=== Առաջին ամիսը ===
Բանտ գալուց երեք օր անց ինձ կարգադրվեց գնալ աշխատանքի։ Շատ է հիշարժան աշխատանքի այդ առաջին օրը, թեև շարունակությանն ինձ հետ ոչ մի գերանսովոր բան չկատարվեց, համենայն դեպս, նկատի առնելով իմ վիճակում ամենայն ինչ՝ առանց այդ էլ անսովոր։ Սակայն դա նույնպես առաջին տպավորություններից մեկն էր, իսկ ես դեռ շարունակում եմ անհագաբար զննել ամեն բան։ Այդ առաջին երեք օրերն անցկացրի ամենածանր զգացումների մեջ։ «Ահա և իմ ոգևորության վերջը՝ ես բանտում եմ,— ինքս ինձ կրկնում էի րոպեն մեկ,— ահա իմ հանգրվանը երկարուձիգ տարիներ, իմ անկյունը, ուր մտնում եմ այնքան չվստահող, այնպես հիվանդագին զգացողությամբ... Իսկ ո՞վ գիտե... Գուցեե շատ տարիներ անց, կվիճակվի թողնել բանտը՝ դեռ կափսոսամ...»,— ավելացնում էի, ոչ առանց չարախինդ զգացողության խառնուրդի, որ երբեմն հասնում է վերքը դիտավորյալ քչփորելու պահանջմունքի, ճիշտ կարծես կամենալով սքանչանալ սեփական ցավով, ճիշտ կարծես դժբախտության համակ մեծության գիտակցման մեջ վայելում կա իսկապես։ ժամանակի ընթացքում այդ անկյունն ափսոսելու միտքն ինձ ապշեցնում էր սարսափելիությամբ, այնժամ արդեն կանխազգում էի, թե ինչ հրեշավոր աստիճանի է ընտելունակ մարդը։ Սակայն սա դեռևս առջևում էր, իսկ առայժմ չորսբոլորն ամեն ինչ թշնամական էր և ահավոր... թեև ոչ ամեն ինչ, բայց անշուշտ, այդպես էր ինձ թվում։ Այդ վայրի հետաքրքրասիրությունը, որով ինձ էին զննում իմ նոր ընկեր֊տաժանակիրները, նրանց սաստկացրած խստությունը նորեկի հանդեպ, որն ազնվականներից էր, հանկարծակի հայտնված իրենց դասի մեջ, խստությունը, որ երբեմն հասնում էր համարյա ատելության՝ այդ ամենն այնպես էր տանջել ինձ, որ ինքս էի կամենում շուտափույթ աշխատել, միայն որ ավելի շուտ գիտենամ և ճաշակեմ իմ ամբողջ աղետը միանգամից, որ սկսեմ ապրել ինչպես բոլոր նրանք, որպեսզի բոլորի հետ ավելի շուտ նույն հունը մտնեմ։ Հարկավ, այն ժամանակ շատ բան չէի նկատում ու չէի կասկածում, ինչ անմիթապես քթիս տակ էր. թշնամականի արանքներում դեռես չէի կռահում ուրախալին։ Իմիջիայլոց, բարեհամբույր, սիրալիր մի քանի դեմքեր, որոնց հանդիպեցի նույնիսկ այդ երեք օրերին, առայժմ շատ քաջալերեցին ինձ։ Բոլորից սիրալիրը և բարեհամբույրը Ակիմ Ակիմիչն էր։ Մնացյալ տաժանապարտների մռայլ և ատող դեմքերի մեջ չէի կարող չնկատել մի քանի բարի և զվարթ դեմքեր։ «Ամենուրեք կան վատ մարդիկ, իսկ վատերի մեջ՝ նաև լավերը,— ի ամփոփումն շտապեցի ինքս ինձ մտածել,— ո՞վ գիտե։ Այս մարդիկ գուցեև ամենեին այն աստիճան ավելի վատը չեն նրանցից՝ ''մնացյալից'', ովքեր մնացել են այնտեղ, բանտից դուրս»։ Մտածեցի և ինքս ինձ գլխով արեցի, այնինչ, Աստված իմ, եթե իմանայի սոսկ, թե ինչքան է ճիշտ այդ միտքը։
Ահա, օրինակ, կար մեկն, ում սոսկ շատ տարիներ անց լիովին ճանաչեցի, այնինչ, ինձ հետ էր և իմ կողքին տաժանակրության համարյա ամբողջ ընթացքում։ Կալանավոր Սուշիլովը։ Քիչ առաջ, հենց խոսք բացեցի տաժանապարտներից, որոնք ''ավելի վատ'' չէին մյուսներից, տեղնուտեղը ակամա հիշեցի նրան։ Նա ծառայություններ էր մատուցում ինձ։ Ակիմ Ակիմիչը դեռևս ամենասկզբից, առաջին օրերից, երաշխավորեց մի կալանավորի՝ Օսիպին, ասելով, որ ամիսը երեսուն կոպեկով ինձ համար եփութափ կանի ամեն օր, առանձին ուտելիք, եթե այդքան անախորժ է պետականը և եթե միջոցներ ունենամ իմը պատրաստել տալու։ Օսիպը մեկն էր չորս խոհարարներից, որոնց ընտրելով կալանավորներն էին նշմարել մեր երկու խոհանոցներում, թեև ի դեպ, լիովին նրանց կամքն էր ընգունել կամ չընդունել նման ընտրությունը, ընդունելուց հետո էլ, թեկուզ վաղը կարելի էր հրաժարվել նորից։ Խոհարարներն այդպես էլ չէին գնում աշխատանքի, նրանց ամբողջ գործր հաց թխելն էր ու շչի եփելը։ Մեզանում նրանց անվանում էին ոչ թե խոհարարներ, այլ եփութափ անողներ (իգական սեռով), ի դեպ, ոչ նրանց հանդեպ արհամարհանքից, առավել ևս որ խոհանոցում աշխատելու էին ընտրվում բանիմաց և հնարավորինս ազնիվ մարդիկ, այլ հենց այնպես, զվարթ կատակով, ինչից մեր խոհարարներն ամենևին չէին նեղանում։ Օսիպին համարյա միշտ ընտրում էին և համարյա մի քանի տարի անընդմեջ մշտապես եփութափ անող էր, և հրաժարվում էր երբեմն սոսկ ժամանակավորապես, երբ շատ էր թախծում, դրա հետ մեկտեղ խմիչք բերելու հավեսն էլ էր փախչում։ Հազվագյուտ ազնվության և հեզության տեր մարդ էր, թեև բանտ էր եկել մաքսանենգության համար։ Այն մաքսանենգն էր՝ բարձրահասակ և պնդակազմ, ում մասին հիշատակել եմ արդեն։ Վախենում