— Ի՜նչ լավ է,— ասաց նա,— մեր բախտը բանեց, որ դու գտար այդ տեղը։
31 — 36 էջերն բացակայում են։Միշտ էլ մեր բախտը բանում է,— ասացի եւ հիմարի նման մատով չթխկացրի որեւէ փայտի վրա, որպեսզի աչքով չտան։ Բայց չէ որ այդ բնակարանում ամենուրեք փայտ էր, որի վրա կարելի էր մատով թխկացնել։
==Սենայի մարդիկ== Կարդինալ Լեմուանի փողոցի ամենահեռավոր ծայրից գետափ կարելի է իջնել տարբեր ուղիներով։ Ամենակարճ ճանապարհը փողոցով ուղիղ ներքեւ է տանում, բայց շատ զառիթափ է եւ, դրանից բացի, հենց որ հասնեք հարթությանը եւ կտրեք Սեն֊Ժերմենի աշխույժ երթեւեկություն ունեցող զբոսայգու սկիզբը, այն ձեզ կհասցնի գետափի հողմահար ու մռայլ հատվածը, որ գտնվում է Գինու շուկայի ձախ կողմում։ Այդ շուկան նման չէ Փարիզի մյուս շուկաներին, այլ ավելի շուտ հիշեցնում է մաքսատնային համբարանոց, որտեղ գինին սպասում է, որպեսզի նրա դիմաց մաքս վճարեք, եւ կառույցները իրենց տխուր տեսքով հիշեցնում են ոչ այն է զորանոցներ, ոչ այն է բանտային բարաքներ։ Սենայի գետաբազուկից այն կողմ գտնվում է Սեն֊Լուի կղզին իր նեղ փողոցներով, հինավուրց, բարձր, գեղեցիկ տներով եւ կարելի է այնտեղ գնալ կամ ձախ թեքվելով քայլել գետափով, մինչեւ որ Սեն֊Լուի կղզին մնա ետեւում, եւ դուք կանգնեք Նոտր֊Դամին ու Սիտե կղզուն դեմ դիմաց։ Գետափի գրավաճառներից հաճախ ամենաչնչին գնով կարելի է ձեռք բերել նոր լույս տեսած ամերիկյան էժանագին գրքեր։ «Արծաթե աշտարակ» ռեստորանի վերին հարկում այն ժամանակներում մի քանի սենյակ էր վարձով տրվում, եւ ովքեր վարձում էին, ռեստորանում զեղջ էին ստանում․ իսկ եթե նրանք իրենցից հետո թողնում էին գրքեր, valet de chambre֊ն<ref>Միջանցքի ծառայողը (ֆրանս․)։</ref> դրանք ծախում էր գետափից ոչ հեռու գտնվող գրավաճառ կնոջը։ Եվ դուք կարող եք դրանք այնտեղ գնել մի քանի ֆրանկով։ Գրավաճառ կինը անգլիական գրքերի նկատմամբ վստահություն չէր տածում, դրանց համար գրոշներ էր տալիս եւ աշխատում էր որքան կարելի է շուտ վաճառել, նույնիսկ ամենաչնչին շահույթով։ — Իսկ դրանց մեջ լավերը կա՞ն,— մի անգամ, երբ մենք արդեն բարեկամացել էինք գրավաճառուհու հետ, հարցրեց նա ինձ։ — Հաճախ լինում են։ — Իսկ ինչպե՞ս իմանանք։ — Ես, օրինակ, իմանում եմ, երբ կարդում եմ։ — Այնուամենայնիվ, այդ գործը ռիսկի հետ է կապված։ Մանավանդ անգլերեն շատ քչերն են կարդում։ — Որ այդպես է, այդ գրքերը մի կողմ դրեք եւ ցույց տվեք ինձ։ — Ես դա չեմ կարող անել։ Չէ որ դուք ամեն օր չէ, որ գալիս եք այստեղ։ Հաճախ ձեզ երկար չենք տեսնում։ ոչ, ես պետք է վաճառեմ առիթը ներկայանալուն պես։ Դրանք այնուամենայնիվ ինչ֊որ բան արժեն։ Եթե ոչինչ չարժենային, ես երբեք չէի կարող վաճառել։ — Իսկ դուք ինչպե՞ս եք որոշում ֆրանսերեն գրքի արժեքավոր լինելը։ — Դե, ամենից առաջ նայում եմ, թե գրքում նկարներ կա՞ն։ Այնուհետեւ որոշում եմ նկարների որակը։ Մեծ նշանակություն ունի նաեւ կազմը։ եթե գիրքը լավն է, տերը այն ինչպես հարկն է, կազմել կտա։ Անգլերեն գրքերը եւս կազմված են, բայց նրանց կազմը վատն է։ Դրանց մասին դժվար է դատել։ «Արծաթե աշտարակի» մոտ գտնվող այդ խանութից մինչեւ Մեծ օգոստոսափառների գետափը գրավաճառները չէին վաճառում ոչ անգլիական, ոչ ամերիկյան գրքեր։ Իսկ այնտեղից դենը, ներառյալ Վոլտերի գետափը, մի քանի գրաջավառներ կային, որոնք վաճառում էին Սենայի ձախ ափից, մասնավորապես «Վոլտեր» պանդոկի ծառայողներից գնված գրքեր, պանդոկ, որտեղ, որպես կանոն, իջեւանում էին հարուստ մարդիկ։ Մի այլ գրավաճառուհու, որը նույնպես իմ լավ բարեկամուհին էր, ես մի անգամ հարցրի, թե արյդո՞ք պատահում է այնպես, որ գրքերը նրան վաճառեն իրենք՝ դրանց տերերը։ — Ոչ,— պատասխանեց նա,— այդ բոլորը մոռացված գրքեր են։ Ահա թե ինչու պարզ է, որ դրանք ոչ մի արժեք չունեն։ — Դրանք նրանց նվիրում են բարեկամները, որպեսզի նավում կարդալու բան ունենան։ — Հնարավոր է,— ասաց նա,— երեւի այդ գրքերից շատ է մնում նավերում։ — Այո,— ասացի ես,— նավային ընկերությունը այդ գրքերը դեն չի նետում, այլ կազմել է տալիս եւ դրանցից ստեղծում նավի գրադարան։ — Դա շատ խելացի է,— պատասխանեց նա,— համենայն դեպս, գրքերը լավ կազմ են ստանում։ Ահա այդպիսի գիրքն արդեն արժեք ունի։ Ես զբոսնելու համար գետափ եմ իջնում, երբ ավարտում էի գրելս կամ պետք ունեի որեւէ բանի շուրջը մտածել։ Ինձ համար մտածելը հեշտ է, երբ զբոսնում եմ կամ ինչ֊որ բանով զբաղված եմ եւ կամ դիտում եմ, թե մյուսները ինչպես են զբաղված մի գործով, որից գլուխ են հանում։ Նոր կամուրջի մոտ, որտեղ կանգնած է Հենրիխ Չորրորդի արձանը, Սիտե կղզու ներքին վերջավորությունը վերածվում է նավի սուր քթի նմանող մի նեղ սլաքի եւ այնտեղ, հենց ջրի մոտ, գցված է ճյուղատարած ու հսկայական, հոյակապ շագանակենիների մի փոքրիկ այգի, իսկ սահանքներն ու խոր գետախորշերը, որ այստեղ առաջացնում է Սենան, ձկնորսության հիանալի տեղ են։ Աստիճաններով կարելի է իջնել այգին եւ հետեւել ձկնորսներին, որոնք տեղավորվել են այստեղ եւ մեծ կամրջի տակ։ Ձկնորսության տեղերը փոխվում էին գետի մակարդակի փոփոխման հետ մեկտեղ, եւ ձկնորսները օգտվում էին բամբուկե ծալովի կեռերից, որոնք, սակայն, ունեին բարակ կարթաթելեր, թեթեւ սարք եւ բադի փետուրից պատրաստված լողակներ․ նրանք վարպետորեն կերակրում էին ձկանը այն վայրում, որտեղ որսում էին։ Նրանց միշտ հաջողվում էր որեւէ բան որսալ եւ հաճախ կարթից կախվում էր մանրածածանի նման հիանալի ձուկ, որն անվանում են goujon։ Ամբողջովին տապակած շատ համեղ է, եւ ես կարող էի դրանից մի ամբողջ լիքը ափսե ուտել։ Նրա միսը շատ նուրբ է եւ իր համով հաճելի է նույնիսկ թարմ սարդիններից, ճարպի հոտ չունի, եւ մենք ձուկն ուտում էինք ուղղակի ոսկրներով։ Ամենից լավ այդ ձուկը պատրաստում էին ներքին Մեդոնի գետափնյա բաց ռեստորանում։ Ռեստորանը կոչվում էր «Հրաշալի ձկնորսություն», եւ այնտեղ մատուցում էին «մյուսկադեի» տիպի հիանալի սպիտակ գինի։ Այստեղ ամեն ինչ նման էր Մոպասանի պատմվածքներին, իսկ գետի տեսքը այնպիսին էր, ինչպես այն նկարագրել է Սկսլեյը։ Իհարկե, goujon ուտելու համար պետք չէր այդքան հեռու գնալ։ Սեն֊Լուի կղզում պատրաստում էին հիանալի friture<ref>Եռացող յուղի մեջ ամբողջապես տապակած ձուկ։</ref>։ Ես ճանաչում էի մի քանի ձկնորսների, որոնք որսում էին Սենայի ամենաձկնառատ վայրերում, Սեն֊Լուի կղզու եւ Վերտ Գալանտ հրապարակի միջեւ ընկած մասում, եւ հաճախ պարզ օրերին վերցնում էի մի լիտր գինի, հաց, երշիկ, նստում էի արեւի տակ, ընթերցում հենց նոր գնածս գիրքը եւ հետեւում ձկնորսությանը։ Ճանապարհորդական նոթերի հեղինակները սիրում են Փարիզի ձկնորսներին այնպես պատկերել, ասես դրանք դիվահար մարդիկ են, որոնց երբեք չի հաջողվում որսալ գոնե մեկ ձուկ, բայց իրականում այդ զբաղմունքը միանգամայն լուրջ է, նույնիսկ՝ շահավետ։ Ձկնորսների մեծամասնությունը ապրում էր համեստ կենսաթոշակով, դեռեւս չկասկածելով, որ ինֆլյացիան այն զրոյի կհավասարեցնի։ Բայց կային նաեւ իրենց գործով խորապես տարված ձկնորսներ, որոնք ամբողջ ազատ ժամանակը անց էին կացնում գետափին։ Շարանտոնում, որտեղ Մառնան թափվում է Սենա, եւ քաղաքից դուրս, ձկնորսությունը ավելի լավ էր, բայց հենց բուն Փարիզում էլ կարելի էր որսալ ինչպես հարկն է։ Ես ինքս ձուկ չէի որսում, որովհետեւ դրա համար անհրաժեշտ սարքեր չունեի եւ գերադասում էի փող կուտակել, որպեսզի մեկնեմ Իսպանիա ձուկ որսալու։ Բացի այդ, ես ստույգ չգիտեի, թե երբ եմ ավարտելու աշխատանքս կամ երբ պիտի մեկնեմ, ուստի չէի ցանկանում ինձ կաշկանդել ձկնորսությամբ, որով զբաղվել կարելի է միայն որոշակի ժամերի։ Բայց ես ուշադիր հետեւում էի ձկնորսներին եւ ինձ համար միշտ հաճելի էր գիտակցել, որ ես գլուխ եմ հանում բոլոր նրբություններից, իսկ այն միտքը, որ նույնիսկ այս մեծ քաղաքում մարդիկ ձուկ են որսում ոչ թե հանուն հետաքրքրության եւ մի քիչ տուն են բերում friture֊ի համար, ինձ ուրախություն էր պատճառում։ Ձկնորսներ եւ աշխույժ գետ, գեղեցկուհի֊նավակներ՝ իրենց հատուկ կյանքով, բուքսիրներ՝ ծխնելույզներով, որոնք ծալվում էին, որպեսզի չդիպչեն կամուրջներին, բուքսիրանավերի հետեւից ձգվող բարժերի սյունաշար, քարակոփ ափերի հոյակապ ծփիներ, սոսիներ եւ նույնիսկ բարդիներ։ Գետափին ինձ երբեք մենակ չեմ զգացել։ Երբ քաղաքում այդքան շատ ծառ կա, թվում է՝ ահա, ուր որ է, գարունը կգա, որ մի գեղեցիկ առավոտ գիշերային տաք քամին անսպասելիորեն գարուն կբերի։ Սառը տեղատարափ անձրեւները հաճախ գարնանը ստիպում էին նահանջել, եւ թվում էր, նա այլեւս երբեք չի վերադառնա, ու քո կյանքից դուրս կմնա տարվա մի ամբողջ եղանակ։ Փարիզում դրան միակ իրոք թախծալի օրերն էին, որովհետեւ այդպիսի գարունը անբնական է թվում։ Աշնանը թախծի հետ հաշտվում ես։ Ամեն տարի քո մեջ ինչ֊որ բան մեռնում է, երբ ծառերից թափվում են տերեւները, եւ նրանց մերկ ճյուղերը ձմեռային սառը լույսի մեջ անպաշտպան օրորվում են քամուց, բայց դու գիտես, որ գարունը անպայման կգա, այնպես, ինչպես վստահ ես, որ սառած գետը կրկին կազատվի սառույցից։ Երբ սառը անձրեւները անընդհատ թափվում էին եւ սպանում գարունը, թվում էր, թե զուր տեղը խորտակվել է մի երիտասարդ կյանք։ Ինչեւէ, չնայած այդպիսի օրերին, գարունը վերջ ի վերջո միշտ վրա էր հասնում, բայց սիրտս սարսափ էր պատում, որ գարունը կարող էր եւ չգալ։ ==Խաբուսիկ գարուն== Երբ գարունը գալիս էր, թող նույնիսկ խաբուսիկ գարունը, այլ հոգսեր չկային, մեկից բացի․ որտե՞ղ երջանկություն վայելես։ Միակ բանը, որ կարող էր փչացնել օրը, մարդիկ էին, բայց եթե հաջողվում էր խուսափել հրավերներից, օրն անսահման էր դառնում։ Մարդիկ միշտ սահմանափակել են այդ երջանկության հնարավորությունը, շատ քչերի բացառությամբ, որոնք նույն բերկրանքն էին բերում, ինչ բերում է ինքը՝ գարունը։ Գարնանը ես սովորաբար աշխատում էի վաղ առավոտյան, երբ կինս դեռեւս քնած էր լինում։ Պատուհանները կրնկի վրա բաց են։ Սալարկուղու խճաքարերը չորանում են անձրեւից։ Արեւը չորացնում է իմ պատուհանի դիմացի տների թաց երեսը։ Խանութների փեղկերը դեռեւս փակ են։ Հովիվը, սրինգ փչելով, փողոցով քշում է այծերի հոտը, եւ մեր վերեւում ապրող կինը դուրս է գալիս փողոց, մի մեծ սափոր ձեռքին։ Հովիվը ընտրում է ուռած կրծքով սեւ այծը եւ կթում ուղղակի սափորի մեջ, իսկ նրա շունը մինչ այդ մյուս այծերին քշում է դեպի մայթը։ Այծերը նայում են չորս կողմը եւ տուրիստների նման թափահարում գլուխները։ Հովիվը փող է ստանում այդ կնոջից, շնորհակալություն հայտնում եւ շարունակում իր ճանապարհը՝ շվի փչելով, իսկ շունը քշում է այծերին, եւ նրանք սնգսնգալով քայլում են սալարկի վրայով, թափահարելով պոզերը։ Ես կրկին սկսեցի գրել, իսկ կինը կաթի սափորը ձեռքին ահա բարձրացավ սանդուղքներով։ Նա թաղիքե ներբանով հողաթափեր էր հագել եւ երբ կանգ առավ մեր հարթակի վրա, ես միայն նրա ծանր հեւքը լսեցի, իսկ հետո լսեցի նրա ետեվից ծածկվող դռան թրխկոցը։ Մեր տանը նրանից բացի ոչ ոք այծի կաթ չէր գնում։ Ես որոշեցի փողոց դուրս գալ եւ գնել ձիարշավի առավոտյան ծրագիրը։ Նույնիսկ ամենաաղքատ թաղամասում կարելի է գտնել համենայն դեպս մեկ օրինակ, բայց այդպիսի օրը անհրաժեշտ է վաղ գնել ծրագիրը։ Ես այն գնեցի Դեկարտի փողոցի եւ Կոնտրեսկարպի հրապարակի անկյունում։ Այծերն իջնում էին Դեկարտի փողոցով, իսկ ես խոր շնչեցի առավոտյան օդը եւ արագ ետ դարձա, որպեսզի շուտ հասնեմ սենյակս եւ ավարտեմ աշխատանքս։ Քիչ էր մնում գայթակղվեի եւ տուն վերադառնալու փոխարեն առավոտյան քայլեի այծերի ետեւից։ Սակայն, նախքան կսկսեի գրել, ես աչքի անցկացրի ծրագիրը։ Այդ օրը ձիարշավը տեղի էր ունենալու Էնգիենում՝ փոքրիկ, համակրելի եւ մի քիչ էլ խարդախաբարո ձիարշավարանում, որը աուտսայդերների<ref>Վարգաձի, որը սակայն ֆավորիտ չէ։</ref> ապաստարանն էր։
Նշանակում է, երբ ես աշխատանքս ավարտեմ, մենք ձիարշավարան կգնանք։ Տորոնտյան թերթը, որի համար ես գրում էի, մի քիչ հոնորար էր ուղարկել, եւ մենք որոշեցինք գրազ գալ որեւէ մութ ձիու<ref>Մութ ձի (սպորտ․)— հաղթելու հնարավորություններ չունեցող ձի, որը, սակայն, հակառակ սպասածի, մրցանակ է շահում։</ref> վրա, որից կարելի է մի կարգին գումար շահել։ Կինս մի անգամ Օտեյլում Ոսկե Այծ մականունով ձիու համար գրազ էր բռնել, դնելով մեկի դիմաց հարյուր քսան, եւ ձին արդեն քսան մարմնով առաջ էր անցել, բայց վերջին արգելքի մոտ ընկել էր, մեզ անվերադարձորեն զրկելով խնայողություններից, որոնք մեզ կես կարի կբավարարեին։ Մենք աշխատում էինք չհիշել այդ մասին։ Այն տարի, մինչեւ Ոսկե Այծի հետ պատահած դեպքը, մենք շարունակ շահում էինք։