Ուրվականները բարձրացրին վանդակը և դրեցին եզներով սայլի վրա։
==Գլուխ XLVII==
Թե ինչ տարօրինակ կերպով կախարդվեց դոն Կիխոտ Լամանչեցին և ինչ այլ զարմանալի դեպքեր պատահեցին
Երբ դոն Կիխոտը տեսավ, թե ինչպես են իրեն վանդակի մեջ գցել և դրել սայլի վրա, ասաց․
Բազմաթիվ և շատ երևելի պատմություններ եմ կարդացել ես թափառական ասպետների մասին, սակայն երբեք չեմ կարդացել, չեմ տեսել ու լսել, որ կախարդված ասպետներին այս տեսակ առևանգած լինեն՝ ծույլ անասունների համր ու դանդաղ քայլով։ Սովորաբար միշտ նրանց օդի միջով են տանում, արտասովոր արագությամբ, գորշ կամ սև ամպով պարուրած կամ թե չէ հրեղեն կառքով, հիպոգրիֆի կամ մի այլ նման հրեշի վրա։ Բայց թե առևանգեն եզներ լծած սայլով, Աստված վկա, ես բոլորովին շփոթվում եմ։ Թեև, հնարավոր է, որ մեր ժամանակվա ասպետականությունն ու կախարդանքը, այլ ճամփով պիտի ընթանան, քան անցյալ դարերինը, թերևս, որովհետև ես աշխարհիս երեսին նոր ասպետ եմ և առաջինը, որ հարություն տվեց արկածախնդիր ասպետների գործունեությանը, մեր օրերում հնարված լինեն կախարդանքի նոր ձևեր և կախարդվածներին առևանգելու նոր եղանակներ։ Խելքդ ի՞նչ է կտրում, Սանչո զավակս։
― Իսկի՛ բան չի կտրում, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև ես թափառական գրեքեր չեմ կարդացել, ինչպես ձեր ողորմածությունը։ Թեև, դարձյալ կհանդգնեի հաստատել և երդվել, որ մեր կողքին քայլող այս ուրվականները բնավ կաթոլիկ չեն։
― Կաթոլիկնե՞ր։ Հոգյա՛կս։ ― Բացականչեց դոն Կիխոտը։ ― Ինչպե՞ս կարող են կաթոլիկ լինել, քանի որ նրանք բոլորն էլ դևեր են, ուրվականների կերպարանք են ընդունել, որ այս խաղը խաղան և ինձ այս օրը գցեն։ Եթե ուզում ես համոզվել, որ ասածս ճիշտ է, ձեռք տուր, շոշափի՛ր նրանց, և դու կտեսնես, որ նրանց մարմինը օդեղեն է և որ այդ ամենը առերևույթ բան է։
― Աստված վկա, սինյոր, ես նրանց ձեռք եմ տվել։ Ահա այս դևը, որ այնքան արագ է քայլում, փափլիկ մարմին ունի։ Նա մի հատկություն ունի, որ ամենևին դևերը չեն ունենում՝ ասում են, թե դևերից ծծումբի և այլ վատ հոտ է գալիս, իսկ սրանից կես մղոից անուշ հոտ է փչում։
Սանչոն դոն Ֆերնանդոյի մասին էր ասում, որ իբրև խոշոր ավատատեր, ուներ, իրոք, Սանչոյի ասած բուրմունքը։
― Դրանից մի՛ զարմանա, Սանչո բարեկամ, ― ասաց դոն Կիխոտը, ― դու պետք է իմանաս, որ սատանաները շատ բանիմաց են՝ թեև նրանք հոտ են ունենում, սակայն իրենք այդ չեն զգում, որովհետև ոգիներ են։ Իսկ եթե նրանցից հոտ է գալիս, ապա նրանց հոտը լավ չի կարող լինել, այլ վատ ու նեխված։ Պատճառն այն է, որ նրանք հետները դժոխք են կրում, և նրանց տանջանքը ոչինչ չի կարող մեղմացնել և քանի որ լավ հոտը ուրախացնող և զվարթացնող բան է, ապա ուրեմն անկարելի է, որ նրանցից լավ հոտ գա։ Ուստի, եթե քեզ թվում է, որ այդ մեկից անուշ հոտ է գալիս, ապա դու կամ սխալվում ես, կամ նա կամենում է քեզ խաբել, որպեսզի դու գլխի չընկնես, թե նա դև է։
Տիրոջ ու ծառայի միջև այսպիսի խոսակցություն տեղի ուներ, իսկ դոն Ֆերնանդոն և Կարդենիոն՝ երկյուղ կրելով, թե միգուցե Սանչոն գլխի ընկնի իրենց նյութած խորամանկությունը (մի բան, որին նա արդեն մոտ էր), որոշեցին արագացնել մեկնումը և, մի կողմ կանչելով պանդոկպանին, կարգադրեցին, որ թամքի Ռոսինանանատը և փալանի Սանչոյի էշը, որ և կատարեց խիստ արագ։ Նույն միջոցին քահանան հրացանաձիգների հետ համաձայնության եկավ օրավարձի մասին, որպեսզի նրանք ուղեկցեն իրենց մինչև գյուղը։ Կարդենիոն Ռոսինանտի թամքի առջևից կախեց, մի կողմից՝ վահանը, մյուսից՝ դալլաքի լագանը և նշան արեց Սանչոյին, որ իր էշը նստի և Ռոսինանտին քաշի ետևից, իսկ սայլի երկու կողքին նստացրեց երկու հրացանաձիգներին, իրենց պատրույգավոր հրացաններով։ Սակայն նախքան պանդոկից դուրս գալը, պանդոկպանի կինը, նրա աղջիկն ու Մարիտորնեսը եկան դոն Կիխոտին հրաժեշտ տալու, ― նրան վրա հասած դժբախտությունը ողբալու ձև անելով։ Տեսնելով այդ՝ դոն Կիխոտը նրանց ասաց․
― Լաց մի՛ք լինի, իմ բարի տիկնայք, բոլոր այս դժբախտությունները կապած են այն արհեստին, որին ես նվիրված եմ։ Եթե այս տառապանքները չպատահեին, ես ինձ հռչակավոր թափառական ասպետ չէի համարի, որովհետև աննշան անուն ու հռչակ վայելող ասպետները նման բաների ենթակա չեն, և նրանց հիշատակը մարում է նրանց հետ միասին։ Դա՛ է հզոր ասպետների վիճակը, որոնց նախանձում են բազմաթիվ թագաժառանգներ և այլ ասպետներ նրանց առաքինության և արիության համար և աշխատում են վատ ճանապարհներով կործանել լավերին։ Այնուամենայնիվ, առաքինությունն այնքան զորավոր է, որ, հակառակ ամեն մոգության, որ հայտնի է եղել նրա առաջին հայտնագործող Զրադաշտին, հաղթանակող դուրս կգա փորձությունից և իր լույսը կսփռի աշխարհիս վրա, ինչպես արևը՝ երկնքում։ Ներեցեք ինձ, չքնաղ տիկիններ, եթե ակամա ձեզ որևէ տհաճություն եմ պատճառել, որովհետև կամովին ու գիտակցաբար ես երբեք ոչ ոքի չեմ վշտացրել, և աղոթեցեք Աստծուն, որ ինձ ազատի այս բանտից, որի մեջ ինձ գերի է վարել ինչ որ չար կախարդ։ Եվ երբ որ ես վերստին ազատ դառնամ, իմ հիշողությունից չեն ջնջվի շնորհները, որ այս դղյակում դուք արել եք ինձ, և ես ըստ արժանվույն շնորհակալ կլինեմ իմ ծառայությամբ։
Դղյակի տիկինների հետ դոն Կիխոտի այս խոսակցության միջոցին քահանան ու դալլաքը հրաժեշտ տվին դոն Ֆերնանդոյին ու նրա ընկերներին, կապիտանին ու նրա եղբորը և իրենց բախտից գոհ բոլոր կանանց, մանավանդ՝ Դորոթեային և Լյուսինդային։ Բոլորը գրկախառնվեցին և խոստացան հետագայում հաղորդել իրար իրնեց գործերի ապագայի մասին։ Դոն Ֆերնանդոն, հաղորդելով, թե ուր պիտի գրեն իրեն, թախանձեց, որ քահանան հաղորդի, թե ինչ կպատահի դոն Կիխոտին՝ հավատացնելով, որ աշխարհիս երեսին դրանից ավելի հաճելի բան չի լինի իր համար։ Ինքն էլ խոստացավ հաղորդել քահանային այն ամենը, որ նրան կարող է հետաքրքրել՝ իր հարսանիքի, Զորաիդայի մկրտության, դոն Լուիսի բախտի և Լյուսինդայի հայրենական տուն վերադառնալու մասին։ Քահանան խոստացավ, թե կետ առ կետ կկատարի նրա խնդիրքը։ Ապա նրանք կրկին գրկախառնվեցին և նորից առաջարկեցին իրար իրենց ծառայությունը։ Իսկ պանդոկպանը մոտեցավ քահանային և տվեց նրան ինչ֊որ թղթեր, ասելով, թե գտել է ճամպրուկի աստառի տակից, որտեղից գտնված էր Անխոհեմ֊հետաքրքիրի վեպը և ավելացրեց, թե նա կարող է բոլորը հետը տանել, քանի որ ճամպրուկի տերը երբեք չի եկել նրանց ետևից, իսկ իրեն պետք չեն, որովհետև կարդալ չգիտե։ Քահանան շնորհակալ եղավ և, բաց անելով ձեռագիրը, կարդաց վերնագիրը՝ «Ռինկոնենտեի և Կորտադիլիոյի վեպը», գլխի ընկավ, թե դա ինչ֊որ վեպ է և խորհեց, թե քանի որ Անխոհեմ֊հետաքրքիրի վեպան այնքան լավն էր, ապա հնարավոր է, որ սա նրանից վատը չէ, որովհետև ըստ ամենայնի երկուսն էլ պատկանում են միևնույն հեղինակին։ Ուստի նա վերցրեց ազատ ժամերին կարդալու դիտավորությամբ։
Ապա նա ձի հեծավ, ինչպես և իր բարեկամ դալլաքը, առանց դիմակները հանելու, որովհետև նրանք չէին կամենում, որ դոն Կիխոտն իրենց ճանաչի և գնացին սայլի ետևից։ Թափորի կարգը հետևյալն էր՝ առաջից գնում էր սայլը, որ քշում էր իր տեր գյուղացին։ Երկու կողքից, ինչպես մենք արդեն ասացինք, հրացանաձիգներն էին գնում՝ պատրույգավոր հրացաններով։ Ապա գալիս էր Սանչո Պանսան էշի վրա՝ ետևից քաշելով Ռոսինանտին։ Ետևից ջորիների վրա, դիմակները դեմքերին քահանան ու դալլաքն էին, ողջ թափորը առաջ էր ընթանում ծանր ու դանդաղ՝ համակերպվելով եզների քայլվածքին։ Դոն Կիխոտը նստած էր իր վանդակի մեջ, ձեռները կապկպած, հենված ճաղերին և ոտները մեկնած, այնքան անշարժ ու լուռ, որ ավելի քարե արձան էր հիշեցնում, քան կենդանի մարդու։ Այսպես, դանդաղ քայլերով և խորին լռությամբ անցան նրանք կես մղոնի չափ և երբ որ հասան մի հովտի, սայլապանը հայտարարեց, որ սա հանգիստ առնելու և եզներին արածացնելու վայր է։ Սակայն դալլաքը, խորհրդակցելով քահանայի հետ, առաջարկեց մի քիչ հեռու անցնել, որովհետև նա գիտեր, որ երևացող բլուրի մոտ մի ուրիշ հովիտ կա՝ առավել թավ ու հյութալի խոտով, քան այստեղ, որտեղ մտադրություն կար հանգիստ առնելու։ Բոլորը համաձայնեցին դալլաքին և շարունակեցին ուղին։
Այս վայրկյանին քահանան ետ նայեց և տեսավ, որ ետևից վեց֊յոթ ձիավորներ են գալիս՝ լավ հագնվված ու կարգ ու սարքը տեղը, որոնք շուտով հասան մեր ճամփորդներին, որովհետև ծույլ ու դանդաղկոտ եզներով չէին գալիս, այլ ջորիներով, որ ունենաում են եկեղեցականները և շտապում են միջօրեի հանգիստ առնել պանդոկում, որ մեկ մղոնից հեռու չէր այդտեղից։ Փութկոտները հասան դանաղաշարժներին և սիրալիր ողջույն տվին։ Եկվորներից մեկը, ինչպես հետո պարզվեց՝ տոլեդոյի եկեղեցական և իրեն ուղեկցողների տերը, տեսնելով այս տարօրինակ թափորը՝ սայլը, հրացանաձիգներին, Սանչոյին, Ռոսինանտին, քահանային, դալլաքին և մանավանդ կապկպած ու վանդակը նստեցրած դոն Կիխոտին, չկարողացավ զսպել իրեն և չհարցնել, թե ինչ կնշանակի այդ մարդուն այն եղանակով տանելը (թեև հրացանաձիգների կրած նշանները նրանց հասկանալ տվին, թե սա պետք է գող կամ այլ հանցագործ լինի, որին պատժելը Սանտա Հերմանդադին է պատկան)։ Հրացանաձիգներից մեկը, որին նա դիմեց, պատասխանեց նրան․
― Այս ասպետից հարցրեք, թե ինչ կնշանակի, որ նրան այս եղանակով են տանում, որովհետև մենք ոչինչ չգիտենք։
Դոն Կիխոտը լսելով այս խոսակցությունն, ասաց․
― Ձերդ ողորմածություն, սինյոր ասպետներ, բավականաչափ տեղյակ ու փորձվա՞ծ եք այն ամենի մեջ, ինչ վերաբերում է թափառական ասպետությանը։ Եթե այո՛, ապա ես կհաղորդեմ իմ դժբախտության մասին, իսկ եթե ո՛չ, ապա կարիք չկա, որ ես նեղություն քաշեմ բացատրություններ տալով։
Նույն պահին քահանան ու դալլաքը, նկատելով, որ եկվորները խոսակցում են դոն Կիխոտ Լամանչեցու հետ, մոտ եկան պատասխան տալու համար, որպեսզի իրենց խորամանկությունը չբացվի։
Եկեղեցականը դոն Կիխոտի հարցին պատասխանեց․
― Ճիշտն ասած, որդիս, ես Վիլյալպանդոյի Sumulas֊ից<ref>Աստվածաբան Գասպար Կարդիլյո դե Վիլյալպանդոյի «Summa summularum» (կրճատ կոչվում է «Summulas») աշխատությունը (հրատ․ 1557), որն այն ժամանակ տրամախոսության ամենատարածված ձեռնարկն էր։</ref> ավելի շատ ասպետական վեպեր կլինեմ կարդացած, այնպես որ, եթե բանն այդ է, ապա կարող եք ապահովաբար հաղորդել ինձ, ինչ որ կամենաք։
― Աստված օգնական, ― պատասխանեց դոն Կիխոտը, ―եթե այդպես է, խնդրեմ, սինյոր ասպետ, իմանաք, որ ես կախարդված և այս վանդակի մեջ եմ նետված չար կախարդների նախանձից ու նենգությունից, որովհետև առաքինությունը ավելի է հալածվում չար մարդկանց կողմից, քան սիրվում է բարիներից։ Ես թափառական ասպետ եմ և ոչ նրանց թվից, որոնց անունը չի հավերժացնում փառքը, այլ նրանցից, որոնց վիճակված է, հակառակ նախանձի, Պարսկաստանի մոգերի, Հնդկաստանի բրահմանների, Եթովպիայի մերկ փիլիսոփաների, գրել իրենց անունը անմահության տաճարում, որպեսզի գալիք դարերում օրինակ ու նմուշ լինի և որպեսզի թափառական ասպետները տեսնեն, թե ինչ ճամփով պիտի ընթանան, եթե ձգտում են հասնել ռազմական արվեստի գագաթին ու պատվաբեր բարձրունքին։
― Սինյոր դոն Կիխոտ Լամանչեցին ճիշտ է ասում, ― ասաց ի պատասխան քահանան, ― նա, իրոք, այս սայլով գնում է կախարդված և ոչ թե իր մեղքերի ու ոճիրների համար, այլ նրանց անհասկացողության համար, որոնց աչքում առաքինությունն անտանելի է և արիությունը՝ ատելի։ Ձեր առջև, սինյոր, Տխուր Պատկերի Ասպետն է, որի մասին դուք, թերևս, լսած լինեք։ Նրա հոյակապ գործերն ու մեծ սխրագործությունները գրած են լինելու ամուր բրոնզի և հավերժական մարմարի վրա, ինչքան նախանձը ճգնի նսեմացնել և ոխը՝ մոռացության մատնել։
Եկեղեցականը, լսելով թե ինչ ոճով են խոսում գերյալն ու ազատները, այնքան էր զարմացել, որ քիչ էր մնում երեսը խաչակնքի՝ նա չէր կարողանում ըմբռնել, թե հետը ինչ է պատահել, և նույն զարմանքն էր պատել նրա բոլոր ուղեկիցներին։ Այդ միջոցին Սանչո Պանսան, որ մոտեցել էր լսելու համար, թե ինչ են խոսում, կամենալով գործը պարզել, ասաց․
― Սինյորներ, ուզեք֊չուզեք, ես պետք է ասեմ, թե բանն այն է, որ իմ տեր դոն Կիխոտը նույնպես է կախարդված, ինչպես իմ մայրը՝ նրա խելքը տեղն է, նա ուտում֊խմում ու կատարում է իր բնական պահանջները, ինչպես ուրիշ մարդիկ և ինչպես կատարում էր երեկ, նախքան այս վանդակի մեջ նետվելը։ Այս այսպես լինելուց հետո ինչպե՞ս են կամենում ինձ համոզել, թե նա կախարդված է։ Շատերից լսել եմ ես, թե կախարդվածները չեն կարող ո՛չ ուտել, ո՛չ քնել, ո՛չ խոսել, իսկ իմ տերը, եթե նրան չընդհատեն, երեսուն փաստաբանից ավելի կխոսի։
Եվ դառնալով քահանային նա շարունակեց․
― Ա՜խ, տեր հայր, տեր հայր, մի՞թե ձերդ ողորմածությունը կարծում է, թե ես ձեզ չեմ ճանաչում և ենթադրում, թե գլխի չեմ ընկնում և ըմբռնում, թե այս նոր կախարդանքներն ո՞ւր են տանում մեզ։ Իմացած եղեք, որ ես ճանաչում եմ ձեզ, ինչքան էլ ծածկելու լինեք ձեր դեմքը, և իմացած եղեք, որ հասկանում եմ, ինչքան էլ սքողելու լինեք ձեր խաբեությունը։ Սակայն այնտեղ, որտեղ իշխում է նախանձը, առաքինությունը չի կարող ապրել, ինչպես ժլատությունը՝ առատաձեռնության հետ։ Սատանան տանի, եթե ձերդ ողորմածությունը չլիներ, հիմա իմ տերը ամուսնացած կլիներ Միկոմիկոնի թագաժառանգի հետ, և ես առնվազն կոմս կդառնայի, որովհետև ես պակասը չէի կարող սպասել իմ տեր Տխուր Պատկերի Ասպետի բարությունից, ոչ էլ իմ բազմաթիվ ծառայություններից։ Սակայն շատ ճիշտ են ասում՝ բախտի անիվն ավելի արագ է պտտվում, քան ջաղացքարը, և ովքեր երեկ գագաթնակետին էին հասել, այսօր գետնի վրա են։ Մե՛ղք իմ երեխաներ և կին, չէ՞ որ նրանք կարող էին և պետք է հուսային, թե իրենց հայրը տուն կդառնա որպես նահանգապետ կամ որևէ կղզու կամ թագավորության փոխարքա, իսկ դրա փոխարեն նրանք կտեսնեն, որ ձիապան է ներս մտնում։ Ասելուս նպատակն այն է, տեր հայր, որ շարժեմ ձեր հայրական գութը, և դուք զղջաք ձեր վատ վերաբերմունքից իմ տիրոջ նկատմամբ, զգուշացեք, հանդերձյալ կյանքում Աստված ձեզնից հաշիվ կպահանջի նրան գերելու համար և այն օգնության ու բարի գործերի համար, որ իմ տեր դոն Կիխոտը կարող էր կատարած լինել այն ժամանակի ընթացքում, երբ նա գերված էր։
― Ա՜յս էր պակաս, ― վրա բերեց դալլաքը։ ― Ուրեմն դուք, Սանչո, ձեր տիրոջ կտո՞րն եք։ Աստված վկա, ինչպես ձեզ եմ տեսնում, դուք արժանի եք ձեր տիրոջ հետ վանդակում եղբայրակցելու, որովհետև դուք էլ եք կախարդված և վարակված ասպետական ցնդաբանություններով։ Տարաժամ եք ուռել նրա խոստումներից և ո՛չ բարով մտցրել ձեր գլուխը ցանկալի կղզին։
― Ես ոչ մի բանից չեմ ուռել, ― պատասխանեց Սանչոն, ― ես այն տեսակ մարդ չեմ, որ թողնեմ ինձ ուռցնեն, նույնիսկ թագավորին։ Եվ թեև աղքատ մարդ եմ, բայց հին քրիստոնյա եմ և ոչ ոքի բան չեմ պարտ։ Իսկ եթե կղզի եմ ցանկանում, ի՞նչ կա որ, ուրիշներն էլ ուրիշ և ավելի վատ բաներ են ցանկանում։ Ամեն ոք իր գործերի զավակն է։ Ես մարդ եմ և իբրև մարդ կարող եմ պապ դառնալ, ուր մնաց թե կղզու նահանգապետ, և իմ տերը կարող է այնքան կղզի նվաճել, որ ինքն էլ չիմանա, թե ում տա։ Խորհեցեք, ձերդ ողորմածություն, սինյոր դալլաք, թե ինչեր եք խոսում։ Դա ամենևին մորուք ածիլել չի՝ և Պետրոսը Պետրոսից տարբեր է լինում։ Ասելս այն է, որ մենք բոլորս իրար ճանաչում ենք և ես գառ բռնող չեմ։ Գալով իմ տիրոջ կախարդված լինելուն՝ Աստված տեսնում է ճշմարտությունը։ Այստեղ էլ կանգ առնենք, կարիք չկա պնդել դրա վրա։
Դալլաքը չկամեցավ Սանչոյին պատասխանել՝ զգուշանալով, թե միգուցե իր պարզամտությամբ նա բաց անի այն, ինչ որ ինքն ու քահանան այնքան աշխատում էին ծածկել։ Նույն այդ պատճառով քահանան ասաց եկեղեցականին, որ հետը քիչ առաջ անցնի, որպեսզի ինքը պատմի վանդակի գաղտնիքը և այլ զվարճալի բաներ։ Եկեղեցականը համաձայնեց և, քահանայի ետևից իր ընկերակիցների հետ առաջ ընկավ և ուշի֊ուշով ունկնդրեց նրա պատմությունը դոն Կիխոտի կենցաղի, կյանքի, խելագարության ու սովորությունների մասին՝ կարճառոտ նկարագրելով նրա ցնորամտության սկիզբը և պատճառը և արկածներն ու նրանց զարգացումը մինչև այն ժամը, երբ նրան փակեցին այս վանդակում, որպեսզի տանեն իր տունը և փորձեն նրան բժշկել։ Եկեղեցականն ու նրա ուղեկիցները մնացել էին զարմացած դոն Կիխոտի արտասովոր պատմությունից, և լսելուց հետո եկեղեցականն ասաց․
― Ճշմարիտ որ, տեր հայր, ես այն կարծիքին եմ, որ այս ասպետական կոչեցյալ գրքերը սաստիկ վնասակար են պետությանը։ Մղված վատ ճաշակից ու պարապությունից՝ ես կարդացել եմ գրեթե բոլոր տպագիր գրքերի սկիզբը և երբեք չեմ կարողացել ստիպել ինքս ինձ նրանցից որևէ մեկը սկզբից մինչև վերջ կարդալ, որովհետև ինձ թվացել է բոլորն էլ, մեկն ավելի, մյուսը՝ պակաս, միևնույն բանն են և ոչ մեկում չի լինում գտնել ավելին, քան մյուսում։ Ըստ իս, գրվածքների այս սեռը, նրանց հյուսվածքը հար ու նման են Միլեթի հեքիաթներին ― անմիտ զրույցներ, որ կարող են լոկ հաճույք պատճառել, բայց ոչ ուսուցել։ Ընդհակառակը՝ ապոլոգների հեքիաթները<ref>Միլեթի հունական հեքիաթների մասին, որոնք ծագել կամ հատկապես տարածվել են Միլեթ քաղաքում։ Այդ հեքիաթները մինչև մեր օրերը չեն պահպանվել։ Հայտնի է միայն, որ նրանք աչքի են ընկել արկածախնդրական տարրերի՝ ինչպես և գռեհիկ ու հաճախ անվայել երգիծանքի առատությամբ։ Ապոլոգներ (առակներ) այսինքն՝ բարոյախոսական բնույթի այլաբանական պատմվածքներ, որոնք մեծ մասամբ արևելյան ծագում ունեն և շատ տարածված են եղել միջին դարերում։</ref> միաժամանակ հաճելի են և ուսանելի։ Եվ եթե նման գրքերի գլխավոր նպատակը հաճույք պատճառելն է, ապա ես չգիտեմ, ինչպես են կարող նրանք իրենց նպատակին հասնել, քանի որ լի են այնքան վայրենի անմտություններով։ Հաճույքը, որ ծագում է մեր հոգում, իրերի գեղեցկությունից ու ներդաշնակությունից է, որ մենք տեսնում կամ ըմբռնում ենք երևակայությամբ, իսկ տգեղ ու տձև երևույթները մեզ չեն կարող բավարարել։ Արդ, ի՞նչ գեղեցկություն կարող է լինել, մասերի համապատասխանություն ամբողջի և ամբողջինը՝ մասերի, մի վեպում կամ պատմվածքում, որի մեջ տասնվեց տարեկան տղան խոցում է թրով աշտարակի հասակ ունեցող հսկային և նրան երկու կտոր է անում, ասես թե գաթա լինի կամ թե չէ ճակատամարտ է նկարագրվում, և հեղինակը հաղորդում է մեզ, թե թշնամու բանակում մեկ միլիոն մարտիկ է լինում և բավական է լինում, որ գրքի հերոսը ելնում է նրանց դեմ մեն֊մենակ ― ուզես֊չուզես հավատա՛ ― և ասպետը իր հզոր բազկի ուժով կատարյալ հաղթանակ է տանում։ Ի՞նչ կասենք այն դյուրության, որով մի թագուհի կամ մեծ կայսրության ժառանգ նետվում է անհայտ թափառական ասպետների գիրկը։ Ինչ անտաշ ու բարբարոսական երևակայություն է պետք հաճույք ստանալու համար՝ թե ասպետներով լի մի բարձր աշտարակ լողում է ծովի մեջ առագաստանավի պես, փչում է հաջողակ քամի, և այսօր նավը Լոմբարդիայի ափերի մոտ է, իսկ վաղը առավոտյան՝ Հնդկաստանում, Խուան երեցի հողում կամ այլ երկրներում, որ ո՛չ Պտղոմեոսն է նկարագրել, ո՛չ Մարկո Պոլոն տեսել։<ref>Պտողոմեոս ― հունական աշխարհագետ մեր թվականության II դարում։ Մարկո Պոլո ― իտալացի ճանապարհորդ, շրջագայել է ամբողջ Ասիան, ներառյալ և Ճապոնիան։</ref> Իսկ եթե ինձ առարկելու լինեն, թե այս գրքերի հեղինակները հեքիաթներ են տալիս և պարտադիր չեն համարում պահպանել ճշտություն ու համաչափություն, ապա ես կպատասխանեմ, որ հերյրուրանքն այնքան ավելի լավ է, որքան նման է ճշմարտության և այնքան ավելի հաճելի, որքան ավելի մոտ են հավանական ու հնարավորին։ Հեյրուրած պատմությունները պետք է համապատասխանեն ընթերցողի ըմբռնումին և պետք է այնպես գրվեն, որ անկարելին մեղմանա, չափազանցը հարթվի և, մեր ուշադրությունը գրավելով, նրանք հիացում առաջ բերեն, զարմանք, հուզմունք և հաճույք, միաժամանակ և միաչափ ներշնչեն և՛ զարմանք, և՛ խնդություն։ Իսկ այդ նպատակին երբեք չի հասնի մի գրող, որ խուսափում է նման լինել ճշմարտության և նմանողությունից, իսկ գրական գործի կատարելությունն էլ հենց այդ է։ Ես երբեք չեմ հանդիպել մի ասպետական վեպի, որի ֆաբուլան մի մարմին կազմեր բոլոր իր անդամներով այնպես, որ մեջտեղը համապատասխաներ սկզբին, իսկ վերջավորությունը՝ սկզբին ու մեջտեղին։ Սովորաբար հեղինակներն այնքան բազմաթիվ անդամներից են հյուսում, որ կարծես թե միտք են դրել հրեշ ստեղծելու, և ոչ թե համաչափ մի կերպարանք։ Բացի այդ՝ նրանց ոճը կոպիտ է, արվածները՝ անհավատալի, սիրահարությունները՝ վավաշոտ, վարվեցողությունն՝ անկիրթ, մարտագրություններն՝ անվախճան, դատողություններն՝ անիմաստ, ուղեգրություններն անմիտ, վերջապես, նրանք այնքան զուրկ են ճշմարիտ արվեստից, որ պետք էր նրանց աքսորել քրիստոնյա պետություններից, որպես անպետք մարդկանց։
Քահանան ուշի֊ուշով ունկնդրում էր․ եկեղեցականը նրան թվաց խելացի մարդ և ասածները՝ իմաստալից, ուստի նա ասաց, որ ինքն էլ նույն կարծիքին է, ատելով ատում է ասպետական գրքերը և իր ժամանակին այրել է դոն Կիխոտի բազմաթիվ գրքերը։ Նա պատմեց, թե ինչպես ինքը քննություն կատարեց՝ հիշատակելով, թե որոնք է մատնել կրակի և որոնք խնայել։ Եկեղեցականը շատ ծիծաղեց և ասաց, որ չնյած այդ գրքերի բոլոր պակասություններին, նրանց մեջ քիչ֊շատ լավ բան էլ կա, այն է՝ նրանց նյութը թույլ է տալիս լուսամիտ մարդուն դրսևորել իր ուժերը, որովհետև լայն ու արձակ դաշտ է բացվում նրա առջև, որտեղ նրա գրիչը կարող է անարգել թափ առնել՝ նկարագրելով նավերի խորտակում, ծովի ալեկոծություն, ընդհարումներ և ճակատամարտեր։ Նա կարող է նկարագրել արի կապիտանի, նրան անհրաժեշտ բոլոր հատկություններով, որը գիտե կանխել թշնամու դավերը, որ հռետոր է և ճարտասանությամբ համոզում է կամ հետ է պահում իր զինվորներին, որ խելահաս է՝ խորհրուրդում, արագ՝ գործողության մեջ և հավասարաչափ քաջ է թե՛ սպասողական, թե՛ հարձակողական ժամին։ Նրանք կարող են նկարագրել մերթ ողբալի, մերթ ողբերգական դեպքեր, մերթ անակնկալ ուրուխ անցքեր։ Ահա մի չքնաղ տիկին՝ համեստ, խելացի և զգույշ, ահա քրիստոնյա ասպետ՝ արի և պարկեշտ, ահա մի կոպիտ քյալլագյոզ և պարծենկոտ, ահա՛ և սիրալիր, արի ու նուրբ արքայազն, որ բարի և ուղղամիտ է իրենից ստորադասների նկատմամբ, ահա ազնիվ ու վեհանձն տեր։ Հեղինակը կարող է ներկայացնել աստղագետի, աշխարհագրի և երաժիշտի, մեկին, որ տեղյակ է պետական գործերին, իսկ հարմար առիթով՝ մոգի։ Նա կարող է պատմել մեզ հնարագետ Ուլիսից, բարեպաշտ Էնեոսից, արի Աքիլլեսից, Հեկտորի դժբախտություններից, Սինոնի դավաճանությունից, Էվրիայի բարեկամությունից, Ալեքսանդրի առատաձեռնությունից, Կեսարի քաջությունից, Տրայանոսի մեղմությունից ու ճշմարտասիրությունից, Զոպերի հավատարմությունից, Կատոնի իմաստությունից, մի խոսքով՝ բոլոր հատկություններից, որ մեծ մարդկանց կատարյալ են դարձնում։ Նրանցից է կախված բոլոր այդ հատկությունները մի հերոսի հատկացնել, թե բաժանել մի քանիսի միջև։ Եվ եթե այս ամենը վարպետորեն հնարված լինի և հաճելի ոճով գրված և եթե հնարանքը իրականությունից շատ չշեղվի, ապա գեղեցիկ, երփներանգ թելերից նա անպայման կգործի մի հյուսվածք, որ ավարտված լինելուց հետո այնպիսի գեղեցկություն ու կատարելություն կդառնա, որ կվաստակի պսակ մտավոր երկերի մեջ, որոնց նպատակն է, ինչպես արդեն ասացի, ուսուցանել և հաճույք պատճառել։ Վեպի ազատ ձևը հեղինակին հնարավորություն է տալիս լինել դյուցազներգու, քնարերգակ, ողբերգակ և կատակերգու՝ միացնելով բոլոր տարրերը, որ պարփակված են բանաստեղծության և ճարտասանության հաճելի և քաղցր գիտության մեջ, որովհետև դյուցազներգությունը կարող է գրվել և՛ արձակ, և՛ ոտանավորով։