Changes

Սարյակ մի սպանիր․․․

Ավելացվել է 47 936 բայտ, 19:11, 17 Հուլիսի 2015
/* Գլուխ 28 */
== Գլուխ 28 ==
 
Դեռ երբեք հոկտեմբերի վերջին օրն այսպես տաք չէր եղել։ Մենք նույնիսկ բաճկոններ չէինք հագել։ Քամի բարձրացավ, և Ջիմն ասաց՝ վերադարձին, հավանորեն, անձրևի տակ կընկնենք։ Լուսին չկար։ Անկյունի փողոցային լապտերը սև ստվեր էր նետել Ռեդլիների տան վրա։ Ջիմը կամացուկ ծիծաղեց։
 
― Արի գրազ գանք, որ այսօր ոչ ոք նրանց չի անհասգստացնի,— ասաց նա։
 
Ջիմի ձեռքին իմ զգեստն էր, որը բավական անհարմար էր բռնելու համար։ Այնուամենայնիվ մեր Ջիմն ի՜նչ բաբեկիրթ տղա է։
 
― Բայց, միևնույն է, այստեղ սարսափելի է, ճի՞շտ է,— ասացի ես։— Զարզանդն, իհարկե, ոչ ոքի վատ բան չի անի, բայց ես ուրախ եմ, որ դու ինձ հետ եկար։
 
― Իսկ մի՞թե Ատտիկուսը կթողներ, որ դու մենակ գայիր,— ասաց Ջիմը։
 
― Իսկ ինչո՞ւ ոչ։ Այստեղ ընդամենը պետք է թեքվել անկյունը և անցնել բակը։
 
― Դպրոցական բակը շատ մեծ է, փոքրիկ աղջիկներին չի կարելի մութ ժամանակ այնտեղով անցնել,— ձեռք առավ Ջիմը։— Կամ գուցե դու չե՞ս վախենում ուրվականներից։
 
Մենք հռհռացինք։ Մենք վաղուց արդեն մեծ ենք։ Ուրվականներ, չարքեր, կախարդություն, գաղտնի նշաններ, այդ բոլորը հալվել էին ինչպես մշուշն արևածագին։
 
― Ի՞նչ էինք ասում այն ժամանակ,— ասաց Ջիմը։― Կենդանի եմ, մեռած չեմ, իմ հոգու լույս, կյանքս ինձ բաշխիր, ինձ մի խեղդիր։
 
― Լռի՛ր,— ասացի ես։ Մենք հիմա անցնում էինք Ռեդլիների տան մոտով։
 
Ջիմն ասաց,
 
― Երևի Զարզանդը տանը չէ։ Հապա ականջ արա։
 
Բարձրում, մեր գլխի վերև խավարի մեջ, մենավոր մի սարյակ երգում էր իրար ետևից իր բոլոր երգերը, նա չէր էլ կասկածում, թե ում ծառին է նստած, նա մեկ շվշվացնում էր երաշտահավի պես, մեկ ծվում զայրացած ճայի նման, մեկ դառը գանգատվում ինչպես այծկիթը։
 
Մենք թեքվեցինք անկյունը, իմ ոտքը դիպավ արմատի, և ես սայթաքեցի։ Ջիմն ուզեց ինձ պահել, բայց միայն իմ զգեստը գցեց փոշիների մեջ։ Ես, այնուամենայնիվ, վայր չընկա, և մենք առաջ գնացինք։
 
Հետո մենք թեքվեցինք դպրոցի բակը։ Այնտեղ մութ էր, մատը խրեին աչքդ, չէիր իմանա։
 
Ջի՛մ, իսկ դու ի՞նչ գիտես, թե մենք որ կողմը պիտի գնանք,— հարցրի ես մի քանի քայլ գնալուց հետո։
 
― Մենք հիմա գտնվում ենք մեծ կաղնու տակ, զգո՞ւմ ես, այստեղ զով է։ Զգո՛ւյշ եղիր, տես, որ նորից չսայթաքես։
 
Մենք հիմա գնում էինք դանդաղ, համարյա խարխափելով, որպեսզի ծառին չդիպչենք։ Այդ մենավոր կաղնին ծեր էր, շատ ծեր։ Մենք երկուսով միասին ոչ մի կերպ չէինք կարող գրկել այն։ Ծառը կանգնած էր հեռու ուսուցիչներից, զրպարտիչներից և հետաքրքրասեր հարևաններից, ճիշտ է, նրա մոտ Ռեդլիներն էին ապրում, բայց Ռեդլիները իրենց քիթը չէին խոթում ուրիշի գործերի մեջ։ Եվ նրա ստվերի տակ այնքան կռիվներ էին եղել, զառի արգելված խաղամարտեր, որ այդտեղ հողը քարի պես ամուր էր։
 
Առջևում փայլփլում էին դպրոցական դահլիճի պատուհանները, բայց նրանք մեզ միայն կուրացնում էին։
 
― Առաջ մի՛ նայիր։ Մեծաչքանի,— ասաց Ջիմը։— Նայիր ոտքերիդ առաջ, այդ դեպքում չես ընկնի։
 
― Դու իզուր չվերցրիր լապտերդ, Ջիմ,— ասացի ես։
 
― Ես չգիտեի, որ այսպես մութ կլինի։ Կարծում էի, դեռ կարող ենք տեսնել։ Ամպերն են մեղավոր։ Հավանական է, շուտ էլ չցրվեն։
 
Եվ այդտեղ ինչ֊որ մեկը ցատկեց մեր դիմաց։ Ջիմը որ չբղավե՜ց։
 
Մեր դեմքերին լույս դիպավ, Սեսիլ Ջեյկոբսն էր մեզ վրա ուղղել իր լապտերի լույսը և ինքն էլ, պարում էր հրճվանքից։
 
― Ահա՜, բռնվեցիք,— աղաղակում էր նա։— Ես այդպես էլ գիտեի, որ դուք այս ճանապարհով կգաք։
 
— Դու այստեղ միայնակ ի՞նչ ես անում։ Մի՞թե չես վախենում Զարզանդ Ռեդլիից։
 
Ծնողները Սեսիլին բարեհաջող բերել հասցրել էին դրպրոց, նա տեսնում է, որ մենը դեռ չենք եկել, գալիս է դեպի կաղնին՝ նա հաստատ գիտեր, որ մենք այդ ճանապարհով կգանք։ Միայն կարծել էր, թե Ատտիկուսը մեզ կուղեկցի։
 
