Պատասխանը չուշացավ.
«Խորհուրդը նշանակեց նշանակել է նրան գլխավոր Պահապան և ուղեկիցներ տվեցտվել, որպեսզի նրանք օգնեն նրան գործն ավարտին հասցնել: Դու՝ Պահապաններից վերջինն ես, բացի քեզանից էլ ոչ ոք չի մնացել ջոկատից. էնպես որ գործն ավարտին հասցրու»:
— Ինչու՞ է էդպես պետք, որ ես լինեմ վերջինը,— տնքաց նա: — Թող ուրիշը մնար, օրինակ՝ ծերուկ Գենդալֆը կամ մեկ ուրիշը... Ինչու՞ պետք է ամեն ինչ ինքս որոշեմ, ես հաստատ մի բան կխառնեմ. իզուր քիթս խոթում եմ, ինձանից ի՞նչ Մատանու Պահապան: «Դու ոչինչ չես որոշում, քո փոխարեն ճակատագիրն արդեն որոշել է: Ինչ վերաբերվում է նրան, որ դու որպես Պահապան պիտանի չես, ապա, եթե ճիշտը խոսենք, Ֆրոդոն ու Բիլբոն էլ չէին այդ դերին հարմար... Եվ նրանք նույնպես չէին ընտրել, ուղղակի այդպես էր ստացվել»: — Լավ, նշանակում է ուզեմ, թե չուզեմ, պետք է ամեն ինչ ինքս որոշեմ: Կխառնեմ, իհարկե, մի բան, էդ՝ հաստատ. որ Սեմ Գեմջին ամեն ինչ ճի՞շտ անի ու չխայտառակվի՞: Չէ, էդպես չի լինում: Մի՛ րոպե: Թողեք մտածեմ: Եթե մեզ էստեղ գտնեն, կամ ոչ թե մեզ, այլ տիրոջը ու նրա մոտ՝ էդ իրը, ապա այն անմիջապես կընկնի Թշնամու ձեռքը և ամեն ինչի վերջը կգա՝ և՛ Լորիենի, և՛ Ռիվենդելի, և՛ Հոբիթստանի, և՛ ամեն-ամեն ինչի: Սրա՛ն տեսեք, մտածելու ժամանակ է գտել. մտածելու ժամանակ չկա, պատերազմն սկսված է և, երևում է, առանց Մատանու էլ ամեն ինչ Թշնամու ուզածով է ընթանում: Մատանու հետ վերադառնալ ու նորից խորհուրդ հարցնել այլևս չի ստացվի: Չէ՜, Սեմ Գեմջի, կա՛մ նստիր էստեղ տիրոջդ կողքին ու սպասիր, մինչև գան ու վերջդ տան, իսկ Մատանին՝ վերցնեն, կա՛մ ինքդ վերցրու այն ու երկու ոտքդ էլ փոխ առ: Սեմը խորը շունչ քաշեց. — Ուրեմն, որոշված է. վերցնում եմ: