====I. ՆԵՐԱԾԱԿԱՆ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ====
Պետք է պարզել, թև ազգի տնտեսագիտության տեսակետից, իբրև արտադրության կապիտալիստական եղանակի թեորիական արտահայտության տեսակետից, հողային ռենտան քննարկելու դժվարությունը ո՛րն է իսկապես։ Այս չի ըմբռնել նոր հեղինակների նույնիսկ մի խոշոր թիվ, ինչպես այղ ապացուցում է հողային ռենտան «նոր ձևով» բացատրելու ամեն մի նորոգված փորձ։ Նորությունն այստեղ գրեթե միշտ այն է, որ կրկին վերադառնում են վաղուց հաղթահարված տեսակետներին։ Դժվարությունը երկրագործական կապիտալի արտագրած հավելյալ արդյունքն ու ընդհանրապես սրան համապատասխանող հավելյալ արժեքը բացատրելը չէ։ Այս հարցն, ընդհակառակը, լուծված է հավելյալ արժեքի վերլուծությամբ, որ ստեղծում է արտադրողական ամեն կապիտալ, ինչ ոլորտում էլ որ ներդրված լինի։ Դժվարությունն այն է, որ ցույց տրվի, թե այն բանից հետո, երբ հավելյալ արժեքը համահարթվելով տարբեր կապիտալների միջև դարձել է միջին շահույթ, այսինքն արտադրության բոլոր ոլորտներում հասարակական կապիտալի կողմից արտադրած ամբողջ հավելյալ արժեքի այնպիսի համամասնական մի բաժին, որը համապատասխանում է հիշյալ կապիտալների հարաբերական մեծություններին,— հապա որտեղից է առաջ գալիս այս համահարթվելուց հետո, այն բանից հետո, երբ ըստ երևույթին արդեն տեղի է ունեցել այն ամբողջ հավելյալ արժեքի բաշխումը, որ ընդհանրապես կարող է բաշխվել, հապա էլ որտեղից է ծագում այս հավելյալ արժեքի այն ավելցուկ մասը, որ հողում ներդրված կապիտալը հողի սեփականատիրոջն է վճարում հողային ռենտայի ձևով։ Բոլորովին մի կողմ թողած այն գործնական շարժառիթները, որոնք արդի տնտեսագետներին, իբրև արդյունաբերական կապիտալի ջատագովների՝ ընդդեմ հողային սեփականության, խթանում էին այս հարցն ուսումնասիրելու,— շարժառիթներ, որ մենք ավելի մոտից նշելու ենք հողային ռենտայի պատմությանը վերաբերող գլխում,— այս հարցի լուծման մեջ նրանք, որպես թեորետիկներ, վճռականորեն շահագրգռված էին։ Խոստովանել, թե երկրագործության մեջ ներդրված կապիտալի համար ստացվող ռենտան ծագում է բուն իսկ ներդրման այս ոլորտի մի առանձին ներգործությունից, հողագնդի կեղևին, իբրև այսպիսուն, պատկանող հատկություններից,— այս կնշանակեր հրաժարվել արժեքի իսկ ըմբռնումից, ուրեմն հրաժարվել այս մարզում գիտական իմացության ամեն մի հնարավորությունից։ Արդեն այն հասարակ դիտողությունը, որ ռենտան վճարվում է հողի արդյունքի գնից,— այս բանը մինչև անգամ այն դեպքում է տեղի ունենում, երբ ռենտան բնաձևով է վճարվում, եթե միայն վարձակալը ստանում է իր արտադրության գինը,— արդեն այդ դիտողությունը ցույց էր տալիս, թե որքան անհեթեթ բան է այս գնի ավելցուկը որով նա գերազանցում է արտադրության սովորական գնից, հետևաբար, երկրագործական արդյունքի հարաբերական թանկությունն այն ավելցուկով բացատրել, որով հողագործական արդյունաբերության բնաճուն արտադրողականությունը իբր թե գերազանցում է արդյունաբերության մյուս ճյուղերի արտադրողականությունից, որովհետև, ընդհակառակն, որքան ավելի արտադրողական է աշխատանքը, այնքան ավելի էժան է նրա արդյունքի ամեն մի բաղկացուցիչ մասը և այնքան ավելի մեծ է սպառողական արժեքների այն մասսան, որում ներկայացված է աշխատանքի նույն քանակը, հետևաբար միևնույն արժեքը։ Այսպիսով ուրեմն, ռենտայի վերլուծության ամբողջ դժվարությունն այն էր, որ բացատրվի երկրագործական շահույթի ավելցուկը միջին շահույթի համեմատությամբ, բացատրվի ոչ թե հավելյալ արժեքը, այլ արտադրության այս ոլորտին հատուկ հավելութային հավելյալ արժեքը, հետևաբար, դարձյալ ոչ թե «զուտ արդյունքը», այլ այդ զուտ արդյունքի ավելցուկը, որով նա գերազանցում է արդյունաբերության մյուս ճյուղերի զուտ արդյունքից։ Միջին շահույթն ինքը մի արդյունք է, կատարելապես որոշ պատմական արտադրական հարաբերություններում ընթացող սոցիալական կյանքի պրոցեսի մի հորինվածք, մի արդյունք, որն, ինչպես տեսանք, շատ պարզ միջնորդագործող օղակներ է ենթադրում։ Միջին շահույթից վեր եղած մի ավելցուկի մասին ընդհանրապես խոսել կարողանալու համար պետք է որ հենց ինքն այս միջին շահույթն ընդհանրապես գոյություն առնի որպես մասշտաբ և,— ինչպես այդ տեղի ունի արտադրության կապիտալիստական եղանակում, որպես արտադրության կարգավորիչ։ Հետևաբար, այն հասարակական ձևերում, որտեղ դեռ չկա կապիտալ, որն ամբողջ հավելյալ աշխատանքին բռնադատելու և ամբողջ հավելյալ արժեքն առաջին հերթին հենց իրեն համար յուրացնելու ֆունկցիան է կատարում, որտեղ, ուրեմն, կապիտալը դեռ իրեն չի ենթարկել հասարակական աշխատանքը կամ թե լոկ տեղ-տեղ է իրեն ենթարկել, այնտեղ ընդհանրապես խոսք չի կարող լինել ռենտայի մասին արդի իմաստով, ռենտայի մասին, իբրև այնպիսի մի ավելցուկի, որ ստացվում է միջին շահույթից վեր, այսինքն՝ հասարակական ամբողջ կապիտալի արտադրած հավելյալ արժեքից յուրաքանչյուր անհատական կապիտալին հասանելի համամասնական բաժնից վեր։ Օրինակ, պարոն Պասսիի (տես հետո ներքևում) միամտությունն է ցույց տալիս այս, երբ նա խոսում է արդեն սկզբնական կացությանը հատուկ ռենտայի մասին, իբրև մի ավելցուկի, որ գոյանում է շահույթից վեր — հավելյալ արժեքի մի պատմականորեն որոշ հասարակական ձևից վեր, որը հետևաբար, ըստ պարոն Պասսիի, կարող էր թերևս գոյություն ունենալ առանց հասարակության էլ։ Առաջվա տնտեսագետների համար, որոնք իրենց ժամանակի դեռ չզարգացած արտադրության կապիտալիստական եղանակի վերլուծությունն ընդհանրապես դեռ նոր էին սկսում, ռենտայի վերլուծությունը կա՛մ ոչ մի դժվարություն չէր ներկայացնում, կա՛մ թե բոլորովին ուրիշ տեսակի դժվարություն էր ներկայացնում։ Պետտին, Կանտիլիոնը, ընդհանրապես ֆեոդալական ժամանակաշրջանին ավելի մոտ կանգնած հեղինակները հողային ռենտան դիտում են իբրև ընդհանրապես հավելյալ արժեքի նորմալ ձև, այնինչ շահույթը նրանց աչքում դեռ անորոշ է, աշխատավարձի հետ խառն է հոսում կամ թե, ամենաշատը, ներկայանում է իբրև այս հավելյալ արժեքի այն մասը, որ կապիտալիստը կորզում է հողի սեփականատիրոջից։ Հետևաբար, նրանք ելնում են այնպիսի վիճակից, երբ նախ՝ հողագործական բնակչությունն ազգի շատ գերակշռող մասն է կազմում դեռ, և երկրորդ՝ հողի սեփականատերը դեռ հանդ ես է գալիս իբրև այն անձը, որն անմիջական արտադրողների հավելութային աշխատանքն առաջին հերթին ինքն է յուրացնում հողային սեփականության մենաշնորհի միջոցով, երբ ուրեմն հողային սեփականությունը դեռ որպես արտադրության գլխավոր պայման է հանդես գալիս։ Նրա համար դեռ չէր կարող գոյություն ունենալ մի այնպիսի հարցադրում, որն, ընդհակառակը, արտադրության կապիտալիստական եղանակի տեսակետից ելնելով, աշխատում է հետազոտել, թե հողային սեփականությունն ինչպես է հաջողեցնում կապիտալից կրկին ետ խլել այդ նույն կապիտալի արտադրած (այսինքն անմիջական արտադրողներից քամածի ու սկզբնապես արդեն նրա կողմից յուրացրած հավելյալ արժեքի մի մասը։ '''Ֆիզիոկրատների''' մոտ դժվարությունն արդեն ուրիշ բնույթ է կրում։ Իբրև կապիտալի իրոք անդրանիկ սիստեմատիկ մեկնաբաններ՝ նրանք աշխատում են վերլուծել հավելյալ արժեքի բնությունն ընդհանրապես։ Նրանց համար այդ վերլուծությունը համընկնում է ռենտայի, այն միակ ձևի, վերլուծության հետ, որով նրանց համար գոյություն ունի հավելյալ արժեքը։ Ուստի ռենտա բերող կապիտալը կամ երկրագործական կապիտալը նրանց աչքում հավելյալ արժեք արտադրող միակ կապիտալն է, և սրա կողմից շարժման մեջ դրվող երկրագործական աշխատանքը հավելյալ արժեք արտադրող միակ աշխատանքն է և հետևապես միակ արտադրողական աշխատանքն է, մի դրույթ, որ կապիտալիստական տեսակետից միանգամայն ճիշտ է։ Նրանց աչքում լիովին իրավացի կերպով որոշիչ է համարվում հավելյալ արժեքի արտադրությունը։ Մի կողմ թողած մյուս ծառայությունները, որոնց մասին խոսելու ենք IV գրքում, նրանք ամենից առաջ այն մեծ ծառայությունն են մատուցել, որ միմիայն շրջանառության ոլորտում գործող առևտրական կապիտալից երեսները դարձրել են դեպի արտադրողական կապիտալը հակառակ մերկանտիլ սիստեմի, որն իր բիրտ ռեալիզմով ներկայացնում էր այն ժամանակվա իսկական գռեհիկ տնտեսագիտությունը, որի գործնական շահերի հանդեպ բոլորովին հետին պլանը մղվեցին Պետտիի և նրա հետևորդների գիտական վերլուծության սկզբնատարրերը։ Անցողակի ասած՝ այստեղ, մերկանտիլ սիստեմի քննադատության ժամանակ, խոսքը վերաբերում է կապիտալի ու հավելյալ արժեքի վերաբերմամբ նրա պաշտպանած հայացքներին միայն։ Արդեն առաջ նշել ենք, որ համաշխարհային շուկայի համար կատարվող արտադրությունն ու արդյունքի փոխարկվելն ապրանքի, ուրեմն և փողի, մոնետար սիստեմն իրավացիորեն հռչակում էր իբրև կապիտալիստական արտադրության նախադրյալ սւ պայման։ Մոնետար սիստեմի շարունակության մեջ, մերկանտիլ սիստեմում, վճռական դեր է խաղում արդեն ոչ թե ապրանքային արժեքի փոխարկումը փողի, այլ հավելյալ արժեքի արտադրությանը, սակայն խնդիրը քննարկելով շրջանառության ոլորտի անհեթեթ տեսակետից [vom begriffslosen Standpгnkt] ու ընդ սմին այնպես, որ այս հավելյալ արժեքը ներկայանում է հավելութային փողի ձևով, որպես առևտրական բալանսի ավելցուկ։ Բայց այն ժամանակվա շահամոլ վաճառականներին ու գործարանատերերին բնորոշողն ու կապիտալիստական զարգացման այն պարբերաշրջանի, որ նրանք էին ներկայացնում, համապատասխան հատկանիշն այն է միաժամանակ, որ երբ ֆեոդալական երկրագործական հասարակություններն արդյունաբերական հասարակություններ էին դառնում և ազգերը համաշխարհային շուկայում համապատասխան արդյունաբերական կռիվ էին մղում, այս տեսարանների մոտ խնդիրը վերաբերում էր կապիտալի արագացրած զարգացմանը, որին պետք է հասնել ոչ թե այսպես կոչված բնական ճանապարհով, այլ բռնի միջոցներով։ Վիթխարի տարբերություն է անում, նայած թե ազգային կապիտալն աստիճանաբար ու դանդա՞ղ է փոխարկվում արդյունաբերականի, թե՞ այս փոխարկումը, ժամանակի տեսակետից, արագացվում է այն հարկերի միջոցով, որ նրանք հովանավորական մաքսերի ձևով դնում էին գլխավորապես հողի սեփականատերերի, միջակ ու մանր գյուղացիների և արհեստավորների վրա, արագացվում է ինքնուրույն անմիջական արտադրողների արագացված սեփականազրկմամբ, կապիտալների բռնի ու արագացված կուտակմամբ ու համակենտրոնացմամբ, կարճ ասած՝ արտադրության կապիտալիստական եղանակի պայմանների արագացված ստեղծմամբ։ Ճիշտ նմանապես և վիթխարի տարբերություն կա ազգային բնական արտադրողական ուժի կապիտալիստական ու արդյունաբերական շահագործման միջև։ Ուստի մերկանտիլ սիստեմի ազգային բնույթը հասարակ ֆրազ չէ նրա ջատագովների բերանում։ Սույն պատրվակի տակ, թե իրենց զբաղեցնում են ազգի հարստությունն ու պետությանն օժանդակող աղբյուրները միայն, իրականում նրանք կապիտալիստների դասակարգի շահերն ու հարստացումն ընդհանրապես հայտարարում են որպես պետության վերջնանպատակ և հռչակում բուրժուական հասարակությունն ընդդեմ հին անդրերկրային պետության։ Բայց միաժամանակ արդեն գոյություն ունի նաև այն գիտակցությունը, որ կապիտալի ու կապիտալիստների դասակարգի, կապիտալիստական արտադրության շահերի զարգացումը դարձել է արդի հասարակության մեջ ազգային հզորության ու ազգային գերակշռության պատվանդանը։ Այնուհետև ֆիզիոկրատների մոտ ճիշտ է և այն դրույթը, որ իրականում հավելյալ արժեքի ամբողջ արտադրությունն, ուրեմն և կապիտալի ամբողջ զարգացումը, ըստ բնական պատվանդանի, երկրագործական աշխատանքի արտադրողականության վրա է հիմնված։ Եթե մարդիկ ընդհանրապես ի վիճակի չեն մի բանվորական օրում ավելի շատ կենսամիջոցներ, հետևաբար նեղ իմաստով ավելի մեծաքանակ երկրագործական արդյունքներ արտադրելու, քան ամեն մի բանվոր կարիք ունի իր անձնական վերարտադրության համար, եթե նրա ամբողջ բանվորական ուժի օրական ծախսումը բավական է լոկ այն բանի համար, որ իր անհատական սպառման համար անհրաժեշտ կենսամիջոցները պատրաստի, ապա ընդհանրապես խոսք չի կարող լինել ո՛չ հավելյալ արդյունքի, ո՛չ էլ հավելյալ արժեքի մասին։ Երկրագործական աշխատանքի արտադրողականությունը, որը գերազանցում է բանվորի անհատական պահանջմունքից, ամեն մի հասարակության պատվանդանն է ու ամենից առաջ պատվանդան է կապիտալիստական արտադրության, որը հասարակության ավելի ու ավելի աճող մասն անջատում է անմիջական կենսամիֆոցների արտադրությունից և, ինչպես Ստուարտն է ասում, free heads-ի [ազատ գլուխների] փոխարկում, ուրիշ ոլորտներում շահագործելու համար տրամադրելի դարձնում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել նորագույն տնտեսագետ հեղինակների մասին, ինչպիսիք են Դերը, Պասսին և այլն, որոնք կլասիկ ամբողջ տնտեսագիտության կյանքի մայրամուտին ու նույնիսկ նրա մահվան անկողնում կրկնում են հավելյալ աշխատանքի ու ընդհանրապես հավելյալ արժեքի բնական պայմանների վերաբերյալ ամենասկզբնական պատկերացումները և երևակայում, թե սրանով մի նոր ու շշմեցուցիչ բան են առաջադրել հողային ռենտայի մասին, թեև վաղուց ի վեր այս հողային ռենտան լուսաբանվել է իբրև հավելյալ արժեքի առանձին ձևը ու յուրահատուկ մասը։ Գռեհիկ տնտեսագիտության համար բնորոշն էլ հենց այն է, որ այն, ինչ որ զարգացման անցած որոշ աստիճանում նոր էր, ինքնուրույն, խորն ու հիմնավորված, նա կրկնում է մի այնպիսի ժամանակ, երբ նույնը տափակ է, հետամնաց ու սխալ։ Նա սրանով խոստովանում է, որ նույնիսկ չի էլ կռահում այն պրոբլեմները, որոնք զբաղեցրել են կլասիկ տնտեսագիտությանը։ Այդ պրոբլեմները նա շփոթում է այն հարցերի հետ, որոնք բուրժուական հասարակության զարգացման լոկ ավելի ստորին աստիճանում կարող էին դրվել։ Իրերի նույն դրությանն ենք հանդիպում և այն ժամանակ, երբ նա անդուլ ու ինքնագոհ վերստին որոճում է ֆիզիոկրատական դրույթներն ազատ առևտրի մասին։ Այս դրույթները, որքան էլ որ կարող են գործնականորեն հետաքրքրել այս կամ այն պետությանը, վաղուց ի վեր կորցրել են ամեն մի թեորիական հետաքրքրություն։ Իսկական բնատնտեսության ժամանակ, երբ հողագործական արդյունքի ոչ մի մասն էլ չի մտնում կամ թե լոկ մի շատ աննշան մասն է մտնում շրջանառության պրոցեսի մեջ, և նույնիսկ միմիայն շատ աննշան մասն արդյունքի այն բաժնի, որ հողի սեփականատիրոջ եկամուտն է ներկայացնում, ինչպես, օրինակ, հին հռոմեական շատ լատիֆունդիաներում, այլև Կառլ Մեծի վիլլաներում, նաև (տես Vincard, «Histoire du travail») ավելի կամ պակաս չափով ամբողջ միջնադարում,— խոշոր կարվածների արդյունքն ու հավելյալ արդյունքն ամենևին, կազմված չի լինում սոսկ երկրագործական աշխատանքի արդյունքներից։ Նա ընդգրկում է նաև արդյունաբերական աշխատանքի արդյունքները։ Տնային արհեստային ու մանուֆակտուրային աշխատանքն իբրև օժանդակ արտադրություն երկրագործության, որը հիմքն է կազմում, արտադրության այն եղանակի պայմանն է, որի վրա խարսխվում է այս բնատնտեսությունն ինչպես եվրոպական հնադարում ու միջնադարում, այնպես էլ մինչև մեր օրերը հնդկական համայնքում, որտեղ նրա ավանդական կազմակերպությունը դեռ չի կործանված։ Արտադրության կապիտալիստական եղանակը լիովին վերացնում է այս կապը. մի պրոցես, որ խոշոր մասշտաբով կարելի է հատկապես 18-րդ դարի վերջին երրորդամասում ուսումնասիրել Անգլիայում։ Այնպիսի գլուխներ, որոնք աճել-մեծացել էին կիսաֆեոդալական հասարակություններում, ինչպիսին է, օրինակ, Հերրենշվանդը, դեռևս 18-րդ դարի վերջում երկրագործության ու մանուֆակտուրայի այս անջատումը համարում են խելագարորեն հանդուգն հասարակական էքսպերիմենտ, գոյության անըմբռնելիորեն վտանգավոր մի եղանակ։ Եվ նույնիսկ հնադարի այն երկրագործական տնտեսություններում, որոնք ամենից շատ նմանություն [Analogie] են հայտաբերում կապիտալիստական գյուղատնտեսության հետ՝ Կարթագենում ու Հռոմում, նույնիսկ այդտեղ ավելի մեծ է նմանությունը պլանտատորական տնտեսության հետ, քան շահագործման իրոք կապիտալիստական եղանակին համապատասխանող ձևի հետ<ref>Ա. Սմիթը նշում է, թե ինչպես իր ժամանակ (և այս ճիշտ է նաև մեր ժամանակ՝ արևադարձային ու. ենթաարևադարձային երկրներում եղած պլանտատորական տնտեսության վերաբերմամբ) ռենտան ու շահույթը դեռ չէին անջատվել, որովհետև հողի սեփականատերը միաժամանակ կապիտալիստ էր, ինչպես որ, օրինակ, Կատոնն էր իր կալվածնեքում։ Բայց այս անջատումն է հենց նախադրյալն արտադրության կապիտալիստական եղանակի, որի գաղափարին ընդ սմին ընդհանուր առմամբ հակասում է այնպիսի պատվանդանը, ինչպիսին ստրկությունն է։</ref>։ Ձևական նմանություն, որը սակայն բոլոր էական կետերում էլ միանգամայն խաբուսիկ է երևում յուրաքանչյուր մարդու աչքին, ով ըմբռնել է արտադրության կապիտալիստական եղանակը և ով որ, ինչպես, օրինակ, պարոն Մոմզենը<ref>Պարոն Մոմզենը իր հռոմեական պատմության մեջ «կապիտալիստ» բառն ըմբռնում է բնավ ոչ արդի տնտեսագիտության ու արդի հասարակության իմաստով, այլ ժողովրդական պատկերացման առումով, ինչպես սա դեռ շարունակում է պահպանվել ոչ թե Անգլիայում կամ Ամերիկայում, այլ մայրցամաքում, իբրև անցյալ հարաբերությունների հնամենի ավանդություն։<br>* Տես «Կապիտալ», III հատոր, I մաս, էջ 350, Ծանոթություն 68։— '''Խմբ.'''։<br>** Ինքն իրեն պահող ճորտը։— '''Խմբ.'''։</ref> յուրաքանչյուր փողային տնտեսության մեջ նաև արտադրության կապիտալիստական եղանակ չի հայտնագործում արդեն, մի ձևական նմանություն [Analogie] հնադարում ընդհանրապես գանում ենք ոչ թե մայրցամաքային Իտալիայում, այլ թերևս Սիցիլիայում միայն, որովհետև սա գոյություն ուներ իբրև Հռոմին հարկատու հողագործական երկիր, ուստի և նրա հողագործության առաջ էապես արտահանության նպատակ էր դրված։ Այստեղ ահա հանդիպում ենք արդի իմաստով վարձակալների։ Ռենտայի բնության անճիշտ ըմբռնումը հիմնվում է այն պարագայի վրա, որ բնաձևում պարուրված ռենտան միջնադարի բնատնտեսությունից ու միանգամայն հակասելով արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններին՝ մասամբ եկեղեցու տասանորդի կերպարանքով, մասամբ էլ իբրև հին պայմանագրերով հավերժացված տարօրինակություն քարշ գալով հասել է մինչև արդի ժամանակաշրջանը։ Սրա հետևանքով թվում է, թե ռենտան ծագում է ոչ թե երկրագործական արդյունքի գնից, այլ սրա մասսայից, ուրեմն ոչ թե հասարակական հարաբերություններից, այլ հողից։ Մենք առաջ ցույց ենք տվել արդեն, որ թեև հավելյալ արժեքը ներկայանում է գերարդյունքի մեջ, սակայն հակառակը տեղի չի ունենում, այսինքն գերարդյունքը, արդյունքի քանակի սոսկական աճման իմաստով, չի ներկայացնում հավելյալ արժեք։ Գերարդյունքը կարող է արժեքի մինուս ներկայացնել։ Այլապես բամբակեղենի արդյունաբերությունը 1860 թվականին 1840 թվի հետ համեմատած վիթխարի հավելյալ արժեք պիտի ներկայացներ, այնինչ, ընդհակառակը, մանվածքի գինն ընկել էր։ Ռենտան կարող է մի շարք տարիների անբերության հետևանքով անչափ աճել, որովհետև հացահատիկի գինը բարձրանում է, չնայած որ այս հավելյալ արժեքը ներկայանում է ավելի թանկ ցորենի բացարձակորեն նվազող քանակի մեջ։ Ընդհակառակը, մի շարք պտղաբեր տարիների հետևանքով ռենտան կարող է ընկնել, որովհետև գինն է ընկնում, չնայած որ ընկած ռենտան ներկայանում է ավելի էժան ցորենի ավելի մեծ քանակի մեջ։ Արդ, ամենից առաջ պետք է նկատել արդյունքներով ռենտայի մասին, որ սա արտադրության անցած եղանակից քարշ գալով մինչև մեր օրերը հասած ու իբրև նրա գոյության մի ավերակ մնացած ավանդություն է, որի հակասությունն արտադրության կապիտալիuտական եղանակի հետ երևան է գալիս նրանում, որ այդ ռենտան ինքն իրեն չքացավ մասնավոր պայմանագրերի միջից և որ այնտեղ, որտեղ օրենսդրությունը կարողացավ միջամտել, ինչպես օրինակ, Անգլիայում եկեղեցական տասանորդների դեպքում, արդյունքներով ռենտան բռնի կերպով դեն շպրտվեց իբրև անհեթեթություն։ Իսկ երկրորդ՝ այնտեղ, որտեղ նա շարունակում էր գոյություն ունենալ արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա, արդյունքներով ռենտան ուրիշ ոչինչ էր և չէր էլ կարող ուրիշ բան լինել, քան փողային ռենտայի՝ միջնադարյան ձևով քողարկված արտահայտություն։ Ցորենի քվարտերն, օրինակ, 40 շիլլինգ արժի։ Այս քվարտերից մի մասը պետք է նրանում պարունակված աշխատավարձը փոխհատուցի և ծախվելու է, որ նորից իբրև աշխատավարձ ծախսվել կարողանա. մեկ ուրիշ մասը պետք է ծախվի հարկերի այն մասը վճարելու համար, որ բաժին է ընկնում քվարտերին։ Այնտեղ, որտեղ զարգացած է արտադրության կապիտալիստական եղանակն ու սրա հետ էլ հասարակական աշխատանքի բաժանումը, սերմացուն ու մինչև անգամ պարարտանյութի մի մասն իբրև ապրանքներ մտնում են վերարտադրության մեջ, հետևաբար, որպեսզի փոխհատուցվեն, պետք է գնվեն. և դարձյալ քվարտերի մեկ մասը պետք է ծախվի, որ այդ նպատակի համար փող ճարվի։ Որչափով որ նրանք իրոք չպետք է գնվեն իբրև ապրանքներ, այլ բուն իսկ արդյունքից վերցվեն in natura [բնեղենով], որպեսզի նորից արդյունքի վերարտադրության մեջ մտնեն որպես արտադրության պայմաններ,— ինչպես այս տեղի ունի ոչ միայն երկրագործության մեջ, այլև արտադրության բազմաթիվ ճյուղերում, որոնք հաստատուն կապիտալ են արտադրում,— նրանք իբրև հաշվեփող արտահայտված՝ մտնում են հաշվի մեջ և հանվում են որպես արտադրության ծախքերի բաղադրամասեր։ Մեքենաների և ընդհանրապես հիմնական կապիտալի մաշվածքը փողով է փոխհատուցվում։ Վերջապես գալիս է շահույթը, որը հաշվում են իսկական փողով կամ թե հաշվեփողով արտահայտած ծախքերի գումարի վրա։ Այս շահույթը ներկայանում է համախառն արդյունքի որոշ մասի մեջ, որը որոշվում է այդ արդյունքի գնով։ Իսկ այն մասը, որ մնում է սրանից հետո, կազմում է ռենտան։ Եթե պայմանագրով սահմանված արդյունքներով ռենտան ավելի մեծ է, քան այս գնով որոշված մնացորդը, ապա սա արդեն ռենտա չի կազմում, այլ հանուրդ է շահույթից։ Արդեն հենց այս հնարավորության հետևանքով արդյունքներով ռենտան մի հնացած ձև է ներկայացնում, քանի որ նա համաքայլ չի հետևում արդյունքի գնին, ուրեմն կարող է իսկական ռենտայից ավելի մեծ կամ թե ավելի փոքր մեծություն կազմել և հետևաբար հանուրդ լինել ոչ միայն շահույթից, այլև այն տարրերից, որոնցով փոխհատուցվում է կապիտալը։ Իրապես այս արդյունքներով ռենտան, որչափով որ սա ոչ թև անունով, այլ ըստ էության ռենտա է, բացառապես որոշվում է արդյունքի գնի ավելցուկով, որով այդ գինը գերազանցում է նույն արդյունքի արտադրության գնից։ Միայն թե տվյալ դեպքում այս փոփոխուն մեծությունը հաստատուն է ենթադրվում։ Իսկ այս մի դուրեկան պատկերացում է այն մասին, որ արդյունքն in natura նախ՝ բավականացնում է բանվորներին կերակրելու համար, ապա՝ կապիտալիստական վարձակալին թողնում է ավելի շատ սնունդ, քան սրան հարկավոր է, և որ սրանից վեր եղած ավելցուկը բնական ռենտան է կազմում։ Ճիշտ այնպես, ինչպես որ չթագործարանատերը 200 000 կանգուն չիթ է պատրաստում։ Այսքան կանգունը բավականացնում է ոչ միայն նրա բանվորներին հագցնելու, նրա կնոջն ու նրա ամբողջ սերունդը և հենց իրեն էլ հետն ավելի քան գգեստավորելու, այլև, բացի որանից, նրան դեռ էլի չիթ է թողնում ծախելու և վերջապես մի ահագին ռենտա չթով վճարելու։ Հեշտ ու հանգի՜ստ։ 200 000 կանգուն չթից բավական է հանել արտադրության գինը, և ինքնըստինքյան չթի մի ավելցուկ կմնա իբրև ռենտա։ 200 000 կանգուն չթից հանել, օրինակ, 10 000 £ արտադրության գինը, դեո չիմանալով չթի վաճառքի գինը, չթից հանել փող, սպառողական արժեքից իբրև այսպիսուց հանել փոխանակային արժեքը, և այնուհետև որոշել այսքան կանգուն չթի ավելցուկն այսքան ֆունտ ստեռլինգի համեմատությամբ,— այս իրոք մի պարզամիտ պատկերացում է։ Այս ավելի վատ է, քան շրջանի քառակուսացումը, որի հիմքում դրված է գոնե այն սահմանների գաղափարը, որոնցում ուղիղ գիծն ու կորագիծը միաձուլվում են։ Բայց հենց այս է պ. Պասսիի դեղատոմսը։ Բարեհաճեցեք վաղը հանել չթից՝ նախքան մարդու գլխում կամ իրականության մեջ չիթը փողի է փոխարկվել։ Ավելցուկը կազմում է ռենտան, որը սակայն պետք է naturaliter [բնականաբար] (տես, օրինակ, Կառլ Արենդին)* [''Տես 20 ծան. հետո''] շոշափելի էին ի և ոչ թե «սոփեստական» մախինացիաների միջոցով։ Ահա այս հիմարությանը, այսքան ու այսքան շեֆֆել ցորենից արտադրության գինը հանելուն, խորանարդ չափից փողի մի գումար հանելուն է հանգում բնական ռենտայի այս ամբողջ վերականգնումը։ ====II. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵՆՏԱՆ==== Եթե հողային ռենտան քննենք նրա ամենապարզ ձևով, աշխատանքային ռենտայի ձևով, երբ անմիջական արտադրողը շաբաթվա մի մասում փաստորեն կամ թե իրավաբանորեն իրեն պատկանող գործիքներով (գութան, տավար և այլն) մշակում է փաստորեն իրեն պատկանած հողը, իսկ շաբաթվա մյուս օրերում անվարձ աշխատում է հողատիրոջ կալվածում, հողատիրոջ համար, ապա այստեղ դեռ բոլորովին պարզ է խնդիրը՝ ռենտան ու հավելյալ արժեքն այստեղ նույնացած են, ոչ թե շահույթը, այլ ռենտան է այն ձևը, որով այստեղ արտահայտվում է անվճար հավելյալ աշխատանքը։ Թե որ չափով բանվորը (self-sustaining serf)** [''Տես 20 ծան. հետո''] կարող է այստեղ ավելցուկ ձեռք բերել իր անհրաժեշտ գոյամիջոցներից վեր, ուրեմն ավելցուկ այն բանից վեր, ինչ որ մենք արտադրության կապիտալիստական եղանակում աշխատավարձ կանվանեինք, այլ հավասար պարագաներում այս կախված է այն հարաբերությունից, որով նրա բանվորական ժամանակը բաժանվում է հենց իրեն համար գործադրած բանվորական ժամանակի ու հողատիրոջ համար գործադրած կոռային բանվորական ժամանակի։ Այսպիսով ուրեմն, ամենից անհրաժեշտ գոյամիջոցներից վեր եղած այս ավելցուկը, սաղմն այն բանի, որ արտադրության կապիտալիստական, եղանակում իբրև շահույթ է ներկայանում, այստեղ լիովին որոշվում է հողային ռենտայի բարձրությամբ, հողային ռենտայի, որն այստեղ ոչ միայն անվճար հավելյալ աշխատանք է անմիջաբար, այլև հանդես է գալիս իբրև այսպիսին, այն է՝ անվճար հավելյալ աշխատանք արտադրության պայմանների «սեփականատիրոջ» համար, որոնք՝ այստեղ համընկնում են հողի հետ և եթե սրանից ջոկ բան են, ապա սրա լոկ պատկանելիքն են համարվում։ Որ կոռվորի աշխատանքի արդյունքն այստեղ, բացի ապրուստից, պետք է բավական լինի նրա աշխատանքի պայմանները փոխհատուցելու համար,— մի այնպիսի հանգամանք է, որն արտադրության բոլոր եղանակներում նույնն է մնում, որովհետև նա սրանց մասնահատուկ ձևի հետևանքը չէ, այլ բնական պայման է շարունակական ու վերարտադրողական ամեն աշխատանքի համար ընդհանրապես, յուրաքանչյուր շարունակվող արտադրության համար, որը միաժամանակ վերարտադրություն է միշտ, հետևաբար նաև նրա սեփական գործունեության պայմանների վերարտադրությունն է։ Այնուհետև պարզ է, որ այն բոլոր ձևերում, որտեղ անմիջական բանվորը իր սեփական գոյամիջոցներն արտադրելու համար անհրաժեշտ արտադրության միջոցների ու աշխատանքի միջոցների «տերն» է մնում, սեփականության հարաբերությունը պետք է միաժամանակ հանդես գա իբրև անմիջական իշխման ու ստրկացման հարաբերություն, հետևաբար անմիջական արտադրողն էլ՝ որպես անազատ. մի անազատություն, որը կարող է կոռային աշխատանքի հետ կապված ճորտությունից մեղմանալով հասնել մինչև սոսկական տուրքապարտություն։ Այստեղ անմիջական արտադրողը, ենթադրության համաձայն, տեր է հանդիսանում իր սեփական արտադրության միջոցների, իր աշխատանքն իրականացնելու և իր գոյամիջոցներն արտադրելու համար անհրաժեշտ առարկայական աշխատամիջոցների. նա ինքնուրույնորեն է վարում թե երկրագործությունը և թե սրա հետ զուգորդված գյուղական տնային արդյունաբերությունը։ Այո ինքնուրույնությունը չի վերանում նրանով, որ, ինչպես օրինակ, Հնդկաստանում, այս մանր գյուղացիներն իրար հետ միացած, ավելի կամ պակաս բնաճուն արտադրական համայնք են կազմում, որովհետև այստեղ խոսքն անվանական հողատիրոջ հանդեպ ունեցած ինքնուրույնության մասին է միայն։ Այս պայմաններում հողի անվանական սեփականատիրոջ համար կատարվող հավելյալ աշխատանքը նրանցից կարող է քամվել միմիայն արտատնտեսական հարկադրանքով, ինչ ձև էլ nր սա ընդունելիս լինի<ref>Երկիրը նվաճելուց հետո միշտ նվաճողների ամենամերձավոր խնդիրն էր դառնում մարդկանց էլ յուրացնելը։ Հմմտ. Լենդե։ Տես նաև Մյոզեր։</ref>։ Հիշյալ տնտեսությունը նրանով է տարբերվում ստրկական տնտեսությունից ու պլանտատորական տնտեսությունից, որ ստրուկն այստեղ ուրիշի արտադրության պայմաններով է աշխատում ու ոչ թե ինքնուրույնորեն։ Ուրեմն անհրաժեշտ են անձնական կախման հարաբերություններ, անձնական անազատություն, ինչ աստիճանի էլ որ լինի, և հողից, իբրև սրա պատկանելիք, շղթայվածի վիճակ, ճորտային հպատակություն [Hörigkeit] իսկական իմաստով։ Եթե նրանց հանդեպ ուղղակի իբրև հողի սեփականատեր ու միաժամանակ գերիշխան ելնում է ոչ թե հողի մասնավոր սեփականատերը, այլ պետությունը, ինչպես որ է Ասիայում, ապա ռենտան ու հարկը համընկնում են կամ, ավելի շուտ, այն ժամանակ հողային ռենտայի այս ձևից տարբեր ոչ մի հարկ չի լինում։ Այս հանգամանքներում կարիք չկա, որ կախման հարաբերությունը թե քաղաքականորեն ու թե տնտեսապես ավելի խիստ ձև ունենա, քան այն, որ առհասարակ բոլոր հպատակներն ունեն այս պետության վերաբերմամբ։ Պետությունն այստեղ գերագույն հողատերն է։ Գերիշխանությունն այստեղ ազգային մասշտաբով համակենտրոնացված հողային սեփականությունն է։ Բայց այս դեպքում ոչ մի մասնավոր հողային սեփականություն չկա, թեև կա հողի ինչպես մասնավոր, այնպես էլ համայնական տիրում ու օգտագործում։ Այն մասնահատուկ տնտեսական ձևը, որով անվճար հավելյալ աշխատանքը դուրս է քաշվում անմիջական արտադրողներից, որոշում է իշխման ու ստրկացման այն հարաբերությունը, որպիսին բողբոջում է բուն իսկ արտադրությունից և իր հերթին որոշիչ կերպով հակազդում արտադրության վրա։ Իսկ սրա վրա հիմնվում է բուն իսկ արտադրության հարաբերություններից աճող տնտեսական հասարակության ամբողջ կերպարանավորումն ու սրա հետ միաժամանակ՝ նրա մասնահատուկ քաղաքական կառուցվածքը։ Արտադրության պայմանների սեփականատերերին անմիջական արտագրողների նկատմամբ ունեցած անմիջական հարաբերության մեջ է,— մի հարաբերություն, որի ամեն մի տվյալ ձեր բնականորեն միշտ համապատասխանում է աշխատանքի եղանակի և ուրեմն նրա հասարակական արտադրողական ուժի զարգացման որոշ աստիճանին,— այս հարաբերության մեջ է, որ մենք յուրաքանչյուր անգամ երևան ենք հանում ամբողջ հասարակական կառուցվածքի, հետևաբար նաև գերիշխման ու կախման հարաբերության քաղաքական ձևի, կարճ ասած՝ պետության ամեն մի տվյալ մասնահատուկ ձևի ամենաներքին գաղտնիքը, նրա ներթաքուն հիմքը։ Այս չի խանգարում, որ միևնույն — գլխավոր պայմանների կողմից միևնույն — տնտեսական պատվանդանը անթիվ ու տարբեր էմպիրիկ հանգամանքների, բնական պայմանների, ռասայական հարաբերությունների, դրսից ներգործող պատմական ազդեցությունների և այլոց հետևանքով կարողանա անվերջ փոփոխակներ ու աստիճանավորումներ ցուցաբերել իր դրսեվորման մեջ, որոնք ըմբռնել կարելի է էմպիրիկորեն արված այս հանգամանքների վերլուծությամբ միայն։ Ինչ վերաբերում է աշխատանքային ռենտային, ռենտայի ամենապարզ ու ամենից սկզբնական ձևին, ակներև է մի բան.— ռենտան այստեղ հավելյալ արժեքի սկզբնական ձևն է և համընկնում է նրա հետ։ Բայց հավելյալ արժեքի համընկնելն ուրիշի անվճար աշխատանքի հետ այնուհետև արդեն ոչ մի վերլուծության կարիք չունի այստեղ, քանի որ նա դեռ իր ակնբախ շոշափելի ձևով գոյություն ունի, որովհետև անմիջական արտադրողի՝ հենց իրեն համար կատարած աշխատանքն այստեղ դեռ տարածապես ու ժամանակապես անջատված է հողատիրոջ համար կատարած նրա աշխատանքից, և վերջինս հանդես է գալիս երրորդ անձի համար կատարվող հարկադրական աշխատանքի բիրտ ձևով։ Նույնպես էլ հողի ունեցած այն «հատկությունը», որով նա ռենտա է տալիս, այստեղ հանգում է շոշափելիորեն բացահայտված մի գաղտնիքի, որովհետև ռենտա մատակարարող բնության մեջ մտնում է հողին շղթայակցված մարդկային աշխատուժն էլ, այլև սեփականության այն հարաբերություն, որը նրա տիրոջն ստիպում է իր բանվորական ուժը լարել ու բանեցնել այն չափից դենը, որ կպահանջվեր իր սեփական անհրաժեշտ պահանջմունքները բավարարելու համար։ Ռենտան բանվորական ուժի այս հավելութային ծախսման ուղղակի յուրացումն է հողի սեփականատիրոջ կողմից, որովհետև անմիջական արտադրողն այլևս ուրիշ ոչ մի ռենտա չի վճարում նրան։ Այստեղ, որտեղ ոչ միայն հավելյալ արժեքն ու ռենտան են նույնացած, այլև հավելյալ արժեքը դեռ հավելյալ աշխատանքի ձև ունի շոշափելիորեն, այստեղ աշկարա հանդես են գալիս ռենտայի բնական պայմանները կամ սահմաններն էլ, որովհետև սրանք ընդհանրապես նաև հավելյալ աշխատանքի բնական պայմաններն ու սահմաններն են։ Անմիջական արտադրողը պետք է 1) բավական բանվորական ուժ ունենա, և 2) նրա աշխատանքի, առաջին հերթին ուրեմն մշակելի հողի, բնական պայմանները պետք է բավական նպաստավոր լինեն, մի խոսքով՝ նրա աշխատանքի բնաճուն արտադրողականությունը պետք է բավական մեծ լինի, որպեսզի նրան հավելութային աշխատանքի հնարավորություն մնա այն աշխատանքից վեր, որը անհրաժեշտ է նրա սեփական անհրաժեշտ պահանջմունքները բավարարելու համար։ Այս հնարավորությունը ռենտա չի ստեղծում, ռենտան ստեղծում է այն հարկադրանքը միայն, որը հնարավորությունն իրականության է դարձնում։ Բայց ինքը հնարավորությունը սուբեկտիվ ու օբեկտիվ բնական պայմանների հետ է շաղկապված։ Այստեղ էլ ոչ մի խորհրդավոր բան չկա բոլորովին։ Եթե բանվորական ուժն աննշան է և աշխատանքի բնական պայմաններն աղքատիկ, ապա աննշան է նաև հավելյալ աշխատանքը, բայց այս դեպքում աննշան են, մի կողմից՝ արտադրողների պահանջմունքները, մյուս կողմից էլ հավելյալ աշխատանքը շահագործողների հարաբերական թիվը, և վերջապես, աննշան է այն հավելյալ արդյունքը, որում իրական անում է այդ սակավ արդյունավետ հավելյալ աշխատանքը՝ շահագործող սեփականատերերի այս փոքր թվի համար։ Վերջապես, աշխատանքային ռենտայի դեպքում ինքնըստինքյան ակներև է, որ — մյուս բոլոր հանգամանքներն անփոփոխ ենթադրելով — հավելյալ կամ կոռային աշխատանքի հարաբերական ծավալից է լիովին կախված այն, թե անմիջական արտադրողն ինչ չափով հնարավորություն կունենա սեփական դրությունը բարելավելու, հարստանալու անհրաժեշտ կենսամիջոցներից վեր մի ավելցուկ արտադրելու և կամ, եթե մենք ուզենանք արտահայտության կապիտալիստական եղանակը կանխակայել, արդյոք նա հնարավորություն կունենա և ո՛ր չափով կկարողանա իրեն համար որևէ շահույթ, այսինքն բուն իսկ իր արտադրած սեփական աշխատավարձից վեր մի ավելցուկ արտադրել։ Այստեղ ռենտան հավելյալ աշխատանքի նորմալ, ամեն ինչ կլանող, այսպես ասած՝ օրինական ձևն է. նա շատ հեռու է շահույթից վեր մի ավելցուկ, այսինքն այստեղ աշխատավարձից դուրս մի որևէ ուրիշ ավելցուկից վեր ավելցուկ լինելուց. ընդհակառակը, այստեղ այսպիսի շահույթի ոչ միայն ծավալն, այլև նրա հենց գոյությունն, ուրիշ հավասար հանգամանքներում, կախված է ռենտայի ծավալից, այսինքն՝ սեփականատիրոջ համար բռնի կատարելիք հավելյալ աշխատանքի ծավալից։ Մի քանի պատմաբաններ իրենց զարմանքն են արտահայտել այն մասին, որ թեև անմիջական արտադրողը սեփականատեր չէ, այլ տիրություն անող միայն, և de jure [իրավաբանորեն] նրա ամբողջ հավելյալ աշխատանքը հողի սեփականատիրոջն է պատկանում իրոք, սակայն այս պայմաններում ընդհանրապես կարող է կոռապաբաների կամ ճորտերի կողմում գույքի ու, հարաբերաբար ասած, հարստության ինքնուրույն զարգացում տեղի ունենալ։ Մինչդեռ պարզ է, որ այն պրիմիտիվ ու անզարգացած պայմաններում, որոնց վրա խարսխվում է արտադրության այս հասարակական հարաբերությունն ու սրան համապատասխանող արտադրության եղանակը, ավանդությունը պետք է գերակշռող դեր խաղա։ Այնուհետև պարզ է, որ այստեղ, ինչպես և ամենուրեք, հասարակության իշխող խավը շահագրգռված է իբրև օրենք սրբագործելու այն, ինչ որ գոյություն ունի, և սովորույթի ու ավանդության դրած սահմանափակումները սևեռելու իբրև օրինական սահմանափակումներ։ Սակայն, ուրիշ ամեն ինչ մի կողմ թողած, այս բանն ինքն իրեն է կատարվում, հենց որ գոյություն ունեցող կացության, նրա պատվանդանը կազմող հարաբերության հիմնաշենքի մշտական վերարտադրությունը ժամանակի ընթացքում կանոնավորված ու կարգավորված ձև է ընդունում. իսկ այս կարգ ու կանոնն ինքը մի անհրաժեշտ մոմենտ է արտադրության յուրաքանչյուր եղանակի, որն ուզում է հասարակական կայունություն ու անկախություն ունենալ հասարակ պատահականության ու քմահաճույքի հանդեպ։ Կարգ ու կանոնն է հենց արտադրության յուրաքանչյուր եղանակի հասարակական կայունացման ու հետևաբար նրա հարաբերական ազատագրման ձևը հասարակ պատահականությունից ու կամ քմահաճույքից։ Նա այս ձևին հասնում է ինչպես արտադրության պրոցեսի, այնպես էլ սրան համապատասխանող հասարակական հարաբերությունների կայունացման պայմաններում սրանց սոսկական կրկնվող վերարտադրության միջոցով։ Եթե տվյալ ձևը հարատևել է մի առժամանակ, ապա նա ամրապնդվում է իբրև սովորույթ ու ավանդություն և, վերջապես, սրբագործվում է իբրև դրական օրենք։ Արդ, որովհետև հավելյալ աշխատանքի այս ձևը, կոռային աշխատանքը, հիմնվում է աշխատանքի հասարակական բոլոր արտադրողական ուժերի անզարգացածության վրա, բուն իսկ աշխատանքի եղանակի հետամնացության վրա, ուստի բնականորեն նա պետք է անմիջական արտադրողների ամբողջ աշխատանքի համեմատաբար մի շատ ավելի փոքր մասը խլի, քան արտադրության զարգացած եղանակներում ու հատկապես քան կապիտալիստական արտադրության ժամանակ։ Ենթադրենք, օրինակ, որ հողատիրոջ համար կատարվող կոռային աշխատանքը շաբաթվա մեջ երկու օր է եղել սկզբնապես։ Այսպիսով շաբաթական կոռային աշխատանքի այս երկու օրը կայուն սահմանված են, սովորույթի իրավունքով կամ թե գրված իրավունքով օրինապես կարգավորված հաստատուն մեծություն են։ Իսկ արտադրողականությունը շաբաթվա մնացած օրերում, որոնք բուն իսկ անմիջական արտադրողի տնօրինության տակ են, փոփոխուն մեծություն է, որը պետք է զարգանա նրա փորձի առաջադիմելու ընթացքում,— ճիշտ այնպես, ինչպես այն նոր պահանջմունքները, որոնց հետ նա ծանոթանում է, ճիշտ ինչպես իր արդյունքի շուկայի ընդարձակումը, այն աճող ապահովությունը, որով նա տնօրինում է իր բանվորական ուժի այս մասը,— խթանելու են նրա բանվորական ուժի սաստկացած լարումը, ընդ որում չպետք է մոռանալ, որ այս բանվորական ուժի գործադրումն ամենևին սահմանափակված չէ երկրագործությամբ, այլ իր մեջ ընդգրկում է նաև գյուղական տնային արդյունաբերությունը։ Այստեղ ուրեմն տրված է տնտեսական որոշ զարգացման հնարավորություն, որն իհարկե կախված է բարենպաստ հանգամանքներից, բնածին ռասայական բնույթից և այլն։ ====III. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՌԵՆՏԱՆ==== Աշխատանքային ռենտայի փոխարկումն արդյունքներով ռենտայի, տնտեսագիտական տեսակետից քննելով, ոչինչ չի փոխում հողային ռենտայի էության մեջ։ Այն ձևերում, որ մենք քննում ենք այստեղ, այս էությունն այն է, որ հողային ռենտան հավելյալ արժեքի կամ հավելյալ աշխատանքի միակ իշխող ու նորմալ ձևն է, մի բան, որ իր հերթին կարող է այնպես արտահայտվել, թե նա միակ հավելյալ աշխատանքը կամ միակ հավելյալ արդյունքն է, որ անմիջական արտադրողը, որի տիրության տակ են գտնվում իր սեփական վերարտադրության համար անհրաժեշտ աշխատանքի պայմանները, պետք է մատակարարի այս կացության ժամանակ ամեն ինչ ընդգրկող աշխատանքի պայմանի սեփականատիրոջը հողի սեփականատիրոջը, և թե մյուս կողմից՝ միմիայն հողն է, որը նրան հանդիպակայում է իբրև ուրիշի սեփականության տակ գտնվող, նրա հանդեպ ինքնակայացած ու որպես հողի սեփականատեր անձնավորված աշխատանքի պայման։ Որքան էլ որ արդյունքներով ռենտան հողային ռենտայի իշխող ալ ամենաշատ զարգացած ձևը ներկայացնի, նրան միշտ էլ սակայն ավելի շատ կամ թե ավելի քիչ չափով ուղեկցում են նախորդ ձևի մնացուկները, այսինքն՝ այն ռենտայի մնացուկները, որը պետք է ուղղակի աշխատանքով, այսինքն կոռային աշխատանքով վճարել, և այս դեպքում հավասարապես միևնույն է, թե հողատերը մասնավո՞ր անձ է արդյոք, թե՞ պետությունն է։ Արդյունքներով ռենտան ենթադրում է անմիջական արտադրողի կուլտուրական ավելի բարձր մակարդակ, հետևաբար՝ նրա աշխատանքի ու ընդհանրապես հասարակության զարգացման ավելի բարձր աստիճան, և նախընթաց ձևից նրանով է տարբերվում, որ հավելյալ աշխատանքն այլևս չի կատարվելու իր բնական կերպարանքով, հետևաբար ոչ էլ հողատիրոջ կամ թե նրա ներկայացուցչի ուղղակի հսկման ու հարկադրանքի տակ. ընդհակառակը, անմիջական արտադրողը հավելյալ աշխատանքը կատարելու է ոչ թե ուղղակի հարկադրանքից, այլ ստեղծված հարաբերությունների ուժից մղված, ոչ թե մտրակից, այլ օրենքի որոշումից մղված՝ իր անձնական պատասխանատվությամբ։ Հավելյալ արտադրությունն այն իմաստով, որ նա գերազանցում է անմիջական արտադրողի անհրաժեշտ պահանջմունքներից ու կատարվում է հենց նրան փաստորեն պատկանած արտադրության դաշտում, բուն իսկ նրա շահագործած հողում՝ փոխանակ առաջվա պես կատարվելու նրա հողի կողքին ու սրանից դուրս, կալվածատիրոջ կալվածում,— այս ձևի հավելյալ արտադրությունն արդեն ինքնըստինքյան հասկանալի կանոն է դարձել այստեղ։ Անմիջական արտագրողն այս հարաբերության ժամանակ ավելի կամ թե պակաս չափով տնօրինողն է իր ամբողջ բանվորական ժամանակի գործադրության, թեև այս բանվորական ժամանակի մի մասը, սկզբնապես նույնի գրեթե ամբողջ հավելութային մասն, առաջվա նման հողի սեփականատիրոջն է պատկանում անվճար կերպով, այն տարբերությամբ միայն, որ սա այս մասն այլևս անմիջաբար իր սեփական բնաձևով չի ստանում, այլ ստանում է այն արդյունքի բնաձևով, որում իրանում է բանվորական ժամանակը։ Ծանրակիր ու, նայած կոռային աշխատանքի կարգավորմանը, հողի սեփականատիրոջ համար կատարելիք աշխատանքի հետևանքով ավելի կամ թե պակաս չափով խանգարիչ ներգործություն անող ընդհատումը (համեմատիր I գիրք, գլուխ VIII, 2, Գործարանատերն ու Բոյարը) վերանում է այնտեղ, որտեղ արդյունքներով ռենտան զարգանում է զուտ կերպարանքով, կամ թե հիշյալ ընդհատումը հանգում է տարվա մեջ ընդամենը սակավաթիվ կարճ միջոցների, որտեղ հայտնի կոռեր շարունակում են հարատևել արդյունքներով ռենտայի կողքին։ Արտադրողի կողմից հենց իրեն համար կատարվող աշխատանքն ու հողի սեփականատիրոջ համար կատարվող աշխատանքն ըստ ժամանակի ու ըստ տարածության այլևս չեն անջատվում շոշափելիորեն։ Այս արդյունքներով ռենտան իր զուտ կերպարանքով, թեև կարող է բեկորների ձևով գարշ գալով հասնել մինչև արտադրության ավելի զարգացած եղանակներն ու արտադրական հարաբերությունները, առաջվա պես ենթադրում է բնատնտեսություն, այսինքն որ տնտեսագործելու պայմաններն ամբողջովին կամ թե չէ ամենամեծ չափով արտադրվում են հենց տնտեսության մեջ, փոխարինվում ու վերարտադրվում են անմիջականորեն սրա համախառն արդյունքից։ Նա այնուհետև ենթադրում է գյուղական տնային արդյունաբերության միացումը երկրագործության հետ. այն հավելյալ արդյունքը, որ կազմում է ռենտան, ընտանիքի այս միացյալ երկրագործական արդյունաբերական աշխատանքի արդյունքն ընդ որում արդյունքներով ռենտան իր մեջ կարող է պարփակել ավելի կամ թե պակաս չափով արդյունաբերական արդյունքներ, ինչպես որ այս հաճախ էր պատահում միջնադարում, կամ թե հատուցվում է բուն հողագործության արդյունքների ձևով։ Ռենտայի այս ձևի ժամանակ անհրաժեշտ չի ամենևին, որ արդյունքներով ռենտան, որում ներկայանում է հավելյալ աշխատանքը, կլանի գյուղական ընտանիքի ամբողջ հավելութային աշխատանքը։ Ընդհակառակը, այստեղ արտադրողին, աշխատանքային ռենտայի համեմատությամբ, մի ավելի մեծ ազատություն է տրված, որ ժամանակ ճարի այն հավելութային աշխատանքի համար, որի արդյունքը հենց իրեն է պատկանում ճիշտ այնպես, ինչպես որ աշխատանքի այն արդյունքը, որ նրա ամենաանհրաժեշտ պահանջմունքներն է բավարարում։ Այս ձևի հետ նմանապես ավելի մեծ տարբերություններ էլ են առաջ գալիս առանձին անմիջական արտադրողների տնտեսական դրության մեջ։ Սրա հնարավորությունը գոնե կա, այլև այն հնարավորությունը, որ այս անմիջական արտադրողը միջոցներ ձեռք բերած լինի այն բանի համար, որ ինքն էլ իր հերթին շահագործի ուրիշի աշխատանքն անմիջաբար։ Սակայն այս մեզ չի վերաբերում այստեղ, քանի որ մենք գործ ունենք արդյունքներով ռենտայի զուտ ձևի հետ. ինչպես և մենք ընդհանրապես չենք կարող միջամուխ լինել անհունորեն տարբեր այն կոմբինացիաների մեջ, որոնցում շաղկապվում, կեղծվում և զոդվում են ռենտայի տարբեր ձևերը։ Արդյունքներով ռենտայի ձևի շնորհիվ, որը զուգորդված է արդյունքի ու բուն իսկ արտադրության որոշ տեսակի հետ, գյուղատնտեսության ու այդ ժամանակ տնային արդյունաբերության անհրաժեշտ միացման շնորհիվ գրեթե լիակատար ինքնաբավության շնորհիվ, որ նրա տիրապետության պայմաններում ձեռք է բերում գյուղացիական ընտանիքը, ազատ լինելով շուկայի ներգործումից, ինչպես և գյուղից դուրս գտնվող հասարակության արտադրության փոփոխումներից ու այդ հասարակության պատմական շարժումից, կարճ՝ ընդհանրապես բնատնտեսության բնույթի շնորհիվ այս ձևը լիովին հարմար է պատվանդան ծառայելու. հասարակական այն կացությունների համար, որոնք լճացել, անշարժության են մատնվել, ինչպես այս տեսնում ենք, օրինակ, Ասիայում։ Այստեղ, ինչպես և ռենտայի ավելի վաղ ձևի, աշխատանքային ռենտայի դեպքում, հողային ռենտան նորմալ ձևն է հավելյալ արժեքի և ուրեմն հավելյալ աշխատանքի, այսինքն՝ այն ամբողջ հավելութային աշխատանքի, որ անմիջական արտադրողը պետք է իր աշխատանքի ամենաէական պայմանի սեփականատիրոջ՝ հողի սեփականատիրոջ համար կատարի ձրի, իսկապես ուրեմն հարկադրված լինելով, չնայած որ այս հարկադրանքը այլևս իր հին բիրտ ձևով չի ելնում նրա հանդեպ։ Շահույթը,— եթե մենք տվյալ դեպքում ոչ-տեղին այսպես անվանենք անմիջական արտադրողի աշխատանքի հավելույթի այն մասը, որ ստացվում է նրա կողմից յուրացվող անհրաժեշտ աշխատանքից վեր,— շահույթն այն աստիճան որոշիչ ազդեցություն չի ունենում արդյունքներով ռենտայի վրա, որ, ավելի շուտ, կարելի է ասել, բողբոջում է սրա թիկունքում, և նրա բնական սահմանը հանդիսանում է արդյունքներով ռենտայի ծավալը։ Այս վերջինս կարող է մի այնպիսի ծավալ ստանալ, որը լրջորեն սպառնում է աշխատանքի պայմանների, բուն իսկ արտադրության միջոցների վերարտադրությանը, ավելի կամ թե պակաս չափով անհնարին է դարձնում արտադրության ընդլայնումը և անմիջական արտադրողներին հարկադրում է բավականանալու կենսամիջոցների ֆիզիկական մինիմումով։ Այս տեղի է ունենում հատկապես այն դեպքում, երբ մի նվաճող առևտրական ազգ է այս ձևը պատրաստի գտնում և շահագործում, ինչպես, օրինակ, անգլիացիները Հնդկաստանում։ ====IV. ՓՈՂԱՅԻՆ ՌԵՆՏԱՆ==== Ի տարբերությունս արտադրության կապիտալիստական եղանակի վրա հիմնվող արդյունաբերական կամ թե առևտրային հողային ռենտայից, որը լոկ մի ավելցուկ է միջին շահույթի համեմատությամբ, մենք այստեղ փողային ռենտայի տակ հասկանում ենք այն հողային ռենտան, որը ծագում է արդյունքներով ռենտայի հասարակ ձևափոխությունից, ինչպես որ այս արդյունքներով ռենտան ինքը փոխակերպյալ աշխատանքային ռենտա էր միայն։ Անմիջական արտադրողն այստեղ արդյունքի փոխարեն պետք է նույնի գինը վճարի իր հողասեփականատիրոջը (սա պետությունը լինի, թե մասնավոր մարդ, միևնույն է)։ Հետևաբար, այլևս բավական չէ արդյունքի՝ մի ավելցուկ ստանալ նրա բնաձևով։ Այդ ավելցուկը պետք է այս բնաձևից փողի ձևի փոխարկվի։ Թեև անմիջական արտադրողն առաջվա պես շարունակում է իր գոյության միջոցների առնվազն մեծագույն մասը հենց ինքն արտադրել, սակայն հիմա նրա արդյունքի մի մասը պիտի ապրանքի փոխարկվիր որպես ապրանք պիտի արտադրվի։ Ուրեմն արտադրության ամբողջ եղանակի բնույթն է փոխվում ավելի կամ թե պակաս չափով։ Նա կորցնում է իր անկախությունը, իր կտրվածությունը հասարակական կապից։ Վճռական է դառնում արտադրության ծախքերի հարաբերությունը, ծախքերի, որոնց մեջ հիմա ավելի կամ թե պակաս չափով մտնում են. փողով կատարվող ծախքերը. համենայն դեպս վճռական նշանակություն է ձեռք բերում համախառն արդյունքի փող դարձնելիք մասի հավելույթն այն մասից վեր, որը մի կողմից դարձյալ որպես վեր արտադրության միջոց, մյուս կողմից որպես գոյության անմիջական միջոց է ծառայելու։ Այնուամենայնիվ ռենտայի այս տեսակի պատվանդանը, թեև սա դեպի իր քայքայումն է դիմում, միևնույնն է մնում, ինչպես արդյունքներով ռենտայի ժամանակ, որը ելակետ է ծառայում։ Անմիջական արտադրողն առաջվա պես հողի ժառանգական կամ թե այլ տեսակի ավանդական տիրապետողն է, որը հողատիրոջ համար, իբրև իր արտադրության այս ամենաէական պայմանի սեփականատիրոջ համար, պետք է հավելութային հարկադրական աշխատանք, այսինքն անվճար, առանց էկվիվալենտի կիրառվող աշխատանք կատարի՝ փողի վերածված հավելյալ արդյունքի ձևով։ Հողից տարբեր աշխատապայմանների, երկրագործական գործիքների ու այլ շարժական գույքի սեփականությունն արդեն նախկին ձևերում նախ փաստորեն, հետո էլ իրավաբանորեն փոխարկվում է անմիջական արտադրողների սեփականության, մի պայման, որն առավել ես ենթադրվում է փողային ռենտայի ձևի համար։ Արդյունքներով ռենտայի փոխարկումը փողային ռենտայի, որն սկզբում կատարվում է տեղ-տեղ, հետո էլ ավելի կամ թե պակաս չափով մոտենում է ազգային մասշտաբին, այդ փոխարկումն ենթադրում է առևտրի, քաղաքային արդյունաբերության, ընդհանրապես ապրանքային արտադրության ու սրա հետ էլ փողային շրջանառության արդեն նշանավոր զարգացում։ Այնուհետև նա ենթադրում է արդյունքների շուկայական գին և այն, որ սրանք ծախվում են իրենց արժեքին շատ թե քիչ մոտեցող գնով, մի պարագա, որ ամենևին անհրաժեշտ չի նախկին ձևերի ժամանակ։ Եվրոպայի արևելքում մենք մասամբ դեռ այսօր էլ կարող ենք դիտել այս փոխարկման պրոցեսը։ Թե սա որքան անիրագործելի է առանց աշխատանքի հասարակական արտադրողական ու մի որոշ զարգացման, վկայում են հռոմեական կայսրության ժամանակ այս փոխարկման ձախողված տարբեր փորձերն ու վերադարձերը դեպի նատուրալ ռենտան այն բանից հետո, երբ փորձեցին փողային ռենտայի փոխարկել այս ռենտայի գոնե այն մասը, որը գանձվում էր որպես պետական հարկ։ Անցման միևնույն դժվարության մասին է վկայում, օրինակ, փողային ռենտայի կեղծումն ու սրա զոդումը ռենտայի նախկին ձևերի մնացորդների հետ Ֆրանսիայում, ռևոլուցիայից առաջ։ Բայց փողային ռենտան, իբրև, արդյունքներով ռենտայի փոխակերպյալ ձև ու նրա հակադրություն, մինչև այժմ մեր կողմից քննարկվող հողային ռենտայի վերջին ձևն է և միաժամանակ նրա քայքայման ձևը, այն է՝ հողային ռենտայի որպես հավելյալ արժեքի, այլև որպես արտադրության պայմանների սեփականատիրոջը հատուցվող անվճար հավելյալ աշխատանքի նորմալ ձևի։ Իր զուտ ձևով այս ռենտան, ինչպես աշխատանքային ռենտան ու արդյունքներով ռենտան, շահույթից վեր ոչ մի ավելցուկ չի ներկայացնում։ Իր ըմբռնումով այս ռենտան կլանում է իր մեջ շահույթը։ Որչափով որ շահույթը փաստորեն իբրև հավելութային աշխատանքի մի առանձին մաս ծագում է ռենտայի կողքին, փողային ռենտան, ինչպես և ռենտան իր նախկին ձևերով, դեռ ևս նորմալ սահման է մնում այս սաղմնային շահույթի, որը կարող է զարգանալ այն հնարավորության համեմատ միայն, որով շահագործվում է կա՛մ մեկի սեփական հավելութային աշխատանքը, կա՛մ ուրիշի այն աշխատանքը, որը մնում է փողային ռենտայի մեջ մարմնացած հավելյալ աշխատանքը կատարելուց հետո։ Հետևաբար, եթե իսկապես շահույթը ծագում է այս ռենտայի կողքին, ապա դուրս է գալիս, որ ո՛չ թե շահույթն է ռենտայի սահմանը, այլ, ընդհակառակը, ռենտան է սահման շահույթի համար։ Բայց ինչպես արդեն ասացինք, փողային ռենտան միաժամանակ քայքայման ձևն է մինչև հիմա մեր քննած այն հողային ռենտայի, որը prima facie համընկնում է հավելյալ արժեքի և հավելյալ աշխատանքի հետ, այն հողային ռենտայի, որը հավելյալ արժեքի նորմալ ու իշխող ձևն է։ Մի կողմ թողած բոլոր միջնաձևերը, ինչպես, օրինակ, մանր-գյուղացիական վարձակալի ձևը, փողային ռենտան իր հետագա զարգացման ընթացքում անհրաժեշտորեն հասցնում է կամ հողի փոխարկմանն ագատ գյուղացիական սեփականության, կամ արտադրության կապիտալիստական եղանակի ձևին, այն ռենտային, որ կապիտալիստական վարձակալն է վճարում։ Հողի մի մասին տիրացող ու այն մշակող հպատակի և հողի սեփականատիրոջ միջև եղած ավանդական սովորույթի իրավունքից բխող հարաբերությունը փողային ռենտայի հանդես գալով անհրաժեշտորեն փոխարկվում է դրական օրենքի ստույգ նորմաների համաձայն սահմանված պայմանագրական զուտ փողային բահրային հարաբերության։ Ուստի մշակող տիրակալը փաստորեն դառնում է սոսկական վարձակալ։ Այո փոխակերպումը, արտադրության բարենպաստ ընդհանուր այլ հարաբերությունների առկայության դեպքում, մի կողմից օգտագործվում է հին գյուղացիական տիրակալներին հետզհետե սեփականազրկելու և նրանց տեղը կապիտալիստական վարձակալներ նստեցնելու համար, մյուս կողմից հանգում է այն բանին, որ մինչայժմյան տիրակալը ետ է գնում իր բահրային պարտավորությունը, և դառնում է անկախ գյուղացի, իր մշակած հողի լիակատար սեփականատեր։ Այնուհետև, նատուրալ ռենտայի փոխարկումը փողային ռենտայի ոչ միայն անհրաժեշտորեն ուղեկցում է, այլև կանխակայում է ունեզուրկ ու փողով վարձվող բատրակների դասակարգի գոյացումը։ Ուստի այս նոր դասակարգի ծագման պարբերաշրջանում, երբ նա դեռ տեղ-տեղ է միայն հանդես գալիս, ավելի լավ դրության մեջ գտնվող ռենտապարտ գյուղացիների մոտ անհրաժեշտ որ են զարգանում է իրենց սեփական հաշվին գյուղական վարձու բանվորներ շահագործելու սովորությունը, ճիշտ այնպես, ինչպես որ ֆեոդալիզմի ժամանակաշրջանում ավելի ունևոր տիրահպատակ գյուղացիներն իրենք իրենց հերթին ճորտեր էին պահում։ Այսպիսով ահա ռենտապարտ գյուղացիների մոտ հետզհետե զարգանում է այն հնարավորությունը, որ նրանք որոշ կարողություն կուտակեն և հենց իրենք ապագա կապիտալիստների փոխարկվեն։ Այդպես հողի բուն իսկ հին, ինքնաշխատ տիրակալների շրջանում առաջ է գալիս կապիտալիստական վարձակալների մի տնկարան, որի զարգացումը պայմանավորված է կապիտալիստական արտադրության՝ գյուղերից դուրս կատարվող ընդհանուր զարգացմամբ, և որը հատկապես արագ է փթթում, երբ, ինչպես 16-րդ դարի Անգլիայում, նրան օգնելու են գալիս առանձնապես բարենպաստ հանգամանքներ, ինչպես փողի այն ժամանակվա պրոգրեսիվ արժեքազրկումն էր, որը սովորական դարձած երկարատև վարձակալական պայմանագրերի պարագայում վարձակալներին հարստացնում էր հողի սեփականատերերի հաշվին։ Այնուհետև հենց որ ռենտան փողային ռենտայի ձև է ընդունում ու սրա հետ էլ ռենտա վճարող գյուղացու և սեփականատիրոջ միջև եղած հարաբերությունն ստանում է պայմանագրական հարաբերության ձև,— փոխակերպում, որն ընդհանրապես հնարավոր է համաշխարհային շուկայի, առևտրի ու մանուֆակտուրայի զարգացման արդեն տվյալ հարաբերական բարձրության վրա միայն, անհրաժեշտորեն հանդես է գալիս հողի վարձակալատրումը կապիտալիստներին, որոնք մինչև հիմա գյուղական սահմաններից դուրս էին գտնվում և որոնք քաղաքում մշակված եղանակներով ձեռք բերած կապիտալն ու քաղաքներում արդեն զարգացած արտադրության կապիտալիստական եղանակը, այսինքն արդյունքն իբրև սոսկական ապրանք արտադրելն ու իբրև հավելյալ արժեքի յուրացման հասարակ միջոց արտադրելը, փոխադրում են գյուղ ու գյուղատնտեսության մեջ։ Այս ձևն ընդհանրական կանոն կարող է դառնալ այն երկրներում միայն, որոնք ֆեոդալականից արտադրության կապիտալիստական եղանակին անցնելու ժամանակ իշխում էին համաշխարհային շուկայում։ Երբ կապիտալիստական վարձակալը ներխցկվում է հողի սեփականատիրոջ ու իրոք աշխատող երկրագործի արանքը, սրան զուգընթաց փշրվում են այն բոլոր հարաբերությունները, որոնք արտադրության գյուղական հին եղանակից էին ծագել։ Վարձակալը դառնում է այս երկրագործական բանվորների իսկական հրամանատարն ու նրանց հավելյալ աշխատանքի իսկական շահագործողը, մինչդեռ հողի սեփականատերն այլևս միմիայն այս կապիտալիստական վարձակալի հետ է հարաբերության մեջ մտնում ու այն էլ սոսկ փողային ու պայմանագրային հարաբերության մեջ։ Սրանով փոխակերպվում է նաև ռենտայի բնությունը, փոխակերպվում է ոչ միայն փաստորեն ու պատահաբար, ինչ որ մասամբ արդեն լինում էր նախկին ձևերի ժամանակ, այլ որպես նորմալ երևույթ, իր ճանաչված ու իշխող ձևով։ Հավելյալ արժեքի ու հավելյալ աշխատանքի նորմալ ձևից ռենտան իջնում է մինչև այս հավելյալ աշխատանքի այն մասից վեր եղած ավելցուկը, որ շահագործող կապիտալիստն է յուրացնում շահույթի ձևով. ինչպես որ սա է քամում հիմա ամբողջ հավելյալ աշխատանքը, շահույթն ու շահույթից վեր եղած ավելցուկը, ամբողջական հավելյալ արդյունքի ձևով վերցնում է և փոխարկում է փողի։ Իր կապիտալի միջոցով նա գյուղական բանվորներին ուղղակի շահագործում է և նրանցից քամում այս հավելյալ արժեքը, սակայն այս վերջինի ավելցուկ մնացած մի մասն է միայն, որ նա իբրև ռենտա հողի սեփականատիրոջն է տալիս։ Թե նա որքան շատ կամ որքան քիչ է տալիս հողատիրոջը, այս բանը միջին հաշվով իբրև սահման որոշվում է այն միջին շահույթով, որ կապիտալը բերում է արտադրության ոչ երկրագործական ոլորտներում, ու ոչ երկրագործական այն արտադրության գներով, որոնց կարգավորիչը միջին շահույթն է եղել։ Այսպիսով ուրեմն, հավելյալ արժեքի ու հավելյալ աշխատանքի նորմալ ձևից հիմա ռենտան դարձել է արտադրության այս առանձին, երկրագործական ոլորտին հատուկ մի ավելցուկ՝ հավելյալ աշխատանքի այն մասից վեր, որ կապիտալը պահանջում է իրեն համար, իբրև ամենից առաջ ու բնականորեն իրեն հասանելի։ Ռենտայի փոխարեն այժմ շահույթն է դարձել հավելյալ արժեքի նորմալ ձևը, և ռենտան հիմա համարվում է ոչ թե ընդհանրապես հավելյալ արժեքի, այլ սրա մի որոշ ճյուղավորման, գերշահույթի՝ առանձնահատուկ հանգամանքներում ինքնակայացած ձևը միայն։ Կարիք չկա ավելի երկար կանգ առնելու. այն խնդրի վրա, թե ինչպես այս փոխակերպմանը համապատասխանում է արտադրության եղանակի մի աստիճանական փոխակերպում։ Այս ակներև է արդեն նրանից, որ այս կապիտալիստական վարձակալի համար նորմալ է հողի արդյունքն իբրև ապրանք արտադրելը, և որ մինչդեռ առաջ նրա գոյության միջոցներից վեր եղած ավելցուկն էր միայն ապրանք դառնում, հիմա այս ապրանքների լոկ մի չնչին մասն է անմիջաբար գոյության միջոցների փոխարկվում նրա համար։ Այլևս ոչ թե հողը, այլ կապիտալն է, որ հիմա իրեն ու իր արտադրողականությանն է անմիջաբար ենթարկում բուն իսկ երկրագործական աշխատանքը։ Միջին շահույթն ու արտադրության սրանով կարգավորվող գինը գոյանում են գյուղի հարաբերություններից դուրս, քաղաքային առևտրի ու մանուֆակտուրայի ոլորտում։ Բահրատու գյուղացու շահույթը չի մասնակցում միջին շահույթի համահավասարմանը, որովհետև հողի սեփականատիրոջ նկատմամբ նրա ունեցած հարաբերությունը կապիտալիստական հարաբերություն չէ։ Որչափով որ նա շահույթ է ստանում, այսինքն մի ավելցուկ է իրացնում իր անհրաժեշտ գոյամիջոցներից վեր, լինի իր անձնական աշխատանքով, թե ուրիշի աշխատանքը շահագործելով, միևնույն է,— այս կատարվում է նորմալ հարաբերության թիկունքում, և այլ հավասար պայմաններում ոչ թե այս շահույթի բարձրությունն է ռենտան որոշողը, այլ, ընդհակառակը, ռենտան է որոշում շահույթը, սրա սահմանը հանդիսանալով։ Միջնադարում շահույթի բարձր նորման պայմանավորվում էր ոչ միայն կապիտալի ցածր կազմով, կապիտալի, որում գերիշխում էր փոփոխուն, աշխատավարձի վրա ծախսվող տարրը։ Այդ բարձր նորման պայմանավորվում էր գյուղի նկատմամբ գործադրվող խաբեբայությամբ, հողի սեփականատիրոջ ռենտայի ու նրան ենթակա բնակչության եկամուտի մի մասի յուրացումով։ Եթե միջնադարում գյուղն է քաղաքականորեն շահագործում քաղաքին ամենուրեք, որտեղ ֆեոդալիզմը չի բեկվել քաղաքների բացառիկ զարգացման հետևանքով, ինչպես Իտալիայում, ապա տնտեսապես քաղաքն է ամեն տեղ ու առանց բացառության գյուղին շահագործում իր մոնոպոլ գներով, իր հարկային սիստեմով, իր համքարային կարգով, իր վաճառականական անմիջական խաբեբայությամբ ու իր վաշխառությամբ։ Կարելի էր կարծել, որ գյուղատնտեսական արտադրության մեջ կապիտալիստական վարձակալի սոսկ հանդես գալն ապացույց է տալիս, թե հողագործական այն արդյունքների գինը, որոնք հնուց ի վեր ռենտա էին տալիս այս կամ այն ձևով, գոնե նրա հանդես գալու այս ժամանակաշրջանում պետք է մանուֆակտուրայի արտադրության գներից բարձր կանգնած լիներ կամ այն պատճառով, որ այդ արդյունքների գինը հասել է մենաշնորհային գնի բարձրության, կամ թե այն պատճառով, որ նա բարձրացել, հասել է հողագործության արդյունքների արժեքին, իսկ այս արժեքն իրոք որ միջին շահույթով կարգավորված արտադրության գնից բարձր է կանգնած։ Որովհետև հակառակ դեպքում կապիտալիստական վարձակալի համար անհնարին կլիներ հողի արդյունքների առկա գտնված գների տիրապետության պայմաններում նախ միջին շահույթն իրացնել այս արդյունքների գնից ու հետո էլ դեռ այս շահույթից վեր եղած մի ավելցուկ վճարել ռենտայի ձևով՝ նույն գնից ստանալով։ Ըստ այսմ կարելի էր եզրակացնել, թե շահույթի ընդհանուր նորման, որը կապիտալիստական վարձակալի համար որոշիչ հանգամանք է հողի սեփականատիրոջ հետ կնքած իր պայմանագրում, որ այդ նորման գոյացել է ռենտայի ներառումից անկախ և հետևաբար երբ նա իբրև կարգավորիչ է հանդես գալիս գյուղական արտադրության մեջ, արդեն պատրաստի գտնում է այս ավելցուկը և վճարում է հողի սեփականատիրոջը։ Այս ավանդական եղանակով է խնդիրը բացատրում, օրինակ, պարոն Ռոդբերտուսը։ Բայց՝ '''Առաջին'''։ Կապիտալի, որպես ինքնուրույն ու ղեկավար ուժի, այս մուտքը երկրագործության մեջ կատարվում է ոչ թե միանգամից ու ընդհանրական մասշտաբով, այլ հետզհետե և արտադրության առանձին ճյուղերում։ Նա սկզբում ընդգրկում է ոչ թե բուն հողագործությունը, այլ արտադրության այնպիսի ճյուղեր, ինչպիսին է անասնապահությունը, հատկապես ոչխարաբուծությունը, որի գլխավոր արդյունքը, բուրդը, արդյունաբերության վերելքի պրոցեսում մի առժամանակ շուկայական գնի ամուր ավելցուկ է տալիս արտադրության գնից վեր, ըստ որում այդ գները համահավասարվում են միայն հետագայում։ Այսպես էր իրերի դրությունն Անգլիայում 16-րդ դարի ընթացքում։ '''Երկրորդ'''։ Որովհետև կապիտալիստական այս արտադրությունն սկզբում հանդես է գալիս տեղ-տեղ միայն, ուստի չի կարելի որևէ առարկություն բերել այն վարկածի դեմ, թե նա ամենից առաջ հողերի լոկ այնպիսի կոմպլեքսներ է նվաճում, որոնք իրենց մասնահատուկ պտղաբերության ու առանձնապես բարենպաստ տեղադրության հետևանքով ընդհանուր առմամբ կարող են դիֆերենցիալ ռենտա վճարել։ '''Երրորդ'''։ Ենթադրենք նույնիսկ, թե արտադրության այս եղանակի հանդես գալու ժամանակ, որը քաղաքի պահանջարկի մի շատացող կշիռ է ենթադրում իրոք, հողի արդյունքի գներն արտադրության գնից բարձր էին, ինչպես որ անկասկած այսպես էր Անգլիայում 17-րդ դարի վերջին երրորդամասում. այս դեպքում էլ, հենց որ արտադրության այս եղանակը որոշ չափով դուրս է դալիս այն վիճակից, երբ հողագործությունը սոսկապես ենթարկված է կապիտալին, և հենց որ արտադրության այս եղանակի զարգացման հետ անհրաժեշտորեն կապված բարելավումն է տեղի ունենում երկրագործության մեջ, ու արտադրության ծախքերի իջեցում է կատարվում, սկսվում է մի հակառակ շարժում, ընկնում են հողի արդյունքների գները և այս ամենի հետևանքով համահավասարումն է տեղի ունենում, ինչպես այս 18-րդ դարի առաջին կեսին Անգլիայում էր։ Հետևաբար, այս ավանդական եղանակով ռենտան չի կարող բացատրվել որպես միջին շահույթից վեր եղած ավելցուկ։ Պատմականորեն առկա գտնված ինչպիսի հանգամանքներում էլ որ սկզբնապես հանդես եկած լինի ռենտան, հենց որ նա մի անգամ արդեն արմատ է գցել, ապա վերևում շարադրված արդի պայմաններում միայն կարող է գոյություն ունենալ։ Վերջում, խոսելով արդյունքներով ռենտայի փոխարկման մասին փողածին ռենտայի, պետք է դեռ նկատել, որ փողային ռենտայի տարածման հետ միասին ու որպես նրա էական մոմենտ առաջ են զալիս կապիտալացված ռենտան, հողի գինն ու սրան զուգընթաց՝ հողի օտարելիությունն ու հողի օտարումը, և որ սրա շնորհիվ ոչ միայն առաջվա բահրատուները կարող են անկախ սեփականատեր գյուղացիներ դառնալ, այլև քաղաքի բնակիչները և ուրիշ փողատեր մարդիկ կարող են հողակտորներ գնել՝ այն նպատակով, որ վարձով տան կամ գյուղացիներին, կամ էլ կապիտալիստներին և ռենտան օգտագործեն իբրև այս եղանակով ներդրած իրենց կապիտալի տոկոսի ձև, որ, ուրեմն, այս հանգամանքն էլ նպաստում է շահագործման նախկին եղանակի, սեփականատիրոջ ու իսկական մշակողի միջև եղած հարաբերության և բուն իսկ ռենտայի փոխաշրջմանը։ ====V. ԿԻՍՐԱՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՑԵԼԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ=== Մենք այստեղ հասել ենք հողային ռենտայի մեր շարադրած շարքի զարգացման վերջին աստիճանին։ Հողային ռենտայի այս բոլոր ձևերի — աշխատանքային ռենտայի, արդյունքներով ռենտայի, փողային ռենտայի (իբրև արդյունքներով ռենտայի սոսկ փոխակերպյալ ձևի) — այս բոլոր ձևերի տարածման ժամանակ ռենտատուն միշտ ենթադրվում է որպես հողի իսկական մշակողն ու տիրակալը, որի անվճար հավելյալ աշխատանքն ուղղակի հողի սեփականատիրոջն է գնում։ Նույնիսկ վերջին ձևի, փողային ռենտայի դեպքում այս ոչ միայն հնարավոր է, այլ փաստորեն հենց այսպես էլ լինում է, որչափով որ փողային ռենտան երևան է գալիս իր զուտ ձևով, այսինքն արդյունքներով ռենտայի սոսկ փոխակերպյալ ձեով։ Իբրև ռենտայի սկզբնական ձևից դեպի կապիտալիստական ռենտան տանող մի անցումնաձև կարող է նկատվել Metairie-System-ը տնտեսության կիսրարային սիստեմը, որի ժամանակ մշակողր (վարձակալը) բացի իր (անձնական կամ թե ուրիշի) աշխատանքից մատակարարում է կապիտալի մի մասը տնտեսությունը վարելու համար, իսկ հողի սեփականատերը բացի հողից՝ այդ կապիտալի մեկ ուրիշ մասը (օրինակ, տավարը), իսկ արդյունքը, տարբեր երկրներում փոփոխվող որոշ համամասնությամբ, բաժանվում է վարձակալի [Maier] ու հողի սեփականատիրոջ միջև։ Լիովին կապիտալիստական տնտեսություն վարելու համար այստեղ մի կողմից վարձակալը բավարար կապիտալ չունի։ Մյուս կողմից՝ այն բաժինը, որ հողի սեփականատերն է կորզում այստեղ, ռենտայի զուտ ձևը չէ։ Նա փաստորեն կարող է պարունակել հողի սեփականատիրոջ կողմից կանխավճարված կապիտալի տոկոսն ու մի հավելութային ռենտա։ Նա փաստորեն կարող է նաև վարձակալի ամբողջ հավելյալ աշխատանքը կլանել, կամ թե չէ՝ այս հավելյալ աշխատանքից մի ավելի մեծ կամ թե ավելի փոքր բաժին թողնել նրան։ Բայց էականն այն է, որ ռենտան այստեղ այլևս հանդես չի գալիս իբրև ընդհանրապես հավելյալ արժեքի նորմալ ձև։ Մի կողմից՝ կիսրար-վարձակալը, անկախ նրանից, թե իր անձնական կամ մի ուրիշի աշխատանքն է կիրառում, պետք է արդյունքի մի մասի վերաբերմամբ պահանջ առաջադրի ոչ թե բանվոր լինելու իր որպիսությամբ, այլ իբրև իր աշխատանքի գործիքների մի մասի տեր, որպես մեկը, որ հենց ինքը իրեն համար կապիտալիստ է։ Մյուս կողմից՝ հողի սեփականատերը իր բաժինն է պահանջում ոչ թե բացառապես հողի իր սեփականության վրա հիմնված, այլև որպես կապիտալ փոխադրող անձ<ref>Հմմտ. Բյուրե, Տոկվիլ, Սիսմոնդի։</ref>։ Հողի հին համայնական սեփականության մի մնացորդ, որը պահպանվել էր ինքնուրույն գյուղացիական տնտեսության անցնելուց հետո, օրինակ, Լեհաստանում ու Ռումինիայում, այնտեղ պատրվակ է ծառայել՝ հողային ռենտայի ավելի ստորին ձևերին անցնելու ծրագիրն իրականացնելու համար։ Հողի մի մասը պատկանում է առանձին գյուղացիների և սրանց կողմից մշակվում է ինքնուրույնորեն։ Մյուս մասը համայնորեն է մշակվում և սրա ամբողջ արդյունքը կազմում է մի հավելյալ արդյունք, որը ծառայում է մասամբ համայնքի ծախքերը ծածկելու համար, մասամբ էլ իբրև պահեստ անբերությունների դեպքում և այլն։ Հավելյալ արդյունքի այս վերջին երկու մասերն ու վերջիվերջո ամբողջ հավելյալ արդյունքն ու այն հողն էլ հետը, որից ծլել է այս հավելյալ արդյունքը, հետզհետե բռնագրավվում են պետական պաշտոնյաների ու մասնավոր անձերի կողմից, և սկզբնապես ագատ ու հողատեր գյուղացիները, որոնց համար այս հողն համայնորեն մշակելու պարտավորությունն անխախտ պահպանվում է, այսպիսով դառնում են կոռապարտներ, կամ արդյունքներով ռենտա վճարելու պարտավորվածներ, մինչդեռ համայնական հողը բռնագրավողները դառնում են ոչ միայն բռնագրավված համայնական հողի, այլ նաև հենց բուն գյուղացիական հողամասերի սեփականատերեր։ Այստեղ կարիք չկա, որ մենք հանգամանորեն կանգ առնենք բուն ստրկատիրական տնտեսության վրա (որը նահապետական, գլխավորապես սեփական գործածության համար ծառայող սիստեմից մինչև համաշխարհային շուկայի համար աշխատող բուն պլանտատորական սիստեմը տանող աստիճանաշարքով է անցնում իր հերթին) և կալվածատիրական տնտեսության վրա, որտեղ հողի սեփականատերը մշակումը վարում է իր հաշվին, արտադրության բոլոր միջոցների տերն է և շահագործում է բատրակների աշխատանքը, որոնք կարող են լինել անազատ թե ազատ, բնամատակարարմամբ կամ թե փողով վարձատրվող։ Հողի սեփականատերն ու արտադրության գործիքների սեփականատերը, ուրեմն և արտադրության այս տարրերի շարքում դասվող բանվորների անմիջական շահագործողը, համընկնում են այստեղ։ Նմանապես համընկնում են ռենտան ու շահույթը. հավելյալ արժեքի տարբեր ձևերի անջատում տեղի չի ունենում։ Բանվորների ամբողջ հավելյալ աշխատանքը, որն այստեղ մարմնանում է հավելյալ արդյունքի մեջ, նրանցից անմիջաբար քամում է արտադրության բոլոր գործիքների սեփականատերը, գործիքների, որոնց շարքում հաշվվում են հողը, իսկ ստրկության սկզբնական ձևի ժամանակ՝ անմիջական արտադրողներն էլ։ Որտեղ կապիտալիստական պատկերացումն է գերիշխում, ինչպես, օրինակ, ամերիկյան պլանտացիաներում, այս ամբողջ հավելյալ արժեքը դիտվում է իբրև շահույթ, որտեղ ոչ արտադրության բուն իսկ կապիտալիստական եղանակ գոյություն ունի և ոչ էլ սրան համապատասխանող պատկերացում կա կապիտալիստական երկրներից փոխադրված, ամբողջ հավելյալ արժեքը հանդես է գալիս իբրև ռենտա։ Համենայն դեպս, այս ոչ մի դժվարություն չի ներկայացնում։ Հողի սեփականատիրոջ եկամուտը, ինչ անուն էլ որ տրվի սրան, նրա յուրացրած առկա հավելյալ արդյունքն այստեղ այն նորմալ ու իշխող ձևն է, որում անմիջաբար յուրացվում է ամբողջ անվճար հավելյալ աշխատանքը, իսկ հողային սեփականությունը կազմում է այս յուրացման պատվանդանը։ Այնուհետև '''պարցելային''' սեփականությունը։ Գյուղացին այստեղ միաժամանակ ազատ սեփականատերն է իր հողի, որը հանդես է գալիս իբրև նրա արտադրության գլխավոր գործիք, որպես անհրաժեշտ դաշտ նրա աշխատանքի ու նրա կապիտալի զբաղեցման համար։ Այս ձևի ժամանակ ոչ մի վարձավճար չի վճարվում. հետևաբար, ռենտան հանդես չի գալիս իբրև հավելյալ արժեքի առանձնացված ձև, թեև այն երկրներում, որտեղ ընդհանրապես զարգացած է արտադրության կապիտալիստական եղանակը, նա արտադրության այլ ճյուղերի հետ համեմատվելիս որպես գերշահույթ է ներկայանում, բայց այնպիսի գերշահույթ, որը գյուղացուն է բաժին ընկնում այնպես, ինչպես սրա աշխատանքի ամբողջ արդյունքն ընդհանրապես։ Հողի սեփականության այս ձևը ենթադրում է, որ, ինչպես սրա նախկին, ավելի հին ձևերի ժամանակ, գյուղի բնակչությունը թվական մեծ գերակշռություն ունի քաղաքայինի հանդեպ, որ, հետևաբար, թեև արտադրության կապիտալիստական եղանակն է իշխում ընդհանրապես, սակայն հարաբերորեն նա լոկ քիչ է զարգացած և ուրեմն արտադրության ուրիշ ճյուղերում կապիտալների համակենտրոնացումը նեղ սահմաններում է իր շարժումը կատարում, գերակշռում է կապիտալի մանրատումը։ Գործի էության համաձայն՝ գյուղատնտեսական արդյունքի գերակշռող մասն այստեղ պետք է իբրև գոյության անմիջական միջոց սպառվի նրա հենց արտադրողների, գյուղացիների կողմից, և հիշյալ մասից վեր եղած ավելցուկը միայն մտնի քաղաքների հետ կատարվող առևտրի մեջ, իբրև ապրանք։ Ինչպես էլ որ կարգավորվելիս լինի այստեղ գյուղատնտեսական արդյունքի միջին շուկայական գինը, ակներև է, որ դիֆերենցիալ ռենտան՝ ավելի լավորակ կամ թե ավելի լավ տեղադրված հողերի ապրանքների գնի ավելցուկ մասը — այստեղ պիտի գոյություն ունենա ճիշտ այնպես, ինչպես արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում։ Այս դիֆերենցիալ ռենտան գոյություն ունի մինչև անգամ այն ժամանակ, երբ հողային սեփականության այս ձևը հանդիպում է հասարակական այնպիսի կարգերում, որտեղ առհասարակ դեռ ընդհանուր շուկայական գինը չի զարգացել. այս դեպքում դիֆերենցիալ ռենտան հանդես է գալիս իբրև հավելութային հավելյալ արդյունք։ Միայն թե նա հոսում է այն գյուղացու գրպանը, որի աշխատանքն իրանում է բնական ավելի նպաստավոր պայմաններում։ Հենց ճիշտ այս ձևի տարածման ժամանակ, երբ հողի գինն իբրև մի տարր մտնում է գյուղացու փաստական արտադրության ծախքերի մեջ, որովհետև այս ձևի հետագա զարգացման ընթացքում կամ ժառանգության բաժանման դեպքում հողն ստացվում է որոշ փողային արժեքի հաշվին, կամ էլ մշտական փոխանցումների շնորհիվ, որոնք կարող են վերաբերել ամբողջ սեփականությանը կամ նրա բաղադրամասերին, գյուղացին հենց ինքն է հող գնում՝ փող վերցնելով մեծ մասամբ հիպոթեքով, երբ ուրեմն հողի գինը, որն ուրիշ բան չի ներկայացնում, քան կապիտալացված ռենտա, նախապես ենթադրված տարր է, և հետևաբար թվում է, թե ռենտան գոյություն ունի հողի պտղաբերության ու տեղադրության ամեն մի տարբերությունից անկախ, հենց այս ձևի տարածման ժամանակ կարելի է ընդհանրապես ենթադրել, որ բացարձակ ռենտա գոյություն չունի, որ, ուրեմն, ամենավատ հողը ոչ մի ռենտա չի բերում, որովհետև բացարձակ ռենտան ենթադրում է կամ այն որ իրացվում է արդյունքի արժեքի մի ավելցուկ, որով նա գերազանցում է արտադրության գնից, կամ որ գոյություն ունի մի հավելութային մոնոպոլ գին, որն արդյունքի արժեքից բարձր է։ Բայց որովհետև գյուղատնտեսությունն այստեղ մեծ մասամբ հանդես է գալիս իբրև անմիջական ապրուստի համար վարվող երկրագործություն, և հողն էլ որպես բնակչության մեծամասնության անհրաժեշտ զբաղման դաշտ նրա՝ աշխատանքի ու նրա կապիտալի ներդրման համար, ուստի արդյունքի կարգավորիչ շուկայական գինը միմիայն արտակարգ հանգամանքներում կհասնի արդյունքի արժեքին, իսկ այս արժեքը, որպես ընդհանուր կանոն բարձր կլինի արտադրության գնից՝ կենդանի աշխատանքի տարրի գերակշռելու պատճառով, թեև արժեքի այս ավելցուկը արտադրության գնի համեմատությամբ իր հերթին սահմանափակվում է նրանով, որ գերիշխող պարցելային տնտեսություն ունեցող երկրներում ոչ-հողագործական կապիտալն էլ ցածր կազմ ունի։ Պարցելային գյուղացու համար շահագործման սահման չի ներկայանում ոչ կապիտալի միջին շահույթը մի կողմից, որչափով նա ինքը մանր կապիտալիստ է, ոչ էլ մյուս կողմից ռենտայի անհրաժեշտությունը, որչափով որ նա հողի սեփականատեր է։ Սրա համար, որպես մանր կապիտալիստի համար, բացարձակ սահման ուրիշ ոչինչ չի ներկայանում, քան այն աշխատավարձը, որ նա ինքը վճարում է իրեն բուն ծախքերը հանելուց հետո։ Քանի դեռ արդյունքի գինը ծածկում է նրա աշխատավարձը, նա կմշակի իր հողը, և այս էլ հաճախ մինչև աշխատավարձի ֆիզիկական մինիմումին իջնելու աստիճան։ Իսկ իբրև հողի սեփականատեր, պարցելային գյուղացին օժտված է այն առանձնահատկությամբ, որ նրա համար վերանում է սեփականության դրած սահմանը, որովհետև այն կարող է նշանակություն ունենալ իրենից անջատված կապիտալին (ներառյալ աշխատանքը) հակադրվելով միայն, արգելք դնելով սրա կիրառման դեմ։ Անշուշտ, հողի գնի տոկոսը, որը սովորաբար պետք է լինում վճարել մի երրորդ անձի, հիպոթեքով վարկատրողին, մի սահման է։ Բայց այս տոկոսը կարող է վճարվել հավելյալ աշխատանքի հենց այն մասից, որը կապիտալիստական հարաբերություններում շահույթը կկազմեր։ Հետևաբար, հողի գնի մեջ ու սրա համար վճարվող տոկոսում կանխակայված ռենտան ուրիշ ոչինչ չի կարող լինել, քան գյուղացու ապրուստի համար անհրաժեշտ աշխատանքից վեր կատարված ու կապիտալացված հավելյալ աշխատանքի մի մասը, թեև այս հավելյալ աշխատանքը չի իրանում ապրանքի արժեքի մի այնպիսի մասի մեջ, որը հավասար 4 ամբողջ միջին շահույթին, և ոչ էլ իրանում է մանավանդ այն ավելցուկի մեջ, որը միջին շահույթում իրացված հավելյալ աշխատանքի համեմատությամբ գերշահույթ է ներկայացնում։ Ռենտան կարող է հանուրդ լինել միջին շահույթից կամ թե սրա հենց այն միակ մասը ներկայացնել, որը իրացվում է։ Այսպիսով ուրեմն, որպեսզի պարցելային գյուղացին իր հողը մշակի կամ թե մշակման համար հող գնի, անհրաժեշտ չէ,— ինչպես որ է արտադրության նորմալ կապիտալիստական եղանակի ժամանակ,— որ հողի արդյունքի շուկայական գինն այնքան վեր բարձրանա, որ նրան միջին շահույթ բերի ու ոչ էլ մանավանդ այս միջին շահույթից գերազանցող ու ռենտայի ձևում սևեռված ավելցուկ։ Հետևաբար, անհրաժեշտ չէ, որ շուկայական գինը բարձրանալով հասնի գյուղացու արդյունքի կա՛մ արժեքին, կա՛մ էլ արտադրության գնին։ Սրանով է բացատրվում, թե ինչու այն երկրներում, որտեղ գերիշխում է պարցելային սեփականությունը, հացահատիկի գինն ավելի ցածր է լինում, քան արտադրության կապիտալիստական եղանակ ունեցող երկրներում։ Ամենաաննպաստ պայմաններում աշխատող գյուղացիների հավելյալ աշխատանքի մի մասը ձրի է պարգևվում հասարակությանը և չի մասնակցում արտադրության գների կարգավորմանը կամ ընդհանրապես արժեքի գոյացմանը։ Ուրեմն այս ցած գինը հետևանք է արտագրողների աղքատության ու ոչ երբեք նրանց աշխատանքի արտադրողականության։ Ինքնուրույնորեն իրենց տնտեսությունը վարող գյուղացիների ագատ պարցելային սեփականության այս ձևն իբրև իշխող, նորմալ ձև մի կողմից կազմ ում է հասարակության տնտեսական հիմքը հնադարի լավագույն ժամանակաշրջաններում, մյուս կողմից մենք այն գտնում ենք արդի ժողովուրդների մոտ իբրև այն ձևերից մեկը, որոնք ֆեոդալական հողային սեփականության քայքայումից են առաջ գալիս։ Այսպես են yeomanry-ն Անգլիայում, գյուղացիական դասը Շվեդիայում, ֆրանսիական ու արևմտագերմանական գյուղացիները։ Գաղութների մասին մենք այստեղ չենք խոսում, որովհետև անկախ գյուղացին այնտեղ ուրիշ պայմաններում է զարգանում։ Ակներև է, որ ինքնուրույն տնտեսություն վարող գյուղացիների ազատ սեփականությունը հողային սեփականության ամենանորմալ ձևն է մանր արտադրության համար, այսինքն՝ արտադրության այնպիսի եղանակի համար, երբ հողի տիրության շնորհիվ ինքը արտադրողը կարողանում է յուրացնել իր անձնական աշխատանքի արդյունքը և երբ հողագործ գյուղացին, ազատ սեփականատեր լինի նա, թե ուրիշներից կախման մեջ գտնվի, միևնույն է, իր գոյության միջոցները միշտ հենց ինքը պետք է արտադրի անկախորեն, իբրև առանձնացած արտադրող, իր ընտանիքի հետ միասին։ Հողի սեփականությունն արտադրության այս եղանակի լիակատար զարգացման համար նույնքան անհրաժեշտ է, որքան գործիքի սեփականությունը՝ արհեստային արտադրության ազատ զարգացման համար։ Նա անձնական ինքնուրույնության զարգացման պատվանդանն է այստեղ։ Նա բուն իսկ երկրագործության զարգացման համար անցման մի անհրաժեշտ փուլ է։ Այն պատճառները, որոնք կործանում են արտադրության այս եղանակը, նրա սահմաններն են մատնանշում։ Ահա այդ պատճառները, խոշոր արդյունաբերության զարգացման հետևանքով գյուղական տնային արդյունաբերության ոչնչացումը, որը երկրագործության այդ ձևի նորմալ լրացումն է կազմում, այս մշակույթին ենթարկված հողի աղքատացումն ու ուժասպառումը, խոշոր հողասեփականատերերի ձեռքով համայնական սեփականության բռնագրավումը, մի սեփականություն, որն ամենուրեք պարցելային տնտեսության երկրորդ լրացումն է ներկայացնում և անասուններ պահելու միակ նախադրյալն է կազմում, այլև խոշոր գյուղատնտեսության մրցումը, անկախ նրանից, թե սա վարվում է որպես պլանտատորական թե կապիտալիստական տնտեսություն։ Երկրագործության մեջ արվող բարելավումները, որոնք մի կողմից առաջ են բերում հողի արդյունքների գների անկում, մյուս կողմից պահանջում են խոշոր ծախսումներ ու արտադրության ավելի հարուստ առարկայական պայմաններ, նույնպես նպաստում են պարցելային տնտեսության կործանմանը, ինչպես Անգլիայում այդ տեղի ուներ 18-րդ դարի առաջին կեսին։ Պարցելային, մանր հողային այս սեփականությունն ըստ իր բնության բացառում է աշխատանքի հասարակական արտադրողական ուժերի զարգացումը, աշխատանքի հասարակական ձևերը, կապիտալների հասարակական համակենտրոնացումը, խոշոր մասշտաբով վարվող անասնաբուծությունը, գիտության պրոգրեսիվ կիրառումը։ Վաշխառությունն ու հարկային սիստեմն ամենուրեք պիտի տանեն դեպի պարցելային տնտեսության թշվառացումը։ Հող գնելու նպատակով ծախսվող կապիտալը գյուղացու հենց այն միջոցն է, որով նա պետք է բարձրացներ իր ագրիկուլտուրան։ Արտադրության միջոցների անվերջ մանրատում ու արտադրողների իրենց մեկուսացում։ Մարդկային ուժի ահռելի շռայլում։ Արտադրության պայմանների աճող վատացում և արտադրության միջոցների թանկացում պարցելային սեփականության անհրաժեշտ օրենքն է։ Պտղաբեր տարիները դժբախտություն են արտադրության այս եղանակի համար<ref>Տես Ֆրանսիայի թագավորի գահաճառը Տուկի մոտ [Տուկի „History of Prices”, 1857, հատ. VI, էջ 29]։</ref>։ Մանր երկրագործության մասնահատուկ չարիքներից մեկը, որտեղ սա շաղկապված է հողի ազատ սեփականության հետ, նրանից առաջ է գալիս, որ մշակողը կապիտալ է ծախսում հողի գնման համար։ (Միևնույնը վերաբերում է այն անցումնաձևին էլ երբ խոշոր հողատերը կապիտալ է ծախսում նախ՝ հող գնելու համար, երկրորդ՝ նրա համար, որ հենց ինքը տնտեսություն վարի որպես իր սեփական վարձակալ)։ Այն շարժուն բնույթի պարագայում, որ հողն այստեղ ընդունում է իբրև սոսկական ապրանք, շատանում են նրա տիրության փոփոխությունները<ref>Տես Մունյե և Ռյուբիշոն։<br>* «Սև բանդաներ» — սպեկուլանտների միություններ։— '''Խմբ.'''։</ref>, այնպես որ ամեն մի նոր սերնդի հետ, ժառանգության յուրաքանչյուր բաժանման հետ հողը, գյուղացու տեսակետից, նորից իբրև կապիտալաներդրում է հանդես գալիս, այսինքն դարձյալ նրա գնած հող է դառնում։ հողի գինն այստեղ կազմում է արդյունքի արտադրության անհատական կեղծ ծախքերի կամ արտադրության անարտադրողական ծախքերի գերակշռող տարրն առանձին արտադրողների համար։ Հողի գինն ուրիշ բան չէ, քան կապիտալացված և ուրեմն կանխակայված ռենտա [antizipierte Rente]։ Եթե երկրագործությունը կապիտալիստորեն է վարվում, այնպես որ հողի սեփականատերը միմիայն ռենտա է ստանում, իսկ վարձակալը հողի համար ուրիշ ոչինչ չի վճարում բացի այս տարեկան ռենտայից, ապա ակներև է, որ բուն իսկ հողի սեփականատիրոջ կողմից հողի գնման համար ծախսված կապիտալը թեև տոկոսաբեր կապիտալաներդրում է նրա համար, բայց այս ներդրումը ոչ մի ընդհանուր բան չունի բուն իսկ երկրագործության վրա ծախսած կապիտալի հետ։ Հիշյալ ներդրումը ո՛չ այստեղ գործող հիմնական և ոչ էլ շրջանառու կապիտալի մասն է կազմում<ref>Պարոն դ-ր Ն. Մարոնը (Extensiv oder Intensiv? {Այս բրոշյուրի մասին ավելի ստույգ որևէ բան չի նշանակվածի}) ելնում է այն մարդկանց սխալ ենթադրությունից, որոնց դեմ նա ինքը մարտնչում է։ Նա ընդունում է, որ հողի գնման վրա ծախսված կապիտալը «ներդրման կապիտալ» է և հետո էլ սկսում է վիճել ներդրման կապիտալի ու տնտեսությունը վարելու համար նշանակված կապիտալի, այսինքն հիմնական ու շրջանառու կապիտալի ըմբռնումների համապատասխան որոշումների վերաբերմամբ։ Նրա բոլորովին աշակերտական պատկերացումները կապիտալի մասին ընդհանրապես, որոնք սակայն ներելի են մի ոչ-տնտեսագետի համար՝ գերմանական «ժողովրդատնտեսական գիտության» վիճակի հետևանքով, նրանից թաքցնում են այն, որ այս կապիտալը ոչ ներդրման կապիտալ է ու ոչ էլ տնտեսությունը վարելու համար նշանակված կապիտալ, ճիշտ այնպես, ինչպես որ այն կապիտալը, որ մեկը բորսայում ծախսում է ակցիաներ կամ թե պետական արժեթղթեր դնելու վրա և որն անձնապես նրա համար կապիտալի ներդրումն է, իրականում արտադրության որևէ ճյուղի մեջ չի «ներդրվում»։</ref>. ընդհակառակը, նա տարեկան ռենտան ստանալու լոկ մի իրավատիտղոս է տալիս հողի գնորդին, սակայն բացարձակապես ոչ մի գործ չունի այս ռենտայի արտադրման հետ, Չէ՞ որ հողի գնորդը կապիտալը հենց նրան է վճարում, ով ծախում է հողը, և վաճառորդը սրա համար հրաժարվում է հողի իր սեփականությունից։ Հետևաբար, այս կապիտալն այլևս գոյություն չունի որպես գնորդի կապիտալ. նա այլևս չունի այս. ուրեմն, սա այլևս չի պատկանում այն կապիտալի շարքին, որը նա որևէ եղանակով կարող է հողի մեջ ներդրել։ Արդյոք նա հողը թանկ կամ թե էժա՞ն է գնել, թե՞ այն ձրի է ստացել, այս հանգամանքը բոլորովին չի ներգործում վարձակալի կողմից տնտեսությունը վարելու գործի մեջ ներդրած կապիտալի վրա և ոչ էլ ամենևին ռենտայի վրա, այլ այն նշանակությունն ունի միայն, որ ցույց է տալիս, թև արդյոք ռենտան իբրև տոկո՞ս է հանդես գալիս վարձակալի համար, թե որպես ոչ-տոկոս, կամ արդյոք իբրև բա՞րձր, թե ցածր տոկոս։ Վերցնենք, օրինակ, ստրկատիրական տնտեսությունը։ Այն գինը, որ այստեղ վճարվում է ստրկի համար, ուրիշ բան չէ, քան կանխակայված ու կապիտալացված հավելյալ արժեք կամ թե շահույթ, որը պետք է ժամանակին ստրկից դուրս կորզվի։ Բայց ստրուկ գնելու համար վճարած կապիտալը չի մ տնում այն կապիտալի մեջ, որով շահույթ՝ հավելյալ աշխատանք է քամվում ստրկից։ Ընդհակառակը։ Այս այնպիսի կապիտալ է, որից ձեռք է վերցրել ստրկատերը, մի հանուրդ այն կապիտալից, որը նրա տրամադրության տակ է լինում իսկական արտադրության մեջ։ Այդ կապիտալը դադարել է նրա համար գոյություն ունենալուց, ճիշտ այնպես, ինչպես որ հողի գնման վրա ծախսած կապիտալը դադարել է երկրագործության համար գոյություն ունենալուց։ Սրա ամենալավ ապացույցն այն է, որ հիշյալ կապիտալը ստրկատիրոջ կամ թե հողատիրոջ համար դարձյալ սկսում է գոյություն ունենալ այն ժամանակ միայն, հենց որ նա կրկին ծախում է ստրկին կամ թե հողը։ Բայց այս դեպքում միևնույն հարաբերությունն է ստեղծվում գնորդի համար։ Այն հանգամանքը, որ նա ստրուկ է գնել, նրան դեռ հնարավորություն չի տալիս առանց այլևայլության ստրկին շահագործելու։ Այս հնարավորությունը նրան կտա լոկ այն հետագա կապիտալը, որ ինքը կդնի բուն իսկ ստրկատիրական տնտեսության մեջ։ Միևնույն կապիտալը երկու անգամ գոյություն չի ունենում, մի անգամ՝ հողի վաճառորդի ձեռին, մյուս անգամ՝ գնորդի ձեռին։ Նա գնորդի ձեռից անցնում է վաճառորդի ձեռը, և սրանով էլ գործը վերջանում է։ Գնորդը հիմա կապիտալ չունի, բայց սրա փոխարեն ունի մի հողամաս։ Այն հանգամանքը, որ այս հողամասի մեջ կապիտալի իսկական ներդրումից ստացած ռենտան հողի նոր սեփականատերը հիմա հաշվում է իբրև այն կապիտալի տոկոս, որ նա ոչ թե ներդրել է հողի մեջ, այլ վճարել է հող ձեռք բերելու համարք ամենաչնչին չափով չի փոխում հող կոչված գործոնի տնտեսական բնույթը, ճիշտ ինչպես այն պարագան, որ մեկը 1 000 £ է վճարել երեքտոկոսանոց կոնսոլների համար, որևէ գործ չունի այն կապիտալի հետ, որի եկամուտից վճարվում են պետական փոխառության տոկոսները։ Հող գնելու համար, ճիշտ ինչպես և պետական արժեթղթեր գնելու վրա ծախսված կապիտալն իրապես լոկ '''ինքնին''' է կապիտալ, ինչպես որ արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանի վրա գոյություն ունեցող արժեքի ամեն մի գումար կապիտալ է ինքնին, պոտենցիալ կապիտալ է։ Հողի համար, ինչպես և պետական ֆոնդերի համար, ինչպես որ ուրիշ գնված ապրանքների համար վճարվողը փողի մի որոշ գումար է։ Սա ինքնին կապիտալ է, որովհետև կարող է կապիտալի փոխարկվել։ Փողի գումարին վաճառորդի կողմից տված գործադրությունից է կախված, թե արդյոք նրա ստացած փողն իսկապես փոխարկվում է կապիտալի, թե՞ ոչ։ Սա գնորդի համար չի կարող այլևս իբրև կապիտալ գործել, ճիշտ ինչպես նույնը չի կարող ամեն մի ուրիշ փող էլ, որը նա վերջնականապես ծախսել է։ Նրա հաշվարկումների մեջ հիշյալ փողը ներկայանում է իբրև տոկոսաբեր կապիտալ, որովհետև այն եկամուտը, որ նա ստանում է ոք պես հողային ռենտա կամ թե պետության կողմից վճարվող տոկոս, նա հաշվում է իբրև այն փողի տոկոս, որով ձեռք է բերել այս եկամուտի իրավատիտղոսը։ Նա այս կարող է որպես կապիտալ իրացնել միմիայն վերավաճառքի միջոցով։ Բայց այն ժամանակ մի ուրիշը, նոր գնորդն է ընկնում միևնույն կացության մեջ, որում առաջինն էր, և ձեռից ձեռ կատարվող ոչ մի փոխանցման հետևանքով այսպես ծախսված փողը չի կարող իսկական կապիտալի փոխարկվել ծախսողի համար։ Մանր հողային սեփականության ժամանակ էլ ավելի շատ է ամրապնդվում այն պատրանքը, թե հենց ինքը հողն արժեք ունի և ուրեմն որպես կապիտալ մտնում է արդյունքի արտադրության գնի մեջ, ճիշտ ինչպես մի մեքենա կամ հումք։ Բայց մենք տեսանք, որ ռենտան ու հետևաբար կապիտալացված ռենտան, հողի գինը միմիայն երկու դեպքում կարող է իբրև որոշիչ տարր մտնել հողի արդյունքի գնի մեջ։ Առաջին, երբ հողագործական կապիտալի կազմի հետևանքով,— մի կապիտալի, որը ոչինչ ընդհանուր բան չունի հողի գնման համար ծախսված կապիտալի հետ,— հողագործության արդյունքի արժեքը բարձր է նրա արտադրության գնից, և շուկայական հարաբերությունները հողի սեփականատիրոջը հնարավորություն են տալիս այս տարբերությունն օգտագործելու։ Երկրորդ, երբ մոնոպոլ գին է գոյություն ունենում։ Իսկ ալս երկուսն էլ ամենից քիչ են պատահում պարցելային տնտեսության ու հողային մանր սեփականության ժամանակ, որովհետև հենց այստեղ է, որ արտադրությունն ամենամեծ չափով հողագործի սեփական պահանջմունքներն է բավարարում և կատարվում է շահույթի ընդհանուր նորմայով կարգավորվելուց անկախ։ Նույնիսկ այն դեպքերում, երբ պարցելային տնտեսությունը վարձակալած հողի վրա է վարվում, վարձավճարը շատ ավելի մեծ չափով, քան որևէ ուրիշ հարաբերությունների ժամանակ, պարունակում է իր մեջ շահույթի մի մասն ու նույնիսկ աշխատավարձից արված մի հանուրդ. այս դեպքում ռենտան լոկ անվանական բնույթ է կրում և չի ներկայացնում մի ռենտա, որն ինքնակա կատեգորիա է աշխատավարձի ու շահույթի հանդեպ։ Այսպես ուրեմն, հող գնելու համար կատարած փողային կապիտալի ծախսումը բնավ երկրագործական կապիտալի ներդրում չէ։ Այս ծախսումը համապատասխան չափով քչացումն է այն կապիտալի, որ մանր գյուղացիները կարող են իրենց տրամադրության տակ ունենալ բուն իսկ արտադրության ոլորտում։ Նա համապատասխանորեն քչացնում է նրանց արտադրության միջոցների ծավալը և ուրեմն նեղացնում է վերարտադրության տնտեսական պատվանդանը։ Նա մանր գյուղացուն ենթարկում է վաշխառուին, որովհետև բուն վարկ այս ոլորտում ընդհանրապես քիչ է պատահում։ Նա մի արգելակ է երկրագործական կուլտուրայի համար նույնիսկ այն դեպքում, երբ գնվում են խոշոր կալվածատիրական տնտեսությունների կողմից։ Իրապես նա հակասում է արտադրության կապիտալիստական եղանակին, որի համար, ընդհանրապես ասած, նշանակություն չունի հողի սեփականատիրոջ պարտաբեռնվածությունը, այն, թե սա արդյոք իր կայքը ժառանգե՞լ է, թե՞ գնել։ Արդյոք հողի սեփականատերն ինքն է յուրացնում ռենտան, թե՞ պետք է իր հերթին հիպոթեքով վարկատուին վճարի, այս հանգամանքն ամենևին չի փոխում բուն իսկ տնտեսության վարումը վարձակալած կալվածքում։ Մենք տեսանք, որ տվյալ հողային ռենտայի առկայության ժամանակ հողի գինը կարգավորվում է տոկոսադրույքով։ Եթե սա ցածր է, ապա հողի գինը բարձր է, և ընդհակառակը։ Հետևաբար, նորմալ պայմաններում հողի բարձր գինն ու ցածր տոկոսադրույքը պետք է որ համաքայլ ընթանային, այնպես որ եթե գյուղացին ցածր տոկոսադրույքի շնորհիվ հողի համար թանկ է վճարել, այդ միևնույն ցածր տոկոսադրույքը պիտի նրան հնարավորություն տար նպաստավոր պայմաններով վարկով կապիտալ ճարել՝ տնտեսությունը վարելու համար։ Իրականում պարցելային սեփականության տիրապետության ժամանակ գործը բոլորովին այլ ընթացք է ընդունում։ Ամենից առաջ՝ վարկի ընդհանուր օրենքները գյուղացիներին չեն վերաբերում, որովհետև այդ օրենքները ենթադրում են, որ արտադրողը կապիտալիստ է։ Երկրորդ, այնտեղ, որտեղ գերիշխում է պարցելային սեփականությունր,— խոսքն այստեղ գաղութներ ի մասին չէ,— և պարցելային գյուղացին ազգի պատվանդանն է կազմում, կապիտալի գոյացումը, այսինքն հասարակական վերարտադրությունը, համեմատաբար թույլ է ընթանում, և է՛լ ավելի թույլ է ընթանում, առածներում շարադրածս իմաստով, փոխատրելի փողային կապիտալի գոյացումը։ Սա ենթադրում է համակենտրոնացում և հարուստ պարապ կապիտալիստների դասակարգի գոյություն (Մեսսի)։ Երրորդ, այս դեպքում, երբ հողի սեփականությունն արտադրողների ամենամեծ մասի համար կենսապայման է և անհրաժեշտ ոլորտ նրանց կապիտալի կիրառման համար, հողի գինը բարձրանում է տոկոսադրույքից անկախ ու հաճախ էլ նրան հակառակ հարաբերությամբ, այն հանգամանքի շնորհիվ, որ հողային սեփականության նկատմամբ եղած պահանջարկը գերակշռում է առաջարկից։ Իբրև պարցելներ ծախվելիս հողն այստեղ մի շատ ավելի բարձր գին է առաջ բերում, քան խոշոր մասսիվներով վաճառվելիս, որովհետև մանր գնորդների թիվն այս դեպքում մեծ է, իսկ խոշոր գնորդներինը՝ փոքր (Bandes Noires* [''Տես 24 ծան. հետո''], Ռյուրիշոն, Նյումեն)։ Այս բոլոր պատճառներով հողի գինն այստեղ բարձրանում է, այնինչ տոկոսադրույքը պահպանվում է հարաբերորեն բարձր մակարդակի վրա։ Այն հարաբերորեն ցածր տոկոսին, որ գյուղացին այս դեպքում ստանում է հող գնելու համար ծախսված կապիտալից (Մունյե), այստեղ հակառակ կողմում համապատասխանում է այն բարձր վաշխառուական տոկոսադրույքը, որ ինքը գյուղացին պետք է վճարի հիպոթեքով վարկատուին։ Իռլանդական սիստեմը նույն բնույթն է կրում, միայն թե մի ուրիշ ձևով։ Ուստի արտադրության համար ըստինքյան խորթ այս տարրը՝ հողի գինը, կարող է այստեղ մի այնպիսի բարձրության հասնել, որ անհնարին է դարձնում արտադրությունը (Դոմբալ)։ Որ հողի գինը այստեղ մի այնպիսի դեր է խաղում, որ հողի առուծախը, հողի որպես ապրանք շրջանառելը զարգանալով հասնում է այս ծավալին,— այս հանգամանքն արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետևանք է գործնականորեն, որի ժամանակ ապրանքը դառնում է բոլոր արդյունքների և արտադրության բոլոր գործիքների ընդհանուր ձևը։ Մյուս կողմից՝ այս զարգացումը տեղի է ունենում լոկ այնտեղ, որտեղ արտադրության կապիտալիստական եղանակը միմիայն սահմանափակ զարգացում է ստացել և չի ծավալել իր բոլոր առանձնահատկությունները. որովհետև հիշյալ երևույթները հենց այն բանի վրա են հիմնվում, որ երկրագործությունն այլևս — կամ թե դեռևս — չի ենթարկված արտադրության կապիտալիստական եղանակին, այլ ենթարկվում է արտադրության այն եղանակին, որ պահպանվել է հասարակության կործանված ձևերից։ Այսպիսով ուրեմն, արտադրության կապիտալիստական եղանակի պակասությունները՝ սրա այն հատկությամբ հանդերձ, որով արտադրողը կախումն ունի իր արդյունքի փողային գնից, այստեղ համընկնում են այն պակասությունների հետ, որոնք բխում են արտադրության կապիտալիստական եղանակի թերի զարգացումից։ Գյուղացին դառնում է վաճառական և արդյունաբերող՝ չօգտվելով այն պայմաններից, որոնցում նա կարող էր իր արդյունքն իբրև ապրանք արտադրել։ Այն կոնֆլիկտը, որն առաջ է գալիս հողի գնի երկու արտահայտությունների միջև, այն է՝ հողի գնի, որպես արտադրության ծախքերի մի տարրի արտադրողի համար և հողի գնի, որպես արդյունքի արտադրության գնի ոչ-տարրի միջև (նույնիսկ եթե ռենտան իբրև որոշիչ տարր մտնում է հողի արդյունքի գնի մեջ, կապիտալացված ռենտան, որը կանխավճարվում է 20 ու ավելի տարվա համար, ոչ մի դեպքում չի մանում նրա մեջ որպես որոշիչ տարր), այդ կոնֆլիկտը լոկ մեկն է այն ձևերից, որոնցով ընդհանրապես հանդես է գալիս հողի մասնավոր սեփականության հակասությունը ռացիոնալ երկրագործության հետ, հողի նորմալ հասարակական օգտագործման հետ։ Բայց, մյուս կողմից, հողի մասնավոր սեփականությունը, հետևաբար, անմիջական արտադրողների սեփականազրկումը հողից,— ոմանց մասնավոր սեփականությունը, որը ենթադրում է մյուսների սեփականազրկումը հողից,— արտադրության կապիտալիստական եղանակի հիմքն է։ Այստեղ, մանր հողագործության պայմաններում, հողի գինը, հողի մասնավոր սեփականության այդ ձևն ու հետևանքը, հանդես է գալիս իբրև բուն իսկ արտադրության սահմանափակում։ Խոշոր ծավալ ունեցող երկրագործության և արտադրության կապիտալիստական եղանակի վրա հանգչող խոշոր հողային սեփականության պայմաններում էլ սեփականությունն իբրև սահման է հանդես գալիս, որովհետև այս սեփականությունը վարձակալի հանդեպ սահման է դնում կապիտալի արտադրողական ներդրման գործում, որը վերջին հաշվով ոչ թե ֆերմերի, այլ հողի սեփականատիրոջ օգտին է ծառայում։ Այս երկու ձևի ժամանակ հողից որպես ընդհանուր հավիտենական սեփականության, հերթափոխվող մարդկային սերունդների շարքի գոյության անօտարելի պայմանի ու վերարտադրության պայմանի, հողի գիտակցական ռացիոնալ մշակման տեղ հանդես է գալիս նրա ուժերի շահագործումն ու վատնումը (դեռ չխոսելով այն մասին, որ շահագործումը կախման մեջ է դրվում ոչ թե հասարակական զարգացման արդեն հասած բարձրությունից, այլ առանձին արտադրողների հետ կապված պատահական, ոչ միատեսակ հանգամանքներից)։ Մանր սեփականության պայմաններում այս բանն առաջ է գալիս այն միջոցների ու գիտելիքների պակասությունից, որոնք անհրաժեշտ են աշխատանքի հասարակական արտադրողական ուժի կիրառման համար։ Խոշոր սեփականության պայմաններում նույնը տեղի է ունենում այն պարագայի հետևանքով, որ այս միջոցները շահագործվում են վարձակալների ու սեփականատերերի ըստ կարելույն արագ հարստացման նպատակով։ Երկու դեպքում էլ՝ շուկայական գնից ունեցած կախման հետևանքով։ Մանր հողային սեփականության ամբողջ քննադատությունը վերջին հաշվով հանգում է մասնավոր սեփականության, որպես երկրագործության սահմանի ու արգելքի, քննադատությանը։ Նույնին է հանգում խոշոր հողային սեփականությանը վերաբերող ամբողջ հակաքննադատությունը։ Մենք այստեղ երկու դեպքում էլ իհարկե մի կողմ ենք թողնում քաղաքական կողմնակի նկատառումները։ Այս սահմանն ու այս արգելքը, որ հողի ամեն մի մասնավոր սեփականություն դնում է երկրագործական արտադրության ու բուն իսկ հողի ռացիոնալ մշակման, պահպանման ու բարելավման հանդեպ, զարգանում է թե մեկ և թե մյուս դեպքում, միայն թե տարբեր ձևերով, և չարիքի այս մասնահատուկ ձևերի շուրջը մղվող վեճերի մեջ մոռացվում է չարիքի վերջին պատճառը։ Մանր հողային սեփականությունը ենթադրում է, որ բնակչության գերակշռող մեծամասնությունը գյուղում է ապրում և որ գերիշխում է ոչ թե հասարակական, այլ մեկուսացած աշխատանքը, որ, հետևաբար, այսպիսի հանգամանքներում բացառված են վերարտադրության պեսպեսությունն ու զարգացման հնարավորությունը,— նրա ինչպես նյութական, այնպես էլ մտավոր պայմանների զարգացումը,— բացառված են ուրեմն ռացիոնալ մշակույթի պայմանները։ Մյուս կողմից՝ խոշոր հողային սեփականությունը երկրագործական բնակչությունը կրճատելով հասցնում է շարունակ նվազող մինիմումի և նրան հակադրում է խոշոր քաղաքներում համակենտրոնացող ու շարունակ աճող մի արդյունաբերական բնակչություն. սրանով նա ստեղծում է պայմաններ, որոնք մի անուղղելի ճեղքվածք են առաջ բերում կյանքի բնական օրենքներից թելադրված հասարակական նյութափոխության պրոցեսում. այս ամենի հետևանքով հողի ուժը շռայլվում է, իսկ առևտուրը այս շռայլ պրոցեսը տարածում է սեփական երկրի սահմաններից շատ ու շատ հեռու (Լիբիխ)։ Եթե մանր հողային սեփականությունն ստեղծում է հասարակությունից կիսով չափ դուրս կանգնած բարբարոսների մի դասակարգ, որը իր մեջ միացնում է նախնական հասարակական ձևերի ամբողջ բրտությունը քաղաքակրթված երկրների բոլոր տառապանքների ու ամբողջ թշվառության հետ, ապա խոշոր հողային սեփականությունը վիժեցնում է բանվորական ուժը նրա այն վերջին մարզում, ուր ապաստանել է նրա բնաճուն էներգիան և որտեղ նա ամբարվում է իբրև պահեստաֆոնդ՝ ազգերի կենսական ուժի նորոգման համար, այն է՝ բուն իսկ գյուղում։ Խոշոր արդյունաբերությունն ու արդյունաբերորեն վարվող խոշոր երկրագործությունն ընթանում են ձեռք ձեռքի տված։ Եթե նրանք սկզբնապես իրարից նրանով են տարբերվում, որ առաջինն ավելի մեծ չափով բանվորական ուժ ու հետևաբար մարդու բնական ուժն է սպառում և կործանում, իսկ երկրորդն ավելի մեծ չափով ու անմիջականորեն հողի բնական ուժն է ավերում ու սնանկացնում, ապա հետագա զարգացման ընթացքում նրանք միմյանց ձեռք են մեկնում, այնպես որ արդյունաբերական սիստեմը գյուղում էլ բանվորներին ուժասպառ է անում, իսկ արդյունաբերությունն ու առևտուրն իրենց հերթին երկրագործությանը միջոցներ են հայթայթում հողն ուժասպառելու համար։