— Իսկ հիմա եղջերափողդ պահիր, Բորոմիր, դեռ շուտ պետք չի գա քեզ,— ծանրակշիռ ասաց Էլրոնդը: — Հուսով եմ, ինքդ էլ ես հասկանում, թե ինչու:
— Իհարկե հասկանում եմ,— պատասխանեց Բորոմիրը: — Ճանապարհին ես էլ եմ թաքնվելու լրտեսներից: Բայց ռազմիկի հպարտությունս թույլ չի տալիս արշավն սկսել գողի նման թաքնվելով:
Ջիմլին, Պահապանների ջոկատից միակը բացեիբաց հագավ օղազրահը և գոտու մեջ խրեց ռազմական կացինը: Լեգոլասն աղեղ ուներ, նետերով լի կապարճ և գոտուն ամրացրած երկար դաշույն, Ֆրոդոն՝ Ջարդողը, Թորինի օղազրահի մասին որոշեց չասել ուղեկիցներին, մյուս հոբիթները զինված էին դամբանատան սրերով: Գանդալֆը վերցրել էր իր կախարդական գավազանը և էլֆերի կռած Մոլեգին թուրը:
Էլրոնդը նրանց տաք հագուստ տվեց՝ բաճկոններ և մորթե աստառներով թիկնոցներ: Մթերքը, տաք հագուստները և վերմակները կապերով բարձեցին պոնիին՝ դա այն նույն զառամյալ պոնին էր, որ Լեռնամոտից փախչելիս վերցրին իրենց հետ: Բայց հիմա դժվար էր նրան ճանաչել՝ մի տասնհինգ տարով ջահելացած էր երևում: Սամը պնդեց, որ նոր ճանապարհորդության համար վերցնեն իրենց հավատարիմ ծեր օգնականին՝ ասելով, որ Բիլը (նա այդպես էր կոչել պոնիին) կարոտից կսատկի, եթե մնա Ազատքում:
— Ախր դա զարմանալի կենդանի է: Մի երկու ամիս ավելի ապրեինք այստեղ, սա կխոսեր արդեն,— հայտարարեց Սամը: — Դե առանց խոսքի էլ նա ինձ բացատրեց (ո՛չ վատ, քան Փերեգրինը Ազատքի տիրակալին), որ եթե իրեն չբանտարկեն, նա, մեկ է, կվազի մեր հետևից:
Իրոք որ, ծանր բեռնված Բիլի գոհ տեսքից դատելով, թեթև սրտով էր գնում արշավի, ոչ թե Ֆրոդոյի մյուս ուղեկիցների նման, որոնց ընկճում էին ծանր կանխազգացումները, թեև անբեռ էին գնում:
Բուխարու դահլիճում էլֆերին հրաժեշտ տալով, Պահապանները դուրս եկան արևելյան պատշգամբ և այժմ սպասում էին ուշացած Գանդալֆին: Արևելքից լողում էր պաղ աղջամուղջը, բուխարու կրակի տաք ցոլքերը դղյակի պատուհանների ապակիները ոսկեգույն էին ներկել: Բիլբոն մրսում էր, թիկնոցի մեջ փաթաթված կանգնել էր Ֆրոդոյի կողքին ու տխուր լռում էր: Արագորնը գլուխը կախ նստած էր աստիճանների վրա, միայն Էլրոնդն էր կռահում, թե ինչ մտքեր են պաշարել Խլուտի անվախ թափառականին: Սամը, Բիլի ճակատը քորելով, նայում էր դատարկ մթությանը, այնտեղ, որտեղ զառիթափի քարե ալիքների տակ խուլ մռնչում էր մոլեգին Բրուինենը:
— Բիլ, բարեկամս,— մրմնջում էր Սամը,— ինձնով լինի, իզուր մեզ հետ կապվեցիր: Կապրեիր էստեղ քեզ համար ու ցավ չէիր քաշի... Կծամեիր Ազատքի անուշահոտ խոտը... Իսկ հետո էլ, մեկ էլ տեսար գարուն կգար...
Բայց Բիլը ոչինչ չէր պատասխանում հոբիթին...
Սամն ուղղեց պարկը և սկսեց հիշել, թե ամե՞ն ինչ է վերցրել արդյոք. կաթսայիկներ, որ դադարների ժամանակ ուտելիք պատրաստի (իմաստունները հո այդ մասին չե՞ն մտածելու), աղի տուփիկ, (է՛հ, հոգեպահուստը քիչ է), մի քանի զույգ բրդե գուլպա (ճանապարհին գլխավորը ոտքերի տաք լինելն է) և զանազան այլ մանր-մունր բաներ, որ Ֆրոդոն մոռացել է, բայց տեղը տեղին հավաքել է հոգատար Սամը, որպեսզի երբ դրանք հանկարծ պետք գան, հանդիսավոր հպարտությամբ հանձնի տիրոջը(ո՜նց թե մոռացել եք, հապա Սամն ինչի՞ համար է): Դեհ, թվում է, ոչինչ չի մոռացել...
— Բա պարա՜նը,— հանկարծ հիշեց նա: — Էհ, ցրված, պարանը չես վերցրել... Ախր չէ՞ որ երեկ ինքս ինձ ասում էի. «Սամ, անպայման պարան վերցրու, հաստատ ճանապարհին պետք կգա»: Հաստա՛տ: Բա՛յց դե հիմա որտեղի՞ց ճարեմ...
Շուտով պատշգամբում հայտնվեց Գանդալֆը. նրան ուղեկցում էր Ազատքի տիրակալը:
— Այսօր, ոչ բարձր ասաց Էլրոնդը,— Մատանու Պահապանը ճանապարհ է ընկնում դեպի Ճակատագրի Լեռը: Լսեցեք իմ վերջին մաղթանքը: Նա մենակ է պատասխանատու Մատանու ճակատագրի համար և, կամավոր մտնելով այդ բեռի տակ, չպետք է Մատանին դեն նետի ճանապարհին կամ հանձնի Թշնամու սպասավորներին: Նա կարող է ժամանակավորապես վստահել միայն Իմաստունների Խորհրդից մի Իմաստունի կամ ուրիշ Պահապանի, միայն նրանց՝ այն էլ սոսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Սակայն Պահապանները երդմամբ չեն կապված իրար հետ, քանի որ ոչ ոք ի վիճակի չէ կանխապես կռահելու, թե ինչ փորձություններ են սպասում ճանապարհին և իրենք մինչև վերջ հասնելու ուժ կունենա՞ն: Հիշեցեք, որքան մոտենաք Մորդորին, այնքան դժվար կլինի նահանջել, այդ պատճառով...
— Ով որ դժվարություններից վախենալով նահանջում է, անվանվում է դավաճան,— նրան ընդհատեց Ջիմլին:
— Իսկ նա, ով երդվում է, առանց իր ուժերը փորձելու և հետո հրաժարվում սեփական երդումից, կոչվում է երդմնազանց,— ասաց Էլրոնդը: — Ավելի լավ է զերծ մնալ թեթևամիտ երդումներից:
— Երգումը թույլին կարող է ամրացնել...
— Բայց կարող է և կոտրել,— առարկեց Էլրոնդը: — Հարկավոր չէ գուշակել հեռավոր ապագան: Գնացեք և թող պահպանի ձեզ մեր երախտապարտությունը... Թող աստղերը պայծառ լուսավորեն ձեր ուղին...
— Բարին ընդ ձեզ, բարի՜ ճանապարհ,— գոռաց Բիլբոն՝ կարկամելով հուզմունքից ու սարսռալով: — Հազիվ թե կարողանաս օրագիր պահել, Ֆրոդո, բարեկամս... բայց երբ վերադառնաս... իսկ ես համոզված եմ, որ դու կվերադառնաս... կպատմես ինձ արկածներդ ու ես անպայման կավարտեմ գիրքը... Միայն թե շուտ վերադարձիր... Ցտեսություն...
Ազատքի տիրակալի հպատակներից շատերը եկան բարի ճանապարհ մաղթելու Պահապաններին: Լսվում էին Ջոկատին բարի ճանապարհ մաղթող էլֆերի մեղմիկ ձայները, ու ոչ ոք չէր ծիծաղում, չէր երգում՝ բավական տխուր էր հրաժեշտը:
Ճամփորդները կամրջակով անցան Բրուինենը, այստեղ, ակունքի մոտ գետը նեղ էր, և սկսեցին բարձրանալ հարավից երկմասված հովիտը (որտեղ հնուց ապրում էին էլֆերը) եզրափակող լեռնալանջը: Բարձրանալով դեպի բլրապատ հովիտը, նրանք հրաժեշտի հայացք գցեցին ուրախ կրակներով փայլփլող Ռիվենդելին՝ Ծովից դեպի արևելք ընկած Վերջին Հանգրվանին և խորացան գիշերային քամոտ խավարի մեջ:
Պահապաններն Ուղիով հասան մինչև գետանցում և կտրուկ շրջվեցին հարավ: Նրանց առջև փռվեց ձորերով կտրտված, հավամրգու թփերով ծածկված քարքարոտ հարթավայրը, որը արևելքից էզերված էր Մշուշապատ Լեռնաշղթայով. եթե նրանք կտրեին-անցնեին լեռնաշղթան, իսկ հետո իջնեին Անդուինի հովիտը, ապա ավելի արագ կհասնեին հարավային հողերին, քանզի Մեծ Գետի հովիտը փառաբանված էր իր բերքառատությամբ և հարմար ճանապարհներով: Բայց հենց այդ պատճառով էլ Սաուրոնի լրտեսները անտարակույս հսկելիս կլինեին գետամերձ ճամփաները, իսկ Անդուինից Մշուշապատ Լեռնաշղթայով անջատված արևմտյան հարթավայրով դեպի հարավ շարժվելով, ճամփորդները հույս ունեին աննկատ մնալ:
Ջոկատի առջևից գնում էր Գանդալֆ Մոխրագույնը, նրանից աջ՝ Արագորնը, որը հիանալի գիտեր արևմտյան հարթավայրերը, այնպես որ մութը նրա համար խանգարող հանգամանք չէր, նրա հետևից քայլում էին մնացած ճամփորդները, իսկ երթը եզրափակում էր էլֆ Լեգոլասը, որը, ինչպես և Չարքանտառի բոլոր էլֆերը, գիշերով տեսնում էր ոչ պակաս, քան ցերեկը: Սկզբում ուղղակի ձանձրալի էր, և Ֆրոդոյի հիշողության մեջ գրեթե ոչինչ չմնաց, բացի արևելյան սառնաշունչ քամուց: Այդ խոնավ, մինչև ոսկորները թափանցող քամին անփոփոխ փչում էր Մշուշապատ Լեռների թիկունքից, այնպես որ Ֆրոդոն, չնայած տաք հագուստին, շարունակ իրեն սառած էր զգում՝ և՛ գիշերը, ճամփին, և՛ ցերեկը, հանգստի ժամանակ: Առավոտները, երբ անթափանցելի խավարը փոխվում էր մոխրագույն, անարև աղջամուղջի, ճամփորդները դադարի տեղ էին գտնում և մտնում փշարմավի փշոտ ճյուղերի տակ: Այդ գետնամած թփուտները, որպես կղզյակներ, սևին էին տալիս հարթավայրում, կամ թաքնվում էին որևէ ձորում: Երեկոյան, հերթական պահակի ձայնից արթնանալով, նրանք թմրած ուտում էին սառը ընթրիքը և քնատ, դողդողալով ճանապարհ ընկնում:
Հոբիթներն այդպիսի ճանապարհորդությունների սովոր չէին, և երբ լուսաբացը մոտենում էր, հոգնածությունից նրանց ոտքերը ծալվում էին. թվում էր, թե իրենք չեն շարժվում առաջ, այլ գիշերից գիշեր քայլում էին տեղում: Տաղտուկ, ձորերով կտրտված հարթավայրը փշարմավի ծակծկող թփերի կղզյակներով ձգվում էր հարյուրավոր լիգեր: Սակայն լեռներն ավելի ու ավելի էին մոտենում: Մառախլապատ Լեռնաշղթան թեքվում էր դեպի արևմուտք, և այժմ նրանք գնում էին սարահարթով, որը հատվում էր մթին կիրճերով և բարձր ժայռերի զառիկող պատերով: Ոլոր-մոլոր, վաղուց լքված արահետները հաճախ Պահապաններին փակուղի էին տանում՝ մերթ վարար, փրփրաշատ վտակի վրա կախված քարափ, մերթ դեպի չոր, բայց լայն ու խոր ծերպ, մերթ գահավեժ վայրեջք դեպի անհատակ ճահճուտ:
Տասնչորսերորդ գիշերը եղանակը փոխվեց: Արևելյան քամին կարճ ժամանակով դադարեց, իսկ հետո անփոփոխ փչում էր հյուսիսից: Թանձր ամպերը լուսադեմին ցրվեցին, թափանցիկ օդը սառն ու չոր դարձավ, իսկ Մշուշապատ Լեռների հետևից դուրս եկավ արևը՝ հսկայական, ձմեռային, աղոտ ու պաղ: Ճամփորդները մոտեցան հզոր կաղնիներով պատված բլրաշարին. թվում էր, թե կաղնիների սև բները հնում կերտել են գրանիտից:
Հարավում, Ջոկատի ճանապարհը փակելով, բարձրանում էր վիթխարի լեռնաշղթան հավերժական ձյան արծաթափայլ երեք գագաթներով:
Ֆրոդոն ուշադիր զննում էր լեռները: Անլսելի նրան մոտեցավ Գանդալֆը և, ձեռքը ճակատին հովար անելով, նայեց հեռավոր ձյունապատ լեռնաշղթային:
— Այստեղից սկսվում են Օստրանի կամ, ինչպես մարդիկ են ասում Հոլլինի հողերը,— ձեռքն իջեցնելով ասաց նա Ֆրոդոյին: — Օստրանում և՛ կլիման է ավելի լավ, և՛ հողերն են ավելի բերրի, քան հյուսիսային հարթավայրերում, բայց հիմա մենք ստիպված կլինենք կրկնապատկել զգուշությունը. այստեղ անպայման լրտեսներ կլինեն:
— Մի իսկական արևոտ օրվա համար համաձայն եմ նույնիսկ քառապատկել զգուշությունը... — կնգուղը հետ գցելով, բացականչեց Ֆրոդոն:
— Առջևում լեռներ են,— ասաց Փինը: — Երևի գիշերը թեքվել ենք արևելք:
— Այդպիսի բան չի եղել,— առարկեց Գանդալֆը: — Արևոտ եղանակին ուղղակի ավելի հեռուն է երևում, ահա թե ինչու ես լեռները տեսնում: Մշուշապատ Լեռնաշղթան Օստրանի սահմանների մոտ սահուն թեքվում է հարավ-արևմուտք: Դու, ինչ է, ոչ մի անգամ քարտեզ չէ՞ս նայել Ազատքի տիրակալի մոտ հյուընկալվելու ժամանակ:
— Ո՜նց չեմ նայել,— նեղացավ Փինը: — Նայել եմ, նույնիսկ կարելի է ասել՝ ուսումնասիրել եմ: Բայց տեսողական վատ հիշողություն ունեմ: Իսկ մեր Ֆրոդոն հաստատ բոլորը հիշում է:
— Մեզ ոչ մի քարտեզ հարկավոր չէ,— ասաց հոբիթներին մոտեցած Ջիմլին: Նա հուզված նայում էր հեռավոր լեռներին: — Չէ՞ որ դա իմ նախնիների տիրույթներն են: Ահա առասպելներով պսակված գագաթները՝ ձյունապատ Զիրաքը, Բարազը և Շաթհուրը: Ես դրանք տեսել եմ միայն մեկ անգամ, այն էլ հեռվից, բայց ինձ լավ ծանոթ են: Դրանց բազում առասպելներ են նվիրված, իսկ մեր վարպետները մետաղի և քարի վրա դրանք շատ են պատկերել, այդ լեռները: Որովհետև դրանց ընդերքում, հսկայական անձավներում է գտնվում թզուկների հինավուրց թագավորությունը՝ Քազադ-Դումը կամ էլֆերեն՝ Մորիան, իսկ համընդհամուր լեզվով՝ Սև Անդունդը: Քիչ հեռու բարձրանում է Բարազինբարը, էլֆերեն Քարադհրասը՝ Բոսոր Կոտոշը, իսկ դրա հետևում, դեպի աջ կան ևս երկու գագաթ՝ Զիրաք-Զիգիլը, էլֆերեն Քելեբդիլը՝ արծաթագույն և Բունդուշաթհուրը, էլֆերեն Ֆանուիդոլ՝ Խավարը: Այստեղ անառիկ Մշուշապատ Լեռնաշղթան գոգավորվում է նեղ լեռնանցքով, որտեղով կարելի է անցնել հովիտ, որը հայտնի է Միջերկրի բոլոր թզուկներին: Այդ հովիտը մի քանի անուն ունի. Թզուկների լեզվով՝ Ազանուլբիզար, էլֆերեն՝ Նանդուրիոն, դե իսկ համընդհանուր լեզվով՝ Սևագետք:
— Մեզ հարկավոր է դուրս գալ Ազանուլբիզար,— հայտարարեց Գանդալֆը, երբ թզուկը լռեց: — Բոսորագույն Դարպասով, այդպես են անվանում նրա արևմտյան լանջը, բարձրանալով լեռնանցքը, մենք Սևագետքի ափով կիջնենք հովիտ: Այնտեղ դուք կտեսնեք Հայելու լիճը և նրանից սկիզբ առնող գետակը՝ Արծաթափայլը:
— Անթափանց է Քելեդ-Զարամի ջուրը,— ասաց Ջիմլին,— և սառույցի նման պաղ են Քիբել-Նալի աղբյուրները: Մի՞թե ես այդ երջանիկ բախտն ունեմ՝ տեսնել մեր նվիրական լիճը:
— Եթե ունես էլ, ապա միայն թռուցիկ, բարեկամս,— թզուկին նայելով, խոսեց Գանդալֆը: — Քանի որ մեր ճանապարհն անցնում է Հայելու լճի կողքով, Արծաթափայլով ներքև, Գաղտնի Թավուտի միջով դեպի Մեծ Գետը և հետո... — Նա լռեց:
— Եվ հետ ի՞նչ,— հարցրեց նրան Մերին:
— Եվ հետո՝ շարունակությունը,— պատասխանեց Գանդալֆը,— ճանապարհորդության վերջում... Շատ հեռու գալիքը չգուշակենք: Մեզ հաջողվեց հասնել Օստրան, բայց դա միայն առաջին քայլն է հաղթանակի ճանապարհին: Մենք այստեղ մեկ օր կանգ կառնենք: Օստրանը փառաբանված է իր կենարար կլիմայով, իսկ ուժ հավաքելը մեզ չի խանգարի: Այն երկիրը, ու երբևէ ապրել են էլֆերը, արտակարգ կենարար է մնում, չարությամբ այն թունավորելը հեշտ չէ:
— Ճիշտ է,— Գանդալֆին պաշպանեց Լեգոլասը: — Բայց մեզ, անտառի պապենական բնակիչներիս համար, Օստրանի էլֆերը տարօրինակ ժողովուրդ էին, և արդեն այստեղ նրանց հետքերը չեմ զգում. ծառերն ու խոտերը մեռյալ լռություն են պահպանում: Չնայած... — Լեգոլասը վայրկենապես քարացավ: — Այո, քարերը դեռ հիշում են նրանց մասին: Լսու՞մ եք... Քարերի բողոքը, լսու՞մ եք... «Նրանք մեզ տաշեցին, հավետ պահպանեցին, մեզ շունչ տվեցին ու առմիշտ գնացին»: Նրանք առհավետ գնացին,— ասաց Լեգոլասը: — Վաղուց գտել են Հավերժ Նավահանգիստը:
Բայց ճամփորդները միայն քամու աղմուկն էին լսում:
Փշարմավի թփերով ծածկված հովտում Պահապանները փոքրիկ խարույկ վառեցին, և այս անգամ նախաճաշ-ընթրիքն այնքան էլ աղքատիկ, տաղտկալի ու անհամ չթվաց: Նրանք չէին շտապում պառկել, որովհետև ամբողջ օրը հանգստանալու էին և մի երկար գիշեր անվրդով քնելու էին, իսկ հետո մի խաղաղ ցերեկ էին վայելելու: Միայն Արագորնն իրեն չէր գտնում: Ուտելուց հետո բարձրացավ բլրի գագաթը, երկար նայեց հեռավոր լեռների կողմը ու շատ զգուշությամբ ինչ-որ բանի ականջ դրեց: Հետո իջնելով հովիտ, վարանումով նայեց ճամփորդներին, ասես զարմանալով նրանց ուրախության ու անհոգության վրա:
— Ի՞նչ է պատահել, Պանդուխտ,— հարցրեց նրան Մերին,— մի՞թե ինչ-որ բանի պակաս ես զգում: Գուցե արևելյան քամու՞ն ես կարոտել:
— Առայժմ դեռ ոչ,— քմծիծաղեց Արագորնը: — Բայց ինչ-որ բան ինձ իսկապես չի գոհացնում: Ես Օստրանում եղել եմ և՛ ամռանը, և՛ ձմռանը: Այստեղ որսորդներ չկան, որովհետև բնակիչներ չկան: Դրա համար էլ այստեղ միշտ շատ թռչուններ և զանազան մանր գազանիկներ են եղել: Իսկ հիմա այս ամբողջ երկիրն ամայացել է: Ես զգում եմ, որ շուրջը՝ շատ մեծ տարածության վրա ոչ մի կենդանի արարած չկա: Եվ շատ կուզենայի հասկանալ, թե ինչու:
— Դա իրոք որ այնքան էլ հասկանալի չէ,— համաձայնեց Գանդալֆը: — Բայց հետո ավելացրեց: — Իսկ գուցե մենք խրտնեցրե՞լ ենք կենդանիներին:
— Մենք հո նրանց չե՞նք որսում,— առարկեց Արագորնը: — Եվ ես միշտ Օստրանում ինձ հանգիստ եմ զգացել, իսկ հիմա ինչ-որ տագնապ եմ ապրում:
— Ուրեմն մեզ հարկավոր է զգոն լինել,— իսկույն լրջանալով, նկատեց Գանդալֆը: — Եթե քեզ հետ ճամփորդում է հետքագետը, այն էլ ոչ թե պարզապես հետքագետը, այլ Արագորնն ինքը, ուրեմն պետք է հավատալ նրա զգացողությանը: Կամաց, բարեկամներ,— ասաց հոբիթներին: — Եվ հենց հիմա ժամապահներ նշանակենք:
Այդ օրն առաջին ժամապահը Սամն էր: Բոլորը հանգիստ քնեցին, բայց Արագորնը, ըստ երևույթին, միտք չուներ քնելու: Հենց որ ճամփորդների խոսակցությունները դադարեցին, ծանր, տագնապալի լռություն իջավ, որը նույնիսկ Սամը զգաց: Պարզ լսվում էր քնածների շնչառությունը, իսկ երբ պոնին ոտքը շարժեց, զարմանալի բարձր թխկոց լսվեց: Բավական էր Սամը մի քիչ շարժվեր և լսում էր սեփական հոդերի ճտճոցը: Երկնքում ոչ մի հատիկ ամպ չկար. արևը դանդաղ լողում էր դեպի վեր. մեռյալ լռությունը խորանում էր ու կայունանում: Հետո հարավում, անամպ երկնքում ինչ-որ մութ կետ հայտնվեց, փոքրիկ սև ամպի նման: Քամի չկար, բայց կետը մոտենում էր:
— Դա ի՞նչ է, կարծես ամպի նման չէ,— շշունջով Արագորնին ասաց Սամը: Արագորնն առանց պատասխանելու նայում էր երկնքին. կետը մոտենում էր, արագ մեծանում և շուտով առանձին մասերի բաժանվեց:
— Ախր դրանք թռչուննե՜ր են,— բացականչեց Սամը:
Թռչունները թռչում էին ցածր, ու ոչ թե ուղիղ առաջ, այլ լայն զիգզագներ գծելով, ասես ինչ-որ բան էին փնտրում գետնին:
— Պառկի՛ր և լռի՛ր,— շշնջաց Արագորնը՝ Սամին թփի տակ քաշելով, որովհետև մի քանի հարյուր թռչուն հանկարծ առանձնացան հիմնական երամից ու սրընթաց թռան դեպի այն հովիտը, ուր ճամփորդները տեղավորվել էին հանգստանալու: Թռչունները ագռավների էին նման, բայց լրիվ սև էին ու շատ խոշոր: Երբ սուրում էին հովտի վրայով, նրանց ստվերը վայրկենապես ծածկեց արևը և լռությունը ճեղքեց բարձրահունչ կռկռոցը, որն իսկույն էլ խլացավ թևերի բախյունից:
Հենց թռչուններն աչքից ծածկվեցին, Արագորնը վեր կացավ ու արթնացրեց Գանդալֆին:
— Արևմտյան հարթավայրերում,— մռայլ ասաց նա,— թափառում են սև ագռավների երամները, և դրանցից մեկը հենց նոր անցավ մեր գլխավերևով: Օստրանում սև ագռավներ չեն ապրում, դրանց բները Անտերունչ հարթավայրում են: Չգիտեմ, ինչի համար բարեհաճեցին այստեղ, հնարավոր է, որ միայն սնունդ որոնելու, բայց, իմ կարծիքով, Թշնամին է նրանց այստեղ ուղարկել՝ լրտեսելու նպատակով: Իսկ երկնքում, էլ ավելի բարձրում, գիշակերներ են թռչում, դրանք արդեն հաստատ Սաուրոնին են ծառայում: Ինձ թվում է, պետք է հեռանանք այստեղից, իսկույնևեթ՝ Օստրանին հետևում են:
— Բայց այդ դեպքում,— արձագանքեց Գանդալֆը,— լրտեսները Բոսոր Դարպասն էլ են հսկում, իսկ դա նշանակում է լեռնանցք բարձրանալ չի կարելի: Հետաքրքիր է, ինչպե՞ս ենք մտնելու Սևագետք: Լավ, այդ մասին հետո կմտածենք: Հիմա գլխավորը Մշուշապատ հասնելն է: Դու ճիշտ ես, մենք հարկադրված ենք այսօր հեռանալ այստեղից, այնպես որ հանգստանալ չենք կարող:
— Մեր բախտից էր,— ասաց Արագորնը,— որ մեր փոքրիկ խարույկը մինչև ագռավների գալը հանգած էր: Խարույկից երկար ժամանակ պետք է հրաժարվել:
— Ա՜յ քեզ պատիժ,— բողոքեց Փինը՝ երեկոյան արթնանալով ու Սամից իմանալով, որ չեն գիշերելու, իսկ խարույկ վառելն էլ երկար ժամանակով արգելված է: — Ինչ-որ հիմար ագռավների պատճառով հիմա քուններս առնել էլ չենք կարող: Իսկ ես տաք ընթրիք էի երազում...