=== IX։ Իսայ Ֆոմիչը։ Բաղնիք։ Բակլուչինի պատմածը ===
Մոտենում էր Քրիստոսի ծննդյան տոնը։ Բանտարկյալները դրան սպասում էին մի տեսակ հանդիսավորությամբ և, նրանց նայելով, ես նույնպես սկսեցի արտակարգ ինչ-որ բանի սպասել։ Տոնից չորս օր առաջ մեզ տարան բաղնիք։ Իմ ժամանակ, հատկապես առաջին տարիներին, կալանավորներին հազվադեպ էին տանում բաղնիք։ Բոլորն ուրախացան և սկսեցին պատրաստվել։ Կարգադրված էր գնալ ճաշից հետո, և ետճաշին արդեն աշխատանք չկար։ Մեր բանտասենյակում բոլորից ավելի ուրախացել ու իրար էր անցել Իսայ Ֆոմիչ Բումշտայնը՝ հրեա տաժանապարտներից, ում մասին արդեն հիշատակել եմ իմ պատմության չորրորդ գլխում։ Նա սիրում էր շոգեհարվել՝ բթացման աստիճան, մինչև անզդայանալը, և հիմա ամեն անգամ, երբ հին հիշողություններն եմ փորփրում, նաև մեր տաժանակրային բաղնիքը վերհիշում (արժե չմոռանալ), ապա պատկերի առաջամասում իսկույն վերականգնվում է անչափ երանավետ ու շատ անմոռաց Իսայ Ֆոմիչի՝ տաժանակրության իմ ընկերոջ և բանտասենյակի հարևանի դեմքը։ Աստված իմ, ի՜նչ ծիծաղելի և զվարճալի մարդ էր։ Մի քանի խոսք ասել եմ արդեն նրա կազմվածքի մասին. հիսուն տարեկան, տխեղծ, կնճռաշատ, այտերին և ճակատին ահավոր խարաններով, լղարիկ, սակավուժ, հավի ճտի ճերմակ մարմնով։ Դեմքի արտահայտությունն անվերջանալի, ոչնչով չսասանվող ինքնաբավություն էր բովանդակում, անգամ երանություն։ Թվում էր, թե ամենևին չի ափսոսում, որ տաժանավայր է ընկել։ Քանի որ ոսկերիչ էր, իսկ քաղաքում ոսկերիչ չկար, ապա նա քաղաքի պարոնների և ղեկավարության համար անընդմեջ միայն ոսկերչական գործ էր անում։ Այնուամենայնիվ, թեկուզև ինչ-որ բան նրան վճարում էին։ Կարիքի մեջ չէր, ապրում էր նույնիսկ ''հարուստ'', բայց փող էր կուտակում և տոկոսով ու գրավով փող պարտք տալիս ամբողջ տաժանավայրին։ Իր ինքնաեռն ուներ, լավ ներքնակ, գավաթներ և ճաշի լրիվ պարագաներ։ Քաղաքի հրեաներն իրենց ծանոթությունը և հովանավորությունը չէին կտրում նրանից։ Շաբաթ օրերը, պահակի ուղեկցությամբ, գնում էր իր քաղաքային աղոթատունը (ինչ թույլատրվում է օրենքով) և ապրում կատարելապես լի ու առատ, իմիջիայլոց, անհամբերությամբ սպասելով իր տասներկու տարվա պատժաժամկետն ավարտվելուն, որպեսզի «փշակվի»։ Իր մեջ ներառել էր միամտություն, անխելքության, խորամանկության, հանդգնության, պարզահոգության, երկչոտության, պարծենկոտության և լկտիության ամենածիծաղելի խառնուրդը։ Ինձ համար շատ տարօրինակ էր, որ տաժանապարտներն ամենևին չէին ծիծաղում նրա վրա, մեկ-մեկ միայն կատակում էին զվարճության համար։ Ակներևաբար, Իսայ Ֆոմիչը բոլորի զվարճանքի և մշտական ուրախության առարկան էր։ «Մեզ մոտ մի հատիկ է, Իսայ Ֆոմիչին ձեռ չտաք»,— ասում էին կալանավորները, և Իսայ Ֆոմիչը, թեև հասկանում էր, բանն ինչումն է, բայց երեում է՝ հպարտանում էր իր նշանակալիությամբ, ինչը շատ էր զվարճացնում կալանավորներին։ Տաժանավայր էր հասել ամենազվարճալի եղանակով (դեռևս նախքան ես, սակայն պատմեցին)։ Մի անգամ, իրիկնամուտին, բանթողի ժամանակ, հանկարծակի լուր էր տարածվել, թե մի ջհուդիկ են բերել և ածիլում են կորդեգարդիայում և որ հիմա ներս կբերեն։ Տաժանավայրում դեռևս ոչ ոք չկար հրեաներից։ Կալանավորներն անհամբերությամբ էին սպասում և տեղնուտեղը շրջապատեցին նրան, երբ դարպասից ներս մտավ։ Բանտի ենթասպան նրան տարավ քաղաքացիական բանտասենյակ և ցույց տվեց թախտաշարի նրա տեղը։ Իսայ Ֆոմիչի ձեռքին տոպրակ կար՝ իրեն տված պետական և սեփական իրերով։ Նա ցած դրեց տոպրակը, ելավ թախտաշարին ու նստեց ծալապատիկ, չհամարձակվելով աչքերը բարձրացնել որևէ մեկի վրա։ Նրա չորսբոլորը ծիծաղ էր հնչում և բանտային կատակներ, որոնք նկատի ունեին նորեկի հրեական ծագումը։ Հանկարծ ամբոխի արանքներով խցկվեց ջահել մի կալանավոր, ձեռքում բռնած ամառային իր շատ հին, կեղտոտ ու պատառոտված շալվարը, ավելացրած բանտային փաթավաները։ Նստեց Իսայ Ֆոմիչի կողքն ու խփեց ուսին։
― Հը, սիրելի ընկեր, ես էստեղ քեզ վեց տարի սպասում եմ արդեն։ Հրես, նայի, ինչքա՞ն շատ կտաս։
Եվ նրա առաջ փռեց բերած լաթուլութը։
Իսայ Ֆոմիչը, որը բանտ մտնելիս վախեցել էր այն աստիճան, որ անգամ չհամարձակվեց աչքը բարձրացնել իրեն խիտ շրջանակով պաշարած ծաղրական, այլանդակված ու սարսափելի մարդկանց վրա, և երկչոտությունից բառ անգամ չէր համարձակվել ասել, տեսնելով գրավը, հանկարծ ցնցվեց ու սկսեց վարժ տնտղել հնոտիքը։ Նույնիսկ պահեց լույսին։ Բոլորը սպասում էին, թե ինչ է ասելու։
― Է, ինչ, մի արծաթ ռուբլի վայ թե չտա՞ս։ Բայց արժի,— շարունակեց գրավատուն, աչքով անելով Իսայ Ֆոմիչին։
― Արծաթ ռուբլի չի լինի, բայց յոթ կոպեկ կարելի է։
Եվ սրանք են Իսայ Ֆոմիչի բանտում ասած առաջին բառերը։ Բոլորը միասին թուլացան ծիծաղից։
― Յոթ։ Լավ գոնե յոթը տուր, բախտդ բերեց։ Տես հա, գրավը լավ պահի, գլխովդ ես պատասխան տալու։
― Տոկոսն երեք կոպեկ, կլինի տասը կոպեկ,— դողդոջ ու կերկեր ձայնով շարունակեց ջհուդիկը, ձեռքը մտցնելով գրպանը՝ փողը հանելու և երկչոտ նայելով կալանավորներին։ Նա թե՛ ահավոր վախենում էր, թե՛ ուզում գործն անել։
― Էդ ո՞նց, տարեկա՞ն երեք կոպեկ տոկոս։
― Չէ, տարեկան չէ, ամսական։
― Համա թե ժլատն ես, հուդիկ-ջհուդիկ։ Բա անո՞ւնդ ինչ է։
― Իսայ Ֆոմից։
― Է, Իսայ Ֆոմիչ, շատ առաջ կգնաս մեզ մոտ։ Մնաս բարով։
Իսայ Ֆոմիչը մի անգամ էլ զննեց գրավը, ծալեց ու խնամքով դրեց իր տոպրակը, կալանավորների շարունակվող քրքիջի ուղեկցությամբ։
Իսկապես էլ, բոլորը կարծես թե նույնիսկ սիրում էին նրան և ոչ ոք չէր նեղացնում, թեև համարյա բոլորը պարտք էին։ Իսկ ինքը հավի պես անչար էր, ու տեսնելով համընդհանուր համակրանք իր հանդեպ, նույնիսկ երևակայում էր, բայց այնպիսի պարզհոգի ծիծաղաշարժությամբ, որ տեղնուտեղը դա ներվում էր։ Կյանքում շատ ջհուդներ տեսած Լուչկան հաճախ էր ձեռ առնում նրան, և ոչ ամենևին չարությունից, այլ հենց այնպես, զբաղմունքի համար, ճիշտ այնպես, ինչպես զբաղվում են շնիկի, թութակի և ուրիշ վարժեցրած կենդանիների հետ։ Իսայ Ֆոմիչը շատ լավ գիտեր դա, ամենևին չէր նեղանում ու շատ ճարպկորեն պատասխաններ էր տալիս։
― Էյ, ջհուդ, ծեծդ կտամ։
― Դու ինձ մի հատ խփես, ես տասը կհասցնեմ,— կտրիճավարի պատասխանում էր Իսայ Ֆոմիչը։
― Անիծած քոսոտ։
― Թող քոս լինի։
― Քոսոտ ջհուդ
― Թող ասածովդ լինի։ Քոսոտը՝ քոսոտ, բայց հարուստ, փող-մող ունեմ։
― Քրիստոսին ծախել ես։
― Թող ասածովդ լինի։
― Շատ լավ էր, Իսայ Ֆոմիչ, ապրես։ Դրան ձեռ չտաք, մի հատիկ է մեզ մոտ,— քրքջալով բղավում էին կալանավորները։
― Էյ, ջհուդ, մտրակածեծդ տվին, Սիբիր են քշելու։
― Առանց էդ էլ Սիբիրում եմ։
― Ավելի հեռու կքշեն։
― Ի՞նչ անեմ, էնտեղ պան Աստված կա՞։
― Լինելը՝ կա։
― Ի՞նչ արած, մենակ պան Աստված լինի ու փողից-մողից, լավ կլինի ամեն տեղից։
― Ապրես, Իսայ Ֆոմիչ, շատ ապրես,— բղավում էին չորս կողմից, իսկ Իսայ Ֆոմիչը, թեև տեսնում էր, որ իր վրա ծիծաղում են, բայց սրտապնդվում էր։ Ընդհանրապես, գովասանքը տեսանելի հաճույք էր նրա համար, և բանտասենյակով մեկ նա սկսեց երգել իր բարակ ու նվազ ձայնով. «Լյա-լյա-լյա-լյա-լյա»,— անհեթեթ ու ծիծաղելի մի եղանակ, միակ երգը՝ առանց խոսքի, որը երգեց ամբողջ տաժանակրության ընթացքում։ Հետո, մոտիկից ծանոթանալով ինձ հետ, նա երդմամբ հավատացնում էր, որ դա հենց այն երգն է, այն եղանակը, որ երգում էին բոլոր վեց հարյուր՝ հազար հրեաները փոքրից մեծ, անցնելով ծիրանեգույն ծովը և որ յուրաքանչյուր հրեայի ավանդված է երգել այդ եղանակը՝ թշնամիների վրա ցնծության և հաղթանակի պահին։
Ամեն շաբաթ օրվա նախօրեին, ուրբաթ երեկոյան, մեզ մոտ էին գալիս ուրիշ բանտասենյակներից, հատկապես նայելու, թե Իսայ Ֆոմիչն ինչպես է նշելու իր բանթողը։ Իսայ Ֆոմիչն այն աստիճան անմեղ պարծենկոտ և սնափառ էր, որ համընդհանուր այդ հետաքրքրասիրությունը նույնպես հաճույք էր պատճառում նրան։ Բծախնդիր և ընդգծված հանդիսավորությամբ իր փոքրիկ սեղանիկին սփռոց էր փռում, բացում գիրքը, երկու մոմ էր վառում, և ինչ-որ նվիրական բառեր մրթմրթալով, սկսում էր հագնել իր պատմուճանը (նա ''պատմուջան'' էր ասում)։ Բրդյա կտորից գույնզգույն մի թիկնոց էր, որը խնամքով պահում էր իր սնդուկում։ Երկու ձեռքին թևակապեր էր փաթաթում, գլխին, ճիշտ ճակատի վրա կապում-ամրացնում էր փայտյա մի արկղիկ, այնպես՝ որ թվում էր, թե Իսայ Ֆոմիչի ճակատին մի ծիծաղելի կոտոշ է ցցվել։ Ապա ծայր էր առնում աղոթքը։ Կարդում էր երգեցիկ, բղավում, թքոտում, պտույտներ տալիս, վայրի ու ծիծաղելի շարժումներ անում։ Հարկավ, այդ ամենը սահմանված էր աղոթքի ծեսերով, և ոչ մի ծիծաղելի կամ տարօրինակ բան չկար, բայց այն էր ծիծաղելին, որ Իսայ Ֆոմիչը կարծես դիտավորյալ էր ձևեր թափում մեր առաջ և պարծենում իր ծեսերով։ Մեկ էլ հանկարծ գլուխն առնում էր ձեռքերի մեջ և սկսում կարդալ հեկեկոցով։ Հեծկլտոցները սաստկանում էին, և նա ուժասպառ ու համարյա թե ոռնաձայն, գրքի վրա էր խոնարհում տապանով պսակված գլուխը, սակայն հանկարծակի, ամենասաստիկ հեկեկոցի արանքներում, սկսում էր քրքջալ և մի տեսակ երանավետ ցնծագին, երջանկության հորձանքից նվաղած ձայնով երգեցիկ ողբալ։ «Տես է, ոնց բռնեց»,— մեկ-մեկ ասում էին կալանավորները։ Մի անգամ հարցրի Իսայ Ֆոմիչին՝ ի՞նչ են նշանակում այդ հեկեկոցները և ապա միանգամից այդ ցնծագին անցումները երջանկության ու երանության։ Իսայ Ֆոմիչն անչափ սիրում էր իմ այդ հարցերը։ Իսկույն բացատրեց, որ լացն ու հեկեկոցները Երուսաղեմի կորստյան միտքն են նշանակում և որ կանոնը նախատեսում է այդ մտքի հետ հնարավորինս ուժգին հեկեկալ ու խփել կրծքին։ Սակայն ամենասաստիկ հեկեկոցների պահին ինքը՝ Իսայ Ֆոմիչը, ''պարտավոր է հանկարծակի'', ասես ակամա հիշել (այդ ''հանկարծակին'' նույնպես նախատեսված էր կանոնով), որ մարգարեություն կա հրեաների՝ Երուսաղեմ վերադառնալու մասին։ Այստեղ հարկ էր տեղնուտեղը հրճվանք ապրել, երգ ու ծիծաղով, աղոթքի խոսքերն ասել այնպես, որ ձայնով իսկ արտահայտի հնարավորինս ավելի երջանկություն, իսկ դեմքով՝ հնարավորինս ավելի հանդիսավորություն ու վեհություն։ Այդ անցումը ''հանկարծակիի'' և այդ անցման անխախտ պարտականությունն արտակարգ հավանում էր Իսայ Ֆոմիչը. դրա մեջ տեսնում էր ինչ-որ առանձնահատուկ, շատ խորամանկ հնարք և երջանիկ տեսքով ինձ հայտնեց օրենքի այդ փքուն կանոնը։ Մի անգամ, աղոթքի ամենաթունդ պահին սենյակ մտավ պլաց-մայորը, պահախմբի սպայի և զինվորների ուղեկցությամբ։ Բոլոր կալանավորները լարի պես ձգվեցին իրենց թախտաշարերի մոտ, մի հատիկ Իսայ Ֆոմիչը սկսեց էլ ավելի բարձր բղավել ու ձևեր թափել։ Գիտեր, որ աղոթքը թույլատրված է, ընդհատել չի կարելի, և մայորի դեմ գոռգոռալով, անշուշտ, ոչնչով չէր վտանգում իրեն։ Բայց նրան անասելի դուր էր գալիս մայորի առաջ կոտրատվելն ու ձևեր թափելը մեզ համար։ Մայորը մոտեցավ նրան մի քայլի վրա։ Իսայ Ֆոմիչը մեջքով շրջվեց դեպի իր սեղանիկը և ուղիղ մայորի երեսին սկսեց երգեցիկ կարդալ իր հանդիսավոր մարգարեությունը, ձեռքերը թափահարելով։ Քանի որ սահմանված էր այդ պահին դեմքին արտահայտել չափից ավելի երջանկություն ու վեհություն, ապա նա դա արեց անհապաղ, մի առանձնահատուկ տեսակ կկոցելով աչքերը, ծիծաղելով և գլխով անելով մայորին։ Վերջինս զարմացած էր, բայց ի վերջո փռթկացրեց, տեղնուտեղը երեսին ասաց, որ հիմար է ու հեռացավ, իսկ Իսայ Ֆոմիչն ավելի սաստկացրեց գոռոցները։ Մի ժամ անց, երբ արդեն ընթրում էր, հարցրի. իսկ ի՞նչ կլիներ, եթե պլաց-մայորը, իր հիմարությամբ, բարկանար ձեզ վրա։
― Ի՞նչ պլաց֊մայոր։
― Ինչպե՞ս թե՝ ինչ։ Չտեսա՞ք միթե։
― Չէ։
― Բայց չէ որ ձեզնից մի արշին էր հեռու, ուղիղ ձեր դեմքի առաջ։
Սակայն Իսայ Ֆոմիչն ամենալուրջ ձևով սկսեց հավատացնել ինձ, որ ամենևին ոչ մի մայոր էլ չի տեսել, որ աղոթելիս ընկնում է մի տեսակ էքստազի մեջ, որ այլևս ոչինչ չի տեսնում ու չի լսում շուրջը կատարվածից։
Ինչպես հիմա, տեսնում եմ Իսայ Ֆոմիչին, երբ շաբաթ օրերը մեկ֊մեկ թափառում էր բանտով մեկ, ամբողջ ուժով ջանալով ոչինչ չանել, ինչպես կանոնով նախատեսված է շաբաթ օրերին։ Ամենատարբեր ի՜նչ պատմություններ էր անում՝ աղոթատնից գալուց հետո, ոչնչի չնմանվող ի՜նչ լուրեր ու ասեկոսեներ էր բերում ինձ Պետերբուրգից, հավատացնելով, որ ստացել է իր ջհուդիկներից, սրանք էլ՝ առաջին բերանից։
Բայց արդեն շատ խոսեցի Իսայ Ֆոմիչի մասին։
Ամբողջ քաղաքում միայն երկու հանրային բաղնիք կար։ Առաջինը, որի տերը հրեա էր, համարներ ուներ, հիսուն կոպեկ վճարով և կահավորված էր բարձրադիրք անձանց համար։ Իսկ մյուսը գերազանցապես հասարակ ժողովրդի համար էր՝ խարխուլ, կեղտոտ, նեղվածք, և հենց այդ բաղնիքն էին տանում մեր բանտը։ Ցրտաշունչ և արևոտ օր, ու կալանավորներն ուրախ էին արդեն մի պատճառով, որ կելնեն բերդից և քաղաքը կտեսնեն։ Կատակները, ծիծաղը չէին դադարում ճանապարհին։ Զինվորների մի լրիվ ջոկ էր ուղեկցում մեզ, լցրած հրացաններով՝ ի զարմանս ամբողջ քաղաքի։ Բաղնիքում մեզ անմիջապես բաժանում էին երկու խմբի, երկրորդը սպասում էր ցուրտ նախաբաղնիքում, մինչ առաջին խումբը կլողանար, ինչ անհրաժեշտ էր բաղնիքի նեղվածքի պատճառով։ Սակայն չնայած դրան, այնքան նեղվածք էր բաղնիքում, որ դժվար էր պատկերացնել, թե մերոնց կեսն անգամ ինչպես կարող էր տեղավորվել այդտեղ։ Սակայն Պետրովը ետ չէր մնում ինձնից և առանց հրավերի, ինքը մոտ եկավ օգնելու, նույնիսկ առաջարկեց լողացնել ինձ։ Օգնելու նպատակով Պետրովին միացավ նաև Բակլուշինը՝ հատուկ բաժանմունքից այն կալանավորը, ում մեզ մոտ պիոներ էին կոչում և ում մասին հիշատակել եմ արդեն, որպես կալանավորների մեջ ամենաուրախ և ամենասիրալիր մեկի, որպիսին էր իսկապես։ Նրա հետ թեթևակի ծանոթացել էինք արդեն։ Պետրովն օգնեց ինձ հանվել, որովհետև անսովորությունից հանվում էի երկար, իսկ նախաբաղնիքում ցուրտ էր, համարյա դրսի պես։ Ի դեպ, կալանավորի համար շատ դժվար է հանվելը, եթե լրիվ չի սովորել։ Նախ, պետք է կարողանալ շուտափույթ արձակել կալանդատակի փաթթոցի քուղերը։ Դրանք պատրաստվում են կաշվից, չորս վերշոկ երկարությամբ, կապվում սպիտակեղենի վրա, ճիշտ երկաթյա օղի տակ, գրկելով ոտքը։ Զույգն արժե վեց արծաթ գրիվենից ոչ պակաս, այնինչ յուրաքանչյուր կալանավոր ձեռք է բերում դրանք, իհարկե, իր հաշվին, քանի որ առանց այդ փաթթոցի անհնար է քայլել։ Կալանդի օղը կիպ չի գրկում ոտքը, և օղի ու ոտքի արանքը մատ կարող է մտնել։ Այդպիսով, երկաթը հարում է ոտքը, և առանց դրանց կալանավորի ոտքերին մեկ օրում վերքեր են գոյանում։ Սակայն փաթթոցները հանելը դեռ դժվար չէ։ Առավել դժվար է կալանդների տակից սպիտակեղենը վարժ հանել սովորելը։ Կատարյալ աճպարարություն է։ Հանելով սպիտակեղենը, ասենք, թեկուզ ձախ ոտքից, պետք է նախ, անցկացնել դա ոտքի և կալանդի օղի արանքով, հետո, ոտքն ազատելով, հանածը ետ մտցնել նույն օղի միջով, հետո ձախ ոտքից արդեն հանածը խցկել աջ ոտքի օղի արանքով, վերջում էլ աջ օղի արանքով ամբողջ անցկացրածը ետ բերել դեպի քեզ։ Նույն պատմությունն է նաև նոր սպիտակեղեն հագնելը։ Անփորձը նույնիսկ դժվարությամբ է հասկանում, թե ինչպես է դա արվում։ Այդ ամենն առաջինը մեզ սովորեցրեց Կորենևը Տոբոլսկում՝ ավազակների նախկին պարագլուխ էր, հինգ տարի նստած շղթայակապ։ Բայց կալանավորները վարժվել էին և նվազագույն դժվարություն չէին ունենում։ Մի քանի կոպեկ տվել էի Պետրովին՝ օճառ ու ճիպոտ ձեռք բերելու համար։ Ճիշտ է, կալանավորներին բանտային օճառ տալիս էին, ամենքին մի֊մի կտոր, երկուկոպեկանոցի մեծությամբ, պանրի շերտիկի հաստությամբ, որ երեկոները տալիս էին «որպես աղանդեր» միջին դասի մարդկանց համար։ Օճառը ծախում էին հենց տեղում, նախաբաղնիքում՝ մեղրախմիչքի, կալաչների և տաք ջրի հետ։ Յուրաքանչյուր կալանավորի, բաղնիսպանի հետ պայմանավորված, միայն մի դույլիկ տաք ջուր էր հասնում, իսկ ով ուզում էր ավելի լավ ու մաքուր լողանալ, կարող էր մի գռոշով երկրորդ դույլիկն էլ ստանալ, նախաբաղնիքից դրա համար հատկապես բացված պատուհանիկի միջով։ Պետրովը հանեց շորերս, ինձ տարավ նույնիսկ թևանցուկ, նշելով, որ ինձ համար շատ դժվար է կալանդներով քայլելը։ «Դրանք վեր քաշեք, ձկնամկանների վրա,— ասում էր նա, ինձ բռնած ճիշտ հերացուի պես,― էստեղ էլ զգույշ, շեմն է»։ Նույնիսկ ամաչում էի մի քիչ, ուզում էի հավատացնել Պետրովին, որ մենակ էլ կկարողանամ անցնել, բայց նա չէր հավատա։ Ինձ հետ վարվում էր լրիվ ինչպես երեխայի, անչափահաս և անկարողի հետ, ում պարտավոր է օգնել ամեն ոք։ Պետրովն ամենևին էլ ծառա չէր, ամենից առաջ՝ ոչ ծառա, ու եթե դառնացնեի նրան, կիմանար ինչպես վարվել ինձ հետ։ Ծառայությունների դիմաց փող չէի խոստացել ամենևին, ինքն էլ չէր խնդրել։ Իսկ ի՞նչն էր դրդում նրան՝ այդպես հոգալ իմ պետքերը։
Երբ բացեցին բուն բաղնիք տանող դուռը, ինձ թվաց, թե դժոխք մտանք։ Պատկերացրեք տասներկու քայլ երկարությամբ, նույն չափ լայնությամբ մի սենյակ, ուր խռնվել էին շուրջ հարյուր հոգի միանգամից, ծայրահեղ դեպքում, հավանաբար, ութսուն մարդ, որովհետև կալանավորները բաժանված էին ընդամենը երկու հերթի, իսկ բաղնիք եկածներս կլինեինք շուրջ երկու հարյուր հոգի։ Աչք մշուշող գոլորշին, մուրը, կեղտը, նեղվածքն այն աստիճան էին, որ ոտք դնելու տեղ չկար։ Ես վախեցա, ուզում էի ետ դառնալ, բայց Պետրովն անմիջապես քաջալերեց ինձ։ Մի կերպ, մեծագույն դժվարություններով, հատակին նստոտած մարդկանց գլուխների վրայով, խնդրելով կռանալ, որ կարողանանք անցնել, խցկվեցինք թախտերի մոտ։ Սակայն բոլոր տեղերը զբաղված էին։ Պետրովն ինձ հայտնեց, որ հարկավոր է տեղ գտնել, և տեղնուտեղն առևտուր սկսեց պատուհանի մոտ տեղավորված կալանավորի հետ։ Մի կոպեկով նա զիջեց տեղը, Պետրովից անմիջապես ստացավ փողը, որ բռունցքի մեջ պահած ուներ նա՝ նախապես վերցրած բաղնիքի համար և իսկույն էլ պլստաց իմ տեղի տակ, ուր մութ էր, կեղտոտ և ուր կպչուն խոնավությունը համարյա կես մատ հաստությամբ տարածված էր ամենուրեք։ Սակայն թախտերի տակ տեղերն էլ էին լրիվ զբաղված, այնտեղ նմանապես խռնված էին մարդիկ։ Ամբողջ հատակին ափաչափ տեղ չկար, ուր նստոտած չլինեին կորամեջք կալանավորները, իրենց դույլիկներից ջուր լցնելով վրաները։ Մյուսները կանգնած էին նրանց արանքներում, բռնած իրենց դույլիկները և լողանում էին ոտքի վրա. կեղտոտ ջուրը լցվում էր նստածների ուղիղ խուզած գլուխներին։ Թախտերի և այնտեղ տանող բոլոր ելուստների վրա լողացողներ էին նստոտած՝ կծկված ու երկտակված։ Բայց քիչ էին լողանում։ Հասարակ մարդիկ քիչ էին լողանում օճառով ու տաք ջրով, նրանք սոսկ շոգեհարվում էին սաստիկ և հետո սառը ջուր լցնում վրաները՝ սա էր բաղնիքը։ Մի հիսուն ավել թախտի վրա բարձրանում֊իջնում էին միանգամից, բոլորն ավելածեծ էին անում իրենց մինչև ընդարմանալը։ Րոպեն մեկ գոլորշի էին սարքում։ Դա այլևս տաքություն չէր, այլ հնոց։ Բոլորը գոռգոռում էին և քրքջում էին, ուղեկցված հատակին քաշքշվող հարյուր շղթաների շխկշխկոցով... Ոմանք, ցանկանալով անցնել, խճճվում էին ուրիշի շղթաների մեջ և խփվում ներքևում նստածների գլուխներին, ընկնում, հայհոյում և իրենց ետևից քարշ էին տալիս մյուսներին։ Կեղտ էր հոսում բոլոր կողմերից։ Բոլորը մի տեսակ արբեցած, մի տեսակ բորբոքված վիճակում էին, գոռոց ու բղավոց էր հնչում։ Նախաբաղնիքի պատուհանիկի մոտ, որտեղից ջուր էին տալիս, հայհոյանք էր, հրմշտոց ու մարդակույտ։ Վերցրած տաք ջուրը ցփնվում էր հատակին նստածների գլուխներին, նախքան տեղ հասցնելը։ Մեկ֊մեկ էլ պատուհանիկից կամ կիսաբաց դռնից ներս էր նայում զինվորի բեղավոր մի գլուխ՝ տեսնելու, թե անկարգություններ չկա՞ն։ Կալանավորների խուզած գլուխները և շոգից կարմրատակած մարմիններն էլ ավելի այլանդակ էին թվում։ Կարմրատակած մեջքերի վրա սովորաբար ավելի ցայտուն են գծագրվում մտրակների կամ մահակների երբեմնի սպիները, այնպես որ բոլոր մեջքերը կրկին խոցոտված էին թվում։ Ահավոր սպիներ էին։ Մարմնովս սարսուռ անցավ՝ դրանք տեսնելով։ Մեկ էլ ջուր էին ցփնում շիկացած աղյուսների վրա, և խիտ, տաք, ամպի պես գոլորշին տարածվում էր բաղնիքով մեկ, բոլորը բղավում, գոռգոռում էին։ Գոլորշու ամպի միջից երևում-չքանում էին սպիապատ մեջքեր, խուզած գլուխներ, կեռված ձեռքեր, ոտքեր։ Այդ ամենին գումարած, Իսայ Ֆոմիչը կոկորդով մեկ քրքջում էր ամենաբարձր թախտի վրա։ Նա շոգեհարվում էր ընդարմացման աստիճան, սակայն թվում էր, որ ոչ մի գոլորշի չէր կարող կշտացնել նրան, մի կոպեկով շոգեհարող էր վարձում, որը սակայն մինչև վերջ չէր դիմանում, շպրտում էր ավելն ու վազում՝ սառը ջուր լցնելու վրան։ Իսայ Ֆոմիչը չէր վհատվում և վարձում էր երկրորդին, երրորդին, նման դեպքի համար չնայելով ծախսերին և մինչև հինգ շոգեհարող էր փոխում։ «Շատ կարգին շոգեհարվում է, ապրես, Իսայ Ֆոմիչ»,— ներքևից ձայն էին տալիս կալանավորները։ Իսայ Ֆոմիչն ինքն էր զգում, որ այդ պահին ավելի բարձր է բոլորից և տվել-անցել է բոլորին նա ցնծում էր և սուր, ցնորված ձայնով բղավում իր արիան՝ լյա-լյա-լյա, լյա-լյա, ծածկելով բոլոր ձայները։ Մտքովս անցավ, որ եթե երբևէ բոլորով լինենք դժոխքի կրակներում, ապա դա շատ նման կլինի այս տեղին։ Չդիմացա և այդ մտահանգումը հայտնեցի Պետրովին, նա լոկ նայեց չորսբոլորն ու լուռ մնաց։
Ուզեցա նրա համար էլ տեղ գնել՝ իմ կողքին, բայց նա նստեց ոտքերիս մոտ ու ասաց, որ շատ հարմար է։ Այդ ընթացքում Բակլուշինը ջուր էր գնում ինձ համար ու բերում ըստ կարիքի։ Պետրովը հայտնեց, որ կլողացնի ինձ ոտից գլուխ, այնպես որ «լրիվ մաս-մաքուր կլինեք» և փութով կանչում էր շոգեհարվելու։ Սիրտ չարեցի։ Պետրովն օճառեց ամբողջ մարմինս։ «Հիմի էլ ձեր ''ոտիկները'' կլվամ»,— ավելացրեց վերջում։ Ուզում էի պատասխանել, որ ինքս էլ կարող եմ լվալ, բայց արդեն չէի հակառակվում և ամբողջովին հանձնվել էի նրա կամքին։ Փոքրացուցիչ «ոտիկների» մեջ էլ ճորտական որևիցե երանգ չկար, ուղղակի և պարզապես Պետրովն իմ ոտքերին չէր կարող ոտք ասել, հավանորեն այն պատճառով, որ մյուս, իսկական մարդկանցը ոտքեր են, իսկ իմը դեռևս ոտիկներ։
Լողացնելով ինձ, նույնպիսի արարողությամբ, այն է՝ ձեռքիցս բռնած և ամեն քայլափոխին զգուշացնելով, ճիշտ ասես ճենապակուց լինեի, հասցրեց նախաբաղնիք և օգնեց հագնել սպիաակեղենս և ինձ հետ վերջացնելով արդեն կատարելապես, ետ վազեց բաղնիք՝ շոգեհարվելու։
Երբ ետ եկանք, մի բաժակ թեյ առաջարկեցի։ Թեյից նա չհրաժարվեց, խմեց ու շնորհակալություն հայտնեց։ Մտքովս անցավ ծախսի տակ մտնել ու կես շիշ օղի պատվել նրան։ Կես շիշը գտնվեց և մեր բանտասենյակում։ Պետրովը խորապես գոհ մնաց, խմեց, փնչացրեց և հայտնելով, որ լիովին կենդանացրի իրեն, փութաց խոհանոց, կարծես այնտեղ առանց իրեն ոչ մի կերպ գլուխ չեն հան։ Նրա փոխարեն մոտս եկավ մեկ ուրիշ զրուցակից՝ Բակլուշինը (պիոներ), ում դեռևս բաղնիքում էի հրավիրել թեյ խմելու։
Բակլուշինի բնավորությունից ավելի սիրալիրը չգիտեմ։ Ճիշտ է, ուրիշներին չէր թողնում մոտ֊մոտ անել, նույնիսկ հաճախ կռվշտում էր, չէր սիրում, որ միջամտեն իր գործերին, մի խոսքով, կարողանում էր ինքն իրեն պաշտպանել։ Բայց երկար ժամանակով կռված չէր մնում և, կածում եմ, նրան բոլորը սիրում էին մեզ մոտ։ Ուր էլ մտներ, հաճույքով կդիմավորեին։ Նույնիսկ քաղաքում գիտեին նրան, որպես աշխարհի ամենազվարճաբան և իր ուրախությունը երբեք չկորցնող մարդու։ Բարձրահասակ, երեսնամյա երիտասարդ էր, բավականին գեղեցկատես, այտին գորտնուկ կար։ Դեմքն այնքան ծիծաղելի էր ծամածռում՝ ներկայացնելով անցնող֊դարձողին, որ շրջապատողները չէին կարող չքրքջալ։ Նա նույնպես կատակաբաններից էր, սակայն ծիծաղը խորշաբար ատող մերոնց հանդեպ թողտվություններ չէր անում, այնպես որ նրան երբեք և ոչ ոք չէր կշտամբում, թե «փուչ ու անօգտակար» մարդ է։ Նա լի էր կրակով ու կյանքով։ Ինձ հետ ծանոթացավ առաջին իսկ օրերից և հայտնեց, որ ինքը կանտոնականներից է, հետո ծառայել է որպես պիոներ և նույնիսկ նկատվել ու սիրվել է բարձրաստիճան որոշ անձանց կողմից, ինչով շատ էր հպարտանում՝ հին հիշելիս։ Իսկույն եեթ սկսեց հարցուփորձ անել Պետերբուրգի մասին։ Նա գրքեր էր կարդում նույնիսկ։ Ինձ մոտ գալով՝ թեյ խմելու, սկզբում ծիծաղեցրեց ամբողջ բանտասենյակը, պատմելով, թե ինչպես է պորուչիկ Շ֊ն առավոտյան շշպռել պլաց֊մայորին և կողքս նստելով, գոհ տեսքով հայտնեց, որ թատրոնը կարծես թե ստացվում է։ Բանտում թատրոն էին կազմակերպում տոների առթիվ։ Ի հայտ էին գալիս դերասաններ, կամաց֊կամաց սարքվում էին դեկորները։ Քաղաքից ոմանք խոստացել էին իրենց զգեստները տալ դերերի համար, նույնիսկ՝ կանացի։ Մի հանձնակատարի միջոցով, հույս ունեին ձեռք բերել անգամ սպայական զգեստ՝ ուսակապերով։ Միայն թե պլաց-մայորի խելքին չփչեր արգելել անցյալ տարվա պես։ Բայց անցյալ ծննդյան տոներին մայորը տրամադրություն չուներ՝ ինչ֊որ տեղ տարվել էր, դրանից բացի, բանտում էլ էին անկարգություններ արել, ուրեմնև արգելել էր չարացածությունից, իսկ հիմա գուցեև չուզենար նեղացնել։ Մի խոսքով, Բակլուշինը բորբոքված վիճակում էր։ Ակնհայտ էր, որ թատրոնի գլխավոր նախաձեռնողներից մեկն է, և ինքս ինձ խոստացա անպայման լինել ներկայացմանը։ Բակլուշինի պարզհոգի բերկրանքը թատրոնի հաջողության վերաբերյալ իմ սրտով էր։ Խոսքը՝ խոսքին, ու մենք զրույցի բռնվեցինք։ Իմիջիայլոց, ասաց ինձ, որ ոչ լրիվ է ծառայել Պետերբուրգում, ինչ֊որ մեղք է գործել և իրեն ուղարկել են Ռ., ի դեպ, որպես ենթասպա կայազորային գումարտակում։
― Հենց այնտեղից էլ ինձ ուղարկեցին այստեղ,— նշեց Բակլուշինը։
― Իսկ ինչի՞ համար,— հարցրի։
― Ինչի՞։ Ի՞նչ եք կարծում, Ալեքսանդր Պետրովիչ, ինչի՞ համար։ Որովհետև, ախր, սիրահարվեցի։
― Է, դրա համար դեռ չեն ուղարկի այստեղ,— առարկեցի ես, ծիծաղելով։
― Ճիշտ է,— ավելացրեց Բակլուշինը,— ճիշտ է, որ դրա հետ մեկտեղ, այնտեղ մի գերմանացու սպանեցի։ Բայց արժե՞, որ գերմանացու համար աքսորեն՝ ինքներդ դատեք։
― Բայց և այնպես՝ ինչպե՞ս։ Պատմեք, հետաքրքիր է։
― Շատ ծիծաղելի պատմություն է, Ալեքսանդր Պետրովիչ։
― Ուրեմն, ավելի լավ։ Պատմեք։
― Գուցեև պատմեմ։ Դե, ուրեմն, լսեք...
Ես ունկնդրեցի մի սպանության թեև ոչ այնքան հետաքրքրական , բայցև բավական տարօրինակ պատմությունը...
― Բանն այսպես եղավ,— սկսեց Բակլուշինը։— Հենց ինձ ուղարկեցին Ռ., տեսնեմ՝ լավ քաղաք է, մեծ, մենակ թե գերմանացիներն են շատ։ Դե, իհարկե, ջահել էի, ղեկավարությունը գնահատում էր, ման էի գալիս գլխարկս թեք դրած, ժամանակ անցկացնում, ուրեմն։ Գերմանուհիներին եմ աչքով անում։ Ու ինձ մի գերմանուհի դուր եկավ, Լուիզա էր անունը։ Ինքն ու իր մորաքույրը լվացարարուհի էին, ամենա֊ամենա մաքուր սպիտակեղենի։ Մորաքույրը ծեր էր, չմահավան, լավ էլ ապրում էին։ Սկղբում հենց պատուհանների մոտից պոչս քաշում էի, իսկ հետո կարգին բարեկամություն սկսեցի։ Լուիզան ռուսերեն էլ էր լավ խոսում, միայն թե կարծես ղատասելով, շատ լավիկն էր, այդպիսի մեկին դեռ երբեք չէի հանդիպել։ Ուզեցի սկզբից դեսից-դենից խոսեցնել, նա էլ, թե՝ «Զէ, Սաշա, դրանից ձեռ քաշի, քանի որ ուզում եմ կուսությունս պահպանել, որ հենց քեզ համար արժանավոր կին լինեմ», ու մենակ փաղաքշում էր, ղրնգուն ծիծաղում... ու այնքան մաքուր էր, որ նրանից բացի ուրիշի չէի տեսել։ Հենց ինքն էլ ինձ առաջարկեց պսակվել։ Իսկ ո՞նց չպսակվեի, դուք մտածեք։ Պատրաստվում էի գնալ գնդապետի մոտ՝ խնդիրքով... Մեկ էլ տեսնեմ, Լուիզան մեկ չեկավ ժամադրության, երկու չեկավ, երեք չեկավ... նամակ ուղարկեցի, պատասխան չեղավ։ Էս ի՞նչ բան էր մտածում էի։ Այսինքն, թե որ խաբում էր, գոնե մտքովն անցներ նամակին էլ պատասխաներ, ժամադրության էլ գար։ Իսկ նա սուտ ասել չգիտեր, միանգամից էդպես կտրեց։ Մորաքույրն է՝ մտածեցի։ Չհամարձակվեցի մոտը գնալ։ Չնայած գիտեր, մենք էլ համեն այն դեպս ձև էինք անում, այսինքն՝ կամաց-կամաց, քայլ-քայլ։ Ցնորվածի պես էի, վերջին նամակը գրեցի ու ասացի. «Թե չեկար, ինքս եմ գալու մորաքրոջդ մոտ»։ Վախեցավ, եկավ։ Լալիս էր, որ մի գերմանացի կա, իրենց հեռավոր ազգականն է, ժամագործ, հարուստ ու տարիքն առած, անունը՝ Շուլց, ցանկություն է հայտնել ամուսնանալ իր հետ, որ «ասում է, ինձ էլ կերջանկացնի, ինքն էլ օր ծերության, առանց կին չի մնա, ասում է, որ սիրում է ինձ ու վաղուց էր մտքին դրել, մենակ թե պահում էր մեջը, լուռ մնում, պատրաստվում։ Ուրեմն, ահա, Սաշա, ասաց Լուիզան, նա հարուստ է, իսկ ինձ համար դա երջանկություն է, մի՞թե կուզենաս ինձ իմ բախտից զրկել»։ Տեսնեմ, լաց է լինում, ինձ գրկում... Էխ, մտածեցի, ախր, ճիշտ է ասում։ Լավ, ինչ միտք ունի զինվորի հետ պսակվել, չնայած ունտեր եմ։ Լավ, ասի, Լուիզա, մնաս բարով, Աստված քեզ հետ չեմ ուզում քեզ բախտիցդ զրկեմ։ Իսկ նա՞, գոնե լա՞վն է»։— «Չէ, ասաց, տարիքով մարդ է, երկար քթով...»։ Նույնիսկ ինքը ծիծաղեց։ Հեռացա նրանից, է՛ ինչ, մտածեցի, բախտս չբերեց։ Մյուս առավոտ գնացի դրա խանութի մոտ, հասցեն Լուիզան էր ասել։ Նայեցի ապակուց, տեսնեմ, նստած է մի գերմանացի, ժամացույց է սարքում, քառասունհինգ տարեկան կլիներ, քիթը կոր, աչքերը չռած, ֆրակով ու ու ցից-ցից երկար-երկար օձիքներով, կարևոր տեսքով։ Թքեցի, ու վերջ, ուզեցա տեղնուտեղը ապակին փշրել... բայց ինչ, մտածեցի, կարիք չկա ձեռք տալ, սելից ընկածը կորած է։ Իրիկնամուտին եկա զորանոց, պառկեցի, ու մեկ էլ, կհավատա՞ք, Ալեքսանդր Պետրովիչ, հո լաց չեղա...
Էհ, մի օր անցավ, երկու օր, երեք։ Լուիզայի հետ չէի տեսնվում։ Էդ ժամանակ լսեցի մի սանամորից (պառավ կին էր, ինքն էլ էր լվացք անող, Լուիզան մեկ-մեկ գնում էր մոտը), որ գերմանացին գիտե մեր սիրո մասին, դրա համար էլ որոշել է ավելի շուտ գնալ խնամախոս։ Թե չէ մի երկու տարի կսպասեր։ Իբր Լուիզայից երդումի պես բան է վերցրել, որ ինձ էլ չի ճանաչելու, և որ նրանց՝ մորաքրոջն ու Լուիզային շատ է նեղում, որ իբր կարող է միտքը փոխել, և որ հիմա մտածում է, որ հիմա ոչինչ էլ չի որոշել։ Ինձ նաև ասաց, որ վաղը չէ մյուս օրը, կիրակի, առավոտյան, երկուսին էլ սուրճի է կանչել, որ մի ազգական էլ կլինի, ծերունի, նախկինում վաճառական է եղել, իսկ հիմա չքավորից էլ չքավոր, ինչ-որ տեղ նկուղներում վերակացու է ծառայում։ Հենց իմացա, որ կիրակի օրը նրանք կարող է գործը վերջնական որոշեն, մի չարություն իջավ վրաս, որ տիրապետել չէր լինում։ Ու էդ օրը, մյուս օրն էլ՝ լրիվ, մենակ ու մենակ էդ գործի մասին էի մտածում։ Ձեռքս ընկներ, պատառ-պատառ կանեի էդ գերմանացուն՝ կարծում եմ։
Կիրակի առավոտյան, դեռ ոչինչ չգիտեի, և հենց ժամերգությունը վերջացավ, վեր թռա, շինելս հագա ու ճամփա ընկա գերմանացու մոտ։ Մտածում էի բոլորին մի տեղ բռնացնել։ Ու թե ինչի գնացի գերմանացու մոտ և ինչ էի ուզում անել՝ չգիտեմ։ Համենայն դեպս, ատրճանակը գրպանս դրեցի։ Մի փոքր ատրճանակ ունեի, էնպես սարքին էլ չէր, հին ձգանով, դեռ տղա ժամանակս էի դրանից կրակում։ Արդեն կրակել էլ չէր լինի, Բայց և այնպես, փամփուշտ դրեցի։ Մտածում էի՝ կսկսեն վռնդել, կոպտել, ատրճանակը կհանեմ ու բոլորին կվախեցնեմ։ Տեղ հասա։ Արհեստանոցում ոչ ոք չկար, բոլորը ետևի սենյակում էին նստած։ Նրանցից բացի էլ ոչ ոք, սպասավորներ էլ չկային։ Ժամագործը հենց մի սպասավոր ուներ, գերմանուհի էր, ինքն էլ՝ խոհարարը։ Մտա խանութ, տեսնեմ՝ դուռը փակ է, դուռն էլ հին էր, մի կեռի վրա։ Սիրտս խփում էր, կանգ առա, լսեցի գերմաներեն էին խոսում։ Ոտքով, ամբողջ ուժով խփեցի, դուռը տեղնուտեղը բացվեց։ Տեսնեմ սեղան է գցած։ Սեղանին մի մեծ սրճաման է, սուրճն էլ սպիրտայրոցի վրա եփվում է։ Չորահաց կար, մյուս մատուցարանի վրա օղու գրաֆին, տառեխ ու երշիկ, էլի մի շիշ խմիչք։ Լուիզան ու մորաքույրը, երկուսն էլ հագած֊կապած, նստած էին բազմոցին։ Նրանց դիմաց, աթոռին գերմանացին, փեսացուն սանրված, ֆրակով ու առաջ ցցված օձիքներով։ Կողքից, էլի աթոռին, մեկ ուրիշ գերմանացի էր նստած, ծեր էր արդեն, հաստլիկ, ճերմակած մազերով, ու լուռ էր։ Հենց մտա, Լուիզան գույնը գցեց։ Մորաքույրն ուզում էր վեր թռչել տեղից, բայց նստեց, իսկ գերմանացին խոժոռվեց։ Շատ ջղայնացած վեր կացավ ու առաջ եկավ.
― Ձեզ ի՞նչ է պետք՝ ասեց։
Այն է, պիտի շփոթվեի, բայց չարագործությունից տեղն եկա։
― Ի՞նչ է պետք որ։ Իսկ դու հյուր ընդունի, օղի պատվի։ Ես քեզ հյուր եմ եկել։
― Նզդեսեք֊ք։
Նստեցի։
― Դե, օղի լցրու՝ ասացի։
― Ահա օղին՝ ասեց, խմեսեք֊ք, խնդրեմ։
― Իսկ դու ինձ լավ օղուց տուր ասի։— Չարացածությունից լրիվ փրփրել էի։
― Սա լաֆ օղի է։
Վիրավորական էր, որ այդքան ցածր է դասում ինձ։ Ամենից վատն այն էր, որ Լուիզան էր նայում։ Խմեցի ու ասի.
― Էս ինչի՞ սկսեցիր կոպտել, գերմանացի։ Դու ինձ հետ բարեկամացիր։ Ես բարեկամավարի եմ եկել մոտդ։
― Ես չեմ կարող պարեկամ լինի, դուք հասարակ զինվոր։
Էստեղ ես փրփրեցի։
― Ես քո խրտվիլակ, ասի, երշիկ ուտողի մեկը։ Գիտե՞ս, ասի, որ էս րոպեիս ինչ ուզեմ, կանեմ գլխիդ։ Ըհը, կուզե՞ս ատրճանակով սպանեմ։
Ատրճանակր հանեցի, կանգնեցի դեմն ու փողը պինդ դեմ արեցի գլխին։ Մյուսները նստած էին կիսամեռ, վախենում էին ծպտուն հանել, ծերուկն էլ տերևի նման դողդողում էր, լուռ, գույնը լրիվ գցած։
Գերմանացին զարմացել էր, բայցև ուշքի եկավ։
― Ես ձեզնից չվախենամ, ասեց, ու խնդրում եմ, որպես ազնիվ մարդ, ձեր կատակները հիմա թողնեք, ես ձեզնից չվախենում։
― Օյ, ասի, սուտ ես ասում, լավ էլ վախենում ես։— Ու ինչ՝ գլուխն ատրճանակի տակ սիրտ չի անում շարժել, նստել-մնացել է։
― Չէ, ասեց, էդ մի բանը դուկ չհամարձակվի։
― Էդ ինչի՞ չհամարձակվի՝ ասի։
― Դրա համար, որ խստից արգիլված է և շատ ուժեղ կպատժեն ձեզ դրա համար։
Ասել կուզեմ, որ սատանան գիտի էդ տխմար գերմանացուն։ Թե ինքն ինձ չկատաղեցներ, մինչև հիմա ողջ կենդանի կմնար, գործը լեզվակռվով կպրծներ։
― Ուրեմս, քո ասելով, չե՞մ կարող։
― Չչէ։
― Չե՞մ կարող։
― Դուկ բոլորովին չկարող եք սպանեք ինձ։
― Ուրեմս, առ հա քեզ, երշիկ ծամող։— Ու հո չթրխկացրի դրան, աթոռի հետ գլորվեց։ Մյուսները ճչացին։
Ատրճանակը դրի գրպանս ու ծլկեցի, ամրոց էլ որ հասա, զենքը շպրտի առվի մեջ։
Հասա տուն, պառկեցի մահճակալին ու մտածում եմ։ Հենց հիմա կտանեն։ Մի ժամ անցավ, երկուսը՝ չեն տանում։ Ու մթնշաղից առաջ մի տխրություն հո չիջավ վրաս։ Դուրս եկա՝ անպայման տեսնել էի ուզում Լուիզային։ Անցա ժամագործի տան մոտով՝ ժողովուրդ էր հավաքված, ոստիկանություն։ Գնացի սանամոր մոտ՝ Լուիզային կանչի։ Մի քիչ սպասեցի, տեսնեմ՝ վազեվազ եկավ Լուիզան, ընկավ վզովս ու լաց է լինում. «Ամեն ինչի մեղավորը ես եմ, ասեց, որ լսեցի մորաքրոջս»։ Մեկ էլ ասեց, թե մորաքույրը եղածից հետո գնացել է տուն ու էնքան վախեցել, որ ոչ ձեն, ոչ ձուն։ Ինքն էլ ոչ մեկին չի հայտնել, ինձ էլ արգելեց։ Վախենում է ինչպես կուզեն, էդպես էլ թող անեն։ «Երեկ մեզ ոչ ոք չի տեսել, ասաց։ Նա իր աղախնին էլ էր բաց թողել, քանի որ վախենում էր։ Սա նրա աչքերը կհաներ, թե իմանար, որ պսակվել է ուզում»։ Արհեստավորներից էլ ոչ ոք չկար տանը, բոլորին բաց էր թողել։ Սուրճն էլ էր ինքր եփել, ուտելիք-բան էլ էր ինքը սարքել։ Իսկ ազգականն, ուրեմն ամբողկ կյանքում է լուռ մնացել, բան չի ասել, երեկվա եղածից հետո գլխարկն առավ ու առաջինը գնաց։ Ու հաստատ, էլի սուս կմնա»,— ասաց Լուիզան։ Էդպես էլ եղավ, երկու շաբաթ ինձ ոչ ոք ձեռ չտվեց ու ոչ մի կասկած չկար իմ վրա։ Ու էդ երկու շաբաթվա մեջ, կհավատա՞ք, Ալեքսանդր Պետրովիչ, իմ երջանկությունը լրիվ վայելեցի։ Ամեն օր տեսնվում էինք Լուիզայի հետ։ Ու էնպես, էնպես էր կապվել ինձ։ Լաց էր լինում. «Ես քո ետևից կգամ, ուր էլ քշեն, կգամ, քեզ համար ամեն ինչ կթողնեմ ու կգամ»։ Արդեն մտածում էի ամբողջ կյանքս կապել այդտեղի հետ, էնքան էր գութս շարժվել։ Էհ, երկու շաբաթ անց էլ ինձ բռնեցին։ Ծերուկն ու մորաքույրը համաձայնել էին ու ինձ վրա ապացուցել...
― Բայց սպասեք,― ընդհատեցի Բակլուշինին,― դրա համար ձեզ կարող էին ընդամենը տասը, լավ, տասներկու տարի տալ, լրիվ ժամկետով ու քաղաքացիական կարգով ուղարկել, իսկ դուք հատուկ բաժանմունքում եք։ Ինչպե՞ս կարելի է։
― Է, արդեն ուրիշ գործ բացվեց,— ասաց Բակլուշինը։— Հենց ինձ բերեցին դատական հանձնաժողով, դատից առաջ կապիտանը հայհոյեց վատ֊վատ խոսքերով։ Չդիմացա ու ասացի. «Էդ ի՞նչ սկսեցիր ուշունց տալը։ Կարո՞ղ է, չես տեսնում, սրիկա, որ նշանի առաջ ես նստած»։ Դե, էդտեղից էլ ծռեց ու գնաց, սկսեցին նոր ձևով դատել ու ամեն ինչի համար միանգամից ու վճռեցին. չորս հազար, ու էստեղ հատուկ բաժանմունք։ Իսկ ինձ որ հանեցին պատիժս տալու, կապիտանին էլ դուրս բերին, ինձ կանաչ փողոցով, իսկ նրան՝ զրկել կոչումներից ու Կովկաս՝ զինվորության։ Ցտեսություն, Ալեքսանդր Պետրովիչ՝ համեցեք մեզ մոտ, ներկայացմանը։
=== X։ Քրիստոսի ծննդյան տոնը ===
=== XI։ Ներկայացում ===