Սարի վրա բարձրանում էր անառիկ ամրոցը։ Միայն նրա հարավային կողմից ցած էր վազում նեղ արահետը և կորչում անտառում, իսկ մյուս կողմերից զառիվայր ժայռեր էին։ Դեռ չի ծնվել այնպիսի մի հիմար, որ կփորձի այդ զառիթափով վեր մագլցել՝ ծիծաղում էին ավազակները։ Նրանք չէին էլ կասկածում, թե որտեղ է սովորում Ռոնին ոչնչից չվախենալ։
Մեծ դահլիճում քնում էին միայն երեքով՝ Ռոնին, Մատիսը և Լովիսան։
Ռոնին սիրում էր, քանի դեռ քունը չէր հաղթել, վարագույրի ճեղքից նայել, թե ինչպես է հանգչում կրակը բուխարիկում, մինչ Լովիսան երգում էր։ Այն ժամանակվանից, ինչ Ռոնին իրեն հիշում էր, մայրը պառկելուց առաջ երգում էր Գայլի երգը։ Ռոնիի համար դա նշանակում էր քնելու ժամանակն է, բայց մինչև աչքերը փակելը նա ամեն անգամ ուրախությամբ մտածում էր. «Վաղը ես նորից կարթնանամ»։
Եվ Ռոնին իսկապես արթնանում ու անկողնուց դուրս էր թռչում, երբ դեռ նոր էր այգը բացվում։ Ինչ եղանակ էլ որ բերեր նոր օրը, միևնույն է, նա վազում էր անտառ, և Լովիսան միշտ նրա կաշվե տոպրակի մեջ դնում էր հացի կողն ու տափաշշով կաթ։
Նույնիսկ չար դրուդները չէին կարող Ռոնիին քշել անտառից, ուր նա անցկացնում էր իր ժամանակը՝ առավոտից մինչև երեկո, իր տրորած արահետներից ու սիրելի բացատներից։ Այնտեղ նա միշտ մենակ էր խաղում, բայց, ճիշտն ասած, ոչ ոքի կարիքն էլ չէր զգում։ Եվ ով էր նրան պետք, երբ օրերը առանց այդ էլ լի էին երջանկությամբ։ Միայն թե դրանք շատ արագ էին անցնում։ Եվ չհասցրեց էլ Ռոնին ետ նայել, որ ամառն անցավ ու եկավ աշունը։
Իսկ աշնանը չար դրուդները բոլորովին կապները կտրում էին և մի անգամ կատաղությունից գլուխները կորցրած այնքան երկար հետապնդեցին Ռոնիին անտառում, որ նա վերջապես հասկացավ, թե իրեն ինչ վտանգ է սպառնում։
Ռոնին սուզվեց անտառի լճի մեջ, լողաց ջրի տակով մինչև մյուս ափը և սողալով մտավ խիտ եղևնու կանաչ վրանի տակ։ Թաքնվեց այնտեղ ու լսում էր ինչպես են դրուդները փնտրում իրեն և կատաղի ֆշշացնում.
— Ո՞ւր է մարդուկը։ Ո՞ւր է, ո՞ւր։ Դուրս արի, դուրս արի։ Մենք քեզ կգուրգուրենք֊կծվատենք, և արյունդ գետակի պես կհոսի... Օհո՜֊հո՜։ Հո՜֊հո՜...
Իսկ Ռոնին նստեց իր թաքստոցում այնքան ժամանակ, մինչև որ չար դրուդները անհետացան ծառերի կատարների հետևը։ Անտառում մնալ արդեն չէր ուզում։ Բայց մինչև գիշեր, մինչև Լովիսայի Գայլի երգը դեռ շատ ժամանակ կար, և Ռոնին որոշեց զբաղվել նրանով, ինչով վաղուց էր որոշել զբաղվել՝ սովորել զգուշանալ անդունդից։ Թրթուրի նման նա սողաց մինչև անդունդի եզրը և նայեց ներքև։ Օ՛հ, դա ավելի սարսափելի էր, քան նա ենթադրում էր։
Նա վերցրեց քարը և ցած գցեց։ Իսկ երբ լսեց ինչպես այդ քարը զարկվեց հատակին, վախեցավ՝ այնքան խուլ ու հեռավոր էր ձայնը։ Ռոնին նորից ներքև նայեց, վա՛հ, ա՜յ քեզ խորություն։ Հետո շուրջը նայեց՝ գցել֊բռնելով, թե որտեղից թռչելն է ավելի լավ, ու տեսավ։ Նա այնպիսի բան տեսավ, որ զարմանքից հազիվ ոտքի վրա մնաց։ Մյուս կողմում նստած էր ինչ֊որ մեկը։ Այդ «ինչ֊որ մեկը» մոտավորապես իր հասակին էր, նստել էր անդունդի եզրին ու ոտքերն էր թափահարում։
Ռոնին գլխի էր, որ ինքը միակ երեխան չէր աշխարհում։ Նա Մատիսի ամրոցում և ավազակների անտառում էր միակը։ Լովիսան արդեն շատ անգամ էր ասել, որ աշխարհը լի է երեխաներով, և որ նրանց մի մասը մեծանալով դառնում են Մատիսներ, իսկ մյուսը՝ Լովիսաներ։ Եվ ինչ֊որ ձևով Ռոնին զգաց՝ նա, որ նստել էր անդունդի մյուս կողմում և ոտքերն էր թափահարում, երբ մեծանա, դառնալու է Մատիս։
Նստածը նրան դեռ չէր նկատել։ Ռոնին երկա՜ր֊երկար նայում էր նրան և ուրախությունից լուռ ծիծաղում էր։
Հետո էլ նստածը նրան նկատեց ու նույնպես ծիծաղեց։
— Ես գիտեմ՝ ով ես դու,— բղավեց նա։— Դու ավազակի աղջիկ ես և օրնիբուն վազվզում ես անտառում։ Ես քեզ արդեն տեսել եմ։
— Իսկ դո՞ւ ով ես,— բղավեց Ռոնին,— և ինչպես ես հայտնվել այստեղ։
— Իմ անունը Բիրկ է, ես Բորկայի որդին եմ և հիմա ապրում եմ այստեղ։ Այս գիշեր մենք տեղափոխվել ենք այստեղ։
Ռոնին շվարած նայում էր նրան։
— Ովքե՞ր են այդ մենքը։
— Բորկան, Ունդիսան և մեր տասներկու ավազակները։
Բավական ժամանակ անցավ, մինչև Ռոնին հասկացավ նրա խոսքերի անհավանական իմաստը։
Վերջապես նա հարցրեց.
— Հո չես ուզում ասել, թե մեր ամրոցի հյուսիսային աշտարակը հիմա լցվել է ամեն տեսակի անպետքությամբ։
Նստածը ծիծաղեց։
— Չէ, այնտեղ միայն ատաման Բորկայի քաջարի ավազակներն են, բայց հարավային աշտարակը, ուր դու ես ապրում, լիքն է ամեն տեսակի անպետքությամբ, դա բոլորը գիտեն։
— Ախ բոլորի՞ն է հայտնի։ Գիտես ի՛նչ...— Ռոնին զայրույթից ուղղակի եռում էր։
— Եվ նկատի ունեցիր,— բղավեց Բիրկը։— Ձեր հյուսիսային աշտարակը չկա, այլ կա Բորկայի ամրոցը։ Այսօրվանից այդպես է կոչվում։ Հիշի՛ր։
Ռոնին դժվարությամբ շունչ քաշեց, այնպես կատաղած էր։ Բորկայի ամրո՜ցը... Շունչը կտրվելու պատճառ կար։ Այ թե ստոր են Բորկայի այդ ավազակները, իսկ այս լակոտը, որ նստած խնդմնդում է, դրանցից մեկն է։
— Դժոխք ու կրակ,— բացականչեց նա։— Դե սպասիր, այ կլսի Մատիսն այդ նորությունը և իսկույն բոլորդ, ձեր ամբողջ հրոսակախումբը գլուխկոնծի տալով կթռչի այստեղից։
— Գլուխկոնծի տալո՜վ,— ծաղրեց Բիրկը։— Սպասի՛ր...
Բայց Ռոնին պատկերացրեց Մատիսին ու վախեցավ։ Արդեն տեսել էր, ինչպիսին է նա զայրույթի պահին, և գիտեր որ դա վատ է վերջանալու։ Իրենց ամրոցը, երևի, մի անգամ էլ կճեղքվի երկու մասի կամ էլ կտոր֊կտոր կլինի։ Եվ այս մտքից նա սարսափից հառաչեց։ Այստեղ նա տեսավ, թե ինչ է անում Բիրկը։ Պատկերացրեք, այդ անպետքը հարմարվում էր, ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ թռչելու անդունդի վրայով։ Նա կանգնած էր մյուս կողմում՝ ուղիղ Ռոնիի դիմաց, և հանկարծ, տեղից պոկվելով, վազեց դեպի անդունդը։ Այդ ժամանակ Ռոնին բղավեց.
— Դե՛, թռի՛ր, այնպես կխփեմ, որ քիթդ կծռվի։
— Հա՛֊հա։,— ի պատասխան բղավեց Բիրկը և թռչունի նման թռավ֊անցավ անդունդի վրայով։— Իսկ դու սիրտ չես անի այսպես թռչել...— ավելացրեց նա քմծիծաղով։
Այդ բանը նա անտեղի ասաց, դա արդեն չափազանց էր։ Բավական էր, որ ինքն ու իր ստոր հրոսակախումբը զավթել էին հյուսիսային աշտարակը և բնակություն հաստատել այնտեղ։ Նա չէր կարող թույլ տալ, որ Բորկայի ավազակը աներ այն, ինչ չէր համարձակվի կրկնել Մատիսի ավազակը։
Եվ Ռոնին վճռեց։ Կարգին չհասկանալով, թե ինչ է անում, ինքն էլ թռավ անդունդի վրայով և հայտնվեց մյուս կողմում։
Բայց Ռոնին իսկույն էլ ետ թռավ իր կողմը։ Թող նա կանգնի այնտեղ ու աչքերը չռի, ինչքան ուզում է։
— Է՜յ, դո՛ւ, ինչո՞ւ ինձ չխփեցիր,— բղավեց Բիրկը։— Գալիս եմ քեզ մոտ։
— Շատ պետքս է։
Բիրկը նորից թռավ մյուս կողմը։ Բայց այս անգամ Ռոնին չսպասեց նրան ու նորից թռավ հակառակ կողմը։ Ռոնին որոշեց, որ թռչելու է այն կողմ ու հետ՝ մինչև վերջին շունչը, միայն թե չհայտնվի նրա կողքին։
Դրանից հետո արդեն ոչ մեկը ոչ մի բառ չարտաբերեց։ Նրանք ասես գժվել էին և միայն լուռ թռչում էին հետ ու առաջ, ոչինչ չէր լսվում բացի նրանց ծանր, ընդհատ շնչառությունից։
Եվ ահա այդտեղ նա հանկարծ տեսավ, որ իջնելիս Բիրկի ոտքը քարի կպավ, ու լսեց ինչպես բղավեց նա նախքան ճեղքի մեջ անհետանալը։
Լռություն տիրեց, միայն ագռավներն էին կռավում։ Ռոնին աչքերը փակեց։ Հիմա նա մի բան էր ուզում՝ որ այդ ամենը եղած չլիներ։ Ինչու էին իրենք թռչում գժերի նման։ Ռոնին սողալով հասավ անդունդի եզրին, ցած նայեց և տեսավ նրան։ Բիրկը կանգնած էր ուղիղ իր տակ՝ կամ քարի ելուստի, կամ կոտրված գերանի, կամ մի ուրիշ բանի վրա, որ դուրս էր ցցված կայծակից ճեղքված պատից, բայց ընդամենը մի ոտքի լայնքով, ոչ ավելի։ Նա այնտեղ կանգնած էր, իսկ նրա տակ անդունդն էր։ Բիրկը դողացող ձեռքերով շոշափում էր պատը, հույս ունենալով գտնել մի ելուստ, որից կարելի լիներ կառչել մատներով, որպեսզի ցած չընկներ։ Բիրկը հասկանում էր, և Ռոնին նույնպես, որ առանց իր օգնության ինքն այնտեղից դուրս չի գա։ Կկանգներ այնքան, մինչև ուժերը սպառվեին, հետո, նրանք երկուսն էլ հասկանում էին՝ այլևս երկրի երեսին չէր լինի Բիրկը՝ Բորկայի որդին...
— Չշարժվե՛ս,— բղավեց Ռոնին։
— Ուրիշ էլ ի՞նչ է մնում ինձ,— քմծիծաղեց նա ի պատասխան։
Բայց պարզ էր, որ նա վախենում էր։
Նա շտապ քանդեց երկար, գործած փոկը, որը միշտ կապում էր գոտուց։ Դա շատ անգամ էր փրկել իրեն, երբ բարձրանում էր ժայռերը կամ իջնում էր բարձր ծառերից։ Մի ծայրը օղակ արեց, իսկ մյուսով կապեց իրեն։ Հետո օղակ արած ծայրը իջեցրեց Բիրկին և նկատեց, որ նրա աչքերը ուրախությունից փայլեցին, երբ տեսավ այդ օղակը։ Այո, փոկը բավական երկար էր, այդ Բորկայի թուլայի բախտը բերեց, մտածեց Ռոնին ու բղավեց.
— Է՜յ, դո՛ւ, այս օղակը անցկացրու վրադ, բայց չմագլցես, մինչև չասեմ։
Կայծակն այն գիշեր, երբ Ռոնին լույս աշխարհ եկավ, պոկել էր ատամնավոր պատից մի կտոր, և դա բարեբախտաբար այն ժամանակվանից ընկած մնացել էր հենց անդունդի եզրին։ Ռոնին սողաց դրա հետևն ու գոռաց.
— Սկսի՛ր։
Եվ տեղնուտեղը զգաց՝ ինչպես կողերը սեղմեց ձգված փոկի օղակը։ Շատ էր ցավում։ Բիրկի յուրաքանչյուր շարժումից, երբ նա վեր էր մագլցում, Ռոնին բղավում էր։
«Փոկը երևի ինձ երկու կես կանի, և ես երկու մասից բաղկացած կլինեմ, ինչպես մեր ամրոցը»,— մտածեց Ռոնին և սեղմեց ատամները, որ չտնքա։
Բայց հանկարծ փոկը միանգամից թուլացավ. Բիրկը կանգնել էր նրա գլխավերևն ու նայում էր նրան։
— Շատ լավ պառկել ես այստեղ,— ասաց նա։
— Ըհը,— պատասխանեց նա,— հուսով եմ այլևս չես թռչի։
— Չէ, մեկ անգամ էլ դեռ ստիպված եմ թռչել, որ հայտնվեմ մյուս կողմում։ Պետք է վերադառնամ, չէ՞, տուն՝ Բորկայի ամրոցը։
— Միայն թե շուտ հանիր իմ փոկը,— հրամայեց Ռոնին և ոտքի թռավ։— Ես չեմ ուզում քեզ հետ կապված լինել, հասկացա՞ր։
Բիրկն իսկույն վրայից գցեց փոկի օղակը։
— Հասկացա,— ասաց նա։— Բայց հիմա ես, միևնույն է, կապված եմ քեզ հետ։ Նույնիսկ առանց փոկի։
— Գնա այստեղից, լսո՛ւմ ես,— գոռաց Ռոնին։— Բան է հնարել՝ Բորկայի ամրոցը։ Կորի՛ր այստեղից։
Ռոնին բռունցք արեց և թափով հարվածեց նրա քթին։
Իսկ Բիրկը ծիծաղեց ու ասաց.
— Բայց այլևս այսպիսի բան չանես, հասկացա՞ր։ Կյանքս փրկեցիր։ Շատ լավ է։ Շնորհակալ եմ։
— Գնա այստեղից, քեզ եմ ասում,— բղավեց Ռոնին ու փախավ։
— Է՜յ, դո՛ւ, ավազակի աղջիկ... Մենք դեռ կհանդիպենք։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Category: Մանկական]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]