Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 7336 բայտ, 00:52, 14 Հուլիսի 2015
/* Գլուխ իներորդ. Շելոբի որջը */
=== Գլուխ իներորդ. Շելոբի որջը ===
Գուցե իսկապես ցերեկ էր, ինչպես հավատացնում էր Գոլլումը, բայց հոբիթների համար այն գրեթե չէր ոչնչով տարբերվում գիշերից. երևի միայն ծանր երկինքը գլխավերևում արդեն այնքան էլ անթափանց սև չէր թվում:Այժմ այն ավելի շատ ծխից հյուսված ցածր տանիք էր հիշեցնում: Համատարած խավարի փոխարեն, որը դեռ պահպանվում էր ճեղքերում ու ձորերում, Մութ Երկիրը պարուրված էր մոխրագույն, մառախլապատ մթնշաղով: Հոբիթները ձեռք ձեռքի տված քայլում էին Գոլլումի հետևից նեղ, երկար իջվածքի հատակով, որի երկու կողմերում ցցված էին կոպիտ արձաններ հիշեցնող վիթխարի քարաբեկորներ ու սյուներ: Շուրջը խոր լռություն էր տիրում: Առջևում, մոտ մեկ մղոն հեռավորության վրա, երևում էր հսկայական ժայռի մոխրագույն կտրվածքը՝ ուղղաձիգ ու բարձր: Այն աստիճանաբար մոտենում էր, մեծանում, մինչև որ վերջապես սև պատի պես ծածկեց ամբողջ աշխարհը: Ժայռի ստորոտը թաղված էր խիտ ստվերի մեջ: Սեմը հոտոտեց օդը և կնճռոտեց դեմքը:  — Թու՛, այ քեզ հոտ,— փնթփնթաց նա,— ուղղակի սպանում է: Ճամփորդները շարունակեցիին առաջ գնալ, և շուտով ժայռի ստվերը ծածկեց նրանց: Շուտով պատի մեջտեղում ուրվագծվեց թունելի սև բերանը:  — Ահա և թունելի մուտքը,— ցածր ասաց Գոլլումը: — Այստեղից սկսվում է անցումը: Նա չասաց, թե ինչպես էր կոչվում այդ անցումը: Իսկ այն կոչվում էր Թորեք Ունգոլ, կամ Շելոբի որջը: Նողկալի հոտը փչում էր հենց այնտեղից: Բայց դա նման չէր այն թեթև նեխահոտին, որ արձակում էին Մորգուլի մարգագետինները, ոչ, դա խիտ, ուժեղ գարշահոտ էր՝ ասես ներսում մի այնպիսի հրեշավոր գարշանքի կույտ էր նեխում, որը նույնիսկ անուն չունի:  — Սա միակ ճանապա՞րհն է, Սմեագորլ,— հարցրեց Ֆրոդոն: — Այո-այո,— արձագանքեց Գոլլումը,— հարկավոր է մտնել այստեղ: — Ուզում ես ասել, որ դու եղե՞լ ես էդ անցքի մեջ,— հարցրեց Սեմը: — Թու՛: Դե հա, քեզ համար գարշահոտությունն ի՜նչ խոչնդոտ է որ... Գոլլումի աչքերը չարագուշակ փայլատակեցին: — Նա չգիտի, թե ինչն է մեզ համար խոչնդոտ, ճի՞շտ է, իմ սքանչելի: Ոչ, իհարկե չգիտի: Ուղղակի Սմեագորլը համբերատար է, այո-սսս: Այո, նա եղել է այստեղ, անցել է դրա միջով մի կողմից մյուսը, այո: Այլ ճանապարհ չկա: — Իսկ ի՞նչն է էնտեղ էսպես նողկալի հոտ արձակում,— հարցրեց Սեմը: — Ասես... Ոչ, ավելի լավ է ոչինչ չասեմ: Հավանաբար օրքերի ինչ-որ աղբանոց է, որտեղ նրանք մի հարյուր տարի չեմ ասի թե ինչ աղբ են կուտակել:  — Օրքերի է, թե ոչ, ոչինչ չենք կարող անել,— ասաս Ֆրոդոն: — Եթե այլ ճանապարհ չկա, ուրեմն մեզ այստեղ է պետք: Հոբիթները խորը շունչ քաշեցին և մտան ներս: Մի քանի քայլ հետո նրանց կլանեց զարհուրելի և անլույս խավարը: Մորիայից հետո հոբիթներն այդպիսի մթության մեջ չէին հայտնվել, թեև այստեղ, եթե միայն դա հնարավոր է, խավարն ավելի սև խիտ էր թվում: Մորիայում գոնե միջանցուկ քամիներ կային, քայլերն արձագանքում էին ու տարածության զգացում ստեղծում, իսկ այստեղ ոչինչ չկար, բացի ծանր գարշահոտությամբ հագեցած խավարից, որում խլանում էր ցանկացած ձայն: Նրանք դանդաղ գնում էին սև, խիտ մշուշի միջով, որն ասես առաջանում էր հենց խավարից, և երբ հոբիթները փորձում էին շունչ քաշել, այդ գարշահոտ մշուշը ոչ միայն նրանց աչքերն էր կուրացնում, այլև հոգին. այն ջնջում էր գույների, ձևերի և լույսի մասին բոլոր հիշողությունները: Միայն հավերժական գիշեր, որը միշտ եղել է ու կլինի, և չկա ուրիշ ոչինչ, բացի գիշերից: Բոլոր զգայարաններից մնացել էր էր միայն շոշափելիքը, և շուտով նրանց ձեռքերի մատներն ու ոտնաթաթերը ցավագին զգայնություն ձեռք բերեցին: Ի զարմանս հոբիթների, պարզվեց, որ պատերը ողորկ են ու հարթ: Հատակը, բացառությամբ հազվադեպ հանդիպող կարճ աստիճանների, նույնպես հարթ էր և հաստատուն թեքությամբ բարձրանում էր: Դա բավական լայն, բարձր կամարներով թունել էր: Սեմն ու Ֆրոդոն գնում էին կողք կողքի, ձեռքները լայն պարզած՝ աշխատելով դիպչել թունելի պատերին, բայց շուտով կորցրին իրար և միմյանց դիպչել այլևս չէին կարողանում:  Գոլլումն առաջինն էր մտել թունել, և թվում էր, թե ամբողջ ժամանակ գնում է մի քանի քայլ առջևից: Սկզբում հոբիթները լսում էին նրա սուլող շնչառությունն ու հևոցը, բայց որոշ ժամանակ անց նրանց բոլոր զգայարանները բթացան՝ նույնիսկ շոշափելիքն ու լսողությունը: Անհավանական ջանքեր գործադրելով, հոբիթներն առաջ էին գնում՝ գործի դնելով իրենց ողջ կամքը. այն նույն կամքը, որը նրանց բերեց թունել և որն էլ առաջ էր մղում նրանց, որպեսզի դուրս բերի այնտեղից:  Երևի շուտով՝ երևի, որովհետև ժամանակն ու հեռավորությունը դադարել էին գոյություն ունենալ՝ Սեմը աջ կողմում պատի փոխարեն դատարկություն շոշափեց և հասկացավ, որ անցումը ճյուղավորվում է: Այնտեղի օդն այնքան էլ ծանր չէր, և մի պահ նույնիսկ թվաց, թե թեթև քամի է փչում, բայց նրանք կանգ չառան և շարունակեցին առաջ գնալ: 
Վստահելի
1342
edits