— Հարկավոր է պառկելու հարմար տեղ գտնել,— հայտարարեց նա: — Միայն թե ոչ էստեղ, ներքևում: Ինչքան վերև՝ էնքան լավ:
Լճակից փոքր ինչ վերև նրանք անցյալ նախորդ տարվա ձարխոտի մուգ-շագանակագույն խիտ մացառուտներ հայտնաբերեցին: Ձարխոտի շերտից վերև սկսվում էր դափնիների պուրակը, իսկ բլրի գլուխը պսակված էր մայրիներով: Այստեղ էլ որոշեցին անցկացնել օրը, որը, իմիջայլոց, խոստանում էր լինել պարզ ու արևոտ: Ի՜նչ լավ կլիներ այդպիսի մի օր զբոսնել Իթիլիենի պուրակներում ու բացատներում: Բայց, թեև օրքերը տանել չեն կարողանում արևի լույսը, անտառում բավարար քանակությամբ թաքստեցներ ու մթին վայրեր կային, որտեղ նրանք կարող էին թաքնվել և հսկողություն իրականացնել: Եվ ոչ միայն օրքերը. այստեղ այլ աչքեր էլ կարող էին լինել՝ Սաուրոնը շատ կամակատարներ ունի: Եվ Գոլլումն էլ ոչ մի դեպքում տեղից չի շարժվի, քանի դեռ երկնքում փայլում է Դեղին Դեմքը, իսկ այն ահա ուր որ է դուրս կգա Էֆել Դուաթի մթին լանջերի հետևից և կսկսի, ի հեճուկս Գոլլումի, լուսավորել ու տաքացնել:
Սեմը քայլում էր ու խորհում սնդի մասին: Այժմ, երբ անհաղթահարելի Դարպասը մնացել էր հետևում, և հորիզոնում կրկին փայլում էր հույսը, նա բոլորովին մտադիր չէր ապրուստի հարցը վստահել ճակատագրին, թեև, ինչպես երևում էր, Ֆրոդոն հենց այդպես էլ արել էր: Ինչ կլինի իրենց հետ, եթե գործը հաջողվի ավարտին ավարտին հասցնել: Ամեն դեպքում էլֆական գալեթները հարկավոր է պահել սև օրվա համար՝ դա Սեմի համար ակնհայտ էր: Մի անգամ նա հաշվեց, որ դրանք երեք շաբաթից ավելի չեն կբավականացնի: Այդ օրվանից արդեն անցել էր վեց օր: