսնելով, աչքերը կկոցեց, որպեսզի ճանաչի։
— Կոմիսա՞րն եք։
Հավանաբար ֆրանսերեն ոչ մի բառ չգիտեր։ Նա վեր կացավ։ Էռմեն ցույց տվեց ինքնության թուղթը և աշխատեց հասկացնել իր միտքը։
— Տրիպոլի գնում… Բժիշկ… Հիվանդանոց…
Մյուսը ճիգ գործադրեց։ Ապարդյուն։ Նրանք մի պահ լռեցին։ Մի բոց թռավ վառարանից։ Կոմիսարը որոշում ընդունեց։ Նախ՝ հագավ թրջված բաճկոնը, որ աթոռի մեջքին՝ կրակի մոտ չորանում էր և Էռմեին նշան արեց հետևել իրեն։ Նրանք անձրևի տակ կտրեցին փողոցը և մտան գյուղի միակ սրճարանը։ Մի անկյունում երկու հոգի դոմինո էին խաղում, մյուսները, սրահի կենտրոնում նստած՝ թուղթ։ Իսկ պատուհանի մոտ Բորտակը ապերիտիվի բաժակը ձեռքին, թերթ էր կարդում։ Էռմեին տեսնելով, տեղից չշարժվեց։ Կոմիսարը մոտեցավ նրան, արաբերեն խոսեց հետը։ Բորտակն աչքերը բարձրացրեց և հանդիպեց Էռմեի հայացքին։ Նա լսեց կոմիսարին, ապա.
— Նա ուզում է ճշգրիտ իմանալ, թե ի՞նչ եք ուզում։
Էռմեն պատասխանեց.
— Ուզում եմ Տրիպոլի վերադառնալ։ Միջոց կա՞։
Բորտակը կրկնեց արաբերեն, սպասեց պատասխանին, թարգմանեց.
— Երկու օրից ոչ շուտ։ Բոլոր ճամփաները փակված են։
— Հարցրեք, կարո՞ղ եմ զանգ տալ։ Իմ բացակայության պատճառով հիվանդանոցում կանհանգստանան։
— Հեռախոսագիծը վնասված է,— թարգմանեց Բորտակը։
Էռմեն մտածեց.
— Երկու օրից հետո Տրիպոլի կհասնե՞մ։ Դա հաստա՞տ է։
Բորտակը թարգմանեց և Էռմեին ասաց.
— Դուք ո՞վ եք։
Էռմեն չհասկացավ։ Բորտակը կրկնեց իր հարցը։
— Կոմիսարն ուզում է իմանալ, թե դուք ո՞վ եք։
— Դուք լավ գիտեք, թե ով եմ։
Եվ քանի որ Բորտակը սպասում էր պատասխանի, նա ասաց.
— Իմ անունն է Պիեռ Էռմե։ Ես բժիշկ եմ և երկու տարի է, ինչ աշխատում եմ Սեն֊Շառլ հիվանդանոցում։
Բորտակը թարգմանեց.
— Երկու օրից ճամփաները կբացվեն։
— Վերջին հարցը. իմացեք, հնարավո՞ր է արդյոք «Մայամիից» ավելի հարմարավետ մի ուրիշ հյուրանոց ճարել։
— Այո, «Ֆլորիդան»՝ նույն անունը կրող կինոթատրոնի վրա։
— Շնորհակալ եմ,— ասաց նա չոր։
Հյուրանոց վերադառնալուց առաջ որոնեց «Ֆլորիդան»։ Դա չորսհարկանի, նորաձև շենք էր՝ կարմիր ներկված փեղկերով և կանաչ վարագույրներով։ Առաջին հարկում, կողպված վանդակի ետևում, կովբոյի գլուխ էր երևում աֆիշից։ Էռմեն սեղմեց զանգի կոճակը։ Մի գիրուկ մարդ բացեց դուռը։ Նա բարակ բեղ ուներ, որ կակղամորթի պես մերթ երկարում էր, մերթ կծկվում շրթունքի վրա։ Ոտքերին վարդագույն բրդյա հողաթափեր կային։
— Մենք ձմռանը սենյակ չենք տալիս,— ասաց նա։
— Ես ընդամենը երկու օր պիտի մնամ։
— Միայն սեզոնի ընթացքում։
— Ես մեկ ամսվա գինը կվճարեմ։
Բեղը կծկվեց.
— Կանխիկ,— ավելացրեց Էռմեն։
Նա ձեռքը խոթեց գրպանը։
— Կոմիսարն է հանձնարարել ձեր հյուրանոցը։
Բեղը երկարեց.
— Ցավում եմ,— ասաց պանդոկապետը,— իսկապես անհնար է։
Էռմեն մտածեց մի պահ, հետո մեքենա նստեց։ Ժամը վեցը կլիներ։ Անձրևը կտրվել էր, բայց նոր ամպրոպներ էին սպասվում։ Ցածր ու սև ամպերը մթնեցրել էին քաղաքը։ Մի քանի խանութներում նավթի լամպ էր վառվում։ Էռմեն մտավ հյուրանոց, առավոտյան գրած նամակները կարդաց, հետո առանց հանվելու, մեկնվեց անկողնու վրա։
— Ֆիլմը ժամը իննին է, բայց ինն անց կեսից շուտ չի սկսվում,— ասաց պանդոկատիրոջ որդին։— Եթե ուզում եք գնալ, դռան բանալին կտանք ձեզ։
Էռմեն բանալին վերցրեց, դուրս եկավ։ Փողոցում մութ էր։ Փոշոտ քամին նրան ստիպեց պատսպարվել մեքենայում։ Նա ընթացքի գցեց շարժիչը և բռնեց Տրիպոլիի ճանապարհը։ Բայց հազիվ էր մի կիլոմետր անցել, երբ ստիպված եղավ ետ դառնալ։ Ցեխ էր։ Ժամը իննին հասավ կինոթատրոն։ Դարպասը բաց էր և եռանկյուն սրահում մի քանի մարդ ֆիլմի լուսանկարներն էին նայում։ Տոմսարկղ չկար։ Մուտքի առջև վարդագույն հողաթափեր հագած, բարակ բեղով մարդը դրամ էր գանձում, պարզապես դրամը դնում էր գրպանը՝ առանց տոմս տալու։ Նրա ձախ ձեռքում մետաղադրամներ կային։ Էռմեն կես լիրա վճարեց և մտավ դահլիճ։ Միջանցքի նմանվող մի կինոթատրոն էր՝ առանց օթյակի։ Մուտքը էկրանի մոտից էր և մտնելուն պես, ցուցադրման խցիկի պատին երևում էր երեք անցք։ Նստարանները և աթոռները փոխարինում էին բազկաթոռներին։ Խոնավությունից քայքայված պատերի վրա հաջորդ ֆիլմի ազդերն էին։ Էռմեն նստեց։ Հինգ րոպե հետո հանդիսատեսը սկսեց ներս մտնել։ Մեծ մասամբ երիտասարդներ էին, որ մտնում էին, հեծանիվները դնում պատի տակ և ձմերուկի կորիզ ուտում։ Ինն անց կեսին հնչեց զանգը։ Ֆիլմն սկսվում էր։ Բորտակը երևաց։ Նա մուտքի մոտ հանգցրեց սիգարեթը, ուսի շարժումով վերարկուն շտկեց և շարժվեց սրահի խորքը։
Ժուռնալն սկսվեց, ամերիկյան կարճամետրաժ էր՝ նվիրված Լոս Անջելեսի կյանքի վայելքներին։ Յախտեր, ավազի վրա խաղացող երեխաներ, արևի տակ պառկած գեղեցիկ կանայք։ Բորտակի հազը։ Հետո տեսարանը փոխվեց։ Պարասրահ, կիսով չափ քնած նվագախումբ, երիտասարդ նշանվածներ, գորովալից ծնողներ, սիրային երգեր։ Բորտակի հազը։ Նորից լողափ. երիտասարդ ջրասույզներ, սուզվելու գործողությունը դանդաղ նկարահանված, ավազի դղյակներ, մշտական ջրային դահուկներ, հարսանեկան քողին նմանվող ալիքներ, խեցիների հավաքում։ Բորտակի հազը։ Բաց մեքենայի մեջ, լուսնի շողերի տակ հրաժեշտի համբույր։ Բորտակը հազաց։ Ընդմիջում։ Դահլիճի կեսը դատարկվեց։ Էռմեն շուռ եկավ և տեսավ Բորտակին. ապարատի մոտ կանգնած զրուցում էր դահլիճի տիրոջ հետ։ Արդյոք Բորտակն էլ էր նկատե՞լ նրան։ Համենայն դեպս, կարծես չէր հետաքրքրվում Էռմեով։ Նա խոսում էր ցածր ձայնով, վերարկուի մեջ փաթաթված, սիգարեթը՝ մատների արանքում։ Քառորդ ժամ ընդմիջումից հետո սկսվեց լիամետրաժ ֆիլմը։ Վեստերն էր։ Կրակոցներ, շերիֆ, հետապնդում, և Էռմեն մութ սրահում նեղված, սպասում էր և հաշվում Բորտակի խուլ հազերը։ Ֆիլմի վերջանալու վրա Բորտակի ստվերը գծվեց էկրանին։ Վեր էր կացել և, առանց ավարտին սպասելու, դուրս էր գալիս դահլիճից։ Վերջին կրակոցից հետո լույսը վառվեց։ Էռմեն հյուրանոց չվերադարձավ։ Նորից անձրև եկավ։
— Բժի՜շկ. բժի՛շկ…
Նա մի աչքը բացեց, հետո մյուսը։ Մեկը կանչում էր փողոցից։ Սպասեց։
— Բժի՛շկ, բժի՜շկ…
Մի քար դիպավ ապակուն։ Էռմեն վարագույրները ետ տարավ և պատուհանից նայեց ներքև։ Նա կարծում էր, թե Բորտակն է, բայց զանազանեց անծանոթ սիլուետը։
— Ի՞նչ կա։
— Կինս հիվանդ է…
— Հիմա կիջնեմ։
Նա վառեց լամպը, անշտապ հագնվեց, վերցրեց պայուսակը և իջավ ներքև։ Մարդը նրան սպասում էր անձրևի տակ։ Նա կրկնակոշիկ էր հագել և սև, անջրանցիկ թիկնոց։
— Հեռո՞ւ եք ապրում։
— Դիմացի տանը։
Դիմացի տունը կողքի փողոցն էր։ Արագ քայլում էին ջրափոսերի և ցեխի միջով։ Վերջապես կոմիսարիատից քիչ հեռու, հասան մի դռան.
— Մտեք, բժիշկ…
Միջանցք, հետո մի փոքրիկ սենյակ։ Կենտրոնում մահճակալ կար, որի վրա մի կին էր տարածվել։ Այլայլված դեմքով, անշարժ բերանով, ձեռքերը փորին խաչած նայում էր Էռմեին։ Երկու տղա խռմփացնում էին պատի տակ դրված բազմոցին։ Խաղալիքներն ընկած էին հատակին։ Մահճակալի վերը տեղավորված էլեկտրական լամպից դեղնորակ լույս էր ծորում։ Էռմեն քննեց կնոջը, ջերմությունը չափեց, ստեթոսկոպով աջ և ձախ ստուգեց, գտավ, որ տենդ ունի։ Դարձավ ամուսնուն.
— Տենդ ունի։ Հավանաբար մրսել է։
Մարդը մի սիգարեթ կպցրեց։ Նրա դեմքը փոքր էր և ոսկրոտ, աչքերը՝ թեթևակի շեղ։ Նույնիսկ դիմացից, թվում էր, թե կիսադեմից ես նայում։
— Սրա համար մարդու չեն անհանգստացնի։
Էռմեն իր համար սովորական դարձած գործիքները շոշափելով՝ վստահություն առավ։ Իրեն զորեղ զգաց, ինչպես հիվանդանոցում։ Դասավորեց պայուսակը, վզնոցն ուղղեց և ուզեց դուրս գալ։
— Բժիշկ…
Մարդը մոտեցավ նրան և ցածր ձայնով ասաց.
— Երկու ամսվա հղի է,— ու գլխով կնոջը ցույց տվեց։
Շնչառությունը խռպոտ էր։ Նրանից օղու և սխտորի հոտ էր գալիս։
— Հետո՞,— ասաց Էռմեն։
Մարդը ծուխը քաշեց, կլանեց.
— Արդեն հինգ զավակ ունի։ Մյուս երեքը կողքի սենյակում են պառկած։
Նա ֆրանսերեն ճիշտ էր խոսում, միօրինակ շեշտադրությամբ։
— Նա հարուստ չէ և վեցերորդ երեխայի գալուստն էլ…
— Պետք է նախապես մտածեիք,— կտրուկ ասաց Էռմեն։
— Ես ձեզ խաբեցի քիչ առաջ, բժիշկ։ Ես այս ընտանիքի բարեկամն եմ։ Ամուսինը երկու տարի է, ինչ մեռած է։ Գուցե այս բանը կարգավորելու միջոց կա…
Էռմեն ուսերը թոթվեց և, առանց պատասխանելու, դուրս եկավ։
Բորտակն անտարբեր թարգմանեց.
— Երեք հոգուց բաղկացած մի խումբ և մի մեքենա զբաղված են ճամփան նորոգելով։
— …
— Երեք օրից հետո ճամփան բաց կլինի։
Կոմիսարը մի երկու բառ էլ ավելացրեց։
— Եթե անձրև չլինի,— ամբողջացրեց Բորտակը։
— …
— Եթե անձրև գա, պետք կլինի մի երկու օր էլ սպասել։
— …
— Ոչ, հեռախոսագիծը չի գործում։ Տասը կիլոմետր այստեղից հեռու, Լամունից մի գյուղացի լուրը բերեց։ Նրա հեռախոսը աշխատում էր։
— …
Ճար չկար։ Պետք էր սպասել։
— …
— Կոմիսարը հարցնում է՝ արդյոք գո՞հ եք այստեղ գալուց։
Էռմեին թվաց, թե Բորտակը ծաղրում է իրեն։
Հաջորդ առավոտ Բորտակը՝ ձեռքին մի մեծ ճամպրուկ, Էռմեի դուռը թակեց։
— Մտեք։
Էռմեն ետ ու առաջ էր անում սենյակում և երբեմն կանգնում էր պատուհանի առջև։ Անձրև չկար։ Գունատ արևը ծակում էր ամպերը և կաթնագույն լույսով աշխուժացնում սենյակը։ Փողոցում վերջին ջրերն էին հոսում։
— Ես վաղը գնում եմ Լամուն,— ասաց Բորտակը։— Երևի մի էշ կամ մի ձի ճարեմ։
— Ինչի՞ համար,— հարցրեց Էռմեն։
— Տրիպոլիում գործ ունեմ։ Ձիով կամ լավ ջորիով նույն օրը երեկոյան Տրիպոլիում կլինեմ։
Նա լուրջ էր խոսում։ Մաքուր սափրվել էր, վրայից օդեկոլոնի հոտ էր գալիս։ Այս առավոտ հատուկ խնամքով էր հագնված։ Առատորեն բրիլյանտին էր քսել մազերին։ Էռմեն դժվարությամբ էր պատկերացնում նրան էշի, ձիու կամ ջորու վրա։
— Ես գնամ եմ Լամուն,— կրկնեց Բորտակը։— Եթե կուզեք, զանգ կտամ հիվանդանոց, կասեմ, որ այստեղ եք։
Էռմեն մտածեց.
— Լամունը հեռո՞ւ է։
— Տասը կիլոմետր։
— Ինչպե՞ս եք գնալու։
— Ոտքով։
Նա որոշեց.
— Ձեզ հետ կգամ։
Անգործությունը հիվանդացնում էր նրան։ Նա այլևս չէր կարողանում այդ սենյակում մնալ, ետ ու առաջ քայլել և խոհանոցի օդը շնչել։ Բորտակը համակրելի թվաց նրան։ Քիչ մնաց կետ առ կետ բացատրեր նրա կնոջ հիվանդության տեխնիկական մանրամասները։
— Ասեք ինձ…
Նա մտադրությունը վախեց, սիգարեթ առաջարկեց Բորտակին, վերջինս վերցրեց, հետո կրակ տվեց նրան։
— Մեքենաս, որտե՞ղ կարող եմ թողնել։
— Գարաժում,— հուշեց Բորտակը։— «Ֆլորիդայի» գարաժում։ Երբ ճամփաները կարգին լինեն, կվերադառնաք կվերցնեք։
Նրանք քայլում էին ասֆալտի վրայով։ Կողքից ցից֊ցից ժայռերով ծածկված լեռն էր, որը հարկ առ հարկ իջնում էր դեպի հովիտ։ Հեռվում սոճիների մի փոքրիկ պուրակ երևաց։ Հետո Լամունը՝ վերը, ձախից՝ զանգակատնով և ցրված տներով։ Բորտակը ճամպրուկը ձեռքին, քայլում էր առջևից։ Ետևից Էռմեն էր՝ պայուսակը թևի տակ։ Նա չէր խոսում։ Բորտակը ժամանակ առ ժամանակ, առանց ընթացքը փոխելու, ոտքով մի քար էր հրում։ Երբեմն կանգ էր առնում և խոր շունչ քաշում։
Ճամփան թեթև զառիվերով բարձրանում էր։ Չորացած ցեխի մեջ ինչ֊որ մեքենայի հետքեր էին մնացել։ Երկու ժամ հետո նրանք հասան Լամուն։ Փողոցները Ռուլթայի նման նեղ էին և վերջերս եկած անձրևներից հեղեղված։ Լավ եղանակից օգտվելով, գյուղացիք ոչխարի հոտը քշում էին սարը։ Էռմեն մոտեցավ Բորտակին։
— Ես կուզեի նախաճաշից առաջ զանգ տալ։
Բորտակը նայեց նրան և, առանց պատասխանելու, շարունակեց քայլել։ Փողոցի անկյունում մի սրճարանի դուռ բացեց։ Էռմեն էլ մտավ։ Փոքրիկ սրահ էր, առանց պատուհանի, թաց փայտի հոտ էր գալիս։ Անկյունում տերը մի այցելուի հետ դոմինո էր խաղում։ Նրանց տեսնելով, ընդհատեց խաղը։ Բորտակը արաբերեն խոսեց հետը, հետո մի աթոռ ցույց տվեց Էռմեին և նստեց նրա առջև։ Նրանք անխոս նախաճաշեցին և յուրաքանչյուրը իր հաշիվը վճարեց։ Գարաժում նրանց հայտնեցին, որ ոչ մի մեքենա երկու֊երեք օրից շուտ չի կարող Տրիպոլի գնալ և, որ ոչ մեկը իր ձիերը վարձով չի տա։ Ավելի լավ էր սպասել։ Էռմեն զանգ տվեց հիվանդանոց, հետո՝ Կյուրիին։ Հանգստացած, Բորտակի հետ գնաց հյուրանոց։ Վերջինս նորից մռայլվել էր և միայն կարևոր բաների համար էր բերանը բացում։ Նա խուսափում էր Էռմեին նայել։ Հասնելով գյուղի միակ հյուրանոցը, նա կանգ առավ, ճամպրուկը դրեց գետնին և դուռը բախեց։ Դռան բացվածքի մեջ մի կնոջ գլուխ երևաց։ Բորտակը արաբերեն խոսեց նրա հետ, ապա դարձավ Էռմեին.
— Մեզ կարող է երկու սենյակ վարձով տալ։ Ի՞նչ եք որոշում։
— Ես մնում եմ,— ասաց Էռմեն։— Միևնույն բանն է, այստեղ սպասել, թե Ռուլթայում։
Մութ աստիճաններով հետևեցին կնոջը։ Նա երկու հարևան սենյակներ ցույց տվեց և Բորտակի հետ մի քանի բառ փոխանակելով, հեռացավ։ Այժմ ամեն մեկն իր սենյակում էր։ Հանդարտված, Էռմեն պատահարը լավ կողմից բացատրեց։ Բորտակը մեկ մռայլ էր, մեկ լավ տրամադրության մեջ։ Մեկ ժամ հետո նա թակեց Էռմեի դուռը։ Նրա սափրված այտերից օդեկոլոնի բուրմունք էր տարածվում։ Հայացքը պայծառ էր։ Վերարկու չէր հագել։
— Կադիշայի քարայրը գիտե՞ք, բժիշկ։
Էռմեն, որ պառկած էր մահճակալին, վեր կացավ։ Պատուհանը երկնքի գորշ պաստառի վրա սոճիների գագաթներն էր կտրում։ Շուրջը լուռ էր, հանդարտ։
— Ստալագմիտների քարա՞յրը։
— Դա հրաշալիք է, և ափսոս է առիթը բաց թողնել։
Քարայրը գյուղի մոտ էր։ Մի պաշտոնյա նրանց երկու տոմսակ մեկնեց և առաջնորդեց։ Լպրծուն հողը նրանց ստիպում էր հենվել բազրիքին, որի ետևում քչքչում էր լեռան տակից հոսող ջուրը։ Ժայռերի արանքներում թաքնված էլեկտրական լամպերի լույսը խորհրդավոր ստվերներ էր առաջացնում և սրածայր ստալակտիտները սպառնալից տեսք էին ընդունում։ Խոտի թարմ բուրմունքը լցվում էր թոքերը։ Ամենափոքր բառն իսկ դիպչում էր ժայռերին, որոնք ձևափոխում էին բառը և տեղնուտեղը նվաղուն ու քողարկված վերադարձնում։ Պաշտոնյան և Բորտակը քայլում էին Էռմեի առջևից։ Նրանք զգուշությամբ էին շարժվում։ Ճիշտն ասած, ոչ մի վտանգի չէին ենթարկվի, որովհետև քարայրը զբոսաշրջային նպատակներին էր հատկացված և, ժամանակ առ ժամանակ ողնուղեղը խտղտացնող սարսուռը՝ ծրագրի մի մասն էր կազմում։ Քարայրի խորքը հասնելուն պես լույսը հանգավ։ Նրանք անշարժ մնացին իրենց տեղում, սպասելով, որ վթարը վերջանա։ Թանձր խավար էր շրջապատել նրանց։ Երեք րոպե հետո պաշտոնյան հրահանը վառեց.
— Գնամ տեսնեմ ի՞նչ է պատահել,— ասաց նա։
Նա Էռմեի մոտով անցավ, և հրահանի փոքրիկ լույսը շուտով կորավ խավարի մեջ։
Այդ պահին անծանոթ և հանկարծակի մի վախ բռնեց Էռմեին։ Գիտեր, որ Բորտակն իր առջևում է, երկու մետրի վրա, բայց մի անորոշ զգացում նրան ասում էր, որ Բորտակը իր կողմն է գալիս։ Մի սարսուռ անցավ նրա մարմնով, որ խառնվեց գործած սխալի ստույգությանը, և ոտքերը ծալվեցին։ Պետք է բազրիքին հենվեր, քանի որ հողը փախչում էր ոտքերի տակից։ Հետո, խոնավ բազրիքին դիպչելուց, արյունը նորից հոսեց երակներով և մի կողմ վանեց վաղանցուկ տագնապը։ Բայց տեղնուտեղը, նրա զգոն ականջները մի անորոշ աղմուկ որսացին։ Քա՞յլ էր։ Գետնին լուցկի՞ ընկավ։ Զսպված հառաչա՞նք էր։ Ասել չէր կարող։ Վախը երկրորդ անգամ բռնեց նրան։ Լարված նյարդերով փորձեց ձեռքը տանել գրպանը և լուցկու տուփը հանել, բայց չկարողացավ շարժումն ավարտել։ Տագնապը և հուզմունքը ջլատել էին նրան։ Նա միայն մի բան էր մտածում՝ դուրս գալ քարայրից։ Բայց մթության մեջ հեշտ չէր։ Ամեն քայլափոխի կարող էր սայթաքել։ Նրա գրգռված զգայարանները ձևափոխում էին անցած վայրերը։ Նա վստահ էր, որ ուղղություն տվող բետոնե բազրիքը տեղ֊տեղ անհետանում էր։ Եվ, եթե վերադառնար, կարող էր ջուրն ընկնել։ Այնուամենայնիվ, փորձեց իրեն տիրապետել, կարծելով, որ Բորտակը ուր որ է կնետվի իր վրա։ Բայց գործած ճիգը ավելի ընդգծեց նրա փայտացած վիճակը։ Նրան թվաց, թե փոքրիկ ումպերով արագ֊արագ շնչած օդը կանգնում է կոկորդում և որ հիմա սիրտը կդադարի բաբախելուց։ Ավելի շուտ նա այն տպավորությունն ստացավ, թե խավարի միջով Բորտակը զննում է իրեն։ Նա Բորտակի պաղ և կոշտ հայացքը զգաց իր ոտքերին, կարծես ուզում էր իրեն՝ Էռմեին վար նետել բազրիքից, և նորից հողը փախավ նրա ոտքերի տակից։
Բորտակի կողմից ոչ մի աղմուկ չէր գալիս։ Նա, որ սովորություն ուներ հազալու, նույնիսկ չէր հազում։ Անգամ խշշոց չկար։ Ոչինչ։ Այնպիսի լռություն էր, որ այդ սաստիկ վախի մեջ մի նոր տարր մտավ, վախ, որ առաջացավ Բորտակի և պաշտոնյայի համաձայնությունից ու իրեն քարայրում թողնելու և սատկեցնելու որոշումից։ Մի վայրկյանում այս զգացումն ահռելի չափերի հասավ։ Նա իրեն կորած զգաց։ Մինչև գործելը, բազմաթիվ մտքեր բախվեցին նրա գլխում։ Արդյո՞ք Բորտակը անցել է իր մոտով և հասել մուտքի դռանը։ Քարայրի խորքում արդյոք մի ուրիշ դուռ գոյության չունի՞։ Նա փորձեց կարգավորել իր շարժումները, ուժերը իզուր չծախսել։ Սառնասրտություն։ Նա ամփոփվեց իր մեջ, և ինքնամփոփումն իսկապես կոտրեց փայտացածությունը։ Նա ձեռքը շարժեց և տարավ բաճկոնի գրպանը, լուցկու տուփը վերցրեց և վառեց։ Բոցը հրմշտեց ստվերները և ճիշտ ժամանակին Բորտակը երևաց՝ բազրիքին հենված, չկպցրած սիգարեթը մատների արանքում։
— Կրակ չե՞ք տա ինձ։
Տուփը նրան մեկնելու պահին հոսանքը միացավ։ Սարսափի խավարը կամաց֊կամաց լքում էր Էռմեի մարմինը, բայց հողը դեռ ծանր էր թվում նրան։
===* * *===
Կտավի պես ձգված, անբիծ, սպիտակ և պայծառ երկնքի տակ մի թեթև քամի վրձնի նմանվող եղևնիների կատարները ճոճեց։ Ամպեր ուրվագծվեցին, հետո լեռան ետևից քամուց քշված ուրիշ սև ու ծանր ամպեր եկան և պղտորեցին նկարը։ Գետնամած քամին թևածեց կարճ խոտերի վրա, դողացրեց նրանց և մարեց։ Լքված ամպերը որոտացին, բայց ոչ մի կայծակ չեկավ նրանց ազատելու, ծանր կախվեցին և օդը դարձրին հեղձուցիչ։
Էռմեն, պատուհանին խոնարհված, ծխում էր։ Եղանակի հանկարծակի փոխվելը զարմացնում էր նրան։ Անձուկին խառնված մի սարսուռ անցավ մարմնով մինչև մազերի ծայրը։ Կիսատ ծխախոտը սահեց մատների միջից։ Մի պահ վարանելուց հետո նրան թվաց, թե այդքան կարճ ժամանակում կուտակված ամպերը ճնշում են իր կուրծքը, և նոր սիգարեթ չվառեց, որը պիտի գրպանից հաներ։ Իրեն կամազուրկ զգաց և աչքերով հորիզոնը պրպտեց։ Բայց ամեն ինչ տրտում էր և անկենդան։ Խավարի մեջ թաղված ձորը կարծես անդունդ լիներ, իսկ գունազուրկ սոճիները նմանվում էին ուրվականների։ Ոչ մի աղմուկ չէր անցնում արահետով, ոչ մի շրշյուն չէր խախտում անտառում տիրող կյանքը։ Մարդիկ, անասունները և բույսերը սպասում էին անձրևին, որը չէր գալիս։
Էռմեն բաճկոնը հանեց, որն արդեն ճնշում էր ուսերը, փողկապը քանդեց, բայց դարձյալ թեթևություն չզգաց։ Մի անհայտ շնչարգելություն պարուրում էր նրան և դարձնում անշարժ, անկենդան, անուժ։ Աչքերը փակեց, որպեսզի անջատվի և հեռանա այդ ճնշող մթնոլորտից, բայց գլուխը պտտվեց և շուրջն ամեն ինչ դանդաղեց, կարծես հարբած լիներ։ Գլուխը ցնցեց, տիրապետեց ինքնիրեն և խոր շնչեց։ Պատուհանի փեղկերը փակելու պահին աղմուկ լսեց։ Թույլ աղմուկ էր, տաք և ձիգ մի շունչ, օրհասական հառաչանքի պես, որն արձակում է ծույլ և կպչուն լեզուն, առանց բառերի վերածելու։ Շրջվեց և հարևան պատուհանի առաջ Բորտակին տեսավ կռացած՝ ծոծրակը քորելիս։ Նրա կոպերը ուռած էին, կարծես շատ քնած լիներ։ Մազերի մի քանի փունջ էր կպել լայն ճակատին։
— Օդը ծանր է,— ասաց Էռմեն։
Բորտակը գլխով արեց և, սիգարեթը հանգցնելուց առաջ, ծուխը ներս քաշեց։
— Անպայման անձրև կգա,— ասաց Էռմեն։
— Կարծո՞ւմ եք։
— Ձեր կարծիքն այդպե՞ս չէ։
Բորտակը, որ քորում էր մարմինը, մի անտարբեր հայացք նետեց ձորի կողմը։
— Չգիտեմ,— ասաց նա։
Հորանջեց և չշարժվեց։ Էռմեն պատուհանի փեղկերը փակեց և պառկեց մահճակալին, աչքերը մեխեց առաստաղին։ Փորձեց քնել, բայց ապարդյուն։ Նրան թվում էր, թե ականջների մեջ ձգված մետաղալարեր կան, որ ամենափոքր աղմուկից թրթռում են։ Սիրտը ծանր խփում էր։ Ճակատը սառը քրտինք էր պատել։ Նա մի ցատկով վեր կացավ, փեղկերը բացեց։ Ամպերը տեղից չէին շարժվում։ Դրանց ստվերները շարունակ կախված էին անտառի վրա։ Էռմեն ուզեց լվացվել, գլուխը ջրի տակ պահել, բայց ծորակը չէր գործում։ Պետք էր գնալ ներքևում ջուր փնտրել։ Հրաժարվեց այդ մտքից։ Սկսեց սենյակը չափչփել, հետո ծայրաստիճան նյարդայնացած, գնաց Բորտակի դուռը բախեց։ Սենյակը օդեկոլոնի հոտով էր լցված։ Բորտակը պատուհանի սողնակից կախված մի փոքր հայելու առջև սափրվում էր։ Նա անկողնազգեստի բաճկոնով էր։ Էռմեն դուռը փակեց ետևից։
— Այլևս չեմ կարող այս մթնոլորտը հանդուրժել,— ասաց նա։— Անպայման մի միջոց պետք է գտնել Տրիպոլի իջնելու։
Բորտակը չպատասխանեց, շարունակեց սափրվել։ Սև մազերին խառնված օճառի փրփուրը քսեց թղթի կտորին, ածելին սրբեց։
— Ի՞նչ խորհուրդ կտաք,— հարցրեց Էռմեն։
Բորտակը վզին կապված սրբիչով երեսը մաքրեց, ձեռքի ափի մեջ օդեկոլոն լցրեց, երեսը շփեց։
— Միայն մեկ միջոց եմ տեսնում,— վերջապես ասաց նա։— Ոտքով իջնել։
Էռմեն դրա մասին երբեք չէր մտածել։
— Այս եղանակին հնարավո՞ր է։
— Դեռ երեք օր անձրև չի գա,— պատասխանեց Բորտակը։— Տրիպոլի հասնելու համար մեկ օրը բավական է, եթե առավոտ շուտ ճամփա ընկնենք։
Սափրվելու վրձինը դրեց ճամպրուկը, ծխախոտի տուփը փնտրեց։
— Ես պատրաստ եմ ոտքով ճամփա գնալու,— ասաց Էռմեն։— Այլևս չեմ կարող այստեղ մնալ։ Բայց ինձ պետք է ճանապարհը ցույց տաք, եթե, իհարկե, իմ օրինակին չեք հետևելու։
Բորտակն աթոռին նստած, հանգիստ ծխում էր։ Կարծես խորհում էր։ Շրթունքների տակ մի կաթիլ արյուն կար։
— Այս երեկո պատասխանս կտամ։
Անկողնազգեստի վրա մի քիչ մոխիր կար։ Խոսակցությունն ավարտված էր։
===* * *===
Առավոտյան ժամը հինգը կլիներ, երբ նրանք ճամփա ընկան։ Ճերմակ ամպերը տեղից չէին շարժվել։ Ոչ մի շունչ չէր դիպչում ծառերին։ Մթնոլորտը ծանր էր։ Առանց մի բառ փոխանակելու նրանք անցան գյուղի միջով։ Բորտակը վերարկուն ուսերին գցած, իր ճամպրուկն էր տանում, Էռմեն իր գործիքները բաճկոնի գրպաններն էր դրել։ Նրանք մի պահ գլխավոր ճանապարհով էին գնում, հետո Բորտակը մի արահետ բռնեց։ Այդտեղից լեռան կողը թեթև զառիվայրով իջնում էր և երևում էր ձիթենիներով պտավորված հեղեղատի խորքը։ Այդ ուղղությամբ էին շարժվում։ Երկու հարյուր մետր իջնելուց հետո Բորտակը դուրս եկավ արահետից։ Զառիվայրը ավելի թեք էր։ Նա սահում էր և իր թափը կոտրում էր ճամպրուկին հենվելով։ Ոչ մի անգամ ետ չնայեց, տեսնելու՝ Էռմեն իրեն հետևո՞ւմ է, թե ոչ։ Սկզբում բժիշկը որքան ուժ ուներ իր թույլ մկաններում, կենտրոնացրեց, բայց շուտով ստիպված եղավ թփերից կառչելու։ Մի քսան մետր էր հեռու Բորտակից, որն ավելի ու ավելի արագ էր իջնում։ Երեք ժամ հետո Էռմեն սկսեց հևալ։ Հեղեղատին հասնելու համար ճանապարհի կեսն էլ դեռ պետք է անցնեին։ Նա մի պահ կանգ առավ, մի քանի անգամ շնչեց, որպեսզի սրտի խփոցը հանդարտեցնի և փողկապը քանդեց։ Վերը, որտեղից արևը պիտի ծագեր, մի սպիտակ շրջան էր կազմվել։ Վառ կաթնագույն լույսը ծակում էր աչքերը և կոկորդը չորացնում։ Բորտակին տեսողությունից կորցնելով, Էռմեն շարունակեց իջնել և շատ զարմացավ, երբ իր կարծածից ավելի հեռավորության վրա տեսավ։ Նա շտապեց, բայց սահեց սոճիների ասեղների վրա, սկսեց զգուշորեն քայլել, փորձելով աչքը Բորտակից չկտրել, որը ցատկելով էր իջնում։ Քառորդ ժամ հետո նա այլևս Բորտակին չէր տեսնում։ Վերջինս մի ժայռի ետևն էր անհետացել։ Մթնոլորտը ավելի ու ավելի էր ծանրանում, հագուստները կպչում էին մարմնին։ Էռմեն մանր֊մանր շունչ քաշեց, և օդը ծակեց նրա կոկորդն ու թոքերը. սկսեց ափսոսալ, որ խաղաղ գյուղը լքել է։ Այնտեղ գոնե խմելու բան կար։ Ժայռերի տակից ոչ մի աղբյուր չէր հոսում, իսկ անձրևների խոնավությունը սպիտակ ամպերն էին կլանել։ Չնայած առավոտյան ժամին, մի անբնական տաքություն էր գալիս ժայռերից, և արևը շարունակ չէր կարողանում ամպերը ծածկել։ Էռմեն, վերջապես, գտավ Բորտակին. ծառի կոճղի մոտ նստած, ճամպրուկը կողքին, պահածոյի տուփն էր դատարկում։ Հոգնած չէր։ Ընդհակառակը, դեմքն անվրդով էր։
— Քաղցած չե՞ք, բժիշկ։
Առաջին անգամ էր իրեն բժիշկ ասում։ Էռմեն նրա ձայնի մեջ նույնիսկ հեգնանքի երանգ զգաց։ Նա գլուխը բացասաբար շարժեց, բաճկոնը հանեց, փռեց գետնին և նստեց վրան։ Բորտակը վեր կացավ, նայեց ժամացույցին։
— Ինն անց կես է։ Մայրամուտից առաջ Տրիպոլի չենք հասնի։
Նա ճամպրուկը վերցրեց և, չսպասելով Էռմեին, սկսեց քայլել։ Էռմեն ստիպված էր նույնը անել։ Այժմ նրանք մոտենում էին խորխորատին։ Ձիթենիների պուրակը լայնացել էր։ Ձիթենիներից այն կողմ ժայռոտ տափարակն էր փռվում։ Ավելի հեռու սոճիների անտառն էր երևում՝ սպիտակ ամպերով պսակավորված, այնտեղ ամպերն ավելի թեթև էին և ավելի զովասուն, քան այս թխակապույտը, որ ոչ մի կայծակ չէր կարողանում պայթեցնել։
Ժամը տասնմեկը կլիներ, երբ հասան խորխորատ։ Երկուսն էլ քրտնել էին։ Բորտակը նստեց գետնին, թիկն տվեց ծառին, ոտքերը դրեց ճամպրուկի վրա։ Էռմեն նստեց նրա դիմաց, պայուսակը ցած դրեց, շատ էր նեղում։
— Ի՞նչ կնախընտրեիք ուտել, բժիշկ։ Ապխտած մի՞ս, թե սարդին։
Այդ հեգնական երանգը շարունակ նկատվում էր ձայնի, նույնիսկ ամենասովորական նախադասության մեջ։
— Ապխտած միս,— պատասխանեց Էռմեն։
Բորտակը տուփը բացեց և մի կտոր հացի հետ մեկնեց նրան։ Նրանք լուռ էին։ Վերջին պատառը ուտելուց հետո Բորտակը ճամպրուկը փակեց և վեր կացավ։ Էռմեն հույս ուներ, որ Բորտակը վերադառնալիս մի շիշ ջուր կբերի հետը։
— Այստեղ աղբյուր չկա՞։
— Չեմ կարծում։ Գուցե ավելի հեռվում լինի։ Դուք շա՞տ ծարավ եք։
— Իսկ դո՞ւք։
Բորտակի հաստ շրթունքների վրա ժպիտ երևաց։
— Իհարկե, ես էլ։
Հետո ավելացրեց.
— Պետք է դրա մասին մտածեի։
Նա վեր կացավ, վերարկուն թափ տվեց և գցեց ուսին։ Շարունակեցին քայլել, ժամը չորսին անցնում էին ժայռոտ տափարակով։ Օդը դարձել էր անշնչելի։ Երկինքը ավելի էր մթագնել, և ոչ մի քամի չէր շարժում սոճիների կատարները։ Էռմեն հոգնած, չորացած բերանով, ստվերի պես հետևում էր Բորտակին։ Վերջինս սովորական քայլով էր գնում, մեջքը մի քիչ ծռած։ Պետք է որ նա էլ հոգնած լիներ, պետք է որ նա էլ ծարաված լիներ, բայց ամեն անգամ, երբ ետ էր նայում, Էռմեն զարմանում էր նրա դեմքի հանգստությունից։
Անտառ մտնելուն պես Բորտակը կանգ առավ, թաշկինակով դեմքը սրբեց, նայեց ժամացույցին։
— Զզվելի եղանակ է,— ասաց նա։
Էռմեն նայեց երկնքին, չպատասխանեց։
— Դուք հոգնած չե՞ք, բժիշկ։
— Այո, բայց շտապում եմ Տրիպոլի վերադառնալ։ Ի՞նչ եք կարծում, այս երեկո չե՞նք հասնի։
— Գուցե։
Երեկոն շուտ վրա հասավ և ձգեց ծառերի ստվերները։ Ծառերի արանքից երկնքի կտորներ էին երևում։ Հանկարծ Էռմեն վատ զգաց։ Որոշակիորեն չգիտեր, թե ինչու։ Եղանակի՞, թե՞ Բորտակի պատճառով, որ հանգիստ քայլում էր առջևից, ավելի հաճախ էր շրջվում և հեգնական հայացքով նայում։ Սա ոչ այլ ինչ էր, քան տպավորություն, բայց նա վատ էր զգում։ Ե՛վ հոգնած էր։ Ե՛վ ծարավ էր։
— Բորտակ…
Իր իսկ ձայնը տարօրինակ թվաց իրեն այս անտառի, այս լռության մեջ։ Անպայման տենդ ուներ։
— Բժի՞շկ։
— Լսեք…
Բորտակը ետ դարձավ։ Էռմեն ուզում էր մի փոքր դադար առնել, բայց, հեգնող ծիծաղը տեսնելով, ասաց.
— Սիգարեթ ունե՞ք։
Զգաց, որ ծիծաղելի վիճակում է։ Վերցրեց սիգարեթը և, առանց ցանկության, շուրթերին դրեց։ Ձեռքը տամուկ էր, մարմինը սառը քրտինքով էր պատած։
Արդեն գիշեր էր, իսկ նրանք դեռ անտառում էին։ Տրիպոլին շատ հեռու էր։ Տոթն ավելի հեղձուցիչ էր դառնում։ Այս անգամ Էռմեն կանգ առավ և, քանի որ Բորտակը քայլում էր կողքից, համարյա հարձակվելով, հարցրեց.
— Հոգնած չե՞ք։
— Ես հոգնած եմ ու ծարավ,— պատասխանեց Բորտակը։
— Դե, ուրեմն մի քիչ հանգստանանք։
Առանց պատասխանի սպասելու, նետվեց գետնին, ծառին կռթնեց և կրծքին հավաքված քրտինքի կաթիլները թաշկինակով ճմլեց։ Բորտակը մնաց կանգնած, հետո որոշեց ճամպրուկը գետնին դնել։
— Գնամ փորձեմ ջուր գտնել,— ասաց նա։
Անտառի մեջ թաղվեց։ Էռմեն մնաց մենակ։ Շուրջն ամեն ինչ սև էր ու լուռ։ Ո՛չ մի աղմուկ, ո՛չ մի քամի։ Այն մտքից, որ պետք է վեր կենար և ճամփա ընկներ, արդեն հիվանդ էր զգում։ Գրողի ծոցը ինքնասիրությունը։ Գիշերն այստեղ կանցկացնի. առանց տեղը փոխելու, այս ծառի տակ։ Վաղն առավոտյան ամեն ինչ լավ կլինի։ Նա վստահ է։ Իսկ այժմ այլևս ցանկություն չունի խորհելու։ Նա ոտքերը երկարեց, փակեց աչքերը։ Որքա՞ն ժամանակ մնաց այդ վիճակում։ Մի ժա՞մ։ Երկո՞ւ ժամ։ Թե՞ հինգ րոպե…
— Բժիշկ…
Աչքերը բացեց և իրեն ծանրացած զգաց, կարծես միջօրեի տապին քնած լիներ։ Բորտակը կռացել էր վրան։
— Մի աղբյուր եմ գտել, բժիշկ։ Եթե խմելու ցանկություն ունեք, հետևեք ինձ։
Նա մի ձիգ րոպե մտածեց այս բառերի իմաստի վրա։ Աղբյուր։ Ջուր։ Բայց այս պահին ծարա՞վ էր արդյոք։ Չգիտես ինչպես ոտքի ելավ։ Հետևեց Բորտակին։ Կես ժամ քայլեցին, հետո Էռմեն նկատեց, որ բացատ է սկսվում և մի քանի ծառեր նշմարեց։ Մեքենայորեն քայլում էր, առանց հոգնություն զգալու, կարծես երազում լիներ։ Հետո մի առանձնահատուկ հոտ դիպավ ռունգերին։ Գարշահոտ, որ մեկ կորչում էր, մեկ ավելի ուժեղ փչում։ Երևի քիչ հեռվում անասունի նեխած լեշ կար։ Քանի որ Բորտակը հանգիստ էր քայլում, նա հարցրեց.
— Դեռ հեռո՞ւ է։
— Հարյուր մետր, բժիշկ։
Հրահանը վառեց։ Փոքրիկ բոցը լուսավորեց զույգ ժայռերը, նրանց միջից հոսող ջրի բարակ շիթը և կիսով չափ նեխած ձիու լեշը։ Էռմեն վարանեց։ Նա այլևս խմելու ցանկություն չուներ։ Բորտակը կռացավ, ջուրն ափի մեջ առավ և խմեց։ Նա այդ շարժումը հինգ֊վեց անգամ կրկնեց և տեղը զիջեց Էռմեին։ Վերջինս հրահանը նորից վառեց և ձիու կմախքին մոտեցավ։ Որովայնը ամբողջովին կծկված էր և միայն կողերն էին մնացել, որ դեռ չէին ծռվել։ Մինչդեռ ետևի ոտքերն անվնաս էին։ Աչքերի տեղը երկու սև խոռոչներ էին։
— Բժի՛շկ։
Էռմեն կռացել էր, որ խմեր։ Բորտակը կիպ մոտեցավ նրան, երկու ժայռերի արանքը սեղմվելով։ Նա չափազանց գրգռված էր։ Թեթև դող էր անցնում մարմնով, ընդհատ֊ընդհատ էր շնչում, կարծես հևում էր։ Արդյոք գարշահոտությո՞ւնն էր պատճառը։
— Քանի՞ օրից է մարմինը սկսում փտել։ Երրո՞րդ օրվանից։ Մի շաբաթի՞ց։ Մի ամսի՞ց։ Քանի՞ օր է, որ այս ձին սատկել է։
Նեխահոտը կարծես նրա բերանից էր գալիս։ Էռմեն սկսեց անհանգստանալ։ Բորտակի զորեղ, կարճ, կլորիկ մարմինը ճնշում էր նրա կուրծքը։ Բայց ազատվելու համար ոչ մի շարժում չարեց։ Կարծես ուզում էր անտեսել, որ առնետի պես թակարդն է ընկել։
Բորտակը կոշտացած, անճանաչելի դեմքով շարունակեց։ Ձայնը խռպոտել էր։
— Մարդու և ձիու մարմնի համար ժամանակը նո՞ւյնն է… Նույն արագությա՞մբ են նեխում։ Եվ մարմինը որտեղի՞ց է քայքայվում։ Որովայնի՞ց, կրծքի՞ց…
Մի փոքր լռություն.
— Թե՞ աչքերից։
Վարանոտ ձայնով հարցրեց.
— Աչքե՞րը։ Ասում եք սկզբից աչքե՞րն են նեխում։
Էռմեն չպատասխանեց, սպասեց։ Բորտակը կարծես ինքն իրեն էր խոսում, առանց պատասխանի սպասելու։ Մտովի կրկնված նախադասությունները ջլատել էին նրան և նրա շրթունքներից կցկտուր բառեր էին թռչում։ Լռություն տիրեց։ Հետո Բորտակը անխոս մի կողմ քաշվեց և վերադարձի ճամփան բռնեց։ Էռմեն հետևեց նրան։ Հասնելով իր ճամպրուկին, գետին փռվեց և վերարկուն քաշեց աչքերին։ Էռմեն բաճկոնը հանեց, երկտակ ծալեց և, որպես բարձ, դրեց գլխի տակ։ Մի խոնավ ու վատառողջ տոթ պարուրել էր անտառը։
— Բժիշկ…
Հազիվ էր քնել, երբ Բորտակի ձայնը նրան արթնացրեց։ Հողի մեջ տնկած մոմի թույլ բոցը լուսավորում էր գետնին պպզած Բորտակի դեմքը։ Նրա ձեռքին մի ճյուղ կար, որով հողի վրա երկրաչափական պատկերներ էր գծում։ Թուլացած և հանդարտ էր երևում։ Էռմեն կիսափակ աչքերով, կիսաքուն՝ լսում էր։ Բորտակն աչքերը ճյուղի ծայրին մեխած՝ խոսում էր։
— Տարօրինակ բան է այդ սիրտը,— ասաց նա։— Քանի խփում է, ամեն ինչ լավ է։ Հետո կանգ է առնում։ Սիրտը կանգնում է, և էլ չես շնչում։ Ո՛չ ծաղկի բուրմունքն ես շնչում, ո՛չ առավոտյան սյուքը, ո՛չ էլ կնոջդ մաշկի հոտը։ Սիրտը կանգնում է, և այլևս չես տեսնում՝ ո՛չ անտառները, ո՛չ ծովը, ո՛չ էլ կնոջդ։ Սիրտը կանգնում է, և էլ չես խոսում՝ ո՛չ բարեկամի, ո՛չ ընտանիքի, ո՛չ էլ կնոջդ հետ։ Սիրտը կանգնում է, և չես լսում՝ ո՛չ անտառի աղմուկը, ո՛չ ալիքները, ո՛չ էլ կնոջդ խոսքերը։ Սիրտը կանգնում է, հետը կանգնում է ամեն ինչ։ Մարմինն այլևս գոյություն չունի։ Դառնում է մի փտող բան։ Աչքերը և շրթունքները, քիթը և ականջները, թևերն ու ձեռքերը սկսում են հալվել, իրար խառնվել և անհետանալ։ Ի՞նչ տարօրինակ բան է այդ սիրտը։ Այդպես չէ՞, բժիշկ։
===* * *===
Մեկ ժամ հետո Բորտակը նորից արթնացրեց Էռմեին՝ ձեռքի ճյուղը նրա քունքերին քսելով։ Էռմեն տարտամ ու անորոշ զգացումով բացեց աչքերը, բայց չխոսեց, որպեսզի լրիվ չզարթնի։ Երկար քայլելուց հոգնած ու ջարդված էր, դիմադարելու ուժ չուներ։
— Ավելի լավ կլինի ծառը մագլցենք, բժիշկ։
Նա չհասկացավ, ավելի շուտ կարծեց, թե լավ չի հասկացել և ճիգ արեց, որպեսզի Բորտակի բառերն ըմբռնի։
— Հարյուր մետր հեռու մի մայրի գտա։ Ծառի վրա ավելի հանգիստ կգիշերենք։
Բորտակը, որ պպզած էր, վեր կացավ։ Մոմը վերջին բոցն էր արձակում։
— Ի՞նչ մայրի։
Բորտակը սովորական, հանգիստ ձայնով բացատրեց.
— Գայլերի պատճառով է։ Լավ կլինի, որ ծառի վրա ապաստանենք։
Առանց նրան սպասելու, մոմը ոտքով հանգցրեց և թաղվեց խավարի մեջ։ Էռմեն արթնացած, գոռաց.
— Դուք լո՞ւրջ եք ասում, թե՞…
Ոչ մի պատասխան չստացավ։ Շուրջն ամեն ինչ լուռ էր։ Նույնիսկ Բորտակի քայլերի ձայնը չէր լսում։ Նա գլուխը դրեց երկտակ ծալված բաճկոնին և փորձեց քնել։
Ծիծաղելի է այդ գայլերի պատմությունը լիբանանյան այս անտառում, այս տոթին։ Իսկ ավելի շուտ, նա վստահ էր, որ Բորտակը խաբում է։ Շուռ եկավ մյուս կողքի վրա։ Սոճիի ասեղները կողերը ծակում էին։ Թևը տարավ գլխի տակ։ Բայց հոգնածությունը մտրակում էր նրա ջղերը։ Քնել չէր լինում։ Նա այլևս չշարժվեց, հանգիստ պառկեց և զգաց, որ կամաց֊կամաց քունը տանում է։ Բայց հազիվ էր քնել, երբ լեզվի նման լպրծուն ու փափուկ մի բան դիպավ ձեռքի ափին։ Ընդոստ արթնացավ և նկատեց, որ ձեռքը հալած մոմի մեջ է դրել։ Նրան թվաց, որ խավարն ավելի է թանձրացել։ Վեր կացավ, բաճկոնը վերցրեց և առանց վարանելու, անորոշ ու խառնակ զգացումով, Բորտակի գնացած ճամփան բռնեց։ Զգույշ էր քայլում։ Լուցկին փնտրեց և նկատեց, որ ձեռքերը դողում են։ Մի լուցկի վառեց, բայց թույլ լույսը իսկույն հանգավ։ Երկրորդ լուցկին վառելիս, ոտքը դիպավ Բորտակի ճամպրուկին։ Գլուխը բարձրացրեց և սիգարեթի կարմիր կետ տեսավ։
— Դո՞ւք եք, բժիշկ։
Ոչ մի ծաղր ձայնում։ Մի քիչ հոգնածություն։ Էռմեն բացատրեց.
— Հնարավոր չէ այս տոթին քնել։
Առանց գայլերի էլ նրան թվում էր, թե վտանգը շրջապատել է իրեն, որ խավարի միջից ինչ֊որ բան պիտի ցատկի իր վրա։ Նա իրեն վտանգված, պաշարված զգաց ու դողաց։
— Զզվելի եղանակ է,— ասաց Բորտակը։
Հետո.
— Եկեք այստեղ, օդ շնչեք։
Նա մոմ վառեց և ձեռքը երկարեց, որ լույս լինի։ Ծառի վրա հեշտ էր մագլցել։ Լայն, հաստ և հորիզոնական ճյուղերը համաչափորեն իրար էին հաջորդում։ Էռմեն Բորտակի գրաված ճյուղի դիմաց հեծնելու տեղ գտավ։ Եթե ուզեր, կարող էր նույնիսկ ոտքերը երկարել։ Բորտակը հեռավոր, անտարբեր հայացքով նայեց նրան և աչքերը փակեց։
— Փորձենք քնել, բժիշկ, վաղը երկար պիտի քայլենք։ Մոմը ձեզ չի՞ խանգարում։ Համենայն դեպս, հանգցնեմ, որևէ բան չպատահի։
Նորից խավար։ Էռմեն արդեն հանգիստ էր, բայց քունը փախել էր։ Նա անհամբեր սպասեց արևածագին, որպեսզի ճամփա ընկնեն։ Ժամը քանի՞սն էր։ Նա մի լուցկի վառեց ժամացույցի վրա, կեսգիշեր էր։ Ավելի քան չորս ժամ էր անցել։
Իսկ հիմա Բորտակը խռմփացնում էր։ Նա խորն էր քնել։ Գուցե նրան արթնացնի՞։ Արդյոք չի՞ ընկնի։ Եվ եթե ընկնելիս վնասվի՞։ Այս փոքրիկ մտքերը իրար բախվեցին նրա գլխում։ Նույն մտքերը կրկներգի պես եկան, ջղերը սրեցին։
— Լսե՛ք…
Համարյա գոռաց։ Խռմփոցը տեղնուտեղը կտրվեց։ Հանգիստ ավելացրեց.
— Իջնենք ծառի տակ քնենք։ Դուք կարող եք ընկնել։
Ոչ մի պատասխան։ Բորտակը դեռ քնած է։ Բայց այլևս չի խռմփացնում։ Հինգ րոպե անցավ։ Մի ուրիշ հինգ րոպե էլ անցավ՝ շոգ ու ծանր։ Կատարյալ լռություն։ Սակայն ականջ դնելով, նա մի տեսակ խոր հնչյուններ լսեց, հեռավոր ու տևական խոխոջյուն, կարծես հողը, ճյուղերը և ծառերը նախորդ օրերին թափված անձրևի վերջին կաթիլներն էին շնչում։ Էռմեն շարժվեց։ Նա ոտքը դրեց իրենից ներքև եղած ճյուղին։
— Բժիշկ…
Բորտակի ձայնը ծանր էր։ Քնից նոր արթնացող մարդու աղոտ ձայն չէր։ Էռմեն սպասեց նրա խոստովանությանը։
— Իջնենք ծառի տակ քնենք,— ավելացրեց Բորտակը։
Էռմեն ցատկեց գետին։ Նա ծիծաղելի էր գտնում ծառի վրա մագլցելը։ Նայեց ժամացույցին։ Ժամը մեկն էր։ Ծառին թիկն տված նստեց։ Մտադիր էր մինչև առավոտ առանց շարժվելու, առանց խոսելու, առանց մտածելու, լրիվ անգիտանալով ընկերոջ գոյությունը, այդպես մնալ։ Վաղն ամեն ինչ կվերջանա։ Պատկերները նրա գլխում խառնիխուռն լցվում էին իրար վրա. հանքային ջրի շիշը, որ քանի շաբաթ է՝ մնացել է սառնարանում, լոգարանը՝ մշտապես հոսող տաք ջրով, գոլորշիով պատած հայելիներով և ինքը՝ մերկ կանգնած, դուռը փակած, թերթ կարդալիս, հեռախոսը և մյուս ծայրին հիվանդանոցը. «Դո՞ւք եք բժիշկ։ Մենք անհանգիստ էինք…», մաքուր և փափուկ անկողինը, իր գալուստը և Կյուրիի սիլուետը, տիկին Ռութի հեծեծանքներն ու ողբը։
Այս ամենօրյա տափակ ու միօրինակ պատկերների մեջ մի նոր շունչ էր տարածվում, որ գրավիչ տեսք էր տալիս այդ բոլորին։ Այո, վաղն այս ժամանակ ամեն ինչ վերջացած կլինի։ Բորտակն այլևս իր կյանքում տեղ չի ունենա։
Լուցկու չրխկոցը և հաջորդած կարճատև լույսը նրան ստիպեցին վեր թոչել։ Բորտակը օձի պես ծառից սողաց ցած։ Իր սովորույթի համաձայն, Էռմեի առջև պպզած, դանդաղ ծխում էր։ Սիգարեթի ծայրը ֆոսֆորի պես փայլում էր խավարի մեջ։
— Ձեր քունը չի՞ տանում, բժիշկ։
Էռմեն բնազդաբար աչքերը փակեց, որպեսզի չպատասխանի։ Նա միայն վառվող ծխախոտի խշրտոցն էր լսում։ Հետո մատների ճթճթոցին մի հորանջ հաջորդեց։ Հետո մի հառաչանք և ուրիշ ոչինչ։ Էռմեի աչքերը փակ էին։ Նա երկրորդ անգամ հաջորդ օրվա պատկերներն էր տեսնում, բայց այս անգամ երկարաձիգ բացատրություններով և իրարից անջատ. սկզբում ժամանումը, հետո լոգանքը, հետո…
Ադամախնձորի և կրծքի միջև ամփոփված թեթև շնչառությունից զգաց, որ քնելու վրա է։ Նա չփորձեց դիմադրել, ու քունը տիրեց նրան։
===* * *===
— Բժիշկ…
Էռմեն աչքերը բացեց։ Վատ տրամադրության մեջ էր։
— Այո՛, ի՞նչ եք ուզում։ Է՛լ ինչ կա։
Բորտակը լռեց, կարծես Էռմեի վատ տրամադրության փոխվելուն էր սպասում։ Դրանից էր, որ վերջինս զայրացավ.
— Ես ձեզ լսում եմ։ Խոսեք։
Նա անհամբեր սպասում էր բացատրության։
— Ոչինչ։ Կներեք ինձ, բժիշկ։
Էռմեն նախկին դիրքն ընդունեց, բայց չկարողացավ քնել։ Նրան թվում էր, թե հենց որ քնի, Բորտակը նորից կարթնացնի։ Դիտմամբ էր անում։ Երդվել է, որ իրեն քուն ու դադար չտա։ Նա քնած ձևացրեց և չշարժվեց այլևս։
— Բժիշկ…
Էռմեն տեղնուտեղը հանգիստ պատասխանեց.
— Բժշկից ի՞նչ եք ուզում։
Մի փոքր ծիծաղ ցատկեց խավարի միջից։ Էռմեն վատ զգաց։ Ծիծաղը նրան տարօրինակ թվաց։ Կարծես Բորտակինը չէր։
— Չե՞ք կարողանում քնել, բժիշկ։
Մի թունդ խոսք կախվեց Էռմեի լեզվի ծայրից, բայց նա իրեն զսպեց.
— Այլևս չեմ կարողանում քնել։
— Ես էլ,— ասաց Բորտակը լավ տրամադրությամբ։
Հետո ավելացրեց.
— Կարո՞ղ ենք մի քիչ զրուցել։ Դեմ չեք, չէ՞։
— Ես ձեզ լսում եմ,— չոր պատասխանեց Էռմեն։
— Ահա թե ինչ։ Ես ուզում եմ, որ դուք երկար ու մանրամասն կնոջս հիվանդությունը բացատրեք ինձ։ Սկզբից մինչև վերջ։
Էռմեն կծկվեց։ Բայց Բորտակի ձայնը սովորական էր։ Ոչ մի գրգռվածություն բառերում։ Հարցասեր մարդու ձայն էր, որ իմանալ է ուզում։ Էռմեն մի պահ մտածեց։ Վերջ ի վերջո, ամենալավը բացատրություն տալը և կասկածներ փարատելն էր։ Պայմանները բավականին համապատասխան էին։
Գիշերվա քողով բաժանված, ինչպես ուսուցիչն աշակերտին, նա հանդարտ բացատրեց։
Բորտակը ոչ մի անգամ նրան չընդհատեց։ Այժմ Էռմեն անխուսափելի հարցին էր սպասում, այն, ինչ իր բացատրություններից պիտի բխեր։ Նա պատասխանը արդեն պատրաստել էր. «Այո, փրկելու համար արդեն ուշ էր, որովհետև…»։ Հոգու խորքում գիտեր, որ եթե անմիջապես ընդունած լիներ, ցավը կարող էր հայտնաբերել։ Նա հիսուն տոկոսով հնարավորություն ուներ փրկելու։ Բայց Բորտակը լուռ էր և ոչ մի հարց չէր տալիս։ Էռմեն հուսախաբ եղավ։ Մտածում էր միանգամից վերջ տալ ամեն ինչին։ Այժմ ոչ ոք չէր խոսում։ Էռմեին թվաց, թե աներևույթ զրուցակցի հետ է խոսել։
===* * *===
— Ժամանակն է, բժիշկ։
Գիշերը եղանակը չէր փոխվել։ Գիշերն անցել էր առանց անձրևից ուռած ամպերը թոթափելու։ Նախորդ օրվա պես ամփոփված, գունատ, տրտում ու թաց հորիզոնը շրջանակել էր անտառը։ Հողից ներքին խմորումների ուժեղ հոտն էր գալիս։ Էռմեն թափ տվեց իրեն, հագուստին կպած սոճիի ասեղները մաքրեց, գործիքները դրեց բաճկոնի գրպանը։ Բորտակը պայուսակը ձեռքին, սպասում էր։
— Որքա՞ն ժամանակում Տրիպոլի կհասնենք։
— Այսօր կեսօրին։ Երկու ժամ հետո։ Անտառը կանցնենք և կմնա միայն լեռը բարձրանալ։ Բայց պետք է շտապենք։
Էռմեն այս առավոտ լավ էր զգում։ Շուտով տեղ հասնելու հույսը ուժ տվեց նրան և նախորդ օրվա հոգնածությունը ցրեց։ Հետևում էր Բորտակին, քայլերը հարմարեցնում նրան։ Բորտակը մեջքը ծռած, անվարան քայլում էր, կարծես ճամփան անգիր գիտեր։ Այս անտառով չէր անցե՞լ։ Էռմեն այս հարցը իրեն տվեց, հետո մտածեց ուրիշ բանի մասին, ավելի շուտ ոչինչ չմտածեց։ Ուշադրությունը կենտրոնացրեց մկաններին, ուժերը խնայեց։ Բորտակն արագ էր քայլում, համարյա վազքով։ Ժամը յոթին անտառն անցան և արդեն ժայռոտ տափարակի վրա էին։ Նրանց առջև, հարյուր մետրի վրա, լեռան զառիթափն էր։ Բորտակը կանգ առավ։
— Քաղցած չե՞ք, բժիշկ։
Մի ծաղրական ժպիտ նկատվեց նրա հաստ շրթունքներին։ Մի ժպիտ, որ զայրացրեց Էռմեին, բայց նա ձևացրեց, թե չի նկատում։
— Ո՛չ քաղցած եմ, ո՛չ ծարավ, ո՛չ էլ հոգնած։ Հետո՞…
Բորտակն առանց հասկանալու նայում էր նրան։
— Ի՞նչ հետո։
— Հետո՞,— սաստեց Էռմեն նեղսրտած։— Ասեք, թե ինչ եք ուզում անել։ Դուք քաղցա՞ծ եք։ Ոչ ոք ձեզ չի խանգարում նախաճաշել։ Հը՞։ Քայլե՞նք, թե՞ կանգ առնենք։
Էռմեն առանց պատճառի բարկացած էր։ Մի սիգարեթ վառեց, սպասեց։ Բորտակը ճամպրուկը բացեց, պահածոյի մի տուփ վերցրեց։
— Եթե շտապում եք, ես կարող եմ քայլելիս ուտել։
— Ես շտապում եմ, բայց ձեզ կսպասեմ։
Բորտակն արագ կերավ, տուփը շպրտելուց առաջ հացի կտորը թաթախեց մեջը, ձեռքերը սրբեց թաշկինակով և Էռմեին հարցրեց.
— Ինչ եք կարծում, բժիշկ, անձրև կգա՞։
Էռմեն ատամները սեղմած պատասխանեց.
— Չգիտեմ։ Բնավ հոգըս չէ։
Բորտակը չշարունակեց։ Նրա խոժոռված դեմքը բացվել էր։ Էռմեի զայրույթը նրան զվարճացնում էր։ Նա սկսեց լեռը մագլցել։ Մեկ ժամ հետո Էռմեի ձայնը լսեց.
— Հինգ րոպե կանգ առնեմ։
Նա ետ դարձավ։ Էռմեն ժայռին նստած, ձեռքը սրտին, հևում էր։ Բորտակը նայեց իր ճամպրուկին։
— Քայլելու սովոր չեք, բժիշկ, պետք է զգույշ լինել։
— Բան չկա։ Սովորական երևույթ է։
Լռություն։
— Քաղցած չե՞ք։
Էռմեն գլուխը բացասաբաց շարժեց։
— Ծարա՞վ եք։
— Ջուր ունե՞ք։
— Ոչ մի կաթիլ,— հիացմունքով պատասխանեց Բորտակը։
Ու ավելացրեց.
— Եթե, իհարկե, երեկվա աղբյուրի մոտ վերադառնանք…
Այժմ Էռմեն քայլում էր առջևից։ Նրա ծանր ոտքերի տակից մանր քարեր էին գլորվում։ Առանց կանգ առնելու բարձրանում էր ու լեռան կատարը հասնելու ժամանակը հաշվում։ Ժամը ութն էր։ Եվս երեք ժամ, գուցե, պակաս։ Եվ նա, վերջապես, Տրիպոլին կտեսնի։ Կմնա միայն իջնել։ Գուցե և մեքենա ճարի, կարծում էր, թե լեռան մյուս լանջին փոքրիկ գյուղեր կան։
Ժամը մեկն անց էր արդեն։ Մեջքով հոսող քրտինքը չի զգում, ատամները սեղմած բարձրանում է, բարձրանում։ Հողը թեթև է թվում։ Սխալ քայլ է անում, սահում է, բարձրանում է ու շարունակում քայլել։ Որքան մոտենում է, զառիվերն այնքան թեք է դառնում։ Քարերը մանրանում են ոտքի տակ և թափը կոտրում։ Երեք քայլ առաջ, մեկ քայլ ետ։ Երեք, չորս, վեց քայլ, երկու քայլ ետ։ Դեռ երկու հարյուր մետր կա։ Մի ճերմակ շղարշ է պատում նրա աչքերին։ Լեռը երկարում է, կծկվում, կարծես կրակի մեջ ընկած լինի։ Ականջները բզզում են։ Մի հիսուն մետր էլ կա։ Թափը ճիշտ չի հաշվում, հողը սահում է ոտքերի տակից, և նա իրեն գտնում է հինգ մետր ցած։ Անմիջապես վեր է կենում և շարունակում է լեռը մագլցել։ Եվս մի քսանհինգ մետր։ Հողն ավելի սահուն է դառնում։ Նրան թվում է, թե հակառակ ուղղությամբ շարժվող մեխանիկական սանդուղքով է բարձրանամ։ Մեկ մետր առաջ գնալու համար հինգ մետր պետք է քայլի։ Այժմ նա պպզել է։ Նրա ոտքերը, ձեռքերը, մատները կառչում են հողից։ Քերում է զառիվայրը։ Տասը մետր։ Դանդաղ, զգույշ, արմունկներով, ոտքերով սողում է։ Վերջապես հասնում է։ Ոտքի է կանգնում։
Նրա ոտքերի տակ սև ժայռերով, աջ ու ձախ ցրված վայրի ծառերով ծածկված մի դաշտ է տարածվում։ Իր մագլցածից ավելի բարձր լեռների շղթան պատի պես շրջափակում է դաշտը։ Կյանքի ոչ մի նշույլ։ Կատարյալ միայնություն։
Էռմեն հառաչում է, և նրա չորացած կոկորդը կծկվում է։ Թուքը դժվարությամբ է կուլ տալիս։ Շնչած օդը դանակի պես մտնում է թոքերի մեջ և ստիպում է երկու տակ ծալվել։ Մի պահ մնում է այդ վիճակում, սպասում է մինչև ամեն ինչ կարգի գա և կամաց, բայց երկար մի շունչ քաշում։ Հետո հիշում է ճամփի ընկերոջը։ Հուսախաբությանը հաջորդում է զայրույթը։ Սառը, խտացված, հազար ու մի հարցումներով խրձված զայրույթ։
Բորտակն ինչո՞ւ է իրեն խաբել։ Ի՞նչ իրավունքով է այս ճանապարհը ցույց տվել։ Ի՞նչ էր անցնում նրա մտքով։ Ի՞նչ հույսով։ Գիտակցաբա՞ր էր շփոթել, թե՞…
Նա ետ նայեց, աչքերով փնտրեց Բորտակին, չգտավ։ Որտե՞ղ է թաքնվել։
Ուժասպառ, նստեց, երկարեց ոտքերը, նայեց երկնքին։ Բնությունը կարծես անձրև էր կանչում, փոքրիկ ճյուղերը, որ կոտրատվում էին, գոլ ժայռերը, գոլորշու խավով պատած դաշտը, զարկերակներում ցավագին խփող արյունը, շրթունքները, որոնց վրա լորձունքն էր չորացել։ Մեկ ժամ հետո, նրանից ներքև, մոտ հիսուն մետրի վրա երևաց Բորտակը։ Ձեռքերը գրպանում՝ ժայռի ետևից դուրս եկավ։ Նա ձեռքով մտերմական նշան արեց Էռմեին, վերցրեց ճամպրուկը և ուղղվեց նրա կողմը։ Էռմեն նայում էր նրան մի զգացմունքով, որին խառնվում էին զայրույթը և Բորտակի չարչարանքը տեսնելուց ստացած ուրախությունը։ Հիմա էլ թող նա մագլցի և սուր քարերին մատներն արյունոտի։
Էռմեն նայում էր նրան և ոչ մի մանրամասն բաց չէր թողնում։ Բորտակը մարմինն առաջ թեքած, ոտքի ծայրերին հենվելով, բարձրանում էր առանց դժվարության և առանց մեկ անգամ իսկ սահելու՝ իր ու Էռմեի միջև ընկած տարածությունը կտրեց։ Արդեն նրա կողքին է, առույգ ու կայտառ։ Սիգարեթ է առաջարկում։ Էռմեն հրաժարվում է։ Վառում է իրենը։ Էռմեն, որ մտադիր էր զայրույթով դիմավորել նրան, այժմ ոչ մի խոսք չի ասում։ Սպասում է բացատրության։ Բորտակը նայում է դաշտին, ցրված հայացքը տանում է դիմացի լեռան վրայով և բառերը շրթունքներից կախում։
— Ինձ թվում է, որ մինչև գիշերը Տրիպոլի չենք հասնի։
Եվ քանի որ Էռմեն լուռ էր.
