Եվ այսպես էլ արեցին։ Հինգ սայլի բեռները ամբողջապես վերցրին, վերցրին նաև ոսկին, իսկ մարդկանց ազատ արձակեցին, խստորեն պատվիրելով մյուս անգամ բերդին չմոտենալ։ Այսպես ուրեմն, Ուլրիխ Գալլեն երկրորդ անգամ լուր բերեց Գրանգուզիեին, թե ոչ մի հույս չկա խաղաղությունը վերականգնելու և թե անհրաժեշտ է Պիկրոշոլի դեմ կյանքի ու մահու պատերազմի դուրս գալ։
==Գլուխ X==
Այն մասին, թե ինչպես Պիկրոշոլ թագավորը որոշում է տիրել ամբողջ աշխարհը
Երբ կարկանդակները սայլերից իջեցրին, Պիկրոշոլին մոտեցան դուքս դը Տերնեմուլը, արքայազն դը Գրատելն ու կապիտան Մերդայլը և ասացին․
― Տեր արքա, մենք ուզում ենք ձեզ դարձնել աշխարհի ամենաբախտավոր և ամենաքաջ թագավորը։
― Խնդրեմ, խնդրեմ, միայն գլուխներդ ծածկեցեք։<ref>Թագավորի ներկայությամբ գլխարկ կրելու իրավունք ունեին միայն ամենաբարձր անձինք։ Երբ Պիկրոշոլը թույլ էր տալիս իր մերձավորներին գլխարկները չհանել, դրանով ուզում էր ցույց տալ, որ գոհ է նրանցից։</ref>
― Մեծապես շնորհակալ ենք, ― պատասխանեցին նրանք։ ― Ահա թե ինչ ենք ուզում առաջարկել ձեզ։ Այս բերդը պահպանելու համար այստեղ մի փոքր զորամաս թողեք որևէ կապիտանի հրամանատարությամբ, իսկ մնացած բանակը բաժանեցեք երկու մասի։ Մի մասը կարշավի Գրանգուզիեի վրա և, իհարկե, առանց դժվարության նրա դատաստանը կտեսնի։ Մենք այդ ստոր արարածից շատ փող կառնենք։ (Մենք նրան «ստոր արարած» ենք անվանում, որովհետև միայն ստոր արարածներն են կարողանում փող դիզել, իսկ ազնվազարմ թագավորները սովորաբար ոչ մի կոպեկ չեն ունեում)։ Զորաբանակի մյուս մասը կմոտենա ծովին և առանց մի որևէ դիմադրության հանդիպելու կվերցնի բոլոր քաղաքները, ամրոցներն ու բերդերը։ Հետո նավ կնստեն և, նավարկելով Պորտուգալիայի ափերի երկարությամբ, կկողոպտեն բոլոր ծովափնյա քաղաքները մինչև Լիսաբոն։ Ո՞վ սիրտ կանի մեր դեմ դուրս գալ։ Իսպանիան էլ մեզ պետք է հպատակվի, որովհետև նրա բնակիչները բոլորը ապուշներ են։ Հետո դուք կանցնեք Ջիբրալտարի նեղուցով, որն ի հիշատակ ձեր քաջագործության այնուհետև կկոչվի Պիկրոշոլի ծով։ Դրանից հետո Աֆրիկայի ավազակապետ Բարբարոսսան<ref>Բարբարոսսա (Կարմրամորուս)։ Ալժիրի տիրակալ Կայիր Էդգինի մականունն էր (1476―1546):</ref> ձեր գերին կդառնա։
― Ես նրան կներեմ, ― ասաց Պիկրոշոլը։
― Շատ լավ կանեք, ― ասացին նրանք, ― այն դեպքում միայն, եթե նա համաձայնի մեր հավատն ընդունել։ Այնուհետև դուք կտիրեք Ալժիրը, Թունիսը, Կորսիկա և Սարդինիա կղզիները, կվերցնեք Ջենովան, Ֆլորենցիան, հետո հերթը կհասնի և Հռոմին։ Երևի խեղճ պապը երկյուղից լեղապատառ կլինի։
― Ազնիվ խոսք եմ ասում, ես նրա հողաթափերը<ref>Կաթոլիկական սովորության համաձայն պապին ներկայանալիս պետք է համբուրեին նրա հողաթափը։</ref> համբուրողը չեմ, ― ասաց Պիկրոշոլը։
― Երբ ամբողջ Իտալիան տիրած կլինեք, ― շարունակեցին նրանք, ― մենք մեր ձեռքը կգցենք Միջերկրական ծովի բոլոր կղզիները և հետո կանցնենք Ասիա։ Այն ժամանակ, տեր, դու պահպանես Երուսաղեմը, ― Սուլթանը ստիպված կլինի ընդմիշտ հրաժեշտ տալու Երուսաղեմին։
― Ես այնտեղ կկառուցեմ Սողոմոնի<ref>Երուսաղեմի տաճարն ըստ Աստվածաշնչի ավանդության կառուցել է եբրաեցիների թագավոր Սողոմոնը։</ref> տաճարը, ― ասաց Պիկրոշոլը։
― Ոչ, դեռ դրա ժամանակը չէ, ― պատասխանեցին նրանք։ ― Նախ մենք պետք է տիրենք ամբողջ Փոքր Ասիան և հասնենք մինչև Եփրատ գետը։
― Ազնիվ խոսք, դուք բոլորովին խելքներդ թռցրել եք, ― ասաց Պիկրոշոլը։
― Ինչո՞ւ, ― հարցրին նրանք։
― Չէ՞որ այնտեղ անապատից զատ ուրիշ բան չկա, և մենք բոլորս ծարավից կկոտորվենք։
― Մենք դրա մասին էլ ենք մտածել, ― ասացին նրանք։ ― 9014 մեծ֊մեծ նավեր, որոնք բարձված կլինեն ամենալավ և աշխարհումս նմանը չունեցող գինով, Միջերկրական ծովով կգան Յավա, որտեղ սպասելիս կլինեն 220.770 ուղտ և1600 փիղ։ Փղերին կբռնենք որս անելիս։ Փղերը և ուղտերը գինին կբերեն մեր ետևից։ Մի՞թե այդքան գինին չի բավականացնի ձեզ։
― Իհարկե ոչ, ― պատասխանեց Պիկրոշոլը, ― չէ՞ որ այնտեղ սաստիկ շոգ է։
― Էհ, ինչ եք ասում, ― պատասխանեցին նրանք, ― այնպիսի մի աշխարհակալ, ինչպիսին դուք եք, մի՞թե չի կարող իր համար ամեն տեսակ հարմարություններ ստեղծել։
― Ասենք այդ էլ ճիշտ է, ― պատասխանեց Պիկրոշոլը։ ― Բայց ի՞նչ պիտի անի այդ ժամանակ մեր այն զորքը, որ արդեն հաղթած կլինի այդ գարշելի գինեմոլ Գրանգուղիեին։
― Ինչ ասել կուզի, որ նրանք էլ ձեռները ծալած, պարապ չեն նստի։ Մենք շատ շուտով նրանց կհանդիպենք։ Նրանք այդ ժամանակ նվաճած կլինեն Ֆրանսիան, Հոլանդիան, անցած կլինեն Հռենոս գետը, և մենք այդտեղ կհանդիպենք իրար, որովհետև ծովային հաղթանակներից հետո արդեն վերադարձած կլինենք։ Այնուհետև միացյալ ուժերով հարձակում կգործենք Պրուսիայի, Լեհաստանի, Լիտվայի ու Ռուսաստանի վրա, ու այդ բոլոր երկրները մինչև Սառուցյալ օվկիանոսը մեր ձեռքում կլինեն։
― Պրուսիան, Լիտվան և Լեհաստանը ես ձեզ կտամ ձեր կատարած ծառայությունների համար, ― ասաց Պիկրոշոլը։
― Ախ, տեր արքա, որքան վեհանձն եք։ Ընդունեցեք մեր անհուն երախտապարտությունը։ Աստված ձեզ երկար կյանք տա։
Այս խոսակցությանը ներկա էր մի հին ռազմիկ Եխեֆրոն<ref>Եխեֆրոն հունարեն նշանակում է «զգույշ», «խելամիտ»։</ref> անունով։
― Վախենում եմ, որ դուք արջին չսպանած՝ նրա կաշին բաժանելու մասին եք խոսում այժմ։ Ձեր ինչի՞ն է պետք այդքան երկրներ տիրելը և ի՞նչ պիտի լինի դրա վերջը։
― Այն կլինի, ― պատասխանեց Պիկրոշոլը, ― որ երբ տուն վերադառնանք, փառավորապես կհանգստանանք։
― Այո, եթե վերադառնաք, ― ասաց Եխեֆրոնը, ― բայց չմոռանաք, որ ձեր ծրագրած ճանապարհը և՛ երկար է, և՛ վտանգավոր։
― Գայլերի երկյուղից անտառ չմտնենք, ի՞նչ է, ― ասացին զորավարները, ― ուրեմն ձեռքներս ծալած տանը նստենք ու բուխարու մոտ տաքանանք։ Փառք աստծո, մենք պառավ տատիներ չենք։
― Բավական է, ― ասաց Պիկրոշոլը, ― վերջ տվեք վեճերին։ Մի բան միայն ինձ մեծ երկյուղ է պատճառում՝ որ այդ անիծված Գրանգուզիեն մեզ թիկունքից չխփի, երբ մենք Ասիայում լինենք։
― Այդ ցավին հեշտ է դարման անել, ― ասաց կապիտան Մերդայլը։ ― Մենք խիստ հրաման կուղարկենք մոսկովցիներին,<ref>ամբողջ արևմտյան Եվրոպայում մինչև XVIII դարը ռուսական պետությունը կոչվում էր Մոսկվա կամ Մոսկովիտիա, իսկ ռուսներին կոչում էին մոսկովցիներ»</ref> և նրանք մեզ օգնության կուղարկեն 450.000 ընտիր զորք։ Եթե միայն ինձ փոխարքա նշանակեք, այն ժամանակ ես ցույց կտամ, թե ով եմ։ Ես բոլոր թշնամիներին ատամներով կկրծոտեմ, ոտնատակ կտամ, կկոտորեմ, թոզը քամուն կտամ, բոլորին, բոլորին ջարդուփշուր կանեմ։
― Լա՛վ, լա՛վ, բավական է, ― ասաց Պիկրոշոլը։ ― Այլևս չհետաձգենք գործը, ով սիրում է ինձ, թող գա իմ ետևից։<ref>Այն գլուխներում, որտեղ նկարագրված է Գրանգուզիեի մղած պատերազմը Պիկրոշոլի դեմ, Ռաբլեն ծաղրում է դատաստանական գործը, որը սկսել էր նրա հայր Անտուան Ռաբլեն իր հարևան կալվածատեր Սենտ֊Մարտի դեմ։</ref>
==Գլուխ XI==
Այն մասին, թե ինչպես է Գարգանտյուան շտապում օգնելու իր հորը
Ուղիղ նույն ժամին, երբ Պիկրոշոլ թագավորը ծրագրում էր տիրել ամբողջ աշխարհը, Գարգանտյուան հոր նամակը կարդալուց հետո Փարիզից մեկնեց հայրենիք։ Գարգանտյուան գնում էր իր մեծ ձին հեծած, իսկ Պոնոկրատը, ախոռապետ Գիմնաստը, Եվդեմոնը և մնացած ամբողջ շքախումբը գնում էին նրա ետևից սովորական ձիեր հեծած և սայլերի վրա բարձած հետները տանում էին իրենց տիրոջ գրքերն ու գիտական պարագաները։
Նրանք շուտով հասան Պարիլյի։ Այստեղ ագարակատիրոջից իմացան, որ Պիկրոշոլը Լյա֊Ռոշ֊Կլերմոնն ամրացրել է ու այնտեղ նստել, իսկ կապիտան Տրիպեն շրջակայքում ինչ ուզում անում է և պատահողին կողոպտում։
Որպեսզի իմանա մոտերքում թշնամիներ կան թե ոչ, Գարգանտյուան հետախույզներ ուղարկեց։ Գիմնաստն էլ ցանկացավ հետախուզության գնալ։ Գարգանտյուան թույլ տվեց։ Եվ Գիմնաստը ճանապարհ ընկավ տեղացիներից մեկի հետ, որ այդ կողմերին շատ լավ ծանոթ էր։
Երկու վերստ հազիվ գնացած լինեին, երբ հանկարծ նրանց շրջապատեցին թշնամիները։
― Կանգնի՛ր, ― ձայն տվեցին նրանք Գիմնաստին։
― Պարոններ, ― ասաց Գիմնաստը, մոտենալով զինվորներին, ― ես մի խեղճ սատանա եմ, խնդրում եմ խնայեք ինձ։ Մոտս մի քիչ փող կա, եկեք գնանք միասին կոնծենք, բացի այդ, իմ ձին էլ ծախենք ու փողը մեր մեջ հավասար բաժանենք։ Լավ կլիներ ինձ էլ ընդունեիք ձեր ջոկատի մեջ։ Ես էլ ձեզանից պակաս չեմ։ Ոչ ոք ինձանից լավ չի կարող հավ բռնել, փետրահան անել, տապակել և ուտել։ Ուրեմն, խմում եմ ձեր կենացը։
Այս ասելով նա իր ուղեսրվակի բերանը բաց արեց և սրվակը մոտեցրեց բերանին։
Զինվորները բերանը բաց նայում էին Գիմնաստին, բայց հենց այդ րոպեին վազելով մոտեցավ կապիտան Տրիպեն տեսնելու, թե ինչ է պատահել։
― Խմեցեք, պարոն կապիտան, ― ասաց Գիմնաստը, առաջարկելով նրան իր ուղեսրվակը, ― ես արդեն համը տեսա, հիանալի գինի է։
Այս ի՞նչ բան է, ― գոչեց Տրիպեն, ― այս սրիկան մեզ վրա ծիծաղո՞ւմ է, ինչ է։ Ասա ի՞նչ մարդ ես։
― Ես մի խեղճ սատանա եմ, ― պատասխանեց Գիմնաստը։
― Առաջին անգամն եմ տեսնում, ― ասաց կապիտան Տրիպեն, ― որ խեղճ սատանան այսպիսի գեղեցիկ ձի հեծած լինի։ Ուստի, պարոն խեղճ սատանա, ձիուցդ վար իջիր, ձիդ պետք է ես վերցնեմ։ Իսկ եթե ձիդ չուզենա, որ հեծնեմ իր վրա, այն ժամանակ քեզ կթամբեմ ու քեզ վրա կնստեմ։ Ես առհասարակ շատ եմ սիրում, որ սատանաները ինձ ման ածեն։
Երբ զինվորները այդ խոսքերը լսեցին, կարծեցին, որ նա իրոք սատանա է, միայն ծպտված, քանի որ ինքը կապիտանը նրան սատանա էր կոչում։ Նրանցից շատերը սկսեցին երեսները խաչակնքել, իսկ ազատ հրաձիգների կապիտան բարեսիրտ Ժակը հանեց գրպանից աղոթագիրքը և որքան կարող էր բարձր գոռաց։
― Դե, չքվի՛ր, կեղտոտ արարած։
Բայց Գիմնաստը չչքվեց։ Զինվորները շշկլվեցին և նրանցից շատերը փախան։
Այդ ժամանակ Գիմնաստը վեր ցատկեց, շուռ եկավ ու կանգնեց ձիու թամբի վրա՝ ետևն արած դեպի թշնամիները։
― Վա՜յ֊վա՜յ֊վա՜յ, ― ասաց նա, ― վատ են գնում գործերս, վատ են գնում գործերս։
Այդ ասելուց հետո սկսեց պտտվել մի ոտի վրա առանց հավասարակշռությունը կորցնելու։
― Իսկապես որ սրա արածը մարդու գործ չի, ― ասաց Տրիպեն։
― Իսկ ես էլի սխալվեցի, ― պատասխանեց Գիմնաստը։
Այդպես խոսելով նա աջ ձեռքի բութ մատով հենվեց թամբին, միանգամից ոտները վեր բարձրացրեց և մնաց գլխի վրա կանգնած։ Այդ դիրքով նա երեք անգամ պտույտ եկավ իր շուրջը, ապա հանկարծ նորից շուռ եկավ և կնավարի նստեց ձիու վրա։ Այնուհետև ոտքը գցեց ձիու մյուս կողմը, գլուխկոնծի տվեց և նստեց թամբին։ Դրանից հետո նա նորից կանգնեց թամբի վրա, թևերը պարզեց երկու կողմ, սկսեց պտույտ գալ և որքան ուժ ուներ գոռալ․
― Ես դիվոտել, կատաղել եմ, հեյ սատանաներ, կատաղել եմ, բռնեցեք, բռնեցեք ինձ։
Իսկ նրա շուրջը կանգնած հիմարներն ասում էին միմյանց․
― Ազնիվ խոսք, սա անպատճառ կամ սատանայի ծնունդ է, կամ ծպտված սատանա։ Տեր, դու ներիր մեզ, մեղավորներիս։
Սրանք էլ մեկը մյուսի ետևից ծլկում գնում էին զանազան կողմեր։
Գիմնաստն այս որ տեսավ, հանկարծ ձիուց ցած թռավ, սուրը պատյանից հանեց և հարձակվեց թշնամիների վրա։ Որին տեսավ՝ խփեց, գետին տապալեց։ Ոչ ոք սիրտ չէր անում նրա վրա հարձակվել, կարծելով, որ նա մարդ չէ, այլ կատաղած դև։ Միայն Տրիպեն փորձեց թրի հարվածով նրա գլուխը մեջտեղից կես անել, բաց Գիմնաստի սաղավարտն այնքան ամուր էր, որ թրի հարվածը միայն նրա գլուխը ցնցեց առանց որևէ վնաս հասցնելու։ Գիմնաստը ետ դարձավ և լախտով անպես խփեց Տրիպեի գլխին, որ սա անշնչացած գետին գլորվեց։
Այնուհետև Գիմնաստը թռավ ձիու վրա և ընկերոջ հետ սրարշավ վերադարձավ Գարգանտյուայի մոտ։
==Գլուխ XII==
Այն մասին, թե ինչպես Գարգանտյուան կործանեց Վեդի ամրոցը
Հենց որ Գարգանտյուան իմացավ, որ թշնամու ամբողջ զորքը բաղկացած է ավազակներից ու կողոպտիչներից, որոնց մեջ ոչ մի կարգ ու կանոն չկա, իսկույն նստեց իր ձին և համարձակ առաջ գնաց թշնամիների դեմ։ Ճանապարհին տեսավ մի կաղնի, որ աճել էր անհիշելի ժամանակներից և չորս կողմի բոլոր ծառերից ամենաբարձրն էր։
― Այ, իմ ուզածն էլ հենց սա էր, ― ասաց Գարգանտյուան և առանց դժվարության դուրս քաշեց կաղնին ու հանեց գետնից իր արմատներով։ Հետո ճյուղերն ու արմատները պոկեց դեն գցեց և իր համար մի լավ մահակ շինեց։
Այդ ժամանակ նրա ձին այնպես միզեց, որ չորս կողմը յոթ վերստանոց մի ահագին լիճ գոյացավ։ Այդ բոլորը գնաց թափվեց Վեդի հունը, որից գետը վարարեց, դուրս եկավ ափերից, և թշնամիների ամբողջ ոհմակը ջրասույզ եղավ։ Կարողացան ազատվել միայն նրանք, ովքեր մի կերպ փախան դեպի ձախակողմյան բլուրները։
Գարգանտյուան մոտեցավ Վեդի անտառին և իմացավ, որ ամրոցում մնացել են թշնամիների երկու ջոկատ։
― Է՜յ, ովքե՞ր կաք այդտեղ, ― գոչեց նա ամբողջ կոկորդով մեկ, ― ամրոցում մարդ կա թե ոչ, թե կա, դուրս եկեք ջհանդամի ծոցը կորեք, քանի ուշ չէ, թե չէ վայն եկել է ձեզ տարել։
Այդ ժամանակ թնդանոթաձիգ ավազակներից մեկը նշան բռնեց և կրակեց։ Արկը կպավ ուղիղ Գարգանտյուայի քունքին։
― Այս ի՞նչ բան է, ― զարմացած հարցրեց Գարգանտյուան, ― այս ո՞վ է խաղողի կորիզներ շպրտում ինձ վրա։ Ես հիմա ցույց կտամ, թե ում հետ ինչպիսի կատակ կարելի է անել։
Բայց այդ ժամանակ բոլոր թնդանոթաձիգները կանգնած էին արդեն իրենց թնդանոթների մոտ և այնպիսի կրակ բաց արին, որ կարճ ժամանակում 9025 անգամ թնդանոթ արձակեցին։ Եվ նրանք բոլորը նշան էին բռնում Գարգանտյուայի գլխին։
― Պոնոկրատ, սիրելի բարեկամ, ― գոչեց Գարգանտյուան երկու ձեռքով պաշտպանվելով ամեն կողմից իր վրա թռչող արկերից, ― որտեղի՞ց են գալիս այս անիծված ճանճերը։ Այդ ուռենուց մի ոստ կտրիր, տուր, որ դրանց քշեմ, թե չէ դրանց հախից ոչ մի կերպ չեմ կարողանում գալ։
Բայց երբ Պոնոկրատը նրան ասաց, որ դրանք ճանճեր չեն, այլ թնդանոթներից արձակված արկեր, Գարգանտյուան սաստիկ զայրացավ և իր մահակով այնպիսի ուժով խփեց ամրոցի պատերին, որ հենց առաջին հարվածից երկու աշտարակ հիմնովին կործանվեց։ Այնուհետև Գարգանտյուան սկսեց աջ ու ձախ հարվածել իր մահակով, մինչև որ ամբողջ ամրոցը վերածեց ավերակների, և բոլոր թշնամիները ոչնչացան ավերակների տակ։
Թշնամիներին այդպիսի դաս տալուց հետո նրանք անարգել անցան Վեդի հունով գետի մյուս ափը և շտապ շարունակեցին իրենց ճանապարհը դեպի Գրանգուզիեի դղյակը։
==Գլուխ XIII==
Այն մասին, թե ինչպես էին Գարգանտյուայի մազերից թնդանոթի արկեր թափվում
Հոր հետ ողջագուրվելուց հետո Գարգանտյուան գնաց իր սենյակը ճանապարհի շորերը փոխելու և գլուխը սանրելու։ Սանրվելու համար Գարգանտյուան գործ էր ածում մի ահագին սանր, որի երկարությունը կլիներ մոտ հարյուր սաժին, իսկ ատամները շինված էին փղի ամբողջական ժանիքներից։ Գարգանտյուան գլուխը սանրեց թե չէ, թնդանոթի արկերն սկսեցին թափվել սեղանի վրա։ Գրանգուզիեն սարսափեց, կարծելով թե դրանք միջատներ են։
― Աստված իմ, ― գոչեց նա, ― որդիս, չլինի թե այդ թռչունները դու Մոնտեգլյուից ես բերել մեզ մոտ։ Ես չէի էլ մտածում, որ Պոնոկրատը այդ զզվելի դպրոցն է տվել քեզ։
― Տեր իմ, արքա, ― ասաց Պոնոկրատը, ― մի՞թե կարծում եք, ես թույլ կտայի, որ իմ սանը մտնի մի այդպիսի զազրելի տեղ։ Այն ժամանակ ավելի լավ կլիներ, որ նա ժամանակն անցկացներ ամենակեղտոտ մուրացիկների շրջանում, քան հաճախեր Մոնտեգլյուի դպրոցը։ Պետք է իմանաք, որ այդ դպրոցում ուսուցիչները աշակերտների հետ շատ ավելի վատ են վարվում, քան դուք ձեր շների հետ։ Ճշմարիտն ասած՝ այդ դպրոցն ավելի բանտի է նման, քան դպրոցի։ Ես որ Փարիզի թագավորի տեղը լինեի, այդ դպրոցի բոլոր ուսուցիչներին իրենց դիրեկտորի հետ միասին կկախեի միևնույն գերանից՝ նրանց գործած դաժանությունների համար։
Այս ասելուց հետո Պոնոկրատը բարձրացրեց արկերից մեկն ու ավելացրեց՝
― Այս այն ռումբերն են, որոնցով ռմբակոծել են ձեր որդուն Վեդի անտառում։ Թշնամու վրա, ճիշտ է, դա շատ թանկ է նստել, բայց նա վերջնականապես դեռ հաղթված չէ։ Մենք պետք է հալածենք թշնամուն և թույլ չտանք, որ նա շունչ քաշի, եթե ոչ նա շուտով կարող է նորից ուժեր հավաքեել և մեր դեմ դուրս գալ։
― Դա շուտ լինելու բան չէ, ― ասաց Գրանգուզիեն, ― այդ պատճառով ես ուզում եմ ձեզ հյուրասիրել, չէ՞ որ դուք իմ ամենացանկալի հյուրն եք։
Եվ ահա թե ինչ պատվիրեց Գրանգուզիեն խորովել ընթրիքի համար․
16 եզ, 3 երինջ, 32 հորթ, 63 ուլ, 96 ոչխար, 300 խոճկոր, 320 կաքավ, 700 կտցար, 400 աքլոր, 1700 հավ, 6000 հավի ճուտ, 6000 աղավնի, 600 սալամբ, 1400 նապաստակ, 300 բադ, 1700 լոր։
Բացի այդ պատրաստել էին նաև բազմաթիվ զանազան ապուրներ, իսկ գինին մատակարարում էին Ժանոն, Միքելը և Վերենեն, որոնք իրենք էլ պակաս կոնծողներ չէին, թեև այդ նրանց չէր թույլատրվում ի պաշտոնե։