Այսպիսով, քննության ենթարկելով ամբողջ ասվածը, կավելցնեմ, որ հավանություն եմ տալիս և ամրոցներ կառուցողներին, և չկառուցողներին, բայց դատապարտում եմ յուրաքանչյուրին, ով հույսը դնելով ամրոցի վրա, մտահոգված չէ, որ ժողովրդի աչքում ատելի է դարձել։
== Գլուխ XXI։ Ինչ պիտի անի տիրակալը հարգանքի արժանանալու համար ==
Ոչ մի բան այնպես չի վեհացնում տիրակալին, որքան ռազմական ձեռնարկումներն ու բացառիկ արարքները. Ներկայիս տիրակալների մեջ ուսանելի է Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ Արագոնացու օրինակը։ Նրան կարելի կլիներ անվանել նոր տիրակալ, քանզի սկզբում թույլ լինելով, կարճ ժամանակամիջոցում իր փառքով ու շուքով նա դարձավ քրիստոնեական աշխարհի առաջին թագավորը։ Նրա բոլոր գործերը կրում են մեծության դրոշմ, իսկ որոշ գործեր ուղղակի ապշեցնում են։ Նա իր հզորության հիմքը դրեց Գրենադայի համար մղած պատերազմում, որը ձեռնարկեց գահ բարձրանալուց շատ չանցած։ Նա, նախ պատերազմն սկսեց այն ժամանակ, երբ երկրի ներսում հանգիստ իրավիճակ էր տիրում, և ոչ մեկից երկյուղելու պատճառ չկար։ Ընդսմին, նա պատերազմի մեջ ներգրավեց կաստիլիացի բարոններին և վերջիններս պատերազմով զբաղված լինելով, մոռացան խռովությունների մասին։ Այդ ժամանակամիջոցում նա անաղմուկ իր ձեռքում կենտրոնացրեց ամբողջ իշխանությունն ու նրանց հնազանդեցրեց։ Բանակը պահելու փողը նրան տվեցին եկեղեցին ու ժողովուրդը։ Քանի դեռ պատերազմը շարունակվում էր, նա կազմավորեց նաև բանակը, որը հետագայում նրան փառք բերեց։ Դրանից հետո է՛լ ավելի նշանակալից ձեռնարկումներ ծրագրելով և դարձյալ գործելով որպես հավատի պաշտպան, նա հանդես բերեց բարեպաշտությամբ քողարկված դաժանություն՝ վտարելով մառանոսներին<ref>Առերես քրիստոնեություն ընդունած, սակայն թաքուն հուդայականություն դավանող հրեաներ ու մավրեր (ծանոթ թարգմ․)։</ref> ու նրանցից մաքրելով թագավորությունը։ Դժվար է պատկերացնել ավելի անգութ և միաժամանակ ավելի բացառիկ քայլ։ Նույն պատրվակով նա հողեր գրավեց Աֆրիկայում, զորքերը մտցրեց Իտալիա և, վերջապես, պատերազմի մեջ մտավ Ֆրանսիայի հետ։ Ահա այսպես, նա ծրագրում ու իրականացնում էր մեծ գործեր՝ մշտական հիացմունքի ու լարման մեջ պահելով հպատակներին, որոնք ակնդետ հետևում էին դեպքերի ընթացքին։ Եվ այդ բոլոր ձեռնարկումներն այնպիսի արագությամբ էին հաջորդում մեկը մյուսին, որ տիրակալի դեմ դավեր նյութելու ժամանակ չէր մնում։
Տիրակալի հզորացմանը նպաստում են նաև պետության ներսում ձեռնարկած քայլերը, որոնք վերագրվում են մեսսեր Բեռնաբո դա Միլանոյին, այլ կերպ ասած, երբ որևէ մեկը քաղաքացիական կյանքում որևէ նշանակալի բան է անում վատ կամ լավ, ապա անհրաժեշտ է արժանացնել պարգևի կամ պատժի այնպես, որ դա հնարավորինս ավելի երկար հիշվի։ Բայց տիրակալի համար ամենագլխավորն այն է, որ նա իր բոլոր արարքներով աշխատի իր համար ստեղծել խելամիտ մարդու համբավ։
Տիրակալին նաև հարգում են, երբ նա բացեիբաց իրեն թշնամի կամ բարեկամ է հայտարարում, այսինքն, երբ առանց տատանվելու հանդես է գալիս ի պաշտպանություն մեկի և ընդդեմ մյուսի,― դա միշտ ավելի լավ է, քան չեզոք մնալը։ Որովհետև, երբ երկու հզոր տիրակալ գոտեմարտի են բռնվում, ապա հնարավոր հաղթողը քեզ համար կամ վտանգավոր է, կամ ոչ։ Երկու դեպքում էլ շահավետ է առանց վարանելու մտնել պատերազմի մեջ։ Քանզի առաջին դեպքում պատերազմին չմասնակցելով կդառնաս հաղթողի ավարը՝ հուրախություն և ի գոհացումն պարտվածի։ Այդ ժամանակ այլևս ոչ մեկից չես կարող պաշտպանություն ակնկալել. հաղթողը երեսը շուռ կտա դաշնակցից, որը նրան լքել է փորձության պահին, իսկ պարտվածը չի կամենա քեզ ապաստանել, քանզի զլացել ես նրան օգնության ձեռք մեկնել։ Անտիոքոսը, որին էտոլացիները հրավիրել էին Հունաստան հռոմեացիներին դուրս քշելու համար, բանագնացներ ուղարկեց աքայացիների մոտ, որոնք հռոմեացիների դաշնակիցներն էին, նրանց համոզելու, որ չմիջամտեն։ Հռոմեացիներն, ընդհակառակը, աքայացիներին համոզեցին մտնել պատերազմի մեջ։ Այնժամ, իրենց անելիքը որոշերւ համար աքայացիներր խորհուրդ գումարեցին, որի ժամանակ Անտիոքոսի պատվիրակը նրանց կոչ արեց զենքի չդիմել, իսկ հռոմեացիների պատվիրակն այսպես ասաց․ «Quod autem isti dicunt non interponcndi vos bello nihil magis alienum rebus vestris est, sine gratia, sine dignitate, premium victoris eritis»<ref>«Ինչ վերաբերում է այն որոշմանը, որը ձեզ առաջարկվում է իբրև ձեր պետության համար ամենալավն ու ամենաշահավետը, այն է՝ չմիջամտել պատերազմին, ապա ձեզ համար ավելի վատ բան լինել չի կարող, քանզի այդպիսի որոշում ընդունելով կմնաք առանց պարգևի ու պատվի՝ դառնալով հաղթողի ավարը» (լատ․)։</ref>։
Եվ միշտ թշնամին կոչ է անում մի կողմ քաշվել, մինչդեռ, բարեկամն առաջարկում է դառնալ իր զինակիցը։ Անվճռական տիրակալները, որպես կանոն, գերադասում են չմիջամտել, որպեսզի խուսափեն վերահաս վտանգից, և, որպես կանոն, դա նրանց կործանում է։
Բայց եթե անվարան անցնես կռվողներից մեկի կողմը և քո դաշնակիցը հաղթի, ապա որքան էլ որ նա հզոր լինի, ինչքան էլ որ նրանից կախված լինես, միևնույնն է նա քեզ պարտական է, իսկ մարդիկ այդքան էլ ապերախտ չեն, որ հարվածեն նաև դաշնակցին։ Բացի այդ, հաղթանակը երբեք այնքան կատարյալ չի լինում, որ հաղթողը համարձակվի իրեն սանձարձակ պահել և նույնիսկ կոխկրտել արդարությունը։ Իսկ եթե քո դաշնակիցը պարտվի, նա քեզ կպատսպարի, և քանի դեռ ի վիճակի է կօգնի, այնպես որ դժբախտության առումով կդառնաս նրա բախտակիցը, իսկ բախտն այնպիսի բան է, որ գուցե մի օր ժպտա նրան։
Երկրորդ դեպքում, երբ պատերազմողներից ոչ մեկից էլ վախենալու հարկ չկա, մեկին կամ մյուսին միանալը է՛լ ավելի խելամիտ քայլ կլինի։ Քանզի մեկի օգնությամբ կջախջախես մյուսին, թեև, եթե այդ առաջինը խելացի լինի, պիտի ոչ թե կործանի այլ փրկի հակառակորդին։ Իսկ հաղթանակից հետո դաշնակցիդ կենթարկես քո իշխանությանը, չէ որ միայն քո օգնությամբ է նրա հաղթանակն ապահովվում։
Այստեղ տեղին է նշել, որ ավելի լավ է խուսափել քեզանից ուժեղների հետ դաշինք կնքելուց, եթե դա թելադրված չէ անհրաժեշտությամբ, որովհետև, ուժեղ դաշնակցիդ հաղթանակի դեպքում կհայտնվես նրա բռի մեջ, իսկ տիրակալները պիտի զգուշանան իրենց նմաններից կախման մեջ ընկնելուց։
Վենետիկցիներն, օրինակ, դաշինք կնքեցին Ֆրանսիայի հետ ընդդեմ Միլանի դքսի, թեև կարող էին խուսափել դրանից։ Հենց դա էլ դարձավ նրանց կործանման պատճառը։ Եթե դաշինքից խուսափելու հնարավորություն չկա, ինչպես ֆլորենցիացիների պարագայում, երբ պապն ու Իսպանիան զորքերը շարժեցին դեպի Լոմբարդիա, ապա տիրակալը պարտավոր է մտնել պատերազմի մեջ, ինչի պատճառները վերևում նշել եմ։ Միայն թե մի կարծիր, որ ընդունածդ որոշումն այլընտրանք չունի, ընդհակառակն, պետք է կանխավ հաշտվել այն մտքի հետ, որ բոլոր որոշումներն էլ կասկածահարույց են, քանզի հայտնի բան է մի անախորժությունից խուսափելով ընկնում ես մյուսի մեջ։ Խելացի է նա, ով ծանրութեթև անելով բոլոր հնարավոր անախորժությունները, չարյաց փոքրագույնը համարում է որպես բարիք։
Տիրակալը նաև պետք է հովանավորի տաղանդներին, հյուրընկալի շնորհալի մարդկանց, խրախուսի այս կամ այն արհեստի կամ արվեստի բնագավառում աչքի ընկածներին։ Նա պետք է քաղաքացիներին խթանի հանգիստ խղճով զբաղվել առևտրով, հողագործությամբ ու արհեստներով, որպեսզի ոմանք կարգի բերեն իրենց կալվածքները՝ չվախենալով դրանք կորցնել, մյուսներն առևտուր անեն՝ չվախենալով, որ հարկերի պատճառով կսնանկանան։ Ավելին, նա պետք է պարգևներ ունենա նրանց համար, ովքեր հոգ են տանում քաղաքի կամ պետության բարգավաճման համար։ Նա նաև պետք է ժողովրդին զբաղեցնի տոնակատարություններով ու հանդիսություններով՝ դրանց համար տարվա մեջ հարմար պահ ընտրելով։ Հարգանք ցուցաբերելով համքարությունների նկատմամբ, որոնք միավորում են քաղաքների արհեստավորներին, տիրակալը երբեմն պետք է մասնակցի նրանց ժողովներին՝ իրեն դրսևորելով որպես առատաձեռնության ու մեծահոգության տիպար, ընդսմին, ամենայն բծախնդրությամբ ընդգծելով իր վսեմությունը, ինչը պիտի տեսանելի լինի նրա յուրաքանչյուր շարժման մեջ։
== Գլուխ XXII։ Տիրակալի խորհրդականների մասին ==
Տիրակալի համար պակաս կարևոր չէ խորհրդականների ընտրությունը, իսկ թե ինչպիսին կլինեն նրանք՝ լավ թե վատ, կախված է տիրակալների խոհեմությունից։ Իշխողի խելքի մասին ամենից առաջ դատում են ըստ այն բանի, թե ովքեր են շրջապատում նրան։ Եթե դրանք նվիրված ու ընդունակ մարդիկ են, ապա կարելի է վստահորեն ասել, որ նա խելացի մարդ է, որովհետև կարողացել է նկատել այդ անձանց ընդունակություններն ու անխախտ պահել նրանց նվիրվածությունը։ Եթե նրանք այդպիսին չեն, ապա տիրոջ մասին էլ համապատասխան կարծիք կկազմվի, քանզի վատ օգնականներ ընտրելով, նա արդեն իսկ թույլ է տվել առաջին սխալը։ Նրանք, ովքեր ճանաչում էին Սիենայի տիրակալ Պանգոլֆո Պետրուչոյի օգնական Անտոնիո դե Վենաֆրոյին, կասկած անգամ չունեն իր՝ Պանդոլֆոյի արժանիքների մասին, որ այդպիսի օգնական էր ընտրել։
Քանզի խելքը երեք տեսակի է լինում․ մեկը ինքն է ամեն ինչի հասու դառնում, մյուսը կարող է հասկանալ, թե ինչի է հասել առաջինը, երրորդը՝ ինքը ոչնչի չի հասնում և անկարող է հասկանալ, թե ինչի են հասել մյուսները։ Առաջին խելքը բացառիկ է, երկրորդը՝ երևելի, երրորդն՝ անպետք։ Ասվածից անառարկելիորեն հետևում է, որ Պանդոլֆոյի խելքը եթե ոչ առաջին, ապա գոնե երկրորդ տեսակին էր պատկանում, քանզի, եթե մարդը կարող է ուրիշների խոսքերում ու գործերում ճանաչել չարն ու բարին, ապա նա առանձնապես ճարտարամիտ չլինելով էլ՝ իր խորհրդականների ասածների մեջ կտարբերի վատը լավից և լավի համար վարձահատույց կլինի, իսկ վատի համար՝ կպատժի։ Ասենք, նրա օգնականներն էլ չեն համարձակվի տիրակալին խաբել և բարեխղճորեն կծառայեն նրան։
Կա օգնականի արժեքը պարզելու մի անսխալ միջոց. եթե նա ավելի շատ իր մասին է հոգ տանում, քան տիրակալի, և յուրաքանչյուր գործի մեջ իր շահն է փնտրում, ապա երբեք լավ ծառա չի լինի տիրոջ համար։ Վերջինս էլ երբեք չի կարող նրա վրա հույս դնել։ Քանզի այն նախարարը, որին պետական գործեր են վստահված, պարտավոր է մտածել ոչ թե իր, այլ տիրակալի մասին՝ նրան չանհանգստացնելով զանազան մանրուքներով։ Բայց տիրակալն էլ իր հերթին պետք է աշխատի պահպանել իր նախարարի նվիրվածությանը՝ ըստ արժանվույն գնահատելով նրա ծառայությունները, բազմապատկելով նրա կարողությունը, նրան իր հետ կապելով երախտագիտության թելերով, նրա հետ կիսելով պարտականություններն ու մեծարանքները, որպեսզի նա գիտակցի իր անհրաժեշտությունը և, բավականաչափ հարստություն ու պատիվ ունենալով, նոր հարստություններ ու մեծարանքներ չտենչա, ինչպես նաև, իր պաշտոնի վրա դողալով, սարսափի հեղաշրջումներից։ Երբ տիրակալն ու նախարարը երկուստեք իրենց այդպես են դրսևորում, նրանք կարող են միմյանց վստահել, իսկ, երբ նրանք իրենց այլ կերպ են պահում, ապա դա վատ է վերջանում թե մեկի, թե մյուսի համար։
== Գլուխ XXIII։ Ինչպես խուսափել քծնողներից ==
Կուզենայի կանգ առնել ևս մի կարևոր հանգամանքի, ավելի ճիշտ մի թուլության վրա, որից տիրակալները դժվարությամբ են ձերբազատվում, եթե չունեն բացառիկ խելք ու խորաթափանցություն։ Ես նկատի ունեմ քծնանքն ու քծնողներին, որոնք վխտում են տիրակալների շուրջը, քանզի մարդիկ այնքան փառասեր են ու այնքան ինքնահավան, որ մեծ ջանքեր են հարկավոր այդ թուլություններին տուրք չտալու համար։ Բայց ցավն այն է, որ փորձելով քծնանքն արմատախիլ անել, տիրակալը կարող է արհամարհանք հարուցել սեփական անձի նկատմամբ։ Քանզի, քծնանքից պաշտպանվելու այլ միջոց չկա, քան մարդկանց համոզել, որ եթե նրանք քեզ ճշմարտությունն ասեն, նրանցից չես նեղանա, բայց եթե ամեն ոք քեզ ճշմարտությունն ասելու իրավունք ունենա, ապա կդադարեն քեզ պատշաճ ձևով հարգել։
Ուստի, խելացի տիրակալը պետք է ընտրի երրորդ ուղին, այն է՝ առանձնացնի խելացի մարդկանցից մի քանիսին՝ միայն նրանց իրավունք տալով հայտնել իրենց կարծիքը, բայց միայն իր տված հարցերի շուրջ։ Սակայն, պետք է հարցնել ամեն ինչի մասին և լսել պատասխանները, իսկ որոշումներն ընդունել միանձնյա և սեփական հայեցողությամբ։ Խորհրդականների հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ է նրանցից յուրաքանչյուրին այնպես վերաբերվել, որ բոլորի համար պարզ դառնա, որ ինչքան ավելի համարձակ արտահայտվեն, այնքան ավելի կգոհացնեն տիրակալին։ Բայց պետք է նրանցից բացի ուրիշ ոչ մեկին չլսել և անխոտոր ընթանալով դեպի նպատակը, հավատարիմ մնալ կայացրած վճռին։ Ով այլ կերպ է վարվում, նա կամ տեղի է տալիս քծնանքին, կամ լսելով տարբեր խորհուրդներ, հաճախ է փոխում իր կարծիքը, որի պատճառով ընկնում է հպատակների աչքից։
Բերեմ մի ժամանակակից օրինակ։ Հայր Լուկան՝ Մաքսիմիլիան կայսեր վստահյալ անձը, խոսելով նորին մեծության մասին, նշել է, որ նա ոչ ոքից խորհուրդ չի հարցնում, ինքնուրույնաբար ոչինչ չի անում հենց այն պատճառով, որ նրա գործելակերպը հակասում է վերը նշվածին։ Ծածկամիտ մարդ լինելով, կայսրն իր մտադրությունները ոչ ոքի չի վստահում, ոչ մեկի խորհուրդին չի դիմում։ Բայց, երբ այդ մտադրությունները կամաց-կամաց սկսում են մարմին ու ձև ստանալ, ապա նրա շրջապատն սկսում է դրանք վիճարկել, և տիրակալը, թուլակամ մարդ լինելով, դրանցից ձեռք է քաշում։ Ուստի, այսօր սկսվածը վաղը դադարեցվում է, և երբեք չես հասկանա, թե կայսրն ինչ է ուզում, ինչ է մտադիր անել, ու չի կարելի հավատ ընծայել նրա խոսքին։
Այսպիսով, տիրակալը միշտ պետք է խորհրդակցի ուրիշների հետ, բայց միայն այն ժամանակ, երբ ինքն է դա ուզում, և ոչ թե այն ժամանակ, երբ դա ուզում են ուրիշները։ Նա պետք է սաստի յուրաքանչյուրին, ում մտքով կանցնի նրան ինքնակոչ խորհուրդներ տալ։ Սակայն, նա ինքը պետք է ամեն ինչի մասին հանգամանալից հարցուփորձ անի, համբերությամբ լսի հարցի վերաբերյալ ճշմարիտ պատասխանները, և ավելին, անհանգստություն ցուցաբերի, նկատելով, որ ինչ֊որ մեկը, ինչ֊ոը պատճառով վախենում է ճշմարտությունն ասել։ Շատերն են ենթադրում, որ տիրակալներից ոմանք, ովքեր խելացի մարդու համբավ են ունեցել, իրենց փառքով պարտական են ոչ թե անձամբ իրենց, այլ մերձավորների խելացի խորհուրդներին, բայց դա սխալ կարծիք է Քանզի, բացառություն չճանաչող կանոնր հավաստում է. անխելք տիրակալին անիմաստ է խելացի խորհուրդներ տալ, եթե միայն նա պատահաբար չվստահի մի իմաստուն խորհրդականի, որը նրա փոխարեն բոլոր որոշումներն ինքը կընդունի։ Ու, թեև նման իրադրությունը բացառված չէ, սակայն այդ տիրակալի վերջը շուտով կգա, քանզի խորհրդականն ինքը կդառնա տիրակալ։ Իսկ երբ տիրակալն ունի մեկից ավելի խորհրդականներ, ապա, եթե խելացի չէ, չի կարող կողմնորոշվել իրարամերժ կարծիքների մեջ, և բացի այդ, խորհրդականներից յուրաքանչյուրը մտածելու է միայն սեփական բարօրության մասին, իսկ տիրակալը դա չի նկատի ու միջոցներ ձեռք չի առնի։ Իսկ այլ խորհրդականներ չեն լինում, քանզի մարդիկ միշտ վատն են, քանի դեռ անհրաժեշտությունը նրանց չի պարտադրում լավը լինել։ Սրանից կարելի է եզրակացնել, որ խելացի խորհուրդները, ովքեր էլ որ դրանք տան, ծնվում են տիրակալների խելամտությունից, և ոչ թե տիրակալների խելամտությունն է ծնվում խելացի խորհուրդներից։
== Գլուխ XXIV։ Թե ինչու Իտալիայի տիրակալները զրկվեցին իրենց պետություններից ==
Եթե նոր տիրակալը խելամտորեն է հետևում նշված կանոններին, նա արագորեն կամրապնդի իր դիրքերը և այդ պետությունում իրեն ավելի ապահով ու վստահ կզգա, քան իշխանությունը ժառանգաբար ստացած լինելու դեպքում։ Քանզի նոր տիրակալի հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ է, քան ժառանագակալ իշխանի։ Ու, եթե նրա արարքները տոգորված են խիզախությամբ, ապա դրանք մարդկանց համար շատ ավելի հետաքրքիր են ու գրավիչ, քան տոհմի հնությունը։ Չէ որ մարդիկ ավելի շատ ապրում են ոչ թե երեկվա, այլ այսօրվա օրով, ու եթե ներկա պահին բարեկեցություն են ձեռք բերում, ապա գոհանում և ուրիշ բանի հետևից չեն ընկնում։ Ավելին, նրանք սարի պես կկանգնեն նոր տիրակալի թիկունքին, եթե նա գործի պատշաճ ձևով։ Եվ կրկնակի փառքի կարժանանա նա, ով պետություն կստեղծի ու այն կամրապնդի լավ օրենքներով, լավ դաշնակիցներով, լավ զորքով ու ընդօրինակելի արարքներով։ Ճիշտ այդպես երիցս խայտառակ կլինի նա, ով տիրակալ ծնված լինելով՝ անխելքության պատճառով կզրկվի իշխանությունից։
Եթե հիշենք Իտալիայի այն տիրակալներին, ովքեր կորցրել են իշխանությունը, ինչպես օրինակ Նեապոլի թագավորը, Միլանի դուքսը և ուրիշներ, ապա կտեսնենք, որ նրանց առավել խոցելի տեղը եղել է բանակը, ինչի մասին հանգամանորեն խոսվել է վերևում։ Բացի դրանից, նրանցից ոմանք հաշտ չեն եղել ժողովրդի հետ և կամ ժողովրդին իրենց կողմը գրավելով չեն կարողացել մեկուսացնել ազնվականներին։ Քանզի, այնտեղ, որտեղ նման բացթողումներ չկան, տիրակալը չի կարող կորցնել իչխանությունը, եթե բավականաչափ ուժ ունի թշնամու զորքին հակահարված տալու համար։ Փիլիպոս Մակեդոնացին, խոսքս Ալեքսանդր Մեծի հոր մասին չէ, այլ նրա, ով պարտություն կրեց Տիտուս Կվինկցուսից, իր վրա հարձակված մեծ պետությունների՝ Հռոմի և Հունաստանի հետ համեմատած մի ոչ մեծ պետություն ուներ, բայց, ռազմիկ լինելով, ինչպես նաև ընդունակ ժողովրդին իր կողմը գրավելու և իրեն վերնախավից վտանգազերծելու, դիմացավ հռոմեացիների և հույների դեմ մղված բազմամյա պատերազմին ու թեև վերջում մի քանի քաղաք կորցրեց, այնուամենայնիվ, պահպանեց իր թագավորությունը։
Այնպես որ, մեր տիրակալներից նրանք, ովքեր երկար տարիներ իշխելուց հետո զրկվել են իրենց պետություններից, թող մեղքը բարդեն ոչ թե ճակատագրի, այլ իրենց անփութության վրա։ Խաղաղ ժամանակ նրանք չկանխատեսեցին հնարավոր աղետները, մի թերություն, որը ներհատուկ է բոլոր մարդկանց՝ անդորրի ժամանակ չմտածել փոթորկի մասին, իսկ երբ վրա հասան դժվար ժամանակներ, նրանք պաշտպանվելու փոխարեն գերադասեցին փախուստի դիմել, հուսալով, որ հպատակները, գազազելով հաղթողների սանձարձակություններից, իրենց հետ կկանչեն։ Եթե ուրիշ ելք չկա, դա էլ լավ ելք է։ Վատը հանուն դրա մնացած բոլոր ելքերից հրաժարվելն է, ճիշտ այնպես, ինչպես որ չարժե վայր ընկնել, հուսալով, որ քեզ կբարձրացնեն։ Բայց, նույնիսկ, եթե քեզ փորձանքից ազատեն էլ, դա անհետևանք չի մնա, որովհետև կհայտնվեն կախյալ ու նվաստացած վիճակում։ Եվ պաշտպանության լոկ այն միջոցներն են լավ, հիմնավոր ու հուսալի, որոնք կախված են քեզանից ու քո խիզախությունից։
== Գլուխ XXV։ Ինչ ազդեցություն ունի ճակատագրի իշխանությունը մարդկանց գործերի վրա և ինչպես կարելի է դրան դիմակայել ==
Գիտեմ, թե որքան հաճախ են նախկինում պնդել ու հիմա էլ պնդում են, թե աշխարհում ամեն ինչ գտնվում է ճակատագրի ու աստծո իշխանության ներքո, իսկ մարդիկ ոչինչ չեն որոշում և ոչ մի բանի դիմակայել չեն կարող։ Սրանից էլ եզրակացություն է արվում, որ կարիք չկա հոգսերով ծանրաբեռնվել, իսկ ավելի լավ է հաշտվել սեփական բախտի հետ։ Հատկապես վերջին տարիներին շատերը հակվեցին այդ կարծիքի կողմը, քանզի մեր աչքի առաջ այնպիսի անսպասելի փոփոխություններ են կատարվում, որոնց կանխատեսումը վեր է մարդկային ուժերից։ Երբեմն, խորհելով այդ ամենի շուրջը, ես էլ եմ միանում ընդհանուր կարծիքին։
Եվ, այնուամենայնիվ, հանուն այն բանի, որ չկորցնեմ կամքիս ազատությունը, ենթադրում եմ, որ, գուցե, ճակատագիրը տնօրինում է մեր գործերի միայն կեսը, իսկ մյուս կեսը, կամ մոտավորապես կեսը, թողնում է մարդկանց։ Ես ճակատագիրը կնմանեցնեի մի կատաղահոս գետի, որը վարարելով հեղեղում է ափերը, տապալում ծառերը, ավերում տները, իր ճանապարհին սրբում֊տանում է ամեն ինչ։ Բոլորը փախչում, բոլորն ընկրկում են դրա բուռն գրոհի դեմ՝ անզոր լինելով այն կասեցնել։ Այսուամենայնիվ, մի՞թե դա մարդկանց խանգարում է նախազգուշական միջոցներ ձեռք առնել, այսինքն արգելապատնեշներ ու ամբարտակներ կառուցել, որպեսզի գետն ափերից դուրս գալով կամ հոսի դեպի ջրանցքները, կամ էլ դադարեցնի իր անզուսպ ու սպառնալի վազքը։
Ճիշտ այդպես էլ ճակատագիրն իր զորությունը դրսևորում է այնտեղ, որտեղ նրա դեմ որպես արգելք չի ծառանում քաջությունը, և իր գրոհն ուղղում է դեպի այն կողմը, որտեղ արգելապատնեշներ չի տեսնում։ Նայեցեք Իտալիային, որը շնչահեղձ է լինում իր իսկ առաջ բերած բուռն իրադարձությունների հորձանուտում, և կտեսնեք, որ նա նման է մի հարթ տարածքի, որտեղ չկան ոչ ամբարտակներ, ոչ էլ արգելապատնեշներ։ Բայց չէ որ, եթե նա պաշտպանված լիներ քաջությամբ, ինչպես Գերմանիան, Իսպանիան կամ Ֆրանսիան, այդ հորձանքը կարող էր նրան շրջանցել կամ ծայրահեղ դեպքում սոսկալի ավերածությունների պատճառ, չէր դառնա։ Կարծում եմ, այսքանը բավական է ճակատագրին դիմակայելու մասին ընդհանրապես։
Իսկ ինչ վերաբերում է, տիրակալներին, ապա տեսնում ենք, որ նրանցից ոմանք, ովքեր դեռ երեկ բարգավաճում էին, այսօր զրկվում են իշխանությունից, թեև, ինչպես թվում է, նրանց բնավորությունը ոչ հիմնովին ոչ էլ մասամբ չի փոխվել։ Կարծում եմ, դա բացատրվում է այն պատճառներով, որոնք հանգամանորեն քննվեցին վերևում, այսինքն եթե տիրակալն ամբողջ հույսը կապում է ճակատագրի հետ, նա չի կարող դիմակայել դրա հարվածներին։ Կարծում եմ նաև, որ միայն նրանք են շարունակում բարգավաճել, ում գործելակերպը համապատասխանում է ժամանակի ոգուն և կորցնում են նրանք, ում գործելակերպը ժամանակավրեպ է։
Քանզի տեսնում ենք, որ մարդիկ տարբեր եղանակներ են ընտրում իրենց առջև դրած նպատակին այսինքն, հարստության ու փառքի հասնելու համար։ Մեկը գործում է զգուշությամբ, մյուսը՝ շեշտակիորեն, մեկը՝ ուժով, մյուսը՝ հնարագիտությամբ, մեկը՝ համբերատար է, մյուսը՝ ոչ, և յուրաքանչյուրին իր նախընտրած ձևը կարող է հասցնել նպատակին։ Բայց երբեմն տեսնում ենք, որ թեև երկուսն էլ գործել են նույն ձևով, օրինակ՝ զգուշությամբ, բայց երկուսից միայն մեկն է հաջողության հասել, և, ընդհակառակն, թեև երկուսն էլ գործել են յուրովի՝ մեկը զգուշությամբ, մյուսը՝ շեշտակիորեն, երկուսն էլ հավասարապես հաջողության են հասել։ Իսկ դա կախված է հենց այն բանից, որ մի գործելակերպը համապատասխանում է ժամանակի պահանջներին, իսկ մյուսը ոչ։ Ուստի, պատահում է, որ երկուսն էլ, գործելով տարբեր եղանակներով, միատեսակ հաջողության են հասնում, իսկ պատահում է, որ երկուսն էլ գործում են միատեսակ, բայց նրանցից միայն մեկն է նպատակին հասնում։
Դրանով է պայմանավորված նաև բարեկեցության փոփոխությունը։ Նա, ով գործում է զգուշությամբ ու համբերատարությամբ, քանի դեռ ժամանակն ու հանգամանքները բարենպաստ են, բարգավաճում է, բայց բավական է, որ ժամանակն ու հանգամանքները փոխվեն՝ սկսվում է ճգնաժամը, որովհետև նա չի փոխել իր գործելակերպը։ Եվ չկա մեկը, որ կարողանա վերափոխվել, որքան էլ որ խելացի լինի նախ՝ իր էության պատճառով, և երկրորդ՝ մարդն իրեն չի կարող ստիպել շեղվել այն ուղուց, որով ընթանալիս մինչ այդ կայուն հաջողություն է ունեցել։ Ահա թե ինչու, երբ գալիս է թափով գործելու պահը, զգույշ տիրակալը չի կարողանում դա անել, ինչի պատճառով էլ կործանվում է, բայց եթե նրա բնավորությունը ժամանակի ու հանգամանքների թելադրանքով փոխվեր, ապա նրա բարեկեցությունն էլ հարատև կլիներ։
Հուլիոս պապը միշտ գործում էր շեշտակի, ժամանակն ու հանգամանքները նպաստում էին նման գործելակերպին, ուստի նա ամեն անգամ հաջողության էր հասնում։ Հիշենք նրա առաջին ձեռնարկումը՝ Բոլոնիայի զավթումը դեռևս մեսսեր Ջովաննի Բենտիվոլիոյի կենդանության օրոք։ Վենետիկցիները դրան դեմ էին, Իսպանիայի թագավորը նույնպես, Ֆրանսիայի հետ այդ առթիվ բանակցություններ էին վարվում, բայց պապը միայնակ ռազմերթի ելավ իրեն հատուկ անզսպությամբ ու վճռականությամբ։ Եվ ոչ ոք դրան չընդդիմացավ, վենտիկցիները վախից, Իսպանիան՝ հուսալով իր իշխանության մեջ միավորել Նեապոլի թագավորությունը։ Զիջեց նաև Ֆրանսիայի թագավորը, քանզի տեսնելով, որ պապն արդեն արշավանքի է ելել, և ցանկություն ունենալով վենետիկցիների դեմ նրա հետ դաշինք կնքել, մտածեց, որ զինված օգնության ցույց չտալով կարող է բացահայտ վիրավորանք հասցնել նրան։
Այդ շեշտակի ու անակնկալ հարձակումով պապը հասավ այն բանին, ինչին մարդուն մատչելի խելամտությամբ չէր կարող հասնել եկեղեցու որևէ այլ առաջնորդ, քանզի, եթե նա մնար Հռոմում, սպասելով, մինչև, որ ամեն ինչ խաղաղվի ու կարգավորվի, ինչպես յուրաքանչյուր ոք կվարվեր նրա փոխարեն, Ֆրանսիայի թագավորը օգնությունից հրաժարվելու հազար ու մի պատրվակ կգտներ, իսկ մյուսներն էլ հազար ու մի փաստարկ կբերեին ընդդեմ նվաճման։ Ես չեմ խոսի նրա մյուս քայլերի մասին․ բոլորն էլ նույն կարգի էին և բոլորն էլ նրան հաջողվում էին։ Կարճատև կառավարման պատճառով նա այդպես էլ անհաջողության չհանդիպեց, բայց, եթե նա ավելի երկար ապրեր ու գային այնպիսի ժամանակներ, երբ զգուշություն կպահանջվեր, նրա բարեհաջողությունը կավարտվեր, քանզի նա երբեք չէր շեղվի իր էությամբ նախընտրած ուղուց։
Եվ այսպես, իբրև եզրափակում ասեմ, որ ճակատագիրը փոփոխական է, իսկ մարդն՝ իր գործելակերպով՝ համառ, դրա համար էլ քանի դեռ մարդու գործելակերպը համահունչ է ժամանակի ոգուն, նա բարգավաճում է, իսկ երբ այդ դաշնությունը խաթարվում է, բարգավաճումն էլ կանգ է առնում։ Եվ, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ հարձակումն ավելի լավ է քան զգուշությունը, որովհետև ճակատագիրը կնոջ նման է, և, եթե մեկը կամենում է նրա հետ ընդհանուր լեզու գտնել, պետք է նրան քոթակի, այդպիսիներին նա ավելի շուտ է հանջնվում, քան նրանց, ովքեր սառնությամբ են գործի անցնում։ Ուստիև նա, որպես կին, ջահելների ընկերուհին է, որովհետև նրանք այնքան էլ շրջահայաց չեն, ավելի խիզախ են և ավելի մեծ հանդգնությամբ են նրան զարդեր նվիրում։
== Գլուխ XXVI։ Իտալիան բարբարոսների ձեռքից ազատելու և երկրի տերը դառնալու կոչ ==
Խորհրդածելով ամբողջ ասվածի շուրջը և ինքս ինձ խորհելով, թե Իտալիայի համար չի՞ եկել արդյոք նոր տիրակալի մեծարելու ժամանակը և կա՞, արդյոք, այնտեղ մի նյութ, որից օգտվելով խելացի ու արիակամ մարդը կարենար դրան իր ուզած ձևը տալ՝ ի փառս իրեն և ի բարօրություն հայրենիքի,― եզրակացնում եմ, որ այնքան շատ են նոր տիրակալի հայտնվելուն նպաստող հանգամանքները, որ հազիվ թե որևէ մի այլ ժամանակ դրա համար ավելի հարմար լիներ, քան մերը։ Ինչպես մի ժամանակ Իսրայելի ժողովուրդը պետք է գտնվեր ստրկության մեջ, որպեսզի Մովսեսն իր խիզախությունը դրսևորեր, պարսիկները գտնվեին միդացիների լծի տակ, որպեսզի Կյուրոսն ի հայտ բերեր իր հոգեկան մեծ կորովը, աթենացիները բաժան֊բաժան եղած, որպեսզի Թեսևսն իր սխրանքը գործեր, այդպես էլ հիմա ազգային ոգու զարթոնքի համար հարկ էր, որ Իտալիան հասնի ներկայիս ամոթալի վիճակին՝ ավելի ծանր ստրկության, քան հրեաները, ավելի մեծ ստորացման քան պարսիկները, ավելի խորը մասնատվածության քան աթենացիները։ Չկա այնտեղ ոչ աջաջնորդ, ոչ կարգուկանոն, Իտալիան ջախջախված է, կողոպտված, բզկտված, գետնատարած ու մոխրացած։
Պահեր են եղել, երբ թվացել է, թե մեր առջև նա է, ում աստված կամեցել է դարձնել Իտալիայի փրկիչ, բայց անողորմ ճակատագիրը նրան կասեցրել է նպատակի մատույցներում։ Իտալիան ուժասպառ լինելով սպասում է նրան, ով կամոքի նրա վերքերը, ով ավարառությունից կփրկի Լոմբարդիան, ծանր տուրքերից Նեապոլի թագավորությունն ու Տոսկանան, ով կբուժի նրա թարախակալած խոցերը։ Ինչպե՜ս է Իտալիան աստծուն աղերսում վերուստ առաքել մեկին, ով նրան կազատի բարբարոսների դաժանությունից ու բռնությունից Որքա՜ն լի է նա միավորող դրոշի տակ կանգնելու տենչով ու պատրաստակամությամբ, միայն թե գտնվի դրոշակակիրը։
Եվ ամենամեծ հույսերը նա այժմ կապում է ձեր փառապանծ տան հետ, որը, խիզախության և ճակատագրի բարեհաճության, աստծո և եկեղեցու (որի առաջնորդը ձեր տոհմից է) հովանավորության շնորհիվ, կարող է ստանձնել Իտալիայի ազատագրման գործը։ Դա այնքան էլ դժվար չի լինի, եթե դուք ընդօրինակեք այն այրերի կյանքն ու գործունեությունը, որոնց վերևում հիշատակել եմ։ Որքան էլ որ բացառիկ ու զարմանարժան թվան այդ մարդիկ, այնուամենայնիվ, դրանք մարդիկ են, և նրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկել մի դիպված, որն ավելի բարեհաջող չի եղել, քան ձերը։ Քանզի նրանց գործն ավելի արդար կամ ավելի հեշտ կամ ավելի աստվածահաճո չի եղել։ Այստեղ հիրավի գործն արդար է,― «Iustum enim est bellum guibus necessarium, et pia arma ibi nulla nisi in armis spes est»<ref>Քանզի այն պատերազմն է արդարացի, որն անհրաժեշտ է, և այն զենքն է սրբազան, որի վրա է միակ հույսը (լատ․)։</ref>։ Այստեղ պայմաններն իսկապես բարենպաստ են, իսկ որտեղ պայմանները բարենպաստ են, այնտեղ դժվարությունները նահանջում են, հատկապես, եթե հետևենք այն այրերի օրինակին, որոնց վերևում հիշատակել եմ։ Մենք ականատես եղանք աստծո առաքած անսովոր, անօրինակ նախանշաններին՝ ծովը հետ քաշվեց, ժայռից ջուր բխեց, երկնից մանանա թափվեց, գետնին ամեն ինչ համընկավ մեծություն՝ գուշակելով ձեր տոհմին, իսկ մնացյալը դուք պիտի անեք։ Աստված ամեն ինչ չէ, որ ինքն է անում, որպեսզի մեզ չզրկի ազատ կամքից ու մեր բաժին փառքից։
Զարմանալի չէ, որ վերոհիշյալ իտալացիներից և ոչ մեկը նպատակին չի հասել, որին, ինչպես կարելի է հուսալ, կհասնի ձեր փառապանծ տունը, և դա նույնիսկ այն դեպքում, երբ Իտալիայում տեղի ունեցած բազմաթիվ հեղաշրջումներից ու ռազմական գործողություններից հետո այնտեղ կարծես թե մարել է մարտական ոգին։ Դա բացատրվում է նրանով, որ հին կարգերը լավը չեն, իսկ լավերը ոչ ոք չի կարողացել մտցնել։ Մինչդեռ ոչ մի գործ տիրակալին այնպես հռչակ չի բերում, որքան նոր օրենքների ու կարգերի հաստատումը։ Ամրապնդվելով ու հավանության արժանանալով, դրանք տիրակալին փառք ու պատիվ են բերում։ Իսկ Իտալիայում բավականաչափ նյութ կա, որին կարելի է ուզած ձևը տալ։ Մեծ է խիզախությունը նրա որդիներից յուրաքանչյուրի մեջ, բայց, ավա՜ղ, փոքր առաջնորդների մեջ։ Ներկա գտնվելով մենամարտերին ու ոչ մեծ ընդհարումներին, կտեսնեք, թե ինչ հնարամտությամբ, ինչ ճարպկությամբ և ուժով են աչքի ընկնում իտալացիները, բայց ճակատամարտի Ժամանակ նրանք անճանաչելիորն փոխվում են։ Այդ ամենի մեղավորը զորապետերի անգիտությունն է։ Եթե մեկն էլ կա, որ գործից հասկանում է, նրան էլ չեն լսում, ու, թեև իրենց գիտակ են համարում բոլորը, ցայժմ չի գտնվել մեկը, որն իր խիզախությամբ ու հաջողակությամբ այնպես աչքի ընկներ, որ նրա առջև, բոլորը խոնարհվեին։ Ուստի, վերջին քսան տարվա րնթացքում տեղի ունեցած բոլոր պատերազմների ժամանակ միայն իտալացիներից կազմված զորքերը միշտ անհաջողություն են կրել, ինչի վկաներն են ամենից առաջ Տարոն, ապա՝ Ալեքսանդրիան, Կապուան, Ջենովան, Վայլան, Բոլոնիան և Մեստրին։
Եթե ձեր փառապանծ տունը կամենա գնալ այն մեծագույն այրերի հետքերով, որոնք դարձան հայրենիքի փրկիչներ, ապա նախ և առաջ պետք է սեփական զորք ստեղծի, առանց որի բոլոր ձեռնարկումներն անիմաստ կլինեն, քանզի նա չի կարող ունենալ ավելի հավատարիմ, ավելի քաջ, ավելի լավ զինվորներ, որոնք որքան էլ որ անհատապես լավը լինեն, միասին ավելի լավը կլինեն, եթե զորքի առջևում տեսնեն իրենց տիրակալին, որը նրանց հարգում ու մեծարում է։ Այդպիսի զորքը հիրավի անհրաժեշտ է, օտարերկրտցիների ներխուժումը իտալացու քաջությամբ կասեցնելու համար։ Ճիշտ է, իսպանական ու շվեյցարական հետևակը ահեղ է համարվում, սակայն և մեկում և մյուսում կան թերություններ, այնպես որ այլ ձևով կազմված զորքը կարող է ոչ միայն դիմակայել, այլև գերազանցել նրանց։ Քանզի, իսպանացիներր նահանջում են հեծելազորի առջև, իսկ շվեյցարացիներին կարող է սարսափեցնել հետևակը, եթե մարտում համառությամբ նրանց չզիջի։ Արդեն մեկ անգամ չէ, որ համոզվել ենք և էլի կհամոզվենք, որ իսպանացիները նահանջել են ֆրանսիական հեծելազորի առջև, իսկ շվեյցարացիները պարտություն են կրել իսպանական հետևակից։ Վերջինը դեռ մեզ չի հաջողվել ամբողջությամբ տեսնել, բայց բանը դրան էր գնում Ռավեննայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, երբ իսպանական հետևակը դուրս եկավ գերմանական ջոկատների դեմ, որոնք կազմված էին շվեյցարականների նմանողությամբ։ Քաջավարժ իսպանացիներին հաջողվեց, իրենց փոքրիկ վահաններով պաշտպանվելով, առաջանալ ու մտնել թշնամու նիզակների տակ, և, գտնվելով անվտանգության մեջ, նրան մահացու հարվածներ հասցնել այնպես, որ նա դրան ոչինչ չկարողացավ հակադրել, և, եթե իսպանացիների դեմ հեծելազոր դուրս չբերեին, նրանք գլխովին կոչնչացնեին թշնամու հետևակը։ Այսպիսով, ուսումնասիրելով այս կամ այն զորատեսակի թերությունները, պետք է կառուցել նորը, որը կարողանա դիմակայել հեծելազորին և չերկնչի օտար հետևակից, ինչին հասնում են ինչպես զենքի նոր տեսակով, այնպես էլ զորքի նոր կառուցվածքով։ Եվ այդ բոլորը վերաբերում է այն նորամուծություններին, որոնք նոր տիրակալին ամենից ավելի շատ են փառք ու մեծություն բերում։
Այսպիսով, չի կարելի ձեռքից բաց թողնել առիթը։ Այսքան տարիներ սպասելուց հետո Իտալիան թող վերջապես տեսնի իր փրկչին։ Բառերով չեմ կարող արտահայտել, թե օտարերկրացիների ներխուժումներից տուժած բնակիչներն ի՜նչ սիրով կընդունեն նրան, վրեժի ի՜նչ ծարավով, ի՜նչ աներեր հավատով, ի՜նչ արցունքներով։ Ի՞նչ դռներ փակ կլինեն նրա առջև։ Ո՞վ չի հնազանդվի նրան։ Ո՞ւմ նախանձը կփակի նրա ճանապարհը։ Ո՞ր իտալացին նրան հարգ ու պատիվ չի մատուցի։ Բոլորն էլ զգում են, թե ինչ գարշահոտություն է արձակում բարբարոսների տիրապետությանը։ Ուրեմն, թող ձեր փառապանծ տունն այդ պարտականությունը ստանձնի այն քաջությամբ ու հավատով, որով կատարվում են արդար գործերը, որպեսզի նրա դրոշի հովանու ներքո փառավորվի մեր հայրենիքը և նրա առաջնորդությամբ իրականանա Պետրարկայի ասածը․
<poem>
Քաջությունը կխրոխտանա
վայրագության դեմ,
Ու կընկնի ոսոխը,
Քանզի, չի մարել դեռ քաջությունը
Իտալացու սրտում։
</poem>
----
<references/>