էր ամեն ինչից, առանձնապես ճիպոտներից, սթափ, սուսուփուս, բոլորի հետ սիրալիր, ոչ մեկի հետ երբեք չկռված, որը չէր կարող խմիչք չբերել, չնայած իր համակ վախկոտությանը, մաքսանենգության հանդեպ ունեցած մոլությունից։ Մյուս խոհարարների հետ նույնպես խմիչքի առևտուր էր անում, թեև իհարկե, ոչ այն չափով, ինչ ասենք, Գազինը, որովհետև համարձակություն չուներ շատ բանի գնալ։ Այդ Օսիպի հետ միշտ ապրել եմ հաշտ ու խաղաղ։ Ինչ վերաբերում է սեփական ուտելիքն ունենալու ծախսերին, ապա դրանք այնքան էլ շատ չէին։ Զեմ սխալվի, եթե ասեմ, որ իմ կերածի համար ամսական ընդամենը մի արծաթ ռուբլի էր ծախսվում, իհարկե, առանց հացի, որը բանտայինն էր, երբեմն էլ շչիի, եթե շատ էի սոված լինում, չնայած դրա հանսեպ իմ նողկանքին, ինչ ի դեպ, համարյա լրիվ վերացավ հետագայում։ Սովորաբար ես առնում էի մի կտոր տավարի միս, օրվա համար մի ֆունտ։ Իսկ ձմռանը միսն արժեր մի գռոշ։ Տավարի մսի համար շուկա էր գնում վետերաններից մեկնումեկը, որոնցից մեկական կար ամեն բանտասենյակում, կարգուկանոնին հետևելու համար և որոնք հենց իրենք կամավորապես պարտականություն էին ստանձնել ամեն օր շուկա գնալ, կալանավորների համար գնումների և դրա համար գրեթե ոչ մի վարձ չէին վերցնում, չհաշված երբեմն մանր֊մունր բաներ։ Մնում էին սեփական հանգստության համար, այլապես անհնար կլիներ նրանց համար բանտում հարմարվելը։ Այդպիսով, նրանք բերում էին ծխախոտ, մանրաղյուս թեյ, տավարի միս, կալաչներ և այլն, բացի միայն խմիչքից։ Խմիչքի համար նրանց չէին էլ խնդրում, թեև երբեմն նաև պատվում էին։ Օսիպը մի քանի տարի շարունակ ինձ համար տավարի մսի նույն կտորն էր տապակում։ Թե ինչպես էր տապակում, ուրիշ հարց է, նաև բանն այդ չէ։ Նշելի է, որ մի քանի տարի ի վեր Օսիպի հետ երկու բառ համարյա թե չեմ փոխանակել։ Շատ եմ փորձել խոսք բացել, բայց նա մի տեսակ զրույց վարելու ընդունակ չէր, կժպտար մեկ֊մեկ, կամ կպատասխաներ ''այո'' կամ ''ոչ''՝ այդքանը։ Նույնիսկ տարօրինակ էր նայելն այդ յոթնամյա Հերկուլեսին։
Սակայն Oսիպից բացի, ինձ օգնող մարդկանցից էր նաև Սուշիլովը։ Ես չէի կանչել նրան ու չէի փնտրել։ Ինքը մի եղանակով գտավ ինձ և տեղավորվեց ինձ մոտ, նույնիսկ չեմ հիշում, թե երբ և ինչպես դա եղավ։ Սկսեց իմ լվացքն անել։ Բանտասենյակների ետևում, հատկապես դրա համար մի մեծ լվացքահոր էր փորվել։ Այդտեղ էլ, բանտի տաշտակների մեջ լվացվում էր կալանավորական սպիտակեղենը։ Դրանից բացի, Սուշիլովն ինքն էր հորինում այլևայլ բազում պարտականություններ՝ ինձ գոհացնելու համար, ինքն էր թեյնիկս դնում կրակին, վազում զանազան հանձնարարություններով, ինչ֊որ բաներ գտնում ինձ համար, բաճկոնս տանում նորոգման, ամիսը չորս անգամ սապոգներս յուղում։ Այդ ամենն անում էր ջանադրաբար, իրար անցած, կարծես Աստված գիտե, ինչ պարտականություններ էին ընկած ուսերին, մի խոսքով, իր ճակատագիրն ամբողջապես կապել էր իմի հետ, բոլոր գործերն առել իր վրա։ Նա երբեք չէր ասում, օրինակ, «Այսքան շապիկ ունեք, ձեր բաճկոնը պատռվել է և այլն, այլ միշտ. «Հիմա ''մենք'' այսքան-այսքան շապիկ ունենք, ''մեր'' բաճկոնը պատռված է»։ Այդպես էլ նայում էր իմ աչքերին, և կարծես թե դա համարում է իր ամբողջ կյանքի գլխավոր կոչումը։ Արհեստ, կամ ինչպես կալանավորներն են ասում՝ ձեռի գործ չուներ և ոչ մի տեսակ, թվում է, լոկ ինձնից էր մի քանի կոպեկ վաստակում։ Նրան վճարում էի, ինչքան կարող էի, այսինքն՝ գռոշներ, և նա՝ միշտ լուռումունջ, գոհ էր մնում։ Նա չէր կարող չծառայել որևէ մեկին, և թվում է, ինձ էր ընտրել հատկապես այն պատճառով, որ մյուսներից ավելի լավ վարվեցողություն ունեի և ազնվորեն էի վճարում։ Նրանցից էր, ովքեր երբեք չեն կարող հարստանալ ու շտկվել և ովքեր մեզ մոտ հանձն էին առնում հսկել մայդանները, ամբողջ գիշեր սառնամանիքին կանգնելով նախասենյակում, ականջ դնել բակից եկող ամեն հնչյունի՝ պլացմայորի հայտնվելուն սպասելով, ու դրա համար հինգ արծաթ կոպեկ էին վերցնում համարյա ամբողջ գիշերվա դիմաց, անուշադրության դեպքում էլ կորցնում ամեն ինչ և պատասխան տալիս իրենց մեջքով։ Նրանց մասին արդեն ասել եմ։ Այդ մարգկանց բնութագիրն է՝ ի չիք դարձնել իրենց անձնավորությունը միշտ, ամենուրեք և համարյա բոլորի առաջ, իսկ ընգհանուր գործերում խաղալ ոչ թե երկրորդական, այլ երրորդական դեր։ Այդ ամենն այլևս բնածին է։ Սուշիլովը շատ էր խեղճուկրակ, մունջ և նսեմացած, նույնիսկ ծեծված, թեև ոչ ոք չէր ծեծում նրան մեզ մոտ, այլ այնպես, ի բնե ծեծված։ Չգիտեմ ինչու, միշտ մեղքս գալիս էր։ Նայել իսկ չէի կարողանում առանց այդ զգացումի, իսկ թե ինչու էր խղճալի, չէի կարող պատասխանել։ Նրա հետ զրուցել նույնպես չէի կարող, նա ևս զրուցել չգիտեր ու երևում էր, որ նրա համար դա մեծ դժվարություն է, և նա միշտ կենդանանում էր, երբ խոսակցությունն ավարտելու համար որեէ բան կասեիր, որ աներ, կխնդրեիր գնալ, շտապել ինչ-որ տեղ։ Ի վերջո, նույնիսկ համոզվեցի, որ գրանով հաճույք եմ պատճառում նրան։ Ոչ բարձրահասակ էր, ոչ ցածրահասակ, ոչ բարետես, ոչ էլ տգեղ, ոչ հիմար էր, ոչ խելացի, ոչ ահել, ոչ ջահել, թեթևակի չեչոտ էր, մասամբ շիկահեր։ Նրան կատարելապես բնութագրող ոչինչ ասել չէր լինի երբեք։ Սոսկ մի բան. ինչպես ինձ է թվում և որքան կարողացա կռահել, նա նույն տեսակից էր, ինչ և Սիրոտկինը, ու պատկանում էր տեսակին սոսկ իր ճնշվածությունից և լուռումունջությունից։ Նրա վրա երբեմն ծիծաղում էին կալանավորները, գլխավորապես, որ կալանախմբով Սիբիր գալիս, ճանապարհին ''փոխվել'' է և փոխվել է մի կարմիր շապկով ու մի արծաթ ռուբլով։ Ահա այդ չնչին գնի համար, որով իրեն ծախել է, նրա վրա ծիծաղում էին կալանավորները։ Փոխվել՝ նշանակում է ինչ-որ մեկի հետ անուն-ազգանուն հետևաբար նաև վիճակ փոխանակել, ինչքան էլ արտառոց թվա սույն փաստը, բայց իրական է, և իմ ժամանակ դեռևս լիուլի գոյություն ուներ Սիբիր ուղեկցվող կալանավորների միջև՝ եզերված առասպելներով և բնորոշված հայտնի ձևերով։ Սկզբում և ոչ մի կերպ չէի կարողանում հավատալ, թեև ի վերջո ստիպված էի հավատալ ակնհայտին։
Ահա, թե ինչպես է դա արվում։ Օրինակ, Սիբիր է փոխադրվում մի կալանախումբ։ Ամեն տեսակի կան՝ թե՛ տաժանակրության, թե՛ գործարան գնացողներ, թե՛ վերաբնակեցման տարվողներ՝ գնում են միասին։ Ճանապարհին, մի տեղ, թեկուզ ասենք, Պերմի նահանգում, աքսորվողներից մեկնումեկը կամենում է փոխվել մեկ ուրիշի հետ։ Օրինակ, ոմն Միխայլով՝ մարդասպան կամ ուրիշ հիմնավոր հանցանքի մեղադրանքով, երկար տարիներ տաժանակրության գնալն անշահավետ է համարում։ Ընդունենք, թե կարգին խորամանկ է, ընկած-ելած, գործը գիտե։ Ահա և նույն կալանախմբից առանձնացնում է մեկնումեկին՝ ավելի հասարակ, ճնշված, ավելի լուռումունջ և ում համեմատաբար ոչ մեծ պատժաչափ է սահմանված. կամ գործարան, ոչ շատ տարիներ, կամ վերաբնակեցման, կամ նույնիսկ տաժանակրության, միայն թե պատժաժամկետը կարճ։ Վերջապես գտնում է Սուշիլովին։ Սուշիլովը սպասավոր դասից է և պարզապես վերաբնակեցման աքսորված։ Արդեն մեկուկես հազար վերստ անցել է, իհարկե, առանց մի կոպեկի, որովհետև Սուշիլովը չի կարող ոչ մի կոպեկ ունենալ երբեք, գնում է հոգնատանջ, վհատ, պետական օրապահիկով, առանց գոնե պատահական մի համեղ պատառի, պետական մեկտակ հագուստով, բոլորին ծառայելով՝ խղճուկ պղնձադրամներով։ Նրա հետ Միխայլովը խոսք է բացում, լեզու գտնում, նույնիսկ մտերմանում և վերջապես, մի որևէ տեղ խմիչք հյուրասիրում։ Ի վերջո, առաջարկում է՝ չի՞ ուզենա փոխվել։ Ասենք, ես Միխայլովն եմ, էսպես-էսպես, գնալիք տեղս էլ տաժանավայր չէ, այլ ինչ-որ «հատուկ բաժանմունք»։ Թեև տաժանավայր է, բայց հատուկ, ուրեմն ավելի լավ տեղ է։ Հատուկ բաժանմունքի մասին, իր գոյության ընթացքում, ոչ բոլորը գիտեին, նույնիսկ ղեկավարության մեջ թեկուզ, ասենք, Պետերբուրգում։ Դա մի առանձին և հատուկ, փոքր անկյուն էր Սիբիրի խորքերում, և այնքան սակավամարդ (իմ ժամանակ այնտեղ յոթանասունի չափ մարդ կար), որ դժվար էր նույնիսկ հետքը գտնել։ Հետագայում հանդիպեցի Սիբիրի մասին գիտցող և այնտեղ ծառայած շատերի, ովքեր առաջին անգամ ինձնից միայն լսեցին ինչ-որ «հատուկ բաժանմունքի» գոյության մասին։ Օրենսգրքում դրա մասին ընդամենը վեց տող է ասված. «Այսինչ բանտին կից հիմնվում է հատուկ բաժանմունք՝ ամենակարևոր հանցագործների համար, ընդհուպ մինչև Սիբիրում ամենածանր տաժանակիր աշխատանքների բացումը»։ Անգամ կալանավորներն այդ «բաժանմունքը» չգիտեին, թե ինչ է դա՝ ընդմի՞շտ է, թե ժամկետով։ Ժամկետ սահմանված չէր, ասված էր մինչև ամենածանր աշխատանքների բացումր, և այդքանը, ասել է, թե «տաժանակրություն ծերից ծեր»։ Տարօրինակ չէ, որ ոչ Սուշիլովը, ոչ կալանախմբից ուրիշ մեկը դա չգիտեր, չբացառելով հենց իրեն՝ Միխայլովին, որը գուցեև պատկերացում ուներ հատուկ բաժանմունքի մասին, դատելով իր չափազանց ծանր հանցանքից, և որի համար քայլել էր երեք թե հորս հազար վերստ։ Հետևաբար, հո լավ տեղ չե՞ն ուղարկելու իրեն։ Իսկ Unւշիլովը գնում է վերաբնակեցման՝ ո՞րն է ավելի լավ։ «Չե՞ս ուզենա փոխվենք»։ Սուշիլովը գինովցած է, պարզ հոգու տեր, իրեն պատված Միխայլովի հանդեպ երախտագիտությամբ լի, ինչի համար էլ սիրտ չի անում մերժել։ Բացի դրանից, լսել է նաև կալանախմբերում, որ փոխվել կարելի է, ուրիշները փոխվում են, չէ՞, ասել է թե չտեսնված ու չլսված ոչինչ չկա։ Համաձայնում են։ Անխիղճ Միխայլովը, օգտվելով Unւշիլովի անսովոր պարզամտությունից, գնում է նրա անուն-ազգանունը մի կարմիր շապկով և արծաթ ռուբլիանոցով, որոնք տեղնուտեղը նրան է տալիս վկաների ներկայությամբ։ Հաջորդ օրն արդեն Սուշիլովը գինովցած չէ, բայց նրան նորից են խմեցնում, դե, հրաժարվելն էլ լավ չէ, ստացած արծաթ ռուբլիանոցն արդեն խմիչքի է տրված, կարմիր շապիկը քիչ անց՝ նույնպես։ Չես ուզում, ուրեմն փողը ետ տուր։ Իսկ Unւշիլովին մի լրիվ արծաթ ռուբլի որտեղի՜ց։ Իսկ եթե չտաս, արտելը կստիպի, դրան շատ խիստ են հետևում արտելում։ Բացի դրանից, եթե խոստում ես տվել, ապա կատարիր՝ արտելը դա էլ կստիպի։ Այլապես կպարտադրեն։ Ծեծուջարդ կտան թերևս, կամ կսպանեն պարզապես, կսարսափեցնեն համենայն դեպս։ Իսկապես, այդ գործում արտելը եթե մի անգամ ներող գտնվի, ապա անուն փոխելու սովորույթը կվերանա։ Թե որ հնարավոր լինի հրաժարվել խոստումից և խախտել կատարված առուծախը, փողն արդեն վերցրած՝ էլ ո՞վ դա կկատարի հետո։ Մի խոսքով, դա ընդհանուր, արտելային գործ է, դրա համար էլ՝ կալանախմբի վերաբերմունքը շատ խիստ։ Ի վերջո, Սուշիլովը տեսնում է, որ այլևս ետ կանգնել չի լինի և վճռում է լիովին համաձայնել։ Հայտարարվում է ամբողջ կալանախմբին, ում պետք է, նույնպես բան-ման են տալիս, խմեցնում, եթե հարկ կա։ Մյուսների համար, անշուշտ, մեկ է. Միխայլովը, թե Սուշիլովը կգնա գրողի մոր ծոցը, է՛, օղին էլ խմված է, հյուրասիրել են, հետևաբար բերանները փակ կպահեն իրենք։ Առաջին իսկ կալաներթին, օրինակ, ներկա-բացակա են անում։ Հերթը հասնում է Միխայլովին «Միխայլով»։ Սուշիլովը պատասխանում է՝ ''ես եմ''։ «Սուշիլով»։ Միխայլովն է բղավում՝ ''ես եմ''։ Եվ՝ շարունակում են։ Էլ ոչ ոք չի խոսում այդ մասին։ Տոբոլսկում աքսորյալներին տեսակավորում են։ «Միխայլովին»՝ վերաբնակեցման, իսկ «Unւշիլովին»՝ ուժեղացված պահախմբով ուղեկցում են հատուկ բաժանմունք։ Հետագայում արդեն ոչ մի բողոք հնարավոր չէ, և, իրոք, ինչո՞վ ես ապացուցելու։ Քանի՞ տարի կձգձգվի նման գործը։ Եվ դեռ ի՞նչ կլինի դրա համար։ Վերջապես, ո՞ւր են վկաները։ Եթե կան էլ, կհրաժարվեն։ Այդպես էլ կմնա ի արդյունք, որ մի արծաթյա ռուբլիանոցի, մեկ էլ կարմիր շապկի համար Սուշիլովր կգա «հատուկ բաժանմունք»։ Կալանավորները ծիծաղում էին Սուշիլովի վրա, ոչ որովհետև փոխվել էր (թեև հեշտ գործը ծանր աշխատանքով փոխարինածների նկատմամբ ընդհանրապես արհամարհանք են տածում, ինչպեսև նեղն ընկած բոլոր անխելքների), այլ որ վերցրել էր միայն մի կարմիր շապիկ ու մի արծաթ ռուբլիանոց չափից ավելի խղճուկ վճար։ Սովորաբար, փոխվում են մեծ գումարներով, վերստին հարաբերականորեն դատելով։ Վերցնում են նույնիսկ մի քանի տասնյակ ռուբլի։ Սակայն Սուշիլովն այնքան էր խեղճուկրակ, անդեմ և բոլորի համար ողորմելի, որ նրա վրա ծիծաղել էլ չէր լինում։
Երկար ապրեցինք Սուշիլովի հետ, արդեն մի քանի տարի։ Կամաց-կամաց նա արտակարգ կապվեց ինձ, չէի կարող դա չնկատել, այնպես որ ինքս էլ շատ վարժվեցի նրան։ Մի անգամ,— ինձ երբեք չեմ կարող ներել դա,— ինչ-որ բան իմ խնդրանքով չէր արել նա, իսկ, ի դեպ, հենց նոր էր փող վերցրել ինձնից, և ես դաժան գտնվեցի, ասելով. «Ահա, Սուշիլով, փող վերցնելիս, վերցնում եք, իսկ գործը չեք անում»։ Սուշիլովր լռեց, շտապեց անել իմ գործը, բայց մի տեսակ հանկարծակի տրտմեց։ Անցավ երկու օր։ Մտածեցի՝ չի կարող պատահել, որ իմ ասածից լինի։ Գիտեի, որ կալանավորներից մեկը՝ Անտոն Վասիլևը, նրանից համառորեն պահանջում է ինչ-որ կոպեկանոց պարտք։ Հաստատ, փող չուներ, իսկ ինձնից ուզել վախենում էր։ Երրորդ օրն ասացի. « Սուշիլով, կարծում եմ, ուզում եք ինձնից փո՞ղ վերցնել Անտոն Վասիլևի համար։ Վերցրեք»։ Այդ ժամանակ ես նստած էի թախտաշարին, Սուշէլովը կանգնած էր դիմացս։ Կարծում եմ, շատ զարմացավ, որ փող առաջարկեցի իրեն, ինքս հիշեցի իր նեղ դրությունը, առավել ևս, որ վերջին շրջանում, իր կարծիքով, չափից ավելի էր վերցրել ինձնից, այնպես որ հույս էլ չուներ, թե էլի կտամ։ Նայեց փողին, հետո ինձ, հանկարծակի շրջվեց ու դուրս եկավ։ Այդ ամենն ինձ շատ զարմացրեց։ Գնացի ետևից ու գտա նրան բանտասենյակների ետևում։ Կանգնել էր բանտի ցցապատի մոտ, դեմքն արած ցանկապատին, գլուխը հենել էր գերաններին ու ձեռքերով կռթնել։ «Ի՞նչ եղավ ձեզ, Սուշիլով»,— հարցրեցի։ Նա չնայեց ինձ և, ի վերին զարմանս, նկատեցի, որ պատրաստ է արտասվել։ «Ալեքսանդր Պետրովիչ... դուք կարծում եք,— սկսեց նա բեկվող ձայնով ու ջանալով կողք նայել,— որ ես... փողի համար ձեզ... իսկ ես... ես... էէխ»։ Այստեղ նա նորից շրջվեց ցցապատի կողմը, այնպես որ ճակատն անգամ զարկեց ու այնպե՜ս հեկեկաց... Առաջին անգամ տաժանավայրում տեսա լաց լինող մարդու։ Դժվարությամբ սփոփեցի նրան, ու թեև այդ օրից ի վեր, հնարավորին չափ ավելի ջանադիր սկսեց ծառայել էնձ և «աչքը վրաս պահել», սակայն որոշ, համարյա անորսալի նախանշաններով նկատեցի, որ սիրտը երբեք չկարողացավ ներել իմ կշտամբանքը։ Այնինչ, մյուսները ծիծաղում էին վրան, ամեն հարմար առիթով ձեռ առնում, հայհոյում էին երբեմն շատ թունդ, իսկ նա ապրում էր հետները խաղաղ, բարյացակամ և երբեք չէր նեղանում։ Այո, շատ դժվար է լինում ճանաչել մարդուն, նույնիսկ ծանոթության երկար տարիների ընթացքում։
Ահա թե ինչու, տաժանավայրն առաջին հայացքից չէր էլ կարող ինձ պատկերվել իրական այն տեսքով, ինչպես ներկայացավ հետագայում։ Ահա թե էնչու ասացի նաև, որ եթե ամեն ինչի նայում էի այդչափ անհագ, սրված ուշադրությամբ, այդուհանդերձ, չէի կարող տեսնել շատ ուրիշ բան, ինչ ուղղակի քթիս տակ էր։ Բնականաբար, սկզբում ինձ ապշեցնում էին խոշոր, հստակ գծագրվող երևույթներ, սակայն դրանք ես գուցե թե ընկալում էի ոչ ճիշտ, և իմ հոգում թողնում էին լոկ ծանր, անհուսալի տրտում տպավորություն։ Դրան շատ նպաստեց իմ հանդիպումը Ա.-վի հետ. նույնպիսի կալանավոր էր, ինձնից քիչ ավելի շուտ եկած բանտ, ինձ ապշեցրած հատկապես տանջալի տպավորությամբ՝ տաժանավայրում գտնվելուս առաջին օրերին։ Իմիջի այլոց, դեռևս նախքան բանտ հասնելս, գիտեի, որ այնտեղ հանդիպելու եմ Ա.-վին։ Նա թունավորեց իմ այդ նախնական ծանր շրջանը և սաստկացրեց հոգեկան տառապանքներս։ Ջեմ կարող չխոսել նրա մասին։
Ամենանողկալի օրինակն էր, թե ինչքան կարող է իջնել ու ստորանալ մարդը և ինչ աստիճանի մեռցնել իր մեջ բարոյական ամենայն զգացում, առանց դժվարության և առանց զղջման։ Ա.-վը երիտասարդ էր, ազնվականներից, ում մասին թռուցիկ հիշատակել եմ արդեն, ասելով, որ նա մեր պլաց-մայորին էր հայտնում այն ամենն, ինչ կատարվում էր բանտում և մտերիմ էր մայորի սպասյակ Ֆեդկայի հետ։ Ահա նրա հակիրճ պատմությունը. ոչ մի տեղ չավարտելով դասընթացները և Մոսկվայում գժտվելով իր անառակ վարքագծից վախեցած հարազատների հետ, հասել էր Պետերբուրգ և փող ձեռք բերելու համար դիմել էր մի անարգ մատնության, այն է՝ վճռել էր տասը հոգու արյունը ծախել, ագուրդ տալու ամենակոպիտ և անառակ վայելքների հանգեպ իր անհագ ծարավին, որոնց նկատմամբ, գայթակղված Պետերբուրգով, դրա անուշավաճառներով և երեք Մեշչանսկայաներով, անկում էր ապրել այն աստիճան, որ անխելք մարդ չլինելով հանդերձ, սիրտ էր առել խելահեղ ու անիմաստ գործ ձեռնարկել։ Շուտով մերկացրել էին նրան, իր մատնագրով նա անմեղ մարդկանց էր վնասել, մյուսներին խաբել, և դրա համար նրան տասը տարով աքսորել էին Սիբիր, մեր բանտը։ Նա դեռ շատ էր ջահել, կյանքը նրա համար նոր-նոր էր սկսվել։ Թվում էր, թե ճակատագրի այդպիսի զարհուրելի շրջադարձը պիտի ապշեցներ նրան, բնույթքը պիտի մղեր որևէ մի դիմադրության, որևիցե բեկման։ Սակայն նվազագույնս չշփոթվելով, նա ընդունել էր իր նոր ճակատագիրը, առանց նվազագույն իսկ խորշանքի, չէր ընդվզել դրա դեմ բարոյապես, չէր վախեցել ոչնչից, բացի լոկ աշխատելու և անուշավաճառներին և երեք Մեշչանսկայաներին հրաժեշտ տալու անհրաժեշտությունից։ Նրան թվացել էր նույնիսկ, որ տաժանապարտի կոչումը սոսկ ավելի արձակ է թողնում ձեռքերը ավելի մեծ ստորությունների և գարշելիությունների համար։ «Տաժանակիրը տաժանակիր է որ կա, թե որ տաժանակիր ես, ուրեմն, կարելի է ստորություններ անել, ու ամոթ չէ»։ Սա էր նրա կարծիքը բառացիորեն։ Ես հիշում եմ այդ նողկալի արարածի մասին, որպես մի ֆենոմենի։ Մի քանի տարի ապրել եմ մարդասպանների, այլասերվածների և անուղղելի ոճրագործների մեջ, բայց հաստատապես եմ ասում, կյանքում դեռ երբեք չէի հանդիպել բարոյական այդչափ կատարյալ անկման, այդպիսի վճռական այլասերության և լկտի ստորության, ինչպես Ա․-վի պարագային։ Մեզ մոտ մի հայրասպան կար, ազնվականներից էր սերում, արդեն հիշատակել եմ իր մասին, սակայն բազում գծերով ու փաստերով համոզվեցի, որ նույնիսկ նա ավելի էր ազնիվ և մարդկային, քան Ա.—վը։ Իմ աչքի առաջ, տաժանակրային ամբողջ կյանքիս ընթացքում Ա.-վը դարձավ ու մնաց մի տեսակ մսակտոր, ատամներով ու որովայնով, ամենակոպիտ, ամենագազանային մարմնական հաճույքների անհագ ծարավ ունեցող մեկը, իսկ այդ հաճույքներից նվազագույնին և քմահաճին հագուրդ տալու համար նա ընդունակ էր չափազանց սառնասրտությամբ սպանել, մորթել, մի խոսքով, գնալ ամեն ինչի, միայն թե բոլոր հետքերը ջնջվեին։ Ոչինչ չեմ չափազանցնում, ես լավ ճանաչեցի Ա.-վին։ Դա օրինակ էր, թե մարդուս ինչերի կարող է հասցնել սոսկ մարմնական կողմը՝ ներքուստ չզսպված և ոչ մի նորմով, ոչ մի օրինականությա մբ։ Եվ ինչքան նողկալի էր ինձ համար նայելը նրա հավերժորեն ծաղրական ժպիտին։ Դա մի հրեշ էր, բարոյական Քվազիմիդո։ Ավելացրեք դրան, որ խորամանկ էր ու խելացի, արտաքնապես գեղեցիկ, քիչումիչ կրթված, ընդունակությունների տեր։ Ո՛չ։ Ավելի լավ է հրդեհ լինի, ավելի լավ են համաճարակը և սովը, քան այդպիսի մարդը հասարակության մեջ։ Արդեն ասել եմ, որ բանտում ամեն բան այնպես ապականվեց, որ լրտեսությունն ու մատնագրերը փթթում էին, և կալանավորներն ամենևին չէին բարկանում դրա վրա։ Հակառակը, Ա.-վի հետ բոլոր նրանք շատ համերաշխ էին ու նրա հետ վարվում էին անհամեմատ ավելի բարյացակամ, քան մեզ հետ։ Իսկ նրա հանդեպ մեր հարբեցող մայորի ողորմածությունը նշանակալիություն և կշիռ էին հաղորդում կալանավորների աչքում։ Իմիջիայլոց, նա հավատացրել էր մայորին, որ կարող է դիմանկարներ անել (կալանավորներին էլ հավատացրել էր, թե գվարդիայի պորուչիկ է եղել), և մայորը պահանջել էր, որ Ա.-վին աշխատանքի ուղարկեն իր տուն, անշուշտ, մայորի դիմապատկերը նկարելու համար։ Այնտեղ էլ նա մտերմացել էր համհարզ Ֆեդկայի հետ, որն արտակարգ ազդեցություն ուներ իր պարոնի, հետևաբար և բանտում ամեն ինչի և ամենքի վրա։ Ա.-վը հենց մայորի պահանջով էր լրտեսում մեզ, իսկ մայորը հարբած վիճակում նրա այտերին խփելիս, հենց լրտես ու մատնիչ էր կոչում, անպատվելով։ Պատահում էր, այն էլ շտտ հաճախ, որ ծեծից հետո մայորը նստում էր աթոռին ու Ա.-վին հրամայում շարունակել դիմանկարը։ Կարծեմ թե մեր մայորն իսկապես հավատում էր, թե Ա.-վը հիանալի նկարիչ է, համարյա թե Բրյուլլով, ում մասին լսել էր, բայց և այնպես իրավունք էր վերապահում իրեն ապտակներ հասցնել նրան, քանի որ իբր թեկուզև այն նկարիչն ես, սակայն տաժանակիր, ու թեկուզ տասըբրյուլլով էլ լինես, այդուհանդերձ, ես եմ քո պետը, ուրեմն և ինչ ուզեմ, քեզ հետ կանեմ։ Իմիջիայլոց, նա ստիպում էր Ա․֊վին հանել իր սապոգները և ննջասենյակից դուրս տանել զանազան ամաններ, և այդուհանդերձ, երկար ժամանակ չէր կարողանում հրաժարվել այն մտքից, որ Ա․-վը մեծ նկարիչ է։ Դիմանկարը ձգվեց երկար-երկար, համարյա մի տարի։ Ի վերջո, մայորը գլխի ընկավ, որ իրեն խաբում են և կատարելապես համոզվելով, որ դիմանկարը չի ավարտվում և օրըստօրե ոչ֊նման է դառնում իրեն, զայրացավ, լավ ծեծ տվեց նկարչին և ի պատիժ, բանտ քշեց նրան սև աշխատանքի։ Ըստ երեույթին, Ա.-վն ափսոսում էր դա և նրա համար դժվար էր հրաժարվել անգործ օրերից, մայորի սեղանից հասած թերմացքներից, որ Ֆեդկա բարեկամից և բոլոր այն հաճույքներից, որոնք երկուսով հորինում էին մայորի խոհանոցում։ Համենայն գեպս, Ա.֊վին հեռացնելուց հետո, մայորը դադարեց հետապնդել Մ.֊ին, մի կալանավորի, ում անվերջ այպանում էր Ա.֊վը, ահա թե ինչու Ա․֊վի բանտ մտնելիս, Մ․-ը մենակ էր։ Նա շատ էր թախծում, ընդհանուր և ոչինչ չուներ մյուս կալանավորների հետ, նրանց էր նայում սարսափով և գարշանքով, չէր նկատում և աչքից փախցրեց այն ամենն, ինչ կարող է ներազդել իր վրա՝ հաշտվողականոր են, չմերվեց նրանց հետ։ Կալանավորները պատասխանեցին նույնպիսի ատելությամբ։ Ընդհանրապես, բանտում ահավոր է Մ.֊ի պես մարդկանց վիճակը։ Ա.֊վի բանտ ընկնելու պատճառը հայտնի չէր Մ․-ին։ Ընդհակառակը, Ա.֊վը, կռահելով, թե ում հետ գործ ունի, իսկույն հավատացրեց նրան, թե աքսորված է մատնագրին միանգամայն հակառակ պատճառով, համարյա նույն բանի համար, ինչ և Մ.֊ը։ Մ.-ն անչափ ուրախացավ ընկերոջ, բարեկամի համար։ Հետևում էր նրան, սփոփում տաժանակրության առաջին օրերին, ենթադրելով, թե շատ պիտի տառապի, նրան տվեց վերջին փողերը, կերակրում էր, անհրաժեշտ իրերր կիսում նրա հետ։ Սակայն Ա.֊վն անմիթապես ատեց նրան հենց այն պատճառով, որ Մ.֊ը վեհանձն էր, այն պատճառով, որ սարսափով էր նայում ամեն տեսակ ստորության, այն իսկ պատճառով, որ ամենևին նման չէր իրեն և այն ամենն, ինչ խոսակցությունների ընթացքում Մ.֊ը հայտնել էր իրեն բանտի, մայորի մասին, Ա.֊վը շտապեց առաջին իսկ առիթով մատնել մայորին։ Սա ահավոր ատեց ու ճնշում էր Մ.֊ին, և եթե պարետի ազդեցությունը չլիներ, փորձանքի էր հասցնելու նրան։ Իսկ Ա․-վը ոչ միայն չշփոթվեց, երբ հետագայում Մ.֊ն իմացավ նրա ստորության մասին, այլ նույնիսկ սիրում էր հանդիպել ու հեգնաբար նայել նրան։ Հավանորեն, դա հաճույք էր պատճառում Ա.֊վին։ Մի քանի անգամ Մ.֊ն ինձ մատնացույց արեց դա։ Հետագայում այդ ստոր արարածը փախավ մի կալանավորի և պահախմբի զինվորի հետ, բայց այդ փախուստի մասին հետո։ Սկզբում նա շատ էր քսմսվում ինձ, կարծելով թե չեմ լսել իր պատմությունը։ Կրկնեմ, իմ տաժանակրության առաջին օրերը նա թունավորեց էլ ավելի մեծ տրտմությամբ։ Ես սարսափած էի զարհուրելի այն ստորությամբ և փոքրոգությամբ, ուր նետել էին ինձ, որի մեջ հայտնվել էի։ Մտածեցի, որ այստեղ ոչ ամեն ինչ է նույնքան ստոր ու ցածր։ Սակայն սխալվեցի՝ բոլորի մասին դատում էի ըստ Ա-վի։
Այդ երեք օրը տրտմած թափառում էի բանտում, պառկում իմ տեղում, Ակիմ Ակիմիչի երաշխավորած հուսալի կալանավորին կարել տվեցի շապիկներ՝ պետական քաթանից, իհարկե, վճարով (մի քանի գռոշ մեկ շապկի համար), Ակիմ Ակիմիչի համառ խորհրդով ձեռք բերեցի ծալովի ներքնակ (կտավակար թաղիքից), չափազանց բարակ, բլիթի պես, նաև խոտով լցված բարձ, որն անասելի կոշտ էր անվարժությունից։ Ակիմ Ակիմիչը շատ էր հոգ տանում, որ այդ բոլոր իրերը ձեռք բերեմ, ինքն էլ էր մասնակցում, իր ձեռքով վերմակ կարեց ինձ համար՝ պետական հին մահուդի կտորներից, հավաքված մաշված շալվարների և բաճկոնների մնացորդներից՝ գնել էր կալանավորներից։ Պետական իրերը, որոնց ժամկետն անցնում էր, մնում էին որպես կալանավորի սեփականություն, դրանք տեղնուտեղը ծախվում էին հենց բանտում, և ինչքան էլ մաշված լիներ իրը, այդուհանդերձ հույս կար, որ կծախվի որևէ գնով։ Այդ ամենից շատ էի զարմանում սկզբում։ Ընդհանրապես, ժողովրդի հետ իմ առաջին շփման ժամանակն էր։ Ինքս էլ հանկարծ դարձզ նույնպիսի հասարակ ժողովուրդ, նույնպիսի տաժանապարտ, ինչպես և նրանք։ Նրանց սովորությունները, ըմբռնումները, կարծիքները, նիստուկացը կարծես դարձան համենայն դեպս, ըստ ձևի, ըստ օրենքի նաև իմը, թեև ըստ էության, համամիտ չէի։ Զարմացած էի, ապշած, ճիշտ կարծես նախկինում չէի էլ կասկածում դրանց գոյությունն ու չէի լսել ոչնչի մասին, թեև թե՛ գիտեի, թե՛ լսել էի։ Սակայն իրականությունը միանգամայն ուրիշ տպավորություն է գործում, քան գիտեցածն ու լսածը։ Օրինակ, նախկինում երբևէ կարո՞ղ էի ենթադրել, թե այդպիսի հնոտիք, այդպիսի իրեր կարող են նույնպես իր համարվել։ Իսկ ահա, այդ հնոտիքից ինձ համար վերմակ կտրեցի։ Դժվար էր պատկերացնելն իսկ, թե ինչ տեսակի մահուդ էր նախատեսված կալանավորական հագուստի համար։ Արտաքինից կարծես իսկապես նման էր մահուդի՝ հաստ, զինվորի, սակայն մի քիչ մաշվելուց հետո վերածվում էր ծակ-ծակ քրջի, պատառոտվում զարհուրելի։ Ի դեպ, մահուդե հագուստը տրվում էր մի տարով, բայց այդ ժամկետին էլ դժվար էր հարմարվել։ Կալանավորն աշխատում, բեռ էր շալակում, հագուստը մաշվում և պատառոտվում էր արագ։ Իսկ քուրքը տրվում էր երեք տարով և սովորաբար այդ ընթացքում ծառայում էր թե՛ որպես հագուստ, թե՛ վերմակ, թե՛ փռոց։ Բայց քուրքերը պնդակար էին, թեև երրորդ տարվա վերջին, այսինքն մաշվելու Ժամկետին, հաճախ կտեսնեիր հասարակ քաթանով կարկատված քուրք։ Չնայած դրան, անգամ շատ մաշվածները, նախատեսված ժամկետն ավարտելիս, ծախվում էին արծաթ քառասուն կոպեկով։ Իսկ որոշները՝ ավելի լավ պահպանված, ծախվում էին վեց կամ յոթ գրիվնա արծաթով, տաժանավայրում դա կարգին փող էր։
Իսկ փողը, արդեն ասել եմ, բանտում վիթխարի նշանակաթյուն, զորություն ունի։ Հաստատապես կարելի է ասել, որ տաժանավայրում թեկուզև որևէ քանակի փող ունեցող կալանավորը տասն անգամ քիչ է տառապում, քան ամենևին չունեցողը, թեև վերջինս նույնպես ապահովված էր նույն պետական ամեն ինչով ու իբր, նրա ինչի՞ն էր պետք փող՝ այսպես էր դատում մեր ղեկավարությունը։ Նորից կրկնեմ, որ եթե կալանավորները զրկված լինեին իրենց փողն ունենալու ամենայն հնարավորությունից, կա՛մ կխելագարվեին, կա՛մ կմեռնեին ճանճերի պես (թեև ապահովված էին ամեն ինչով), կա՛մ վերջապես, կանցնեին չլսված ոճրագործությունների, ոմանք թախծից, մյուսները, որպեսզի շուտափույթ մահապատժի ենթարկվեին և ոչնչացվեին որևէ կերպ, կա՛մ էլ նույնպես որևէ կերպ «փոփոխեին ճակատագիրր» (տեխնիկական արտահայտություն է)։ Իսկ եթե կալանավորը, համարյա թե արյուն֊քրտինքով ձեռք գցելով մի քանի կոպեկ, կամ ձեռք բերելու համար հաճախ գողությամբ կամ խարդախության ճանապարհով, դիմելով ամենաանսովոր խորամանկությունների, այդպիսի երեխայական անմտությամբ մսխում է դա, ապա ամենևին չի նշանակում, թե չի գնահատում փողը, թեև այդպես է թվում առաջին հայացքից։ Փողի նկատմամբ կալանավորն անհագ է՝ ջղաձգության աստիճան, մինչև իսկ գիտակցության մթագնման չափ, և եթե, իրոք, շաղ է տալիս տաշեղի պես, քեֆ անելիս, ապա ցրիվ է տալիս հանուն այն բանի, ինչ համարում է այդ փողից մի աստիճանով բարձր։ Կալանավորի համար ի՞նչն է ավելի բարձր փողից։ Ազատությունը կամ գեթ որևիցե երազանք ազատության վերաբերյալ։ Այս մասին որոշ բաներ կասեմ ստորև, բայց խոսքը տեղն է եկել, կհավատա՞ն, արդյոք, որ տեսել եմ ''քսանամյա'' պատժաժամկետով աքսորվածների, որոնք հենց ինձ են ասել ամենայն հանգստությամբ, օրինակ, այսպիսի բառեր. «Հլա սպասի, Աստված տա, պատիժս վերջացնեմ, էն ժամանակ...»։ «Կալանավոր» բառի համակ իմաստն է «անազատ մարդ», իսկ փողը ծախսելիս նա արդեն իր ''ազատությամբ'' է գործում։ Անտեսելով ամեն տեսակ խարան, կալանդ և բանտի ատելի պարիսպ, որոնք նրանից պատնեշում են Աստծո աշխարհը և արգելափակում ինչպես գաղտնին վանդակում, նա կարողանում է խմիչք ձեռք բերել, այն է՝ ահավոր արգելված մի հաճույք, օգտվել անառակ կանանցից, երբեմն նույնիսկ (թեև ոչ միշտ) կաշառել իրեն մերձակա պետերին, վետերաններին և անգամ ենթասպաներին, որոնք մատների արանքով կնայեն, որ խախտվում է օրենքն ու կարգը։ Նույնիսկ կարող է, պայմանից դուրս, նաև հոխորտալ նրանց գլխին, իսկ կալանավորն ահավոր սիրում է հոխորտալ, այսինքն՝ ընկերների առաջ ներկայանալ, նույնիսկ ինքն իրեն հավատացնել, ''թեկուզև կարճատև'', թե ինքն անհամեմատ ավելի ազատություն և իշխանություն ունի, քան թվում է, մի խոսքով, ''կարող'' է քեֆեր անել, կռվշտել, մեկն ումեկին վիրավորել անասելի և ապացուցել նրան, թե ինքն այդ ամենը կարող է, թե այս ամենը «մեր ձեռքում է», մի խոսքով, ինքն իրեն հավատացնել մի բան, ինչ խեղճուկրակի մտքով չի անցնի։ Ի դեպ, ահա թե ինչու, կալանավորների մեջ, նույնիսկ սթափ վիճակում, նկատվում է համընդհանուր հակվածություն հոխորտանքին, պարծենկոտությանը, սեփական անձի կոմիկական և պարզունակ, թեկուզև ցնորական փառաբանմանը։ Ի վերջո, այդ ամբողջ քեֆ-ուրախությունն իր վտանգն ունի՝ նշանակում է, այդ ամենի մեջ կյանքի թեկուզև ինչ-որ տեսիլք, ազատության թեկուզև հեռու հեռավոր տեսիլք կա։ Իսկ ի՞նչ չես տա հանուն ազատության։ Այդ ո՞ր միլիոնատերը, եթե վզին օղ հագցնես ու սեղմես, ունեցած-չունեցածը չի տա մի ումպ օդի համար։
Երբեմն զարմանում են պետերը, որ ահա, այս կամ այն կալանավորը քանի տարի ապրում էր իր համար այնքան սթափ, օրինակելի, նույնիսկ տասնապետ դարձրին՝ գովական վարքի համար, և հանկարծ կտրուկ, ճիշտ կարծես դև էր մտել մեջը, մեկ էլ տեսար սկսեց անկարգություններ անել, քեֆեր ու կռվշտոց սարքել, երբեմն էլ, պարզապես քրեական հանցանքի գնաց կամ բարձր ղեկավարության նկատմամբ հստակ անհարգալիրության, կամ սպանության, կամ բռնաբարության և այլն։ Նայում են նրան ու զարմանում։ Այնինչ, գուցեև այդ հանկար ծակի բռնկման ամբողջ պատճառն այն մարդու մեջ, որից ամենաքիչը կարելի էր սպասել որևիցե բան, անձնավորության թախծալի, ջղաձիգ բացահայտումն է, բնազդական կարոտն իր իսկ հանդեպ, իր մասին, իր նսեմացված անհատականության, իրեն հայտարարելու ցանկությունը՝ հանկարծակի ի հայտ եկած ու հասած չարացածության, կատաղության, գիտակցության մթագնման, ընկնավորության, ջղաձգումների։ Այդպես կարող է կենդանի-կենդանի դագաղ դրված և արթնացածը խփել կափարիչին և ջանալ դեն շպրտել դա, թեև, անշուշտ, դատոզությունը կհամոզեր նրան, որ իր բոլոր ճիգերը զուր կանցնեն։ Բանն այն է հենց, որ այդ դատողությանը տեղ չկա՝ ջղաձգումն է մնացել սոսկ։ Նկատի առեք նաև, որ կալանավորի մեջ ինքնության ինքնակամ յուրաքանչյուր դրսևորում հանցանք է համարվում, իսկ այդ դեպքում նրա համար, բնականաբար, նույնն է, թե որն է մեծ, որը փոքր դրսևորում։ Քեֆ քաշել, ուրեմն քեֆ քաշել, սիրտ անել, ուրեմն գնալ նույնիսկ սպանության։ Ու չէ որ բավական է սոսկ սկսել, մարդն արբեցած է արդեն, նրան կանգնեցնել չի լինի։ Ուստիև, ամեն կերպ ավելի լավ է չհասցնել դրան։ Ավելի հանգիստ կլինի բոլորի համար։
Այո, բայց ինչպե՞ս անել դա։
=== Առաջին ամիսը ===
=== Նոր ծանոթություններ։ Պետրովը ===