Գանդալֆը կրկին հեռացավ պատից և մոտենալով խիստ հրամայեց.
— '''Էդրո՛'''...
Հետո նա կրկնեց այդ բառը՝ Բացվիր, առանց բացառության արևմտյան բոլոր լեզուներով, սակայն նորից ոչնչի չհասավ, զայրացած մի կողմ նետեց իր կախարդական գավազանն ու լուռ նստեց ժայռաբեկորի վրա:
Նա վեր կացավ, վստահ մոտեցավ պատին, գավազանը ուղղեց Ֆեանորի աստղի վրա և զրնգուն ձայնով ասաց.
— '''Մելլո՜ն'''...
Աստղը բռնկվեց ու իսկույն հանգավ: Պատի մեջ երևացին դարպասի փեղկերը և դանդաղ, բայց անաղմուկ ու սահուն բացվեցին: Սև բացվածքի մեջ, մուտքի հարթակի հետևում աղոտ երևում էին երկու գիրթ սանդուղք՝ մեկը դեպի վեր, մյուսը՝ ներքև:
— Ես կամարի մակագրությունը ճիշտ չհասկացա,— բացատրեց հրաշագործը: — Եվ Ջիմլին էլ էր սխալվել: Այնտեղ բանալի բառը գրված է: Այ այսպես պետք է թարգմանվեր. «Մորիական թագավոր Դուրինի Արևմտյան Դարպասը բացում է գաղտնաբառը՝ բարեկամ»: Երբ ես էլֆերեն ասացի՝ ''մելլոն'', դարպասն իսկույն բացվեց: Մեր խառն ու տագնապալի ժամանակներում այդպիսի պարզությունը խելագարություն է թվում: Համընդհանուր ընկերասիրության օրերն անցան... Սակայն դարպասը բաց է, գնացինք:
Գանդալֆը ներս մտավ բաց դարպասից և այն է, ուզում էր բարձրանալ սանդուղքով՝ ոտքը դրեց առաջին աստիճանին, բայց այստեղ լեռներում պատահող փլուզումների նման, ճամփորդների վրա թափվեցին բազում իրադարձություններ: Ինչ-որ մեկը բռնեց Ֆրոդոյի ոտքը, և նա, ցավից ճչալով, ընկավ: Սարսափից խռխռացող Բիլը սլացավ Մորիական Պատի երկայնքով և վայրկենապես լուծվեց գիշերային մթության մեջ: Սամը նետվեց նրա հետևից, բայց լսելով տիրոջ ցավագին ճիչը, անիծելով, վազեց նրան օգնության: Մնացած ճամփորդները հետ նայեցին և տեսան, որ ջուրը ափի մոտ կատաղի փրփրում է, ասես նրա մեջ, փորձելով քանդվել, դեսուդեն է խփվում մոլեգնած օձերի հոծ կծիկը:
Մեկ օձ, ո՛չ, ո՛չ թե օձ, այլ օձանման լպրծուն, կանաչ մատներով շոշափուկ արդեն ափ էր դուրս եկել, թաքուն մոտեցել Ֆրոդոյին և, նրա ոտքը բռնելով, քարշ էր տալիս գարշահոտ պղպջակավոր ջուրը: Սամն առանց երկար մտածելու հանեց թուրը, զարկեց թույլ լուսարձակող շոշափուկին և այն, գունաթափվելով, անզոր քարացավ, իսկ Ֆրոդոն հապշտապ ոտքի կանգնեց ու, օրորվելով, մտավ բաց դարպասից ներս:
Սամը նույնպես հետ-հետ գնաց դեպի քարանձավը: Եռացող, պղպջակներով ծածկված ջրից դուրս սողացին քսան հատ մատնավոր հրեշներ, իսկ օդը թունավորվեց հեղձուցիչ գարշահոտությամբ:
— Դեպի քարանձա՛վ, սանդուղքով դեպի վե՛ր... արագ... — դեպի լիճը նետվելով գոռաց Գանդալֆը:
Պահապանները, որ մի վայրկյան ահից քարացել էին (Ֆրոդոյին ազատելու նետվել էր միայն Սամը), ուշքի եկան՝ և ճիշտ ժամանակին, երբ Սամն ու Ֆրոդոն, որ վերջից էին գնում, սկսեցին բարձրանալ, իսկ Գանդալֆը հետ-հետ գնալով, մոտեցավ աստիճաններին, գալարվող շոշափուկները սողալով հասան մինչև դարպաս, և մեկը խցկվեց քարանձավից ներս: Գանդալֆը չբարձրացավ վերև: Բայց եթե մտքում փնտրում էր բառը, որը կարող էր փակել դարպասը, ապա իսկույն էլ պարզվեց, որ դրա կարիքը չկա. որսի ծարավ հրեշների բազմությունը ագահորեն կառչեց դարպասի փեղկերից և ահավոր ուժով քաշելով, դրանք փակեց: Քարանձավը սուզվեց սև լռության մեջ՝ միայն թույլ լուսավորվում էին (մգանալով ու անշարժանալով) դարպասի փեղկերի կտրած շոշափուկները, մեկ էլ դրսից խուլ հարվածներ էին լսվում:
Ֆրոդոյի կողքը կանգնած Սամը հեծկլտաց և ուժասպառ նստեց սառը աստիճանին:
— Խեղճ Բիլ,— փնթփնթաց նա: — Սև ագռավներ, բուք ու բորան, գայլդարձյակներ, մատնավոր շոշափուկներ՝ այդքանին ո՞վ կդիմանա: Ես էլ չկարողացա ոչնչով օգնել նրան, ախր ստիպված էի ընտրություն անել. կամ վազել խեղճ Բիլի հետևից, կամ տիրոջս հետ մտնել քարանձավ: Դե, ես էլ, իհարկե, գնացի տիրոջս հետ:
Այդ ընթացքում Գանդալֆը մոտեցավ դարպասին և մոգական գավազանով հարվածեց: Մի վայրկյան գավազանը կուրացուցիչ բռնկվեց, քարանձավը լցվեց դղրդացող թնդյունով, ճամփորդների տակ ցնցվեցին քարե աստիճանները, սակայն դարպասը փակ մնաց:
— Այդպես էլ կա,— ասաց Գանդալֆը: — Դարպասը չի բացվում: Այժմ մենք մեկ ճանապարհ ունենք՝ դեպի արևելք: Ինձ թվում է, որ այդ մոլագար ճանկերը պոկել են վերջին էլֆական կաղնիները՝ փորձելով դրանցով ջարդել դարպասը, որով փլուզում են առաջացրել և մեզ զմռսել Մորիայում: Ափսոս, կաղնիները շատ գեղեցիկ էին:
— Ես սարսափում էի,— խոսեց Ֆրոդոն,— երբ անցնում էինք նեղուցը: Ես հասկացա, որ փորձանքի մեջ ենք ընկնելու: Այդ ի՞նչ էր,— հարցրեց նա Գանդալֆին,— որ ինձ վրա հարձակվեց դարպասի մոտ: Թե՞, քո կարծիքով, դրանք շատ էին...
— Ես ոչ մի անգամ այդպիսի արարածների չեմ հանդիպել,— քիչ լռելուց հետո պատասխանեց Գանդալֆը: — Բայց այդ ձեռքերը, որքան ես հասկացա, մի չարագործ կամք էր դեպի մեզ ուղղում: Ինչ-որ մեկը դուրս սողաց կամ վռնդվեց ամենախոր ստորգետնյա ջրերից: Այնտեղ, անհայտ անդունդներում բազմաթիվ հրեշներ են բնակվում, ավելի ահավոր, քան օրքերը կամ գայլդարձյակները: — Հրաշագործը չավելացրեց, որ անդունդի հրեշը, ըստ երևույթին, հատկապես Ֆրոդոյին էր ուզում որսալ:
— Միայն հրեշներն էին մեզ պակաս,— քթի տակ խռպոտ փնթփնթաց Բորոմիրը: — Ախր ես Սև Անդունդ մտնելուն դեմ էի: Հիմա մեզ ո՞վ կհանի այստեղից: — Բորոմիրը չէր ուզում, որ իրեն լսեին, բայց թնդուն արձագանքն ուժեղացնում էր ձայնը...
— Ես,— արձագանքեց Գանդալֆը: — Եվ Ջիմլին: Ի դեպ, ճանապարհ ընկնելու ժամանակն է: — Նա վեր բարձրացրեց մոգական գավազանը, և այն լուսավորվեց երկնագույն լույսով:
Լուսարձակող գավազանը ձեռքում պահած Գանդալֆն սկսեց բարձրանալ աստիճաններով: Սանդուղքը թեք էր, բայց լայն: Ճանապարհորները երկու հարյուր աստիճան հաշվեցին, իսկ հետո կամարակապ միջանցք տեսան, որը գնում էր խորհրդավոր, մութ հեռուն:
— Եկեք ուտենք,— առաջարկեց Ֆրոդոն: — Հազիվ թե Մորիայում աթոռներ կգտնվեն, իսկ այստեղ կարելի է աստիճանների վրա նստած ուտել: — Նա ազատվել էր սահմռկեցնող սարսափից ու հանկարծ զգաց, որ շատ է սոված:
Ճամփորդներն աստիճանների վրա նստած կերան: Ուտելուց հետո Գանդալֆը հանեց տափաշիշը, և բոլորը երրորդ անգամ զվարթեղ խմեցին:
— Զվարթեղ քիչ է մնացել, բայց մեզ բոլորիս անհրաժեշտ է կազդուրվել,— տափաշիշը պահելով, նկատեց հրաշագործը: — Վախենում եմ,որ մենք այս շշի վերջին կաթիլը կդատարկենք, մինչև Մորիայից կկարողանանք դուրս գալ: Ջուրը նույնպես ստիպված ենք խնայողությամբ օգտագործել՝ Մորիայում շատ աղբյուրներ ու գետակներ կան, բայց քարանձավի ջուրը խմել չի կարելի: Տափաշշերը մեզ կհաջողվի լցնել միայն Մորիայի քարանձավներից դուրս գալուց հետո:
— Իսկ երկա՞ր ենք գնալու,— հարցրեց Ֆրոդոն:
— Երեք կա չորս օր,— ասաց հրաշագործը, եթե որևէ փորձանք չպատահի: Ուղիղ գծով Արևմտյան Դարպասից մինչև Արևելյան Դարպաս մի քառասուն լիգ կլինի: Բայց այստեղ ուղիղ ճանապարհ չկա:
Պահապանները հավաքեցին ուսապարկերն ու մութ միջանցքով գնացին Գանդալֆի հետևից: Նրանք բոլորն ուզում էին շուտ հասնել Սևագետք, բաց երկնքի տակ, և որոշեցին, որ չեն հանգստանալու, թեպետ հոգնածությունից օրորվում էին: Գանդալֆն ափոփոխ գլխավորում էր երթը: Ձախ ձեռքում նա պահում էր իր գավազանը, որը միջանցքի սև մթությունը ցրում էր մինչև երեք քայլ դեպի առաջ, իսկ աջով պահում էր Մոլեգինը: Կողքից գնում էր անխոնջ Ջիմլին, իսկ նրա հետևից Ֆրոդոն՝ մերկացրած Ջարդողը ձեռքին: Ջարդողի և Մոլեգինի շեղբերը չէին լուսարձակում, ուրեմն մոտակայքում օրքեր չկային, որովհետև Նախասկզբնական Դարաշրջանում էլֆերի պատրաստած թրերը տագնապալի առկայծում էին, երբ մոտակայքում օրքեր էին հայտնվում: Ֆրոդոյի հետևից գնում էին հավատարիմ Սամը, Մերին ու Փինը, Լեգոլասն ու Բորոմիրը, իսկ երթը եզրափակում էր լռակյաց Արագորնը:
Երկու կամ երեք սահուն շրջադարձից հետո ճամփորդները նկատեցին, որ թեքությամբ են շարժվում: Շուտով շոգն սկսեց նեղել նրանց, սակայն տոթ չէին զգում, իսկ երբեմն նրանց դեմքին զով էր փչում, որովհետև ինչ-որ օդանցքներից լեռնային թարմ օդ էր թափանցում քարանձավ: Ժամանակ առ ժամանակ մոգական գավազանի լույսով Ֆրոդոն մերթ վեր, մերթ վար տանող սրահներ, սանդուղքներ, ճյուղավորումներ էր տեսնում և տագնապալի հետաքրքրասիրությամբ փորձում էր հասկանալ, թե ինչ ուղենիշներով է առաջնորդվում հրաշագործը:
Ջիմլին, եթե նույնիսկ օգնում էր Գանդալֆին, ապա գլխավորապես հաղթանակի նկատմամբ հավատ ներշնչելով: Նրան չէր ընկճում անթափանց մթությունը, բայց ուղղությունը հրաշագործն ինքն էր ընտրում՝ հազվադեպ խորհրդակցելով թզուկի հետ: Մորիական թագավորության քարանձավների հատակագիծը գլխում պահել չէր կարող նույնիսկ Ջիմլին, չնայած որ նա՝ Գլոինի որդին, Սարամիջի թզուկների ցեղին էր պատկանում: Հրաշագործն էլ ղեկավարվում էր միայն ներքին զգացողությամբ, որովհետև ժամանակին Թրեյնին որոնելիս Մորիան հատել էր արևելքից արևմուտք, իսկ հիմա նրանք գնում էին արևմուտքից արևելք, սակայն ուղղությունն անսխալ էր ընտրել. զգացողությունը ոչ մի անգամ չդավաճանեց նրան:
— Անհանգստանալ պետք չէ,— ասաց Արագորնը:
Միջանցքի ճյուղավորման տեղում կանգնած Գանդալֆը սովորականից երկար խորհրդակցեց Ջիմլիի հետ, և Պահապաններին մի անորոշ անհագստություն տիրեց:
— Անհանգստանալ պետք չէ,— կրկնեց Արագորնը: — Մենք մեկ անգամ չէ, որ միասին զազրելի փորձանքների մեջ ենք ընկել, և նա միշտ ելքը գտել է, իսկ էլֆերից ես լսել եմ նրա շատ ավելի վտանգավոր ու լուրջ ճանապարհորդությունների մասին: Մենք Գանդալֆի հետևից եկել ենք Մորիա, և նա մեզ դուրս կբերի այստեղից, դուրս կբերի, ինչ էլ որ պատահի: Հրաշագործը մթության մեջ ճանապարհն ավելի լավ է գտնում, քան Բերութիել թագուհու կատուները:
Այդպիսի ուղեկցորդը Ջոկատի համար փրկություն էր: Պահապանները չէին հասցրել ջահեր պատրաստել (Մորիայի դարպասի մոտ փախեփախի ժամանակ ոչ ոք այդ մասին, հասկանալի է, չէր մտածել), իսկ առանց լույսի նրանք հեռու գնալ չէին կարող: Նախ՝ միջանցքը ճյուղավորվում էր, երկրորդ՝ նրանց ճանապարհին հաճախակի էին գետակներ, խոր ջրհորներ ու լայն ծերպանցքեր հանդիպում. այդպիսի մի (մոտ երեք քայլ լայնությամբ,սև-անհատակ, թնդուն՝ միջով առու էր հոսում) ճեղքի վրայով Փինին հազիվ համոզոցին, որ թռչի:
— Պարան չկա,— վհատ ինքն իրեն հանդիմանում էր Սամը: — Ախր ես հո գիտեի, որ պետք է գալու...
Ճեղքերը ճանապարհն ավելի ու ավելի հաճախ էին կտրում, և նրանք անասելի դանդաղ էին առաջ շարժվում: Թվում էր, վայրեջքը վերջ չի ունենալու: Հոգնածությունից նրանց ոտքերը ծալվում էին, բայց հանգստանալ ոչ ոք չէր ցանկանում: Ֆրոդոն նորից տագնապի մեջ էր: Սկզբում, շոշափուկներից ազատվելուց և զվարթեղ ջրի մի կումից հետո կարծես թե խաղաղվել էր, իսկ հիմա նորից էր վախով համակվում: Թեպետ լիովին բուժվել էր Զավերտի մոտ Սև Հեծյալի հասցրած վերքից, բայց վիրավորվելն անհետևանք չէր անցել: Նա սկսել էր աշխարհն ավելի հստակ ընկալել. նրան հաճախ էր բացվում այն, ինչն ուրիշները սովորաբար չէին նկատում: Նա ուղեկիցներից լավ էր տեսնում մթության մեջ, նրանցից ավելի վստահորեն էր կանխատեսում վտանգը, նրանցից առաջ էր զգում անհաջողությունը: Հրաշագործը, իհարկե, Ֆրոդոյից հեռատես էր: Բայց հիմա Ֆրոդոն՝ Մատանու Պահապանը, շոշափելիորեն զգում էր, որ իրենց շրջապատում են թշնամիները. Մատանին կախված էր նրա վզից և լցվում էր ահեղ, սառը ծանրությամբ՝ անտեսանելի թշնամիների մեծ ջոկատը դարանակալում էր նրանց ինչ-որ տեղ առջևում, իսկ մեկը գաղտնի գալիս էր իրենց հետևից: Սակայն Ֆրոդոն տագնապ չբարձրացրեց, քանզի իր փորձված ուղեկիցներին ավելի էր վստահում, քան ինքն իրեն: Նա ամուր սեղմում էր Ջարդողի կոթը՝ աշխատելով հետ չմնալ Ջիմլիից և Գանդալֆից: Հետաքրքիր է, հրաշագործը գիտե՞ արդյոք թշնամիների մասին...