Ով իր պարտականությունը գիտի, բայց խույս է տալիս նրանցից, վախկոտ է։
== Գլուխ երրորդ ==
'''3.1.''' Հի ընտանիքի ավագի մասին Կոնֆուցիոսն ասաց.
― Ծիսական երաժշտության և պարերի համար նա պահում է ութ երգչախումբ։
Եթե նա ուժ ունի այդ բանն անելու, ուրեմն էլ ի՞նչ չի կարող անել<ref>Ութ երգչախումբ պահելու իրավունք ուներ միայն Լու երկրի թագավորը։</ref>։
'''3.2.''' Լու պետության ազնվական երեք տոհմեր, իրենց նախնիներին զոհ մատուցելուց հետո, երգեր կատարեցին «Ներբողների գրքից», որ Չժոու հարստության տիրակալների մենաշնորհն էր։
Այդ մասին Կոնֆուցիոսն ասաց.
― Չէ որ «Ներբողների գրքում» ասված է՝ «Զոհաբերման ծեսը ղեկավարում է ինքը՝ թագավորը, երկնքի որդին, լուրջ ու տոնական, շրջապատված իշխաններով»։ Ուրեմն էլ ի՞նչ իմաստ ունի այդ երգերը հնչեցնել երեք տոհմերի զոհարանում։
'''3.3.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ով չգիտի իր պարտականությունները մարդկանց հանդեպ, ինչպես կարող է ծիսական օրենքներն ու վարվելաձևերը պահպանել։
Ով չգիտի իր պարտականությունները մարդկանց հանդեպ, ինչպես կարող է հասկանալ երաժշտությունը։
'''3.4.''' Լին Ֆանգը հարցրեց տոնական սովորությունների և ծեսերի օրենքների մասին։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Դա շատ կարևոր է իմանալ։ Տոնական ծեսերն ավելի շատ անպաճույճ պետք է լինեն, քան շքեղ։ Իսկ թաղման ժամանակ ավելի կարևոր է վիշտը, քան արարողության օրենքները բծախնդրորեն կատարելը։
'''3.5.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Եթե բարբարոսները թագավոր ունենան, ապա միևնույն է, նրանք ոչնչով չեն կարող համեմատվել մեր մեծ պետության հետ, եթե անգամ նա թագավոր չունենա։
'''3.6.''' Հի ընտանիքի ավագը, հավակնելով չափվել Չժոու հարստության տիրակալների հետ, կամեցավ զոհ մատուցել Թաի լեռան<ref>Հին Չինաստանի հինգ սուրբ լեռներից մեկն է։</ref> ոգուն։ Ուսուցիչն ասաց Ռան Յուին.
— Դու դա չե՞ս կարող խափանել։
Ռան Յան պատասխանեց.
— Ոչ, չեմ կարող։
Այդ Ժամանակ Կոնֆուցիոսն ասաց.
— Ափսոս Թաի լեռան ոգուն, հակառակ բարոյականությանը, նա ինչպե՞ս պետք է ընդունի այդ զոհաբերությունը։
'''3.7.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվական մարդիկ ոչ մեկի հետ մրցման մեջ չեն մտնում, բայց եթե դա անհրաժեշտ է, ապա միայն նետաձգությամբ։ Սակայն այստեղ էլ մրցողները սկզբում միմյանց գլուխ են տալիս, իսկ նետաձգությունից հետո նստում և խոնարհ ողջույնների ներքո գինի են խմում։ Այդպես մրցելը պատշաճ է միայն ազնվականներին։
'''3.8.''' Ցզի-սյան՝ աշակերտը, հարցրեց.
— Ի՞նչ են նշանակում «Երգերի գրքի» այս տողերը.
«Կախարդանք է նրա ժպիտը գեղեցիկ,<br />Հրապուրիչ է փայլը աչքերի,<br />Որ զարդեր են կարծես ճերմակ հիմնաներկի վրա»։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Նախ ճերմակ հիմնաներկն է ստեղծվում, հետո միայն գույնզգույն զարդերը։
Ցզի-սյան դրան պատասխանեց.
— Ուրեմն վարվելակերպի կանոններն ու վարքի օրենքները նո՞ւյնպես հետո են ստեղծվում։
Ուսուցիչն ասաց.
— Ցզի-սյան արտահայտում է իմ մտքերը։ Ես արդեն կարող եմ նրա հետ խոսել «Երգերի գրքի» մասին։
'''3.9.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Ես կարող էի խոսել Սյա հարստության բարքերի, սովորույթների մասին, սակայն նրանց հետնորդները Հի պետության մեջ դրա համար բավարար տեղեկություններ չեն թողել։
Կարող էի խոսել նաև Ին հարստության բարքերի և սովորույթների մասին, բայց Շան պետության մեջ նրանց հետնորդները նույնպես շատ քիչ տեղեկություններ են թողել։ Նրանք շատ քիչ փաստաթղթեր ու տեղեկություններ են թողել, այլապես ես դրանք որպես ապացույցներ կօգտագործեի։
'''3.10.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Մեծ զոհաբերությունների ժամանակ գինու հեղումից հետո ինձ համար այլևս հաճելի չէ նայել մյուս արարողությունները։
'''3.11.''' Մեկը խնդրեց Կոնֆուցիոսին մեկնաբանել մեծ զոհաբերությունը։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Ես դա չեմ կարող անել, իսկ նա, ով հասկանա մեծ զոհաբերության իմաստը, նույնքան հեշտությամբ կկառավարի երկիրը, որքան և այս բանն անելը,— և նա ցույց տվեց ձեռքի ափը։
'''3.12.''' Կոնֆուցիոսը զոհ էր մատուցում իր նախնիներին այնպես, ասես թե նրանք կանգնած են իր առաջ։
Նա ոգիներին զոհ էր մատուցում այնպես, ասես թե նրանք մասնակից են զոհաբերությանը։
Կոնֆուցիոսն ասում էր. «Եթե ես չմասնակցեմ գոհաբերությանը անձամբ, ապա կնշանակի, որ ես ոչ մի զոհաբերություն էլ չեմ կատարել։ Չի կարելի թույլ տալ, որ մեր փոխարեն ուրիշ որևէ մեկը ներկա լինի արարողությանը։
'''3.13.''' Վան-սու Ցզյան՝ վայ պետության մի բարձրաստիճան ծառայող, հարցրեց.
― Ի՞նչ են նշանակում այս բառերը՝ «Ավելի լավ է օջախի ոգու համակրանքը վայելել, քան թե տան ներսի ոգու»։ Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Այդ բառերը կեղծ են։ Նա, ով մեղանչել է երկնքի կամքի դեմ, չունի այլևս որևէ մեկը, որին կարողանա աղոթել։
'''3.14.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Չժոու հարստությունն հաջորդեց նախորդ երկու հարստություններին՝ Սիա և Շան։ Բայց տեսեք, թե ինչ մշակված ու ազնիվ օրենքներ ունի։ Ես Չժոու հարստության հետնորդն եմ։
'''3.15.''' Մտնելով նախնիների մեծ տաճար, Կոնֆուցիոսը բոլորից մեկ աո մեկ հետաքրքրվեց, թե ի՞նչ ծես և արարողություն է կատարվում։ Ինչ-որ մեկը նկատեց.
— Ինչպե՞ս կարելի է ասել, որ ցզոուցի<ref>Խոսքը Կոնֆուցիոսի հոր մասին է։</ref> մարդու որդին լավ գիտի ծեսերն ու արարողությունները։ Նա մեծ տաճար է մտնում և ամեն մեկից հարցնում այդ մասին։
Ուսացիչը լսեց այդ և պատասխանեց.
— Դա նույնպես ծեսի օրենքներից մեկն է։
'''3.16.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Նետաձգության ժամանակ կարևորն այն չէ, որ խփեն ծակեն նշանակետը, քանի որ մարդկանց ուժերն անհավասար են։ Այնուամենայնիվ դա պահպանվել է հին ժամանակներից։
'''9.17.''' Ցզի-գունը ցանկանում էր վերացնել այն ծիսակատարությունը, որի համաձայն յուրաքանչյուր ամսի առաջին օրը նախնիներին պետք է զոհաբերվեր մի խոյ։
Կոնֆուցիոսն ասաց.
― Դու խղճում ես խոյին, իսկ ես՝ ծիսական օրենքը։
'''3.18.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Երբ մեկը ծառայում է թագավորին և խստորեն պահպանում ծառայության օրենքները, չգիտես ինչու մարդիկ նրան անվանում են շողոքորթ։
'''3.19.''' Դին-գունը՝ Լու պետության տիրակալներից մեկը, հարցրեց Կոնֆուցիոսին․
— Ինչպե՞ս պետք է թագավորը ծառայի իր հպատակներին, իսկ նրանք էլ ինչպես պետք է ծառայեն իրենց թագավորին։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Թագավորը պետք է իր հպատակներին վերաբերվի վայելչորեն և քաղաքավարի։
Պաշտոնյաները պետք է ծառայեն իրենց թագավորին հավատարիմ հնազանդությամբ։
'''3.20.''' Կոնֆուցիոսն ասաց.
«Երգերի գրքից» «Գուան Յու» երգը արտահայտում է ուրախության առանց սանձարձակության և հավատարմության՝ առանց ստորաքարշության։
'''3.21.''' Աի-գունը՝ Լու պետության տիրակալը, Ցզաի Վոին հարցրեց այն զոհասեղանի մասին, որը նվիրված է հայրենիքի պահպանությանը։ Ցզաի Վոն պատասխանեց.
— Ժողովրդին սարսափի մեջ պահելու համար Սիա հարստության թագավորները այնտեղ սոճի տնկեցին, Ինյան արքաները՝ կիպարիսներ, իսկ Չժոուները՝ շագանակենի։
Կոնֆուցիոսը լսեց այդ և ասաց.
— Կարիք չկա բողոքել այն գործերից, որոնք արդեն կատարվել են։ Պետք չէ անցյալի մեջ մեղքեր որոնել։
'''3.22.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Գուան Չժունը՝ Քյուի երկրի կառավարիչը, միայն զզվելի ընդունակություններ ուներ։
— Բայց չէ՞ որ նա ժուժկալ էր,— հարցրեց ինչ-որ մեկը։
Կոնֆուցիոսը նկատեց.
— Ինչպես կարելի է նրան ժուժկալ համարել, երբ երեք կին ուներ և յուրաքանչյուր պաշտոնում՝ մի քանի ծառայող։
— Այնուամենայնիվ նա գլուխ հանո՞ւմ էր վարվելակերպի և ծեսերի օրենքներից։
Ուսուցիչը պատասխանեց.
— Միայն իշխաններին էր իրավունք տրված իրենց պալատների դարպասների վրա շքոցներ կառուցել, բայց Գուան Չժունը, չափվելով իշխանների հետ, իր դարպասի դասն վրա նույնպես կառուցեց այդպիսի շքոց։
Իշխանները իրավունք ունեին առանձնահատուկ սեղաններ ունենալ, որ օգտագործում էին հավաքույթների ժամանակ գինի խմելու համար։ Գուան Չժունը նույնպես ունեցավ այդպիսի սեղան, հանդգնելով անել այն, ինչի իրավունքը չուներ։ Եթե Գուան Չժունը այդպես էր հասկանում վարվելակերպի և ծեսերի օրենքների իմաստը, ապա ո՞վ կարող էր նրան չընդունել։
'''3.23.''' Կոնֆուցիոսը Լա պետության պալատական երաժշտի հետ խոսում էր երաժշտության մասին։ Նա ասաց.
― Ձայնամուտդ համաչափ արա։ Այնուհետև հնչեցրու բոլոր ձայները ներդաշնակորեն, պարզ ու հասկանալի և այդպես անդադար մինչև երգի ավարտը։
'''3.24.''' Յիից մի սահմանապահ խնդրում էր, որ իրեն թայլատրեն տեսակցելու և զրուցելու Կոնֆուցիոսի հետ։
― Երբ որպես ազնվական ես այստեղ եմ եկել, ոչ մի անգամ ինձ չեն մերժել նրան տեսնելու համար,– ասաց նա։ Եվ նրան տարան Կոնֆուցիոսի մոտ։
Դուրս գալով, ասաց Կոնֆուցիոսի աշակերտներին.
― Ինչու եքտխրել, ձեր ուսուցիչը կորցրել է իր պաշտոնը։ Վաղուց ի վեր աշխարհն անտեղյակ էր ճշմարտության ձայնին։ Հիմա երկնքի կամքն է՝ արթնացնել այն Ձեր ուսուցչի ձայնով՝ ինչպես զանգի։
'''3.25.''' Շուն հարստության ծեր կայսեր երաժշտության մասին Կոնֆուցիոսն ասաց.
— Այն կատարելապես բարեհնչուն է և միաժամանակ ազնիվ բանականության իսկական արտահայտություն։
Պատերազմասեր թագավոր Վուի երաժշտության մասին նկատեց.
― Այն նույնպես շատ բարեհնչուն է, սակայն բարձրագույն չափով չի արտահայտում ազնիվ բանականություն։
'''3.26.''' Կոնֆուցիոսն ասաց.
Բարձր դիրք ունենալ և չլինել մեծահոգի, ծիսական օրենքները կատարել առանց ակնածանքի, թաղման և վշտի արարողությունը կատարել առանց ներքին ցավի՝ ես անկարող եմ նման բաները հասկանալ։
== Գլուխ չորրորդ ==
'''4.1.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Կյանքը գեղեցիկ է այն գյուղում, որտեղ իշխում է սերը։ Եթե մենք գտնենք նման բնակավայր, որտեղ մարդիկ բարի են իրար նկատմամբ և բնակություն չհաստատենք, էլ որտե՞ղ կարող ենք սովորել իմաստություն։
'''4.2.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ով բարոյականություն չունի, աղքատության մեջ երկար ապրել չի կարող։ Նա նաև չի կարող ուրախության մեջ երկար ապրել։
Ընդհակառակը, ով բարի է մարդկանց նկատմամբ, դրա մեջ բավականություն է գտնում։ Ահա թե ինչու իմաստունները ձգտում են միշտ այդպիսին լինել։
'''4.3.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Միմիայն նա, ով բարի է, ունի մյուսներին սիրելու և ատելու ճշմարիտ չափը։
'''4.4.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Եթե բոլորը ձգտեին Բարուն, ապա Չարը ոչինչ չէր ունենա անելու։
'''4.5.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Հարստություն և պատիվ՝ ահա թե ինչի են մշտապես ձգտում մարդիկ։ Բայց եթե չեն կարող հասնել դրանց վայելուչ ճանապարհով, ապա չպետք է տանջել իրեն ոչ մեկի, ոչ էլ մյուսի համար։
Աղքատություն և ստորադաս դիրք՝ ահա թե ինչից են խորշում մարդիկ մշտապես։ Բայց եթե դրանք բնական ճանապարհով են ստեղծվել, ապա դրանցից չպետք է ընկճվել։
Եթե ազնվականը հեռանա բարոյական վարքի օրենքներից, ինչպե՞ս կարող է ծառայել նրանց։ Նա դրանք չի մոռանում նույնիսկ ուտելու ժամանակ և կրում է իր մեջ որքան կարող է։
'''4.6.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ես դեռ չեմ տեսել մեկին, որն իրոք սիրի բարին և չեմ տեսել մեկին, որն իրոք ատի չարը։
Ով իրոք սիրում է բարին, իրեն բարձր է զգամ բոլորից։ Ով իրոք ատում է չարը, գործում է բարոյականության և վարքի օրենքներով, այսինքն հեռու է պահում իրեն այն ամենից, ինչ հակառակ է այդ օրենքներին։
Սակայն ես չեմ տեսել մեկին, որի ուժը չբավարարի գոնե մեկ օր տևողությամբ պայքարելու բարու համար։ Երևի կան այդպիսի մարդիկ, բայց ես այդպիսիք չեմ տեսել։
'''4.7.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Մոլորությունները, որոնք կատարվում են, համապատասխան են այն մարդկանց, որոնք կատարում են դրանք։ Սխալների վրա կարելի է ճանաչել մարդկանց։
'''4.3.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ով առավոտյան կարողանա ճանաչել ճշմարտությունը, երեկոյան կարող է հանգիստ խղճով մեռնել։
'''4.9.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Բավականություն չի կարող պատճաոել զրույցը այն մարդու հետ, որը թեև ճիշտ ճանապարհի ձգտում ունի, սակայն ամաչում է իր վատ հագուստներից և հասարակ ուտելիքներից։
'''4.10.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվական մարդը անաչառորեն կանգնած է այս աշխարհի հետ դեմ առ դեմ։ Միայն իրավունքն է նրա կողմը։
'''4.11.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվականի համար կարևորը ներքին, հոգևոր արժեքն է, իսկ հասարակ մարդը բավարարվում է նաև նյութականով։
Ազնվականը մշտապես ձգտում է ճշմարտության, հասարակ մարդը՝ օգտակարության։
'''4.12.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ով մշտապես սեփական շահն է որոնում, կհանդիպի անախորժությունների։
'''4.13.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Անհնար է դժվարությունները հաղթահարել այն երկրում, որտեղ կառավարվում ու մարդկանց հետ վարվում են այնպես, ինչպես ձեռնտու է։
Այն տիրակալը, ով չի հասկանում սա, ուրեմն էլ նրա ինչին են պետք պատշաճությունը, քաղաքավարությունը, և ընդունված վարքի օրենքները։
'''4.14.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ինձ չի վշտացնում այն, որ ոչ պաշտոն ունեմ, ոչ էլ աստիճան։
Ավելի շուտ ինձ մտահոգում է այն, որ ընդունակությունների ու սեփական աժի պակաս եմ զգում։
Չեմ վշտանում նաև անհայտ մնալուց։
Մտածում եմ միայն այնպիսին լինել, որ մարդիկ ինձ ճանաչեն։
'''4.15.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ցզեն Շեն, մի միտք կա, որ կարմիր թելի պես անցնում է իմ ուսմունքի միջով։
Ցզեն Շենը համաձայնվեց։ Երբ ուսուցիչն հեռացավ, աշակերտներն հարցրեցին.
— Ո՞րն է դա։
Ցզեն Շենը պատասխանեց.
— Հավատարիմ լինել և ճշմարտասեր։ Սա է Ուսուցչի ճանապարհը։
'''4.16.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվական մարդը հավատարիմ է իր պարտքին, մինչդեռ հասարակ մարդը տեսնում է միայն սեփական շահը։
'''4.17.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Արժանավոր մարդու հանդիպելիս ձգտիր նմանվել նրան։ Իսկ եթե հանդիպել ես անարժան մեկին, ապա հույսդ դիր քեզ վրա և քննիր ինքդ քեզ։
'''4.18.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Եթե հնազանդորեն ծառայում ես ծնողներիդ, ապա կարող ես անհրաժեշտ զսպվածությամբ նաև առարկել նրանց։ Բայց իմացիր, որ նրանք կարող են համաձայն չլինել քեզ հետ։ Այդ դեպքում նույնպես եղիր հարգալից և մի հակառակվիր։
Ծառայիր նրանց առանց տրտնջալու։
'''4.10.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Քանի դեռ ողջ են ծնողներդ, չպետք է հեռանաս նրանցից։ Բայց եթե, կյանք է, հեռացել ես, ապա աշխատիր ապրելու համար շատ տեղից տեղ չփոխվել։
'''4.20.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ով երկար ժամանակ հայրական ճանապարհից չի շեղվում, կարելի է ասել, որ նա իրեն պահում է հարգալից և մարդավայել։
'''4.21.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ծնողների տարիքը մշտապես պետք է հիշեն զավակները։ Դա մի կողմից հիմք է ուրախության, մյուս կողմից՝ շարժառիթ հոգատարության։
'''4.22.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Հին ժամանակներում մարդիկ անխոհեմ չէին վարվում բառերի հետ, որովհետև կասկած ունեին, թե կարող են չկատարել այն, ինչ պահանջում է արտասանված բառը։
'''4.23.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ով կարողանում է ինքն իրեն տիրապետել, հազվադեպ է սխալվում։
'''4.24.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվական մարդը խոսքի մեջ խոհուն է ու դանդաղ, իսկ գործի մեջ՝ արագ և խելացի։
'''4.25.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Առաքինությունը երբեք միայնակ չի կարող լինել։ Ով արդար բան է անում, անպայման բարեկամներ կգտնի։
'''4.26.''' Ցզի–յուն ասաց.
― Ով թագավորին հանդիմանի, կշնորհազրկվի։
Ով իր ընկերներին մշտապես կշտամբանքներ տա, կմնա միայնակ։
== Գլուխ հինգերորդ ==
'''5.1.''' Կոնֆուցիոսն ասաց իր աշակերտ Գուն-յե Չանգի մասին.
― Նա պիտանի Է ամուսնության համար։ Թեև բանտում եղել է, բայց ոչ իր մեղքով։
Եվ իր դստերը տվեց նրան կնության։
'''5.2.''' Կոնֆուցիոսն ասաց իր աշակերտ Նան Ռունի մասին.
— Եթե մի երկիր լավ կառավարչության տակ է, նրանից հրաժարվել պետք չէ։
Վատ կառավարչությունից է, որ նա ամեն կերպ ձգտում է խուսափել հայածանքից։
Եվ նա իր ավագ եղբոր դստերը տվեց նրան կնության։
'''5.3.''' Կոնֆուցիոսն ասաց իր աշակերտ Ցզի-յանի մասին.
— Նա իսկապես ազնվական մարդ է։ Երբ Լու պետության մեջ այլևս ազնվականներ չլինեն, ինչ է անելու նա։
'''5.4.''' Աշակերտ Ցզի-գունը հարցրեց.
― Մարդիկ ի՞նչ կարծիքի են իմ մասին։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Դու անոթ ես։
— Ի՞նչ անոթ,— ցանկացավ իմանալ Ցզի-գունը։
— Թանկարաժեք անոթ՝ զոհաբերման համար,— պատասխանեց Կոնֆացիոսը։
'''5.5.''' Ինչ-որ մեկն ասաց.
― Աշակերտ Ռան Յուն թեև լավ մարդ է, բայց պերճախոս չէ։
Կոնֆուցիոսը նկատեց.
— Ինչի՞ է պետք մարդուն լեզվական ճարտարությունը։ Ով շատ է խոսում, դառնում է անտանելի։ Ով ոչինչ չգիտի բարոյականության և վարքի օրենքներից, բոլորովին էլ պետք չի, որ պերճախոս լինի։
'''5.6.''' Կոնֆուցիոսը ցանկանում էր, որ իր աշակերտ Ցի-դիաո Կայը մի հասարակական պաշտոն ունենա։
— Ես այդ բանի համար դես պատրաստ չեմ,— ընդդիմացավ աշակերտը։
Կոնֆուցիոսը շատ ուրախացավ այս պատասխանից։
'''5.7.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Աշխարհը ճիշտ ճանապարհով չի գնում։ Երանի հիմա մի լաստ ունենայի և դուրս գայի բաց ծով։ Այդ ժամանակ Ցզի-լուն միակր կլիներ, որ կուղեկցեր ինձ։
Լսելով այդ՝ Ցզի-լուն շատ ուրախացավ։ Բայց Կոնֆուցիոսը նկատեց.
— Չնայած նա ինձ գերազանցում է քաջությամբ, բայց դեռ չի կարող մարդկանց համար օրինակ ծառայել։
'''5.8.''' Մեն Ու-բոն հարցրեց Կոնֆուցիոսին, թե արդյոք մարդասե՞ր է Ցզի-լուն։ Ուսուցիչը պատասխանեց․
― Չգիտեմ։
Քիչ անց Մեն Ու֊բոն կրկնեց հարցը։ Կոնֆուցիոսն ասաց․
― Նրան կարելի է վստահել հագար մարտակառք ունեցող մի պետության ռազմական գործը։ Բայց մարդասեր է, թե ո՞չ՝ չգիտեմ։
Մեն Ու-բոն շարունակեց հարցնել.
― Իսկ ինչպիսի՞ն է Ռան ՉԻն։
― Ռան Չիին կարելի է հազար ընտանիք ունեցող մի բնակավայրի կառավարիչ կարգել կամ մի պետության ղեկավար, որն ունի հարյուր մարտակառք, բայց մարդասեր է, թե ո՞չ՝ չգիտեմ։
― Իսկ Ցզի-հուա՞ն։
Կոնֆացիոսը պատասխանեց.
— Եթե Ցզի-հուան հագնի գոտի և կանգնի պալատում, ապա նրան կարելի է վստահել օտարերկրյա մարդկանց զբաղեցնելու գործը, բայց մարդասե՞ր է, թե ո՞չ՝ չգիտեմ։
'''5.8.''' Կոնֆուցիոսն ասաց աշակերտ Ցզի-գունին.
— Յան Հուին և դու՝ ո՞վ է ձեզանից ավելի լավը։
Ցզի-գունը պատասխանեց.
— Ինչպե՞ս կարող եմ ես համեմատվել Հուիի հետ։ Հուին, երբ լսում է մի բան որևէ առարկայի մասին, կարող է հասկանալ ամբողջությամբ։ Ես, ընդհակառակը, կարող եմ սոսկ մի տեսակետից հանգել մեկ այլ տեսակետի։
Դրան Ուասցիչը պատասխանեց.
― Դու նրան հավասար չես։ Ես համաձայն եմ քեզ հետ, դու նրան չես հասնի։
'''5.10.''' Ցզաի Վոն քնում էր օրը ցերեկով։ Կոնֆուցիոսն ասաց.
— Փտած ծառը չեն կտրատում։ Կեղտածեփ ու աղբաշեն պատը չեն հարդարում։ Ինչ իմաստ ունի Ցզաի Վոին կշտամբել։
Եվ ապա շարունակեց.
— Նախկինում ես մտերմանում էի այն մարդկանց հետ, որոնց լսում էի։ Հիմա, ընդհակառակն, ես լսում եմ մարդկանց, բայց նաև դիտում եմ նրանց արարքները։ Ցզաի Վոն ինձ առիթ տվեց փոխվելու։
'''5.11.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ես դեռ չեմ հանդիպել մի մարդու, որն իրոք լիներ կայուն և անդրդվելի։
— Իսկ Շեն Չե՞նը,— հարցրեց ինչ-որ մեկը։
— Չենը իր կրքերի զոհն է, ինչպե՞ս կարող է նա կայուն և անդրդվելի մարդ համարվել։
'''5.12.''' Ցզի֊գունն ասաց.
― Այն ինչ ուրիշները ինձ չպետք է պատճառեն, ես չպետք է պատճառեմ ուրիշներին։
Կոնֆուցիոսը նկատեց.
— Բայց այդպես վարվել դու դեռ չես կարող։
'''5.13.''' Ցզի-գունն ասաց.
— Մենք սովորում ենք Ուսուցչի արտաքին բարեմասնություններից։ Բայց նա դեռ ոչինչ չի ասել մեզ մարդու բնության և երկնքի օրենքների մասին։
'''5.14.''' Ցզի-լուն մշտապես երկյուղ ուներ, որ նոր գիտելիքներ ստանալով, հները այլևս չի կարող գործածել։
'''5.15․''' Ցզի-գունը հարցրեց.
― Ինչո՞ւ էին Կուն Վեն-ցզիին անվանում կիրթ։
Ուսուցիչը պատասխանեց.
― Նա արագ էր մտածում և սիրում էր ուսումը։ Նա չէր խորշում ցածր խավի մարդկանցից խորհուրդ հարցնել։ Ահա թե ինչու էին անվանում կիրթ։
'''5.16.''' Ցզի-չանի մասին Կոնֆուցիոսն ասաց.
― Նա ուներ ազնվականի չորս հատկանիշ. նրա վերաբերմունքը քաղաքավարի էր, հավատարմորեն ծառայում էր իր թագավորին, պատրաստ էր կյանքը տալու իր ժողովրդի համար, արարքների մեջ շիտակ էր ու ազնիվ։
'''5.17.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Յան Պին-չժունը շատ հաշտ ու խաղաղասեր մարդ էր։ Եթե նույնիսկ մեկին ճանաչում էր վաղուց, ապա միևնույն է, անտեղի բաներ չէր անում նրա ներկայությամբ։
Նա միշտ մնում էր քաղաքավարի։
'''5.18.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ցզյուն վեն-չժանը մի մեծ կրիա ուներ։ Եվ այս կրիայի համար նա կառուցել էր սեփական տուն՝ շքեղ սյուներով և շատ ճարտար զարդարանքներով։ Ինչ եք կարծում, դա խելո՞ք մարդու արարք է։
'''5.19.''' Աշակերտ Ցզի-չժանը հարցրեց.
— Ցզի-վենը երեք անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը առանց ուրախանալու և երեք անգամ էլ թողել է այն՝ առանց դժգոհության։ Ընդ որում, ամեն անգամ իր պարտքն է համարել փոխարինողին աշխատանքի մասին բացատրություններ տալ։ Ի՞նչ կարելի է ասել այդ մարդու մասին։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Նա լի էր հնազանդությամբ։
— Նա բարոյակա՞ն մարդ էր,— հարցը շարունակեց Ցզի-չժանը։
Դրան Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Չգիտեմ, ինչո՞ւ պետք Է մենք նրան համարենք բարոյական մարդ։
Ցզի-չժանը շարունակեց.
— Երբ Ցույ-ցզին սպանեց Ցիի իշխանին, նրա ծառայող Շին Վեն-ցզին թողեց այն ամենը, ինչ աներ և հեռացավ Ցի երկրից։ Գալով մի ուրիշ երկիր, նա ասաց. «Այստեղ էլ մարդիկ իրենց պահում են այնպես, ինչպես մեզ մոտ՝ Ցույ-ցզին»։ Ապա գնալով հարևան երկիրը, նա նորից ասաց. «Այստեղ Էլ մարդիկ նույնն են, ինչ մեզ մոտ՝ Ցույ-ցզին»։ Ու նա հեռացավ նաև այս երկրից։ Ի՞նչ կարծիք ունեք այս Շին Վեն-ցզիի մասին։
Ուսուցիչը պատասխանեց.
— Նա ուզում Էր մաքուր մնալ։
— Իսկ նա բարոյակա՞ն մարդ Էր։
— Չգիտեմ,— ասաց իմաստասերը,— մենք կարո՞ղ ենք նրան բարոյական համարել։
'''5.20.''' Լա պետության բարձրաստիճան ծառայող Հի Վեն-ցզին որևէ բան ձեռնարկելիս երեք անգամ նախապես կշռադատում էր անելիքը։ Կոնֆուցիոսը լսեց այդ մասին և ասաց.
— Երկու անգամն էլ լիուլի բավական է։
'''5.21.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Քանի դեռ երկրի գործերը լավ էին գնում, նախարար, Նին Վու-ցզին ամենախելոքն էր, բայց երբ երկրում սկսվեցին անարգությունները, նա հիմարացավ։ Իմաստության մեջ ուրիշները կարողանում էին հավաստվել նրան։ Հիմարության մեջ նա մնաց անհասանելի։
'''5.22.''' Երբ Կոնֆուցիոսը Շեն պետության մեջ էր, ասաց.
― Պետք է վերադառնալ, պետք է վերադառնալ։ Իմ աշակերտները թեև լի են եռանդով ու ոգևորությամբ, ինչպես և դաստիարակված են, սակայն իրենք իրենց չեն կարող բարեկրթության դասեր տալ։
'''5.23.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Շան հարստության երկու իշխանները՝ Բո-ին և Շու-ցին հիշաչար չէին և մոռացել էին հին թշնամանքը, այդ պատճառով էլ մարդիկ նրանց դիմավորում էին ուրախությամբ։
'''5.24.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ո՞վ կպնդի, որ Վայ-շեն Գաոն անկեղծ է։ Երբ մեկը նրանից քացախ է խնդրում, նա նախ դիմում է հարևանին և ետ վերադարձնելու պայմանով քացախ է փոխ առնում նրանից, ասես թե իր սեփականը լինի։
'''5.25.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Չժուո Ցյու-մինի համար գեղեցիկ խոսքեը, շողոքորթ դեմքն ու քծնանքը անհաճո էին։ Ինձ համար՝ նույնպես։
Չժուո Ցյու-մինը մերժում էր հակակրանքը որևէ մեկի նկատմամբ թաքցնելը և այնպես ձևացնելը, կարծես թե նա քո բարեկամն է։ Ինձ մոտ էլ այդպես է։
'''5.26.''' Երբ աշակերտներ Ցան Հուին և Ցզի-լուն մոտն էին, ասաց Կոնֆուցիոսը.
— Ձեզանից ո՞վ ինչ ցանկություններ ունի։
Ցզի-լուն պատասխանեց.
— Ես շատ կուզենայի կառք ունենալ, ձիեր և նուրբ մորթիներ՝ հագնելու համար։ Ես կկիսեի դրանք իմ բարեկամների հետ, և եթե նույնիսկ այդ պատճառով դրանք կիսով չափ պակասեին, չէի վշտանա։
Ցան Հուին այսպես պատասխանեց Ուսուցչի հարցին.
— Կցանկանայի, որ ինքս ինձ երբեք չգովեի և չպարծենայի ինքս ինձնով ու իմ ծառայություններով։
Ապա ասաց Ցզի-լուն.
— Մենք էլ հաճույքով կուզենայինք իմանալ Ուսուցչի ցանկությունները։
Կոնֆուցիոսն ասաց.
— Ծերերին հանգիստ և խաղաղ կյանք շնորհել, անկեղծ և մտերիմ լինել բարեկամներիս հետ և պահպանել իմաստության՝ պատանիներին սովորեցնելու համար՝ ահա իմ ցանկությունները<ref>Ցզի-լուի համար կարևոր են նյութական պայմանները, իսկ Յան Հուի համար՝ մարդկային բարձր հատկանիշները։ Ինչ վերաբերվում է Կոնֆուցիոսին, ապա նա ձգտում է օգտակար լինել ուրիշներին։</ref>։
'''5.27.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Սուտ է ըմբռնողությունը։ Ես դեռ չեմ հանդիպել մեկին, որ տեսնի իր սեփական սխալները և դրանց համար մեղադրի իրեն։
'''5.28.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Փոքրիկ գյուղերում, որտեղ անգամ տաս ընտանիք են ապրում, անպայման կգտնվեն մարդիկ հավատարմությամբ և անկեղծությամբ ինձ հավասար։ Սակայն նրանցից ոչ մեկը այնպես չի ցանկանա սովորել, ինչպես ես։
== Գլուխ վեցերորդ ==
'''6.1.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Ռան Յունին կարելի է երկիր վստահել։
'''6.2.''' Աշակերտ Ռան Յունը հարցրեց Ցզի-սան Բո-ցզիի մասին։ Կոնֆուցիոսը պատասխանեց.
― Նա շատ բարի է, սակայն չափից դուրս ներողամիտ է։
Ռան Յունը նկատեց.
― Եթե մեկը երկիր կառավարի ներողամտությամբ, որն իր ներքին բնությունից է և դրանով իսկ հարգի օրենքներն ու սկզբունքները, ապա դա թույլատրելի է։
Բայց համոզմունքների մեջ լայնախոհ և միաժամանակ արարքների մեջ ներողամիտ լինել՝ մի՞թե դա ավելորդ լայնախոհություն չէ։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Դու իրավացի ես։
'''6.3.''' Աի-գունը՝ Լու պետության տերը, հարցրեց, թե աշակերտներից ո՞վ է ավելի ուսումնասեր։
Ուսուցիչը պատասխանեց.
— Ուսումնասեր էր Յան Հուին։ Նա չէր բարկանում ուրիշների վրա։ Ոչ մի սխալ երկրորդ անգամ չէր կրկնում։ Միայն ափսոս, որ շուտ մահացավ։ Ես այլևս չեմ հանդիպել այնպիսի մեկին, որ լիներ այնքան ուսումնասեր, որքան նա էր։
'''6.4.''' Կոնֆուցիոսի աշակերտ Ցզի-հուան դեսպան էր նշանակվել Ցի երկրում։ Ուսուցչի աշակերտներից մեկ ուրիշը՝ Ռան Ցզին եկավ հաց խնդրելու Ցզի֊հուանի մոր համար։
— Տուր նրան մեկ ֆու,— ասաց Կոնֆուցիոսը։
Ռան ցզին խնդրեց ավելացնել։
— Տուր նրան մեկ յա,— ասաց Կոնֆուցիոսը;
Բայց Ռան Ցզին խնդրեց հինգ բին<ref>Հացահատիկ չափելու միավորներ են Հին Չինաստանում։ Մեկ ֆուն հավասար է մոտ 32 լիտրի, մեկ յուն՝ մոտ 80 լիտրի, մեկ բին՝ մոտ 800 լիտրի։</ref>։
Դրան Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Երբ Ցզի-հուան մեկնում էր Ցի երկիր, մի գեր ձի ուներ լծած իր կառքին և հագին էլ շքեղ մորթե վերարկու էր։ Ես թեև լսել էի, որ ազնվական մարդը կարիքավորին է օգնում, բայց պարզվում է, որ նա նաև հարուստին է ավելի հարստացնում։
'''6.5.''' Աշակերտ Յուան Սինը դարձավ ոստիկանապետ, և դրա համար պետք է ստանար ինն հարյուր չափ ցորեն, բայց որոշել էր մերժել։ Դրա վրա Կոնֆուցիոսն ասաց.
— Մի մերժիր։ Եթե դու շատ ունես, ապա տուր ուրիշներին, քո հարևաններին և գյուղացիներին։
'''6.6.''' Ուսուցիչը եկավ իր աշակերտ Չժուն-գունի մասին բարեխոսելու, որի հայրը մի վատ մարդ էր։
— Ընդունենք,— ասաց նա,— որ հորթը կարմրաթուխ գույն և հավսաարաչափ եղջյուրներ ունի, բայց մարդիկ չեն ուզում զոհ մատուցել, քանի որ հորթը խայտաբղետ կովից է։ Բայց մի՞թե դրա համար լեռների և գետերի ոգիները կմերժեն նման զոհաբերությունը<ref>Չժոու հարստության օրենքների համաձայն զոհաբերվող հորթը պետք է կարմրաթուխ գույն ունենար։</ref>։
'''6.7.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Յան հուին ի վիճակի էր երեք ամիս շարունակ ոչ մի սխալ թույլ չտալ։ Մինչդեռ մյուսներին սխալվելու համար մեկ օրն էլ բավական է, կամ ամենաշատը մեկ ամիսը։
'''6.8.''' Հի Կան-ցզին հարցրեց, արդյոք կարելի՞ է վստահել Ցզի-լուին մասնակցելու երկրի կառավարմանը։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Ցզի-լուն վճռական մարդ է։ Ի՞նչ մի դժվար բան է նրա համար երկրի կառավարմանը մասնակցելը։
— Իսկ Ցզի-գո՞ւնը,— շարունակեց հարցնել Հի Կան-ցզին,— կարելի՞ է նրան վստահել մասնակցելու երկրի կառավարմանը։
Դրան Ուսուցիչը պատասխանեց.
— Ցզի-գունը փայլում է իր գործերով, ուրեմն չի՞ կարող այդպիսին լինել նաև երկրի կառավարման մեջ։
Հի Կան-ցզին նորից հարցրեց.
— Իսկ Ռան Չի՞ն։
Ուսուցիչը պատասխանեց.
— Ռան Չին տաղանդավոր մարդ է։ Նա անպայման պետք կգա կառավարման գործերում։
'''6.9.''' Հի տոհմի ավագը սուրհանդակ ուղարկեց աշակերտ Մին Ցզի-ցիանի մոտ՝ առաջարկելով նրան Բի նահանգի ոստիկանապետի պաշտոնը։ Մին Ցզի–ցիանը չհամաձայնվեց։
— Ձեռք քաշեք ինձնից, խնդրում եմ։ Իսկ եթե որևէ մեկը մի անգամ էլ փորձի ինձ անհանգստացնել այդ գործով, ապա կթողնեմ, կգնամ ուրիշ երկիր։
'''6.10.''' Աշակերտ Բո-նյուն հիվանդ էր։ Կոնֆուցիոսն ուզում էր տեղեկանալ նրա հիվանդության մասին, բռնելով պատուհանից նրա դուրս հանված ձեռքը, ասաց.
— Նրա վերջը եկել է։ Դա ճակատագրի կամքն է, որ մարդ ունենա այսպիսի հիվանդություն, այսպիսի հիվանդության<ref>Հավանաբար աշակերտ Բո-նյուն վարակիչ հիվանդություն է ունեցել։</ref>։
'''6.11.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Բայց ի՜նչ իմաստուն մարդ էր Յան Հուին։ Նա բավարարվում էր մի պնակ բրնձով և մի դդմակեղև ջրով՝ չունենալով ապրուստի ուրիշ ոչ մի միջոց։ Այսպիսի տխուր կյանքը ուրիշները դժվար թե տանեին, իսկ նա դեռ պահպանում էր իր զվարթությունը։ Ի՜նչ իմաստուն մարդ էր Յան Հուին։
'''6.12.''' Ռան Չին ասաց.
— Ուսուցչի ուսմունքից բավականություն չստանալուս պատճառը այն չէ՞, որ ուժերս չեն բավարարում այն հասկանալու համար։
Լսելով այդ, Կոնֆուցիոսն ասաց.
— Եթե ուժերը չեն բավարարում, ապա կանգ են առնում կես ճանապարհին։ Բայց չէ՞ որ դա նոր միայն սկսում ես։
'''6.13.''' Դիմելով Ցզի-սյաին, Կոնֆուցիոսն ասաց.
— Եղիր իմաստուն և ազնվական։ Մի հետևիր հասարակ մարդկանց ցածր հակումներին։
'''6.14.''' Երբ Ցզի-յոուն Վա-շեն նահանգի կառավարիչն էր, Կոնֆուցիոսը հարցրեց.
— Գտե՞լ ես այդտեղ քեզ համար պիտանի մարդիկ։
— Մեկը կա այստեղ Թան-թաի Մի֊մին անունով,— պատասխանեց Ցզի-յոուն,— որ հեռու է պալատական մեքենայություններից։ Իմ տուն եկել է առայժմ միայն ծառայական գործերով։
'''6.15.''' Կոնֆացիոսն ասաց.
— Մեն Չժի-ֆանը պարծենկոտ չէր։ Երբ մեր զորքերը մի տանուլ տված ճակատամարտում ստիպված էին նահանջել, նա գնում էր վերջից։ Երբ զորքերը քաղաքային դարպասից ներս մտան, նա առաջ եկավ և ասաց. «Ես վերջինը չեմ գալիս նրա համար, որ ամենաքաջն եմ։ Պարզապես ձիս էր հոգնած»։
'''6.16.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Առանց պերճախոսության և միայն գեղեցկությամբ հազիվ թե կարողանա մարդ գոյության ունենալ մեր ժամանակներում։
'''6.17.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ո՞վ կարող է առանց դռնից դարս գալու տնից դուրս գալ։ Բայց ինչու մարդիկ այդ ճիշտ ճանապարհով չեն գնում։
'''6.18.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Երբ մարդ ավելի շատ բնական է, քան կրթված, ուրեմն անբարեկիրթ է։
Երբ կրթվածությունը ավելին է, քան բնականությունը, ուրեմն փոքրոգի է։
Կրթվածության և բնականության համամասնությունից է միայն, որ ստեղծվում է ազնվական մարդը։
'''6.19.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Մարդու կյանքը հիմնվում է անկեղծության և շիտակության վրա։ Առանց դրանց այն կախված է երջանիկ պատահականություններից։
'''6.20.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Ավելի լավ է մի բան կամենալ, քան այդ բանը սոսկ ճանաչել։
Առավել ևս լավ է, երբ ճանաչման մեջ հաճույք ես տեսնում։
'''6.21.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ով բարձր է կանգնած միջակությունից, նրա հետ կարելի է խոսել բարձր երևույթների մասին։ Նման բաների մասին ինչպե՞ս խոսես մի մարդու հետ, որի ընդունակությունները միջինից ցածր են։
'''6.22.''' Աշակերտ Ֆան Չին հարցրեց, թե ի՞նչ բան է իմաստությունը։ Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Գիտակցել այն պարտականությունները, որ մարդ ունի իր ժողովրդի հանդեպ, և ապա հարգել ոգիներին՝ հեոու մնալով նրանցից՝ սա է իմաստնությանը։
Հետո հարցրեց Ֆան Չին, թե ո՞րն է բարոյական վարքը։
— Նախ տառապանքը, հետո միայն օգուտը՝ ահա թե որն է բարոյական վարքը,— պատասխանեց Կոնֆուցիոսը։
'''6.23.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ով ձգտում է արտաքին աշխարհի ճանաչման, սիրում է հանգստանալ ջրերի ափին։
Ով ձգտում է բարոյական կատարելության, իրեն լավ է զգամ լեռներում։
Առաջինը մշտապես շարժուն է, երկրորդը լի է ներքին խաղաղությամբ:
Մեկը զվարճություններ է գտնում, մյուսին բաժին է ընկնում երկար կյանքը։
'''6.24.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Եթե մի քայլ էլ Ցի պետությունը առաջ գնար, ապա կհավասարվեր Լա պետությանը։
Եթե Լա պետությունս մի քայլ ևս առաջ ընթանար, ապա կկանգներ ճշմարիտ ճանապարհի վրա։
'''6.25.''' Կոնֆուցիոսն ասաց.
― Ասում ենք՝ քառանկյուն աման, բայց չէ՞ որ այն արդեն չորս անկյուններ չունի<ref>Նկատի ունի զոհաբերման անոթներից մեկը, որ ժամանակին եղել է քառանկյուն, սակայն հետո փոխել է իր տեսքը։</ref>։
'''6.26.''' Աշակերտ Ցզաի Վոն հարցրեց.
― Մեկին, որ ձգտում է բարոյական մաքրության, եթե ասեն, թե քո իդեալը ահա այստեղ է, ջրհորում, ուրեմն նա պետք է անմիջապես իրեն նետի ջրհո՞րը։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Ինչո՞ւ պետք է նետվի ջրհորը։ Ազնվականին կարելի է այնպիսի տեղ ուղարկել, որ նա այլևս չվերադառնա։ Բայց նրա դեմ որոգայթ լարել՝ չի կարելի։ Թեև նրան կարելի է խաբել, բայց հիմարացնել՝ երբեք։
'''6.27.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Ազնվականը, եթե լավ կրթություն ունի և ենթարկվում է ծեսի ու վարքի օրենքներին, ի վիճակի է նաև խուսափելու սխալներից։
'''6.28.''' Կոնֆուցիոսն այցելեց վեյ նահանգի իշխանուհուն՝ Նան-ցզիին։ Նրա աշակերտ Ցզի-լուն դժգոհ էր դրանից և ընկել էր ուժեղ մտածմունքի մեջ։
Ուսուցիչն ասաց.
— Եթե ես սխալ արարք եմ կատարել, թող երկինքը պատժի ինձ, թող երկինքը պատժի ինձ<ref>Վեյ նահանգի իշխանուհին է, որ արատավորված կնոջ համարում ուներ։</ref>։
'''6.20.''' Կոնֆուցիոսն ասաց.
— Չափն ու միջավայրը պահպանել՝ ահա ամենաբարձր առաքինությունը:
Այդ հատկությունները հազվադեպ են ծնվում և արդեն վաղուց չկան մարդկանց մեջ։
'''6.30.''' Աշակերտ Ցզի-գունը հարցրեց.
— Ընդունենք՝ կա մի մարդ, որը շատ բարի գործեր է կատարում իր ժողովրդի համար և բոլորին ցալց տալիս իր օգնությունը։ Ինչպիսի՞ն է նա։ Կարելի՞ է նրան համարել մարդասեր։
Կոնֆուցիոսը պատասխանեց.
— Ինչո՞ւ միայն մարդասեր։ Չե՞նք կարող ասել, որ նա բարոյական կատարելության ամենաբարձր աստիճանն է։ Մի աստիճան, որին չհասան անգամ իրենք՝ հնամենի կայսրեր Յաոն և Շունը։
Ով հետևում է բարոյական վարքի հիմնական օրենքներին, ձգտում է դրանցով ոգևորել իրեն էլ, մյուսներին էլ։ Նա ձգտում է, որ այդ օրենքները հասանելի լինեն ոչ միայն իրեն, այլև ուրիշներին։
Նման մարդիկ կարող են արարքներ գործել և օրինակ լինել ուրիշների համար՝ հենց դա է ճշմարիտ վարքը։
----
<references/>