Օրվա մնացած մասը հանգստանում էին, թաքնվելով արևի լույսից, և միայն այն ժամանակ, երբ ստվերները երկարեցին ու խոռոչը թաղվեց մթնշաղի մեջ, հոբիթներն աղքատիկ ընթրիք արեցին, մի քանի կում ջուր խմեցին և ճանապարհ ընկնելու պատրաստություն տեսան: Գոլլումը գալեթների տեսքից դեմքը կնճռոտեց, բայց ջրից չհրաժարվեց:
— Շուտով մի կուշտ կխմենք,— շրթունքները լպստելով հուսադրեց նա: -Այնտեղ, ուր գնում ենք, լեռներից լավ ջուր է հոսում դեպի Մեծ Գետը, համեղ ջուր, այո: Գուցե այնտեղ Սմեագորլն ուտելիք էլ գտնի: Նա շատ է սովածացել, այո, շատ, գո՛լլում: — Նա իր մեծ, հարթ թաթերը դրեց նիհարած փորին, և աչքերն առկայծեցին կանաչ կրակով:
Մթնշաղն արդեն խտանում էր, երբ նրանք սողալով դուրս եկան խոռոչից և ճանապարհ ընկան: Երեք աղոտ ստվերներ ցոլացին խոռոչի եզրին և ուրվականների պես լուծվեցին ճամփեզրի քարերին: Լիալուսնին ընդամենը երեք օր էր մնացել, բայց լուսինը գրեթե մինչև կեսգիշեր թաքնված էր սարերի հետևում, այնպես , որ ստիպված էին գնալ լիակատար մթության մեջ: Մորդորի ժանիքներից մեկի գլխին կարմիր լույս էր առկայծում, որից բացի ուրիշ ոչինչ չէր հիշեցնում Մորանոնի աչալուրջ պահակների մասին:
Այդ կարմիր աչքը ասես հետապնդում էր փախստականներին, մինչ նրանք, սայթաքելով քարերի մեջ, շտապում էին հեռանալ այդ չարագուշակ վայրից: Ճանապարհ դուրս գալ չէին համարձակվում և աշխատում էին, ինչքան հնարավոր է, ճամփեզրից չհեռանալ: Վերջապես կեսգիշերն անց, երբ նրանք արդեն բավականին հոգնել էին (միայն մի անգամ էին հանգստացել, այն էլ շատ կարճ ժամանակով), աչքը վերածվեց փոքրիկ կարմիր կետի և շուտով անհետացավ. դա նշանակում էր, որ նրանք շրջանցել էին ամենահյուսիսային ժայռերն ու շրջվել դեպի հարավ:
Լույսը բացվեց, և հոբիթները տեսան, որ հողն այստեղ այնքան էլ պատռված ու ճանկռոտված չէ, որքան Մորդորի Դարպասի մոտակայքում: Ձախ կողմում առաջվա պես սպառնալի վեր էին խոյանում լեռները, բայց ճանապարհը, որն առավոտյան լուսի տակ արդեն լավ երևում էր, ավելի ու ավելի էր հեռանում լեռների սև ստորոտից՝ իր տեղը զիջելով հարթ լանջերին, որոնք, ասես մութ ամպերով պարուրված, ամբողջությամբ ծածկված էին մռայլ անտառներով: Ճանապարհի մյուս կողմում, որտեղով քայլում էին հոբիթները, տարածվում էր վայրի, բլրաշատ տափաստանը՝ ծածկված հոնի, ավելի, հավամրգու և այլ անծանոթ թփուտներով: Այստեղ և այնտեղ ցցված էին մի քանի սոճիներ: Գրեթե մոռանալով հոգնածության մասին, հոբիթերը կրկին առույգացան ու հոգով արիացան. ամբողջ կրծքով շնչում էին թարմ, բուրումնավետ օդը, որը հիշեցնում էր նրանց հեռավոր Հյուսիսային Երկրամասը: Ի՜նչ հրաշալի էր ժամանակավոր ազատվել սարսափից և հայտնվել այս տեղանքում, որը դեռ բոլորովին վերջերս էր հայտնվել Սև Տիրակալի հպատակության տակ և դեռ չէր հասցրել ամայանալ: Բայց հոբիթները չէին մոռացել վտանգի մասին, գիտեին, որ Սև Դարպասն ու աշտարակ ժանիքները դեռ մոտ են, թեև լեռների մռայլ զանգվածը ծածկել էր դրանք տեսողությունից: Հարկավոր էր հուսալի ապաստան գտնել, որտեղ նրանք կարող էին թաքնվել անցանկալի աչքերից և սպասել մութն ընկնելուն:
Օրն անցավ անհանգիստ: Հոբիթները պառկել էին հավամրգու թփերի մեջ և հաշվում էին մեկը մյուսից տաղտկալի, իրարից ոչնչով չտարբերվող ցերեկային ժամերը: Լեռների ստվերը դեռ ընկնում էր նրանց վրա, արևն էլ թաքնվել էր գորշ ամպերի հետևում: Ֆրոդոյին մի քանի անգամ հաջողվեց քնել խորը, խաղաղ քնով՝ այժմ նա կամ կա՛մ լիովին վստահում էր Գոլլումին, կամ էլ կա՛մ նրան հետևելու համար չափազանց հոգնած էր: Բայց Սեմը ննջում էր մի աչքը բաց. հետո ինչ, որ Գոլլումը, թեև երբեմն ցնցվում է, բայց շնթռած է մեռածի պես, ստորը: Այդպիսի երազների համար գլուխը թռցնելն էլ քիչ է (նա ինչ-որ գոլլումային ծածուկ երազներ է տեսնում): Սակայն, հնարավոր է նաև, որ անքնության պատճառը սովն էր. Սեմը լրջորեն սկսել էր կարոտել տնական տաք, ախորժելի ուտելիքը:
Երբ ստվերները միմյանց խառնվելով վերածվեցին մոխրագույն մթնշաղի, նրանք կրկին ճանապարհ ընկան: Շուտով Գոլլումը համարձակվեց դուրս գալ ճանապարհ, և այժմ նրանք նրանք գնում էին ավելի արագ, թեև ոչ առանց վախի: Գնում էին ամբողջ էությամբ լսողություն դարձած՝ յուրաքանչյուր պահի առջևից կամ հետևից սպասելով սմբակների դոփյունի և ծանր կոշիկների հարվածների: Սակայն ո՛չ հեծյալներ, ո՛չ էլ հետյոտն հետիոտն զինվորներ չհայտնվեցին. գիշերն անցավ խաղաղ: Ճանապարհը կառուցվել էր վաղուց մոռացված ժամանակներում: Մորանոնի մոտ, երևում է, վերանորոգել էին, բայց Դարպասից երեսուն լիգ այն կողմ այն ծածկված էր խիտ բուսականությամբ՝ վայրի բնությունն իր գործը տեսել արել էր: Սակայն մարդկային աշխատանքի հետքերը դեռ չէին վերացել. սալահատակի հին քարերը դեռ պառկած էին իրենց տեղերում, և ճանապարհը ուղիղ գծով ձգվում էր դեպի հարավ-արևմուտք՝ հատելով ու երկու մասի բաժանելով իր առջև հայտնված բլուրները և անցնելով առուների վրա գցված հինավուրց, քարե լայն կամուրջների վրայով: Բայց շուտով կառուցապատման բոլոր հետքերն աստիճանաբար անհետացան, և միայն երբեմն-երբեմն ճամփեզրին թփերի արանքից կոտրված սյուն էր երևում, կամ ոտքերի տակ՝ ճաքճքած, մամուռով պատված սալաքար: Ճամփեզրը և, հետզհետե, նաև ճանապարհը ծածկվեցին հավամրգու թփերով, պտերով ու մատղաշ ծառերով, և ի վերջո ուղին վերածվեց լքված երկրամասի ամայի ճանապարհահատվածի, սակայն այն ևս առաջվա պես ուղիղ, առանց գալարվելու, տանում էր նրանց դեպի նպատակադրված կետը ամենակարճ երթուղով:
Այդպես նրանք հասան հյուսիսային եզրը մի երկրի, որը մարդիկ մի ժամանակ կոչում էին Իթիլիեն՝ երանելի երկիր, զառիվայր լանջերով մագլցող անտառներով և շառաչող ջրվեժներով: Զարմանահրաշ գիշեր էր, լուսինը գրեթե բոլորել էր, երկինքն աստղազարդ էր, և օդը գնալով ավելի բուրավետ էր դառնում: Սակայն դա Գոլլումին ակնհայտ դուր չէր գալիս. նա փնչացնում էր ու դժգոհ փնթփնթում: Լուսաբացի առաջին շողերի հետ փոքրիկ ջոկատը կրկին կանգ առավ:
Իթիլիենից Հարավ և արևմուտք տարածվում էր Անդուինի տաք, արևոտ հովիտը: Արևելյան քամիներից այս տարածաշրջանը, առանց արևի ճառագայթների ճամփան փակելու, պահպանում էր Էֆել Դուաթի լեռնաշղթան, հյուսիսից պաշտպանում էին Էմին Մուիլի լանջերը, բայց հարավից Իթիլիենը ամբողջովին բաց էր ջերմ, խոնավ ծովային քամիների համար: Այստեղ մեծ քանակությամբ դեռևս հնագույն ժամանակներում տնկված հսկա ծառեր էին պահպանվել, որոնց մասին հիմա ոչ ոք հոգ չէր տանում, և դրանք դանդաղ ծերանում էին՝ շրջապատված իրենց բազմաթիվ երիրտասարդ ու անխոհեմ սերունդներով: Խիտ շարքերով տարածվում էին անուշաբույր կարմրանները, ձիթենիներն ու դափնիները, հադիպում էին գիհու և մրտենու թփուտներ: Խոտածածկ սալաքարերի վրա տարածվել էին ուրցի կոշտ թփերը, եղեսպակը ծաղկել էր կապույտ, կարմիր ու գունատ-կանաչ ծաղիկներով, գանգրանում էր մաղադանոսը, առաջին ծիլերն էր արձակում անուշահոտ վայրի սուսամբարը: Կային նաև այլ բույսեր, որոնց մասին Սեմն ընդհանրապես գաղափար չուներ: Քարափներն ու քարքարոտ լանջերը պատվել էին քարկոտրուկներով ու թանթռնիկներով, բացատներում արթնացել էին կովածաղիկները, գլխով էին անում կիսաբաց կոկոններով շուշաններն ու նարցիսները, և խիտ, փարթամ-կանաչ խոտով էին շրջապատվել լճակները, որտեղ հանգստանում էին լեռնային առուների սառնորակ ջրերը դեպի Անդուին ճանապարհին:
Ճամփորդները լքեցին ճանապարհը, լանջով իջան ներքև և գլխովին սուզվեցին բուրավետ խոտերի ու թփերի մեջ: Գոլլումը հազում էր ու թքոտում, իսկ հոբիթները շնչում էին ամբողջ կրծքով, և հանկարծ Սեմը ծիծաղեց՝ ծիծաղեց, բայց ուրախությունից, այլ ոչ թե այն պատճառով, որ ծիծաղելի էր: Նրանք իջան արագահոս առվի երկայնքով և շուտով հասան մի լեռնային լճակի մոտ, որը հնում քարե ավազան էր եղել: Այժմ դրա կիսաքանդ պատերը ծածկված էին մամուռով և մասուրի թփերով: Ավազանի շուրջը շարքերով տարածվել էին հիրիկները, իսկ ջրի մութ, թեթև ալիքներից առկայծող մակերևույթին տատանվում էին ջրաշուշանները: Լճակը խորն էր ու վճիտ. ձվաձև քարե ավազանի մյուս կողմում, հազիվ լսելի խոխոջյունով, ջուրը հոսում էր ավազանից դուրս:
Հոբիթները լվացվեցին լճակի մեջ, կուշտ ջուր խմեցին առվից և առանց հապաղելու սկսեցին մեկուսի տեղ փնտրել հանգստանալու համար. ինչքան էլ , որ չքնաղ լիներ տեղանքը, այն հիմա թշնամական տարածք էր: Նրանք ընդամենը մի քանի քայլ էին հեռացել ճանապարհից, բայց արդեն հասցրել էին հանդիպել ճակատամարտի հետքերի. հողը ծածկված էր հին ու նոր վերքերով՝ հնադրայան հնադարայան ճակատամարտերի և թարմ, օրքերի ու այլ սաուրոնյան չարագործների հետքերով: Թփերի մեջ գարշահոտում էր չքողարկված աղբահորը, այս ու այնտեղ այն կողմ ընկած էին կտրված ծառերի բներ՝ ամբողջությամբ ծածկված դանակով փորված մորդորյան ռունագրերով, որոնց մեջ կարելի էր զանազանել աչքի կոպիտ ու սարսափելի նշանը: Սեմը հետախուզում էր լճակի մյուս ափը և այնքան էր տարվել անծանոթ ծառերն ու թփերը զննելով, որ մոռացել էր Մորդորի մասին: Բայց Մորդորն ինքը հիշեցրեց իր մասին և Սեմը հասկացավ, որ վտանգը ոչ մի տեղ չի անհետացել: Նա դեմ առավ այրված խոտերի շրջանաձև մի հատվածի, որի մեջտեղում մոխրացած ոսկորների ու կմախքների կույտ էր վեր բարձրանում: Կանաչն արդեն հասցրել էր դրանց վրա տարածել իր ծածկոցը, և բաղեղի ու հավամրգու արագ ճյուղավորվող ծիլերը կամաց-կամաց մոտենում էին այդ հրեշավոր խնջույքի սարսափելի ականատեսներին, սակայն խարույկի հետքերը թարմ էին: Սեմը շտապեց վերադառնալ մյուսների մոտ, բայց իր բացահայտման մասին նրանց ոչինչ չասաց. ա՛յդ էր պակաս միայն, որ սոված Գոլլումը վազեր խառնշտելու և կրծոտելու մեռած ոսկորները:
— Հարկավոր է պառկելու հարմար տեղ գտնել,— հայտարարեց նա: — Միայն թե ոչ էստեղ, ներքևում: Ինչքան վերև՝ էնքան լավ: