— Գնալը՝ գնանք,— ասաց Ֆրոդոն,— բայց եթե դրանից բացի ուրիշ ոչինչ չես կարող ասել նրանց մասին, ովքեր խղճացին քեզ և ազատ արձակեցին, ապա ավելի լավ է լռի՛ր:
— Բարի տեր,— ասաց Գոլլումը,— մի՞թե Սմեագորլին չի կարելի կատակել: Նա միշտ էլ ներում է բոլորին, այո, այո, և տիրոջ ստերն էլ ներեց: Տերը բարի է, և Սմեագորլն էլ հնազանդ է:
Ֆրոդոն ու Սեմը չպատասխանեցին: Ուսերին գցելով փոքրիկ պարկերը, նրանք վերցրին ցուպերը և քայլեցին առաջ իթիլիենյան անտառի թավուտներով: Օրվա ընթացքում հանգստացան միայն երկու անգամ և կերան Ֆարամիրի տված սնունդը՝ չորացրած մրգեր և աղ դրած միս: Այդ պաշարները պետք է երկար ժամանակ բավարարեին: Հայտնաբերվեց նաև հաց, բայց միայն այնքան, որ չհասցներ չորանալ: Գոլլումն ուտելիքից հրաժարվեց:
Արևը, շարունակելով մնալ անտեսանելի, բարձրացավ վերև, անցավ կեսօրը և արդեն սկսում էր թեքվել դեպի մայրամուտ՝ իր թեք ճառագայթներով թեթև ոսկեզօծելով խոտը և ծառերի սաղարթները: Շուրջը կանաչ կիսախավար ու խոր լռություն էր տիրում: Նույնիսկ թռչուններ չկային. նրանք բոլորը կամ թռել էին հեռու, կամ կորցրել երգելու ունակությունը:
Լուռ անտառում արագ մթնում էր, և ճամփորդները գրեթե ուժասպառ կանգ առան՝ չսպասելով գիշերվա գալուն: Հեննեթ Աննունը յոթ լիգ մնացել էր հետևում: Ֆրոդոն անմիջապես պառկեց մամռոտ գետնին ծեր ծառի տակ և առանց արթնանալու քնեց ամբողջ գիշեր: Սեմը պառկել էր տիրոջ կողքին, բայց հանգիստ քնել չէր կարող. նա շարունակ բարձրացնում էր գլուխը և ականջ դնում, բայց Գոլլումը մոտակայքում չէր երևում՝ նա չքացավ, հենց հոբիթները պառկեցին գիշերելու ու այդպես էլ չերևաց: Քնել էր արդյոք նա մոտակայքում մի մեկուսի փոսի մեջ, թե ամբողջ գիշեր առանց աչք փակելու մտածել էր սնունդ հայթհայթելու մասին՝ հոբիթներն այպես էլ չիմացան: Նա վերադարձավ միայն լուսաբացի առաջին շողերի հետ և արթնացրեց քնածներին:
— Հարկավոր է արթնանալ, այո, նրանք պետք է վեր կենան,— ասաց նա: — Դեռ երկար պետք է գնանք, հարավ ու հետո արևելք: Հոբիթսները պետք է է շտապեն:
Երկրորդ օրը գրեթե ոչնչով չէր տարբերվում իր նախորդից՝ միայն լռությունն էր թվում ավելի խորը: Օդը ծառերի տակ ծանրացել էր, գնալով շնչելը դժվարանում էր: Երևալով, փոթորիկ էր մոտենում: Գոլլումը շարունակ կանգ էր առնում, հոտոտում օդը, ինչ-որ բան փնթփնթում և ստիպում հոբիթներին արագացնել քայլերը:
Երեկոյան մոտ՝ երկրորդ դադարից քիչ անց, անտառը նոսրացավ: Ծառերը դարձան ավելի բարձր և միմյանցից ավելի հեռու: Դեռ նոր-նոր զմրուխտե-շագանակագույն բողբոջներով ծածկված հաստ բներով հսկայական փշարմավները մռայլ ու հանդիսավոր վեր էին բարձրանում լայնարձակ բացատներում, որտեղ մոտալուտ գիշերվա սպասումով արդեն փակվել էին ծիծեռնախոտի և հողմածաղկի սպիտակ և երկնագույն ծաղիկները, անտառային բացատներն ամբողջությամբ ծածկված էին հակինթների խիտ տերևներով, որոնց մեջ արդեն երևում էին հասունացող ծաղկաբույլերը: Շուրջը ո՛չ գազաններ կային, ո՛չ թռչուններ, բայց Գոլլումը վախենում էր բաց տարածքներից, ուստի նրանք հատում էին բացատերը վազքով՝ աշխատելով դուրս չգալ ծառերի ստվերներից:
Արդեն մթնշաղ էր, երբ հոբիթերը հասան անտառեզրին և նստեցին մի ծեր, սապատավոր ծառի տակ, որի օձանման արմատները ցցվել էին սորուն զառիթափի գլխին: Ներքևում փռված էր մռայլ մշուշով պարուրված խորունկ հովիտը, որի մյուս կողմում նորից խտանում ու դեպի հարավ էր ձգվում երեկոյան աղոտ լույսից մոխրա-կապույտ անտառը: Աջակողմյան հեռվում մայրամուտը բոսորագույն էր ներկել գոնդորյան լեռների գագաթները: Ձախ կողմում խտանում էր մութը՝ այնտեղ, ինչպես հրեշավոր աշտարակների շարք, վեր էին խոյանում Մորդորի պատերը: Մթության մեջ սկսվում էր հովիտը, որը, ավելի ու ավելի ընդլայնվելով, իջնում էր դեպի Անդուինը: Հովտի հատակով գլորվում էր արագահոս գետակը՝ իր խոխոջյունով խախտելով խոր լռությունը: Մոտակա ափի երկայնքով ձգվում էր ճանապարհի սպիտակավուն ժապավենը և կորչում սառը մշուշի մեջ, որտեղ մայրամուտի շողերը չէին թափանցում: Ֆրոդոյին թվաց, թե այնտեղ, մթության մեջ, զանազանվում են հնագույն քաղաքի հազիվ նկատելի ուրվագծերը՝ կիսաքանդված հսկա աշտարակների մշուշի մեջ լողացող սրաձողերը...
Նա շրջվեց դեպի Գոլլումը.
— Դու գիտե՞ս, թե մենք որտեղ ենք գտնվում:
— Այո տեր: Վտանգավոր վայրեր են: