Ճեղքերը ճանապարհն ավելի ու ավելի հաճախ էին կտրում, և նրանք անասելի դանդաղ էին առաջ շարժվում: Թվում էր, վայրեջքը վերջ չի ունենալու: Հոգնածությունից նրանց ոտքերը ծալվում էին, բայց հանգստանալ ոչ ոք չէր ցանկանում: Ֆրոդոն նորից տագնապի մեջ էր: Սկզբում, շոշափուկներից ազատվելուց և զվարթեղ ջրի մի կումից հետո կարծես թե խաղաղվել էր, իսկ հիմա նորից էր վախով համակվում: Թեպետ լիովին բուժվել էր Զավերտի մոտ Սև Հեծյալի հասցրած վերքից, բայց վիրավորվելն անհետևանք չէր անցել: Նա սկսել էր աշխարհն ավելի հստակ ընկալել. նրան հաճախ էր բացվում այն, ինչն ուրիշները սովորաբար չէին նկատում: Նա ուղեկիցներից լավ էր տեսնում մթության մեջ, նրանցից ավելի վստահորեն էր կանխատեսում վտանգը, նրանցից առաջ էր զգում անհաջողությունը: Հրաշագործը, իհարկե, Ֆրոդոյից հեռատես էր: Բայց հիմա Ֆրոդոն՝ Մատանու Պահապանը, շոշափելիորեն զգում էր, որ իրենց շրջապատում են թշնամիները. Մատանին կախված էր նրա վզից և լցվում էր ահեղ, սառը ծանրությամբ՝ անտեսանելի թշնամիների մեծ ջոկատը դարանակալում էր նրանց ինչ-որ տեղ առջևում, իսկ մեկը գաղտնի գալիս էր իրենց հետևից: Սակայն Ֆրոդոն տագնապ չբարձրացրեց, քանզի իր փորձված ուղեկիցներին ավելի էր վստահում, քան ինքն իրեն: Նա ամուր սեղմում էր Ջարդողի կոթը՝ աշխատելով հետ չմնալ Ջիմլիից և Գանդալֆից: Հետաքրքիր է, հրաշագործը գիտե՞ արդյոք թշնամիների մասին...
Պահապաններն իրար հետ համարյա չէին խոսում, իսկ թե նույնիսկ մի երկու բառ էլ փոխանակում էին, ապա ձայներն իջեցնում էին շշուկի: Լռությունը միայն խզվում էր քայլերի խշշոցից, իսկ երբ Գանդալֆը ճանապարհն էր ընտրում, և ճամփորդներն ստիպված կանգնում էին տեղում, համր միջանցքի սև լռության մեջ հնչում էր ջրի մեղմ քչքչոցը: Բայց ինչ-որ ժամանակից սկսած Ֆրոդոն կարծես լսում էր, թե՞ դա նրան թվում էր, հազիվ որսալի մի աղմուկ, որը նման չէր քարանձավային առվի քչքչոցին: Այդ աղմուկը բոբիկ ոտքերի զգույշ քստքստոց էր հիշեցնում: Քստքստոցն ընդհատվում էր, սակայն ոչ միանգամից և լսվում էր ավելի երկար, քան կլսվեր արձագանքը, երբ կանգ էին առնում Պահապաններն իրենք:
Կեսգիշերին մոտ ճամփորդները մտան երեք սև կիսակամար ունեցող դահլիճ, որից հետո երեք միջանցք էր սկսվում, և այստեղ Գանդալֆը լրջորեն մտատանջության մեջ ընկավ: Բոլոր միջանցքներն իրար կից ու զուգահեռ էին, և ընդհանրապես տանում էին դեպի արևելք, բայց ձախը՝ իջնում էր, աջը՝ բարձրանում, իսկ մեջտեղինը հորիզոնական ձգվում էր դեպի հեռուն ու մյուսներից ավելի նեղ էր ու ցածր:
— Ոչ, այս տեղը ես չեմ հիշում, բոլորովին չեմ հիշում,— խոստովանեց հրաշագործը: Նա լուսարձակող գավազանը բարձրացրեց վեր՝ հույս ունենալով կամարների վրա նշաններ հայտնաբերել, որոնք կօգնեին ընտրություն անելու: Պատերին ոչ մի մակագրություն չկար: — Ըստ երևույթին, ես շատ հոգնած եմ,— ասաց նա,— որ կարողանամ որոշել, թե հիմա ուր ենք գնալու: Դե, իմ կարծիքով, ձեզ էլ հանգստանալը չէր խանգարի: Հարկավոր է որոշումը հետաձգել առավոտվան: Չնայած առավոտյան այստեղ ավելի լուսավոր չի լինի: Եվ այնուամենայնիվ առավոտվա գործն աջ է գնում:
Հսկայական սրահի հյուսիսային պատի մեջ ճամփորդները քարե դուռ նկատեցին: Գանդալֆը մոտեցավ դռանը, մի քիչ կողքի կանգնած ձեռքով թեթև սեղմեց այն. կամացուկ ճռռոցով դուռը բացվեց:
— Հե՛տ դարձեք,— գոռաց հրաշագործը, երբ Մերին ու Փինը ուրախ բացականչություններով արագ ներս անցան՝ որոշելով, որ այստեղ ավելի լավ կհանգստանան, քան անդուր սրահի քարե հատակին: — Հետ դարձեք...
Հոբիթները վերադարձան սրահ:
— Մենք չգիտենք այս դուռն ուր է տանում,— բացատրեց նրանց Գանդալֆը: — Առաջինը ես կմտնեմ:
Նա ներս մտավ և, մոգական գավազանով լուսավորելով ցածր առաստաղով փոքր սենյակը, կանչեց դռան հետևում մնացած Պահապաններին:
— Տեսնու՞մ եք,— հարցրեց նա ներս մտած ճամփորդներին՝ գավազանով ցույց տալով կլոր անցքը, որը սևին էր տալիս անձավի կենտրոնում: Անցքի մոտ ընկած էին ժանգոտած շղթաներ և քարե կափարիչի կտորներ:
— Գանդալֆը ձեր փեշը չքաշեր,— հանդիմանալից ասաց Արագորնը Մերիին ու Փինին նայելով,— չլմփալու էիք, աղավնյակներս, ներքև, ու գուցե մինչև հիմա էլ հատակին հասած չլինեիք: Ի երջանկություն մեզ, փորձված ուղեկից ունենք՝ կարիք չկա անհարկի առաջ ընկնել:
— Սա պահականոցն է,— հայտարարեց Ջիմլին: — Այստեղ գիշեր ու ցերեկ ժամապահներ էին նստում ու պահպանում այն երեք միջանցքների մուտքը: Իսկ ջրհորը կափարիչով փակված էր: Ես կարծում եմ, այն շատ խորն է,— թզուկը հեգնանքով նայեց հոբիթներին:
Ջրհորն ասես ձգում էր Փինին: Մինչ Պահապաններն իրենց վերմակները փռում էին սև անցքից որքան կարելի է հեռու, Փինը սողաց ջրհորի եզրը ու, վախը զսպելով, նայեց ներքև: Նրա դեմքին խոնավ զով փչեց: Այնքան էլ չհասկանալով, թե ինչ է ուզում, նա մի քար շոշափեց, նետեց ցած, շունչը պահեց ու ականջ դրեց լռությանը: Սակայն մինչև քարն ընկնելը չկարողացավ շունչը պահել՝ այնքան երկար էր քարն ընկնում ջրհորը: Նա մի քանի անգամ շունչ քաշեց և, վերջապես, լսեց հեռավոր ճողփյունը, որ բազմապատիկ արձագանքեց:
— Դա ի՞նչ էր,— իսկույն զգուշացավ Գանդալֆը: Փինը ստիպված եղավ ամեն ինչ խոստովանել: Հրաշագործը հանգստացավ, բայց Փինին հանդիմանեց: — Մենք խելապակաս հոբիթների զբոսանքի չենք դուրս եկել,— բարկացած խոժոռվելով ասաց Փինին: — Հաջորդ անգամ երբ ձանձրանաս, ավելի լավ է ինքդ թռչես ջրհորի մեջ, որ Ջոկատն ազատես ջահել անականջից: Իսկ այժմ քեզ հավաքիր ու սուս նստիր:
Գանդալֆն ականջ դրեց, ամեն ինչ լուռ էր: Եվ հանկարծ ջրհորի մութ խորքից դուրս թռավ արձագանքից ուժեղացած մի տկտկոց. տըկ-տըկ-տըկ, տըկ-տըկ-տըկ: Չափազանց կասկածելի տարօրինակ մի տկտկոց՝ ասես մեկը ազդանշան էր տալիս: Սակայն շուտով տկտկոցը լռեց, ու պահականոցը սուզվեց մութ լռության մեջ: Գանդալֆի գավազանը հազիվ էր լուսավորում:
— Մենք մուրճի ձայն էինք լսում, հայտարարեց թզուկը,— կամ էլ ես այդ գործից ոչինչ չեմ հասկանում:
— Երևակայիր, դու ճիշտ ես,— համաձայնեց Գանդալֆը: — Եվ ոչ մի լավ բան դա չի խոստանում մեզ: Հուսով եմ, որ Փինի քարն այստեղ ոչ մի գործ չունի. և այնուամենայնիվ նրա հիմար արարքը կարող է ահավոր փորձանք բերել մեր գլխին: Երբեք նման բաներ չանեք... Իսկ հիմա բոլորը, բացի Փինից, թող քնեն: Փինը որպես մեղքի քավություն՝ ժամապահ է նշանակվում: Բարի գիշեր:
Դժբախտ Փինը, առանց մի խոսք ասելու, գնաց դռան մոտ ու այնտեղ սսկվեց: Պահականոցը թաղվեց մթութթյան մեջ՝ Գանդալֆի գավազանը վերջնականապես հանգավ: Փինը աչքերը ջրհորից չէր կտրում՝ նրան թվում էր, որ անցքից անպայման հրեշ է դուրս սողալու: Նա շատ էր ուզում ջրհորի բերանը փակել, ինչով ուզում է լինի, թեկուզ վերմակով, սակայն սիրտ չէր անում մոտենալ, հետո ինչ, որ Գանդալֆը քնած է...
Իսկ իրականում Գանդալֆը քնած չէր. նա ցավագին վերհիշում էր իր նախորդ ճանապարհորդությունը՝ փորձելով որոշել ուր պետք է գնան իրենք, քանի որ Մորիայում նույնիսկ ամենաչնչին սխալը կարող է վերջանալ Ջոկատի կործանումով: Մեկ ժամ անց հրաշագործը վեր կացավ ու մոտեցավ Փինին:
— Դե լավ, գնա հանգստացիր,— փնթփնթալով ասաց նա: — Միևնույնն է, ինձ քնել չի հաջողվի: Ես այստեղ կմտածեմ և միաժամանակ կհսկեմ: Վաղը մեզ դժվար օր է սպասվում:
— Ես գիտեմ ինչու է այսպես դժվար ինձ համար մտածելը,— դռան մոտ նստելով, քրթմնջաց հրաշագործը: — Ամբողջ հարցը նրանում է, որ ես վաղուց չեմ ծխել: Դե, իհարկե, վերջին ծխամորճը ծխել եմ Բոսոր Դարպասի գրոհի նախորյակին:
Ննջելով, վերջինը՝ ինչ տեսավ Փինը, ձեռքի ափերի մեջ ծխամորճը թաքցնող հրաշագործն էր. կրակը մի ակնթարթ լուսավորեց նրա կոշտուկավոր մատներն ու կեռ քիթը:
Առավոտյան Պահապաններին արթնացրեց Գանդալֆը. նա այդպես էլ ամբողջ գիշեր նստել էր դռան մոտ, դրա փոխարեն՝ ուղեկիցները հիանալի քնել էին:
— Ես որոշել եմ ուր ենք գնալու,— ասաց հրաշագործը: — Մեջտեղի միջանցքը չափազանց նեղ է, դարպաս տանող ճանապարհը պետք է որ լայն լինի: Ձախ միջանցքը շոգ է ու տոթ՝ սա տանում է ներքև, դեպի մորիական հանքեր: Իսկ մեզ հարկավոր է բարձրանալ վերև, և մենք կգնանք աջ միջանցքով:
Ութ ժամ Պահապանները բարձրանում էին, միայն երկու կարճատև դադար տալով: Նրանք տագնապալի ոչինչ չէին լսում և տեսնում էին միայն գավազանի կրակը, որը ուղեցույց աստղի նման անշեղ հանում էր նրանց Սև Անդունդից: Միջանցքի պատերն աստիճանաբար հեռացան իրարից, մթության մեջ առաստաղը համարյա չէր երևում, իսկ հատակը ծածկում էին սալաքարերը: Ճամփորդները դուրս եկան մեծ ճանապարհ, որտեղ ոչ փոսեր կային, ոչ դավաճան ճեղքեր, և նրանք ավելի արագ էին շարժվում, քան երեկ, մանավանդ որ միջանցքը ոչ մի անգամ չճյուղավորվեց:
Ուղիղ գծով, Գանդալֆի կարծիքով, նրանք անցել էին տասնհինգ, իսկ գուցե և տասնյոթ լիգ, բայց ստիպված էին քայլել մոտավորապես ևս քսան-երեսուն լիգ: Միջանցքը թեք բարձրանում էր վեր, և Ֆրոդոյի տրամադրությունն էլ աստիճանաբար բարձրանում էր, սակայն նա դեռ ընկճված էր և ժամանակ առ ժամանակ լսում էր կամ կարծում էր, որ լսում է բոբիկ ոտքերի քստքստոցը:
Պահապանները համառորեն առաջ էին շարժվում, մինչև հոբիթների ուժերն սպառվեցին. բոլորն արդեն սկսեցին գիշերելու տեղի մասին մտմտալ, երբ հանկարծ հայտնվեցին սև դատարկության մեջ: Նրանք չնկատեցին, թե ինչպես դուրս եկան միջանցքից և ընկան մի հսկայական զով քարանձավ: Ճամփորդները հուզված շրջապատեցին Գանդալֆին. նրանց մեջքին տաք զով էր փչում, իսկ քարանձավի օդը զարմանալի թարմ էր:
— Վերջապես,— ուրախացած բացականչեց Գանդալֆը: — Ինչպես երևում է, մենք հասել ենք բնակելի քարանձավներին: Ուրեմն, ես ճիշտ ճանապարհ եմ ընտրել: Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, հիմա Արևելյան Դարպասից վերև ենք և այստեղ, խորքի հարկաշարքերից հեռու, կարելի է, ինձ թվում է, լույսի տակ հետ նայել:
Գանդալֆը բարձրացրեց մոգական գավազանը, և քարանձավը լուսավորվեց լույսի կուրացուցիչ բռնկումով: Սև մութը մի ակնթարթ նահանջեց, և ճամփորդները տեսան մի հսկայական դահլիճ՝ բարձր, գմբեթաձև առաստաղով, ողորկ, հայելանման սև պատերով և չորս սլաքաձև կամարով, որոնցից այն կողմ ենթադրվում էր չորս միջանցք՝ դեպի արևմուտք (որտեղից դուրս էին եկել ճամփորդները), դեպի արևելք, հարավ և հյուսիս: Ուրիշ ոչինչ չհասցրին տեսնել. կայծակի պես բռնկված գավազանը հանգավ:
— Այո, մենք հասանք բնակելի հարկաշարքերին,— գավազանը հանգցնելով, խոսեց հրաշագործը: — Կացարանները լուսավորելու համար ուղղաբերձ պատերում պատուհան-հորեր են փորված, բայց հիմա գիշեր է, և մենք դրանք չենք տեսնում: Այսօր առաջ գնալ չարժի. բոլորս էլ հոգնած ենք, իսկ խեղճ հոբիթներն ուղղակի ոտքի վրա կանգնել չեն կարողանում: Եթե ես ճիշտ եմ, ապա վաղն առավոտյան ստիպված չենք լինի մթության մեջ արթնանալ: Իսկ այժմ՝ քնել: Վաղվա համար պետք է ուժ հավաքենք: Առայժմ մեզ անշեղորեն ուղեկցում է հաջողությունը, իսկ Արևելյան Դարպասը դեռ հովտում է, ներքևում:
Պահապանները գնացին դեպի արևմտյան կամարը, որովհետև այնտեղից տաք էր գալիս, իսկ քարանձավում պաղ միջանցիկ քամիներ էին խաղում և, վերմակների մեջ փաթաթվելով, կուչ եկան պատերի տակ: Տարօրինակ տեսիլքներ էին հայտնվում հոբիթներին. նրանց թվում էր, որ իրենք անդառնալիորեն մոլորվել են սև միջանցքների լաբիրինթոսում և փորձելով դուրս գալ, հայտնվել են թշնամի խավարի անծայրածիր ծովում: Մորիայի մասին ամենասարսափելի լեգենդներն այնքան ահասարսուռ չէին, որքան իրականությունը: Բայց չէ՞ որ նրանց ոչ մի վատ բան չէր պատահել, և Գանդալֆը գտնում էր, որ իրենց բախտը բերել է...
— Այ քեզ թզուկներ... — քրթմնջում էր Սամը: — Շա՞տ էր պետք էս տեսակ անդունդ փորելը... Ո՞վ գիտե ինչքան թզուկ է աշխատել: Իսկ ինչի՞: Բա մթնում կապրե՞ն... Ուրեմն, դուրս է գալիս ոչ էլ ապրե՞լ են էստեղ...
— Ո՜նց թե չեն ապրել,— վիրավորվեց թզուկը: — Այստեղ Մորիական մեծ թագավորությունն էր: Ամեն տեղ վառ աստղեր էին փայլում, և Մորիան փառաբանված էր ողջ Միջերկրում՝ այդ մասին ասված է մեր ավանդություններում:
Ջիմլին թափով վրայից դեն նետեց վերմակը, ոտքի թռավ ու երգեցիկ արտասանեց՝ քարանձավի թնդուն արձագանքի նվագակցությամբ.
<poem>
Դեռ զարթոնք չկար աշխարհիս վրա,
Երբ մեծ Դուրինը՝ թզուկն առաջին,
Հեռու վանելով իր քունը վերջին,
Բարձրացավ, քայլեց թեթև ու ազատ,
Քնած ժայռերի թիկունքը հասավ,
Եվ լուսնի դեղին, աղոտ լույսի տակ
Տեսավ աշխարհը՝ անանուն ու նոր,
Տեսավ աշխարհը՝ նորելուկ ու տաք:
Նա հող ու ջրին անուններ տվեց,
Եվ գետի, լեռան, դաշտի ու ձորի,
Կիրճի ու լճի անունների մեջ
Մեծ լռությունը շունչ առավ, թևեց:
Բայց ահա ինչպես իրական երազ,
Ջրի հայելի տարածվեց անծայր,
Իսկ ջրի խորքից արտացոլվում էր
Երկնքի գահը՝ աստղերով պայծառ:
Եվ այգաբացը թագավոր օծեց
Այդ պատանյակին՝ ջրերի մոտ ջինջ,
Բայց նրա գահը ափին չէր արդեն,
Գահը շողում էր ջրերի միջից:
Եվ այդ ոսկեզօծ գահադահլիճում
Անմար լույսով էր շողում ամեն ջահ,
Ու չէին կարող թափանցել այնտեղ
Ոչ խավարը, ոչ մշուշները չար:
Ցոլցլուն լույս էր շուրջը ամենուր,
Ջահել լեռների լանջերի առջև,
Հնչում էր երգը միշտ ախորժալուր՝
Դղյակների մեջ լուսավոր ու ջերմ:
Եվ ժողովուրդը՝ Դուրինի թզուկները,
Աշխատում էին անհոգ ու անահ,
Խոր ու անհատնում հանքերում բանում,
Մետաղ ու ալմաստ, մարմար են հանում:
Թզուկներն անտեղյակ, չէին հասկանում,
Թե ինչ չար ուժ է ընդերքում ննջում,
Զենք էին կռում, պաշարներ անում,
Ու այնտեղ երգն էր անվտանգ հնչում:
Թանձր խավարը բարձրացավ մեկեն
Ջահել լեռների լանջերի արջև,
Եվ նրանց թանձր ստվերների տակ
Վաղուց է շքեղ պալատը ննջել:
Բայց ջրի խորքում հանգչում էր արդեն
Աստղազարդ թագը երկնակամարի,
Կարծես սպասում էր, թե երբ կարթնանա
Առաջին արքան՝ արդար ու բարի
</poem>
— Չտեսնվա՛ծ է,— հիացած բացականչեց Սամը: — Ես պետք է սովորեմ ձեր ասքը: Բայց դրանից հետո այստեղի մթությունն ավելի սև է թվում, քան առաջ: Իսկ հետաքրքիր է, ալմաստներ մնացե՞լ են էստեղ...
Ջիմլին լռեց: Ասքը արտասանելուց հետո նա խոսակցությանը չէր ուզում մասնակցել:
— Ալմաստնե՞ր,— հոբիթին հարցրեց Գանդալֆը: — Ոչ, այստեղ թանկագին իրեր չեն մնացել, համանայն դեպս, գոնե բնակելի քարանձավներում. օրքերը վաղուց դրանք թալանել են: Բայց նույնիսկ ամենաագահ օրքերը այժմ չեն իջնում ստորին հարկաշարքեր, հանքահորերն ու նկուղները, քանի որ այստեղ տիրում է հինավուրց սարսափը:
— Իսկ Բալինն ինչու՞ վերադարձավ Մորիա,— հրաշագործին հարցրեց ուշիմ Սամը:
— Առասպելական Միթրիլի համար,— պատասխանեց Գանդալֆը: — Ոչ թե երկաթը՝ թզուկների աշխատանքային հումքը, ոչ էլ ոսկին ու ալմաստը՝ նրանց սիրելի խաղալիքները, թզուկներին փառք ու պատիվ բերեցին, այլ զտված կամ մորիական արծաթը, որն էլֆերը միթրիլ էին անվանում: