— Շատ լավ է դա,— ասաց Ալյոշան,— պետք է հաճախ անել։
* ― Ամե՜ն օր, ամե՜ն օր,— բլբլաց փոխկապիտանը կարծես լրիվ աշխուժանալով հանկարծ։
Վերջապես հասան ու դագաղը դրին եկեղեցու մեջտեղը։ Տղաները շրջապատեցին դագաղը և ամբողջ արարողության ընթացքում այդպես բարեվայելուչ կանգնած մնացին։ Հնամենի էր եկեղեցին ու բավական աղքատ, շատ սրբապատկերներ բոլորովին շրջանակ չունեին, բայց այդպիսի եկեղեցիների մեջ մի տեսակ ավելի լավ ես աղոթում։ Պատարագի ժամանակ Սնեգիրյովյը կարծես հանդարտվեց մի քիչ, թեև մերթ ընդ մերթ նույն անգիտակից ու շփոթահար մտահոգությունը տիրում էր նրան, մեկ մոտենում էր դագաղին՝ ծածկույթը կամ փոքրիկ պսակն ուղղելու, իսկ մեկ էլ երբ մոմակալից մի մոմ ընկավ, հանկարծ վազեց տեղը դնելու և սոսկալի երկար զբաղվեց դրանով։ Հետո արդեն խաղաղվեց ու հանգիստ կանգնեց դագաղի գլխակողմը՝ բութորեն մտահոգ ու մի տեսակ վարանող դեմքով։ «Առաքելոցի» ընթերցումից հետո հանկարծ թեքվեց Ալյոշային, որ իր կողքին էր կանգնած, և փսփսաց նրան, որ «Առաքելոցը» այնպես չկարդացին, և սակայն չբացատրեց, թե ինչ էր ուզում ասել։ Երբ «Հրեշտակային» էին երգում, սկսեց ձայնակցել, բայց չշարունակեց մինչև վերջ. ծունկի եկավ, ճակատը սեղմեց եկեղեցու քարե հատակին ու բավական երկար մնաց այդպես։ Ի վերջո սկսեցին թաղման ծիսակատարությունը, մոմեր բաժանեցին։ Վշտացնոր հայրը իրար անցավ նորից, բայց թաղմանական սրտառուչ, հոգեցունց երգեցողությունն սթափեցրեց ու սասանեց նրա հոգին։ Նա հանկարծ կծկվեց մի տեսակ ու սկսեց կողկողել արագ ու կարճ-կարճ հեկեկոցներով, սկզբում զսպելով ձայնը, հետո արդեն բարձրաձայն հեծկլտալով։ Իսկ երբ սկսեցին հրաժեշտ տալ ննջեցյալին ու փակել դագաղը, նա թևերը առաջ նետեց, կարծես չթողնելով, որ ծածկեն Իլյուշային, գրկեց դագաղը և սկսեց արագ-արագ, ագահորեն, առանց պոկվելու համբուրել իր մեռած մանչուկի շրթունքները։ Վերջապես համոզեցին ու իջեցրին նրան պատվանդանից, բայց նա հանկարծ թափով երկարեց ձեռքը և դագաղից մի քանի ծաղիկ վերցրեց։ Սկսեց նայել ծաղիկներին, և կարծես մի նոր միտք ծագեց նրա գլխում, այնպես որ մի րոպե մոռացավ կարծես գլխավորը։ Հետզհետե մտածմունքի մեջ ընկավ մի տեսակ և այլևս չդիմադրեց, երբ դագաղը բարձրացրին ու տարան դեպի գերեզման։