— Շա՜տ է հյուծվել,— հառաչելով ասաց նա,— կաշին ու ոսկորն է մնացել: Ոնց որ հեչ հոբիթ չլինի: Դե լավ, հենց ճագարներին պատրաստեմ՝ անմիջապես կարթնացնեմ նրան:
Սեմը չոր ձարխոտ հավաքեց և բարձրացավ բլրի գլուխը ցախ բերելու: Նա մայրու կոտրված ճյուղ գտավ, որը երկար ժամանակ կբավականացներ: Հետո վերադարձավ, լանջի վրա փոս փորեց, ճյուղը մասնատեց, դասավորեց փոսի մեջ և արագորեն խարույկ վառեց: Խարույկը գրեթե չէր ծխում և մայրու քաղցր բուրմունք էր տարածում: Երբ Գոլլումը քթի տակ փնթփնթալով վերադարձավ, զգուշորեն բերելով ջրով լի կաթսաները, Սեմն արդեն հաստ ճյուղեր էր ավելացնում կրակին ու պաշտպանում այն քամուց:
Կաթսաները դնելով գետնին, Գոլլումը հանկարծ տեսավ, թե ինչով է զբաղված Սեմը և, բարկացած ու միևնույն ժամանակ մահու չափ վախեցած, սուր ճիչ արձակեց:
— Ա՜խ, ոչ-սսս,— բացականչեց նա,— հիմա՛ր հոբիթներ, անմիտ, այո՛, անմի՛տ: Նրանք չպետք է այդ անեն:
— Ի՞նչ չպետք է անեն,— զարմացած գլուխը բարձրացրեց Սեմը: