=== Առաջին ամիսը ===
Բանտ մտնելիս, մի քիչ փող ունեի։ Ձեոքիս ունեցածը քիչ էր՝ վախից, որ կվերցնեն, բայց հարկավոր պահի համար թաքցրել էի, այսինքն սոսնձված էր Ավետարանի կազմի մեջ, որը կարելի էր բանտ մտցնել՝ մի քանի ռուբլի էր։ Այդ գիրքը՝ մեջը սոսնձած ռուբլիներով, ինձ էին նվիրել դեռևս Տոբոլսկում նրանք, ովքեր նույնպես տառապում էին աքսորում և ժամանակը հաշվում այլևս տասնամյակներով և ովքեր ամեն տառապյալի մեջ վաղուց վարժվել էին տեսնել եղբոր։ Սիբիրում կան ու համարյա երբեք չեն վերանա մի քանի անձինք, ովքեր իրենց կյանքի իմաստն են համարում կարծես եղբայրական հոգածությունը «տարաբախտների» հանդեպ, կարեկցանքն ու ցավակցումը, ճիշտ ինչպես հարազատ զավակներին, միանգամայն անշահախնդիր, սրբավարի։ Այստեղ չեմ կարող համառոտակի չհիշել մի հանդիպում։ Քաղաքում, ուր գտնվում էր մեր բանտը, մի տիկին էր ապրում Նաստասյա Իվանովնան, այրի էր։ Հարկավ, մեզնից ոչ ոք բանտում գտնվելով, չէր կարող անձամբ ծանոթանալ նրա հետ։ Կարծես իր կյանքի նշանակությունը նա ընտրել-դարձրել էր օգնությունն աքսորյալներին, բայց բոլորից ավելի հոգում էր մեր մասին։ Կա՞ր, արդյոք, նման որևիցե դժբախտություն կամ իր սրտին առանձնապես թանկ ու մոտիկ որևէ մեկը տուժե՞լ էր նմանօրինակ հանցանքի համար, միայն թե մի տեսակ հատուկ երջանկություն էր համարում մեզ համար անելն այն ամենն, ինչ կարող էր սոսկ։ Շատ բան, հարկավ, չէր կարող շատ էր չունևոր։ Սակայն մենք՝ բանտում նստածներս, զգում էինք, որ այնտեղ, բանտից անտի, հավատարմագույն բարեկամ ունենք։ Իմիջիայլոց, հաճախ նա մեզ լուրեր էր հայտնում, որոնց կարիքը շատ ունեինք։ Բանտից դուրս գալով և մի ուրիշ քաղաք ուղևորվելով, հասցրի լինել իր մոտ և անձամբ ծանոթանալ։ Ապրում էր ինչ-որ տեղ Ֆորշտադտում, իր մերձավոր ազգականներից մեկի տանը։ Ոչ տարիքն առած էր, ոչ ջահել, ոչ սիրունիկ և ոչ տգեղ, նույնիսկ չէր լինի իմանալ՝ խելացի՞ է, արդյոք, կրթվա՞ծ։ Միայն թե նրա մեջ ամեն քայլափոխին նկատվում էր անսահման բարություն, սիրաշահելու, թեթևացնելու, ձեզ համար անպայման մի հաճելի բան անելու անհաղթահարելի զգացում։ Այդ ամենն ուղղակի երևում էր նրա մեղմ, բարյացակամ հայացքում։ Բանտի իմ ընկերներից մեկի հետ ամբողջ մի երեկո անցկացրինք նրա տանը։ Նա աչքերը չէր կտրում մեր աչքերից, ծիծաղում էր, երբ մենք էինք ծիծաղում, շտապում համաձայնել ինչ էլ ասեինք, իրար էր անցել հյուրասիրելու մեզ ինչով միայն կարող էր։ Թեյ մատուցվեց, ակրատ, ինչ-որ քաղցրավենիք, և եթե հազարներ ունենար, կարծում եմ, միայն ուրախ կլիներ, որ կկարողանար ավելի սիրաշահել ու թեթևացնել բանտում մնացած մեր ընկերների վիճակը։ Հրաժեշտ տալիս, մեկական ծխատուփ նվիրեց, ի հիշատակ։ Ինքն էր սոսնձել դրանք մեզ համար ստվարաթղթից (Աստված գիտե, ինչպես էին սոսնձված), երեսպատել գունավոր թղթով, ճիշտ նույնպես, ինչպես կազմվում են թվաբանության համառոտ դասագրքերը մանկական դպրոցների համար (գուցեև, ծխատուփերի համար նույնպիսի գիրք էր օգտագործվել)։ Երկու տուփերն էլ, գեղեցկության համար, եզերված էին ոսկեթղթի բարակ շերտիկներով, ինչը գնելու համար նա հատկապես գնացել էր խանութ։ «Այ, գուք ծխում եք, գուցեև ձեզ պետք գա»,— ասաց նա, մի տեսակ կարծես ամաչելով իր նվերներից... Ասում են ոմանք (ես լսել ու կարդացել եմ), որ մերձավորի հանդեպ բարձրագույն սերը միաժամանակ նաև բարձրագույն եսապաշտություն է։ Թե ինչ կապ ունի այստեղ եսապաշտությունը, ոչ մի կերպ չեմ հասկանում։
Բանտ մտնելիս թեև այնքան էլ շատ փող չունեի, բայց մի տեսակ չկարողացա այն ժամանակ լրջորեն վրդովվել այն տաժանակիրների վրա, ովքեր բանտային իմ կյանքի գրեթե առաջին ժամերին, արդեն մեկ անգամ խաբելով ինձ, միամիտ-միամիտ գալիս էին երկրորդ, երրորդ, նույնիսկ հինգերորդ անգամ փող պարտք վերցնելու։ Բայց մի բան խոստովանեմ անկեղծորեն. ինձ շատ էր բարկացնում, որ այդ ամբողջ ամբոխը, իրենց պարզունակ խորամանկություններով, ինչպես թվում էր, անպայման պիտի համարեին ինձ ցանցառ, ու հիմարիկ, ծիծաղեին վրաս այն իսկ պատճառով, որ հինգերորդ անգամ փող էի տալիս իրենց։ Անպայման պիտի թվար, թե ես տրվում եմ իրենց խաբեություններին ու խորամանկություններին, և հակառակը, եթե մերժեի ու քշեի, հավատացած եմ, կսկսեին անհամեմատ ավելի հարգել ինձ։ Սակայն ինչքան էլ բարկանայի, այդուհանդերձ, մերժել չէի կարողանում։ Իսկ բարկանում էի, որ առաջին այդ օրերին լրջորեն ու մտահոգ մտածում էի, թե ինչպես և ինչ աստիճանի պիտի ինձ դնեմ բանտում, կամ ավելի լավ կլինի ասել, թե ինչ աստիճանի պիտի կանգնեմ նրանց հետ։ Զգում և հասկանում էի, որ այս ամբողջ շրջապատը բացարձակապես նոր է ինձ համար, որ ես կատարյալ խավարի մեջ եմ, իսկ խավարի մեջ չի կարելի ապրել այդքան տարի։ Հարկ էր նախապատրաստվել։ Անշուշտ, վճռեցի, որ ամենից առաջ պետք է գործել ուղղամիտ, ինչպես ներքին զգացողությունս և խիղճս են հրամայում։ Սակայն գիտեի նաև, որ դա սոսկ ասույթ է, իսկ իմ դեմ կանգնելու է ամենաանսպասելի իրողությունը։
Այդ իսկ պատճառով, չնայած բանտասենյակում հարմար տեղավորվելու իմ բոլոր մանրումեծ հոգսերին, որոնք հիշատակել եմ արդեն, և որոնց դրդում էր գերազանցապես Ակիմ Ակիմիչը, չնայած ինչ-որ առումով դրանք զբաղեցնում էին ինձ, թունալի տրտմությունն ավելի ու ավելի էր տանջում։ «Մեռյալ տուն» ասում էի ինքս ինձ, երբեմն մթնշաղին, մեր բանտասենյակի առմուտքից զննելով կալանավորներին, որոնք արդեն վերադարձել էին գործից և ծուլորեն գնում-գալիս էին բանտի բակում, բանտասենյակներից խոհանոց ու ետ։ Զննում էի և նրանց դեմքերից ու շարժմունքից ջանում իմանալ, թե ի՞նչ մարդիկ են, ի՞նչ բնավորության տեր։ Իսկ նրանք թափառում էին իմ առջևով՝ ճակատները կնճռոտած կամ արդեն չափից ավելի ուրախ (այս երկու տեսակներն ավելի շատ են հանդիպում և համարյա թե տաժանավայրի բնութագիրն է), կռվշտում էին կամ պարզապես զրուցում, կամ ի վերջո, շրջում էին մենակ, ասես մտքերի մեջ խորասուզված, լուռումունջ, սահուն, ոմանք հոգնած և հուսաբեկ տեսքով, մյուսները (անգամ այստեղ) գոռոզ գերազանցության տեսքով, գլխարկները թեք դրած, քուրքերն ուսերին գցած, հանդուգն, խորամանկ հայացքով ու լկտի քմծիծաղով։ «Այս ամենն իմ միջավայրն է, ներկայիս»։ Իմ կյանքը,— մտածում էի,— որոնց մեջ, ուզեմ թե չուզեմ, պիտի տպրեմ... Փորձեցի հարցուփորձ անել և նրանց մասին իմանալ Ակիմ Ակիմիչից, ում հետ շատ էի սիրում թեյ խմել, որ մենակ չմնամ։ Միջանկյալ ասեմ, որ թեյն այդ առաջին շրջանում, համարյա թե միակ սնունդս էր։ Ակիմ Ակիմիչը թեյից չէր հրաժարվում և ինքն էր դնում մեր ծիծաղելի, ինքնաշեն, թիթեղյա փոքր ինքնաեռը, որն ինձ էր պահ տվել Մ.֊ը։ Ակիմ Ակիմիչը սովորաբար մի բաժակ էր խմում (նա բաժակներ էլ ուներ), խմում էր լուռ ու ծանրումեծ, ինձ ևս մատուցելով, շնորհակալություն էր հայտնում և տեղնուտեղը սկսում կարել֊կարկատել իմ վերմակը։ Բայց այն, ինչ ինձ պետք էր իմանալ, հայտնել չէր կարող և չէր հասկանում նույնիսկ, թե իմ ինչին է պետք այդպես առանձնակի հետաքրքվել մեզ շրջապատող և մեզ ավելի մերձ տաժանապարտների բնավորություններով, և լսում էր մի տեսակ նույնիսկ խորամանկ ժպիտով, ինչ շատ եմ հիշում. «Չէ, երևում է, ինքս պիտի վերապրեմ և ոչ թե հարցուփորձ անեմ»,— մտածեցի ես։
Չորրորդ օրը, ինչպեսև այն անգամ, երբ գնացել էի կալանդները վերակոփելու, լուսումութին կալանավորները երկշար շարվեցին կորդեգարդիայի առաջ, դարպասի մոտ։ Առջևում, դեմքով դեպի կալանավորները և ետևում, լցված հրացաններով ու ծալած սվիններով, ձգվեցին զինվորները։ Զինվորն իրավունք ուներ կրակել կալանավորի վրա, եթե վերջինս մտադրվեր փախչել, սակայն միևնույն ժամանակ պատասխանատու էր իր կրակոցի համար, եթե դա արել էր ոչ ծայր անհրաժեշտության դեպքում, նույնը նաև՝ տաժանապարտների բացահայտ խռովության պարագային։ Բայց դե ո՞ւմ խելքին կփչեր փախչել բացեիբաց։ Հայտնվեց ինժեներ-սպան, կոնդուկտորը, ինչպես նաև ինժեներ ենթասպաները և զինվորները, կատարվող աշխատանքը հսկող պրիստավները։ Ներկա-բացակա արեցին։ Կարի արհեստանոցներ գնացող կալանավորների մի մասը ճանապարհ ընկավ բոլորից շուտ, ինժեներական ծառայությունը նրանց հետ գործ չուներ, նրանք աշխատում էին բանտի համար և կարում ամբողջ բանտի հագուստը։ Հետո ճամփա ընկան արհեստանոցներ գնացողները, հետո էլ սովորական սևագործները։ Քսան ուրիշ կալանավորների թվում ես էլ գնացի։ Պարսպից այն կողմ, սառած գետի վրա երկու պետական բեռնանավ կար, որոնք անպիտանիության համար պետք էր քանդել, որ ծայրահեղ դեպքում շինափայտը չկորչեր հենց այնպես։ Ի դեպ, այդ հին շինափայտը, կարծում եմ, շատ քիչ արժեր, համարյա ոչինչ։ Քաղաքում վառելափայտը վաճառվում էր չնչին գնով, չորսբոլորն անտառ էր՝ լիուլի։ Գործի էին ուղարկում համարյա թե մի պատճառով լոկ, որ կալանավորները ձեռքերր ծալած չնստեն, ինչը և շատ լավ հասկանում էին իրենք՝ կալանավորները։ Նման գործի նրանք գնում էին ծուլորեն և չուզենալով, և համարյա միանգամայն ուրիշ էր լինում, երբ գործն ինքնին իսկական էր, արժեքավոր և հատկապես, երբ հնարավոր էր գործաբաժին-կետարք խնդրել։ Այդ դեպքում նրանք հատկապես ոգևորվում ու թեև դրանից ամենևին օգուտ չէր լինում իրենց համար, սակայն ինքս եմ տեսել, ուժասպառ էին լինում՝ գործն ավելի շուտ և ավելի լավ ավարտելու համար, նույնիսկ մի տեսակ ինքնասիրություն էր ի հայտ գալիս։ Սակայն իսկական աշխատանքի մեջ, որ արվում էր ավելի շատ ձևի, քան հարկավորության համար, դժվար էր կետարք պոկել, այլ հարկ էր աշխատել մինչև թմբկազարկ, որը տուն էր կանչում առավոտյան ժամը տասնմեկին։ Տաք, մշուշապատ օր էր, ձյունը համարյա հալչել էր։ Մեր ամբողջ խումբը ճամփա ընկավ պարսպից դուրս, գետափ, թեթևակի զնգզնգացնելով շղթաները, որոնք թեև հագուստի տակից էին, այդուհանդերձ, սուր և կտրուկ զրնգոց էին արձակում ամեն քայլափոխին։ Երկու-երեք հոգի ջոկվեցին անհրաժեշտ գործիքները բերելու ցեյխհաուզից։ Քայլում էի բոլորի հետ միասին և կարծես նույնիսկ աշխուժացա. ուզում էի ավելի շուտ տեսնել և իմանալ, թե ի՞նչ դործ է դա։ Ի՞նչ տաժանակիր աշխատանք է։ Եվ ե՞ս ինչպես եմ կյանքում առաջին անգամ սևագործություն անելու։
Ամեն ինչ հիշում եմ նվազագույն մանրուքներով։ Ճանապարհին մի քաղքենի հանդիպեց մեզ՝ փոքր մորուքով, կանգնեց ու ձեռքը գրպանը տարավ։ Տեղնուտեղը մի կալանավոր պոկվեց մեր խմբից, գլխարկը հանեց և վերցրեց ողորմությունը՝ հինգ կոպեկ, և փութով միացավ յուրայիններին։ Քաղքենին խաչակնքեց ու գնաց իր ճանապարհով։ Այդ հինգ կոպեկը նույն առավոտյան տվեցինք կալաչի՝ մեր ամբողջ շարքին հասավ հավասարապես։
Կալանավորների այդ ամբողջ խմբից ոմանք, սովորականի պես, մռայլադեմ էին ու քչախոս, մյուսներն անտարբեր ու ալարկոտ, մնացածը ծուլորեն զրուցում էր իրար մեջ։ Մեկն անասելի ուրախ-զվարթ էր, չգիտես ինչու, երգում ու համարյա թե պար էր գալիս ճանապարհին, ամեն ցատկի հետ զնգզնգացնելով կալանդները։ Հենց այն կարճահասակ և պնգակազմ կալանավորն էր, որը բանտում գտնվելու առաջին առավոտյան վեճի բռնվեց մեկ ուրիշի հետ՝ ջրի մոտ լվացվելիս, քանի որ մյուսը համարձակվել էր պնդել իր մասին, թե ինքը կտցար թռչուն է։ Ուրախ-զվարթ այդ ջահելի ազգանունը Սկուրատով էր։ Ի վերջո, նա մի շրխկան երգ սկսեց, որի կրկներգն եմ հիշում.
<poem>
Ես չկայի, ինձ պսակեցին,
Ինձ համար ջաղացում նստած էի։
</poem>
Միայն բալալայկան էր պակասում։
Նրա անսովոր զվարթ տրամադրությունն, իհարկե, իսկույն բորբոքեց մեր շարասյունից մի քանիսին, նույնիսկ որպես վիրավորանք ընկալվեց։
― Ոռնոցը դրեց,— կշտամբանքով սկսեց մի կալանավոր, ում գործը չէր, ի դեպ, ամենևին։
― Գելը մի երգ ուներ, էն էլ ձեռից խլեց տուլացին,— ավելացրեց մյուսը՝ մռայլադեմներից էր, ուկրաինացու խոսվածքով։
― Ասենք թե՝ տուլացի եմ,— տեղնուտեղն առարկեց Սկուրատովը,— դուք էլ ձեր Պոլտավայում խմորագունդ ուտելով խեղդվեցիք։
― Փչո՜ց։ Քո կերա՞ծն ինչ է եղել։ Տրեխով շփոթ ես խպշտել։
― Հիմի էլ սատանեն է կորիզից-բանից տալիս,— ավելացրեց երրորդը։
― Ճիշտը որ ասեմ, ախպեր տղերք, լավ ապրած մարդ եմ,— թեթևակի հոգոցով պատասխանեց Սկուրատովը, ասես զղջալով իր լավ ապրած լինելու համար և դիմելով բոլորին՝ ընդհանրապես, ոչ մեկին՝ առանձին,— ամենափոքրուց սև սալորաչրով ու փումփուշ բլիթներով եմ դաստավորվել (այսինքն, դաստիարակվել՝ Սկուրատովը դիտավորյալ աղավաղում էր բառերը),— հարազատ ախպերներս հիմի էլ Մոսկվայում իրանց խանութն ունեն, մեջտեղի շարքերում քամի են ծախում, հարստացող վաճառականներ են։
― Բա դո՞ւ ինչ ես ծախել։
― Մեր գործերն ուրիշ են դասավորվել։ Հենց էն ժամանակ էլ, ախպեր տղերք, իմ առաջին երկու հարյուրը ստացա...
― Չլինի՞ թե ռուբլի,— հարցրեց հետաքրքրասեր մեկը, նույնիսկ ցնցվեց այդքան փողի անուն լսելով։
― Չէ, այ հոգի, ռուբլի չէ, մահակ։ Լուկա, այ Լուկա։
― Նայած ում համար՝ Լուկա, քեզ համար՝ Լուկա Կուզմիչ,— դժկամությամբ արձագանքեց փոքրամարմին ու նիհարիկ, քիթը սուր կալանավորը։
― Լավ, Լուկա Կուզմիչ, սատանեն քեզ հետ, թող էդպես լինի։
― Նայած ում համար՝ Լուկա Կուզմիչ, քեզ համար՝ Լուկա հոպար։
― Դե, գրողը քեզ էլ տանի, հոպարին էլ հետը։ Խոսել էլ չարժի։ Լավ բան էի ուղում ասել։ Ուրեմն, էնպես եղավ, ախպեր տղերք, որ կարճ մնացի Մոսկվայում. վերջում էլ տասնհինգ ճիպոտ տվին ու քշեցին։ Ես էլ...
― Բաա ինչի՞ համար քշեցին...— ընդհատեց մեկը, որն ուշադիր հետևում էր պատմածին։
― Ուրեմն, չմտնես կարանտին, չխմես բկից, դուրս չտաս դեսից-դենից։ Էնպես որ, ախպեր տղերք, չհասցրի Մոսկվայում ոնց որ պետքն է հարստանալ։ Բայց դե, շատ, շատ, շատուշատ էի ուզում հարստանա մ։ Ու էնքան էի ուզում, էնքան, որ չեմ իմանում, ինչ ասեմ։
Շատերը ծիծաղեցին։ Ակներև էր, որ Սկուրատովը կամավոր այն զվարճախոսներից, կամ ավելի լավ է ծաղրածուներից էր, ովքեր կարծես իրենց պարտքն էին համարում զվարճացնել մռայլադեմ ընկերներին և, իհարկե, ոչնչից ոչինչ չէին ստանում, հայհոյանքից բացի։ Նա պատկանում էր առանձնահատուկ և հոյակապ տեսակին, ինչի մասին գուցեև հարկ կլինի խոսել։
― Ասենք, քեզ հիմի էլ աքիսի տեղ կարելի է խփել,— նշեց Լուկա Կուզմիչը։— Տես է, մենակ հագուկապը մի հարյուր ռուբլու կլինի։
Սկուրատովի հագինն անչափ հին, շատ մաշված քուրք էր, բոլոր կողմերից կարկատած։ Բավականին անվրդով, սակայն ուշադիր զննեց դա վարից վեր։
― Դրա տեղակ գլուխս թանկ արժի, տղերք, գլուխս,— պատասխանեց նա,— էդպես էլ Մոսկվային մնաս բարով ասի, ինքս էլ գոհ, որ գլուխս հետս է մնալու։ Մնաս բարով, Մոսկվա, շնորհակալ եմ քեզ բաղնիքի համար, ազատ ոգու համար, փառավոր ծեծտվին։ Քուրքին էլ նայելու բան չունես, հոգիս...
― Չլինի՞, գլխիդ պտի նայեմ։
― Ախր էդ գլուխն էլ իրենը չի, ողորմություն են տվել,— նորից միջամտեց Լուկան։— Գլուխը նրան Տյումենում են տվել Քրիստոսի սիրուն, կալանախմբով անցնելիս։
― Ինչ կա, Սկուրատով, չլինի՞ արհեստի տեր ես եղել։
― Էդ ո՞ր արհեստը։ Ման ածող է եղել, սոլկարների է տարել֊բերել, նրանց ղալիբներն է քարշ տվել,— նշեց խոժոռադեմներից մեկը,— էդ էլ՝ նրա արհեստը։
― Իսկականից որ, փորձել եմ սապոգ կարել,— պատասխանեց Սկուրատովը, ամենևին չնկատելով կծու դիտողությունը։— Ընդամենը մի զույգ կարեցի։
— Է ինչ, առա՞ն։
― Հա։ Մեկը պատահեց, երևում է ոչ Աստծուց էր վախենում, ոչ հորն ու մորը հարգում։ Աստված նրան պատժեց՝ առավ։
Սկուրատովի չորսբոլորը ծիծաղից թուլացան։
― Հետո նորից աշխատեցի, արդեն էստեղ,— արտակարգ սառնասրտությամբ շարունակեց Սկուրատովը։— Պորուչիկ Ստեպան Ֆեոդորիչ Պոմորցևի թաթերեսները կպցրի։
― Իսկ ի՞նչ, գոհ մնա՞ց։
― Չէ, ախպրտիք, գժգոհ էր։ Հազար տեսակ ուշունց տվեց, հետո էլ ծնկով խփեց քամակիս։ Շատ էր ջղայնացել, շատ։ Էխ, կյանքս ծուռ գնաց, տաժանակիր մարդուս կյանքը...
<poem>
Դրանից մի քիչ հետո
Ակ֊կուլինայի մարդը ելավ բակ...—
</poem>
անսպասելի ձգեց նորից և ցատկոտելով դոփդոփեց։
― Ի՜նչ այլանդակ մարդ դուրս եկավ,— փնթփնթաց կողքովս քայլող ուկրաինացին, չարակամ արհամարհանքով աչքերը թեքեց նրա կողմը։
― Անպետքական մարդ է,— նշեց մեկ ուրիշը՝ վերջնական և լուրջ տոնով։
Ամենևին չէի հասկանում, թե ինչի համար են Սկուրատովի վրա բարկանում և ընդհանրապես, ինչի՞ համար բոլոր ուրախ մարդիկ, ինչպես հասցրի նկատել այդ առաջին օրերին, կարծես որոշ արհամարհանքի տակ էին։ Ուկրաինացու և մյուսների բարկությունը վերագրեցի անձնավորություններին։ Սակայն նրանք անձնավորությունները չէին, այլ այն, որ Սկուրատովը զսպություն չուներ, չուներ սեփական արժանապատվության այն խիստ շինծու տեսքը, որով վարակված էր ամբողջ տաժանավայրը՝ մանրախնդրության աստիճան, միով բանիվ, այն պատճառով, որ նա, կալանավորների իսկ արտահայտությամբ, «անպետքական» մարդ էր։ Այնինչ, ոչ բոլոր ուրախների վրա էին բարկանում և ոչ բոլորին էին քամահրում, ինչպես Սկուրատովին և նրա նման մյուսներին։ Ով ինչպես թույլ կտար իրեն վերաբերվել. բարեհոգի և անխարդախ մարդն անմիջապես ենթարկվում էր նսեմացման։ Դա ինձ ապշեցրեց նույնիսկ։ Բայց զվարթաբարո մարդկանց մեջ կային և այնպիսիք, ովքեր կարողանում և սիրում էին շշպռել և ոչ մեկին անպատասխան չէին թողնում։ Այդպիսիներին հարկադրված էին հարգել։ Այդտեղ, մարդկանց նույն խմբում լեզվանի-կծան մեկը կար, ըստ էության, զվարճասեր ու շատ համակրելի, ում այդ կողմից ճանաչեցի արդեն հետո, երևելի և բարձրահասակ ջահել էր, այտին մի խոշոր կոծիծ, գեմքին խիստ ծաղրական արտահայտություն, ի դեպ, բավականին գեղեցկատես ու ճարպիկ։ Նրան պիոներ էին կոչում, քանի որ ժամանակին ծառայել էր որպես այդպիսին, իսկ հիմա հատուկ բաժանմունքում էր։ Նրա մասին դեռևս հարկ կլինի խոսել։
Իմիջիայլոց, ոչ բոլոր «լրջատեսքներն» էին այնքան անզուսպ, որքան ուրախությունից զայրացող ուկրաինացին։ Տաժանավայրում մի քանիսը կային, որոնք հավակնում էին առաջնայնության՝ ամեն գործի իմացություն, հնարամտություն, բնավորություն, խելք։ Այդպիսիներից շատերն իսկապես խելացի էին, բնավորության տեր, և իրոք, հասնում էին իրենց հավակնածին, այն է՝ առաջնայնության և բարոյական որոշակի ազգեցության իրենց ընկերների վրա։ Իրար մեջ այդ գիտունիկները հաճախ մեծ թշնամիներ էին, և յուրաքանչյուրն ուներ բազմաթիվ ատողներ։ Մնացյալ կալանավորներին նրանք նայում էին արժանապատվությամբ, անգամ ներողամտությամբ, անհարկի վեճերի չէին բռնվում, ղեկավարության աչքին լավ համարում ունեին, գործատեղում հանդես էին գալիս իբրև թե կարգադրիչներ և նրանցից ոչ մեկը չէր խոսի, օրինակ, երգի համար, նման մանրուքների աստիճանին չէին իջնում։ Իմ հանդեպ այդպիսիք մշտապես շատ նրբանկատ էին ամբողջ տաժանակրության ընթացքում, բայց այնքան էլ զրուցասեր չէին, դարձյալ կարծես արժանապատվությունից։ Նրանց մասին նույնպես հարկ կլինի հանգամանորեն խոսել։
Հասանք գետափ։ Ներքևում, գետի վրա, ջրի մեջ սառած բեռնանավ կար, որը պետք էր ջարդջրդել։ Գետի մյուս ափին կապտին էր տալիս տափաստանը ամայի և մռայլ տեսարան։ Սպասում էի, որ բոլորը վրա կպրծնեն գործի, բայց այդ մասին չէին էլ մտածում։ Ոմանք նստոտեցին գետափին թափված գերանների վրա, համարյա բոլորը սապոգների միջից հանեցին քսակները՝ տեղական ծխախոտով, որ շուկայում ծախում էին տերևներով, ֆունտը երեք կոպեկ, որձուռենու փայտից սեփական ձեռքով պատրաստված պստիկ ու կարճլիկ ծխափողերը։ Ծխախոտը վառեցին, պահախմբի զինվորները շղթա կազմեցին ու շատ ձանձրացած տեսքով անցան մեզ հսկելու։
― Տեսնես, ո՞ւմ խելքին է փչել ջարդուփշուր անել էս նավը,— ինքն իրեն, ի դեպլ, ոչ ոքի չդիմելով, ասաց մեկը։— Վայ թե տաշեղի պետք են ունեցել։
― Ով որ մեզանից չի վախում, նրա խելքին էլ փչել է,— նշեց մյուսը։
― Տեսնես, ո՞ւր են քշում էն մուժիկները,— քիչ լռելով, հարցրեց առաջինը, նկատելու չտալով նախկին հարցի պատասխանը և ցույց տալով հեռվում մի խումբ մուժիկների, որոնք իծաշարուկ ինչ-որ տեղ էին գնում հարթ ձյան միջով։ Բոլորն ալարկոտ դարձան ցույց տված կողմն ու պարապությունից սկսեցին ձեռ առնել նրանց։ Մուժիկներից մեկը՝ վերջինը, մի տեսակ անսովոր ծիծաղելի էր քայլում՝ ձեռքերը չռած, գլուխը կողք կախած, գլխին երկարականջ, խրձաձև մուժիկական գդակ։ Ամբողջ մարմինը լրիվ և հստակ գծագրվում էր ձյան վրա։
― Մի տես է, ախպերացու Պետրովիչը ոնց է գլորվում,— նկատեց մեկը ծաղրելով մուժիկական խոսվածքը։ Հատկանշական է, որ կալանավորներն ընդհանրապես փոքր-ինչ վերևից էին նայում մուժիկներին, թեև կեսը հենց մուժիկներից էին։
― Տղերք, էն վերջինն էնպես է գնում, ոնց որ բողկ տնկի։
― Հաստագլուխ է, փող շատ ունի,— նշեց երրորդը։
Բոլորը ծիծաղեցին, բայց էլի մի տեսակ ծուլորեն, ասես չուզենալով։ Այդ ընթացքում մոտ եկավ կալաչ ծախողը՝ կռվազան, ժիր կնիկ էր։
Բանտում կալաչ ծախող ջահելը երկու տասնյակ վերցրեց ու սկսեց առևտուր անել երկու, թե երեք ավելի կալաչի վրա, ինչ ընդունված էր սովորական կարգով։ Բայց կալաչ ծախողը չէր համաձայնում։
― Լավ, բա էն բանից չե՞ս տա։
― Է՞լ ինչ կուզես։
― Էն էլի, որ մկներն էլ չեն ուտում։
― Ոչուփուչ ըլնես դու,— ճղճղաց կնիկն ու ծիծաղեց։
Վերջապես, երևաց նաև աշխատանքները հսկող պրիստավը՝ մի ենթասպա էր՝ բարակ փայտը ձեռքին։
― Էս ի՞նչ շնթռեցիք։ Գործի անցեք։
― Բայց դե, Իվան Մատվեյիչ, կետարք տվեք,— սկսեց «ղեկավարողներից» մեկը, դանդաղ ելնելով տեղից։
― Ինչի՞ երեկ չհարցրիք գործաբաժնին։ Նավը քանդեք-պրծեք, էդ էլ ձեզ կետարք։
Մի քանիսը վերջապես ոտքի ելան ու իջան գետափ, հազիվ քարշ տալով ոտքերը։ Ամբոխից անմիջապես հայտնվեցին նաև «կարգադրիչները», համենայն դեպս, միայն խոսքով։ Պարզվեց, որ հարկ չկար նավը ջարդջրդել զուր տեղը, այլ պետք էր հնարավորինս պահպանել գերանները, հատկապես խոտորնակի ապրանքարկղները, որոնք ամբողջ երկայնքով ագուցված էին նավի հատակին՝ փայտյա գամերով՝ տևական ու ձանձրալի մի գործ։
― Առաջուց պտի որ քաշվի֊հանվի էս գերանը։ Դե, կպեք, տեսնեմ, տղերք,— ասաց ամենևին ոչ կարգադրող ու ղեկավարող մեկը, այլ պարզապես սևագործ կալանավորը՝ սուսուփուս, քչախոս մարդ էր, որը լուռ էր մինչ այդ և կռանալով, գրկեց հաստ գերանը՝ օգնողների սպասելով։ Բայց ոչ ոք չօգնեց նրան։
― Չէ՜ մի, բարձրացրիր։ Ոչ դու կբարձրացնես, ոչ էլ արջ պապդ թե եկավ, ինքն էլ չի բարձրացնի,— փնթփնթաց մյուսն, ատամների արանքից։
― Բա ո՞նց անենք, տղերք, ո՞նց սկսենք։ Էլ չեմ իմանում...— ասաց մտահոգված ինքնակոչը, թողնելով գերանն ու շտկվելով։
― Գործից լրիվ գլուխ չես հանի... ի՞նչ մեջ ընկար։
― Երեք հավի կուտ տալ չի կարա, առաջ ընկավ... Հավի ճուտը։
― Ես բան չասի, տղերք,— ետ քաշվեց մտահոգը,— մենակ թե...
― Չլինի՞ վրաներդ չուլուփալաս եմ գցելու։ Թե ձմռան թթու դնելու,— նորից բղավեց պրիստավը, տարակուսանքով նայելով քսանագլուխ ամբոխին, որը չգիտեր ինչից սկսի գործը։— Սկսեք։ Շուտ, շուտ։
― Շուտ֊շուտից բան դուրս չի գա, Իվան Մատվեյիչ։
― Առանց էդ էլ գործ անողը չես։ Խոսելացավից բացի, էյ, Սավելև։ Քեզ եմ ասում, ի՞նչ ես կանգնել, աչքերդ չորս արել... Սկսեք։
― Ես մենակս ի՞նչ անեմ։
― Գոնե կետարք տվեք, Իվան Մատվեյիչ։
― Ասինք՝ կետարք չի լինի։ Նավը քանդեք ու գնացեք տուն։ Սկսեք։
Վերջապես, գործի անցան, բայց ալարկոտ, չուզելով, անհմուտ։ Ցավալի էր նայել ամրակազմ աշխատողների այդ հուժկու ամբոխին, որը կարծես հաստատապես տարակուսած էր, թե ինչպես անցնի գործի։ Նոր էին ձեռնարկել դուրս քաշել առաջին, ամենափոքր ապրանքարկղը, պարզվեց, որ դա կոտրատվում է, «ինքն իրեն ջարդջրդվում է» պրիստավի առաջ այդպես արդարացան, հետևաբար, աշխատել չի լինի, այլ պետք է սկսել մի ուրիշ կերպ։ Իրար մեջ երկար տվին֊առան, թե ինչպե՞ս սկսեն մի ուրիշ կերպ, ի՞նչ անեն։ Հարկավ, կամաց-կամաց հասան հայհոյանքի, ինչն սպառնում էր գնալով խորանալ։ Պրիստավը նորից բղավեց ու թափ տվեց փայտիկը, բայց ապրանքարկղը նորից ջարդվեց։ Ի վերջո, պարզվեց, որ կացինները քիչ են և որ պետք է էլի ինչ֊ինչ գործիքներ բերել։ Իսկույն երկու ջահել կարգեցին՝ հսկողության տակ, գործիքներ բերելու գնան բերդ, իսկ սպասելով նրանց, մնացած բոլորը հանգիստ նստոտեցին բեռնանավի վրա, հանեցին իրենց ծխափողերն ու նորից ծխեցին։
Ի վերջո, պրիստավը թքեց։
― Էհ, ձեզնից գործ անող գուրս չի գա։ Ինչ ժողովուրդ եք, է՜,— մրթմրթաց նա բարկացած, ձեռքր թափ տվեց ու գնաց բերդ, թափ տալով փայտիկը։
Մի ժամ անց եկավ կոնդուկտորը։ Հանգիստ լսելով կալանավորներին, նա հայտարարեց, որ կետարք է տալիս էլի չորս ապրանքարկղ հանելու համար, բայց այնպես, որ չջարդեն, բացի դրանից, հանձնարարեց մաս-մաս անել բեռնանավի նշանակալի մասը, այնպես, որ միայն դրանից հետո կարելի էր տուն գնալ։ Կետարքը մեծ էր, բայց Տեր իմ, ինչպես անցան գործի։ Ո՜ւր չքվեց ծուլությունը, ի՜նչ եղավ տարակուսանքը։ Թխկթխկացին կացինները, սկսեցին դուրս քաշել փայտյա գամերը։ Մյուսները հաստ ձողաններ էին դեմ տալիս և քսան ձեռքով սեղմելով դրանք, հմտորեն և վարպետորեն պոկում ապրանքարկղները, որոնք, ի զարմանս, պոկվում էին ամբողջապես, անվնաս և չփչացված։ Գործը եռում էր։ Բոլորը հանկարծակի մի տեսակ խելոքացան։ Ոչ մի ավելորդ խոսք, ոչ մի ուշունց, ամենքը գիտեին ինչ ասել, ինչ անել, ուր կանգնել, ինչ խորհուրդ տալ։ Թմբկազարկից ճիշտ կես ժամ առաջ հանձնարարված կետարքն ավարտված էր, և կալանավորները շարժվեցին տուն, հոգնած, բայց միանգամայն գոհ, թեև աննշան կես ժամ էին շահել նշված ժամից։ Բայց իմ վերաբերյալ մի առանձնահատկություն նկատեցի. գործի ընթացքում ուր էլ խցկվեցի օգնելու, ամենուրեք իմ տեղում չէի, ամեն տեղ խանգարում էի, ամեն տեղից համարյա թե հայհոյանքով ինձ հեռու էին քշում։
Ոմն հետնյալ գջլոտ, որ ամենավատ աշխատողն էր և չէր համարձակվի ծպտուն անգամ հանել մյուս, ավելի ճարպիկ ու աչքաբաց տաժանապարտների առաջ, նույնպես իրավունք համարեց այն պատրվակով, թե խանգարում եմ իրեն, գոռալ վրաս ու քշել, երբ կանգնեցի կողքին։ Ի վերջո, այդպիսի մեկն էլ ուղղակի և կոպտորեն ասաց. «Ո՞ւր եք խցկվում, հեռու քաշվեք։ Ինչ եք մտնում, ուր չեն կանչում»։
― Տոպրակն ընկել, դուրս չի գալիս,— տեղնուտեղը մեջ ընկավ մեկ ուրիշը։
― Լավ կանես, ամանն առնես,— ասաց երրորդը,— ու գնաս փող հավաքես խմելիք ու ծխելիքի համար, էստեղ անելիք չունես։
Ստիպված էի կանգնել մի կողմ, իսկ առանձին կանգնելը, երբ բոլորն աշխատում էին, մի տեսակ ամոթ էր։ Բայց երբ, իրոք, այնպես ստացվեց, որ հեռացա ու կանգնեցի բեռնանավի ծայրին, տեղնուտեղը գոռգոռացին.
― Համա թե աշխատողներ են տվել, է՜։ Ի՞նչ կարաս անես դրանց հետ։ Ոչինչ էլ չես անի։
Անշուշտ, այդ ամենը դիտավորյալ էր, որովհետև բոլորին բավականություն էր պատճառում։ Պետք էր ձևեր թափել նախկին ազնվականի գլխին և իհարկե, նրանք ուրախ էին այդ առիթից։
Ինչպես ասել եմ վերը, հիմա շաա հասկանալի էր, թե ինչու բանտ մտնելիս իմ առաջին հարցն էր, ինչպե՞ ս պահեմ ինձ, ինչպե՞ս ներկայանամ այդ մարդկանց։ Կանխազգում էի, որ հաճախ եմ բախումներ ունենալու նրանց հետ, ինչպես հիմա գործատեղում։ Սակայն, չնայած և ոչ մի բախման, վճռեցի չփոխել իմ գործողությունների ծրագիրը, որ մասամբ մտածել էի այդ ժամանակ։ Գիտեի, որ արդարացի է։ Այն է. վճռեցի, որ պետք է ինձ պահեմ հնարավորին չափ ավելի պարզ և անկախ, ամենևին չդրսևորեմ իրենց հետ մերձենալու առանձին ջանքեր, սակայն և չմերժել դրանք, եթե իրենք կկամենան մերձենալ։ Բոլորովին չվախենալ նրանց սպառնալիքներից և ատելությունից, և ըստ հնարավորին ձևացնել, թե չեմ նկատում։ Ամենևին չմերձենալ նրանց որոշ հայտնի կետերում և տուրք չտալ նրանց մի քանի սովորույթներին և բարքերին, մի խոսքով՝ ինքս լիակատար ընկերություն չառաջարկել նրանց։ Առաջին հայացքից կռահեցի, որ դրա համար առաջինը նրանք կարհամարհեն ինձ։ Այնինչ, նրանց ըմբռնմամբ (և սա հաստատապես իմացա հետագայում) նրանց առաջ պետք է որ ես պահպանեմ ու հարգեմ անգամ իմ ազնվական ծագումը, այսինքն՝ նազուտուզ անեմ, ձևեր թափեմ, խորշեմ իրենցից, փնչացնեմ ամեն քայլափոխին, փափկակյացություն դրսևորեմ։ Հենց այդպես էին նրանք հասկանում, թե ինչ ասել է ազնվական։ Ինչ խոսք, կկշտամբեին ինձ, այնուամենայնիվ, ներքուստ կհարգեին։ Նման դերն ինձ հարմար չէր․ ես երբեք ազնվական չեմ եղել՝ նրանց ընկալումներով, փոխարենն ինքս ինձ խոսք տվեցի, ոչ մի զիջումով նրանց առաջ չնսեմացնել ոչ իմ կրթվածությունը, ոչ մտածելակերպը։ Եթե սկսեի շողոքորթել նրանց, համաձայնել, ընտանեվարություն անել և իջնել նրանց այլևայլ «հատկությունների» աստիճանին՝ բարյացակամություն շահելու համար, նրանք տեղնուտեղը կենթադրեին, թե դա անում եմ երկյուղից և վախկոտությունից, և արհամարհանքով կվերաբերվեին ինձ։ Ա.֊վը օրինակ չէր․ նա գնում֊գալիս էր մայորի հետ, կալանավորներն իրենք էին վախենում նրանից։ Մյուս կողմից, չէի ուղում փակ լինել նրանց առաջ սառն ու անմատչելի բարեկրթությամբ, ինչպես լեհերն էին անում։ Հիմա շատ լավ տեսնում էի՝ նրանք ինձ արհամարհում էին, որ ցանկանում եմ աշխատել իրենց պես, նազուտուզ չէի անում իրենց առաջ։ Ու թեև հաստատապես գիտեի, որ հետո ստիպված են լինելու փոխել կարծիքներն իմ մասին, այդուհանդերձ, միտքը, որ հիմա կարծես թե իրավունք ունեն արհամարհել ինձ, որ աշխատանքի մեջ հաճոյանում եմ իրենց, այդ միտքն ահավոր դառնացնում էր ինձ։
Երեկոյան, երբ ետկեսօրյա գործից ետ եկա բանտ, հոգնած ու տանջահար, ահավոր կսկիծը վերստին պարուրեց ինձ։ «Դեռ քանի հազար այսպիսի օրեր կան առջևում,— մտածում էի,— բոլորն իրար նման, բոլորը նույնն ու նույնը»։ Արդեն մթնշաղին, լուռումունջ, մենակ թափառում էի բանտասենյակների ետևում, պարսպի երկայնքով, հանկարծ տեսա մեր Շարիկին, որն ուղիղ դեպի ինձ էր վազում։ Մեր բանտային շունն էր Շարիկը, ինչպես լինում են վաշտային, մարտկոցային, հեծելավաշտային շներ։ Անհիշելի ժամանակներից ապրում էր բանտում, ոչ մեկինը չէր, բոլորին տեր էր համարում և կերակրվում խոհանոցի թերմացքներով։ Բավական խոշոր, բակապահ շուն էր՝ սև ու սպիտակ պուտերով, ոչ շատ մեծ, խելացի աչքերով, բրդոտ պոչով։ Եվ երբեք ոչ ոք չէր շոյել նրան, ոչ ոք որևէ ուշադրություն չէր դարձրել։ Առաջին իսկ օրվանից ես շոյեցի նրան և հաց տվեցի ձեռքից։ Երբ շոյում էի, կանգնում էր ցից, քնքշությամբ նայում և ի նշան հաճույքի, դանդաղ շարժում էր պոչը։ Հիմա, երկար ժամանակ չտեսած ինձ՝ առաջին մարդուն, որը մտադիր էր տարիներ շարունակ փաղաքշել իրեն, դեսուդեն ընկած և բոլորի արանքներում փնտրելով ինձ, և գտնելով բանտասենյակների ետևում, վնգստալով պոկվեց ընդառաջ։ Այլևս չգիտեմ, ինչ կատարվեց ինձ հետ, ես ևս նետվեցի՝ նրան համբուրելու, գրկեցի գլուխը, առջևի թաթերը դրեց ուսերիս և սկսեց լպստել դեմքս։ «Ահա և ընկեր, ում ճակատագիրն է ուղարկել ինձ»,— մտածեցի, և ամեն անգամ հետագայում, առաջին ծանր ու դժնի այդ շրջանում, երբ ետ էի գալիս գործից, ամենից առաջ, ոչ մի տեղ չմտնելով, շտապում էի բանտասենյակների ետևը, առջևից վազող և բերկրանքից վնգստացող Շարիկի հետ, գրկում էի գլուխը և համբուրում, համբուրում էի շանը, ու դրա հետ մեկտեղ՝ տանջալի դառը զգացում մղկտացնում էր սիրտս։ Եվ հիշում եմ, նույնիսկ հաճելի է մտածել, ասես պարծենալով ինքս իմ առաջ իմ տանջանքով, որ ահա, ամբողջ աշխարհում մնացել է ինձ սիրող, ինձ կապված մեկ հատիկ արարած, իմ ընկերը, իմ միակ ընկերը՝ իմ հավատարիմ շուն Շարիկը։
=== Նոր ծանոթություններ։ Պետրովը ===
=== Վճռական մարդիկ։ Լուչկան ===