— Ի՞նչ կարծիքի եք, բժիշկ։
Վերջինս հանդարտ պատասխանեց։
— Դուք ավելի լավ պիտի իմանաք։
— Ինչո՞ւ։
— Որովհետև…
Նա զայրույթով շնչահեղձ եղավ։
— Լսեք, ես կատակելու ցանկություն չունեմ։ Ռուլթայից սկսած կուրորեն հետևում եմ ձեզ։ Այս գիշեր Տրիպոլիում կլինե՞նք, այո՞, թե ոչ…
Բորտակը չպատասխանեց։ Ախորժակով սիգարեթի ծուխն էր ներս քաշում։ Էռմեի աչքերի մեջ նայեց, հետո պպզեց ճամպրուկի մոտ։ Նուրբ շարժումներով մի տուփ սարդին բացեց։
— Վերջինն է,— ասաց նա։— Կեսը վերցնում եմ, մնացածը թողնում եմ ձեզ։ Ահա և հացը։
Էռմեն անտրամադիր վերցրեց հացի պատառը և սկսեց ուտել։ Վերջին պատառը ուտելով, վեր կացավ, սրունքները շարժեց։
— Ո՞ր կողմն ենք գնում։
— Չե՞ք ուզում հանգստանալ։
— Ցանկություն չունեմ։ Եթե դուք ուզում եք, մնացեք, բայց ցույց տվեք ինձ ճամփան։ Միայն թե լավը։
Բորտակն իր հերթին վեր կացավ և մի ցրված հայացքով հորիզոնը քննեց։
— Սկզբում պետք է իջնել մինչև դաշտը։ Հետո…
— Հետո։
— Տրիպոլին մյուս զառիթափի ետևն է։
— Հաստա՞տ։
— Այդ ճամփով պիտի գնալ,— հանգիստ ասաց նա։
Էռմեն սկսեց իջնել։ Մյուս գագաթը հասնելու համար առնվազն ութ ժամ էր պետք։ Պետք է քայլեր, որովհետև ուրիշ ճար չուներ։ Բորտակը տեղից չշարժվեց։ Ճամպրուկին նստած, նայում էր նրան։ Էռմեն գոռաց.
— Մյուս կողմը գյուղացիների կհանդիպե՞նք։
— Շատ հնարավոր է։
Վայրէջքը հեշտ էր։ Էռմեն ինքնիրեն ազատ թողած, իջնում էր, փորձելով հավասարակշռությունը պահել և թափը ղեկավարել։ Երբ մանր քարերը ոտքի տակ անսպասելի գլորվում էին, կանգնում էր, սպասում, մինչև ամեն ինչ անշարժանար և շարունակում էր իջնել։ Ճիշտ ժամանակին պահեց իրեն մորենու թփի վրա ընկնելուց, կանգ առավ, որպեսզի շունչ քաշի։ Բորտակը որոշել է իր անելիքը։ Բայց կարծես կորցրել է զգուշությունը։ Զառիթափից օգտվելով, ոստոստուն վազում է։ Հողմի պես հասնում է Էռմեին, որը ետ է քաշվում, կառչում է թփերից, հետո գլորվում է, իր հետ տանելով քարերի մի ամբողջ առու։ Գլորվում է, գլորվում։ Էռմեն անզոր, կծկված նայում է։ Այս անկումը դեռ երկա՞ր պիտի տևի։ Մի ժայռ, հարյուր հիսուն մետր ներքև, պահում է Բորտակին։ Լռություն։ Անշարժության մի պահ։ Բորտակը ելնում է. թափ է տալիս իրեն, ձեռքերով հարդարում է մազերը, նստում ժայռին, սիգարեթ վառում։
— Վիրավորվեցի՞ք։
Ժխտող շարժում։
— Գալիս եմ։
Եկավ։ Զգուշորեն։ Յուրաքանչյուր քայլը հաշվելով։
— Ճամպրուկս, բժիշկ։
Աչքերով փնտրեց։ Մի թփի մոտ գտավ։ Բերեց տվեց նրան։
Ձեռքերը քերծված են։ Այսքանը։ Անխոս, կողք կողքի քայլում են։ Տաք քամի է պտտվում, փոշու պտուտակներ բարձրացնում, թողնում, ուրիշ տեղից սկսում։ Երկու ժամ հետո լեռան ստորոտում էին։
— Քաղցա՞ծ եք, բժիշկ։
— Այո։
Մի քանի վայրկյան հետո բժիշկը, գլուխը ձեռքերի մեջ, ավելացրեց։
— Այդ հարցը տալիս՝ ինչո՞ւ եք ծիծաղում։
— Որովհետև…
Էռմեն գետնին քսվող ճամպրուկի ձայն լսեց, հետո փականի զսպանակը չրխկաց։
— Որովհետև մի անակնկալ կա ձեզ համար։
Էռմեն գլուխը բարձրացրեց և Բորտակի ձեռքը տեսավ. կեղևը հանած երկու բանան էր մեկնել։ Վերցրեց մեկը։
— Մյուսն էլ վերցրեք։
— Ձեզ համար ունե՞ք։
— Իհարկե։
Մի ծառի տակ, տաք, անառակ քամուց պատսպարված, որ կարծես թոնիրից էր փչում, Էռմեն ու Բորտակը հանգստանում էին։ Ցերեկվա երեքն էր։ Բորտակը գետնընկույզ էր կրծում։ Էռմեն գլուխը ձեռքերի մեջ, ննջում էր։ Շրթունքների արանքից թեթև սուլոց էր դուրս գալիս։ Բորտակը թողեց, որ քնի։ Երեք ժամ հետո, երբ Էռմեն աչքերը բացեց, արդեն համարյա գիշեր էր։ Քամին անհետացել էր, թողնելով հողը տապին, այնպես որ, օդը հեղձուցիչ էր։ Հոնքի վրա մի ծույլ երակ էր խփում. ճակատի վրա թանձր արյուն էր, և ամեն մի տրոփյունից աչքերը ցավում էին։ Էռմեն մշուշված գլխով, ցավագին վեր կացավ, հենվեց ծառին։
— Ստիպված կլինենք գիշերն այստեղ անցկացնել։
Ձայնը ծածկեց խավարը։ Բայց ո՞ր կողմից։
— Կարող եք նորից քնել, բժիշկ։
Նայեց ձախ։
— Շարունակենք մեր ճամփան,— ասաց Էռմեն։
— Անհնար է առաջ գնալ։ Մի ժամ հետո բոլորովին կմթնի։ Մենք կարող ենք կորչել։
Այս անգամ Բորտակի ձայնը ծրարեց նրան։ Վերևից էր գալիս։ Էռմեն գլուխը բարձրացրեց և Բորտակի փայլող աչքերը տեսավ։
— Ի՞նչ եք անում ծառի վրա։
— Օդ եմ շնչում։
Էռմեն նստում է ծառի մոտ, բայց Բորտակի ներկայությունը ճնշում է նրան։ Նա ջղայնացած շպրտում է։
— Զզվեցրիք արդեն։
Բորտակի ծիծաղը ծառի չորացած տերևներն է շարժում։ Հետո այդ գրգռիչ ղողանջը կտրվեց։ Բորտակն իջավ։ Էռմեի կողքին պառկեց։ Դիպավ նրա ուսին։
— Դուք էլ ինձ եք զզվեցրել, բժիշկ։ Եվ ոչ միայն այսօր։
Նրա տաք շունչը դիպչում է Էռմեի երեսին։ Էռմեն չի շարժվում, չի խոսում։ Սպասում է։ Վերջապես Բորտակը ելնում է և պառկում նրա դիմաց։ Աչքերը չի կտրում Էռմեից։ Այստեղ է, իր որսի վրա ցատկելու պատրաստ կատվի պես։ Էռմեն հանկարծակիի եկած, խոհեմորեն վճռում է լռել։ Կծու խոսքերը, որ պատրաստվում էր շպրտել նրա երեսին, խեղդվում են կոկորդում։ Մաղթում է գիշերը շուտ գա, որ Բորտակը ջնջվի տեսողությունից։ Հիմա է զգում իր անխոհեմությունը։ Ինչո՞ւ է թիապարտ դարձել մի մարդու հետ, որն իրեն մեղավոր է համարում կնոջ մահվան մեջ։ Այն էլ՝ մի արևելցի… Արտևանունքների վարդագույն էկրանին հայտնվող անսովոր պատկերները ուսերի ցնցումով անմիջապես վանում էր, մեկ էլ մի տեսակ խելառությամբ, անմիջապես ընդունում։ Եթե Բորտակը հարձակվի իր վրա և այս անտառում գազանաբար խեղդի՞։ Անկարելի է։ Կպաշտպանվի։ Եվ հետո օրենք կա։ Գյուղացիները նրանց միասին տեսել են։ Նա չի համարձակվի։ Օրե՞նքը։ Բորտակը կարող է հանգիստ սահմանն անցնել, որ գուցե մի քանի կիլոմետրի վրա է։ Էռմեն զգում է, որ աչքերը փակվել են։ Բացում է։ Ամեն ինչ խաղաղ է։ Իրենց միջև եղած տարածության կենտրոնում Բորտակը մոմ է դրել, և հողը մատների արանքից թափելով, ժամանակ է անցկացնում։ Ստվերի կտորները մթագնում են նրա դեմքը։ Էռմեն նայում է ժամացույցին, ժամը ութն է։
— Բժիշկ…
Բորտակը մոտենում է, լորձունքի ցայտքերը հասնում են Էռմեի դեմքին։
— Ի՞նչ եք կարծում, որդերն արդեն կերած կլինե՞ն նրան։
Էռմեն անմիջապես գլխի չի ընկնում, հետո մտածում է աղբյուրի մոտ փտող ձիու մասին։ Բորտակը կռահում է նրա մտածածը։
— Ոչ, իմ կնոջը, որին հրաժարվեցիք բուժել։
Էռմեն լրիվ արթնանում է։ Բարկացած է։ Մի տարօրինակ բարկություն։ Ուզում է վերջ տալ։ Բառերը հոսում են, իրար հրմշտում շրթունքների վրա և իրեն թվում է, թե ուրիշ Էռմե է խոսում։ Մի ուրիշ զայրացած Էռմե։ Այս մարդու դիմաց, այս անտառում գտնվող մի ուրիշ Էռմե, մինչդեռ ամբողջ քաղաքից հարգված իրական Էռմեն հանգիստ քնած է իր անկողնում։
— Ես ձեզ հարյուր անգամ ասացի, որ շատ ուշ էր… շա՜տ ուշ, ֆրանսերեն հասկանո՞ւմ եք։ Ոչ ոք չէր կարող նրան փրկել, ո՛չ դուք, ո՛չ ես, ոչ ոք, ոչ ոք։ Անբուժելի հիվանդություն է։ Մինչև ինձ հասնելն արդեն դատապարտված էր։ Վերջապես պիտի հասկանա՞ք, թե ոչ։
Կանգ առավ։ Ատամները սեղմեց իրենից անկախ բարձրացող, շրթունքներից թափվող զայրույթի վրա։ Բառերը կախվում էին իրարից և պոռթկալու պատրաստ նախադասության դառնում։ Իրեն թվում է, եթե շարունակի խոսել, այլևս կանգ չի առնի։ Բորտակը գրեթե քսվում է նրան։ Երկու կատվի պես նայում են իրար։ Էռմեն մի բառի, մի շարժառիթի է սպասում, որ ցատկի Բորտակի վրա։ Վերջինս ձեռքը տանում է գրպանը, երկու մատով սիգարեթ է հանում, դնում բերանը, վառում և ծխի քուլա թողնում։ Ծուխն առանց Էռմեին դիպչելու դուրս է գալիս նրա շրթունքներից և քթածակերից։ Հետո նա պառկում է մեջքի վրա։
— Ստում եք, բժիշկ։
Ասում է հանգիստ, կարծես երկար մտածել էր այդ նախադասության վրա։ Առաջին անգամ են Էռմեին այդպիսի բան ասում։ Մի անորոշ զգացումից Էռմեի զայրույթը վայրկենապես ընկրկում է։ Թողնում է, որ ժամանակ անցնի։ Եվ վերջապես գտնում է փնտրած նախադասությունը։
— Կարո՞ղ եք ապացուցել, որ ստում եմ։
— Ոչ,— անմիջապես ասում է Բորտակը։
— Ուրե՞մն…
Սիգարեթի կարմիր կետը փայլում է, հետո հանգչում։
— Եթե ընդունած լինեիք, հիմա փտելիս չէր լինի։
— Այդպե՞ս եք կարծում։
— Այո, բժիշկ։
Բորտակի հանդարտ շեշտը շփոթեցրեց նրան։ Ուզում էր զայրացած տեսնել Բորտակին, որպեսզի ինքն էլ նույն ձևով պատասխաներ։ Զայրույթը հարմար է։ Միտքը խորացնելու ժամանակ չկա։ Կիսով չափ անկեղծ նախադասությունները հոսեցին, թռան, բախվեցին, պայթեցին, և ամենավատն այն էր, որ ինքը դադարեց հավատալ դրանց։ Բորտակը մնացել էր հանգիստ։
— Ձեզ ո՞վ ասաց,— հարցրեց Էռմեն։
Եվ նրա հարցը կարծես մենամարտի հրավեր լիներ։
— Հասկացրին ինձ։
— Այսինքն՝ ի՞նչ։ Որ փրկելու հույս կա՞ր։
— Բախտ չուներ։ Եթե անմիջապես վիրահատեին, հարյուր տոկոսով կփրկվեր։
— Կարծո՞ւմ եք։
— Այո, բժիշկ։
— Ո՞վ ասաց։
— Մի բժիշկ։
— Հիվանդանոցի՞ց։
— Ինչ կարևոր է։ Ինձ ասացին։
Էռմեն իր իմացած բժիշկներին հիշեց։ Ի՞նչ իմանաս։ Գուցե քաղաքի բժիշկներից է։ Նույնիսկ նրանց հետ է լավ։ Բորտակն անշուշտ ստում է։
— Ձեզ սուտ են ասել։
Նա պատրաստ էր Բորտակին կնոջ հիվանդության մասին ուրիշ բացատրություններ տալ, բայց լռեց։ Ի՞նչ օգուտ։ Բորտակի աչքում նա մեղավոր է։ Նրա համառ գլխից այդ գաղափարը չի կարող հանել։ Ավելի լավ է լռել, բայց նա խոսելու, իմանալու կարիք է զգում։ Իսկական արդարությունը, առանց կեղծ հեգնանքի։
— Մի խոսքով, ձեր աչքում մեղավոր եմ։
Բորտակը չի պատասխանում։ Նա ոչ մի հարցի չի պատասխանում։
===* * *===
Ժամանակ առ ժամանակ Էռմեի քունը տանում է։ Աննկատելի մոտենում է, պտտվում շուրջը, կախվում գլխին, ընկնում կողքին, անհետանում և վերադառնում ավելի անհաղթահարելի։ Բայց Էռմեն երդվել է, որ Բորտակը քանի արթուն է, ինքը չի քնի։
Բորտակը նստել է դիմացը։ Մի նոր մոմ է տնկել և ածելիով մի ճյուղ է տաշում։ Նախորդ օրվա հոգնությունից հետո քունը Էռմեի աչքերից սահում է ներս։ Միայն լարված նյարդերն են արթուն պահում։ Աչքերը բաց են։ Շատ լավ։ Կարող է այսպես երկար մնալ։ Մի քանի վայրկյան փակում է, որպեսզի դիմադրելու կարողությունը փորձի։ Աղե՛տ։ Իրերը ճոճվում են, կարծես հարբած լինի։ Կոպերը կպչում են ակնաթաղանթին, իրարից անջատելու համար մեծ ճիգ է պետք։
Բորտակը ինչո՞ւ չի քնում։ Նա էլ իր չափ հոգնած պետք է լինի։ Ինչի՞ է սպասում։ Էռմեն հարց է տալիս, հետո մտածում է իր վիճակի մասին։ Ինչո՞ւ է դիմադրում իր մկանների և երակների մեջ թափանցելու պատրաստ քնին։ Ինչո՞ւ։ Վախենո՞ւմ է Բորտակից։ Դեռ չգիտե։ Թե՞ մոմի լույսից ժամանակ առ ժամանակ փայլող ածելին է պատճառը։ Անհեթեթություն։ Բորտակը գոնե քաղաքակիրթ մարդ է։ Նա մի սիրուն տուն անի, մեքենա, կաբարե է գնում, խոսում է ֆրանսերեն, տպարան ունի, նույնիսկ ամուսնացած էր։ Էռմեն մի պահ կառչեց այս մանրամասնությանը, հետո մտածեց, որ Բորտակը իրեն մեղավոր է համարում, և իրենք լեռներում մենակ են։ Անհնար է։ Բորտակը մարդասպանի տեսք չունի։ Փողկապ է կապում, շապիկը մաքուր է, հագուստները լավ են կարված։ Տրիպոլիի մեջ հեղինակություն ունի։ Եվ ինքը՝ Էռմեն էլ պետքական մարդ է։ Նրա անհետացումը աննկատելի չի անցնի։ Նրա բացակայությունը, հավանաբար, արդեն անհանգստացնում է մարդկանց։ Գուցե ոստիկանները փնտրում են իրեն։ Պետք է որ հանցանշաններ ունենան. ճանապարհին լքված Բորտակի մեքենան և իր մեքենան՝ գարաժում։ Հետո նորից մտածում է, որ գիշեր է, և ինքը մենակ է Բորտակի հետ։
Աջ ոտքը թմրել է անշարժությունից։ Թեթև վախով հանկարծակի բռնված, անհաջող շարժումով կանգնում է ձախ ոտքի վրա, տրորում է մկանները, աշխուժացնում արյան հոսքը։ Երբ նա վեր կացավ, Բորտակը աչքերը չկտրեց ածելուց։
Այս լարված մթնոլորտը կոտրելու համար մի չեզոք նախադասություն է պետք։ Փնտրում է, բայց տափակ բաներ են միտքը գալիս։ Նստում է տեղը։ Հանգիստ է։ Աչքերը փակում է, որ տեսնի։ Բորտակը հարձակվելո՞ւ է իր վրա, թե՞ ոչ։ Նրա նյարդերը վանել են քունը։ Այժմ նա դիմադրում է, որ աչքերը չբացի։ Ուզում է իմանալ։ Փոքրիկ անտենաները նրանց դեմքերն են ազդանշում այս փոքրիկ հողակտորի վրա, Բորտակի բոլոր շարժումները հաղորդում նրան։ Սև էկրանի վրա հստակորեն անջատվում է մոմը կլանող բոցավառ պատրույգը և սոճու ասեղների վրա գլորվող մոմի կաթիլները։ Նա հստակ տեսնում է Բորտակի՝ կողքի թեքված ծանր մարմինը և ձեռքի շարժումը։ Բայց հինգ րոպե հետո բոլոր պատկերները խճողվում են։ Աչքերը նորից բացում է։ Ոչինչ չի փոխվել։ Փակում է։ Փորձում է քնել։ Ոտքերը երկարում է, գլուխը դնում ծալված թևի վրա, մյուս թևով ծածկում դեմքը։ Այնպես, որ Բորտակը չհասկանա, քնա՞ծ է, թե արթուն։ Քառորդ ժամ շարունակ, ապարդյուն փորձում է անտենաները աշխատեցնել։ Բայց նրա հոգնած գլուխը ոչինչ չի արձանագրում։ Ննջում է, քնում և, անգիտակցաբար, մյուս ձեռքը լրացուցիչ սև ժապավենի պես ծածկում է աչքերը։ Որքա՞ն ժամանակ կարող է այս դիրքում մնալ։ Մի ժա՞մ, մեկ րոպե՞։ Մի խճաքար է գլորվում գլխի տակ, արթնացնում նրան։ Բորտակն այլևս ճյուղը չի տաշում։ Նայում է Էռմեին, հետո նորից սկսում է ձեռքը շարժել։ Էռմեն դիրքը փոխում է։
===* * *===
Այս անգամ արթնանալիս, Էռմեի աչքերը ոչինչ չեն ջոկում։ Արդյոք լա՞վ է բացել աչքերը։ Նա շարժվում է։ Լրիվ արթնացած է։ Մոմը մարել է և խավարի մեջ թողել նրան։ Կամաց, զգուշությամբ, բայց պատրաստ պաշտպանվելու, ձեռքերը մեկնում է, կարծես Բորտակի մարմնին է դիպչելու։ Ելնում է, քսվում ծառին, պտտվում շուրջը։ Մի ժամ առաջ այդքան ցանկալի խավարն այժմ խանգարում է նրան։ Թվում է, թե մթությունը սպառնում է։ Անշարժ կանգնում է ծառի մոտ, ականջները լարում է, շունչը պահում։ Եթե Բորտակը քնած է, շնչառությունն անպայման կլսի, բայց ոչիչ չի մատնում նրա ներկայությունը։ Իր նման երևի կծկվել է խավարի մեջ։ Հստակ իրադրություններ սիրող Էռմեի համբերությունը հատնում է։ Շոշափում է գրպանները, լուցկու տուփը հանում, վառում։ Ոստնում է, որովհետև անբնական մի լույս ծառերը դուրս է քաշում խավարի միջից, այդ պահին Բորտակը մի նոր մոմ էր վառել։
— Դուք ձեզ խորամանկի տեղ եք դնո՞ւմ։
Բորտակը կարծես նրան չի լսում։ Նորից ածելին է վերցնում։ Այդ շարժումը զայրացնում է Էռմեին, ուստի և գալիս տնկվում է նրա առջև.
— Տվե՛ք ինձ…
Ոչ մի ազդեցություն։ Էռմեն հաստատուն ձայնով կրկնում է.
— Վերջին անգամ եմ ասում. տվե՛ք ինձ այդ ածելին։
Ոչ մի ազդեցություն։ Ոտքի մի հարվածով Բորտակի ձեռքից ածելին շպրտում է խավարի մեջ։ Հետո մոմի լույսի տակ գտնում է, դնում գրպանը։
— Այժմ գո՞հ եք։
Մի խենթ ցանկություն է բռնել Էռմեին։ Ոտքի տակ գցել գետնին պառկած, զարմացած աչքերով իրեն նայող այս անզգա մարդուն։ Էռմեն վերցրեց նրա ճամպրուկը։
— Ուրիշը չունե՞ք, հը՞։
Հանեց շապիկներ, անձեռոցիկներ, թաշկինակներ։ Նրա մատները դողում էին։ Ատամները սեղմած՝ ճամպրուկը դատարկեց գետնին, հագուստները շոշափեց, որ տեսնի՝ ներսի գրպաններում որևէ իր չկա՞։ Մատները ստվարաթղթի կտորի դիպան։ Թաշկինակը վերցրեց և հանեց մի լուսանկար։ Ուշադիր նայեց. կին և տղամարդ, կողք կողքի՝ կերակուրներով լեցուն մի սեղանի մոտ։ Նրանց ետևը մի աղբյուր է հոսում։ Կնոջը չի ճանաչում։ Տղամարդը Բորտակն է։ Երջանկությունից փայլող դեմքով Բորտակը՝ բարակ բեղով և երկչոտ ձեռքը կնոջ աթոռի մեջքին դրած։
— Կարծում եմ, որ սիրուհիդ է…
Էռմեին թվաց, որ Բորտակին ծեծող Էռմեն չէր, որ խոսեց, այլ մեկ ուրիշ Էռմե, պատճեն, որ իրենից է անջատված։ Նայեց կնոջը։ Նուրբ դեմք ուներ, երկար մազեր և արևից փակել էր աչքերը։ Հագուստները լուսանկարի հետ խառնիխուռն դրեց ճամպրուկի մեջ։ Բորտակն անվրդով էր։ Մոլորված հայացքով նայում էր Էռմեին։ Վերջապես, Բորտակը վեր կացավ։ Ճամպրուկը բացեց, յուրաքանչյուր հագուստը ծալեց, դասավորեց ճամպրուկում և մոմը հանգցրեց։
Խավարը նորից իր սպառնալի վերարկուով պարուրեց Էռմեին։ Մինչև լուսաբաց, լարված ուշադրությամբ, սիգարեթ էր ծխում։
===* * *===
Եղանակը մնացել էր անփոփոխ։ Թանձր մառախուղը կլանել էր լեռան կատարը, իսկ երկինքը դեռ միտք չուներ դատարկելու իր ջրերը, որ մի կերպ պահում էին ցմփոր ամպերը։ Անպայման անձրև կգար։ Բայց ե՞րբ։
Էռմեն թաշկինակով սրբեց խոնավ կուրծքը և չափեց մինչև լեռն ընկած տարածությունը։ Երկու ժամ էր պետք։ Բայց ո՞ւր է գնացել Բորտակը։ Ճամպրուկն էլ հետը անհետացել է։ Արդյո՞ք գլուխն էր ազատել, Էռմեին թողնելով իր բախտին։ Բերանը ծխախոտից կպչուն, մարմինը հոգնած, ջարդված, նա մի պահ մտածեց, թե ինչ որոշում ընդունի։ Վերադառնա՞լ։ Երկու օրվա ճամփա էր, նույնիսկ ավելին։ Դիմացի լեռը մագլցելը նրան ավելի տրամաբանական թվաց։ Սկսեց քայլել։ Այլևս Բորտակի մասին չէր մտածում, և երբ կես ժամ հետո արահետի վրա տեսավ նրա սիլուետը, նույնիսկ չզարմացավ։ Բորտակը հավանաբար մի ժամով առաջ էր անցել նրանից։ Ճամպրուկը ձեռքին, համաչափ քայլով, առանց ճիգի բարձրանում էր։ Էռմեն հետևեց նրան։
Դժվար է բարձրանալը։ Քայլ անելուց առաջ, պետք է հողը փորձել, հետո հաջորդ քայլը, վերսկսել, մանավանդ, երբ ծարավը աղիքներդ է պատռում, մանավանդ, երբ մտածում ես, որ էշի նահատակ ես։ Էռմեն զղջում է, բայց արդեն ուշ է։ Զղջում է, զղջում, սեղմում ատամները, ըմբոստանում և գործած տխմարությունը մտրակում է ջղերը, իսկ ջղերը մկաններն են գրգռում, մկաններն էլ չեն թողնում, որ ոտքերի տակից հողը փախչի։ Դեռ շատ ճամփա կա քայլելու։ Փակում է աչքերը, բարձրանում է, բարձրանում։ Քաջություն։ Կամք։ Հանքային ջրի շիշը սառնարանում, վեր ցատկող կափարիչը, պղպջակները, որ գլորվում են լեզվի վրայով և կոկորդը հաճելի ծակծկում։ Տարօրինակ է։ Հիմա էլ մտածում է կնոջ մասին։ Եվ պատկերացնում է նրան փափուկ վերմակներով փաթաթված։ Նորից վեր ցատկող կափարիչը։ Այս կափարիչը, նույն շշի վրայից արդեն տասն անգամ վեր ցատկեց։ Այդ հեղուկը, որ տևականորեն թրջում է կոկորդը։ Սառնարանը, որ անընդհատ բացվում փակվում է։ Որտե՞ղ ենք։ Գագաթը դեռ հեռու է, մշուշը դեռ թանձր է։ Պետք է մագլցել։ Ձեռքերը ազդրերին են. բերանը՝ կիսաբաց, իսկ շնչառությունը այնքան կարճ է, որ չի հասցնում մինչև թոքերը թափանցել։ Հիմա՛ր Էռմե։ Տխմարության պատճառով ուզում է լաց լինել։ Ա՜խ, ի՛նչ ոխ ունի Բորտակի հանդեպ։ Եթե միայն ուժ ունենար կտոր֊կտոր անել նրան։ Կեղտոտ արարած։ Կի՛նը։ Ավելի լավ, որ սատկել է։ Լավ արեց, որ նրան չընդունեց։ Երջանիկ է, որ նրան չի բուժել։ Քիչ հետո Բորտակին կասի։ Նրան կասի.— «Այո՛, փրկելու հնարավորություն կար։ Բավական էր միայն տեսնել, ես ցավը կորոշեի։ Հինգ րոպեում կբուժեի, լսո՞ւմ ես, հինգ րոպեում, բայց ես լոգանք ընդունելու ցանկության ունեի…»։
Բարձրանալու հետ, Բորտակին մոտենալու հետ, նրա բարկությունը սաստկանում էր։ Այս խոսքերը նրա երեսին շպրտելու գաղափարից արիանում էր։ Բարձրանում էր ու բարձրանում, և նրան թվում էր, թե ոտքերից կպչող թանձր ցեխի միջով է քայլում։ Բորտակն անհետացավ մշուշի մեջ։ Պետք է որ գագաթից հեռու չլինի։ Կափարիչը նորից է վեր ցատկում, և ջուրը հոսում է շշի չորսբոլորը։ Եվ տիկին Ռութը, որ միայն մի տեսակ սեր է ուզում։ Բռունցքի հարվածներ։ Եվ իր կինը, որ ամոթխած տեսքով գլուխկոնծի է տալիս։ Նա հիմա երևի դեսուդեն է վազում թաղամասում։ Կարծես թե չէր կարող Փարիզում մնալ, լի՛րբը։ Տեսնել չի ուզում։
Ծունկը կարծրացել է, կծկվել, չի ծալվում։ Մորմենու թփի մոտ ընկնում է։ Դժվարությամբ ելնում է, տրորում ոտքը, շարունակում մագլցել։ Եվ այս բոլորը մի կնոջ, մի աննշան արևելցի կնոջ պատճառով։ Մի կին, որ մի սենյակում քույրերի, ծնողների հետ գոյությունը պիտի քարշ տար, սպասելով ամուսնության, տապակած ձկան, ճարպի և ուրիշ խորհրդավոր հոտերով լի սենյակում։ Ինչպե՞ս է հանդիպել Բորտակին։ Եվ այդ միամի՜տը, որ գեղեցիկ մազերով է հմայվել։ Կարծես ուրիշ լավ կին չկար քաղաքում։ Հիմա՛ր, հիմա՛ր Էռմե։ Ինչո՜ւ էիր վառվում հիսուն լիրան վերադարձնելու գաղափարով։ Այդ հիսուն լիրան վերադարձնելու գաղափարից, իր չտեսնված տխմարությունից մի հանկարծակի կատաղություն ցնցեց նրա մարմինը։ Նա շտապեց, բարձրանում էր, բարձրանում և մշուշի ծվեններ էին լողում շուրջը։ Հեռու չէ։ Եվս մի փոքր ճիգ։ Երկուսով ենք, ես ու Բորտակը։ Մի կնոջ, մի անծանոթուհու պատճառով։ Եվ ինքը ուզեցել է ծառայություն մատուցել նրան։ Ինչո՞ւ, ինչո՞ւ։ Հասել է։ Մի ընդարձակ տափարակի վրա է։ Մառախուղը պղտորել է բնանկարը։ Տրիպոլին լեռան ստորոտում է։ Արդյոք ծո՞վն է երևում։ Պետք է իջնել։ Բորտակն առաջ է ընկել։ Քարերը գլորվում են ոտքերի տակ։ Հողը թեթև է կարծես։ Նա հազիվ է դիպչում հողին, որը կարծես սահում է ոտքերի տակից, բայց հավասարակշռությունը պահում է։ Ցատկում է։ Մշուշը նոսրանում է, դառնում թափանցիկ։ Նա ցատկում է, ցատկում և քարանում։ Բորտակը ճամպրուկին նստած բնանկարն է դիտում, լեռներով շրջանակված մի դաշտ։ Կարծես բռունցքով խփեցին դեմքին։ Իսկ Տրիպոլի՞ն։ Եվ այս ամբողջ ճամփան ապարդյուն կտրեցին, որ մի ուրիշ պատի՞ հասնեն։
Բարկությունը նորից բռնում է նրան։ Տաք արյունը, Բորտակի երեսին շպրտելու համար պատրաստած խոսքերը խուժում են գլուխը, բզզում աչքերի առջև։ Հարձակվում է Բորտակի վրա, ճամպրուկից գցում ցած, ձեռքով խփում դեմքին։ Զորավոր և կատաղի ապտակներից ցավում է ձեռքը։ Բորտակը թողնում է, որ ուզածն անի։ Մի հեգնական կայծ է փայլում նրա աչքերի մեջ։ Նրա ճարպոտ այտերի վրա Էռմեի մատները կարմիր հետքեր են թողնում։ Մի պահ հոգնած կանգ է առնում, նրա գլուխը պահելով գետնին։ Ուզում է խոսել, բայց կոկորդից ոչ մի հնչյուն դուրս չի գալիս։ Սկսում է ավելի ուժեղ խփել։ Ամեն մի ապտակը կարծես խոսք էր, որ մտադիր էր ասել նրան։ Ամեն մի ապտակը թեթևացնում է վրեժը։ Նա նույնիսկ չի զարմանում Բորտակի անշարժությունից, որ հնազանդորեն թողնում է Էռմեին անելու իր ուզածը։ Բայց ի՞նչ պատահեց հանկարծ։ Էռմեն զգաց, որ գլուխը պտտվում է, հետո ոսկորները կոտրատվում են ինչ֊որ ծանրության տակ։ Ուզում է ազատվել, բայց Բորտակը աքցանի մեջ է առել նրան։ Գլորվում են զառիթափով, երկուսով մի գունդ են կազմել։ Այո, գլորվում է և ամեն մի պտույտին Էռմեն զգում է, թե ինչպես են կողերը խրվում թոքերը, ամեն մի պտույտին, Բորտակի մարմինը ավելի է ծանրանում։ Զառիվե՞րն է արդյոք շատ թեք, թե՞ Բորտակն է գլորում։ Մի պահ անկումը ընդհատվում է և Բորտակի մարմինը նույն ծանրությամբ շարունակում է ճնշել, բայց մի նոր թափ գլորում է նրանց։ Այս անկման պահին Էռմեն զգում է յուրաքանչյուր քարը, յուրաքանչյուր անհարթությունը։ Գործիքները մտնում են ազդրի մեջ, շունչը կտրվում է։ Գլուխը դիպչում է քարին։ Շուրջը ճոճվում է ամեն ինչ։
Անզգա, անուժ, պատառոտված ընկած է մի ժայռի մոտ։ Գոլ արյուն է հոսում քթից, մակարդվում հագուստների վրա։ Շարժում է ձեռքը, թաշկինակը հանում, դնում քթին։ Կիսափակ արտևանունքների միջից տեսնում է ճամպրուկի ետևից գնացող Բորտակի ուրվագիծը։ Կամաց֊կամաց շարժվում է։ Սկզբում մի ձեռքը, հետո՝ մյուսը, մի ոտքը, հետո՝ մյուսը։ Ոչ մի կոտրվածք։ Փորձում է ոտքի կանգնել, բայց հազար ու մի ծակոց նրան գամում է հողին։ Մի սուր ցավ է բզզում գլխի մեջ։ Շոշափում է մազերը և վերքի փոխարեն, մատները դիպչում են ուռուցքի։ Լուրջ բան չէ։ Մի նոր ճիգ է գործում։ Ժայռին կռթնելով, կարողանում է ելնել։ Արյունը այլևս չի հոսում։ Սրբում է բերանը, վիզը և թաշկինակը դնում գրպանը։ Գործիքները թափվել են։ Հագուստները պատառոտված են։ Նշանակություն չունի։ Դեռ ողջ է։
— Դուք ճամփան նորից կորցրեցիք…
Բորտակը թարմ ու առույգ, առանց մի քերծվածքի նստել է դիմացը և նայում է նրան։ Էռմեն սպասում է պատասխանի, որը չի հետևում, և ավելացնում է.
— Ես ձեզ թողնում եմ և վերադառնում գյուղ։ Մենակ գնացեք ձեր ճամփան։
Ահա։ Այսպես է որոշել։ Քսանչորս ժամ է բան չի կերել։ Մտածում է ուժ գտնել, հասնելու անտառի մոտի աղբյուրին։ Ստամոքսը ջրով կլցնի։ Եթե պետք է, նույնիսկ տերև կծամի, բայց այլևս Բորտակին չի հետևի։ Տրիպոլիի մասին չի մտածում։ Այլևս չի ուզում մտածել, միայն մեկ մտադրություն ունի՝ վերադառնալ։
Մտածում է մի նախադասություն էլ ավելացնել, բայց տեսնում է, որ ասելու բան չունի։ Այդ մարդու և իր միջև ամեն ինչ վերջացած է։ Առանց վերջին խոսքն ասելու, սկսում է բարձրանալ։ Կեսօրվա երկուսն է։ Գիշերը կհասնի աղբյուրին և կհանգստանա։ Արդեն ընտելացել է այդ վերելքներին և վայրէջքներին։ Մտերմացել է լեռան հետ։ Ոտքերը բնազդաբար դնում է այնտեղ, ուր որ պետք է։
Մշուշը փարատվել է։ Վերը երևի թեթև քամի է փչում։ Ձեռքերն ազդրերին, դժվարությամբ բարձրանում է, բայց բարձրանում է։ Ուզում է վերջ տալ այս բոլորին։ Նա զգում է, որ ճանապարհին չի մահանա և, առանց ճամփան կորցնելու, գյուղ կհասնի։ Այժմ ինքնավստահությունը մեծացել է, երբ նախաձեռնությունը ինքն է վերցրել։ Կարծես վիրահատելիս լինի։ Ոչ ոքի չի վստահում, ոչ ոքի վրա հույս չի դնում և ամեն անգամ հաջող է վերջացնում։ Այս լեռն էլ մի հիվանդ է իր վերքերով, իր շնչերակներով, իր խոտորնակ ճամփաներով։ Կհաղթի նրան։
Ժամերով մենակ քայլել է այս լեռների մեջ։ Որոշ ճանապարհ անցել է։ Մտածում է աղբյուրի մասին, իբրև նպատակակետ։ Ոչ ծարավ է, ոչ սոված, բայց մի ահռելի հոգնածություն է զգում։ Ուժերը լքել են նրան, եռանդը սպառվել է։ Փռվում է գետնին։ Կրկնապատկվում է, մի ուրիշ Էռմե է դուրս գալիս նրա մարմնից, խղճահար նայում իրեն. առաջարկում է ոտքի ելնել, չնայած այնքան էլ համոզված չէ։ Սառնարանը բացվում է, կափարիչը ցատկում է, բայց տաք և թանձր ջուր է հոսում շշից։ Որքա՜ն ծանր է օդը։ Ի՛նչ ցածր է երկինքը։ Նրան թվում է, թե ելնելիս՝ գլուխը երկնքին խփեց։ Մատներով տաք հողն է քերում, որպեսզի մի քիչ խոնավություն գտնի։ Այս ընդարձակ տարածությանը, որ իրենն է, իր սենյակից ավելի նեղ է թվում։ Ա՜խ, եթե անձրև գար, եթե անձրև գա՜ր։ Իր ուզած միակ դարմանն է։ Այլևս չի կարողանում շնչել։ Արյունը մակարդվել է քթի մեջ։ Ռունգները մաքրելու ուժ չունի։ Ոչինչ չի ուզում փորձել։ Շշի թանձր հեղուկը կուպրից ավելի նողկալի է հոսում գլխի մեջ։ Տենդ ունի։
Քիչ հետո կոպերը կծկվում են և բացվում երկու կարմիր գնդերի վրա։ Երկու կարմիր գնդերը գետնին տնկած մի մոմ են արձանագրում, որի վրա կռացել է Բորտակը։ Բայց այժմ թմրած նյարդերը ուղեղում ոչինչ չեն ազդանշում։
===* * *===
Անձրև, անձրև։ Մազերը, աչքերը, ականջները, քիթը թրջված են։ Բերանը բացում է և թարմ հեղուկի շիթը լցվում է ներս։ Բայց ջուրը չի կտրվում։ Հոսում է, հոսում քթի մեջ, կոկորդը։ Խեղդում է նրան։ Գլուխը քաշում է մի կողմ և մի պահ կռացած, պառկում։ Ո՛չ, անձրև չի գալիս, բայց հագուստները թրջված են։ Աղբյուրի ջուրը ուշքի է բերում նրան։ Մի հեգնական ժպիտ է հայտնվում Բորտակի շուրթերին։
— Քաղցա՜ծ եք, բժիշկ։
Չի պատասխանում։ Խնայում է այն փոքրիկ ուժը, որ սկսել է մարմնի մեջ թրթռալ։ Բորտակը մաքրած նարինջ է մեկնում նրան։
— Պատկերացրեք, որ ձեր մեկնելուց հետո գյուղացիների հանդիպեցի և երկու կիլոգրամ նարինջ գնեցի նրանցից։
Էռմեն մշուշված ուղեղով փորձում է ըմբռնել նրա ասածները։ Բորտակը շարունակում է.
— Ձեզ շատ փնտրեցի, հետո մինչ այստեղ եմ բերել ձեզ…
Ինչո՞ւ չի լքել իրեն։ Ինչո՞ւ գյուղացիների հետ չի գնացել։ Ստում է։ Հապա այս նարինջնե՞րը։ Ճամպրուկի մեջ ճզմված այս նարինջնե՞րը։
— Հապա ձեռք տվեք այս հացին, դեռ թարմ է…
Էռմեն ուժ է առնում։ Նայում է Բորտակի աչքերի մեջ և հաստատուն ձայնով ասում.
— Հեռո՞ւ ենք գյուղից։
Նարնջի կորիզները Բորտակի բերանից սահում են կիսաբաց ձեռքի մեջ։
— Չգիտեմ, բժիշկ, կփնտրենք։
Ստում է և չի թաքցնում։
— Հանգիստ թողեք ինձ, գնացեք ձեր գյուղացիների մոտ…
Հոգնած, աչքերը փակում է։ Բորտակի ձայնը անախորժ ճռնչում է ականջների մեջ։
— Ես ձեզ չեմ լքի, բժիշկ։
Զայրույթն է պոռթկում Էռմեի լեզվի ծայրին։ Ի՞նչ օգուտ։ Պաղ ջրի զգայությունը անցնելուն պես, տենդը սկսում է բզզալ նրա գլխում։
===* * *===
Վատ բան է այդ տենդը։ Ստիպում է աչքերդ փակել, բայց արթուն է պահում ուղեղդ և այնտեղ պտտվելու դժնի հաճույքն է վայելում, հետո հանկարծ կանգ է առնում։ Ուղեղը մի պահ պայծառ է, հնարավոր է մի երկու բան մտածել։ Կարևոր չէ, թե ինչ, կնոջ, փետուրի, շոգեքարշի մասին, հետո տենդը վերսկսում է իր պտույտը, և նրա բոլոր մտքերը պտտվում են հետը, մոտենում իրար, խտանում և մեղմիվ պայթում։ Այս տենդը նման է ծովային հիվանդության, որից մարդ ուզում է ինքնասպան լինել։ Էռմեն բացում է աչքերը։ Լույս չկա։ Մի պահ մնում է անշարժ, լսում է մոտիկ հոսող աղբյուրի ձայնը, հետո դառնում է աջ։ Մոմի լույսը թրթռում է։ Բորտակը խոր քնած է։ Երկար ու ձիգ խռմփոց է արձակում։ Նա բաճկոնը հանել է, իսկ շապիկը սոթտել։ Դաստակի ճարպոտ միսը ճերմակ բիծ է դարձել կիսախավարի մեջ։
Մի գաղափար է ծնվում Էռմեի գլխում և ամրանում այնտեղ։ Նա հառաչում է և ափսոսում, որ ավելի շուտ չի մտածել։
Առանց երկար մտածելու, շոշափում է գրպանը, հանում է ածելին և զգուշությամբ, թիզ առ թիզ սողալով մոտենում է Բորտակին։ Մի պահ սպասում է։ Բորտակը շարունակ խռմփացնում է։ Շնչառության ռիթմը չի փոխվել։ Էռմեն զննում է նրա երկճյուղ մկանը և բնազդաբար, ասես վիրահատման լիներ, ածելու ծայրը քաշում է ճարպոտ մսի վրայով։ Մկանը ծածկող շերտը, չորս սանտիմետրի չափ բաժանվում է երկու մասի։ Ոչ մի կաթիլ արյուն։ Բորտակը զարթնում է և վեր ցատկում։ Էռմեին է նայում, հետո վերքն է նկատում։ Դեռ չի հասկանում. մնում է անշարժ։ Էռմեն նորից նստում է իր տեղը ծառի տակ։ Ածելին, պաշտպանվելու պատրաստ, ձեռքին է բռնել։
— Վե՛րջ կատակներին։ Զահլաս գնաց այս լեռներից, ձեզնից և ձեր ընտանիքից։ Քսանչորս ժամից հետո իմ հասցրած վերքը վարակիչ կլինի։ Իսկ հետո կսկսվի փտախտը։ Եթե վաղը հասնենք Տրիպոլի, ես ձեզ կբուժեմ։ Ձեր թևի վրա միայն մի փոքր սպի կմնա։ Պա՞րզ է։
Մի հաստ երակ ուռեց Բորտակի վզին։ Առանց ձեռքը շարժելու, տեղից ելավ, վերքը նայեց, հետո հայացքն ուղղեց Էռմեին։ Վզի երակն անհետացավ։
— Իսկ եթե վաղը Տրիպոլի չհասնե՞նք։
— Փտախտ։ Գիտե՞ք, թե ինչ բան է։
Բորտակը գլուխը բացասաբար շարժում է։
Էռմեն ավելացնում է հանգիստ։
— Կտեսնեք։
Բորտակը կարծես մտածում է, հետո պառկում է, վիրավոր ձեռքը բացում։ Տենդը սկսում է իր շրջանը, Էռմեին աշխարհից կտրում։ Սոճիները, ժայռերը և Բորտակը դառնում են մի գունդ և այդ գունդը սկսում է ծուլորեն պտտվել նրա գանգում։
Կայծակներ են դղրդում ամպերի մեջ։ Մի ուղղահայաց և թաց քամի է գալիս, հետո, հողը սափրելով, անհետանում։ Չորացած, փոշոտ տերևները զարկվում են ժայռերին։ Անպայման անձրև կգա։
— Բժիշկ…
Գունդը սկսում է խարխլել, հետո անհետանում է։ Քրտնքի կաթիլներով է ծածկվել Էռմեի վիզը, և այն պահին, երր նա սուզվում էր եթերային ապաստարանի մեջ ճոճվելու և խոր քուն մտնելու, Բորտակի ձայնը նրան արթնացնում էր։
— Ճամփա ընկնենք, բժիշկ, ես վատ եմ զգում։
Նա միանգամից չի հասկանում։ Բորտակը շատ արագ ասաց։ Նա սպասում է, որ բառերը խելոք և ուշիմ շարվեն գլխում, որպեսզի նախադասությունը հասկանա։
— Կարո՞ղ եք քայլել, բժիշկ։
Էռմեն միանգամից ելնում է։ Մի քիչ թմրած է։ Բորտակի թևին փաթաթած թաշկինակն է տեսնում։ Ասես երազում, հետևում է նրան։ Էռմեին թվում է, թե ոտքերը շարժողը ուրիշ մարդ է։ Բորտակը մեջքը ծռած, ճամպրուկը քարշ տալով, հնազանդ քայլում է։ Նա սկսում է լեռան թեթև զառիվերով իջնել։ Առավոտյան ժամը հինգն է, կայծակները դադարում են։ Հեռավոր որոտները շարունակում են լսվել։ Իջնում են հեղեղատ, ո՛չ զառիվեր կա, ո՛չ զառիթափ։ Իրար կպչելով քայլում են։ Հեղեղատում տարբեր մեծության քարեր ու ժայռեր են ընկած։ Բորտակը ժամանակ առ ժամանակ կանգ է առնում, թևին փաթաթած թաշկինակն է շոշափում, հետո անխոս շարունակում է քայլել։ Էռմեի թիակների միջով քրտինքի խոշոր կաթիլներ են հոսում։ Նա քայլում է, սկզբում մի ոտքը, հետո մյուսը, կարևոր չէ որտեղ, ժայռի վրա, թփի մեջ։ Բնազդաբար հետևում է Բորտակին, կարծես նրա ստվերը լինի։ Նրա աչքերը միայն մի պատկեր են ջոկում՝ Բորտակին։ Մնացած բոլորը մշուշի մեջ է։
Ուժասպառ կանգ են առնում։ Էռմեն փռվում է գետնին, ձեռքերը և գլուխը դնում է գոլ քարին, արագ֊արագ սկսում է շնչել։ Փակ արտևանունքների միջով սպիտակ շղարշ է սահում և խանգարում նրան քնել։ Կարո՞ղ է հիմա ելնել։ Քիչ հետո, քիչ հետո։ Մի քիչ էլ, մի քիչ էլ։ Ահավոր ճիգ է գործադրում, որպեսզի մի կոպը բանա և Բորտակին տեսնի, որ քսան մետր հեռու, լեզուն դուրս գցած պառկել է։ Մեծ դժվարությամբ օդ է կլանում, որպեսզի կլորիկ և ճարպոտ մարմինը սնի։
Աղբյուրը, աղբյուրը։ Էռմեն զգում է, որ ոտից մինչև գլուխ թրջված է։ Ջուրը թափանցում է հագուստներից ներս, հոսում մարմնի վրայով։ Ձեռքերը խրվում են թանձր ցեխի մեջ։ Մի սուր ցավ է գալարվում վզի շուրջբոլորը, կարծես ինչ֊որ մեկը ադամախնձորը կսմթելով զվարճանում է։ Աչքերը բացում է, ժայռերը և թփերը հեռանում են նրանից։ Աղբյո՞ւրն է։ Ոչ, անձրևը։ Բորտակը ձախ ձեռքով բաճկոնի օձիքից քաշում է նրան։ Վերջապես կանգ են առնում։ Քարայրում են։ Բորտակը նրան թողնում է և պառկում կողքին։ Վերքին կապած թաշկինակի վրա, կարմիր ու սև բծեր են չորանում։ Անձրևի խոշոր կաթիլները մշուշի ամպ են սարքում նրանց առջև։ Հողը և ժայռերը, տերևները և ծառերը, թփերը և արմատները ագահորեն շնչում են այդ մշուշը։
Ժամը քանի՞սն է։ Կեսօրվա չորսը։ Քարայրը կիսախավարի մեջ է։ Ամպերը շարունակում են դատարկվել։ Բորտակն իր անկյունում մռնչում է, մինչդեռ անձրևից խարազանված Էռմեի միտքը մի քիչ պայծառանում է։ Երկու օր է տենդով է ապրում. ո՛չ ծարավ է, ո՛չ քաղցած, բայց ուզում է վերջ տալ այս ամենին, թե ինչ միջոցով, կարևոր չէ։
Աչքերը հառում է այդ մսագնդին։ Թոթվում է ուսերը, կռանում վերքի վրա։ Շոշափում է թաշկինակը, ցեխոտվել է, արյունը մակարդվել է վրան։
— Ճամփա ընկնենք, այլապես ձեր վերքը կարող է ծանրանալ, շուտով արդեն ուշ կլինի փրկելու համար։
— Ավելի լավ։ Միասին կմեռնենք։
Էռմեն աչքերը փակում է, բայց Բորտակի տաք շունչը դիպչում է նրա այտին։
Ամենակարևորը այս եղանակին նրա վիճակի մեջ մտնելն է։ Այս ամբողջ անձրևը թափանցում է ներս և նա չի կարող պաշտպանվել…
Մի խեղդված հեծկլտոց է բարձրանում նրա կոկորդով։
— Ինչո՞ւ չընդունեցիք նրան այն երեկո, բժիշկ։
Տարօրինակ ձևով ասաց, կարծես դեռ հույս կար նրան փրկելու։
— Ինչո՞ւ, բժիշկ։
Էռմեն գրգռված պատասխանեց։
— Որովհետև ուզում էի լոգանք ընդունել։
Էռմեն իր ասածի ազդեցությանը սպասեց։ Մի ապտակ, բռունցքի մի հարված, որը համարյա ուզում էր, բայց Բորտակն առանց մի բառ ավելացնելու, իր անկյունը վերադարձավ։
Կես ժամ հետո Բորտակը դուրս եկավ քարայրից և անձրևի տակ ձեռքերը շփեց։
— Կարծես թե տենդ ունեմ, բժիշկ։
Բռի մեջ հավաքված ջուրը երեսին շփեց, վիրավոր ձեռքը ցույց տվեց Էռմեին։
— Կարո՞ղ եք հեշտությամբ բուժել։
Նա հանգիստ էր։ Այնպես էր խոսում իր թևի մասին, կարծես պատահականորեն էր վիրավորվել. օրինակ՝ ծառից ընկնելիս։
— Հասնելուն պես,— պատասխանեց Էռմեն։
— Ուրեմն, վաղն առավոտյա՞ն։
— Հենց որ հասնենք։
Բորտակը մի սիգարեթ վառեց, նայեց երկնքին։
— Անձրևը շուտով կկտրվի։ Դուք պատրա՞ստ եք, բժիշկ։
Էռմեն ելավ, իր պատառոտված զգեստները հագավ։ Նա պատրաստ էր։ Բորտակն ուշադիր նայում էր, կարծես ուզում էր նրա ճիգը գնահատել։
— Տասը ժամ պիտի քայլենք, բժիշկ։ Կարո՞ղ եք ինձ հետևել։
— Այո։ Դուք միայն ձեր թևով զբաղվեք։
— Ճանապարհը երկու մասի կբաժանենք։ Հիմա ժամը ութն է։ Գիշերվա ժամը երկուսին գյուղացիների ասած աղբյուրին կհասնենք։ Մի քիչ կհանգստանանք և կշարունակենք քայլել։
Ժամը ինն է։ Անձրևն արդեն մեկ ժամ է կտրվել է, և արդեն մեկ ժամ է, ինչ Էռմեն հետևում է Բորտակին։ Ծարավ հողը դատարկել է ամպերը, հազիվ ցեխի մի թեթև շերտ առաջացնելով։
Արագորեն թեթևացած երկնքում մի քանի ամպեր են անջատվում և մի թափանցիկ էկրան սարքում ելնող լուսնին։ Գետնից քուլաներով խոտի բուրմունք է բարձրանում։ Էռմեն մկանները ձգած քայլում է։
Ժամը տասն է։ Լուսինը մի ուռուցիկ բնանկար է ստեղծել։ Լեռան երկու կողմից ընկած ժայռերի և քարերի ստվերները երկարել են խորխորատում, որի վերջը չի երևում։ Ժայռերի վրա սողացող Բորտակի ստվերին է հետևում Էռմեն։
Ժամը տասնմեկն է արդեն… Էռմեի մարմինը երկու մասի է բաժանվել. ոտքերը և մարմնի վերին մասերը։ Ոտքերը քայլում են և, առանց Էռմեի զգալու, մեկը մյուսից անջատվում։ Ոտքերն անզգայացած են և միայն հրաշքով են տանում մարմնի մնացած մասերը։ Բայց հոգնությունը այնտեղ է։ Շուտով ուժասպառ կանի և լիովին կանզգայացնի նրան։ Հեռու է վանում իրենից, քշում է այդ թմրությունը։ Ժամանակ է սպանում, միտքը ցրում է Բորտակի ստվերով, որ երկարում է, կծկվում, կտրտվում ժայռերի վրա։
Կեսգիշեր է. հանկարծ նրա ծնկները ծալվում են և նա սկսում է կապկի պես քայլել՝ ձեռքերը ժամանակ առ ժամանակ քսելով գետնին։ Հողի կոշտությունը արդեն զգացվում է, բայց նա դիմանում է։ Որքա՜ն ժամանակ կարող է դիմանալ։ Քանի՞ րոպե։ Քայլում է, և Բորտակից բաժանող տարածությունը անփոփոխ է։ Հետո, աչքերը բաց, ընկնում է գետնին։ Նա տեսնում է կիսով ետ դարձած և իր խիզախությունից գաղտնապես հիացած Բորտակին։
— Լավ չե՞ք, բժիշկ։
Էռմեն շշնջում է։
— Թողեք ինձ այստեղ։ Գնացե՛ք։ Ես ձեր ոտքերի հետքով կգամ… վաղը… վաղը…
Բորտակը նրան չի լսում։ Սկսում է բաճկոնի օձիքից քաշել։ Քանի դեռ Էռմեն կենդանի է, հետաքրքրում է նրան։ Իսկ վհատված և անկենդան վիճակում հետաքրքիր չէ։ Բորտակը սկսում է քաջալերել։
— Եվս մի երկու ժամ, բժիշկ, երկու պստիկ ժամերը արագ կանցնեն, և մենք Տրիպոլիի ճանապարհի կեսին՝ աղբյուրի մոտ կհանգստանանք…
Անտանելի ցավ կա վզի շուրջը։ Վերջին ճիգով փորձում է ելնել և շատ է զարմանում իրեն կանգնած տեսնելով։ Շարժում է մի ոտքը, հետո մյուսը։ Երկու քայլ է անում, հետո չորս, հետո վեց, անցնում է Բորտակից և կանգ չի առնում, վախենալով թափը կոտրել։ Ձեռքերը ազդրերին՝ փչացած խաղալիքի պես քայլում է։ Աչքերը հորիզոնն են պրպտում։
Ցերեկվա ժամը մեկն է, հանկարծակի կանգ է առնում, մնում է ոտքի վրա։ Կարծես ոտքերը արմատ ձգած լինեն հողի մեջ։ Անհնար է տեղից շարժել։ Բորտակը ետ է դառնում։
— Եվս մի ժամ, բժիշկ, և մենք կհանգստանանք։
Էռմեն կանգնած, սուլող շնչառությունով, հազիվ արտաբերում է։
— Անհնար է։ Դուք գնացեք, ես կգամ։
— Ձեռքից գնում եք։ Հանգստացեք մի քիչ։
Էռմեն չի լսում։ Սիրտը ծակում և ոչ մի որոշում չի կարողանում ընդունել։ Նրան թվում է, որ եթե փորձի մի քայլ անել, կփռվի գետին և կվիրավորվի։ Աչքերը փակում է, գլուխը ցած գցում և, հանկարծ, հողը փախչում է ոտքերի տակից, բայց դեմքը ոչ մի արգելքի չի հանդիպում։
Ճոճվում է, ճոճվում Բորտակի մեջքին։
Ժամը երկուսն է, երկու ժայռերի միջից, խոտերով ծածկված աղբյուրը տեսնելով, Էռմեն ուժ է առնում։ Եվս մի քանի ժամ և տառապանքին վերջ։ Մեջքի վրա պառկած նայում է երկնքին, աշխատում է ընդարմացած մարմինը չհիշել։ Բորտակը ոտքերն է լվանում, մեջքը քերում։ Մի փոշոտ և տաք քամի է բարձրանում։
Ժամը երեքն է։
— Պատրա՞ստ եք, բժիշկ։
Արդյոք Բորտակի ձա՞յնն էր։ Այնուամենայնիվ, նրա աչքերը բաց են։ Բորտակը մոտենում է նրան։
— Ինչի՞ մասին եք մտածում, բժիշկ։
— Հիսուս Քրիստոսի։ Խաչի ճանապարհի մասին։
Հիմարություն է։ Գիտե։ Բայց ո՞ւմ հոգն է։ Ելնում է։ Ճամփա է ընկնում։ Ձախ ոտքն այլևս չի ենթարկվում։ Հազիվ հենվում է վրան և քարշ տալիս։ Մնացած ամբողջ ուժը կենտրոնացրել է մյուս ծնկի մեջ։ Խոշոր ու անամպ լուսինը նույն, միապաղաղ բնանկարն է լուսավորում։
Ժամը չորսն է. ավազ է կուլ տալիս։ Ատամների տակ ընկած ավազը կրճտում է։ Երկու ձեռքերը ծնկներին, ողբալիորեն քարշ է գալիս։ Բորտակը քաջալերում է նրան, բայց արդեն նրա ընկնելու հերթն է։ Էռմեն անցնում է նրա մոտով և նստում ժայռին, բայց Բորտակն անմիջապես ելնում է։ Ստիպված է հետևել նրա օրինակին։
— Եվս մի ճանապարհադարձ, բժիշկ։
Եվս մի ճանապարհադարձ, բայց գոնե վերջինը լինի, քանի որ այլևս ուժ չունի։ Իսկ այս ավազը։ Ճանապարհադարձից հետո լեռան առջև դուրս եկան։ Ուրիշ ելք չկա։ Էռմեն աչքերով հարցնում է Բորտակին և արդեն վախենում է պատասխանից։
— Ծովի հոտը զգո՞ւմ եք, բժիշկ։
Էռմեն շարժում է գլուխը, լեզուն քսում է շրթունքներին և ավազ թքում։
— Քաջություն, բժիշկ։ Միայն այս լեռը պիտի բարձրանանք։ Մյուս լանջին մենք անպայման գյուղացիների կհանդիպենք։ Շուտ արեք, բժիշկ, թևս արդեն շատ է ցավում։
Բորտակը շարունակում է, բայց Էռմեն նրա ասածները այլևս չի հասկանում։ Միայն նրա ձայնն է լսում։ Մնում է քարացած, անկարող է որևէ շարժում անել։
— Ձեզ պիտի քարշ տամ, բժիշկ։
Երեխայի պես թողնում է, որ ամեն ինչ անի։ Բորտակը մոտենում է նրան, զգուշությամբ պառկեցնում է, բռնում բաճկոնի օձիքից և սկսում է քաշել։ Իր կյանքի ամենալավ օրն է։
Ժամը հինգն է, երկինքը գունատվել է։ Բորտակը մի պահ կանգ է առնում, որ շունչ քաշի և ձեռքի ծայրով դիպչում է Էռմեին, որը շարժվում է։ Մի ժամ քարշ տալուց հետո թողնում է նրան։ Բայց բարեբախտաբար զառիվերը դյուրին է, և ճանապարհի քառորդը անցել են։
— Լա՞վ եք զգում, բժիշկ։
Էռմեն տրորում է վիզը։ Կոկորդին կարծես մի գունդ կանգնած լինի։ Դժվարությամբ է կուլ տալիս։ Բորտակը մի պահ նայում է նրան, հետո շարունակում է մենակ քայլել։ Էռմեն զգուշորեն, կամաց, ժայռից բռնելով, կանգնում է ծալվող ոտքերին։ Ուզում է Բորտակի հետևից գնալ։ Ուզում է հասնել։ Թափ է առնում, հինգ մետր գնում է և ընկնում։ Ձեռքերը, ոտքերը, գլուխը հողին սեղմելով, ելնում է, իրեն տեսնում կանգնած՝ ինչպես քիչ առաջ, և նորից ընկնում։ Նորից սկսում. տասն անգամ, տասնհինգ անգամ, հետո նորից է ընկնում և այլևս չի ելնում։
Բորտակը գալիս պառկում է նրա մոտ։
— Դժվար է, հը՞, բժիշկ։
Եվ քանի որ Էռմեն չի պատասխանում, ավելացնում է։
— Ուժ առեք, բժիշկ։ Եվս մի ժամ։ Ընդամենը մի ժամ։
Էռմեն բացում է աչքերը։
— Մի ժամ բժիշկ, և մենք կհասնենք։
Նա լսում է փորին պառկած Բորտակի բացատրությունները։
— Ես այլևս չեմ կարող ձեզ քարշ տալ, բժիշկ։ Մի քիչ էլ դուք ջանք թափեք։ Ահա, այսպես, այսպես, արմունկներով, հնդկացիների պես։
Նա ցույց է տալիս, թե ինչպես պետք է անել և Էռմեն լարովի խաղալիքի պես, արմունկներին հենվելով, սողում է լեռն ի վեր։ Բորտակը կողքին է։ Նրանց շունչը իրար է խառնվում, նրանց արմունկները իրար են քսվում։ Ավազը կպչում է նրանց քրտնած երեսին։ Եվս մի հիսուն մետր։ Ուժասպառ կանգ են առնում։
— Սկզբում դուք ինձ կբուժեք, այնպես չէ՞, բժիշկ։ Հետո լոգանք կընդունեք, դուք խոստանո՞ւմ եք։
Նրան չի լսում, մոլեգնությամբ շարունակում է սողալ։ Ատամները սեղմած, մաշկը քերծելով, ծնկերով հրում է, քիթն արյունոտվել է, դժվարությամբ, թիզ առ թիզ առաջ է շարժվում։ Եվս մի քսանհինգ մետր։ Շարժվում է, բայց առաջ չի գնում։ Լողալ սովորող աշակերտի պես արմունկները շարժում է, բայց մնում է տեղում։ Բորտակը օգնության է հասնում։ Քթից հոսող արյունը սրբում է և ձեռքից քաշում։ Գագաթից հինգ մետր ցած նրան թողնում է, պառկում է կողքին և սրտապնդում, որ մագլցի։ Չորս մետր։ Երեք մետր։ Երկու մետր։ Հասան։ Բորտակը աշխուժանում է։
Ահա ձեր հիվանդանոցը, բժիշկ։ Ահա Ժամացույցի հրապարակը։ Ահա գերեզմանոցը։ Տեսնո՞ւմ եք, բժիշկ։ Հապա ծովը տեսնո՞ւմ եք, բժիշկ։ Նայեք, որքան խաղաղ է։ Ո՛չ նավ կա, ո՛չ ալիք, կարծես անապատ լինի։
Էռմեն աչքերը լայն բացում է։ Հիվանդանոցը։ Ժամացույցի հրապարակը։ Տեսնում է, բայց գերեզմանոց չկա։ Անապատի նմանվող ծովն էլ է տեսնում։
Մի ցավագին, դժնի, հաղթական ծիծաղ է պայթում Բորտակի կրծքի տակ։
— Չեք հավատո՞ւմ, բժիշկ։ Ո՞չ։ Ես էլ սկզբում չհավատացի, հետո վարժվեցի։ Դուք էլ կվարժվեք, բժիշկ…
Այնպես է ուժասպառվել, որ չի կարողանում պատասխանել։ Բարկությունից կզակը դողում է, քթից սկսում է արյուն գալ։ Հորիզոնն է քննում, անապատ է, իսկական անապատ, ավազով լցված։ Չորս կողմը ավազ է՝ աչքերի մեջ, և թեթև քամի, որ ֆռռում է, պտտվում է գետնին մոտիկ, որ հեռանում է, դառնում հիվանդանոց, Ժամացույցի հրապարակ և, որ մոտենում է, պատկերները մոտեցնում և մոտենալուն հետ պատկերները պղտորվում են, անհետանում։
— Ձեր թև՛ը։
Էռմեն գոռաց։ Մի քրքիջ պատասխանեց նրան։
— Թքած թևիս վրա։ Վերքիս շնորհիվ էր, որ կարողացա մեզ մինչև այստեղ բերել։ Դժվար է, չէ՞, բժիշկ, քայլել, բարձրանալ, իջնել, սոված ու ծարավ մնալ, հոգսով սնվել և ավազ մարսել… Դուք, որ այդքան սիրում եք հարմարավետությունը, ապահով կյանքը…
Էռմեն դժվարությամբ արտաբերում է։
— Դուք խելագար եք…
— Խելագար էի, որ այդ գիշեր վստահեցի և հավատացի ձեզ։ Այժմ մեռնելու հերթը ձերն է…
— Լսեք…
Եվ ավազը լցվում է բերանի մեջ։
— Ես ձեզ չեմ լսի։ Ես այլևս ո՛չ տեսնել եմ ուզում ձեզ, ո՛չ էլ լսել, բժիշկ։ Երբ դուք լոգանք էիք ընդունում, իմ կինը մահանալու վրա էր, բժի՛շկ։
Բորտակը թքում է Էռմեի վրա, բայց նրա չորացած կոկորդից միայն լորձունքի նվազ շիթ է դուրս գալիս։ Էռմեն պրկվում է։ Մի հանկարծակի զայրույթ, էլեկտրական հոսանքի պես, ողնասյունի միջով անցնում և կուտակվում է որովայնում։ Մի փոքր զայրույթ, երրորդը այս երկու օրվա մեջ, մի փոքր հրամայական զայրույթ, որ աջ ոտքը կտրում է գետնից և ճշգրիտ ու կտրուկ հարվածով իջեցնում Բորտակի որովայնի ստորին մասին։
Բորտակը չի գոռում։ Շունչը կտրած, ճակատը հողին, անվայել դիրքով կծկվում է ծնկների վրա։ Էռմեն նորից է խփում, խփում է ամենուր, որտեղ որ ոտքը փափուկ մսի հանդիպի։ Ամենուր, որովայնին, կողերին, կոկորդին։
Վերջապես կանգ է առնում։ Բորտակն այլևս չի շարժվում։ Ոտքի մի հարվածով շրջում է նրան։ Նրա դիրքն այժմ ավելի վայելուչ է, չնայած որ ձեռքերն իզուր որովայնի ստորին մասն են բռնել։ Բորտակն այլևս չի շնչում։
Նրա շրթունքներին լորձունքի մի պղպջակ է առել։ Պղպջակը պայթում է և լսվում է.
— Մարդա՜ս…
:::ԲԵՅՐՈԻԹ (Հաջ Դավուդ),
:::Փարիզ, 1954