— Դու գիտե՞ս, թե մենք որտեղ ենք գտնվում:
— Այո , տեր: Վտանգավոր վայրեր են: Այդ ճանապարհը Լուսնային Ամրոցից իջնում է դեպի Գետի ափին գտնվող ավերված քաղաքը, այո: Վատ վայր է, շատ վատ, այնտեղ անհաշիվ օրքեր են վխտում: Պե՛տք չէր լսել մարդկանց: Հոբիթները հեռացել են ճիշտ ճանապարհից, շատ են հեռացել: Հիմա հարկավոր է գնալ արևելք, ա՜յ այնտեղ, վերև: — Նա ոսկրոտ ձեռքը թափահարեց մթին լեռնագագաթների ուղղությամբ: — Բայց ճանապարհով գնալ չի կարելի, ոչ: Այն հսկում են ամրոցից ուղարկված չար մարդիկ: Ֆրոդոն նայեց Ճանապարհին: Այն ամայի էր, ոչ մի շարժում չկար, թվում էր վաղուց լքված և տանում էր դեպի մշուշապատ քաղաքի ավերակները: Սակայն օդում անորոշ սպառնալիք էր զգացվում, ասես իրոք այդ ճանապարհով գնում-գալիս էին աչքի համար անտեսանելի ինչ-որ արարածներ: Եվս մեկ անգամ նայելով խավարի մեջ սուզվող հեռավոր սրաձողերին, Ֆրոդոն ցնցվեց: Մորգուլդուինի՝ Ուրվականների հովտից հոսող թունավոր գետակի շառաչյունը նրան սառն ու անողոք թվաց: — Ի՞նչ անենք հիմա,— հարցրեց նա: — Այսօր երկար ճանապարհ ենք կտրել: Հարկավոր է անտառում տեղ գտնել, որտեղ կարելի է թաքնվել... — Գիշերը թաքնվելու կարիք չկա, գիշերն առանց այդ էլ մութ է,— արձագնաքեց Գոլլումը: — Այժմ հոբիթները պետք է ցերեկը թաքնվեն, այո-այո, միայն ցերեկը: — Դե լավ, լավ,— փնթփնթաց Սեմը,— հանգստանալ, մեկ է, պետք է, թեկուզ մինչև կեսգիշեր, հետո նոր կարելի է և գնալ, եթե դու իրոք ճանապարհը գիտես: Գոլլումը դժկամությամբ համաձայնեց, և նրանք սկսեցին բարձրանալ լանջն ի վեր՝ փնտրելով, թե որտեղ կարելի է գիշերել: Նա վախենում էր գիշերել գետնին՝ չափազանց մոտ էր ահարկու ճանապարհը: Ոչ մեծ փնտրտուքներից հետո որոշեցին մագլցել մի մեծ փշարմավի վրա և թաքնվել հսկայական ճյուղերի արանքում: Այդ ծառի վրա նրանց նկատելն անհնարին էր. գիշերվա գալու հետ սաղարթի տակ անթափանց մթություն տիրեց: Ֆրոդոն ու Սեմը չորացրած մրգեր ու հաց կերան, ապա վրայից ջուր խմեցին, իսկ Գոլլումն անմիջապես կծկվեց ու քնեց: Բայց հոբիթներն այդպես էլ աչք չփակեցին: Գոլլումն արթնացավ, ըստ երևույթին, կեսգիշերին: Հոբիթներն առաջինը նրա գունատ կրակով վառվող աչքերը տեսան: Նա ականջ էր դնում ու հոտոտում. հոբիթները վաղուց նկատել էին, որ այդպես է նա որոշում ժամանակը, հատկապես գիշերը: — Դե, հանգստացե՞լ ենք, լավ քնե՞լ ենք,— վերջապես հարցրեց նա: — Հարկավոր է գնա՛լ: — Ո՛չ հանգստացել ենք, ո՛չ էլ քնել,— փնթփնաց Սեմը: — Բայց եթե հարկավոր է, ուրեմն գնանք: