Ավելացվել է 15 256 բայտ,
15:06, 9 Հուլիսի 2015 {{Վերնագիր
|վերնագիր = Տասը հնդկացիներ
|հեղինակ = [[Էռնեստ Հեմինգուեյ]]
|թարգմանիչ = Սարգիս Փանոսյան
|աղբյուր = [[«XXրդ դարի արտասահմանյան արձակ»_(1_հատոր)]]
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Պատվածք]]
Հուլիսի չորսի<ref><i>Հուլիսի չորս</i>— Անկախության օրը․ ազգային տոն ԱՄՆ֊ում, որ նշվում է գրեթե բոլոր նահանգներում։</ref> ուշ երեկոյան, երբ Նիքը եւ Գարներների ընտանիքը քաղաքից տուն էին վերադառնում մեծ ֆուրգոնով, ճանապարհի վերցրին ինը հարբած հնդկացիների։ Նա հիշում էր՝ նրանք ինն էին, որովհետեւ մթնշաղին Ջո Գարները կանգնեցրեց ձիերին, ցատկեց ներքեւ ու մի հնդկացու բարձրացրեց անիվների առջեւից։ Նա քնած էր դեմքն ավազի մեջ թաղած։ Ջոն նրան քարշ տվեց դեպի ճանապարհամերձ թփուտները եւ կրկին վերադարձավ ֆուրգոն։
— Դա իններորդն էր,— ասաց Ջոն,— ինչ դուրս ենք եկել քաղաքից։
— Ա՜խ այդ հնդկացիները,— ասաց միսիս Գարները։
Նիքը ետեւի նստարանին էր՝ Գարների երկու տղաների հետ։ Ֆուրգոնի վերջից նա նայում էր այն հնդկացուն, որին Ջոն քարշ էր տվել ճանապարհից։
— Բիլլի Թեյբշոո՞ւն էր,— հարցրեց Կարլը։
— Ոչ։
— Այդպիսի տաբատ Բիլլին է հագնում։
— Բոլոր հնդկացիներն էլ միատեսակ տաբատներ են հագնում։
— Ես նրան չէի էլ տեսել,— ասաց Ֆրենկը։— Մինչ ես որեւէ բան կտեսնեի, հայրիկն արդեն իջել էր ու նորից բարձրացել ֆուրգոն։ Ինձ թվաց, թե ֆուրգոնն օձի վրայով է անցել։
— Կարծում եմ, որ հնդկացիներից շատերն այս գիշեր օձեր կտրորեն,— ասաց Ջո Գարները։
— Ա՜խ այդ հնդկացիները,— ասաց միսիս Գարները։
Նրանք շարունակեցին ուղին, որը թեքվեց գլխավոր ճանապարհից եւ բարձրացավ դեպի բլուրները։ Ձիերը դժվարությամբ էին քաշում։ Տղաներն իջան ֆուրգոնից ու ոտքով էին գնում։ Ճամփան ավազոտ էր։ Բլուրների բարձունքից Նիքը նայում էր դպրոցի շենքին։ Նա տեսնում էր Փիթոսքիի լույսերը, իսկ Լիթլ Թրավերս Բեյի ուղղությամբ երեւում էր Հարբոուր Սփրինգսը։ Նրանք կրկին բարձրացան ֆուրգոն։
— Մի քիչ մանրախիճ պետք է լցվի այս հատվածում,— ասաց Ջո Գարները։ Ֆուրգոնը գնում էր անտառամիջյան ճանապարհով։ Գարներ ամուսինները նստած էին առջեւի նստարանին։ Նիքը նստել էր երկւ տղաների միջեւ։ Ճանապարհն հարթվեց։
— Հենց այստեղ էր, որ հայրիկը ճզմեց ժանտաքիսին։
— Ավելի հեռվում էր։
— Ի՞նչ նշանակություն ունի, թե որտեղ էր,— առանց շրջվելու ասաց Ջոն։— Ամեն տեղ էլ հարմար է ժանտաքիս ճզմելու համար։
— Անցյալ գիշեր ես երկու ժանտաքիս տեսա,— ասաց Նիքը։
— Որտե՞ղ։
— Ներքեւում՝ լճի մոտ։ Նրանք սատկած ձկներ էին փնտրում լճափին։
— Երեւի ջրարջեր են եղել,— ասաց Կարլը։
— Ժանտաքիս էին։ Համոզված եմ։ Ես տարբերում եմ նրանց։
— Չես իմանա,— ասաց Կարլը։— Դու մի հնդկացի աղջկա ետեւից ես վազում։
— Վե՛րջ տուր այդ խոսակցությանը, Կա՛րլ,— ասաց միսիս Գարները։
— Ասենք, նրանցից նույն հոտն է փչում։
Ջո Գարները ծիծաղեց։
— Հերի՛ք է ծիծաղես, Ջո՛,— ասաց միսիս Գարները։— Ես չեմ ուզում, որ Կարլը այդպես խոսի։
— Դու հնդկացի աղջիկ ունե՞ս, Նիքի՛,— հարցրեց Ջոն։
— Ոչ։
— Այո, հայրի՛կ,— ասաց Ֆրենկը։— Փրյուդենս Միտչելը նրա աղջիկն է։
— Ոչ։
— Նա ամեն օր գնում է նրան տեսնելու։
— Չեմ գնում։— Խավարում երկու տղաների միջեւ նստած, Նիքը ներքուստ իրեն երջանիկ զգաց՝ Փրյուդենս Միտչելի համար բորբոքվելով։— Նա իմ աղջիկը չէ,— ասաց նա։
— Սրա՜ն տեսեք,— ասաց Կարլը։— Ես ամեն օր նրանց միասին եմ տեսնում։
— Կարլը չի կարողանում մի աղջիկ գտնել,— ասաց նրա մայրը։— Նույնիսկ հնդկացի։
Կարլը լուռ էր։
— Կարլը լեզու չի գտնում աղջիկների հետ,— ասաց Ֆրենկը։
— Ձայնդ կտրի՛ր։
— Դու ճիշտ ես, Կա՛րլ,— ասաց Ջո Գարները։— Աղջիկները դեռ երբեք որեւէ լավ բանի չեն հասցրել։ Օրինակ վերցրու հորիցդ։
— Դու հիմա ես այդպես խոսում,— ֆուրգոնը ցնցվեց եւ միսիս Գարները հրվեց դեպի ամուսինը։— Իսկ ժամանակին բազմաթիվ աղջիկներ ունեիր։
— Ես գրազ կգամ, որ հայրիկը երբեք հնդկուհի չի ունեցել։
— Դու այդպես մի՛ մտածիր,— ասաց Ջոն։— Ավելի լավ է, ձեռքիցդ բաց չթողնես Փրյուդիին, Նի՛ք։
Կինը շշուկով նրան ինչ֊որ բան ասաց, եւ Ջոն ծիծաղեց։
— Ինչո՞ւ եք ծիծաղում,— հարցրեց Ֆրենկը։
— Չասե՛ս, Գարնե՛ր,— զգուշացրեց կինը։ Ջոն նորից ծիծաղում էր։
— Նիքին կարող է պահել իր աղջկան,— ասաց Ջո Գարները։— Իմ կինն էլ վատ աղջնակ չէ։
— Խոսելու ուրիշ նյութ չկա՞,— ասաց միսիս Գարները։
Ավազի մեջ ձիերը դժվարությամբ էին քաշում։ Խավարում Ջոն թափահարում էր մտրակը։
— Առա՜ջ, շարժվե՜ք։ Վաղն ավելի դժվար է լինելու։
Ֆուրգոնը ցնցելով՝ ձիերը երկար բլուրի վրայով ներքեւ սլացան։ Ագարակի մոտ բոլորն իջան։ Միսիս Գարները բացեց դուռը, ներս մտավ եւ շուտով վերադարձավ լամպը ձեռքին։ Ֆուրգոնի ետնամասից Նիքը եւ Կարլը բեռներն էին իջեցնում։ Ֆրենկը նստեց առջեւի նստարանին, ֆուրգոնը քշեց դեպի ցախատուն եւ արձակեց ձիերին։ Նիքը աստիճաններով վեր բարձրացավ եւ բացեց խոհանոցի դուռը։ Միսիս Գարները վառարանն էր վառում։ Նա կերոսին էր լցնում փայտերի վրա։
— Ցտեսություն, միսի՛ս Գարներ,— ասաց Նիքը։— Շնորհակալ եմ ինձ ձեզ հետ վերցնելու համար։
— Դատարկ բան է, Նիքի՛։
— Ես հրաշալի ժամանակ անցկացրի։
— Մեզ հաճելի է քո ներկայությունը։ Չէի՞ր մնա ընթրիքին։ Որեւէ բան կուտեիր։
— Ավելի լավ է գնամ։ Հայրիկն հիմա ինձ է սպասում։
— Դե, գնա։ Կարլին ուղարկիր տուն, լա՞վ։
— Շատ լավ։
— Ցտեսություն, Նիքի՛։
— Ցտեսություն, միսի՛ս Գարներ։
— Նիքը դուրս եկավ բակ եւ գնաց ցախատուն։ Ջոն եւ Ֆրենկը կովերին էին կթում։
— Բարի՛ գիշեր,— ասաց Նիքը։— Ես գերազանց ժամանակ անցկացրի։
— Բարի՛ գիշեր, Նիքի՛,— ասաց Ջո Գարները։— Չե՞ս մնալու ընտրիքին։
— Ոչ։ Չեմ կարող։ Կարլին ասեք, որ մայրը կանչում է։
— Լավ։ Բարի գիշեր, Նիքի՛։
Նիքը ոտաբոբիկ քայլում էր ցախատնից ներքեւ գտնվող մարգագետնի արահետով։ Արահետը հարթ էր։ Ցողը սառեցնում էր մերկ ոտքերը։ Մարգագետնի վերջում նա մագլցեց ցանկապատը, անցավ փոքրիկ հեղեղատով։ Ոտքերը թրջվել էին ճահճաջրից։ Հետո նա բարձրացավ հաճարենու չոր անտառով, մինչեւ երեւացին առանձնատան լույսերը։ Նա անցավ ցանկապատի վրայով եւ շրջանցելով տունը՝ գնաց դեպի սանդղամուտքը։ Պատուհանից տեսավ, որ հայրը, սեղանի մոտ նստած, գիրք է կարդում մեծ լամպի լույսի տակ։ Բացեց դուռը եւ ներս մտավ։
— Դե, Նիքի՜,— ասաց նրա հայրը,— լա՞վ օր էր այսօր։
— Ես չտեսնված ժամանակ անցկացրի, հայրի՛կ։ Չտեսնված օր էր հուլիսի չորսը։
— Քաղցա՞ծ ես։
— Այն էլ ինչպես։
— Որտե՞ղ են կոշիկներդ։
— Թողեցի Գարներների մոտ՝ ֆուրգոնում։
— Գնա խոհանոց։
Հայրը լամպը ձեռքին առաջնորդեց նրան։ Նիքը մտավ խոհանոց։ Հայրը բարձրացրեց սենյակային սառնարանի կափարիչը, ափսեով հավի մի կտոր սառած միս, սափորով կաթ բերեց ու դրեց սեղանին՝ Նիքի առաջ։
— Մի քիչ էլ կարկանդակ կա,— ասաց նա։— Այդքանը քեզ բավակա՞ն է։
— Միանգամայն։
Հայրը նստեց աթոռին՝ մոմլաթով ծածկված սեղանի մոտ։ Նա հսկայական ստվեր էր գցել խոհանոցի պատին։
— Ո՞վ շահեց գնդակախաղը։
— Փիթոսքին։ Հինգով երեք։
Հայրը նստած հետեւում էր նրա ուտելուն եւ սափորից կաթ լցնում նրա բաժակը։ Նիքը խմեց եւ անձեռոցիկով սրբեց բերանը։ Հայրը մոտեցավ պահարանին։ Նա Նիքի համար մի մեծ կտոր կարկանդակ կտրեց։ Հապալասով կարկանդակ էր։
— Ինչո՞վ ես զբաղվել, հայրի՛կ։
— Առավոտյան գնացել եմ ձկնորսության։
— Եվ ի՞նչ։
— Միայն պերկես<ref><i>Պերկես</i>— ձկան տեսակ։</ref>։
Հայրը նստեց։ Նա նայում էր, թե Նիքն ինչպես է ուտում կարկանդակը։
— Ի՞նչ ես արել այս երեկո,— հարցրեց Նիքը։
— Գնացել էի զբոսնելու հնդկական ավանում։
— Որեւէ մեկին տեսա՞ր։
— Բոլոր հնդկացիները գնացել էին քաղաք՝ հարբելու։
— Ընդհանրապես ոչ մեկին չտեսա՞ր։
— Փրյուդիին՝ քո բարեկամին տեսա։
— Որտե՞ղ էր նա։
— Անտառում էր՝ Ֆրենկ Ուոշբարնի հետ։ Պատահաբար հանդիպեցի։ Նրանք վատ ժամանակ չէին անցկացնում։
Հայրը չէր նայում նրան։
— Ի՞նչ էին անում նրանք այնտեղ։
— Ես չմնացի իմանալու։
— Ասա՛ ինձ, ի՞նչ էին անում նրանք այնտեղ։
— Չգիտեմ,— ասաց հայրը։— Ես միայն լսեցի, թե նրանք ինչպես էին բզզում։
— Ինչպե՞ս իմացար, որ նրանք են։
— Ես տեսա նրանց։
— Կարծեմ, դու ասացիր, որ չտեսար։
— Օ՜, ո՜չ։ Ես տեսա նրանց։
— Ո՞վ էր նրա հետ։
— Ֆրենկ Ուոշբարնը։
— Նրանք… նրանք…
— Նրանք ի՞նչ։
— Նրանք ուրա՞խ էին։
— Երեւի այո։
Հայրը դուրս գնաց խոհանոցից։ Երբ վերադարձավ, Նիքը նայում էր ափսեի հատակին։ Նա լաց էր եղել։
— Մի փոքր էլ կուզե՞ս։— Հայրը վերցրեց դանակը, որպեսզի կարկանդակ կտրի։
— Ոչ,— ասաց Նիքը։
— Ավելի լավ է մի կտոր էլ ուտես։
— Ոչ, էլ չեմ ուզում։
Հայրը հավաքեց սեղանը։
— Անտառի ո՞ր մասում էին նրանք,— հարցրեց Նիքը։
— Ավանից քիչ վերեւ։— Նիքը նայում էր ափսեի հատակին։— Ավելի լավ է գնաս քնելու։
— Լավ։
Նիքը գնաց իր սենյակը, հանվեց եւ մտավ անկողին։ Կողքի սենյակից նա լսում էր հոր ոտնաձայները։ Պառկեց՝ դեմքը բարձի մեջ թաղած։
— Իմ սիրտը փշրված է,— մտածում էր նա։— Ես զգում եմ, որ իմ սիրտը փշրված պետք է լինի։
Քիչ հետո նա լսեց, որ հայրը փչեց լամպը եւ գնաց իր սենյակը։ Նա լսում էր, որ դրսում՝ ծառերի մեջ, քամին է խաղում եւ զգում, որ ցուրտը ծածկոցափեղկերից ներս է սողոսկում։ Երկար պառկեց դեմքը բարձի մեջ թաղած եւ որոշ ժամանակ անց, մոռանալով Փրյուդենսի մասին մտածել, վերջապես քնեց։ Կեսգիշերին, երբ վեր կացավ, լսեց առանձնատան կողքի հաճարենիների մեջ թափառող քամու ոռնոցը, լճափից եկող ալեկոծությունը եւ նորից գնաց քնելու։
Առավոտյան ուժեղ քամի էր փչում․ ալիքները վազում էին դեպի ափը։ Եվ նա երկար ժամանակ արթուն պառկեց, մինչեւ հիշեց, որ իր սիրտը փշրված էր։