Բացի այդ պատրաստել էին նաև բազմաթիվ զանազան ապուրներ, իսկ գինին մատակարարում էին Ժանոն, Միքելը և Վերենեն, որոնք իրենք էլ պակաս կոնծողներ չէին, թեև այդ նրանց չէր թույլատրվում ի պաշտոնե։
==Գկուխ XIV==
Այն մասին, թե ինչպես Գարգանտյուան սալաթի հետ վեց ուխտավոր է կուլ տալիս
Հիմա պետք է պատմենք, թե ինչ փորձանք եկավ Սեն֊Սեբաստիանից<ref>Միջին դարերում շատ ընդունված էր ուխտ գնալ սուրբ վայրերը։</ref> եկած վեց ուխտավորների գլխին։ Այդ ուխտավորները դուրս են գալիս Սեն֊Սեբաստիան գյուղաքաղաքից, որտեղ ուխտ էին գնացել, և հանկարծ բոլորովին անսպասելի գերի են ընկնում Պիկրոշոլ թագավորի հետախույզների ձեռքը։ Թշնամի զինվորների ձեռքից ազատվելու համար նրանք փախչում մտնում են Գրանգուզիեի պարտեզը և թաքնվում սալաթի, սիսեռի և կաղամբի արանքում։ Պետք է այն ասել, որ Գրանգուզիեի պարտեզում բուսած սալաթը սալորենու մեծության կլիներ։
Ընթրիքից առաջ Գարգանտյուան գնում է պարտեզ սալաթ բերելու։ Նա քաղում է, որքան հարկավոր է լինում, և սալաթի տերևների հետ միասին տուն է բերում նաև դժբախտ ուխտավորներին։ Խեղճերը ահից ու սարսափից ձեն֊ծպտուն չեն հանում։
Երբ Գարգանտյուան ջրհորի մոտ սալաթ էր լվանում, ուխտավորերը իրար ականջի փսփսալով ասում էին․
― Այս ինչ փորձանք են բերում մեր գլխին, մենք կխեղդվենք այս սալաթի մեջ։ Իսկ եթե ձայն հանենք, նա կարող է կարծել, որ մենք թշնամու հետախույզներ ենք, և բոլորիս կսպանի։
Այն ժամանակ, երբ նրանք այսպիսի դատողություններ էին անում, Գարգանտյուան նրանց էլ սալաթի հետ միասին լցրեց սկուտեղի մեջ, ձիթենու յուղ և քացախ ածեց վրան, աղ գցեց և ապա լրիվ կերավ այդ սալաթը ընթրիքից առաջ, որպեսզի ախորժակը բացվի։ Արդեն հինգ ուխտավորները անհետացել էին Գարգանտյուայի կոկորդում, երբ Գրանգուզիեն նկատեց, որ սալաթի տերևի տակից մի բան է ցցված։ Դա գավազանն էր վեցերորդ դժբախտի, որ լուռումունջ սպասում էր իր վախճանին։
― Որդի, ― ասաց Գրանգուզիեն, ― կարծեմ սրանք խխունջի պոզեր պիտի լինեն, չուտես։
― Ինչո՞ւ որ, ― պատասխանեց Գարգանտյուան, ― խխունջները այս ամսին շատ համեղ են լինում, ― և ուխտավորին դուրս քաշելով սալաթի տակից, դրան էլ գցեց բերանը գավազանի հետ միասին։ Հետո մի մեծ կում գինի կուլ տվեց և ապա սպասեց, մինչև որ ընթրիքը պատրաստվի։
Նրա ատամների արանքում մնացած ուխտավորները կարծում էին, որ մի գետնահոր են ընկել։ Երբ Գարգանտյուան գինի խմեց, քիչ էր մնում նրանք խեղդվեին։ Գինին նրանց քշեց տարավ ուղիղ դեպի կոկորդը, բայց նրանք ոստոստալով և գավազաններով միմյանց օգնելով, կարողացան մնալ բերանում և բարձրացան մինչև նրա ատամների եզրը։
Բայց, դժբախտաբար, ուխտավորներից մեկը իր գավազանով խփեց ցավող ատամին։ Ատամի սաստիկ ցավից Գարգանտյուան բարձրաձայն աղաղակեց։ Նրան ատամի փորիչ տվեցին, ու Գարգանտյուան պարտեզում զբոսնելիս ատամները քչփորում էր և ուխտավորներին մեկ֊մեկ հանում բերանից։ Մեկին նա բռնեց ոտքերից, մյուսին՝ պայուսակից, երրորդին՝ գրպանից, չրրորդին՝ գավազանից, իսկ այն դժբախտին, որ խփել էր գավազանով, բռնեց օձիքից և մի լավ հասցրեց վզակոթին։ Ազատված ուխտավորներից ամեն մեկը մի կողմ փախավ, իսկ Գարգանտյուայի ատամի ցավը միանգամից կտրվեց։
Ուխտավորներն այնպես էին փախչում, որ ոչինչ չէին նկատում, մինչև ընկան գայլի համար պատրաստած մի թակարդի մեջ։ Թակարդը փակվեց և խեղճերը դարձյալ գերի ընկան։ Նրանց բախտից վեցերորդ ուխտավորը, որի անունը Ֆուրնիլիե էր, մի շատ ճարպիկ մարդ էր։ Նա կարողացավ բոլոր թոկերը կտրատել և ազատել իր ընկերներին։ Թակարդից ազատվելուց հետո ուխտավորները մի կերպ հասան մինչև Կուդրե և գիշերեցին մի լքված խրճիթում։
==Գլուխ XV==
Այն մասին, թե ինչպես էր Գարգանտյուան քեֆ անում իր բարեկամների հետ
Երբ բոլորը սեղան նստեցին և իրենց քաղցը մի քիչ հագեցրին, Գրանգուզիեն պատմեց տղային այն անցուդարձը, որ կատարվել էր նրա բացակայության ժամանակ։ Առանձնապես շատ խոսեցին հայր Ժանի սխրագործությունների մասին, և դա այնքան դուր եկավ Գարգանտյուային, որ հրամայեց այդ քաջարի վարդապետին անմիջապես հրավիրել իր մոտ։
Եվ երբ հայր Ժանը եկավ, բոլորը վրա պրծան գրկելու, գովելու ու գովաբանելու այդ ստահակին։
― Ախ, հայր Ժան, սիրելի Ժան, ― ասում էր Գարգանտյուան, ― մոտ արի, անիծված, քեզ մի լավ գրկեմ, իմ ազնիվ բարեկամ։
― Թող ես էլ քեզ մի լավ գրկեմ, ― գոչում էր Գիմնաստը։
― Ես էլ եմ ուզում գրկել, ― գոչում էր Պոնոկրատը, ― և այնպես հուպ տամ, որ հոգին դուրս գա։
Իսկ հայր Ժանը բլբուլ էր դարձել, սում, խոսում էր անվերջ։ Շատ ճարպիկն էր անիծվածը։
― Դեհ լավ, լավ, ― ասաց վերջապես Գարգանտյուան, ― այժմ վերցրու աթոռդ և դիր իմ կողքին, նստենք մի բան ուտենք։
― Ուրախությամբ, ― պատասխանեց վարդապետը։ ― Այ տղա, մի ջուր տուր ինձ։ Լցրու, լցրու տղաս, որ կոկորդս ողողեմ։
― Ափսոս չի, որ քեզ պես հրաշալի տղամարդը փարաջա հագնի, ― ասաց Գիմնաստը, ― դեն գցիր այդ հիմար հագուստը։
― Ինչպես կարելի է, պարոն, ― պատասխանեց վարդապետը, ― վանական կանոնները այդ թույլ չեն տալիս։
― Թքել եմ ես ձեր կանոնների վրա, ― ասաց Գիմնաստը, ― հանի վրայիցդ այդ փարաջան։ Դա մարդու ուսերից կախված ավելորդ ծանրություն է։
― Սիրելի բարեկամ, ― պատասխանեց վարդապետը, ― թող ես մնամ իմ հագուստով։ Աստված վկա, այդ փարաջան ինձ ամենևին չի խանգարում, որ ուզածի պես կոնծեմ։ Դեհ, սկսենք մեր ընթրիքը։ Ես թեև արդեն ընթրել եմ, բայց էլի լավ կուտեմ։ Ես այնպիսի ստամոքս ունեմ, որ միշտ մի պարգև է պահանջում, ճիշտ այնպես, ինչպես մեր քաղաքային դատավորը։ Էյ, բարեկամ, այդ խոզի միսը դեսը տուր։ Թող ես գայլի փայ դառնամ, թե սուտ եմ ասում, որ ծարավից մեռնում եմ։ Օհո, այս գինին վատ գինի չի երևում։ Ձեր կենացը, պարոններ։
― Զարմանում եմ, ― ասաց Եվդեմոնը, ― ինչքան ուրախ և զվարթ մարդ է այս վարդապետը։ Բայց ինչո՞ւ են մյուս վարդապետներին ամեն տեղից վռնդում և հայհոյում։
― Շատ հասկանալի պատճառով, ― ասաց Գարգանտյուան։ ― Տանը պահած կապիկն էլ բոլորին զվարճացնում է և ուրախացնում։ Բայց կապիկը ոչ տունն է պահպանում, ինչպես շունը, ոչ վար է անում, ինչպես եզը, ոչ կաթ է տալիս, ինչպես կովը, ոչ բուրդ, ինչպես ոչխարը, ոչ բեռներ է կրում, ինչպես ձին։ Կապիկը միայն փչացնում և ապականում է, ինչ որ ձեռքն է ընկնում։ Այդպես է նաև վարդապետը։ Նա վար չի անում, ինչպես գյուղացին, երկիրը չի պահպանում, ինչպես զինվորականը, հիվանդներին չի բժշկում, ինչպես բժիշկը, երեխաներին չի սովորեցնում, ինչպես ուսուցիչը։ Այդ է պատճառը, որ բոլորը անիծում են վարդապետներին, բոլորը խորշում են նրանցից և չեն ուզում նրանց հետ ոչ մի գործ ունենալ։
― Դա այդպես է, ― ասաց Գրանգուզիեն, ― բայց չէ՞ որ նրանք աղոթում են աստծուն մեզ համար։
― Իսկապես, ― շարունակեց Գարգանտյուան, ― նրանք օրը հարյուր անգամ քթների տակին «Հայր մեր», «Մայր աստվածածին» են փնթփնթում, բայց ի՞նչ օգուտ դրանից։ Հայր Ժանի բանն ուրիշ է։ Նա ոչ սուտ ճգնավոր է, ոչ ձրիակեր։ Նա միշտ ուրախ է, զվարթ, քաղաքավարի և ամենքի համար բարի ու ցանկալի ընկեր։ Նա աշխատում, չարչարվում է և պահպանում վանքապատկան այգին։
― Բացի այդ, ― ասաց հայր Ժանը, ― ես կարող եմ լար ոլորել աղեղի համար և ցանցեր հյուսել ճագարների համար։ Դեհ, այժմ եկեք խմենք։
Զրուցելիս նրանք չէին մոռանում ուտելը։ Նրանց ծնոտները չդադարեցին աշխատելուց, քանի դեռ սեղանի վրա մի կերակուր կար դրված։ Առաջին օրինակը ինքը Գարգանտյուան էր տալիս։ Նա իր փորը այնքան էր լցրել, որ գիշերը իրեն վատ զգաց։
Անմիջապես մի քանի բժիշկ կանչեցին։ Բժիշկները քննեցին հիվանդին, խորիմաստ կերպով հոնքերը կիտեցին և պատվիրեցին, որ հիվանդն ընդունի 18 սայլ կասսիա<ref>Կասսիա՝ լոբազգիների մի տեսակ է՝ ալեքսանդրիական տերև անունով։</ref> և11900 ֆունտ խավարծիլ։ Հարկավոր էր մաքրել հիվանդի ստամոքսը։ Դրա համար պատրաստեցին տասնյոթ պղնձե ահագին գնդեր։ Այդ գնդերից մեկի մեջ մտավ մի մարդ՝ հետը վերցրած լապտեր և վառված ջահ։ Գարգանտյուան գունդը դրեց բերանը և կուլ տվեց այնպես, ինչպես փոքրիկ մի դեղահաբ։
Հետևյալ հինգ գնդերի մեջ մտան հինգ հաղթանդամ տղաներ, որոնցից յուրաքանչյուրի ձեռքին կար մի֊մի երկաթե թի։ Երեք գնդերի մեջ մտան երեք գյուղացիներ՝ մի֊մի ջահ դրած ուսերին։ Վերջին ութ գնդերի մեջ մտան ութ արտաքնոց մաքրողներ՝ հետները վերցրած ահագին զամբյուղներ։ Եվ այդ բոլոր գնդերը Գարգանտյուան հեշտությամբ կուլ տվեց։
Երբ բոլոր գնդերը Գարգանտյուայի փորում էին, գնդերի մեջ նստածները սեղմեցին զսպանակները, դռները բացվեցին, և նրանք դուրս եկան։ Առաջինը դուրս եկավ նա, որի ձեռքին լապտեր կար։ Նա առաջ ընկավ և լուսավորում էր իր ետևից եկողների ճանապարհը։ Խեղճերը ստիպված եղան կես վերստից ավել ճանապարհ գնալ մի գարշահոտ անդունդի միջով։ Այնտեղ օդը այնքան անտանելի էր, որ նրանք բոլորը շնչասպառ կլինեին, եթե հետները մի֊մի սրվակ անուշադրի սպիրտ վերցրած չլինեին։ Երբ նրանց գլուխը պտույտ էր գալիս, հոտ էին քաշում սպիրտից, և այդ նրանց շատ էր օգնում։ Նրանք, խարխափելով, վերջապես հասան այնտեղ, որտեղից գալիս էր այդ զզվելի հոտը։ Դա չմարսված կերակուրների մի ահագին սար էր, որ նեխելով սարսափելի գարշահոտություն էր արձակում։ Անմիջապես սկսեցին բահերով փորել այդ սարը և թիերով զամբյուղների մեջ լցնել այդ զզվելի աղբը։ Երբ ինչպես հարկն է մաքրեցին, ամեն մեկը դարձյալ մտավ իր գնդի մեջ։ Դրանից հետո Գարգանտյուան փսխեցնող դեղ ընդունեց և գնդերը բոլորը դուրս թափվեցին։
Երբ համոզվեցին, որ Գարգանտյուան բոլորովին առողջացել է, վճռեցին գիշերվա կեսին դուրս գալ հետախուզության, իմանալու համար, թե ինչ են անում իրենց հակառակորդները։ Իսկ մինչ այդ վճռեցին մի փոքր հանգստանալ, որպեսզի գլուխները թարմանա։
Գարգանտյուան, սակայն, որքան աշխատեց, չկարողացավ քնել։
― Ես շատ խորն եմ քնում միայն այն ժամանակ, երբ քարոզ եմ լսում, ― ասաց նրան հայր Ժանը։ ― Շատ եմ խնդրում, եկեք միասին սաղմոս կարդանք։ Հաստատ խոսք եմ ասում, ձեր քունն իսկույն կտանի։
Գարգանտյուային այդ առաջարկը շատ դուր եկավ, և իրոք, սաղմոսից մի քանի տող չկարդացած՝ նրանք երկուսն էլ այնպես խռմփացրին, որ տան բոլոր ճրագները հանգան։
==Գլուխ XVI==
Այն մասին, թե ինչպես վարդապետը կախված մնաց ընկույզի ծառից
Կեսգիշերին մոտ վարդապետը զարթնեց և ըստ սովորության բղավեց․
<poem>
Զարթնի՛ր, Ռենյո, զարթնի՛ր,
Վե՛ր կաց, Ռենյո, վե՛ր կաց։
</poem>
Բոլորն արթնացան, սկսեցին հագնվել, որ արշավի գնան։ Միայն վարդապետը չցանկացավ, ոչ սաղավարտ դնել գլխին, ոչ էլ զրահ հագնել։ Սակայն նրան զոռով հագցրին, զինեցին և նստեցրին մի լավ ձիու վրա։
Եվ ահա գնում էին մեր ասպետները իրենց ճանապարհով ու խոսում այն մասին, թե ինչպես ավելի հեշտ կլինի թշնամուն հաղթել։
― Քանի ինձ հետ եք, ոչ մի բանից չվախենաք, ― ասում էր վարդապետը, ― ես մի այնպիսի աղոթք գիտեմ, որ երբ մարդ ասի, նրան գնդակ չի դիպչի։ Այդ ախոթքը ինձ սովորեցրել է մի տիրացու։ Ճիշտն ասած՝ ես ամենևին չեմ հավատում այդ աղոթքի զորությանը, բայց քանի որ ձեռքումս դագանակ կա, դա ինձ միշտ կպաշտպանի։ Իսկ եթե մեկն ու մեկն ուզենա ռազմադաշտից փախչել, աստված վկա, նրան կբռնեմ վարդապետ կձեռնադրեմ, գլխին էլ վարդապետական վեղար<ref>Վեղարը գլխի ծածկոց է, որ գործ են ածում վարդապետները։</ref> կդնեմ։ Լսած կա՞ք, թե ինչպես է մի որսորդ բժշկել իր վախկոտ շանը։ Նա շան գլխին վեղար է դրել, և այնուհետև ոչ մի աղվես չի կարողացել նրանից իր գլուխն ազատել։
Այսպես խոսելով, վարդապետը խթանեց իր ձիուն, բայց հանկարծ նրա երեսկալը կաղնուտում կպավ մի հաստ ճյուղի, և նա ձեռքից սանձը բաց թողեց։ Ձին առաջ վազեց, վարդապետը մնաց ծառիցը կախ և ինչքան ուժ ուներ գոռաց․
― Օգնեցե՜ք, օգնեցե՜ք ինձ։
― Ես իմ կյանքում, ― ասաց Պոնոկրատը, ― շատ եմ տեսել կախված մարդ, բայց ոչ ոք այդպես գեղեցիկ կախված չի եղել, ինչպես այս վարդապետը։
― Գլխիցդ շատ դուրս մի տուր, ― գոչեց վարդապետը, ― շուտ օգնեցեք ինձ, գրողը ձեզ տանի։
― Մի շարժվիր, սիրելիս, ― գոչեց Գիմնաստը, ― ես իսկույն քեզ կազատեմ։ Ինչքան չլինի, էլի դու լավ վարդապետ ես։
Այսպես խոսելով Գիմնաստը ծառը բարձրացավ, մի ձեռքով վարդապետի օձիքից բռնեց, մի քիչ վեր բարձրացրեց, մյուս ձեռքով ազատեց երեսկալը և վարդապետին գետին իջեցրեց։
Վարդապետը հայհոյելով ու թքելով, զենք ու զրահը վրայից հանեց ու մի կողմ շպրտեց և մնաց միայն մի հին փարաջայով։ Դրանից հետո բոլորը դարձյալ հեծնեցին իրենց ձիերը և, վարդապետի վրա ծիծաղելով ու կատակ անելով, շարունակեցին ճանապարհը։
==Գլուխ XVII==
Այն մասին, թե ինչպես Գարգանտյուան ջարդում է Պիկրոշոլի առաջապահ գունդը
Երբ Պիկրոշոլն իմացավ, որ իր մարդկանց վրա հարձակում են գործել սատանաները, չափից դուրս վախեցավ։ Իզուր էին անցնում Տուկդիլիոնի ջանքերը նրան հավատացնելու, որ ոչ մի սատանայից իրենք երկյուղ չունեն։ Պիկրոշոլը չէր հավատում։ Նա հրամայեց ամբողջ զորքը սրսկել օրհնած ջրով և բոլորին գոտևորել սարկավագի ուրարով։<ref>Ուրար՝ դիպակե երկար ժապավեն, որը որպես գոտի կապում են սարկավագները ժամերգության ժամանակ։</ref> Ուրարն ու օրհնած ջուրը պետք է ցրեին ու հալածեին սատանաներին, եթե նրանք նորից փորձ անեին հարձակվելու թագավորի զորքի վրա։
Հետո Պիկրոշոլը Տուկդիլիոնին ուղարկեց հետախուզության և նույն օրը սուրհանդակ ուղարկեց իր հորեղբորորդի Անարխի մոտ՝ նրանից օգնություն խնդրելու։ Անարխն այդ ժամանակ Դիպսոդիեի<ref>Դիպսոդիե հունարեն նշանակում է մի երկիր, որի բնակիչները պապակվում են ծարավից։</ref> թագավորն էր, և նրա զորքի մեջ ծառայում էր արյունռուշտ հսկաների մի ցեղ։ Պիկրոշոլը հույս ուներ, որ այդ հսկաների օգնությամբ շատ շուտով իր թշնամիների դատաստանը կտեսնի։
Տուկդիլիոնը իր զորքով հասավ Կուդրե, որտեղ ոչ մի մարդ չգտավ, միայն գերի վերցրեց այն հինգ ուխտավորներին, որոնք քնած էին այն լքված խրճիթում։ Գերիների թևերը կապեցին և հետները տարան։ Իզուր էին ուզում խեղճերն հավատացնել, որ իրենք լրտեսներ չեն, այլ սովորական ուխտավորներ են։ Զինվորները նրանց լսել անգամ չցանկացան։
Այդ ժամանակ Գարգանտյուան նկատեց իր թշնամիներին և ասաց իր մարդկանց։
― Բարեկամներ, նրանք մեզանից տասն անգամ ավելի կլինեն։ Պե՞տք է արդյոք հարձակվել նրանց վրա, թե ոչ։
― Այ քեզ չար սատանա, ― պատասխանեց վարդապետը, ― իհարկե, պետք է հարձակվել։ Բանը քաջությունն է, և ոչ թե թիվը։
Եվ որքան ուժ ուներ բղավեց․
― Գրոհեցե՜ք, սատանաներ, գրոհեցե՜ք։
Երբ թշնամին լսեց, որ իրենց վրա հարձակվողները դարձայլ սատանաներ են, փախուստի դիմեց։ Միայն Տուկդիլիոնը իրեն չկորցրեց։ Նա ձեռքն առավ նիզակը և մեծ ուժով խփեց վարդապետին։ Բայց վարդապետը այնպիսի հաստ փարաջա էր հագել, որ նիզակը չծակեց և մեղրամոմի պես ծռվեց։ Այն ժամանակ վարդապետը իր մահակով Տուկդիլիոնին մահացու հարված հասցրեց, ու սա ձիու վրայից շնչասպառ գետին գլորվեց։
Տեսնելով Տուկդիլիոնի մեջքին կապած ուրարը, վարդապետն ասած Գարգանտյուային․
― Երևի մեր թշնամիները տերտերներ են, բայց և այնպես նրանք դեռ շատ հեռու են վարդապետ լինելուց։ Սուրբ Հովհաննեսը վկա, ես իսկական վարդապետ եմ և այդ բոլոր տերտերներին ճանճերի պես կկոտորեմ։
Եվ նա ձին սրարշավ քշեց թշնամիների ետևից։
Երբ հասավ թշնամու վերջին շարքերին, վարդապետը սկսեց աջ ու ձախ հարվածել և այնպիսի իրարանցում առաջացրեց, որ չէին իմանում, որ կողմը փախչեն։
Ինչ վերաբերում է Գարգանտյուային, նա վճռեց այս անգամ թշնամուն չհետապնդել և դա ավելի հարմար ժամանակ անել։
― Չպետք է երբեք թշնամուն ծայրահեղ հուսահատության հասցնել, ― ասում էր Գարգանտյուան, ― այդպես է սովորեցնում մեզ ռազմական գիտությունը։ Երբ թշնամին տեսնում է, որ ազատվելու ճար չկա և կորուստն անխուսափելի է, այն ժամանակ նա կռվում է ինչպես առյուծ։ Հուսահատությունը ավելացնում է թշնամու ուժը։ Հաճախ է պատահում, որ հաղթվածները ջարդում են իրենց հաղթողներին, որովհետև հասած են լինում հուսահատության։ Միշտ չէ, որ պետք է թշնամուն հնարավորություն տալ տալ նահանջելու։
― Բայց նրանց հետապնդում է վարդապետը, ― ասաց Գիմնաստը։
― Մի՞թե, ― զարմացած ասած Գարգանտյուան, ― ուրեմն վարդապետը հետապնդո՞ւմ է նրանց։ Այդ ժամանակ նրանց բանը բուրդ է։ Որ այդպես է, սպասենք մինչև նա վերադառնա։
Իսկ վարդապետը ջարդում հա ջարդում էր նրանց իր մահակով, մինչև տեսավ մի ձիավորի, որի գավակին նստած էր խեղճ ու կրակ ուխտավորներից մեկը։ Տեսնելով, որ վարդապետը մահակը բարձրացրեց, որ խփի, ուխտավորը գոռաց․
― Հայր սուրբ, հայր սուրբ, կաց աղաչում եմ, ազատիր ինձ։
Այդ ժամանակ թշնամիները տեսան, որ միայն մի վարդապետ է իրենց հետապնդողը։ Վարդապետին բռնեցին, վզակոթին մի լավ հասցրին և հանձնեցին երկու պահակների, որ պահեն նրան։ Այնուհետև զինվորները նորից ռազմաշար կազմեցին, ետ դարձան և գրոհեցին Գարգանտյուայի վրա։
Երբ վարդապետը տեսավ, որ թշնամիները հեռացան, սուրը քաշեց, իր երկու պահապաններին տեղնուտեղը սպանեց։ Դրանից հետո թռավ ձիու գավակը և ընկավ թշնամիների ետևից։ Իսկ Գարգանտյուան այդ ժամանակ արդեն ետ էր մղել թշնամիների հարձակումը, որոնք նրա դագանակի համն առնելուց հետո նորից դիմել էին փախուստի։
Ինչպես այն էշը, որի վրա հարձակվել են բոռերը և որը գլուխն առած փախչում է, առանց իմանալու թե ուր, ճիշտ այդպես էին վարվում այժմ այդ մարդիկ, որոնք սարսափից խելքները կորցրած փախչում էին առանց իմանալու թե ուր, և ոչ մի ուժ աշխարհում չէր կարող նրանց կանգնեցենլ։
Երբ վարդապետը տեսավ սարսափահար թշնամիների փախուստը, բարձրացավ մի ժայռի վրա և այնտեղից սկսեց մոտով փախչողների գլուխը սրով թռցնել։ Նա այդ գործը այնպիսի եռանդով էր կատարում, որ նրա սուրը երկու կտոր եղավ, իսկ թշնամիներից մի փոքրիկ խումբ մնաց։ Այն ժամանակ վարդապետը զենքերը նրանց ձեռքից առավ, զենքերի հետ միասին և վեց ուխտավորներին, որոնք երկյուղից ոչ մեռած էին, ոչ կենդանի։ Բացի այդ, նա գերի վերցրեց և կապիտան Տուկդիլիոնին։
==Գլուխ XVIII==
Այն մասին, թե ինչպիսի խոսակցություն ունեցավ Գրանգուզիեն ուխտավորների հետ
Երբ Գարգանտյուան տուն վերադարձավ, նստեց ընթրելու։ Բոլորը ներկա էին, չկար միայն հայր սուրբը։
― Երևի նա գերի է ընկել թշնամու ձեռքը, ― ասաց Գարգանտյուան։
― Եթե այդպես է, այն ժամանակ վայ մեր թշնամիներին, ― ասաց Գրանգուզիեն։
Հիանալի կերակուրներ կային սեղանին, բայց Գարգանտյուան չէր կարողանում ոչ ուտել և ոչ խմել, նա շատ տխուր էր, որ վարդապետը չկար։
Հանկարծ պատուհանի ետևից մի ձայն լսվեց․
― Լավ գինի տվեք, շուտ, լսում ես, սիրելի Գիմնաստ, լավ գինի լինի հա՜։
Գարգանտյուան դուրս նայեց պատուհանից։ Իհարկե, դա հայր Ժանն էր, ինքը հայր Ժանը, ինչպես որ կա։ Նա հետը բերել էր վեց ուխտավորներին և կապիտան Տուկդիլիոնին։
Այդ ժամանակ գավաթները ձեռքից ձեռք անցան, դանակների չխչխկոցից մարդու ձայն չէր լսվում, մի խոսքով լավ քեֆ սկսվեց։
Գրանգուզիեն հարձուփորձ էր անում ուխտավորներին՝ ո՞րտեղացի են նրանք, ո՞րտեղ են եղել և ո՞ւր են գնում։
Բոլորի փոխարեն պատասխանում էր Ֆուրնիլիեն։
― Տեր արքա, ես Սեն֊Ժենուից եմ, սա՝ Պալյուոյից, մյուսը՝ Օնզեից, այն մյուսը՝ Արժիից, իսկ այս մեկը՝ Վիլդեբրեդենից։ Մենք սկսել ենք Սեն֊Սեբաստիանից, իսկ այժմ վերադառնում ենք տուն։
― Լա՛վ, ― ասաց Գրանգուզիեն, ― բայց ինչո՞ւ էիք դուք Սեն֊Սեբաստիան գնացել։
― Մենք գնացել էինք, ― պատասխանեց Ֆուրնիլիեն, ― սուրբ Սեբաստիանից խնդրելու, որ ժանտախտ չգցի մեր կողմերը։
― Ինչ հիմար բաներ եք ասում, ― ասաց Գրանգուզիեն։ ― Ողորմելի մարդիկ, մի՞թե կարծում եք, որ ժանտախտը սուրբ Սեբաստիանն է տարածում։
― Իհարկե, ― պատասխանեց Ֆուրնիլիեն, ― այդպես են ասում և մեր տերտերները։
― Տեր աստված, ինչպիսի՜ հիմար բաներ են դուրս տալիս գլխներիցը այդ տերտերները։ Ես իմ ականջովս եմ լսել, ինչպես մի տերտեր Սինեում քարոզելիս ասում էր, թե կերցավը սուրբ Անտոնիուսի տվածն է, ջրդողությունը՝ սուրբ Եվտրոպիոսի, իսկ խելագարությունը՝ սուրբ Ժիլդայի։ Ես այնպիսի խաղ խաղացի այդ տերտերի գլխին, որ այդ օրվանից սկսած բոլոր տերտեր֊մերտերների ոտը բոլորովին կտրվեց իմ երկրից։ Զարմանալի է, որ ձեր թագավորը ոչինչ չի անում դրա դեմ։ Այդպիսի քարոզների համար տերտերներին պետք է այնպես պատժել, ինչպես կպատժեին կախարդությամբ պարապողներին։ Այդ ցնդաբանություններով նրանք ձեր աչքին միայն թող են փչում։
Այնուհետև ուխտավորներին կերակրեցին, ճանապարհի պաշար տվեցին և թողեցին, որ գնան իրենց երկիրը, իսկ Գրանգուզիեի մոտ բերեցին գերի Տուկդիլիոնին։
Գրագուզիեն սիրալիր ընդունեց իր գերուն և սկսեց հարցոըփորձ անել Պիկրոշոլ թագավորի մասին։
― Ի՞նչ նպատակով է սկսել նա այս պատերազմը, ― հարցնում էր Գրանգուզիեն, ― ինչո՞ւ է զուր տեղը թափում իր հպատակների արյունը։
― Նա ուզում է տիրանալ ձեր բոլոր երկրներին, ― պատասխանեց Տուկդիլիոնը։
― Նա իր գլխիցը մեծ գործ է բռնել, ― ասաց Գրանգուզիեն, ով մեծ֊մեծ բաների ետևից է ընկնում, նա փոքրն էլ է կորցնում։ Անցել են այն ժամանակները, երբ հետևելով հին ազգերի օրինակին, կարելի է նվաճել բոլոր երկրները։ Պետք է կարողանալ լավ կառավարել իր սեփական երկիրը, և ոչ թե ուրիշի երկրում ավազակություն անել։ Կորեք, ի սեր աստծու, այստեղից, գնացեք ձեր թագավորի մոտ, հասկացրեք, խելքի բերեք նրան, որ տեսնի, թե ինչ մեծ սխալներ է գործում ինքը։ Մեր միջև պատահած դեպքը բոլորովին դատարկ բան էր։ Չարժեր ուշադրություն դարձնել հովիվների ու կարկանդակագործների միջև պատահած անմիտ կռվի վրա, մանավանդ որ ես համաձայն էի հատուցել բոլոր վնասները։
Գրանգուզիեն իր մոտ կանչեց վարդապետին և հարցրեց․
― Հայր Ժան, իմ սիրելի բարեկամ, դո՞ւք եք այս կապիտանին գերի վերցրել։
― Ավելի լավ է թող ինքն ասի, ― պատասխանեց վարդապետը։
― Միանգամայն ճիշտ է, ― ասաց Տուկդիլիոնը, ― ինձ այս վարդապետն է գերի վերցրել։
― Փրկանք նշանակե՞լ եք սրա համար, ― հարցրեց Գրանգուզիեն վարդապետին։
― Ո՛չ, ― պատասխանեց վարդապետը, ― չեմ էլ մտածել այդ մասին։
― Ինչքա՞ն կուզեք սրա համար ստանալ։
― Ոչինչ չեմ ուզում, փողի համար չեմ վերցրել դրան գերի, ― պատասխանեց վարդապետը։
Այդ ժամանակ Գրանգուզիեն կարգադրեց վճարել վարդապետին 62.000 ոսկի, իսկ Տուգդիլիոնին ազատ արձակել։ Իրեն գերությունից ազատելու համար երախտապարտ Տուգդիլիոնը նախազգուշացրեց Գրանգուզիեին, որ Պիկրոշոլին շուտով օգնության պիտի գան Անարխ թագավորի հսկաները, որոնց դիմադրելը շատ էլ հեշտ չի լինի։
Երբ Տուգդիլիոնը գնաց, վարդապետը դրամը վերադարձրեց Գրանգուզիեին և ասաց․
― Տեր արքա, պարգևներ տալու ժամաակը չի այժմ։ Սպասենք, մինչև պատերազմը վերջանա, այն ժամանակ կտեսնենք, թե ինչ ենք անելու։ Պատերազմի ժամանակ միշտ դրամի պետք կլինի։
― Շատ լավ, ― ասաց Գրանգուզիեն, ― երբ պատերազմը վերջանա, այն ժամանակ ձեզ ինչպես հարկն է կվարձատրեմ։
Մինչ սյս, մինչ այն, Տուկդիլիոնը վերադարձավ Պիկրոշոլ թագավորի մոտ և պատմեց նրան իր խոսակցությունը Գրանգուզիեի հետ։
― Տեր արքա, ― ասաց Տուկդիլիոնը, ― մենք պետք է անմիջապես խաղաղության դաշն կնքենք Գրանգուզիեի հետ։ Ես եկել եմ այն համոզման, որ նա ամենալավ մարդն է աշխարհում։ Անմտություն կլինի մեր կողմից նրան վիրավորելը, մանավանդ որ մենք նրանից ոչ մի վատ բան չենք տեսել։ Բացի այդ, դուք պետք է իմանաք, որ նա մեծ զորք ունի։ Մի գեղեցիկ օր նա կարող է մեզ բոլորովին ջարդուփշուր անել։
Տուկդիլիոնն իր ճառը վերջացրեց թե չէ, Պիկրոշոլի պալատականներից մեկը, որի անունը Գաստիվո էր, ասաց բարձրաձայն․
― Այդ բոլորը դավաճանի խոսքեր են։ Տեր արքա, ուշադրություն մի դարձեք կապիտան Տուկդիլիոնի խոսքերին, նրան անշուշտ կաշառել են մեր թշնամիները։ Դրա համար է, որ նա ուզում է ետ կանգնեցնել ձեզ պատերազմից։ Գուցե ինքն էլ հենց շատ տրամադիր է թշնամիների կողմն անցնել և մեր դեմ պատերազմել, եթե իհարկե, Գրանգուզիեն ընդունի նրան։
Տուկդիլիոնին այդ խոսքերը կատաղության հասցրին։ Նա սուրը քաշեց և խրեց Գաստիվոյի ուղիղ սրտի մեջ։ Գաստիվոն գետին գլորվեց և շունչը փչեց։ Տուկդիլիոնը սուրը դուրս քաշելով սպանվածի մարմնից և նայելով ուղիղ Պիկրոշոլի աչքերին ասաց․
― Այս վախճանին կարժանանա ամեն մարդ, ով կհամարձակվի զրպարտել կապիտան Տուկդիլիոնին։
Բայց Պիկրոշոլը սաստիկ կատաղած ու զայրացած գոչեց․
― Մի՞թե նրա համար են քո ձեռքը զենք տվել, որ դու սպանես իմ լավագույն բարեկամներին։
Եվ հրամայեց իր զինվորներին անմիջապես Տուկդիլիոնին կտոր֊կտոր անել։ Զինվորները հարձակվեցին քաջարի կապիտանի վրա և այնպիսի գազանությամբ նրան սպանեցին, որ ամբողջ սենյակը ներկվեց արյունով։
Այդ չարագործությունների լուրը հասավ զորքի ականջին և շատերը տրտնջացին Պիկրոշոլի դեմ։
― Չգիտեմ, տեր արքա, ինչ վախճան կունենա այս պատերազմը, ― ասաց մի անգամ Պիկրոշոլին կապիտան Գրիպմինոն։<ref>Գրիպմինո նշանակում է հափշտակիչ։</ref> ― Զինվորների մեջ մեծ անբավականություն կա։ Նախ՝ պարենի պակասություն կա, երկրորդ՝ մեր զորքը օրեցօր պակասում է, մինչդեռ Գրանգուզիեի մոտ գալիս են շարունակ օժանդակ զորքեր։ Վախենում եմ, որ մեր գործը վատ վերջանա։
― Կորեք ջհանդամը, ― գոչեց Պիկրոշոլը, ― դուք նման եք փոքրիկ օձաձկան, որ դեռ մաշկելը չսկսած սկսում է ճվճվալ։ Թող մի երևան, կտեսնեն, որ իրենց մեծ կտորը ականջը կմնա։