Բոլորը հասկանում էին, որ պետք է վերադառնալ: Բայց ինչպե՞ս: Քիվից մի քանի քայլ այն կողմ արահետի վրա այնպիսի ձնաթմբեր էին բարձրանում, որ հոբիթներն ամբողջ հասակով կթաղվեին դրանց մեջ: Նույնիսկ քիվի վրա, որտեղ կանգնած էին ճամփորդները, ձյան բլուրներ էին բարձրանում, մինչդեռ քիվը քամիներից պատով պաշտպանված էր:
— Գնադալֆը կոլոտիկների համար իր գավազանով ճանապարհ բաց կանի,— ասաց Լեգոլասը: Բորանը էլֆին բոլորովին չէր անհանգստացնում, և նա ամբողջ ջոկատում միակն էր, որ մինչև առավոտ էլ լավ տրամադրության մեջ էր:
— Կամ Լեգոլասը կթռչի երկինք,— արձագանքեց Գանդալֆը,— կցրի ամպերը, որպեսզի արևը ձյունը հալեցնի Ջոկատի համար: Իմ գավազանը վառարան չէ,— ավելացրեց նա,— իսկ ձյունը փոշիացնել հնարավոր չէ:
— Խելոքը չի կարողացել, ուժեղը հաղթահարել է,— միջամտեց Բորոմիրը: — Մեզ մոտ այդպես են ասում: Երբ բուքն սկսվեց,— շարունակեց գոնդորցին,— մենք շրջանցել էինք ա՜յ այն ժայռը,— նա ցույց տվեց մի ժայռաբեկոր, որը ճամփորդներից ծածկում էր արահետը: — Այստեղից մինչև այնտեղ կես լիգ է, ոչ ավելի: Եվ ահա, եթե մեզնից ամենաուժեղը իր վրա վերցնի այդ դժվարությունը, այնտեղից բոլորս հեշտությամբ կիջնենք:
— Հարկավոր է փորձել,— ասաց Արագորնը: — Գոնե երկուսս մի կերպ կանցնենք կես լիգը:
Արագորնը ջոկատում ամենահաղթանդամն էր, բայց թիկնեղ Բորոմիրն ավելի ամուր էր երևում: Նրանք շարժվեցին՝ Բորոմիրն առջևից: Տեղ-տեղ ձյունը նրա ուսերին էր հասնում, և նա խրվում էր ձյան մեջ ինչպես խոփ կամ շատ հոգնած լողորդ:
Լեգոլասը ժպտալով նայեց մարդկանց, հետո շրջվեց դեպի հրաշագործն ու բացականչեց.
— Թող խելքին և ուժին ճարպկությունն օգնական եղիցի:
Իսկ հետո վարժ քայլեց ձյան վրայով, և Ֆրոդոն նկատեց (ասես առաջին անգամ, չնայած այդ մասին առաջ էլ գիտեր), որ էլֆը ծանր ոտնամաններ չուներ, ինչպիսիք հագցրել էին Պահապաններին Իմլադրիսում, իսկ Լեգոլասի թեթև էլֆական կոշիկները համարյա հետք չէին թողնում ձյան վրա:
— Ցտեսություն,— ուրախ գոռաց Գանդալֆին: — Ես կաշխատեմ ձեզ համար արև բերել... — Նա քայլերն արագացրեց և, ասես պարելով, առաջ անցավ դանդաղ մաքառող մարդկանցից. նրանց ձեռքով արեց, զրնգուն ծիծաղեց ու աչքից ծածկվեց արահետի շրջադարձի հետևում:
Մարդիկ դանդաղ առաջ էին շարժվում, Պահապանները լուռ նայում էին նրանց հետևից, մինչև նրանք էլ անհետացան շրջադարձի հետևում: Բարձունքի մոտ քուլայաձև ամպերը խտանում էին, ներքև էին լողում հատուկենտ փաթիլներ:
Անցավ երևի մոտավորապես մեկ ժամ, հոբիթներին թվաց, թե ավելի շատ, և ահա արահետի վրա երևաց էլֆը: Հետո Պահապանները տեսան դանդաղ, դժվարությամբ սարը բարձրացող մարդկանց:
— Ինձ չհաջողվեց արևին գայթակղել և այստեղ բերել,— հոբիթներին աչքով անելով, ասաց Լեգոլասը: — Երանություն է սփռում հարավային հողերին և նրան, ինչպես հասկացա, բոլորովին չի անհանգստացնում այս սարի վրա գտնվող մի քանի ամպիկը: Դրա փոխարեն լավ լուրեր եմ բերել նրանց, ովքեր դժվար են քայլում: Բորոմիրի ասած ժայռի հետևում քամին բավական մեծ ձնակույտ է լցրել, և մեր ռազմիկները՝ ուժեղների ցեղից, պատրաստվում էին խորտակվել այդ պատնեշի առջև, որովհետև արահետն էլ կիրճով է անցնում, իսկ կիրճի ելքը փակված է ձնաթմբով: Դե ես ստիպված եղա բացատրել ուժեղներին, որ նրանք վհատվել են տասը քայլից ոչ լայն ձնե ամրոցի առջև և որ դրա հետևում մեր արահետի վրա մինչև հոբիթների կոճերը հասնող բարձրությամբ ձյուն է նստած:
— Ես այդպես էլ կարծում էի,— փնթփնթաց Ջիմլին: — Իհարկե, Բարազինբարի չար կամքն է այդ անիծյալ բուք ու բորանը քշել մեզ վրա: Բարազինբարը թզուկներին ու էլֆերին չի խղճում...
— Բարեբախտաբար, Բարազինբարը հավանաբար մոռացել է, որ Պահապանների Ջոկատին հարում են նաև մարդիկ,— թզուկին ընդհատեց մոտեցող գոնդորցին: — Առանց պարծենկոտության կասեմ, ոչ թույլ մարդիկ... Մենք հաղթահարեցինք ձնակույտը, ձնաթմբի մեջ նեղ կածան բացեցինք՝ նրանց համար, ովքեր էլֆերի պես թևածել չգիտեն:
— Բայց ախր մենք ինչպե՞ս ենք այնտեղ հասնելու,— Բորոմիրին հարցրեց հուզված Փինը՝ արտահայտելով բոլոր հոբիթներին համակած տագնապալի հարցը:
— Մի՛ անհանգստացիր,— պատասխանեց նրան Բորոմիրը: — Ես հոգնել եմ, բայց դեռ ուժ ունեմ, Արագորնը՝ նույնպես: Մենք ձեզ կտանենք ձնակույտերի մոտ: Եվ դա կսկսենք, պատվելի Փերեգրին, ձեզնից:
Փինը մագլցեց Բորոմիրի մեջքին:
— Պի՛նդ բռնիր,— ասաց Բորոմիրը,— իմ ձեռքերը պետք է ազատ լինեն: — Նա արահետով ներքև իջավ: Նրա հետևից իջավ Արագորնը՝ Մերիին շալակած:
Ձյան մեջ տրորված արահետին նայելով, Փինը հիանում էր մարդկանց ուժով: Նույնիսկ հիմա, հոբիթին շալակած, Բորոմիրը ձեռքերով մեծացնում էր անցումը, որպեսզի մյուսների համար հեշտ լինի: Շուտով նրանք հասան վիթխարի ձնաթմբին, որ մարդու հասակից երկու անգամ բարձր էր և անջրպետում էր նեղ կիրճը: Ձնաթմբի գագաթը սուր էր ու պինդ, ու ձնաթումբն էլ մի ամբողջական զանգված էր թվում՝ մեջտեղից նեղ կածանով հատված: Ձնաթմբի հետևում Մերին, Փինը և Լեգոլասը մնացին մյուսներին սպասելու, իսկ մարդիկ նորից գնացին վերև:
Բորոմիրը կես ժամ հետո վերադարձավ՝ Սամին շալակած, նրանց հետևից քայլում էր Գանդալֆը՝ պոնիի սանձը բռնած, որի վրա նստած էր Ջիմլին, իսկ երթը փակում էր Ֆրոդոյին շալակած Արագորնը:
Հազիվ էր Արագորնը ձնաթումբն անցել, երբ ճամփորդներին խլացրեց որոտալի դղրդյունը և վերևից քարեր թափվեցին՝ ձյան փոշու մրրիկ առաջացնելով, հետո, երբ սպիտակ վարագույրը ցրվեց, Պահապանները տեսան, որ ձնաթմբի միջի իրենց անցումը քարերով խցանվել է:
— Բավական է, Բարազինբար, տեսնում ես՝ գնում ենք, հանգիստ թող մեզ,— աղաչեց Ջիմլին:
Բայց լեռը, թվում էր, ինքն էլ էր հանգստացել, ասես բավարարված եկվորների նահանջով. սկսվող քարավիժումը դադարեց, իսկ լեռնանցքը պատած ամպերը ցրվեցին: Ձյան շերտը ոտքերի տակ գնալով բարակում էր, և շուտով զառիվեր լանջով իջնող ճամփորդները դուրս եկան նույն այն հարթակը, որտեղ երեկ նրանց վրա թափվեցին առաջին փաթիլները:
Առավոտն արդեն դեպի կեսօր էր թեքվում: Հարթակից, որտեղ կանգնած էին հոգնած ճամփորդները, բացվում էին լայնարձակ հեռաստաններ՝ բլուրներ, լճակներ, ծուռումուռ ձորակներ, փշարմավի թփուտներ, անտառակների կղզյակներ... Իսկ ներքևում երևում էր խոր լեռնագոգը, որտեղ նրանք հանգստանում էին նախօրեին:
Ֆրոդոյի ոտքերն անասելի ցավում էին, նա մինչև ոսկորները սառել էր և ուտել էր ուզում, իսկ երբ հիշեց, որ ներքև տանող ճանապարհը տևելու է ևս կես օր, մի վայրկյան աչքերի առաջ մթնեց: Նա փակեց աչքերը, իսկ երբ բացեց՝ զարմանքով նկատեց, որ ինչ-որ սև կետեր է տեսնում: Նա աչքերը տրորեց, կետերը չվերացան. դրանք պտտվում էին թափանցիկ օդում, և Ֆրոդոն որոշեց, որ ինքն սկսել է կուրանալ...
— Նորից Թռչունները,— ասաց Արագորնը, որ նույնպես տեսել էր սև կետերը:
— Այժմ արդեն ոչինչ անել չես կարող,— թռչուններին նայելով, արձագանքեց Գանդալֆը: — Բարեկամնե՞ր են արդյոք, թե Թշնամու լրտեսներ, թե պարզապես անվնաս հավքեր, միևնույնն է, մենք ստիպված ենք իջնել՝ Քարադհրասը գիշերային հյուրեր չի սիրում:
Ճամփորդները սայթաքելով սկսեցին իջնել՝ նրանց հետևից փչում էր սառնաշունչ քամին: Պարզվեց, որ Բոսոր Դարպասը փակ է:
=== Գլուխ չորորդ. Սև Անդունդ ===
Միայն երեկոյան կողմ, ամպամած աղջամուղջին, հոգնած ճամփորդները կանգ առան հանգստի: Բարազինբարի բոսոր զանգվածը ցուրտ էր արտաշնչում ներքև՝ սառը քամի էր փչում: Գանդալֆն իր տափաշիշը փոխանցեց բոլորին, և Պահապանները զվարթեղ ըմպեցին: Ընթրիքից հետո խորհուրդ գումարեցին: