Նա նստել էր վշտից ուժասպառ, և դեմքի վրայով հոսում էին արցունքները, իսկ Մորդորյան հրոսակները անցնում ու անցնում էին կամրջի վրայով: Հանկարծ ինչ-որ հեռու տեղից, ասես Հոբիթստանում արևոտ առավոտյան, երբ արդեն ժամն է արթնանալու և բացվում են դռները, լսվեց Սեմի ձայնը.
-— Արթնացեք, պարո՛ն Ֆրոդո, արթնացե՛ք:
Եթե նա ավելացներ. «Նախաճաշը սառչում է», Ֆրոդոն բոլորովին չէր զարմանա: Բայց Սեմն այլ բան էր ուզում ասել:
— Արթնացեք, տեր իմ,— կրկնեց նա: — Նրանք անցան:
Մինաս Մորգուկի Մորգուլի դարպասը շառաչելով փակվեց: Վերջին նիզակներն անհետացան խավարում: Աշտարակն առաջվա պես սպառնալի հսկում էր հովիտը, բայց աչքի առաջ խամրում էր՝ լույսերը գնալով մարում էին և ամրոցը կրկին պարուրվում էր մռայլ խավարով: Կրկին տիրեց նախկին լռությունը, որը, սակայն, աչալուրջ էր. առաջվա պես բոլոր սև խոռոչներից նայում էին անքուն աչքերը:
— Արթնացեք, պարո՛ն Ֆրոդո, նրանք հեռացան: Եվ մենք էլ լավ կլինի շարժվենք տեղից: Էստեղ դեռ ոմանք մնացել են, ոմանք՝ աչքերով, եթե, իհարկե, դրանք աչքերով են տեսնում, հասկանու՞մ եք: Որքան երկար էստեղ մնանք, էնքան արագ մեզ կգտնեն: Գնանք, պարոն Ֆրոդո, հեռանանք էստեղից:
Սեմը տնքաց:
-— Երկա՞ր, ասում ես,— հարցրեց նա:
— Այո, այո, երկար: Սակայն ավելի հեշտ: Հոբիթները մագլցեցին ուղիղ սանդուղքով, իսկ հիմա ոլորունն է սկսվում:
Վերջապես առջևում քարե պատ հայտնվեց, և նոր սանդուղք սկսվեց: Կրկին կարճատև դադար, ու կրկին վերելք՝ երկար, հոգնեցուցիչ: Բայց այս անգամ աստիճանները ժայռերի մեջ չէին մխրճվում. լեռան թեքություն այնքան էլ կտրուկ չէր, և սանդուղքը բարձրանում էր լանջի վրայով՝ օձի պես գալարվելով մեկ աջ, մեկ՝ ձախ: Հերթական անգամ, երբ աստիճանները բավական շատ աջ գնացին, ճամփորդները հայտնվեցին անդունդի եզրին, և ներքևում երևաց Մորգուլի կիրճը: Այնտեղ՝ հատակին, լուսատիտիկների երկար թելի պես առկայծում էր ուրվական ճանապարհը, որ մեռյալ քաղաքից տանում էր դեպի Անանուն Լեռնանցք: Ֆրոդոն շտապ շրջեց հայացքը:
Իսկ արահետ-սանդուղքը սանդուղքն անընդհատ բարձրանում էր, ոլորվում, ձգվում, մինչև որ վերջապես հոբիթներին դուրս բերեց մի նոր մակարդակի վրա, որտեղ արահետը վերջնականապես լքում էր գլխավոր անցումը և նեղ, կողմնային խորշով բարձրանում դեպի Էֆել Դուաթի բարձունքները: Երկու կողմերում աղոտ զանազանվում էին բարձր, քարե սյուներ և ատամնավոր գագաթներ, իսկ դրանց միջև սևին էին տալիս ճեղքվածքներն ու խորխորատները, որտեղ անհաշիվ ձմեռները դարերով կրծել ու փշրել էին երբեք արևի երես չտեսած քարերը: Կարմիր հրացոլքը գնալով պայծառանում էր, բայց անհնար էր հասկանալ՝ լուսաբա՞ց էր արդյոք սկսվում Խավարի Երկրում, թե՞ Գորգորոթի սարսափազդու բարձրավանդակում մոլեգնող հրդեների հրացոլքն էր՝ Սաուրոնի չար գործերի հետևանքը: Նայելով վերև, Ֆրոդոն տեսավ (ճիշտ է, դեռ շատ հեռու) ճանապարհի վերջը՝ ամենաբարձր գագաթը կարմիր երկնքում, որն ակոսված էր երկու սրածայր ժայռերի արանքում գտնվող նեղ կիրճով:
Ֆրոդոն կանգ առավ ու ավելի ուշադիր նայեց: Ձախ ժայռն ավելի բարձր էր ու ավելի նեղ, բայց տարօրինակն այն էր, որ այնտեղ կարմիր կրակ էր առկայծում՝ գուցե՞ բոսոր երկինքն էր երևում ինչ-որ ճեղքից: Բայց ոչ, դա աշտարակ էր, սև աշտարակ՝ կառուցված այնտեղ անցումը հսկելու համար: Ֆրոդոն դիպավ Սեմի ձեռքին ու ցույց տվեց վերև: