— Ինձ չի վշտացնում այն միտքը, որ մարդիկ ինձ չեն ճանաչում, այլ այն, որ ես նրանց չեմ ճանաչում։
== Գլուխ երկրորդ ==
'''2.1.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ով ղեկավարվում է բարոյականության օրենքներով, նրան կարելի է նմանեցնել բևեռային աստղին, որ մշտապես իր տեղում է, իսկ մյուսները խոնարհաբար շրջապատում են նրան։
'''2.2.''' Կոնֆուցիոսն ասաց.
— «Երգերի գիրքը» թեև բաղկացած է երեք հարյուր մասից, բայց եթե կամենանք այդ ամենը արտահայտել մեկ նախադասությամբ, ապա կստացվի այսպես՝ չար ու վնասակար մտքեր այստեղ չեն բարբառում<ref>«երգերի գիրքը» Կոնֆուցիոսի համար, ամենից առաջ, բարոյականության գիրք էր և արժեքավոր էր նրանով, որ կարող էր օգնել ազնվացնելու մարդկանց։</ref>։
'''2.3.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Եթե հնազանդությունը ամրապնդվի օրենքներով և կարգապահությունը՝ պատիժներով, ապա ժողովուրդը կաշխատի շրջանցել օրենքներն ու պատիժները և խիղճն ամբողջովին կկորցնի։
Իսկ, ընդհակառակն, եթե ժողովուրդը ղեկավարվի բարոյականության օրենքներով և կարգապահությունն ամրապնդվի ընդունված ծեսերի ու արորողությունների պահպանության ճանապարհով, ապա նա ոչ միայն խիղճը չի կորցնի, այլև կունենա ամոթի զգացում և կարգը կպահի գիտակցաբար<ref>Հավանաբար կանխատեսել է Ցին հարստության խորտակումը մ․ թ․ ա․ 206 թվականին։</ref>։
'''2.4.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Երբ դարձա տասնհինգ տարեկան, ամբողջովին տրվեցի ուսմանը։
Երեսուն տարեկանում ձևավորվեցի վերջնականապես։ Քառասուն տարեկանում այլևս կասկածներ չունեի։
Հիսուն տարեկանում ես ճանաչեցի երկնքի կամքը։
Երբ դարձա վաթսուն տարեկան, նուրբ լսողությամբ կարողացա տարբերել Բարին ու Չարը, Ճշմարիտն ու Կեղծը։
Յոթանասուն տարեկանում հնազանդվեցի սրտիս կամքին՝ առանց խախտելու Չափը։
'''2.5.''' Մենգ-ի-ցզին հարցրեց, թե ինչպես պետք է իրեն պահել ծնողների մոտ։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
― Չպետք է մոռանալ հարգանքի և հնազանդության օրենքները։
Եվ երբ Ուսուցիչը աշակերտի՝ Ֆան Չիի հետ ճանապարհ էր գնում, և սա սայլն էր վարում, ասաց.
― Մեն Սուն (Մենգ-ի-ցզին) ինձ հարցրեց, թե ինչպե՞ս պետք է իրեն պահել ծնողների մոտ և ես պատասխանեցի՝ չպետք է մոռանալ հարգանքի և հնազանդության օրենքները։
Դրան Ֆան Չին պատասխանեց.
— Ի՞նչ է նշանակում դա։
Ուսուցիչն ասաց.
— Քանի դեռ նրանք ողջ են, պետք է այնպես ծառայել, ինչպես վայել է նրանց։ Իսկ երբ մահանում են, պետք է թաղել ծեսի համաձայն և նրանց արժանի զռհեր մատուցել<ref>Ըստ Կոնֆուցիոսի, նախնիների մեծարանքը այն միջոցն է, որով մեռածները իշխանություն են պահպանում ողջերի վրա։</ref>։
'''2.6.''' Մեն-ու-բոն հարցրեց, թե ի՞նչ պարտականություններ ունեն որդիները ծնողների հանդեպ։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
Որդիները պետք է լինեն այնպիսին, որ ծնողներին հոգս պատճառեն միմիայն հիվանդանալիս։
'''2.7.''' Ցզի-յոուն՝ աշակերտը, հարցրեց, թե ինչպե՞ս պետք է իրեն պահել ծնողների մոտ։
Կոնֆուցիոսն ասաց.
— Առհասարակ այն, ինչ մենք հասկանում ենք ծնկների նկատմամբ պարտականություն ասելով, ամենից առաջ սրանց կերակրելու պատրաստակամությունն է։
Բայց մարդիկ կերակրում են նաև իրենց շներին ու ձիերին։
Ուրեմն եթե մարդ ծնողների նկատմամբ հարգանք չունենա, էլ ի՞նչ տարբերություն կարող է լինել նրանց ապրուստի մասին հոգ տանելու և շուն ու ձի պահելու մեջ։
'''2.8.''' Ցզի-սյան՝ աշակերտը, հարցրեց, թե ինչպես պետք է իրեն պահել ծնողների աոաջ։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Միշտ էլ դժվար է ծնողների առաջ խոնարհ կանգնել և քաղաքավարի լինել, հետն էլ ուրախ տեսք պահպանել։ Բայց իսկական մեծարանքը այն է, երբ զավակները թեթևացնում են իրենց ծնողների աշխատանքը և նրանց առաջ գինի ու հաց են դնում։
'''2.9.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ես ամբողջ օրը խոսում եմ Հուի<ref>Կոնֆուցիոսի ամենասիրված աշակերտն է՝ Յան Հուին։</ref> հետ, և նա ոչ մի անգամ ինձ չի առարկում։ Կարծես հիմար լինի։ Բայց երբ մնում է մենակ, քննում է ինքն իրեն այնքան, մինչև ի վիճակի է լինում հասկանալու այն, ինչ ուսուցանել եմ նրան։ Հուին ամենևին էլ հիմար չէ։
'''2.10.''' Կոնֆուցիոսն ասաց.
Եթե մենք հետևենք, թե որքան հնարքներ է բանեցնում մարդը իր նպատակներին հասնելու համար, եթե քննենք այն բոլոր շարժառիթները, որ որոշում են նրա արարքները, եթե ստուգենք, թե ինչի մեջ է նրա հոգին հանգիստ գտնում և թե ինչն է հուզում նրան, այդ դեպքում մարդն ինչպե՞ս կարող է մնալ գաղտնիք։ Այդ դեպքում ինչպես կարող է նա իր էությունը թաքցնել։
'''2.11.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Ով պահպանում է հինը և դրա հետ մեկտեղ յուրացնում նոր գիտելիքներ և իմաստություններ, կարող է դառնալ մարդկանց ուսուցիչ և օրինակ։
'''2.12.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվականը թույլ չի տալիս իրեն վերաբերվել այնպես, ինչպես գործիքի։
'''2.13.''' Ցզի-գունն հարցրեց, թե ինչ է նշանակում լինել ազնվական։ Ուսացիչը պատասխանեց.
— Դա նշանակում է՝ գործել այնպես, ինչպես մտածել ես և ապա՝ խոսել այնպես, ինչպես գործել ես։
'''2.14.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվական մարդը իրեն պահում է բոլորին հավասար և բոլորի նման։ Դրան հակառակ՝ հասարակ մարդիկ սիրում են ընկերակցություն և խմբակցություններ կազմել։
'''2.15.''' Կոնֆուցիոսն ասաց.
Անօգուտ է սովորելն առանց խորհրդածելու, իսկ խորհրդածելն առանց որևէ բան սովորած լինելու՝ վնասակար։
'''2.16.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Օտար և կեղծ ուսմունքներով տարվելը միայն վնասակար է։
'''2.17.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ցզի-լու, հիմա ես քեզ կասեմ գիտելիքների ճշմարիտ բանալին։
<poem>
Քեզ խելոք համարիր նրանով, ինչ որ գիտես։
Եվ ընդհակառակն՝ ինչ չգիտես, խոստովանիր։
Ահա սա է գիտելիքների ճշմարիտ բանալին։
</poem>
'''2.18.''' Ցզի-շանը՝ աշակերտը, ուզում էր սովորել՝ պաշտոնյա դաոնալու համար։
Ուսուցիչն ասաց.
— Շատ լսիր, խուսափիր այն գործերից, որոնց հանդեպ կասկածներ ունես, զգույշ եղիր բառերիդ ընտրության մեջ և այդ դեպքում քիչ կարժանանաս պարսավանքների։
Շուրջդ նայիր, խուսափիր այն ամենից, ինչը վտանգավոր է և առհասարակ եղիր խոհեմ ու խելացի։ Այդ դեպքում չես զղջա։
Հասարակական պաշտոն կարող է զբաղեցնել նա, ով խոսելիս պարսավանքների առիթ չի տալիս իր հասցեին և քիչ առիթներ է ունենում զղջալու։
'''2.19.''' Աի-գունը՝ Լու երկրի տիրակալը, հարցրեց.
— Ի՞նչ պետք է անել, որ ժողովուրդը հնազանդ լինի։ Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Եթե բարձրացնեք արդարներին, իսկ անազնիվներից հեոու մնաք, ժողովուրդը հնազանդ կլինի։ Եվ ընդհակսռակն, եթե անազնիվները պատվի արժանանան, իսկ արդարները՝ մերժվեն, ժողովուրդը հնազանդ չի լինի։
'''2.20.''' Հի Կան-ցզին հարցրեց.
― Ինչպես անել, որ ժողովուրդը լինի հնազանդ ու հավատարիմ, իսկ մարդիկ միմիայն բարի գործեր կատարեն։
Ուսուցիչը պատասխան տվեց.
― Կառավարեք ժողովրդին արժանապատվությամբ, և նա կլինի հնազանդ։ Երբ դուք ինքներդ դրա օրինակը տաք, ապա նա կլինի հավատարիմ։ Խրախուսեք նրանց, ովքեր արժանի են, խրատներ տվեք նրանց, ովքեր ոչինչ չգիտեն, և մարդիկ կձգտեն միմիայն բարի գործեր կատարել։
'''2.21.''' Մեկը հարցրեց Կոնֆուցիոսին.
— Ինչպես է, որ պաշտոն չունեք և չեք մասնակցում երկրի կառավարմանը։
Ուսուցիչը պատասխանեց.
— «Պատմաթյանց գրքում»<ref>Հին Չինաստանի հինգ կանոնիկ գրքերից մեկն է։</ref> ասված է՝ հարգանք ունեցեք ծնողների նկատմամբ, ծնողների նկատմամբ հարգանքը և եղբայրական սերը, որ առաքինություններ են, ազդում են քաղաքականության վրա։ Ուրեմն դրանց մասին հոգ տանելով, կարելի է նպաստել պետական և հասարակական կարգապահության բարելավմանը։ Ինչու միայն հայտնի պաշտոններ զբաղեցնելը համարենք ծառայություն։
'''2.22.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է մարդն ապրել առանց անկեղծության։ Դա նույնն է, թե սայլն ունենա առեղ, բայց առանց լծի՝ եզներ լծելու համար։ Ինչպես կարող է այդ սայլն առհասարակ շարժվել։
'''2.23.''' Ցզի-շանը հարց տվեց.
― Կարելի՞ է իմանալ, թե տաս սերունդ հետո ինչ կլինի։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
― Ցիա<ref>Ցիա հարստությունը գոյություն է ունեցել մ․ թ․ ա․ 21-16-րդ դարերում։</ref> հարստությանը, նրա բարքերին ու օրենքներին հաջորդեց Ին հարստությունը<ref>Նկատի ունի Շան հարստությունը (16-11-րդ դդ․ մ․ թ․ ա․)։</ref>։ Թե ինչը նրանք այդ ամենից պահպանեցին և ինչը, որպես արատավոր, մի կողմ նետեցին, մենք գիտենք։
Ին հարստությանը, նրա բարդերին և օրենքներին հաջորդեց Չժոու<ref>Գոյություն է ունեցել Արևելյան Չժոու՝ մ․ թ․ ա․ 11-րդ դարից մինչև 771 թվականը և Արևելյան Չժոու՝ մ․ թ․ ա․ 770-221 թթ․։</ref> հարստությունը։ Թե ինչ են նրանք պահպանել և ինչ են դեն նետել, նույնպես գիտենք։
Եթե Չժոու հարստությանը փոխարինեն նորերը, ապա կարելի է ենթադրել, թե ինչ է լինելու հարյուր տարի հետո։
'''2.24.''' Կոնֆուցիոսն ասաց.
Ով զոհ է մատուցում այն աստվածներին, որ իր նախահայրերինը չեն, շողոքորթ է։
Ով իր պարտականությունը գիտի, բայց խույս է տալիս նրանցից, վախկոտ է։
----
<references/>