Ռիվենդելը և հարազատ Հոբիթստանը արդեն շատ վաղուց մնացել էին հեռու հյուսիսում, բայց ողջ ճանապարհորդության ընթացքում միայն այստեղ հոբիթները զգացին գարնան զարթոնքը: Գարնան շունչը զգացվում էր ամենուրեք. մամուռի և տորֆի շերտերը ծածկվել էին մատղաշ ծիլերով, կվենիները կանաչել էին, խոտի միջից դուրս էին նայում զարմացած ծաղիկները և երգում էին թռչունները: Իթիլիենը՝ Գոնդորի լքված, վայրի պարտեզը, նույնիսկ այժմ դեռ պահպանում էր առաջվա հմայքը՝ ասես գզգզված, բայց դեռ գեղեցիկ անտառային հավերժահարս:
Իթիլիենից Հարավ և արևմուտք տարածվում էր Անդուինի տաք, արևոտ հովիտը: Արևելյան քամիներից այս տարածաշրջանը, առանց արևի ճառագայթների ճամփան փակելու, պահպանում էր Էֆել Դուաթի լեռնաշղթան, հյուսիսից պաշտպանում էին Էմին Մուիլի լանջերը, բայց հարավից Իթիլիենը ամբողջովին բաց էր ջերմ, խոնավ ծովային քամիների համար: Այստեղ մեծ քանակությամբ դեռևս հնագույն ժամանակներում տնկված հսկա ծառեր էին պահպանվել, որոնց մասին հիմա ոչ ոք հոգ չէր տանում, և դրանք դանդաղ ծերանում էին՝ շրջապատված իրենց բազմաթիվ երիրտասարդ ու անխոհեմ սերունդներով: Խիտ շարքերով տարածվում էին անուշաբույր կարմրանները, ձիթենիներն ու դափնիները, հադիպում էին գիհու և մրտենու թփուտներ: Խոտածածկ սալաքարերի վրա տարածվել էին ուրցի կոշտ թփերը, եղեսպակը ծաղկել էր կապույտ, կարմիր ու գունատ-կանաչ ծաղիկներով, գանգրանում էր մաղադանոսը, առաջին ծիլերն էր արձակում անուշահոտ վայրի սուսամբարը: Կային նաև այլ բույսեր, որոնց մասին Սեմն ընդհանրապես գաղափար չուներ: Քարափներն ու քարքարոտ լանջերը պատվել էին քարկոտրուկներով ու թանթռնիկներով, բացատներում արթնացել էին կովածաղիկները, գլխով էին անում կիսաբաց կոկոններով շուշաններն ու նարցիսները, և խիտ, փարթամ-կանաչ խոտով էին շրջապատվել լճակները, որտեղ հանգստանում էին լեռնային առուների սառնորակ ջրերը դեպի Անդուին ճանապարհին:
Ճամփորդները լքեցին ճանապարհը, լանջով իջան ներքև և գլխովին սուզվեցին բուրավետ խոտերի ու թփերի մեջ: Գոլլումը հազում էր ու թքոտում, իսկ հոբիթները շնչում էին ամբողջ կրծքով, և հանկարծ Սեմը ծիծաղեց՝ բայց ուրախությունից, այլ ոչ թե այն պատճառով, որ ծիծաղելի էր: Նրանք իջան արագահոս առվի երկայնքով և շուտով հասան մի լեռնային լճակի մոտ, որը հնում քարե ավազան էր եղել: Այժմ դրա կիսաքանդ պատերը ծածկված էին մամուռով և մասուրի թփերով: Ավազանի շուրջը շարքերով տարածվել էին հիրիկները, իսկ ջրի մութ, թեթև ալիքներից առկայծող մակերևույթին տատանվում էին ջրաշուշանները: Լճակը խորն էր ու վճիտ. քարե օվալի մյուս կողմում, հազիվ լսելի խոխոջյունով, ջուրը հոսում էր ավազանից դուրս:
Հոբիթները լվացվեցին լճակի մեջ, կուշտ ջուր խմեցին առվից և առանց հապաղելու սկսեցին մեկուսի տեղ փնտրել հանգստանալու համար. ինչքան էլ չքնաղ լիներ տեղանքը, այն հիմա թշնամական տարածք էր: Նրանք ընդամենը մի քանի քայլ էին հեռացել ճանապարհից, բայց արդեն հասցրել էին հանդիպել ճակատամարտի հետքերի. հողը ծածկված էր հին և նոր վերքերով՝ հնադրայան ճակատամարտերի հետքեր և թարմ, օրքերի ու այլ սաուրոնյան չարագործների հետքեր: Թփերի մեջ գարշահոտում էր չքողարկված աղբահորը, այս ու այնտեղ ընկած էին կտրված ծառերի բներ՝ ամբողջությամբ ծածկված դանակով փորված մորդորյան ռունագրերով, որոնց մեջ կարելի էր զանազանել աչքի կոպիտ ու սարսափելի նշանը:
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]