— Իսկ դու ի՞նչ ես պատրաստվում անել նրա հետ: Մի մոռացիր, որ առաջինը ես եմ նրան տեսել: Եթե պետք է զվարճանանք, ապա առաջինը մենք ենք:
— Հանգստացի՛ր,— խռխռաց Շագրատը,— ինձ հրաման է տրված, և այն խախտել ոչ ոքի չի թույլատրվում՝ իմ և քո գլուխներն առաջինը կթռչեն: Սահմանը խախտած յուրաքանչյուր օտարականի հրամայված է տանել աշտարակ, մերկացնել, այնուհետև մանրամասն ցուցակ կազմել այն ամենի, ինչ գտնվել է նրա մոտ՝ հագուստ, զենք, մատանիներ, զարդեր և այլն, իսկ ցուցակն անհապաղ ուղարկել Լուգբուրզ և միայն Լուգբուրզ: Գերուն մատով չկպչել, աչքի լույսի պես պահպանել, մինչև Նա նրա հետևից մեկին ուղարկի կամ անձամբ բարեհաճի: Եթե նրա հետ ինչ-որ բան պատահի՝ պահակներին սպասվում է խոշտանգում ու մահ: Հրահանգները պարզ են, ինձ մնում է այն կատարել:
— Իսկ մերկացնել՝ էդ ինչպե՞ս,— հարցրեց Գորբագը: — Ատամները նու՞նպես հանել, եղունգները, մազերը, հը՞մ:
— Հիմար-հիմար մի՛ դուրս տուր: Գերուն պետք է անվնաս հասցնել Լուգբուրզ:
— Դե, էդ մեկը դժվար թե,— հռհռաց Գորբագը: — Նա առանց այդ էլ արդեն սատկած է: Լուգբուրզի ինչի՞ն է պետք էս լեշը: Նրանք, ինչ է, լեշերի պակա՞ս ունեն:
— Տխմա՛ր,— մռնչաց Շագրատը,— լեզվիդ զոռ տալու փոխարեն ավելի լավ է լսես նրանց, ովքեր քեզանից ավելի շատ բան գիտեն: Ինքդ շուտով կդառնաս Շելոբի ընթրիքը, եթե էդպես շարունակես: Լե՜շ: Դու ոչինչ չգիտես ձերդ մեծության մասին: Եթե նա զոհի մարմինը պատում է սարդոստայնով, նշանակաում է, պատրաստվում է տանել իր որջը և համտեսել: Իսկ լեշով նա չի սնվում և սառած արյուն էլ չի խմում: Էնպես, որ էս փոքրիկը մեռած չէ:
— Սեմն օրորվեց և կառչեց քարից, որպեսզի չընկնի: Նրան թվաց, թե սև որջը շրջվում է գլխիվայր: Նա այնպես էր ցնցված, որ քիչ էր մնում կորցնի գիտակցությունը: Ուշքի գալով՝ նա հստակ լսեց իր ներքին ձայնը. «Էհ, հիմար ես դու, ախր նա մեռած չէ, և հոգուդ խորքում դու դա գիտեիր: Ուռած գլուխ ես դու, Սեմուայս: Քո դժբախտությունն այն է, որ կորցրել էիր հույսդ կամ, ավելի ճիշտ, հենց սկզբից էլ ոչ մի բանի հույս չունեիր: Եվ ի՞նչ անեմ հիմա»:
Ոչինչ հնարավոր չէր անել: Մնում էր միայն ավելի ամուր կառչել քարից և լսել օրքերի զզվելի ձայները: