Changes

Մատանիների Տիրակալը

1 byte removed, 19:19, 20 Օգոստոսի 2015
/* Գլուխ չորորդ. Ճագար՝ եփված և համեմված */
Օրվա մնացած մասը հանգստանում էին, թաքնվելով արևի լույսից, և միայն այն ժամանակ, երբ ստվերները երկարեցին ու խոռոչը թաղվեց մթնշաղի մեջ, հոբիթներն աղքատիկ ընթրիք արեցին, մի քանի կում ջուր խմեցին և ճանապարհ ընկնելու պատրաստություն տեսան: Գոլլումը գալեթների տեսքից դեմքը կնճռոտեց, բայց ջրից չհրաժարվեց:
— Շուտով մի կուշտ կխմենք,— շրթունքները լպստելով հուսադրեց նա: -Այնտեղ, ուր գնում ենք, լեռներից լավ ջուր է հոսում դեպի Մեծ Գետը, համեղ ջուր, այո: Գուցե այնտեղ Սմեագորլն ուտելիք էլ գտնի: Նա շատ է սովածացել, այո, շատ, գո՛լլում: — Նա իր մեծ, հարթ թաթերը դրեց նիհարած փորին, և աչքերն առկայծեցին կանաչ կրակով:
Մթնշաղն արդեն խտանում էր, երբ նրանք սողալով դուրս եկան խոռոչից և ճանապարհ ընկան: Երեք աղոտ ստվերներ ցոլացին խոռոչի եզրին և ուրվականների պես լուծվեցին ճամփեզրի քարերին: Լիալուսնին ընդամենը երեք օր էր մնացել, բայց լուսինը գրեթե մինչև կեսգիշեր թաքնված էր սարերի հետևում, այնպես, որ ստիպված էին գնալ լիակատար մթության մեջ: Մորդորի ժանիքներից մեկի գլխին կարմիր լույս էր առկայծում, որից բացի ուրիշ ոչինչ չէր հիշեցնում Մորանոնի աչալուրջ պահակների մասին:
Հոբիթները լվացվեցին լճակի մեջ, կուշտ ջուր խմեցին առվից և առանց հապաղելու սկսեցին մեկուսի տեղ փնտրել հանգստանալու համար. ինչքան էլ, որ չքնաղ լիներ տեղանքը, այն հիմա թշնամական տարածք էր: Նրանք ընդամենը մի քանի քայլ էին հեռացել ճանապարհից, բայց արդեն հասցրել էին հանդիպել ճակատամարտի հետքերի. հողը ծածկված էր հին ու նոր վերքերով՝ հնադարայան ճակատամարտերի և թարմ, օրքերի ու այլ սաուրոնյան չարագործների հետքերով: Թփերի մեջ գարշահոտում էր չքողարկված աղբահորը, այս ու այն կողմ ընկած էին կտրված ծառերի բներ՝ ամբողջությամբ ծածկված դանակով փորված մորդորյան ռունագրերով, որոնց մեջ կարելի էր զանազանել աչքի կոպիտ ու սարսափելի նշանը: Սեմը հետախուզում էր լճակի մյուս ափը և այնքան էր տարվել անծանոթ ծառերն ու թփերը զննելով, որ մոռացել էր Մորդորի մասին: Բայց Մորդորն ինքը հիշեցրեց իր մասին և Սեմը հասկացավ, որ վտանգը ոչ մի տեղ չի անհետացել: Նա դեմ առավ այրված խոտերի շրջանաձև մի հատվածի, որի մեջտեղում մոխրացած ոսկորների ու կմախքների կույտ էր վեր բարձրանում: Կանաչն արդեն հասցրել էր դրանց վրա տարածել իր ծածկոցը, և բաղեղի ու հավամրգու արագ ճյուղավորվող ծիլերը կամաց-կամաց մոտենում էին այդ հրեշավոր խնջույքի սարսափելի ականատեսներին, սակայն խարույկի հետքերը թարմ էին: Սեմը շտապեց վերադառնալ մյուսների մոտ, բայց իր բացահայտման մասին նրանց ոչինչ չասաց. ա՛յդ էր պակաս միայն, որ սոված Գոլլումը վազեր խառնշտելու և կրծոտելու մեռած ոսկորները:
— Հարկավոր է պառկելու հարմար տեղ գտնել,— հայտարարեց նա: — Միայն թե ոչ էստեղ, այլ ` ներքևում: Ինչքան վերև՝ էնքան լավ:
Լճակից փոքր ինչ վերև նրանք նախորդ տարվա ձարխոտի մուգ-շագանակագույն խիտ մացառուտներ հայտնաբերեցին: Ձարխոտի շերտից վերև սկսվում էր դափնիների պուրակը, իսկ բլրի գլուխը պսակված էր մայրիներով: Այստեղ էլ որոշեցին անցկացնել օրը, որը, իմիջայլոց, խոստանում էր լինել պարզ ու արևոտ: Ի՜նչ լավ կլիներ այդպիսի մի օր զբոսնել Իթիլիենի պուրակներում ու բացատներում: Բայց, թեև օրքերը տանել չեն կարողանում արևի լույսը, անտառում բավարար քանակությամբ թաքստեցներ ու մթին վայրեր կային, որտեղ նրանք կարող էին թաքնվել և հսկողություն իրականացնել: Եվ ոչ միայն օրքերը. այստեղ այլ աչքեր էլ կարող էին լինել՝ Սաուրոնը շատ կամակատարներ ունի: Եվ Գոլլումն էլ ոչ մի դեպքում տեղից չի շարժվի, քանի դեռ երկնքում փայլում է Դեղին Դեմքը, իսկ այն ահա ուր որ է դուրս կգա Էֆել Դուաթի մթին լանջերի հետևից և կսկսի, ի հեճուկս Գոլլումի, լուսավորել ու տաքացնել:
— Եթե խեղճ Սմեագորլը հենց հիմա չհնազանդվի, ապա ջուրը կտաքանա ու շատ ուժեղ կկծի նրան,— սպառնաց Սեմը: — Չար Սեմը նրա քիթը կմտցնի եռացող ջրի մեջ, այո, իմ սքանչելի: Եթե հիմա տարվա այլ եղանակ լիներ, ես նրան կուղարկեի շաղգամ, գազար և կարտոֆիլ բերելու, այո: Գրազ կգամ, որ էստեղ շատ արմատապտուղներ են աճում: Էհ, ա՛յ թե հիմա կես դյուժին կարտոֆիլ լիներ:
— Ոչ, ոչ, Սմեագորլը ոչ մի տեղ չի գնա, իմ սքանչելի,— ֆշշացրեց Գոլլումը: -Նա վախենում է գնալ, և նա շատ հոգնած է, իսկ հոբիթը վատն է, հոբիթը շատ-շատ վատն է ու չար: Սմեագորլը չի փորփրի հողը, չի փնտրի շաղգամ ու գազար: Եվ ոչ էլ կարտոխիլ: Իսկ ի՞նչ է կարտոխիլը, հը՞մ, իմ սքանչելի:
— Կար-տո-ֆիլ,— ուղղեց Սեմը: — Կարտոֆիլն իմ ծերուկի ամենամեծ ուրախությունն է և դատարկ փորը լցնելու հիանալի միջոց: Բայց հիմա կարող ես իզուր չփնտրել, միևնույնն է չես գտնի: Դու ավելի լավ է գնա խոտեր հավաքիր, ու ես քեզ լավ կվերաբերվեմ: Իսկ եթե դու ինձ լսես ու նոր կյանք սկսես, ապա ես մի օր քեզ համար իսկական կարտոֆիլ կպատրաստեմ: Խորոված ձուկ ու տապակած կարտոֆիլ Ս. Գեմջիի բանաձևով՝ նույնիսկ դու չես հրաժարվի:
— Այստեղից մինչև Մեծ Գետի արևելյան ափը տասը լիգ կլինի,— ասաց Մաբլունգը: — Այսքան հեռու մենք հազվադեպ ենք գալիս: Բայց այսօր հատուկ դեպք է. ծուղակ ենք պատրաստում Հարադից եկած մարդկանց համար, անիծյա՛լ լինեն նրանք:
— Անիծյալ լինեն այդ հարավցիները,— կրկնեց Դամրոդը: — Ասում են Գոնդորը մի ժամանակ լավ հարաբերությունների մեջ է եղել Հարադի թագավորությունների հետ, թեև բարեկամություն նրամց նրանց հետ երբեք չի եղել: Այդ ժամանակներում Գոնդորի սահմանները տարածվում էին շատ հեռու, մինչև Անգուինի գետաբերանը, և Ումբարը՝ Հարավցիների մեզ ամենամոտ թագավորությունը, եղել է մեր հպատակության տակ: Շատ ջրեր են հոսել և շատ սերունդներ են փոխվել այդ ժամանակից ի վեր: Երկար ժամանակ նրանցից ոչ մի տեղեկություն չունեինք: Միայն վերջերս իմացանք, որ Սաուրոնը գայթակղել է նրանց խոստումներով, և նրանք անցել են թշնամու կողմը՝ ավելի ճիշտ կրկին անցել են թշնամու կողմը, քանզի նրանք, ինչպես և շատ արևմտյան ցեղեր, միշտ էլ մեծ պատրաստակամությամբ էին հնազանդվում նրան: Ավա՜ղ, Գոնդորի օրերը հաշված են և Մինաս Թիրիթի պարիսպները երկար կանգուն չեն մնա, քանզի թշնամու չարությունն ու զորությունն անսահման է:
— Բայց մենք ձեռքներս ծալած չենք նստում և թշնամու չարագործություններն անպատիժ չենք թողնում,— ավելացրեց Մաբլունգը: — Անիծյալ հարավցիները գնում են մեր հինավուրց ճանապարհներով և միանում Սև Ամրոցի բանակին: Մենք իմացանք, որ նրանք գնալով ավելի ու ավելի են մոռանում զգուշության մասին, վստահ լինելով, որ իրենց նոր տերն անպարտելի է և նրա լեռների ստվերներն ավելի քան բավարար են իրենց պաշպանելու համար: Բայց մենք այսօր լավ դաս կտանք նրանց: Մի քանի օր առաջ մեզ տեղեկացրին, որ նրանց զորքն արդեն շատ մոտ է և, մեր հաշվարկով, նրանց առաջապահ ջոկատն այստեղ կլինի մինչև կեսօր: Այստեղ՝ վերևում, որտեղ ճանապարհն անցնում է ճեղքվածքի վրայով: Ճանապարհը, հա անցնում է, բայց նրանք չեն անցնի: Ֆարամիրը նրանց չի թողնի. այժմ նա մեր մշտական առաջնորդն է և, նույնիսկ ամենամահաբեր մարտերում նա միշտ էլ առաջին շարքերում է: Բայց առայժմ մահը նրան շրջանցում է. ճակատագիրը, երևի, խնայում է նրան այլ նպատակների համար:
Վստահելի
1342
edits