― Այդ էր պակաս։ Մեր ամբողջ ճանապարհը միայն անկյունը թեքվելն է,— ասաց Ջիմը։— Այստեղ վախենալու ի՞նչ կա։
 
Բայց, այնուամենայնիվ, այս լավ ստացվեց Սեսիլի մոտ։ Նա մեզ իսկապես որ վախեցրեց և հիմա իրավունք ուներ այդ բանը տարածելու դպրոցով մեկ։
 
― Լսի՛ր,— ասացի ես,— չէ՞ որ դու այսօր կով ես։ Ո՞ւր է քո զգեստը։
 
― Այնտեղ, բեմի ետևում։ Միսիս Մերրիուեզերր ասում է՝ կենդանի պատկերը դեռ շուտ չի լինի։ Դու քո զգեստը տար դիր բեմի ետևը, իմ զգեստի մոտ, Մեծաչքանի, և արի գնանք երեխաների մոտ։
 
Ջիմն ուրախացավ, դրանից լավ էլ ի՞նչ կարող էր ուզել, ես մենակ չեմ լինի։ Դա նշանակում էր, որ նա կարող է լինել իրեն հասակակից տղաների հետ։
 
Երբ մենք մտանք դահլիճ, արդեն ամբողջ Մեյկոմբը այնտեղ էր, չկային միայն Ատտիկուսը, տիկնայք, որոնք ուժասպառ էին եղել դպրոցը զարդարելով, և աղանդավորներն ու ճգնավորները։ Այդտեղ կարծես հավաքվել էր ամբողջ գավառը։ Նախասրահը լեփ֊լեցուն էր շրջակայքի զուգված֊զարդարված բնակիչներով։ Առաջին հարկում, լայն միջանցքի երկու կողմերում, կազմակերպված էին այլևայլ զվարճալիքներ, ամենուրեք խռնվել էր ժողովուրդը։
 
― Օ՛յ, Ջիմ, ես մոռացա դրամ վերցնել։
 
― ԴՂու մոռացել ես, բայց Ատտիկուսը չի մոռացել,— ասաց Ջիմը։— Ահա, վերցրու այս երեսուն ցենտը, վեց ժետոնի համար։ Դեհ, առայժմ։
 
― Շատ բարի,— ասացի ես շատ գոհ, որ ունեմ երեսուն ցենտ և որ ինձ հետ է Սեսիլը։
 
Ես և Սեսիլը կողքի դռնով անցանք դահլիճ, իսկ այնտեղից էլ բեմի ետևը։ Ես ազատվեցի իմ բեմական զգեստից և շտապ փախա, քանի ինձ չէր նկատել միսիս Մերրիուեզերը, նա կանգնած էր մի փոքր սեղանի մոտ, առաջին շարքի առաջ, և շտապ֊շտապ իր ծոցատետրի մեջ ինչ֊որ խազմզում ու ուղղումներ էր մտցնում։
 
― Դու ինչքա՞ն դրամ ունես,— հարցրի ես Սեսիլին։
 
Նրա մոտ նույնպես երեսուն ցենտ գտնվեց, նշանակում է, մենք հավասար էինք։ Առաջին հերթին մենք սարսափի սենյակում ծախսեցինք հինգական ցենտ, բայց այնտեղ իսկի չվախեցանք՝ մենք մտանք խավարաչին յոթերորդ դասարանը, և ժամանակավորապես այստեղ տեղավորված վամպիրը մեզ տարավ պատերի երկարությամբ և հրամայեց ձեռք տալ զանազան անհասկանալի առարկաների, հավատացնելով, որ դրանք մարդու մարմնի զանազան մասեր են։
 
― Ահա՛ աչքերը,— ասաց վամպիրը, և մենք շոշափեցինք ափսեի մեջ խաղողի երկու հատիկ, առանց մաշկի։
 
― Ահա՛ սիրտը,— շոշափելիս այն հիշեցնում էր հում լյարդ։
 
― Ահա՛ նրա աղիքները,— և վամպիրը մեր ձեռքերը կոխեց սառը մակարոնով լի ափսեի մեջ։
 
Մենք ճաշակեցինք էլի մի քանի զվարճություններ՝ գնեցինք մեկական փոքրիկ տոպրակ հիանալի համեղ թխվածք, որով հռչակված էր միսիս Թեյլորը։ Ես ուզեցի բախտս փորձել՝ բերանով բռնել օշարակի մեջ լողացող խնձորը, բայց Սեսիլն ասաց՝ դա հակաառողջապահական է։ Նրա մայրիկն ասել է, որ այդպես կարելի է վարակվել, չէ՞ որ միայն ես չեմ փորձում։
 
― Այժմ մեզ մոտ, Մեյկոմբում ոչ մի վարակ չկա,— վիճեցի ես։
 
Բայց Սեսիլը պնդեց, նրա մայրն ասել է՝ պետք չէ մոտենալ այն ուտելիքին, որին արդեն ուրիշը դիպել է։ Ես հետո այդ մասին հարցրի Ալեքսանդրա հորաքրոջը, նա ասաց՝ այդպես մտածում են պատահական կերպով բարձր դիրքի հասած մարդիկ։
 
Մենք ուզում էինք պոմադկա կոնֆետ գնել, բայց այդտեղ մեզ մոտեցան միսիս Մերրիուեզերի սուրհանդակները և ասացին, որ գնանք, որովհետև շուտով պետք է բեմ դուրս գանք։ Դահլիճը մարդկանցով լցվեց․ ներքևում, բեմի առաջ, իր տեղը գրավեց Մեյկոմբի դպրոցական նվագախումբը։ Վառվեցին բեմեզրի կրակները, և կարմիր թավշյա վարագույրն ալեկոծվում էր ու ցնցվում ետևում բարձրացող իրարանցումից։
 
Բեմի ետևում ես և Սեսիլը ընկանք մի նեղ միջանցք, որ լեփ֊լեցուն էր մեծահասակներով՝ նրանք դրել էին ինքնագործ եռանկյունի գլխարկներ, կոնֆեդերատների բանակի և իսպանական պատերազմի ժամանակվա գդակներ և համաշխարհային պատերազմի ժամանակվա սաղավարտներ։ Զգեստավորված երեխաները, որոնք պետք է պատկերեին գյուղական տնտեսության բազմապիսի բարիքները, խռնվել էին փոքրիկ լուսամուտի առաջ։
 
― Ինչ֊որ մեկը ճխլտել է իմ զգեստը,— աղիողորմ ճչացի ես։
 
Վազելով եկավ միսս Մերրիուեզերը, կարգի բերեց ցանցը և ինձ խցկեց նրա մեջ։
 
― Կենդանի՞ ես, Մեծաչքանի,— հարցրեց Սեսիլը։— Քո ձայնը կարծես գետնի տակից է գալիս։
 
― Քո ձայնն էլ,— ասացի ես։
 
Նվագախումբն սկսեց նվագել հիմնը, և լսելի եղավ, որ բոլորը ոտքի ելան։ Հետո խփեց թուրքական թմբուկը։ Միսիս Մերրիուեզերը սեղանի ետևում կանգնած հայտարարեց․
 
― Մեյկոմբի շրջանը per aspera ad astra.
 
Նորից խփեց թուրքական թմբուկը։
 
— Սա նշանակում է,— տգետների համար թարգմանեց միսիս Մերրիուեզերը,— փշոտ ճանապարհով դեպի աստղերը։— Եվ հայտնի չէ ինչու ավելացրեց։— Կենդանի պատկեր։
 
― Թե չէ առանց դրա չեն հասկանա,— շշնջաց Սեսիլը, բայց նրան անմիջապես սսկեցրին։
 
― Ամբողջ քաղաքն այդ գիտե,— հազիվ լսելի շշնջացի ես։
 
― Իսկ քաղաքից դուրս գտնվողնե՞րը,— ասաց Սեսիլը։
 
― Այդտեղ ձայներդ կտրե՛ք,— վրաներս բղավեց տղամարդու մի ձայն, և մենք լռեցինք։
 
Նորից զարկեց թուրքական թմբուկը։ Եվ միսիս Մերրիուեզերը հանդիսավոր, սգաձայն սկսեց պատմել Մեյկոմբ շրջանի մասին։
 
Ամբողջ նահանգում դա ամենահին շրջանն է, երբեմնի կազմում էր Միսսիսիպիի և Ալաբամայի տերիտորիայի մի մասը, սպիտակներից առաջին մարդը, որ ոտք է դրել այս կուսական անտառները, եղել է մեր ժառանգական գործերով դատավորի հինգերորդ պորտի նախապապը, որը և անհայտ կորել է։ Հետո այստեղ է եկել անվեհեր գնդապետ Մեյկոմբը, ի պատիվ որի և անվանված է մեր շրջանը։
 
Գեներալ Էնդրյու Ջեկսոնը նրան տվեց իշխանություն, բայց գնդապետ Մեյկոմբի անտեղի ինքնավստահությունը և կողմնորոշվելու անկարողությունը դժբախտության պատճառ դարձան այն բոլորի համար, ովքեր նրա հետ մասնակցում էին Գետակ ցեղի հնդկացիների դեմ մղված ճակատամարտերում։ Գնդապետ Մեյկոմբը ցանկանում էր ինչ գնով ուզում է լինի այս շրջանը նվաճել դեմոկրատիայի համար, բայց առաջին արշավանքը նրա համար եղավ վերջինը։ Բարեկամ ցեղի հնդկացի սուրհանդակի միջոցով նա հրաման էր ստացել՝ շարժվել դեպի հարավ։ Հարավն իմանալու համար գնդապետը կողմնորոշվում է ծառերի վրայի քարաքոսով, իսկ ստորադրյալներին, որոնք ցանկանում էին ցույց տալ նրա սխալը, թույլ չի տալիս բերան բանալ և արշավում է թշնամուն ջախջախելու հաստատ մտադրությամբ, բայց դրա փոխարեն նա իր զորքը տանում է հյուսիս-արևմուտք, անանցանելի թավուտները, և շատ ուշ միայն, նրանց այնտեղից դուրս են բերում երկրի խորքը թափանցած նորաբնակները։
 
Միսիս Մերրիուեզերը գնդապետ Մեյկոմբի սխրագործությունների մասին պատմեց ամբողջ կես ժամ, իսկ այդ ընթացքում ես մի գյուտ արեցի․ եթե ծնկներս ծալեմ, ոտքերս կարող են հագուստիս մեջ տեղավորվել, և այդ դեպքում կարելի կլինի մի կերպ նստել։ Ես նստել էի, լսում էի միսիս Մերրիուեզերի միալար բզզոցը, որին մերթ ընդ մերթ միանում էր նաև թմբուկի դղրդյունը, և աննկատելի քնեցի խոր քնով։
 
Հետո ինձ պատմեցին, թե ինչ էր եղել հետագայում․ միսիս Մերրիուեզերը մոտենում է հոյակապ եզրափակիչ մասին՝ «Ազդրամա՛ս»,— ղունղունում է նա հանգիստ և վսաահորեն, քանի որ թե՛ սոճին և թե՛ մոմագույն լոբին ներկայանում են վայրկենապես։ Մի փոքր սպասելուց հետո կանչում է ավելի բարձր՝ «Ազդրամաս», բայց ոչ ոք չի ներկայանում, և այն ժամանակ նա գոռում է ամբողջ ուժով՝ «Ազդրամա՛ս»։
 
Հավանական է, ես քնիս մեջ եմ լսել նրան, բայց կարող է պատահել, որ ինձ արթնացրել է նվագախումբը— այն կատարում էր հարավային նահանգների հիմնը, բայց ես իմ հանդես գալու համար ընտրեցի հենց այն րոպեն, երբ միսիս Մերրիուեզերը բեմի վրա հանդիսավոր պարզեց պետական դրոշը։ Ոչ թե ընտրեցի, այլ ուղղակի ցանկացա լինել բոլորի հետ։
 
Ինձ հետո պատմեցին, որ դատավոր Թեյլորը դուրս է ցատկել դահճից, և այնպես է քահ֊քահ ծիծաղել ու խփել ծնկներին, որ միսիս Թեյլորը նույնիսկ նրան ջուր և դեղահատ է տվել։
 
Միսիս Մերրիուեզերի ջանքերը ապարդյուն չանցան, հաջողությունը հսկայական էր, բոլորը բղավում էին ու ծափահարում, բայց, միևնույն է, նա ինձ քարշ տվեց բեմի ետևը և ասաց, որ ես փչացրի նրա կենդանի պատկերը։ Ես պատրաստ էի գետինը մտնել, բայց այդ ժամանակ իմ ետևից եկավ Ջիմը և մխիթարեց։ Նա ասաց, այն տեղից, ուր նա նստած է եղել, ես նույնիսկ չեմ էլ երևացել։
 
Ես չեմ հասկանում, նա ինչպե՞ս կռահեց, թե ես որքան դժբախտ եմ, չէ որ ես դեռ զգեստի միջից դուրս էլ չէի եկել, բայց նա ասաց, որ ես ամեն ինչ արել եմ հենց այնպես, ինչպես պետք էր, ուղղակի մի փոքր ուշացել եմ, ահա և բոլորը։ Երբ որևէ անհաջողություն է լինում, Ջիմը այժմ կարողանում էր Ատտիկուսի նման մխիթարել։ Բայց Ջիմն էլ ինձ չկարողացավ համոզել, որ դահլիճից դուրս գամ, և համաձայնեց միասին սպասել կուլիսների ետևում, մինչև որ բոլորը դուրս գային դահլիճից։
 
― Ուզո՞ւմ ես հագիցդ հանել այդ բանը, Մեծաչքանի,- հարցրեց նա։
 
― Չեմ ուզում,— ասացի ես։— Այսպես էլ կգնամ։ Թող ոչ ոք ինձ չտեսնի, թե որքան վատ եմ զգում ինձ։
 
― Ձեզ տուն տանե՞մ,— հարցրեց ինչ֊որ մեկը։
 
― Ո՛չ, սը՛ր, շնորհակալություն,— ասաց Ջիմը։— Մենք մոտ ենք ապրում։
 
― Զգուշացեք ուրվականներից,— խորհուրդ տվեց դարձյալ նույն ձայնը։— Բայց ավելի ճիշտ, թող ուրվականները զգուշանան Մեծաչքանիից։
 
― Ահա, արդեն, համարյա ոչ ոք չկա,— ասաց Ջիմը։— Գնանք։
 
Մենք դահլիճով անցանք նախասենյակ և սանդուղքով իջանք։ Փողոցում առաջվա նման մութ֊մութ էր։ Մի քանի մեքենաներ դեռ չէին գնացել, բայց նրանք կանգնած էին դպրոցի մյուս կողմում, և նրանց լուսարձակներից մեզ քիչ օգուտ կար։
 
― Եթե որևէ մեկը մեքենայով մեր կողմը գալու լինի, մեր ճանապարհը կլուսավորի,— ասաց Ջիմը։— Լսի՛ր, Մեծաչքանի, արի ես քեզ բռնեմ ազդրի ոսկրից, որ հավասարակշռությունդ չկորցնես։
 
― Ես ամեն ինչ տեսնում եմ։
 
― Դե լավ, բայց կարող ես հանկարծ հավասարակշռությունդ կորցնել։
 
Մի թեթև բան ճնշեց գագաթս, երևի Ջիմը ձեռքը տարավ ազդրամասի ոսկորից բռնելու։
 
― Զգո՞ւմ ես։
 
― Ըհը․․․
 
Մենք գնում էին դպրոցի մութ բակով և ամբողջ ժամանակ նայում էինք ոտքներիս տակ, բայց ոչինչ չէր երևում։
 
― Ջիմ,— ասացի ես,— ախր կոշիկներս մոռացել եմ, մնացել են այնտեղ, բեմի ետևում։
 
― Դե լավ, ետ վերադառնանք։— Բայց մենք շուռ եկանք, թե չէ պատուհաններում լույսը մարեց։— Վաղը կվերցնես,— ասաց Ջիմը։
 
― Բայց չէ՞ որ վաղը կիրակի է,— առարկեցի ես, երբ Ջիմը ինձ շրջեց դեպի տան կողմը։
 
― Պահակին կխնդրես, նա քեզ ներս կթողնի․․․ Մեծաչքանի․․․
 
― Հը։
 
― Ո՛չ, ոչինչ։
 
Ջիմը երկար լուռ էր։ Հետաքրքիր է, ինչի մասին է մտածում։ Ինքը կասի, երբ որ ցանկանա, հավանաբար երբ հասնենք տուն։ Նրա ձեռքը սեղմեց իմ գագաթը, ըստ իս, շատ ուժեղ։ Ես թափահարեցի գլուխս։
 
― Ջիմ, դե, ինչո՞ւ ես դու․․․
 
― Լռի՛ր մի րոպե, Մեծաչքանի,— ասաց նա և ավելի ուժեղ սեղմեց ազդրի ոտիկը։ Դրանից հետո մենք գնում էինք լուռ։
 
― Մի րոպեն արդեն անցավ,— ասացի ես։— Այդ ինչի՞ մասին ես մտածում ամբողջ ժամանակ։— Ես շուռ եկա Ջիմի կողմը, բայց այնքան մութն էր, որ նրա դեմքը չէր երևում։
 
― Ես ինչ֊որ ձայն լսեցի,— ասաց նա։— Ապա մի սպասիր։
 
Մենք կանգ առանք։
 
― Ինչ ֊որ մի ձայն լսո՞ւմ ես,— հարցրեց Ջիմը։
 
― Ո՛չ։
 
Հինգ քայլ արած նա ինձ նորից կանգնեցրեց։
 
― Ջի՛մ, դու այդ ինչ է, ինձ վախեցնե՞լ ես ուզում։ Ես արդեն փոքր չեմ, ես․․․
 
― Կամա՛ց,— ասաց Ջիմը։ Եվ ես հասկացա, որ նա ինձ ձեռք չի առնում։
 
Խաղաղ երեկո էր։ Ես նույնիսկ լսում էի Ջիմի շնչառութչունը։ Երբեմն միայն մերկ ոտքերիս զգում էի զեփյուռի շոյանքը, իսկ չէ՞ որ դպրոց գնալիս ուժեղ քամի էր։ Այժմ ամեն ինչ հանդարտվել էր, ինչպես փոթորկից առաջ։ Մենք ականջ դրինք։
 
― Շունը սկսեց հաչել,— ասացի ես։
 
— Ո՛չ, այդ չէ,— ասաց Ջիմը։— Դա լսվում է այն ժամանակ, երբ մենք գնում ենք, իսկ հենց որ կանգնում ենք, չի լսվում։
 
― Իմ հագուստն է խշխշում։ Հա՜, գիտեմ, դու ինձ պարզապես ձեռք ես առնում, որովհետև այսօր այդպիսի օր է։
 
Դա ես ապացուցում էի ոչ թե Ջիմին, այլ ինձ, որովհետև հենց որ մենք քայլեցինք, ես հասկացա, ինչի մասին է նա ասում։ Իմ զգեստն այդտեղ ոչ մի դեր չէր խաղում։
 
― Այդ բոլորը Սեսիլն է,— մի փոքր անց ասաց Ջիմը։― Դեհ, այժմ արդեն նա մեզ խաբել չի կարող։ Դանդաղ գնանք, թող նա չմտածի, թե մենք վախենում ենք։
 
Հիմա մենք գնում էինք կրիայի քայլերով։ Ես հարցրին ինչպե՞ս է որ Սեսիլը մեր ետևից այսպիսի խավարի միջով գալիս, մեզ չի դիպել։
 
― Իսկ ես քեզ տեսնում եմ, Մեծաչքանի,— ասաց Ջիմը։
 
― Ոնց թե։ Իսկ ես քեզ չեմ տեսնում։
 
― Հագուստիդ վրայի ճարպի շերտերն են փայլում։ Միսիս Կրենշոն շերտերին լույս արձակող ներկ է քսել, որպեսզի փայլեն։ Ես քեզ շատ լավ եմ տեսնում, հավանական է, տեսնում է նաև Սեսիլը, ահա, նա գալիս է մեր ետևից։ Դե լավ, թող չմտածի, թե մեզ խաբեց։
 
Ես հանկարծ շուռ եկա և ամբողջ ձայնով գռռացի.
 
― Սեսիլ Ջեյկոբս, թրջված հա՜վ։
 
Մենք կանգ առանք։ Բայց Սեսիլը չպատասխանեց, միայն դպրոցի մոտ հնչեց արձագանքը՝ «հա՜վ»։
 
― Այ ես նրա,— ասաց Ջիմը,— հե-ե՜յ։
 
― Հե՜յ-եյ-եյ֊եյ,— արձագանքեց դպրոցը։
 
Սեսիլից սպասելի չէր, որ այդքան երկար համբերեր։ Երբ նրան որևէ խորամանկություն հաջողվում է, ապա նա այդ կրկնում է քառասուն անգամ։ Եթե Սեսիլը լիներ, հիմա վաղուց էր մեզ վրա ցատկել։
 
Ջիմը նորից ինձ կանգնեցրեց, հետո ասաց շատ կամացուկ.
 
― Մ եծաչքանի, այդ բանը կարո՞ղ ես վրայիցդ հանել։
 
― Կարող եմ, բայց ես հագիս համարյա ոչինչ չունեմ։
 
― Քո շրջազգեստը ինձ մոտ է։
 
― Այս խավարի մեջ հո չե՞մ կարող հագնել։
 
― Լավ,— ասաց նա,— ոչինչ։
 
― Ջիմ, դու վախենո՞ւմ ես։
 
― Ոչ։ Մենք հավանաբար կաղնու մոտ ենք։ Իսկ այնտեղից ընդամենը երկու քայլ ճանապարհ է։ Փողոցի լապտերն էլ երևում է։
 
Ջիմը դիտավորյալ խոսում էր դանդաղ, շատ միալար ձայնով։ Հետաքրքիր է, նա դեռ երկա՞ր է ինձ հեքիաթներ պատմելու Սեսիլի մասին։
 
― Արի երգենք, ի՞նչ կասես, հը՞, Ջիմ։
 
― Ոչ։ Հանդարտ, Մեծաչքանի, մի աղմկիր։
 
Մենք դարձյալ շարունակում էինք գնալ առաջվա նման դանդաղ։ Չէ՞ որ եթե արագ գնաս, անպայման մատդ կխփես քարին կամ էլ խիճ կընկնի ոտքիդ տակ։ Ջիմն այդ ինձանից լավ գիտեր և հիշում էր, որ ես բոբիկ եմ։ Գուցե քամին է սվսվում ծառերի մեջ։ Այո՛, բայց ոչ մի քամի էլ չկա, այստեղ ծառեր էլ չկան, միայն ու միայն ծեր կաղնին է։
 
Մեր ուղեկիցը քստքստացնելով քարշ էր տալիս ոտները, կարծես հագինը ծանր ոտնամաններ լինեին։ Եվ կտավե շալվար էր հագել։ Ես կարծում էի տերևներն էին խշխշում, այնինչ նրա շալվարն էր խշխշում ամեն մի քայլն անելիս։
 
Ոտքերիս տակ ավազը սառը դարձավ, նշանակում է մենք ընկուզենու տակն ենք։ Ջիմը սեղմեց իմ գագաթը։ Մենք կանգ առանք և ականջ դրինք։
 
Այս անգամ խշխշոցը շարունակվեց։ Կտավե շալվարը խշխշում էր ու խշխշում։ Հետո ամեն ինչ լռեց։ Հետո նա վազեց, նա վազում էր ուղղակի մեզ վրա, ծանր, անճոռնի, տղաները այդպես չեն վազում։
 
― Փախի՛ր, Մեծաչքանի, փախի՛ր,— գոչեց Ջիմը։
 
Ես մի մեծ քայլ արեցի և քիչ մնաց ընկնեմ, իմ ձեռքերը հաշվեք թե կապված էին, չորսբոլորը խավար, այդտեղ միթե հավասարակշռությունդ կկարողանաս պահել։
 
― Ջի՛մ, օգնիր։ Ջի՛մ։
 
Ինչ֊որ բան վրաս ճմլեց հագուստիս մետաղալարը։ Երկաթը չրխկաց երկաթին, ես ընկա գետնին և գլորվեցի հեռու։ Ես ամբողջ ուժով գալարվում էի, ինքս ինձ թափահաբում, աշխատելով դուրս պրծնել իմ վանդակից։ Ինչ֊որ տեղ, հենց կարծես իմ կողքին կռվում էին ոտքերով ու ամբողջ մարմնով, ծանրությամբ թավալվում գետնի վրա, արմատների վրա։ Ինչ֊որ մեկը գլորվեց ինձ մոտ՝ Ջիմն է։ Նա մի ակնթարթում վեր թռավ ու ինձ քարշ տվեց ետևից, բայց ես խճճվեցի երկաթալարի մեջ և կարողացա միայն ազատել գլուխս և ուսերս, ու մենք մի քիչ գնացինք։
 
Հենց ճանապարհի մոտ էինք, որ Ջիմը հանկարծ ձեռքը ետ քաշեց և ընկավ ցած։ Նորից լսվեց կռվի աղմուկ, մի բան խշրտաց, և Ջիմը սուր ճչաց։
 
Ես նետվեցի ձայնի ուղղությամբ և թափով ընկա մեկի փորին։ Մարդը թառանչեց և ուզեց ճանկել ձեռքս, բայց ձեռքերս հագուստիս տակն էին։ Նրա փորը փափուկ էր, բայց ձեռքերը ասես երկաթ լինեին։ Նա ինձ այնպես ճզմեց, որ շունչս կտրվեց։ Եվ շարժվել նույնպես չէի կարողանում։ Հանկարծ նա վեր թռավ ու թափով վազեց, բայց տապալվեց գետնին և քիչ մնաց ինձ էլ իր հետ տաներ։ Երևի այդ Ջիմն էր ժամանակին վրա հասել։
 
Երբեմն շատ դանդաղ ես կշռադատում։ Ես բոլորովին խլացել էի և փայտացած կան գնել։ Կռվի աղմուկը դադարել էր. ինչ֊որ մեկը խռխռացնում էր, և նորից չորսբոլորը միանգամայն հանդարտ էր։
 
Հանդարտ էր, բայց ինչ-որ մեկը շնչում էր ծանր֊ծանր ու գայթելով գալիս։ Կարծեմ նա մոտեցավ ընկուզենուն և խոնարհվեց ծառի կողմը։ Եվ սոսկալի հազաց հեծեծալով, այնպես, կարծես թոքերը կտրատվում էին։
 
― Ջի՛մ։
 
Ոչ մի պատասխան, միայն ծանր շնչառություն՝ միանգամայն մոտիկ։
 
― Ջի՛մ։
 
Ջիմը չպատասխանեց։
 
Մարդը կաղնուց հեռացավ, սկսեց խարխափել մութի մեջ, երևի բան էր որոնում։ Հետո նա երկար ու ձիգ հառաչեց և գետնի վրայով սկսեց քարշ տալ ինչ֊որ ծանրություն։ Եվ այդտեղ ես սկսեցի գլխի ընկնել, որ կաղնու տակ արդեն չորս հոգով ենք։
 
― Ատտիկուս։
 
Մեկը ծանր, անհաստատ քայլերով հեռանում էր ճանապարհով։
 
Ես մոտեցա այն տեղին, ուր, ինչպես ինձ թվաց, նա հենց հիմա կանգնած էր, և սկսեցի ոտքերս հապճեպորեն շարժել գետնի վրա։ Շուտով ես դիպա ինչ֊որ մեկին։
 
― Ջիմ։
 
Բոբիկ ոտքով ես շոշափեցի շալվարը, գոտին, գոտու ճարմանդը, կոճակները, հետո ինչ֊որ անհասկանալի մի բան, հետո օձիքը և դեմքը․․․ Դեմքին ծակծկող մաղեր, ոչ, այդ Ջիմը չէ։ Գինու հոտ էր գալիս։
 
Ես ոտքերս քարշ տալով հասա այնտեղ, ուր, թվում է, անցնում էր ճանապարհը։ Ես չգիտեի, արդյոք, ճի՞շտ եմ գնում, ինձ այնքան էին շուռումուռ տվել զանազան կողմեր։ Բայց ես, համենայն դեպս, դուրս եկա ճանապարհի վրա և տեսա փողոցի լապտերը։ Լապտերի տակով մի մարդ էր գնում։ Գնում էր անհավասար քայլերով, ասես մի շատ ծանր բան տանելիս լիներ։ Նա թեքվեց փողոցը։ Նա տանում էր Ջիմին։ Ջիմի ձեռքը կախված էր առջևում և անհեթեթ օրորվում էր։
 
Երբ ես հասա անկյունը, մարդը գնում էր արդեն մեր բակով։ Դուռը բացվեց, այնտեղից լույս ընկավ, մի պահ ես տեսա Ատտիկուսին, նա վազում էր արտասանդուղքով ցած, նրանք երկուսով Ջիմին տարան։
 
Ես հասա դռանը, իսկ նրանք արդեն մտել էին նախասենյակ։ Դեմս վազեց Ալեքսանդրա հորաքույրը։
 
― Զանգահարիր բժիշկ Ռեյնոլդսին,— Ջիմի սենյակից գոչեց Ատտիկուսը։— Որտե՞ղ է Մեծաչքանին։
 
― Նա այստեղ է։— Եվ Ալեքսանդրա հորաքույրը ձեռքիցս բռնելով ինձ քաշում է դեպի հեռախոսը։ Նա շատ էր շտապում, և ես չէի հասնում ետևից։
 
— Ես ինքս կգնամ, հորաքույր,— ասացի ես,— դուք, ավելի լավ է, զանգահարեցեք։
 
Նա արագ վերցրեց հեռախոսը։
 
― Տվեք բժիշկ Ռեյնոլդսին, Յո՛ւլա Մեյ, շո՛ւտ արեք։ Հայրդ տա՞նն է, Ագնե՛ս։ Օ՜, տեր իմ աստված, հապա ո՞ւր է նա։ Շատ եմ խնդրում, հենց որ վերադառնա, ասացեք, որպեսզի գա մեզ մոտ։ Աղաչո՜ւմ եմ, դա շատ շտապ է։
 
Ալեքսանդրա հորաքույրը կարիք չուներ տալու իր անունը։ Մեյկոմբում բոլորն էլ միմյանց ձայները ճանաչում են։ Ջիմի սենյակից դուրս եկավ Ատտիկուսը։ Ալեքսանդրա հորաքույրը չէր հասցրել հեռախոսը կախել, որ Ատտիկուսը ձեռքից խլեց։ Հարվածեց լծակին, հետո ասաց․
 
― Խնդրում եմ միացնել շերիֆին, Յո՛ւլա Մեյ։ Հե՞կ։ Ատտիկուս Ֆինչն է խոսում։ Ինչ֊որ մեկը հարձակվել է իմ երեխաների վրա։ Ջիմը վիրավորված է։ Մեր տան և դպրոցի միջև։ Ես չեմ կարող տղայիս մոտից հեռանալ։ Խնդրո՛ւմ եմ, շուտ գնացեք այնտեղ և իմ փոխարեն նայեք, գուցե նա տակավին հեռու չի գնացել։ Հազիվ թե դուք հիմա նրան գտնեք, բայց եթե գտնեք, ես կցանկանայի նայել նրա երեսին։ Իսկ հիմա ես պետք է գնամ։ Շնորհակալությո՛ւն, Հեկ։
 
― Ատտիկուս, Ջիմը մեռե՞լ է։
 
—— Ոչ, Մեծաչքանի։ Զբաղվիր սրանով, քույր,— գոչեց նա արդեն նախասենյակից։
 
Դողացող մատներով Ալեքսանդրա հորաքույրը սկսեց քանդել հագիս տրորված, բզիկ-բզիկ եղած, երկաթացանցի վրա ձգված բեմական հագուստս։ Նրան շուտ չհաջողվեց ինձ ազատել դրանից։
 
― Դու վնասված տեղ չունե՞ս, փոքրիկս,— նորից ու նորից հարցնում էր նա։
 
Ինչպիսի թեթևություն պ տճառեց ինձ այդ հագուստից ազատվելը։ Ձեռքերս արդեն թմրել էին։ Նրանց վրա դրոշմվել էին կարմիր խորանարդներ։ Ես սկսեցի շփել, և , թերևս, մի փոքր ուժի եկան։
 
― Հորաքույր, Ջիմը մեռե՞լ է։
 
― Ոչ․․․ ոչ, փոքրիկս, նրա գիտակցությունը վրան չէ։ Շուտով կգա բժիշտ Ռեյնոլդսը, և այն ժամանակ մենք կիմանանք, թե արդյոք ծա՞նր են վերքերը։ Ձեղ հետ ի՞նչ է պատահել, Ջին Լուիզա։
 
― Չգիտեմ։
 
Նա այլևս չհարցրեց։ Նա գնաց շոր բերեց, որ հագնեմ, եթե այդ բանը միտքս գար, ես այնպիսի բան կասեի, որ այլևս երբեք չմոռանար. հորաքույրը այնքան էր իրեն կորցրել, որ բերել էր կոմբինեզոնս։
 
― Ահա, հագիր, փոքրիկս,— ասաց նա և տվեց հենց այն հագուստս, որը ատելով ատում էր։
 
Նա վազեց Ջիմի մոտ, հետո նորից եկավ ինձ մոտ՝ նախասենյակ, և նորից գնաց Ջիմի մոտ։
 
Մեր տանը ավտոմեքենա մոտեցավ։ Բժիշկ Ռեյնոլդսի Բքայլերի ձայնը ես գիտեի ոչ վատ, քան Ատտիկուսինը։ Այդ նա էր ինձ և Ջիմին օգնել լույս աշխարհ գալիս և փրկել բոլոր մանկական հիվանդություններից, ինչպիսիք միայն գոյություն ունեին, նա բուժել էր Ջիմին, երբ նա ցած էր ընկել չինարու վրայի մեր տնակից. մենք միշտ էլ բժիշկ Ռեյնոլդսի հետ բարեկամներ էինք մնացել։ Բժիշկ Ռեյնոլդսը ասում էր, եթե մենք չլինեինք այդպես անհիշաչար, այլ կերպ կլիներ, բայց մենք նրան չէինք հավատում։
 
Նա կանգ առավ շեմքին և ասաց․
 
― Ողորմա՛ծ աստված,— և ուզում էր գալ դեպի ինձ, Բայց ասաց։― Դու, համենայն դեպս, գոնե ոտքի վրա ես։― Եվ շրջվեց ու գնաց։ Նա մեր տանը գիտեր ամեն մի անկյունը։ Եվ նա գիտեր՝ եթե իմ բանը վատ է, ապա Ջիմի վիճակն էլ լավ չէ։
 
Անցավ տասը հազար տարի, և բժիշկ Ռեյնոլդսը վերադարձավ։
 
― Ջիմը մեռե՞լ է,— հարցրի ես։
 
― Ամենևին ոչ,— ասաց բժիշկը և պպզեց իմ առջև։― Ջիմի ճակատին էլ կա ճիշտ նույնպիսի ուռուցք, ինչպես և քո ճակատին և ջարդված է ձեռքը։ Հապա նայիր այստեղ, Մեծաչքանի․․․ Ո՛չ, գլուխդ մի պտտիր, միայն աչքերդ շլացրու։ Հիմա էլ այն կողմը։ Գարշելի ջարդվածք է, որքանով որ հիմա կարող եմ դատել արմունկից։ Ըստ երևույթին ինչ֊որ մեկը աշխատել է թևը ոլորել հակառակ կողմ․․․ Հիմա նայիր ինձ։
 
― Նշանակում է նա չի՞ մեռել։
 
― Ես ասացի՝ ոչ։— Բժիշկ Ռեյնոլդսը բարձրացավ։― Հիմա մենք քիչ բան կարող ենք անել, միայն կարելույն չափ հանգիստ պառկեցնել։ Հարկ կլինի ռենտգենով նկարել․․․ Հավանաբար, միառժամանակ ձեռքը կդրվի գիպսի մեջ։ Բայց դու մի անհանգստանա, լավ ձեռք կստացվի, իսկապես ասած՝ նոփ֊նոր։ Տղաների մոտ ամեն բան շատ շուտ է լավանում։
 
Բժիշկ Ռեյնոլդսը խոսում էր և միաժամանակ զննում ու զգուշությամբ շոշափում ճակատիս ուռուցքը։
 
― Իսկ քո ոչ մի տեղը չի՞ ջարդված, դու ի՞նչ ես կարծում,— կատակեց նա։
 
Ես ակամա ժպտացի։
 
― Ուրեմն ձեր կարծիքով նա չի՞ մեռել, ո՞չ։
 
Դոկտոր Ռեյնոլդսը գլխարկը դրեց։
 
― Դե, հասկանալի է, ես կարող եմ և սխալվել, բայց իմ կարծիքով նա նույնիսկ շատ ողջ է։ Դրա բոլոր նշանները ակնհայտ են, գնա նրան տես, իսկ երբ վերադառնամ, միասին վերջնականապես կորոշենք։
 
Դոկտոր Ռեյնոլդսի քայլվածքը թեթև է, առույգ։ Միստեր Հեկ Թեյթն էլ ուրիշ կերպ է քայլում։ Նրա ծանր կոշիկների տակ պատշգամբը տնքաց, և դուռը բացեց անվարժ, բայց շեմքին ախ քաշեց ճիշտ ինչպես Ռեյնոլդսը։ Հետո հարցրեց.
 
― Դու ողջ առո՞ղջ ես, Մեծաչքանի։
 
― Այո, սըր, ես գնում եմ Ջիմի մոտ։ Ատտիկուսը և մյուսները նույնպես այնտեղ են։
 
― Ես էլ կգամ քեզ հետ,— ասաց միստեր Թեյթը։
 
Ալեքսանդրա հորաքույրը Ջիմի գլխավերևում լամպը փաթաթել էր սրբիչով, և սենյակում կիսախավար էր տիրում։ Ջիմը պառկել էր մեջքի վրա։ Նրա մի այտը ամբողջովին ջարդված էր։ Ձախ ձեռքը ընկած էր կողքի և արմնկամասում թեքված էր, բայց ոչ այն կողմը, ուր պետք էր։ Ջիմը կիտել էր հոնքերը․
 
― Ջիմ․․․
 
― Նա քեզ չի լսի, Մեծաչքանի,— ասաց Ատտիկուսը,― նա անջատված է, այայնպես, ինչպես ռադիոն են անջատում։ Նա արդեն ուշքի էր եկել, բայց բժիշկ Ռեյնոլդսը քնեցրեց։
 
― Այո, սըր։
 
Ես գնացի պատի մոտ։ Ջիմի սենյակը մեծ է, քառակուսի։ Բուխարիկի մոտ, ճոճաթոռում նստած է Ալեքսանդրա հորաքույրը։ Անկյունում կանգնած է այն մարդը, որը բերեց Ջիմին, նա հենվել է պատին։ Ինչ֊որ անծանոթ անձնավորություն է, ըստ երևույթին, արվարձանում ապրողներից։ Երևի դպրոցում դիտել է մեր ներկայացումը, և հետո անցնելիս է եղել այն վայրով, ուր այդ ամենը տեղի էր ունենում։ Լսել է, մեր աղաղակները և վազել օգնության։
 
Ատտիկուսը կանգնել էր Ջիմի անկողնու մոտ։
 
Միստեր հեկ Թեյթը կանգ առավ շեմքին։ Նա գլխարկը բռնել էր ձեռքին, շալվարի գրպանը բացվել էր, այնտեղից երևում էր լապտերը։ Միստեր Թեյթը իր որսորդական բաճկոնով էր, բրիջով և երկարաճիտք կոշիկներով։
 
― Ներս եկեք, Հե՛կ,— ասաց Ատտիկուսը։— Գտա՞ք որևէ բան։ Չեմ կարող պատկերացնել նրա սրիկայության չափը, երբ ընդունակ է այդպիսի բանի, բայց հույս ունեմ, որ դուք նրան կգտնեք։
 
Միստեր Թեյթը մի պահ քիթը ֆսֆսացրեց։ Մի սուր հայացք գցեց այն մարդուն, որը կանգնած էր անկյունում, գլխով բարևեց նրան, հետո հայացքը պտտեց սենյակով մեկ, նայեց Ջիմին, Ալեքսանդրա հորաքրոջը, հետո Ատտիկուսին։
 
― Նստեցեք, միստեր Ֆինչ,— առաջարկեց նա։
 
― Եկեք բոլորս էլ նստենք,— ասաց Ատտիկուսը։― Ահա ձեզ աթոռ, Հեկ, ես մի հատ էլ կբերեմ ընդունարանից։
 
Միստեր Թեյթը նստեց Ջիմի գրասեղանի մոտ։ Սպասեց Ատտիկուսին, որը վերադարձավ և նույնպես նստեց։ Չգիտես ինչու, նա անկյունում կանգնած մարդու համար աթոռ չբերեց, բայց դե Ատտիկուսը ֆերմերներին ավելի լավ գիտեր, քան ես։ Երբեմն նրա մոտ հեռավոր վայրերից երբ գալիս է ինչ֊որ մեկը խորհրդի, ջորին կապում է բակում, չինարու տակ, և Ատտիկուսը հենց այդտեղ, ետնամուտքում զրուցում է նրա հետ։ Սրան էլ, երևի, այնտեղ է հարմար, անկյունում։
 
― Միստեր Ֆինչ,— ասաց շերիֆը,— հիմա ես ձեզ կասեմ, թե այնտեղ ինչ գտա։ Գտա մի փոքրիկ աղջկա շրջազգեստ, որն ինձ մոտ է, մեքենայի մեջ։ Այդ քո՞նն է, Մեծաչքանի։
 
― Այո՛, սըր, եթե վարդագույն է և վրան գործվածք կա, ուրեմն իմն է։
 
Մի ստեր Թեյթը այնպես էր խոսում, կարծես ցուցմունք էր տալիս դատարանում։ Նա սիրում էր ամեն բան պատմել իր ուզած ձևով, որպեսզի թե՛ դատախազը, թե՛ պաշտպանը չկարողանան խանգարել, ու երբեմն դա ստացվում է բավական ձգձգված։
 
― Հետո ես գտա ինչ֊որ գորշ կտորի տարօրինակ պատառիկներ։
 
― Դա իմ բեմական հագուստն է, միստեր Թեյթ։
 
Միստեր Թեյթը նայեց իր ծնկներին։ Տրորեց ձախ ձեռքը և սկսեց զննել բուխարու դարակը, հետո նրան կարծեմ շատ հետաքրքրեց հենց բուխարին։ Ապա սկսեց տրորել քիթը։
 
― Բանն ինչո՞ւմն է, Հեկ,— ասաց Ատտիկուսը։
 
Մի ստեր Թեյթը ձեռքը բարձրացրեց, շփեց ծոծրակը։
 
― Այնտեղ, դպրոցի բակում, ընկուզենու տակ պառկած է Բոբ Յուելը, նրա կողերի միջև ցցված է խոհանոցային դանակ։ Նա մեռած է, միստեր Ֆինչ։
== Գլուխ 29 ==
Վստահելի
83
edits