— Թու՛, այ քեզ հոտ,— փնթփնթաց նա,— ուղղակի սպանում է:
Ճամփորդները շարունակեցիին առաջ գնալ, և շուտով ժայռի ստվերը ծածկեց նրանց: Շուտով Քիչ անց պատի մեջտեղում ուրվագծվեց թունելի սև բերանը:
— Ահա և թունելի մուտքը,— ցածր ասաց Գոլլումը: — Այստեղից սկսվում է անցումը:
Նա չասաց, թե ինչպես էր կոչվում այդ անցումը: Իսկ այն կոչվում էր այն Թորեք Ունգոլ, կամ Շելոբի որջը: Նողկալի հոտը փչում էր հենց այնտեղից: Բայց դա նման չէր այն թեթև նեխահոտին, որ արձակում էին Մորգուլի մարգագետինները, ոչ, դա խիտ, ուժեղ գարշահոտ էր՝ ասես ներսում մի այնպիսի հրեշավոր գարշանքի կույտ էր նեխում, որը նույնիսկ անուն չունի:
— Սա միակ ճանապա՞րհն է, Սմեագորլ,— հարցրեց Ֆրոդոն:
— Իսկ ի՞նչն է էնտեղ էսպես նողկալի հոտ արձակում,— հարցրեց Սեմը: — Ասես... Ոչ, ավելի լավ է ոչինչ չասեմ: Հավանաբար օրքերի ինչ-որ աղբանոց է, որտեղ նրանք մի հարյուր տարի չեմ ասի թե ինչ աղբ են կուտակել:
— Օրքերի է, թե ոչ, ոչինչ չենք կարող անել,— ասաս ասաց Ֆրոդոն: — Եթե այլ ճանապարհ չկա, ուրեմն մեզ այստեղ է պետք:
Հոբիթները խորը շունչ քաշեցին և մտան ներս: Մի քանի քայլ հետո նրանց կլանեց զարհուրելի և անլույս անթափանց խավարը: Մորիայից հետո հոբիթներն այդպիսի մթության մեջ չէին հայտնվել, թեև այստեղ, եթե միայն դա հնարավոր է, խավարն ավելի սև խիտ էր թվում: Մորիայում գոնե միջանցուկ քամիներ կային, քայլերն արձագանքում էին ու տարածության զգացում ստեղծում, իսկ այստեղ ոչինչ չկար, բացի ծանր գարշահոտությամբ հագեցած խավարից, որում խլանում էր ցանկացած ձայն: Նրանք դանդաղ գնում էին սև, խիտ մշուշի միջով, որն ասես առաջանում էր հենց խավարից, և երբ հոբիթները փորձում էին շունչ քաշել, այդ գարշահոտ մշուշը ոչ միայն նրանց աչքերն էր կուրացնում, այլև հոգին. այն ջնջում էր գույների, ձևերի և լույսի մասին բոլոր հիշողությունները: Միայն հավերժական գիշեր, որը միշտ եղել է ու կլինի, և չկա ուրիշ ոչինչ, բացի գիշերից:
Բոլոր զգայարաններից մնացել էր էր միայն շոշափելիքը, և շուտով նրանց ձեռքերի մատներն ու ոտնաթաթերը ցավագին զգայնություն ձեռք բերեցին: Ի զարմանս հոբիթների, պարզվեց, որ պատերը ողորկ են ու հարթ: Հատակը, բացառությամբ հազվադեպ հանդիպող կարճ աստիճանների, նույնպես հարթ էր և հաստատուն թեքությամբ բարձրանում էր: Դա բավական լայն, բարձր կամարներով թունել էր: Սեմն ու Ֆրոդոն գնում էին կողք կողքի, ձեռքները լայն պարզած՝ աշխատելով դիպչել թունելի պատերին, բայց շուտով կորցրին իրար և միմյանց դիպչել այլևս չէին կարողանում: