Changes

Պահապանները

Ավելացվել է 27 894 բայտ, 16:52, 26 Հունիսի 2015
/* Գլուխ երրորդ. Ճանապարհ դեպի հարավ */
— Ա՜յ քեզ պատիժ,— բողոքեց Փինը՝ երեկոյան արթնանալով ու Սամից իմանալով, որ չեն գիշերելու, իսկ խարույկ վառելն էլ երկար ժամանակով արգելված է: — Ինչ-որ հիմար ագռավների պատճառով հիմա քուններս առնել էլ չենք կարող: Իսկ ես տաք ընթրիք էի երազում...
 
— Ինչքան ուզում ես երազիր,— խորհուրդ տվեց Գանդալֆը: — Իսկ ես, օրինակ, երազում եմ տաքանալ ու հանգիստ ծխամորճ ծխել: Բայց գոնե մի բան կարող եմ հաստատ խոստանալ՝ հարավում բոլորս անպայման կտաքանանք:
 
— Վախենում եմ մեզ համար նույնիսկ շոգ կլինի, ո՛չ միայն տաք: Էհ թող լինի, միայն թե հասնենք Ճակատագրի Լեռանն ու հետ դառնանք տուն: Ես որ ես եմ, մտածել եմ, թե Բոսոր Կոտոշը Ճակատագրի Լեռն է որ կա, մինչև Ջիմլին իր լեզվով տվեց անունը՝ Բարիզա... Բիրազի... Թշնամու լեզուն անգամ չի պտտվի ասի... Կարճ ասած, մենք դեռ չենք հասել: — Սամը աշխարհագրական քարտեզներին չէր հավատում և այս կողմերում բոլոր տարածությունները նրան այնքան վիթխարի էին թվում, որ խճճվել էր:
 
Ցերեկը Պահապանները թաքնվում էին լեռնագոգում: Մի քանի անգամ նրանք տեսան ագռավներին, բայց վերջիններս կարծես թե նրանց չէին նկատում և երեկոյան չքվեցին: Մի քիչ սպասելով, Պահապաններն ընթրեցին, ճամբարը հավաքեցին ու շարժվեցին հարավ, այնտեղ, ուր մայր մտնող արևի ճառագայթների տակ բոսոր կայծկլտում էր Բարազինբարի գագաթը: Աղջամուղջն արդեն պարուրում էր սարահարթը, և մթնող երկնակամարում մեկը մյուսի հետևից վառվում էին գիշերային աստղերը:
 
Արագորնը նրանց դուրս բերեց լեռնային արահետ: Ավելի ճիշտ, դա ոչ թե արահետ էր, այլ Օստրանը լեռնանցքի հետ կապող հինավուրց, վաղուց լքված ուղին: Սարերի թիկունքից դուրս լողաց լիալուսինը, և նրա երկնագույն արծաթափայլ լույսի տակ երկու կողմերի վրա գտնվող ժայռերը սև ստվերներ էին գցում գետնին: Ֆրոդոն ավելի ուշադիր նայեց ժայռերին ու տեսավ, որ դրանք ոչ թե ժայռեր են, այլ քարից վարպետորեն կերտված ֆիգուրներ, որոնց արդեն քայքայել էր անողոք ժամանակը: Ջոկատն ամբողջ գիշեր շարժվում էր դեպի հարավ: Լուսադեմին, վաղորդյան մոխրագույն մթնշաղում Ֆրոդոն հանկարծ նայեց երկինք ու նկատեց, ավելի ճիշտ միայն աղոտ զգաց, որ իրենց վերևով անձայն ստվեր անցավ՝ երկնակամարից ընդամենը մի ակնթարթ ջնջելով աստղերի ուրախ կայծերը:
 
— Դու հիմա երկնքում ոչինչ չնկատեցի՞ր,— հազիվ լսելի հարցրեց նա Արագորնի հետ միասին Ջոկատի առջևից քայլող Գանդալֆին:
 
— Նկատելը՝ չնկատեցի, բայց զգացի,— ասաց Գանդալֆը: — Մի վայրկյան ասես ավելի մթնեց: Երևի մեր գլխավերևով ամպ անցավ:
 
— Չափից ավելի արագ անցավ,— ոչ ոքի չդիմելով քրթմնջաց Արագորնը: — Հատկապես այսպիսի անքամի եղանակի համար...
 
Գիշերն այլևս ոչինչ չպատահեց: Լուսաբացը հստակ էր ու արևոտ, բայց՝ սառը: Քամին նորից արևելքից փչեց:
 
Եվս երկու գիշեր Ջոկատը քայլեց դեպի Մշուշապատ. ոլոր-մոլոր ճանապարհը մեկ մագլցում էր վեր, մերթ գլորվում լեռնագոգ, բայց նկատելի էր, որ աստիճանաբար բարձրանում է ավելի ու ավելի վեր, և երբ վերջացավ երկրորդ գիշերը, Ջոկատն ընդհուպ մոտեցավ Բարազինբարին, կամ, ինչպես էլֆերն են ասում՝ Քարադհրասին, ձյունածածկ կատարով ու արնակարմիր քարքարոտ լանջերով հսկայական գագաթին, որի վրա ո՛չ անտառներ կային, ո՛չ մարգագետիններ:
 
Սկսվում էր ամպոտ ու պաղ լուսաբացը, մոխրագույն ամպերը ծածկում էին արևը, քամին փչում էր հյուսիս-արևելքից: Գանդալֆը դեմքով շրջվեց դեպի քամին, օդը հոտոտեց ու ասաց Արագորնին.
 
— Ձմեռը հասնում է մեր հետևից: Հյուսիսում լեռները համարյա մինչև ստորոտները ծածկված են ձյունով: Վաղը չէ մյուս օրը մենք կբարձրանանք դեպի Բոսոր Դարպասը, և այնտեղ հնարավոր է, որ մեզ նկատեն լրտեսները, բայց ամենավտանգավոր ու խարդախ թշնամին, թերևս, եղանակն է լինելու: Ուրեմն դու ինչ ճանապարհ կընտրեիր, Արագորն:
 
Ֆրոդոն սարսափահար որսալով այս խոսքերը, հասկացավ, որ վաղուց սկսված խոսակցության շարունակությունն է լսում:
 
— Ես կարծում եմ, դու ինձանից լավ գիտես, որ մութ աշխարհ տանող բոլոր ճանապարհներն էլ վտանգավոր են,— պատասխանեց Արագորնը: — Բայց մենք պետք է հաղթահարենք այդ ճանապարհը, նշանակում է՝ պետք է հասնենք մինչև Անդուին: Հարավում Մշուշապատն անցնել հնարավոր չէ՝ մինչև դուրս չգաս Ռոհանի հարթավայր: Դու ինքդ պատմեցիր Սարումանի դավաճանության մասին: Մենք չգիտենք, արդյոք Ռոհանը չի՞ պարտվել: Ոչ, ռոհանցիների մոտ գնալ չի կարելի, դրա համար ստիպված ենք լինելու գրոհել լեռնանցքը:
 
— Մոռացել ես,— նկատեց Գանդալֆը,— որ կա ևս մեկ ճանապարհ, չփորձված ու մութ, բայց, իմ կարծիքով, անցանելի. այն ճանապարհը, որի մասին արդեն խոսել ենք:
 
— Եվ այլևս այդ մասին խոսել չեմ ուզում,— կտրեց Արագորնը: Բայց, լռելուց հետո, ավելացրեց. — Եվ չեմ խոսի... մինչև վերջնականապես չհամոզվեմ, որ մյուս ճանապարհները բացարձակապես անանցանելի են:
 
— Մենք հենց այսօր պետք է որոշենք, թե ուր ենք գնում,— հիշեցրեց Գանդալֆն Արագորնին:
 
— Լավ, համաձայն եմ,— ասաց Արագորնը: — Բեր այդ բոլորը մեկ անգամ էլ քննենք, երբ դուրս գալու ժամանակը գա:
 
Երեկոյան, մինչ նրանց ուղեկիցներն ընթրում էին, Արագորնն ու Գանդալֆը մի կողմ քաշվեցին և սկսեցին շշուկով զրուցել, խորհրդակցել ինչ-որ բանի մասին՝ երբեմն-երբեմն Բոսոր Կոտոշի զանգվածին նայելով: Նրա լանջերը լերկ էին ու մռայլ, իսկ գագաթները կորչում էին ամպերի մեջ: Շատ անբարեհամբույր տեսք ուներ լեռնանցքը... Սակայն երբ Արագորնն ու Գանդալֆը վերադառնալով հայտարարեցին, որ այս գիշեր հարկավոր է հաղթահարել այն, Ֆրոդոն ուրախացավ: Իհարկե նա չգիտեր, թե ինչ «չփորձված ու մութ» ճանապարհի մասին էր առավոտյան ասում Գանդալֆը Արագորնին, բայց, չգիտես ինչու, նախապես դրանից վախենում էր:
 
— Կարող է պատահել, որ Բոսոր Դարպասը հսկում են Թշնամու լրտեսները,— ասաց Գանդալֆը: — Եղանակն էլ ինձ լուրջ տագնապ է ներշնչում: Մենք լեռնանցքում կարող ենք փոթորկի մեջ ընկնել: Ստիպված ենք շատ արագ քայլել: Նույնիսկ այդ դեպքում տեղ կհասնենք երկու գիշերվա ընթացքում: Այսօր երեկոյան մութը շուտ կընկնի, դրա համար էլ ճամբարը հավաքելու ժամանակն է, հազիվհազ հասցնենք...
 
— Թույլ տվեք ես էլ որոշ բան ավելացնեմ,— ասաց սովորաբար լռակյաց Բորոմիրը: — Ես մեծացել եմ Սպիտակ Լեռներից ոչ հեռու և մեկ անգամ չէ, որ եղել եմ մեծ բարձրություններում: Բարձր լեռներում ամառն էլ է ցուրտ, իսկ հիմա մեզ այնտեղ ճքճքան սառնամանք է սպասում: Առանց խարույկի լեռնանցքի մոտ ցրտից կմեռնենք, չէ՞ որ մենք, որքան ես հասկացա, այնտեղ օր պիտի անցկացնենք: Ուրեմն, քանի ներքևում ենք, ավելի շատ չոր խռիվ հավաքենք, որ ամեն մեկս իր հետ մի կապ ցախ վերցնի:
 
— Իսկ Բիլը երկուսը կվերցնի,— ասաց Սամը: — Դու մեզ հուսախաբ չես անի, ճի՞շտ է, բարեկամս,— հարցրեց նա Բիլին: Պոնին լռեց, բայց բավական տխուր նայեց Սամին:
 
— Վատ միտք չէ,— համաձայնեց Գանդալֆը,— սակայն պետք է հաստատ հիշենք, որ խարույկ վառում ենք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ իսկապես պետք է ընտրություն կատարել՝ կործանվե՞լ, թե կրակի մոտ տաքանալ:
 
Սկզբում Ջոկատն արագ էր առաջ ընթանում, բայց մի քանի լիգ հետո լանջը զառիկող դարձավ, իսկ ավերված ուղին վերածվեց ժայռերի սուր կտորներով ծածկված արահետի: Երկինքն ամբողջությամբ ծածկվեց ամպերով, և ճամփորդները պարուրվեցին սև խավարով: Դեմքերն այրում էր սառցի պես կտրող պաղ քամին: Կեսգիշերին հազիվ նկատելի զիգզագաձև արահետը ճամփորդներին դուրս բերեց մի նեղ քիվի վրա. նրանցից աջ, քամու պտույտից զգացվում էր խոր անդունդի դատարկությունը, իսկ ձախից խոյանում էր զառիկող պատը: Նրանք դեռ ճանապարհի քառորդն էլ չէին հաղթահարել:
 
Շուտով Ֆրոդոն դեմքին զգաց նոսր փաթիլների սառը ծակոցները, իսկ հետո խիտ փաթիլների տարափ սկսվեց: Հանկարծակի թխակապույտ-սպիտակ գույն ստացած մթությունը դարձավ նաև անթափանցելի՝ Արագորնի և Գանդալֆի կռացած կերպարանքները, որոնց Ֆրոդոն ձեռքը մեկներ՝ կհասներ կորան պղտոր մառախուղի մեջ:
 
— Ախ, իսկի դուրս չի գալիս էս խառնաշփոթությունը,— թիկունքում ֆսֆսում էր Սամը: — Ես սիրում եմ ձնահողմին նայել պատուհանից, առավոտյան, տաք վերմակի տակ պառկած: Թող գոնե Հոբիթստանում լիներ, ա՜յ թե կուրախանային հոբիթները: Իսկ էստեղ մեզ իսկի պետք չի:
 
Հոբիթստանում ձյան ուժեղ տեղումներ լինում են հազվադեպ, թերևս հյուսիսային սահմանի մոտ, և եթե մի քիչ էլ ձյուն է գալիս, հոբիթները մանուկների պես ուրախանում են: Կենդանի հոբիթներից ոչ ոք (բացի Բիլբոյից) 1311 թվականի հազվագյուտ դաժան ձմեռը չի տեսել, երբ ձյան տակ թաղված Հոբիթստանի վրա հարձակվեցին սպիտակ գայլերի ոհմակները, որոնք այնտեղ էին անցել Բրենդիդուիմ սառած գետի վրայով:
 
Գանդալֆը կանգ առավ: Ձյան հաստ շերտը ծածկել էր նրա ուսերն ու թիկնոցի գլխանոցը: Արահետի վրա ձյունն արդեն հասնում էր մինչև սրունքները:
 
— Հենց սրանից էլ ես վախենում էի,— ասաց նա: — Ճիշտ է, ավելի քիչ, քան մնացած բաներից: Հյուսիսցիները ձնահողմերին սովոր են: Բայց հարավային լեռներում ձնահողմերը հազվադեպ երևույթ են, այն էլ շատ բարձր տեղերում: Բայց մենք դեռ չենք հասցրել այդքան բարձրանալ:
 
— Ուրեմն, կարող է պատահել սա Թշնամու արա՞ծն է,— հարցրեց նրանց մոտեցած Բորոմիրը: — Մեզ մոտ խոսակցություններ են գնում, որ Սև լեռներում նա նույնիսկ եղանակն է տնօրինում: Ճիշտ է, այդ լեռները նրան են պատկանում, իսկ Մշուշապատ Լեռները Մորդորից հեռու են: Բայց Թշնամու հզորությունը գնալով աճում է:
 
— Այ թե երկար ձեռքեր է աճեցրել, եթե ընդունակ է ձնահողմը հյուսիսային երկրներից նետել հարավային,— ասաց Ջիմլին:
 
— Ավելի երկար չի էլ լինում,— փնթփնթաց Գանդալֆը:
 
Մինչ նրանք կանգնած էին, քամին հանդարտվեց, իսկ մի քանի րոպե հետո ձյունն էլ դադարեց: Այդ ժամանակ նրանք նորից առաջ շարժվեցին: Սակայն լռությունը խաբուսիկ դուրս եկավ: Կես քայլ էլ չէին հասցրել անել, երբ նրանց դեմքին փչեց ծակող քամին, հետո նորից հողմը սկսվեց, ձյունը թափվում էր հսկայական փաթիլներով, և շուտով մի կատաղի բուք գալարվեց: Այժմ արդեն հզոր Բորոմիրն էլ էր դժվարությամբ քայլում: Հոբիթները քարշ էին գալիս երթի վերջից, ու բոլորի համար պարզ էր, որ եթե բուքը շարունակվի, նրանք քայլել չեն կարողանա: Ֆրոդոն հազիվ էր ոտքերը փոխում: Սամն ախուվախ անելով, ոտերը քարշ էր տալիս նրանց հետևից: Փինն ու Մերին լուռ շարժվում էին: Ջիմլին էլ էր ուժասպառվել, թեպետ թզուկները հռչակված են իրենց դիմացկունությամբ:
 
Հանկարծ Ջոկատը տեղում քարացավ, կարծես ճանապարհորդները պայմանավորվել էին կանգ առնել, թեև ոչ ոք ոչ մի բառ չէր ասել: Շուրջը տարօրինակ ձայներ էին հնչում: Հնարավոր է, որ այդ քամին էր ոռնում, բայց նրա թնդուն բազմաձայն վայնասունի մեջ պարզ լսվում էին չար սպառնալիքներ, մոլեգին քրքիջ ու խռպոտ կաղկանձ... Ոչ, քամին չէր կարող այդպես կաղկանձել: Հանկարծ վերևից մի քար գլորվեց, հետո ևս մեկը, հետո էլի... Ճամփորդները սեղմվեցին զառիկող պատին, քարերը դրխկոցով ընկնում էին քիվին, թռչկոտում ու ընկնում սև անդունդը, ժամանակ առ ժամանակ ուժեղ դղրդյուն էր լսվում և վերևից գահավիժում էին հսկայական ժայռաբեկորներ:
 
— Հարկավոր է վերադառնալ,— ասաց Բորոմիրը: — Ես շատ եմ ընկել լեռնային բքի մեջ և գիտեմ, թե կիրճերում ինչպես է ոռնում քամին... Բայց այժմ մենք բոլորովին էլ քամու ձայն չենք լսում... Դա արդեն թշնամական ուժերի ձայներն են... ու քարերն էլ այստեղ պատահաբար չսկսեցին թափվել:
 
— Կարծում եմ, ոռնոցը քամունն է,— նկատեց Արագորնը,— բայց Բորոմիրն իրավացի է. շարունակել իսկապես չի կարելի: Իմաստունների Խորհուրդը թշնամիներ շատ ունի, չնայած նրանցից ոչ բոլորն են Սաուրոնի դաշնակիցները:
 
— Էլֆերը Քարադհրասը Արնածարավ են անվանել Թշնամու հայտնվելուց դեռ շատ առաջ,— մրթմրթաց Ջիմլին:
 
— Կարևոր չէ, ով է մեզ համար խոչնդոտ ստեղծում,— ասաց Գանդալֆը: — Կարևորն այն է, որ խոչնդոտն այժմ անհաղթահարելի է:
 
— Ուրեմն, ի՞նչ ենք անելու,— ողբաձայն հարցրեց Փինը: Նա կանգնած էր սառը պատին հենված ու ամբողջ մարմնով դողում էր:
 
— Տեղում սպասել եղանակի փոխվելուն կամ վերադառնալ,— պատասխանեց Գանդալֆը: — Առաջ գնալն անիմաստ է ու վտանգավոր: Քիչ բարձր, եթե ճիշտ եմ հիշում, արահետը դուրս է գալիս բաց լանջ: այնտեղ քամուց ու քարերից կամ... որևէ նոր հարձակումից չես թաքնվի:
 
— Վերադառնալն էլ է անիմաստ,— ավելացրեց Արագորնը: — Սարի ստորոտից մինչև այս պատը ոչ մի թաքստոց չկա:
 
— Թաքստոցի՜ս նայեք,— մրթմրթաց Սամը: Բայց Ֆրոդոյից բացի ոչ ոք չլսեց:
 
Պահապանները կանգնած էին պատին սեղմված: Հարավային լանջը խրված քիվը զառիկող վեր բարձրանալով, ձգվում էր հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք և առջևում կտրուկ շուռ էր գալիս հարավ, այնպես որ պատը ճամփորդներին պաշտպանում էր հյուսիս-արևելյան սուր քամուց, բայց խելագար փոթորկվող սպիտակավուն բուքը (ձյունն ավելի ու ավելի առատ էր թափվում) մտրակում էր նրանց վերևից ու ներքևից:
 
Նրանք միմյանց էին հպվել ուսերով, իսկ Բիլ պոնին կանգնած էր հոբիթների առջև՝ պատնեշելով նրանց ձյան մրրիկից, բայց նրա շուրջն արդեն ձնաթումբ էր կուտակվել, ու եթե հոբիթների բարձրահասակ ուղեկիցները չլինեին, շատ արագ ձյունը նրանց գլխովին կծածկեր:
 
Ֆրոդոյին պարուրեց պաղ նինջը, հետո նա տաքացավ ձնե որջում, և քամու ոռնոցն աստիճանաբար խլացավ՝ փոխվելով բուխարու բոցի գվվոցի, իսկ հետո բուխարու մոտ հայտնվեց Բիլբոն, բայց նրա ձայնի մեջ պարսավանք հնչեց. ''«Հասկանալ չեմ կարող, ինչու՞ վերադարձար... Ինչու՞ ընդհատեցիր կարևոր արշավը մի ամենասովորական ձնահողմի պատճառով»:''
 
''«Ես ուզում էի հանգստանալ»'',— շշնջաց Ֆրոդոն, բայց Բիլբոն արագորեն բուխարին հանգցնելով, զարմիկին դուրս քշեց տաք բազկաթոռից, և սենյակ սողոսկեց սառնաշունչ մեգը...
 
— ... Լսու՞մ ես, Գանդալֆ, նրանք ձյան տակ կմնան,— խոսում էր Բիլբոն Բորոմիրի ձայնով, և Ֆրոդոն զգաց, որ ինքը հանված է ձնե տաքուկ որջից ու կախված է օդում: Ու վերջնականապես արթնացավ: — Նրանք կքնեն ու ցրտահարությունից կմեռնեն,— Ֆրոդոյին իջեցնելով, ասաց Բորոմիրը: — Հարկավոր է անհապաղ որևէ միջոց ձեռք առնել:
 
— Իրավացի ես,— մտահոգ պատասխանեց Գանդալֆը և գրպանից հանեց կաշվե տափաշիշը: — Թող յուրաքանչյուրը մի կում խմի,— ասաց նա՝ տափաշիշը Բորոմիրին տալով: — Սա արտակարգ կենարար ըմպելիք է՝ զվարթեղ, Իմլադրիսի թանկագին պարգևը:
 
Բուրավետ, քիչ տտիպ հեղուկի կումը ոչ միայն տաքացրեց փայտացած Ֆրոդոյին, այլև վանեց նրան պատած վախը: Մնացած Պահապանները նույնպես աշխուժացան: Սակայն առաջվա պես մոլեգնում էր քամին, իսկ բորանը կարծես թե նույնիսկ ավելի էր ուժեղացել:
 
— Արդյոք խարույկ չվառե՞նք,— հարցրեց Բորոմիրը: — Երևում է, մենք արդեն երկնտրանքի առաջ ենք կանգնած՝ կամ կործանվել, կամ խարույկի մոտ տաքանալ:
 
— Ինչ կա որ, կարելի է,— պատասխանեց Գանդալֆը: — Եթե Սաուրոնի լրտեսներից այստեղ կան, ուրեմն միևնույնն է մեզ արդեն նկատել են:
 
Պահապանները և փայտ ունեին և կպչան (նրանք կատարել էին Բորոմիրի խորհուրդը), բայց ո՛չ էլֆը, ո՛չ թզուկը, որ դրա վարպետն էին, չկարողացան այնպիսի կայծ առաջացնել, որ վառեր խոնավացած ցախը: Գանդալֆն ստիպված եղավ գործի անցնել: Նա իր գավազանը դրեց ցախի կույտի վրա և հրամայեց. '''նուր են ադրիատ ամմին''': Կանաչ-կապույտ կրակի խուրձը վառ լուսավորեց փոթորկալի մութը, ցախը բռնվեց ու արագ վառվեց: Այժմ կատաղի քամին միայն ավելի էր ուժեղացնում խարույկը:
 
— Եթե լեռնանցքը հսկում են լրտեսները, ապա ինձ նրանք հաստատ տեսել են,— մռայլ հպարտությամբ նկատեց հրաշագործը: — Ես նրանց ազդանշան տվեցի. «Գանդալֆն այստեղ է», այնպես հասկանալի, որ ոչ ոք չի սխալվի:
 
Բայց հազիվ թե Պահապանները Գանդալֆին լսեցին: Նրանք երեխաների պես ուրախանում էին կրակով: Այրվող փայտը ուրախ ճարճատում էր, և Պահապանները, ուշադրություն չդարձնելով բքին ու ոտքերի տակ հալվող ձյանը, բոլոր կողմերից շրջապատել էին խարույկը, որպեսզի տաքանան կենարար ջերմությամբ: Նրանց տանջահար, բայց կարմրատակած դեմքերին թռչկոտում էին կրակի ոսկեգույն ցոլքերը, իսկ շուրջը, ասես նրանց բանտարկելով զնդանում, խտանում էր կապտավուն փոթորկածուփ մութը:
 
Սակայն ցախը շատ արագ վառվեց:
 
Կրակը հանգչում էր, և մարմրող խարույկի մեջ գցեցին վերջին կապը:
 
— Ոչինչ, լուսաբացը մոտենում է, գիշերը վերջանում է,— ասաց Արագորնը:
 
— Գիշերը վերջանում է,— թնփթնփաց Ջիմլին,— այսքան վատ եղանակին լուսաբացն էլ չես նկատի:
 
Բորոմիրը մի քիչ հեռացավ խարույկից:
 
— Փոթորիկը կհանդարտվի,— հայտարարեց նա: — Քամին էլ ոնց որ շունչը փչում է:
 
Ֆրոդոն հոգնած նայում էր խարույկին: Սև մթության միջից ձյան փաթիլներ էին դուրս ճախրում, փայլատակում էին արծաթե աստղիկների պես ու իսկույն էլ կրակի վրա հանգչում, իսկ շուրջն անդադար սուլում էր քամին, ու կուտակվում էին մառախուղի անթափանց քուլաները: Ֆրոդոն քնկոտ փակեց աչքերը, օրորվեց, անջատեց իրար կպած ծանր կոպերն ու հանկարծ նկատեց, որ քամին հանդարտվել է ու ոսկեփայլ ածուխների վրա պտտվում են միայն մի քանի փաթիլ: Նա գլուխը բարձրացրեց ու տեսավ, որ արևելքում սև երկինքը թեթևակի շառագունել է:
 
Գորշ ամպերի միջից թափանցող արշալույսը տանջահար ճամփորդների առջև բացեց ձյան սավանով ծածկված համր լեռները: Ներքևում երևում էին բարձր ձյունաթմբերի սապատները և դրանց տակ ենթադրվում էր ոլորապտույտ արահետի գոյությունը, բայց ճամփորդներին նոր փոթորիկ սպառնացող ծանր ամպերը հոծ վարագույրով ծածկել էին լեռնանցքի թումբը:
 
— Բարազինբարը չի հանդարտվել,— խոսեց Ջիմլին: — Եթե մենք համարձակվենք առաջ գնալ, նորից բորանը մեզ վրա կտա: Հարկավոր է վերադառնալ և որքան կարելի է շուտ:
 
Բոլորը հասկանում էին, որ պետք է վերադառնալ: Բայց ինչպե՞ս: Քիվից մի քանի քայլ այն կողմ արահետի վրա այնպիսի ձնաթմբեր էին բարձրանում, որ հոբիթներն ամբողջ հասակով կթաղվեին դրանց մեջ: Նույնիսկ քիվի վրա, որտեղ կանգնած էին ճամփորդները, ձյան բլուրներ էին բարձրանում, մինչդեռ քիվը քամիներից պատով պաշտպանված էր:
 
Վստահելի
1342
edits