— Փրկե՛ք ինձ,— գոռաց Սեմը՝ սպիտակելով ինչպես կավիճը, ապա կարմրելով մինչև մազերի ծայրը: — Նորից դու՛րս տվեցի: Քանի անգամ է ծերուկս ասել. «Բերանդ մեծ բացելու դեպքում ոտքովդ փակի՛ր»: Եվ ճի՛շտ էր ասում: Ա՜խ, չարն ինձ տանի, այս ի՜նչ արեցի:
Լսեցեք ինձ, պարոնպարո՛ն,— դիմեց նա Ֆարամիրին՝ հավաքելով իր ողջ քաջությունը: — Դուք իրավունք չունեք նեղացնելու տիրոջը, նա մեղավոր չէ, որ իր ծառան ապուշ է: Դուք էնքան լավ էիք խոսում, հատկապես էլֆերի մասին, դե, ես էլ բերանս չափից ավելի բացեցի: Սակայն, ինչպես ասում են, խոսքը պետք է գործով ապացուցել: Էնպես որ գործով ցույց տվեք: Էլ ե՞րբ, եթե ոչ հիմա:
— Այոոո՜, երևում է ստիպված եմ ցույց տալ,— տարօրինակ ժպիտը շուրթերին դանդաղ ու ցածր ձայնով ասաց Ֆարամիրը: — Հըմ... Ահա և բոլոր հանելուկների պատասխանը: Համիշխանության Մատանին, որը համարվում էր ընդմիշտ կորած, գտնվել է: Ուրեմն Բորոմիրը փորձել է ուժով խլել այն ձեզանից, իսկ դուք փախե՞լ եք: Փախել եք ու եկել ուղիղ ինձ մոտ: Լքված երկիր, երկու կոլոտիկ, զորք իմ հրամանատարության տակ և իմ առջև՝ Մատանիների Մատանին: Դեհ, ցույց տուր քեզ գործի մեջ, Ֆարամի՛ր, Գո՛նդորի զորավար: Հը՛մ: