— Ճիշտ է, բայց ոչ այնքան,— ասաց Ֆրոդոն: — Տարաձայնություններ մեր ջոկատում չեն եղել, միայն կասկած՝ ինչ ճանապարհ ընտրել և ուր գնալ Էմին Մույլից: Իսկ հնագույն ասույթները, եթե խոսքը դրան հասավ, սովորեցնում են մեզ անմտածված զրույցներ չանել, երբ խոսքը գնում է... թալիսմանների մասին:
— Այդպես էլ մտածում էի. նշանակում է տարաձայնություններ եղել են միայն Բորոմիրի հետ: Նա ուզեցել է թալիսմանը հասցնել Միաս Թիրիթ: Ի՜նչ ցավալի է ճակատագիրը դասավորվել. Դու, որ վերջինն ես տեսել նրան, չես կարող խոսել տվածդ երդման պատճառով, և չես կարող պատմել ինձ ամենակարևորը՝ թե ինչ է եղել նրա սրտում մահից առաջ: Սխալվել է նա, թե ոչ, բայց վստահ եմ, որ մահացել է պատվով և հաղթահարել ինքն իրեն: Նրա դեմքը մահից հետո ավելի գեղեցիկ էր այն էլֆական նավակում, քան կենդանության օրոք: Ներիր ինձ, Ֆրոդո, որ այդպես համառորեն փորձում էի խոսք քաշել քեզանից Իսիլդուրի Անեծքի մասին: Ոչ դրա ժամանակն էր, ոչ էլ տեղը, բայց ես չհասցրեցի այդքանը հասկանալ. մարտը ծանր էր, և ինձ այլ մտքեր էին զբաղեցնում: Բայց հենց հասկացա, անմիջապես խոսակցությունը շրջեցի այլ կողմ: Քանզի մեր քաղաքի իշխանները, այսինքն մենք, պահպանում են հնագույն իմաստնությունները, որոնց մասին Գոնդորի սահմաններից դուրս ոչ ոք չգիտի: Մենք չենք պատկանում Էլենդիլի տոհմին, սակայն մեր երակներում էլ է նումենորյան արյուն հոսում: Մենք Մարդիլի տոհմից ենք, որին պատերազմ գնալուց առաջ փոխարքա նշանակեց Էարնուր արքան՝ վերջին արքան Անարիոնի տոհմից: Նա ժառանգներ չուներ, և մի օր պատերազմից չվերադարձավ: Այդ օրվանից արդեն շատ դարեր մեզ մոտ իշխում են փոխարքաները: Ես հիշում եմ, թե ինչպես էր դեռ պատանի ժամանակ Բորոմիրն ամբողջ ժամանակ հուզվումնեղվում էր, որ մեր հայրը թագավոր չէ, երբ մենք միասին ուսումնասիրում էինք մեր երկրի տարեգրությունը և մեր նախնիների պատմությունը: «Եվ քանի՞ հարյուր տարի է անհրաժեշտ, որ փոխարքան դառնա արքա, եթե թագավորը չի վերադառնում»,— հարցնում էր նա: «Այլ երկրներում, որտեղ թագավորների տոհմն այնքան էլ ազնվածին չէ, մի քանի տարին էլ կբավարարեր,— պատասխանում էր նրան մեր հայրը,— բայց Գոնդորում տասը հազար տարին էլ բավական չէ:» Ավա՜ղ, խեղճ Բորոմիր: Այդ ամենը քեզ ինչ-որ բան ասու՞մ է նրա մասին:
— Ասում է,— պատասխանեց Ֆրոդոն,— սակայն նա միշտ էլ հարգանքով էր վերաբերվում Արագորնին:
Երկարատև թափառական կյանքից հետո, սոված ու սառած աստղերի տակ գիշերելուց հետո գոնդորցիների ընթրիքը իսկական խնջույք թվաց հոբիթներին. սառը, անուշահոտ ոսկեգույն գինի, հաց ու կարագ, տավարի միս, չորացրած մրգեր ու թարմ պանիր, և որպես հավելում՝ մաքուր ձեռքեր, ափսեներ ու դանակներ: Ֆրոդոն ու Սեմը չհրաժարվեցին ոչ մի բանից. աշխուժորեն կերան այն ամենը, ինչ առաջարկեցին և չհրաժարվեցին ո՛չ երկրորդ մասնաբաժնից, ո՛չ երրորդ: Գինին տաքացրեց նրանց հոգնած մարմինները. հոբիթները զվաարթացան, թեթևացան, և նրանց հոգում հանգստություն տիրեց՝ առաջին անգամ Լոթլորիենը լքելուց հետո: Երբ ընթրիքն ավարտվեց, Ֆարամիրը նրանց տարավ դեպի անցավի խորքում գտնվող վարագույրով կիսածածկված խորշը: Այնտեղ բազկաթոռ և երկու փոքրիկ աթոռ բերեցին: Խորշում փոքրիկ կավե ճրագ էր վառվում:
— Շուտով դուք երևի քնել կուզենաք,— ասաց Ֆարամիրը,— հատկապես պատվարժան Սեմուայսը. նա մինչև ընթրիքի սկսվելը ոչ մի րոպե աչք չփակեց: Կամ վախենում էր, որ քնելուց հետո ախորժակը կբթանա, կամ տիրոջն էր պահպանում ինձանից: Սակայն առատ ընթրիքից հետո անմիջապես քնելը վնասակար է, հատկապես եթե մինչ այդ երկար ժամանակ վատ ես սնվել: Եկեք այժմ զրուցենք: Դուք, ըստ երևույթին, Ռիվենդելից հեռանալուց հետո բազում արկածներ եք ունեցել և պատմելու շատ բան կունենաք: Եվ կարծում եմ, որ չի խանգարի ավելի մոտիկից ծանոթանալ երկրին, որտեղ այժմ դուք գտնվում եք: Պատմեք ինջ իմ եղբայր Բորոմիրի, ծերուկ Միթրանդիրի և Լորիենի զարմանահրաշ ժողովրդի մասին:
--[[ՄասնակիցՖրոդոյի քունը փախել էր, և նա զրուցելուն բոլորովին դեմ չէր:Armstral|Armstral]] ([[Մասնակցի քննարկումԲայց, թեև համեղ սննդից ու գինուց նրա լեզուն բացվել էր, նա, միևնույնն է, զգոնությունը չէր կորցրել:Armstral|քննարկում]]) 23:54Սեմը բարեհամբույր ժպտում էր և քթի տակ մռմռում իր համար, 14 Հունիսի 2015 (AMT)բայց սկզբում սահմանափակվում էր լսողի դերով և միայն երբեմն գլխով էր անում ու հաստատում:
Ֆրոդոն Ֆարամիրին բազում պատմություններ պատմեց՝ խնամքով շրջանցելով մատանին և արշավի իրական նպատակը, փոխարենը, սակայն, նկարագրեց Բորոմիրի քաջությունը և նրա բոլոր սխրանքները՝ մարտը գայլդարձյակների հետ, Քարադրասի ձյուների մեջ նրա ցուցաբերած արիությունն ու տոկունությունը, մարտը Մորիայի քարանձավներում, որտեղ զոհվեց Գենդալֆը: Կամրջի մոտ տեղի ունեցած մարտի պատմությունը ցնցեց Ֆարամիրին:
— Հավանաբար Բորոմիրի սրտով չի եղել փախչել օրքերից,— ասաց նա: — Նրան չէր կանգնեցնի նույնիսկ այդ հրե չարքը՝ Բալրո՞գ նրան անվանեցիր: Ես վստահ եմ. նույնիսկ եթե վերջինն է հեռացել մարտի դաշտից, միևնույնն է, ահավոր դժգոհ է մնացել մարտի արյունքից:
— Նա վերջինն է հեռացել,— հաստատեց Ֆրոդոն: — Արագորնը գնում էր առջևից. միայն նա գիտեր ճանապարհը Գենդալֆից բացի: Եթե մեզ՝ կոլոտիկներիս պաշտպանելու հարկ չլիներ, ո՛չ Բորոմիրը, ո՛չ Արագորնը ոչ մի դեպքում չէին նահանջի:
— Գուցե ավելի լավ կլիներ իմ եղբայրը զոհվեր Միթրանդիրի հետ Կամրջի վրա և խուսափեր Ռաուրոսի մոտ չար ճակատագրի հետ հանդիպումից,— հոգոց հանեց Ֆարամիրը:
— Գուցե... Բայց պատմիր, ինչպես խոստացել էիր, ձեր մասին,— ասաց Ֆրոդոն՝ զգուշանալով զրույցի վտանգավոր շրջադարձից: — Հաճույքով կլսեի Մինաս Իթիլի և Օսգիլիաթի մասին, անպարտելի Մինաս Թիրիթի մասին: Ինչո՞վ կվերջանա պատրազմը: Հույս կա՞, որ քաղաքը կանգուն կմնա:
— Հու՞յս,— կրկնեց Ֆարամիրը: — Հույսը մենք վաղուց ենք կորցրել: Վերականգնել այն կարող է, երևի, Էլենդիլի սուրը, բայց չեմ կարծում, որ այդ փառապանծ սուրն ինչ որ բան կփոխի՝ երևի միայն կհետաձգի պարտության սև օրը: