— Հոբիթները չպետք է հիմար լինեն,— ֆշշացրեց նա: — Հապաղել չի՛ կարելի, հարկավոր է գնա՛լ:
Այլևս ոչինչ նրանից իմանալ չհաջողվեց: Որտեղ էր կորել նա, և ինչու էր պետք շտապել՝ մնաց հարցական: Սեմը համակվեց ամենամռայլ կասկածներով և չէր թաքցնում այդ, բայց ինչ էր մտածում տերը՝ անհնար էր գուշակել: Ֆրոդոն միայն հառաչեց, ուղեպարկը գցեց ուսին և Գոլլումի հետևից խորացավ թանձրացող մթության մեջ: Գոլլումը վստահորեն իջավ լանջով ներքև՝ փորձելով որտեղ հնարավոր է, մնալ ստվերում, իսկ բաց տարածություններն անցնել վազելով: Բայց այնպիսի խավար էր տիրում, որ ամենասրատես գազանն անգամ չէր նկատի նրանց, առավել ևս մանավանդ մոխրագույն թիկնոցներով ու կիպ քաշած գլխանոցներով: Գազանը նաև նույնիսկ ոչինչ չէր լսի, քանի որ նրանք քայլում էին բոլորովին անաղմուկ: Այդպես նրանք անհետացան ստվերների մեջ, և ոչ ճյուղ նրանց ոտքի տակ ճարճատեց, ոչ տերև խշշաց:
Մոտ մեկ ժամ նրանք գնում էին առաջ խորը լռության մեջ, որը երբեմն խախտվում էր անորոշ դղրդյունով, նման հեռավոր ամպրոպի, կամ թմբկահարության ձայնի: Փոքր ինչ իջնելով, նրանք թեքվեցին և սկսեցին գնալ դեպի հարավ՝ չշեղվելով ո՛չ, աջ, ո՛չ ձախ, որքան որ թույլ էր տալիս խորդուբորդ լանջը: Վերջապես հեռվում փոքրիկ ու մթին պուրակ երևաց: Մոտենալով, հոբիթները հասկացան, որ հեռավորություն խաբում էր նրանց. իրականում պուրակի ծառերը չափազանց մեծ էին ու ծեր: Դրանց բները կարծես իսկական աշտարակներ լինեին, բայց կատարները մեռած էին՝ կամ փոթորիկն էր պատառոտել, կամ կայծակը մոխրացրել: Սակայն փոթորիկը չէր կարողացել արմատախիլ անել հողի ընդերքում թաղված դարավոր արմատները:
Գաղտագողի, ասես լրտեսներ թշնամու թիկունքում, նրանք դուրս եկան Ուղի և, ինչպես անշշուկ վայրի կատուները որսի ժամանակ, սկսեցին գնալ քարքարոտ ճամփեզրով: Վերջապես նրանք հասան ծառերին, որոնք ասես ավերված, փլված տանիքով սրահի սյունաշարք լինեին մռայլ երկնքի տակ: Ծառերի ճյուղերը միահյուսվել էին՝ ինչպես հսկայական կամարներ: Շրջանի կենտրոնում հատվում էին չորս ուղիներ: Մորանոնյան ուղին, բերելով ճամփորդներին խաչմերուկ, շարունակում էր իր ճանապարհը դեպի հարավ. մյուսը, որը գալիս էր հինավուրց Օսգիլիաթից, հատում էր խաչմերուկը և, դուրս գալով ծառերի օղակից, կորչում էր խավարում, որը պարուրել էր արևելյան հողերը: Հենց այնտեղ էլ հարկավոր էր գնալ:
Մի ակնթարթ վախեցած շուրջը նայելով, Ֆրոդոն հանկարծակի ցնցվեց. մթության մեջ լույս փայլատակեց: Սեմի դեմքը լուսավորվեց հեռավոր լույսի ցոլքիցհրացոլքից: Արագ շրջվելով դեպի լույսի աղբյուրը, Ֆրոդոն հասկացավ, որ նայում է Օսգիլիաթ տանող ճանապարհին: Ուղիղ, ինչպես ձգված ժապավեն, այն իջնում էր լանջով ներքև և կորչում հեռվում: Այնտեղ՝ արևմուտքում, ստվերում թաղված տրտում Գոնդորից այն կողմ, արևը դուրս էր եկել աշխարհը պարուրած մութ ծածկողի ծածկոցի տակից և, վառվելով ահեղ կրակով, իջնում էր ծովի վրա, որին խավարը դեռ չէր դիպել: Արևի ճառագայթը մի ակնթարթ լուսավորեց խաչմերուկի կենտրոնում գտնվող վիթխարի նստած մարդու քանդակը, փառահեղ, ինչպես Անդուինի հսկաները: Ժամանակը քայքայել էր արձանը, բայց այն նաև վերջերս խեղել և այլանդակել էին: Գլուխը կոտրել էին, գլխի փոխարեն կլոր քար տեղադրել և վրան կոպիտ ու ծաղրական դեմք նկարել ճակատին միակ մեծ ու կարմիր աչքով: Արձանի ծնկները, շքեղ գահը և պատվանդանը ծածկված էին անիմաստ խզբզոցներով և զզվելի նշաններով, որոնք օգտագործում էին Մորդորի ստրուկները:
Եվ հանկարծ վերջին ճառագայթները լուսավորեցին քարե թագավորի գլուխը, որն ընկած էր ճամփեզրին:
— Նրանք չե՛ն կարող հավերժ հաղթել,— բացականչեց Ֆրոդոն:
Բայց այդ պահին արևի ճառագայթները չքացան. արևը մայր մտավ, ասես ինչ-որ մեկը փչեց հանգցրեց աշխարհի վերևում ծայրին գտնվող ջահը, և գիշերային խավարը դարձավ ավելի սև:
=== Գլուխ ութերորդ. Քիրիթ Ունգոլի աստիճանները ===