— Իսկ Բալինն ինչու՞ վերադարձավ Մորիա,— հրաշագործին հարցրեց ուշիմ Սամը:
— Առասպելական Միթրիլի համար,— պատասխանեց Գանդալֆը: — Ոչ թե երկաթը՝ թզուկների աշխատանքային հումքը, ոչ էլ ոսկին ու ալմաստը՝ նրանց սիրելի խաղալիքները, թզուկներին փառք ու պատիվ բերեցին, այլ զտված կամ մորիական արծաթը, որն էլֆերը միթրիլ էին անվանում: Այն ժամանակներում մորիական արծաթը ոսկուց մի տասը անգամ թանկ արժեր, իսկ հիմա իսկապես անգին է դարձել, որովհետև պարզապես չկա Միջերկրում: Մորիական արծաթի շերտերը գտնվում են ամենախորունկ հարկաշարքերում, սարերի տակով ձգվում են մինչև Բոսոր Կոտոշ և այնտեղից իջնում անմատչելի անդունդներ: Միթրիլը հարստացրեց ու փառաբանեց թզուկներին, սակայն հենց դրանից էլ սկսվեցին նրանց բոլոր դժբախտությունները, քանի որ մետաղի հետևից ընկած՝ նրանք փորում էին երկրի ընդերքը, մինչև որ արթնացրին ընդերքի սարսափը կամ Դուրինի մեծ չարքը: Երբ թզուկները Մորիայից փախան, միթրիլի հանույթին տիրեցին օրքերը, իսկ հետո, չիմանալով մետաղի բոլոր յուրահատկությունները, դրանով տուրք էին վճարում Սև Տիրակալին: Միթրիլ... Միջերկրի ժողովուրդների երազանքը, կռելի, ինչպես պղինձը, ամուր, ինչպես պողպատը, հղկվելուց հետո փայլուն, ինչպես հայելին, երբեք չխամրող ու զարմանալի թեթև: Էլֆերը միթրիլը շատ բարձր էին գնահատում, նրանց հինավուրց խորհրդանշանը՝ Ֆեանորի աստղը, որի պատկերը տեսաք դարպասի վրա, պատրաստված է մորիական արծաթից՝ միթրիլից: Իմիջայլոց, Թորինը Բիլբոյին միթրիլից օղազրահ է նվիրել: Հետաքրքիր է, ու՞ր է: Հավանաբար դրված է որևէ սնդուկում... — Միթրիլե օղազրա՞հ,— զարմացավ Ջիմլին: — Այ քեզ իսկապե՜ս թագավորական ընծա... — Իրավացի ես,— հանգիստ հաստատեց Գանդալֆը: — Այդ օղազրահն ավելի արժե, քան ողջ Հոբիթստանն իր բնակիչներով: Ֆրոդոն ձեռքը մտցրեց վերնաշապկի տակ և շոյեց օղազրահի սառը օղերը: Նա իրեն զսպել էր և ուղեկիցներին ոչինչ չէր ասել, բայց Գանդալֆի խոսքերից շշմեց: Ուրեմն իր օղազրահի գինը վճարելու համար չէր բավականացնի Հոբիթստանի ողջ հարստությու՞նը... Բիլբոն գիտե՞ր արդյոք այդ մասին: Երևի հաստատ գիտեր: Այո, նա իրեն թագավորական ընծա է նվիրել: Բայց Բիլբոյին ու հեռավոր Հոբիթստանը հիշելով, Ֆրոդոն հիշեց այն օրերը, երբ ինքն իր համար ապրում էր Զառիթափի Պարկուտում ու ո՛չ գիտեր, ո՛չ տեսել, ո՛չ լսել էր Մորիայի, միթրիլի, իսկ գլխավորը՝ Մատանու մասին: Ինչպե՜ս կուզենար անցյալը հետ բերել... Շուտով հոգնած ճամփորդները քնեցին, և Ֆրոդոն մեն-մենակ մնաց սև մթության հետ՝ նա ժամապահ էր: Նա նստել էր արևմտյան կամարին սեղմված և ժամանակ առ ժամանակ ակամա նայում էր միջանցքի ներսը: Նրան թվում էր, որ այդ միջանցքով, Մորիայի խորքերից բարձրանալով, քարանձավ է սողոսկում քարացնող վախը. նրա ճակատը պատվում էր սառը քրտինքով, և ճակատը մաքրելիս Ֆրոդոն սարսափով զգաց, որ իր ձեռքը սառցակտոր է հիշեցնում: Ժամապահության երկու ժամվա ընթացքում, որ նրան տարիներ թվացին, ուշադիր լսում էր մեռյալ լռությունը, սակայն բացարձակապես ոչինչ, նույնիսկ բոբիկ ոտքերի քստքստոց չլսեց: Միաժամանակ նինջը հաղթում էր նրան: Հերթապահության վերջում, երբ նորից միջանցք նայեց, նրան թվաց, որ քարանձավին են մոտենում երկու հազիվ նշմարելի առկայծող կրակներ: Նա սարսռաց, աչքերը փակեց, ու գլուխը թափահարեց: Հետո մի անգամ էլ նայեց միջանցք: Ոչ մի առկայծող կրակ այնտեղ չկար: «Խայտառակություն,— հանդիմանանքով ասաց նա ինքն իրեն,— երևի ուղղակի քնել եմ»: Նա վեր կացավ ու այլևս չնստեց, մինչև նրան փոխարինեց Լեգոլասը: Վերմակին հասնելով, նա անմիջապես քնեց և նորից նույն երազը տեսավ. իրեն թվում էր, որ ինքը քայլեր է լսում՝ բոբիկ ներբանների զգուշավոր քստքստոց, և տեսնում երկու առկայծող աչք, ու սրանք մոտենում են... Նա սարսափահար վեր թռավ՝ մոխրագույն լույսը լցվել էր քարանձավը, իսկ նրա ուղեկիցները ցածր ձայնով խոսում էին իրար հետ: — Բարի լույս,— նրան ասաց Գանդալֆը: — Քանզի աշխարհի վրա լուսավառվում է առավոտը և մեզ բարի լույս է բերում: Մենք հատել ենք Մորիական Թագավորությունը և մինչև երեկո հարկավոր է իջնել դեպի դարպասը, որ վերջապես դուրս գանք Սևագետքի հովիտը: — Այո, լավ կլիներ,— քրթմնջաց Ջիմլին: — Խավարի մեջ թաղված մեծ Մորիան ուզածդ քաջին կզարզանդեցնի: Եվ երևում է, Բալինը Մորիա չի մտել, թե չէ որևէ հետք կթողներ, չէ՞... Գանդալֆը որոշեց ցերեկային հանգիստ չտալ: — Բոլորիս հանգիստ է պետք,— ասաց նա Պահապաններին,— բայց մինչև Հայելու լիճը կեսօրվա ճանապարհ է: Եվ որքան հասկանում եմ, մեզանից ոչ ոք չի ուզում Մորիայում մի գիշեր ևս անցկացնել: — Ինչը ճիշտ է՝ ճիշտ է,— մրթմրթաց Բորոմիրը: — Ու՞ր ենք գնալու, արևե՞լք: — Առայժմ չգիտեմ,— պատասխանեց Գանդալֆը: — Ըստ իս, մենք դարպասից բարձր ենք ու հյուսիս ենք գտնվում, բայց այդ ճանապարհը գտնելն այնքան էլ հեշտ չէ: Սկզբում մեզ հարկավոր է հանգիստ շուրջն ուսումնասիրել: Հյուսիսային կամարն ամենալուսավորն է, եկեք նայենք հյուսիսային միջանցքը: Եթե կարողանանք հասնել մինչև պատուհան, ինձ պարզ կդառնա, թե որտեղ ենք գտնվում, և ես կորոշեմ ուր գնալ: Բայց, ցավոք սրտի, մորիական քարանձավներում պատուհանները, որպես օրենք, շատ բարձր տեղերում են: Պահապաններն արագ հավաքեցին ճամբարը, և Գանդալֆը նրանց տարավ հյուսիսային միջանցք: Մինջանցքը աջից էր լուսավորվում: Հարյուր-հարյուր հիսուն քայլ անցնելով, նրանք տեսան կիսաբաց դուռ, որի միջով լույս էր ընկնում միջանցք: Դռան հետևում քառակուսի սենյակ հայտնաբերվեց, որի պատուհանը արևելյան պատի մեջ էր բացված: Մթին սովորած ճամփորդները, ակամա աչքները փակելով, կանգ առան շեմին: Հետո զգուշորեն մտան սենյակ: Մոխրասև փոշու գորգով ծածկված ինչ-որ փխրուն բեկորներ տրորելով, ճամփորդները մոտեցան երեք կամ չորս թիզ բարձրությամբ մի քառակուսի քարի. սենյակի կենտրոնում այնպես տեղադրված, որ առաստաղից կպած փոքրիկ պատուհանից ընկնող լույսը լուսավորում էր սպիտակ մարմարե սալը, որը դրված էր մեծ քարի վրա: — Չլինի՞ գերեզման ենք գտել,— քրթմնջաց Ֆրոդոն և սոսկալի նախազգացումով կռացավ սալի վրա: Արագորեն նրան մոտեցավ Գանդալֆը: Սալը ծածկված էր տարօրինակ գաղտնագրերով՝ ռուներով: [[Պատկեր:Balin.jpg|200px|center|]] — Դա հին մորիերեն լեզվով է,— սալին նայելով, խոսեց հրաշագործը և ավելացրեց. — Սա շիրմաքար է և վրան փորագրված է. '''ԲԱԼԻՆ, ՈՐԴԻ ՖՈՒՆԴԻՆԻ, ԹԱԳԱՎՈՐ ՄՈՐԻԱՅԻ''' — Ուրեմն Բալինը նահատակվել է,— տխուր ասաց Ֆրոդոն: Ջիմլին կնգուղը քաշեց աչքերին: === Գլուխ հինգերորդ. Մորիայի կամուրջը === Պահապանները լուռ կանգնած էին գերեզմանի մոտ: