— Ո՛չ այնտեղ, ո՛չ այնտեղ,— շշնջաց Գոլլումը, բայց նրա ձայնը լռության մեջ սուլոցից էլ բարձր հնչեց: Գոլլումը սարսափահար ընկավ գետնին և կծկվեց:
— Պարո՛ն ՖրոդոՏե՛ր իմ,— շունչ քաշեց շնչեց Սեմը հենց տիրոջ ականջի մեջ,— վերադարձե՛ք: Հե՛տ դարձեք, այնտեղ չի՛ կարելի, Գոլլումն ասում է որ մենք մյուս կողմ պիտի գնանք: Այս անգամ նույնիսկ ես նրա հետ համաձայն եմ:
Ֆրոդոն ձեռքով շփեց ճակատը և հայացքը դանդաղ հեռացրեց ամրոցից: Լուսարձակող ամրոցը ձգում էր նրան դեպի իրեն, և նա դժվարությամբ էր զսպում աղոտ առկայծող ճանապարհով դեպի դարպասը նետվելու անհագ ցանկությունը: Վերջապես վերջին ջանքերը գործադրելով նա շրջվեց, բայց Մատանին չհնազանդվեց՝ ծանրորեն ձգելով Ֆրոդոյի վզից կախված շղթան ու քաշելով նրան դեպի կամուրջը: Երբ հոբիթը շրջվեց, նա ասես մի ակնթարթ կուրացավ և աչքերի առջև անթափանց խավար տիրեց: Գոլլումը վախեցած գազանի պես գետնին կպած սողալով հեռանում էր, և արդեն գրեթե կորել մթության մեջ: Սեմն օգնելով և ուղղորդելով սայթաքող տիրոջը, շտապեց նրա հետևից: Գետի ափից ոչ հեռու ժայռի մեջ խոռոչ էր սևին տալիս. Գոլլումը սուզվեց դրա մեջ: Սեմը, գնալով նրա հետևից, հայտնաբերեց որ մյուս կողմում նեղ արահետ է սկսվում: Ճանապարհի մոտ այն նույնպես լուսարձակում էր, բայց, անցնելով մեռելային ծաղիկներով մարգագետինները, այն կամաց սևանալով ոլորապտույտ բարձրանում էր հովտի հյուսիսային լանջը: Հոբիթները բարձրանում էին միասին. Գոլլումը կորչում էր առջևում և երբեմն վերադառնում, որպեսզի շտապեցնի նրանց: Նրա աչքերը վառվում էին դժգույն-կանաչ կրակով՝ գուցե արտացոլում էին Մինաս Մորգուլի մեռելային լույսը, կամ գուցե ի պատասխան Մորգուլին բռնկվել էին սեփական ահարկու կրակով: Ֆրոդոն ու Սեմը շարունակ երկակի նշանառության տակ էին զգում իրենց. առջևում Գոլլումի ահարկու հայացքն էր, իսկ երբ վախվորած հետ էին նայում, տեսնում էին աշտարակի դատարկ պատուհանները, որոնք, թվում էր, անքթիթ և ուշադիր հետևում են:
Ֆրոդոն առաջինը կանգ առավ և անուժ փռվեց քարերին: Նրանք գտնվում էին լերկ ժայռի կատարին: Այդտեղից արահետը շարունակվում էր անդունդի վրա կախված քիվի վրայով, շրջանցում հովիտը և, կտրուկ բարձրանալով գրեթե ուղղաձիգ լանջն ի վեր, կորչում էր խավարում:
— Ես պետք է մի փոքր հանգստանամ, Սեմ,— հազիվ լսելի շշնջաց Ֆրոդոն: — Չեմ կարող բառերով արտահայտել, Սեմ, իմ ընկեր, թե որքան ծանր է Այն: Չգիտեմ, կարո՞ղ եմ արդյոք շարունակել Այն տանել: Հիմա ես պետք է հանգստանամ, այլապես այնտեղով չեմ անցնի: — Եվ նա ցույց տվեց անդունդի եզրով ձգվող նեղ արահետը:
— Սսսս՛, սսսս՛,— ֆշշաց Գոլլումը՝ արագ վերադառնալով հոբիթների մոտ: — Սսսս՛: — Նա մատը սեղմեց շուրթերին, կատաղորեն թափահարեց գլուխը ու քաշեց Ֆրոդոյի թևից՝ ցույց տալով արահետը և նշաններով հասկացնելով, որ պետք է շտապել, բայց Ֆրոդոն նունիսկ շարժվել չէր կարող:
— Մի փոքր էլ սպասիր,— կրկնեց նա,— մի փոքր էլ:
Հոգնածությունը ճնշում էր նրան ինչպես քարը, բայց դա պարզապես հոգնածություն չէր. նրա մարմինն ու հոգին ուժաթափ էին եղել, ասես ինչ-որ անհայտ կախարդանքի շնորհիվ:
— Ես պետք է հանգստանամ,— ևս մեկ անգամ կրկնեց նա:
Ֆրոդոյի պատասխանը Գոլլումին հունից հանեց: Վախից նա դադարեց բացատրվել նշաններով և, ասես վախենալով անտեսանելի ականջներից, բերանը ձեռքով փակեց ու շշնջաց.
— Միայն թե ոչ այստեղ, ո՛չ, ո՛չ: Այստեղ չի՛ կարելի հանգստանալ, հիմարներ: Մեզ կտեսնեն, մեզ կամրջից կտեսնեն: Գնա՛նք այստեղից, արա՛գ, դեպի վե՛ր:
— Գնանք, պարոն Ֆրոդո,— ասաց Սեմը: — Նա նորից ճիշտ է ասում, այստեղ չի կարելի մնալ:
— Լավ,— թույլ ձայնով արձագանքեց Ֆրոդոն, ասես քնի մեջ,— կփորձեմ:
Եվ դժվարությամբ ոտքի կանգնեց:
Բայց արդեն ուշ էր: Ժայռը ոտքերի տակ ցնցվեց: Հզոր դղրդյունը, շատ ավելի հզոր, քան լսել էին առաջ, տարածվեց ստորգետնյա խորքերում և արձագանքեց լեռներում: Հանկարծ հյուսիս-արևելքում երկինքը լուսավորվեց կուրացուցիչ կրակե բռնկումից, և ցածր ամպերը բոսորագույն ներկվեցին: Այդ քարացած, մեռելային սառը լույսով ողողված հովտում կարմիր բռնկումը հրեշավոր դաժան ու կուրացուցիչ թվաց: Գորգորոթի բարձրավանդակի լեռների քարե ատամնավոր գագաթները սև շեղբերի պես մխրճվեցին արյունաթաթախ երկնքի մեջ: Որոտաց ամպրոպը:
Մինաս Մորգուլը պարտքի տակ չմնաց: Աշտարակից ու մոտակա բլուրներից երկինք խոյացան մեռելային-կանաչ կայծակներ և կապույտ կրակի ճյուղավորված նիզակներ: Հողը տնքաց: Ամրոցից, ասես ամպրոպին ի պատասխան, վայրի ոռնոց լսվեց: Այդ ոռնոցը, խառնվելով սուր, գիշակեր թռչունների ծղրտոցներ հիշեցնող աղմուկին և կատաղությունից ու սարսափից խելակորույս ձիերի զիլ խրխնջոցին, սառեցրեց արյունը երակներում, բայց ամեն ինչ խլացրեց ականջ ծակող սահմռկեցնող զիլ ճիչը, որը գնալով դարձավ ավելի ու ավելի ծակող, մինչև որ հասավ լսելիության ամենավերին սահմանագծին: Հոբիթները ջղաձգորեն փռվեցին գետնին ու ձեռքերով փակեցին ականջները: Ճիչը փոխարինվեց երկար, չարագույժ կաղկանձով՝ և հանկարծ կտրվեց: Ֆրոդոն դանդաղ բարձրացրեց գլուխը: Նեղ հովտի մյուս ծայրում գրեթե աչքերի մակարդակին սպիտակին էին տալիս մահաբեր ամրոցի պարիսպները, բայց այժմ ամրոցի դարպասը՝ հրեշավոր, ֆոսֆորափայլ ատամներով երախը, լայն բացված էր: Այնտեղից զորք էր դուրս գալիս:
Զինվորները բոլորը սև զրահներով էին՝ սև, ինչպես գիշերը: Աղոտ լուսարձակող պատերի ու ճանապարհի ֆոնին նրանք հրաշալի երևում էին՝ շարք առ շարք, արագ ու անաղմուկ դուրս էին հորդում դարպասից, և թվում էր, որ վերջ չի լինի նրանց: Առջևից ընթանում էր հեծելազորը, որը գլխավորում էր սևազգեստ մի հեծյալ. նա զգալիորեն բարձրահասակ էր բոլորից: Հեծյալի գլխին, գլխանոցով կիսաքողարկված, մահացու փայլով առկայծում էր թագանման սաղավարտը: Ահա հեծյալը մոտեցավ կամրջին... Ֆրոդոն կախարդված նայում էր՝ չկարողանալով ո՛չ աչքերը թարթել, ո՛չ հայացքը հեռացնել: Չէ՞ որ դա Ինը Մատանեկիրների գլխավորն էր: Մի՞թե նա վերադարձել է երկիր, որպեսզի ճակատամարտի տանի իր զարհուրելի զորքին: Այո, այդ նա էր՝ սարսափազդու, չորացած, մեռած թագավորը, որի ցառցե ձեռքը մի ժամանակ Ֆրոդոյի ուսն էր խրել մահացու դաշույնը: Հին վերքը ցավից բաբախեց, սիրտը լցվեց անտանելի սառցե սառնությամբ:
Եվ մինչդեռ Ֆրոդոն փայտացած, վախից քարացած կանգնած էր, Հեծյալը, հասնելով կամրջին, հանկարծ կանգ առավ: Կանգ առավ նաև զորքը: Մեռյալ լռություն տիրեց: Մի՞թե Ուրվական Արքան լսեց Մատանու կանչը: Գուցե նա վարանեց այն պատճառով, որ այլ զորություն զգաց իր հովտու՞մ: Վախով պսակված սև գլուխը անտեսանելի աչքերով ծակելով խավարը թեքվեց մի կողմ, ապա՝ մյուս: Ֆրոդոն քարացել էր, ինչպես օձի հայացքից հմայված թռչունը: Նրա ականջներում համառորեն, քան երբևէ, հնչում էր հրամանը՝ հագնել Մատանին: Բայց այս անգամ նա բոլորովին չէր ուզում հնազանդվել: Գիտեր, որ Մատանին միայն իրեն կմատնի. նաև գիտեր, որ նույնիսկ եթե Մատանին հագնի մատին՝ ինքն այդքան ուժ չունի Մորգուլի տիրակալի դեմ պայքարելու՝ դեռևս չունի: Մահացու վախը շղթայել էր Ֆրոդոյի կամքը, բայց, միևնույնն է, հոբիթը չէր արձագանքում ուրվականի հրամանին: Նա միայն զգում էր, որ հզոր, օտար ուժը ճնշում է իրեն, տիրում է իր ձեռքին, և ինքը, փայտացած, ասես այդ ամենն իր հետ չի կատարվում, առանց տեսնելու զգում է, որ իր ձեռքը, այլ կամքով առաջնորդվելով, սողում է դեպի շղթան, որից կախված է Մատանին: Բայց այդ պահին արթնացավ նրա սեփական կամքը՝ և ստիպեց ձեռքին հնազանդվել: Մատանու փոխարեն մատներն ինչ-որ կարծր, սառը բան սեղմեցին՝ Գալադրիելի բյուրեղապակե անոթը, որը նա մշտապես պահում էր սրտի մոտ և գրեթե մոռացել էր դրա գոյության մասին: Հենց որ ձեռքը դիպավ անոթին, Մատանին հագնելու ցանկությունն ակնթարթորեն չքացավ, ասես չէր էլ եղել: Ֆրոդոն շունչը տեղը բերեց և ուժասպառ գլուխը կախեց կրծքին:
Նույն ակնթարթին Ուրվական Արքան շրջվեց, խթանեց ձիուն անցավ կամուրջը: Զորքը շարժվեց նրա հետևից: