Changes

Գարգանտյուան և Պանտագրյուելը

Ավելացվել է 21 032 բայտ, 12:18, 25 Հոկտեմբերի 2015
/* Գլուխ XVIII */
― Կորեք ջհանդամը, ― գոչեց Պիկրոշոլը, ― դուք նման եք փոքրիկ օձաձկան, որ դեռ մաշկելը չսկսած սկսում է ճվճվալ։ Թող մի երևան, կտեսնեն, որ իրենց մեծ կտորը ականջը կմնա։
 
 
==Գլուխ XIX==
 
Այն մասին թե ինչպես ջախջախվեց Պիկրոշոլ թագավորը
 
 
Գրանգուզիեն ռազմական խորհուրդ գումարեց և այդ խորհրդում վճռվեց չսպասել մինչև հսկաների գալը, այլ անմիջապես հարձակվել Պիկրոշոլ թագավորի վրա։ Գարգանտյուան նշանակվեց զորքի հրամանատար, իսկ հայրը մնաց իր ամրոցում։
 
Գարգանտյուան անմիջապես արշավեց Լա֊Ռոշ֊Կլերմոյի բերդի վրա, որտեղ ամրացել էր Պիկրոշոլը։ Երբ զորքը բերդին մոտեցավ, Գիմնաստն ասաց Գարգանտյուային։
 
― Տեր, գիտե՞ս արդյոք, որ ֆրանսիացիք լավ են կռվում միայն առաջին անգամ գրոհելիս, նրանցից ամեն մեկը այն ժամանակ մի֊մի առյուծ է դառնում։ Բայց երբ ստիպված են լինում երկար սպասել, նրանք կնոջից էլ թույլ են։ Դրա համար էլ ձեր զորքին մի փոքր հանգիստ տալուց հետո անմիջապես հրաման տվեք, որ գրոհեն։
 
― Ոչ, ― պատասխանեց Գարգանտյուան, ― այդպես վարվելով մեծ արյունահեղություն կլինի։ Փորձենք թշնամուն հաղթել խորամանկությամբ։
 
Եվ նա հրամայեց բերել մի պարկ աֆարբի (բույս) և մի տակառ կարմիր պղպեղ։ Երբ դրանք բերին, Գարգանտյուան հրամայեց խառնել թունդ օղու հետ և այդ խառնուրդից մուրաբա եփել։ Խոհարարը կատարեց պատվերը։ Մուրաբան լցրին մի մեծ ամանի մեջ և տարան բերդի պարսպի մոտ։
 
― Կանգնեցե՛ք, ― վերևից գոռացին պահապանները, ― այդ ի՞նչ է ձեր ձեռքին։
 
― Սա մուրաբա է, ― պատասխանեց խոհարարը։ ― Իմ տեր Գարգանտյուան ընծա է ուղարկել ձեր թագավորին։ Եթե ձեր թագավորը կարողանա գեթ մի գդալ ուտել այս մուրաբայից առանց վրայից մի բան խմելու, այն ժամանակ մենք անձնատուր կլինենք ձեզ։
 
Պահապանները վեր բարձրացրին մուրաբան և տարան մատուցեցին Պիկրոշոլ թագավորին։ Բայց երբ Պիկրոշոլը այդ մուրաբայից մի գդալ կուլ տվեց, զգաց, որ կոկորդը սաստիկ այրվում է, քիմքի վրա ուռուցք է գոյացել, իսկ լեզվին պզուկներ են դուրս եկել։ Պիկրոշոլը վազեց գինու տակառի մոտ և սկսեց անընդհատ խմել։ Հենց որ գինու բաժակը շրթունքից հեռացնում էր, լեզուն սկսում էր անտանելի այրվել։ Այդ ժամանակ նրա բերանի մեջ ձագար դրեցին ու սկսեցին անընդհատ գինի լցնել։ Պիկրոշոլը բոլորովին հարբեց։ Նա դուրս վազեց փողոց և հրամայեց փչել փողերը։ Փողերը փչեցին, բերդի դարպասները բացվեցին, և Պիկրոշոկը զորքի գլուխն անցած հարձակվեց Գարգանտյուայի վրա։
 
Գարգանտյուան դիմավորեց նրան թնդանոթների կրակոցով։ Պիկրոշոլի զորքը սարսափահար կանգ առավ, հետո բոլորը նորից վազեցին դեպի բերդը, բայց վարդապետը մեծաքանակ զորքով դուրս եկավ նրանց առջև։ Զինվորները այս ու այն կողմ փախան։ Վարդապետը նրաց չէր հետապնդում։ Նա վախենում էր, որ քաղաքում մնացած զորքը կհարձակվի իրենց վրա թիկունքից։
 
Այն ժամանակ, երբ Պիկրոշոլը քաղաքից դուրս էր եկել թշնամու դեմ կռվելու, նրա կապիտանները և մյուս ռազմական պետերը ճանճերի պես վրա էին տվել իրենց թագավորին ուղարկած մուրաբայի վրա։ Դժվար է ասել, թե նրանք ինչ օրն ընկան։ Սաստիկ ծարավից ամեն բան մոռացած՝ նրանք լցվեցին թագավորի մառանը և այնքան գինի կոնծեցին, մինչև որ մեռածի պես ընկան գետին։
 
Այդ ժամանակ Գարգանտյուան հրամայեց, որ թնդանոթներով ռմբակոծեն բերդը։ Բերդի զորքերը, որոնք առանց հրամանատարի էին մնացել, պաշտպանվելով Գարգանտյուայի հարձակումից, կամաց֊կամաց հավաքվեցին բերդի մի կողմը։ Այդ բանից օգուտ քաղեց վարդապետը։ Թաքնվելով մացառուտի ետևում, աննկատելի կերպով անցավ բերդի մյուս կողմը և հարձակվեց բերդի չպաշտպանված մասի վրա։ Երբ բարձրացան պարիսպների վրա, նրանց առաջին գործը եղավ կոտորել պահակներին և բաց անել դարպասը, որով արյուձին ներս խուժեց բերդը և սլացավ դեպի գլխավոր դարպասը, որտեղ ձեռնամարտը պաշտպանողների ու հարձակվողների միջև առաջացրել էր մի սարսափելի ժխոր, և հենց այդ ժամանակ ներս խուժած արյուձին զարկեց թշնամու թիկունքին ու մեծ ջարդ տվեց նրան։
 
Երբ Պիկրոշոլը տեսավ, որ քաղաքը անձնատուր է եղել, ինքն էլ գլուխն առավ փախավ։ Դեպի գետը տանող ճանապարհին նրա ձին հանկած սայթաքեց։ Դա Պիկրոշոլին այնպիսի զայրույթ պատճառեց, որ թուրը քաշեց ու ձիուն տեղնուտեղը սպանեց։ Բայց այլևս ուրիշ ձի չէր կարող ճարել, այդ պատճառով էլ Պիկրոշոլը վճռեց մոտակա ջրաղացի էշը գողանալ և էշով շարունակել իր ճանապարհը։ Բայց ջրաղացպանները շատ շուտով իմացան, թե էշն ով է գողացել, բռնեցին խեղճ Պիկրոշոլին և մի լավ ծեծեցին։ Հետո խլեցին նրա թագավորական զգեստը և նրա առաջ ինչ֊որ ցնցոտիները շպրտեցին։
 
Այդ ցնցոտիները հագած Պիկրոշոլը մի կերպ հասավ Գյույո նավահանգիստը, որտեղ ապրում էր մի պառավ կախարդուհի։ Այդ կախարդուհին Պիկրոշոլին ասաց, թե նա իր թագավորությունը այն ժամանակ ետ կստանա, երբ աշուղի նեյնիմ֊նեյնիմները ձի հեծած կգան նրան օգնության։ Այդ օրվանից սկսած Պիկրոշոլ թագավորը անհետ կորավ և հայտնի չէ, թե ինչ եղավ։ Պատմում էին, թե նա Լիոնում է, ճակատի քրտինքով վաստակում է իր օրվա հացը և պատահողին միշտ միևնույն հարցն է տալիս, թե ձիավոր նեյնիմ֊նեյնիմները երբ են գալու։ Երևի, նա մինչև հիմա էլ դեռ հույս ունի, որ իր թագավորությունը ետ կստանա։
 
 
==ԳլուխXX==
 
Այն մասին, թե ինչպես են Գարգանտյուայի ընկերները կոտորում Անարխ թագվորի 660 ասպետներին
 
 
Մինչ այս, մինչ այն, Գարգանտյուային տեղեկություն բերին, թե հսկաներն արդեն եկել են և ճամբար խփել Ինչ֊որ թագավորության մեջ։ Գարգանտյուան որոշեց գնալ նրանց ընդառաջ։ Եվ ահա մեր բարեկամները գալիս են Նանտ քաղաքը, նավ են նստում ու գնում են ճամբորդելու։ Շուտով նրանք անցում են Ոչ֊մի կղզու մոտով, որից հեռու չէր և Ինչ֊որ թագավորությունը։
 
Երբ նրանք մոտեցան ափին, Գարգանտյուան ասաց․
 
― Տղերք, քաղաքը մեզնից մի քանի քայլ է հեռու։ Բայց նախքան այնտեղ գնալը պետք է իմանանք, թե այնտեղ որքան թշնամիներ կան և ինչ ցեղի են պատկանում։
 
Այն ժամանակ Գիմնաստն ու վարդապետը խնդրեցին Գարգանտյուային, որ իրենց ուղարկի հետախուզության։
 
― Թողեք, որ մենք գնանք, ― ասում էին նրանք, ― իսկ դուք մեզ սպասեցեք նավահանստում։ Հանգիստ եղեք, մենք հենց այսօր ամեն բան կիմանանք։
 
― Խոսք եմ տալիս, ― ասաց վարդապետը, ― որ կմտնեմ նրանց բանակը, կդիտեմ նրանց հրետանին, կլինեմ նրանց հրամանատարների վրաններում, և ոչ ոք ինձ չի ճանաչի։
 
― Իսկ ես, ― ավելացրեց Գիմնաստը, ― թռչունի պես կթռչեմ նրանց խրամատների վրայով և ոտի տակ կտամ նրանց ամբողջ բանակը։ Ես թեթև մարմին ունեմ, թշնամիները ինձ չեն նկատի։
 
Սակայն մինչ նրանք այստեղ դատում, խորհում էին, մոտակա բլրակի ետևից երևացին թեթևաշարժ ձիեր հեծած 660 ասպետներ, որոնք սրարշավ դիմում էին դեպի նավը, մտադրություն ունենալով գերի վերցնել մեր բարեկամներին։
 
Այն ժամանակ Գարգանտյուան ասաց․
 
― Տղերք, դուք վերադարձեք նավ, իսկ ես դուրս կգամ ընդառաջ և մեկ֊մեկ կսպանեմ նրանց, ինչպես շների։
 
― Ոչ, դրան համաձայն չեմ, ― ասաց վարդապետը, ― դուք նավում մնացեք, իսկ դրանց դատաստանը մենակ ես կտեսնեմ։
 
― Հայր սուրբը ճիշտ է ասում, ― պաշտպանեցին վարդապետին մյուսները, ― լավ է դուք հեռանաք։ Մենք կօգնենք հայր Ժանին, դուք այն ժամանակ կտեսնեք, թե մենք ինչ մարդիկ ենք։
 
Վարդապետը նավից քաշեց, դուրս գցեց ափ երկու ահագին պարան, որոնցից հանգույցներ շինեց և ծածկեց նրանցով ծովափը։ Պարանների մի մասը ամրացրեց նավի տախտակամածին և ասաց Եվդեմոնին․
 
― Հենց որ ձայն տամ, դու նավը շրջիր և պարանները դեպի քեզ ձգիր։
 
Հետո վարդապետը Գիմնաստին ու Պոնոկրատին կանգնեցրեց ծովի ափին ու ասաց նրանց․
 
― Կանգնեցեք այստեղ և այնպես ցույց տվեք, թե դուք անձնատուր եք լինում թշնամուն, միայն զգուշացեք, որ հանգույցի մեջ չընկնեք, թե չէ բաններդ վատ կլինի։
 
Ասպետները հողմի արագությամբ սլանում էին դեպի ափը։ Բայց ափի մոտ հողը ողորկ էր դարրձել ծովի ջրից, այդ պատճառով առջևի շարքի ձիերը սյաթաքեցին ու վայր ընկան։
 
― Պարոններ, ― ասաց վարդապետը, ասպետներին, ― մենք մեղք չունենք, ափն է այդպես ողորկ։ Մենք հանձնվում ենք ձեր գթասրտությանը։
 
― Անձնատուր ենք լինում, անձնատուր ենք լինում, ― գոչեցին նույնպես Գիմնաստն ու Պոնոկրատը։
 
Ասպետները շարունակ մոտենում էին, իսկ վարդապետը շարունակ ետ֊ետ էր գնում, մինչև նկատեց, որ բոլորը ասպետները հանգույցների վրա են։
 
Այն ժամանակ վարդապետը ձայն տվեց Եվդեմոնին․
 
― Ձգի՛ր, ձգի՛ր։
 
Եվդեմոնը նույն րոպեին շրջեց նավը, պարանները փաթաթվեցին ձիերի ոտքերին, և ասպետները դեռ չհասկացած, թե բանը ինչումն է, իրենց ձիերով թափվեցին ծովը ու խեղդվեցին։ Նրանցից միայն մեկն ազատվեց, որը տաճկական ձի ուներ։ Նրա ձին կարողացավ դուրս պրծնել հանգույցից և հեծյալի հետ միասին սլացավ դեպի ետ։ Բայց Գիմնաստը հետապնդեց նրան և մի հարյուր քայլից թռավ ձիու գավակը։ Ասպետին Գիմնաստը զինաթափ արեց ու գերի վերցրեց։
 
Գարգանտյուան շատ ուրախացավ հաղթանակի համար և գովեց վարդապետին, որ այդպիսի զարմանալի ճարպկություն ցույց տվեց։ Բոլորը ափ դուրս եկան մի բան ուտելու և մի փոքր հանգստանալու իրենց արդար վաստակից հետո։ Նրանք հյուրասիրում էին և գերուն, որը մի բանից էր միայն վախենում՝ չլինի թե հանկարծ Գարգանտյուան իրեն ողջ֊ողջ կուլ տա։ Գարգանտյուայի համար դա ամենևին դժվար բան չէր։ Նա կարող էր մարդուն նույնքան հեշտությամբ կուլ տալ, ինչպես դուք շաքարած նուշը։
 
 
==Գլուխ XXI==
 
Այն մասին, թե ինչպես Գարգանտյուան և Ժան վարդապետը երկու նշանավոր արձան են կանգնեցնում ծովափին
 
 
Նրանց քեֆի ժամանակ Պոնոկրատն ասաց․
 
― Մի՞թե մենք որսի միս չպիտի ուտենք։ Հոգիներս դուրս եկավ մեր նավում աղ դրած միս ուտելով։ Մի գնամ տեսնեմ, չի՞ կարելի արդյոք մի բան որսալ։
 
Եվ նա հենց տեղից վեր կացավ թե չէ, տեսավ անտառի եզրին մի մեծ ու գեղեցիկ այծամ։ Պոնոկրատը նետի պես սլացավ նրա ետևից և իսկուն բռնեց․ դրանից բացի նա օդի մեջ բռնեց 26 կաքավ, 9 կտցար և 32 վայրի աղավնի։ Վերադարձին ոտքերով սպանեց մի դյուժին նապաստակ, տասնհինգ վարազ և երեք մեծ աղվես։
 
Այդքան բազմատեսակ որսով ծանրաբեռնված վերադարձավ իր բարեկամների մոտ և ինչքան ուժ ուներ գոռաց․
 
― Եղբա՜յր Ժան, սիրելի բարեկամ, քացախ ճարիր, քացա՜խ, քացա՜խ։
 
Գարգանտյուան կարծեց, որ Պոնոկրատը իրեն վատ է զգում և պատվիրեց որ քացախ բերեն։ Բայց վարդապետը գլխի ընկավ, որ նրա խոսքերից խորովածի հոտ է գալիս և իսկույն ինը շամփուր բերեց։ Այնուհետև մեծ խարույկ վառեցին և ստիպեցին գերուն, որ որսած կենդանիները խորովի։ Երբ ամեն բան պատրաստ էր, նրանց քեֆին այլևս քեֆ չէր հասնի։ Շատ հաճելի էր տեսնել, թե ինչպես են աշխատում նրանց ծնոտները։
 
Խնջույքը վերջանալուց հետո Գարգանտյուան ասաց․
 
― Այստեղից հեռանալուց առաջ ես ուզում եմ մի հոյակապ արձան կանգնեցնել ի պատիվ մեր հաղթության։
 
Եվ ահա ուրախ երգելով ու կատակելով, նրանք հողի մեջ մի ահագին փայտե սյուն տնկեցին։ Այդ սյունից կախեցին մարտական թամբ, զրահ, ասպանդակ, տապար, սուր և երկաթե ձեռնոցներ։
 
Իսկ Գարգանտյուան գրեց հետևայլ մակագրությունը․
 
:::::::::Այստեղ աչքի ընկնող գործ են կատարել
 
:::::::::::Չորս Քաջարի Ասպետներ,
 
::::::::::որոնք զինված էին, ոչ միայն զրահով,
 
::::::::::::::այլև խելքով․
 
::::::::Թագավորներ, Դուքսեր, Գյուղացիներ և Զինվորներ
 
:::::::::::օրինակ վերցրեք նրանցից
 
:::::::::::::և հիշեցեք,
 
:::::::::::::որ մարդուս խելքը
 
::::::::::::ավելի ուժեղ է, քան բռունցքը։
 
 
Այն ժամանակ, երբ Գարգանտյուան հորինում էր այս մակագրությունը, վարդապետը մի ուրիշ սյուն տնկեց, որի վրա մեխեց երեք նապաստակների ականջներ, կաքավի մի թև, քացախով լիքը մի սրվակ, աղով լիքը մի փոքրիկ տուփ, մի հին ու ծակ կաթսա և անագե մի գավաթ։ Եվ հետևելով Գարգանտյուայի օրինակին գրեց հետևյալը՝
 
 
::::::::::::::Հենց նույն այս տեղում
 
::::::::::::::Չորս Դատարկապորտներ
 
::::::::::::::գետնին ուրախ նստած,
 
:::::::::::քեֆ էին անում ամբողջ օր ու գիշեր,
 
:::::::::::եվ հոգոցն հանգուցելոց եղավ
 
:::::::::::պարոն Նապաստակը,
 
:::::::::::որին բռնել և տապակել էին՝
 
:::::::::::քացախի մեջ դրած և աղած։
 
:::::::Թագավորներ, Դուքսեր, Գյուղացիներ և Զինվորներ,
 
::::::::::հիշեցեք,
 
:::::::::::::որ շոգ ժամանակ
 
::::::::::նապաստակն առանց քացախ ուտելը
 
:::::::::::::::Շատ վնաս է։
 
 
Դե տղերք, բավական է որքան զվարճացանք, ― ասաց Գարգանտյուան, երբ բոլորը սրտները ուզածին չափ ծիծաղեցին այս արձանագրությունը կարդալիս։ ― Այժմ պետք է մտածենք, թե ինչպես գանք Անարխ թագավորի հսկաների հախիցը։
 
― Այ ինչ եմ ասել խելոք խոսքին, ― պատասխանեց վարդապետը և հանկարծ տեղիցը վեր ցատկելով գոչեց․
 
― Կեցցե՜ Գարգանտյուան։
 
Գարգանտյուան ուզում էր նույն եղանակով նրան պատասխանել, բայց հանկարծ այնպես փռշտաց, որ ամբողջ երկիրը դղրդաց նրանց չորս կողմը, և նրա այդ աշխարհասասան փռշտոցի հետ միառժամանակ երևան եկան 53000 հազար թզուկ տղամարդիկ, նույնքան էլ կանայք։
 
― Համա ինչ լավ փռշտալ գիտեք, ― ասաց վարդապետը։ ― Աստված վկա, սրանք հրաշալի թզուկներ են, սրանց պետք է իսկույն պսակել միմյանց հետ։
 
Այդպես էլ արեց Գարգանտյուան։ Նրանց բնակության համար հատկացրեց մի փոքրիկ կղզյակ, և թզուկներն այնտեղ աճեցին ու բազմացան։ Սակայն ասում են, որ կռունկները նրանց հետ շարունակ համառ պատերազմ են մղում։ Թզուկները քաջությամբ կռվում են կռունկների հետ և հավանորեն շուտով կհաղթեն նրանց։<ref>Վերածնության դարաշրջանում համարյա յուրաքանչյուր արքունիքում կամ դղյակում պահում էին թզուկ ծաղրածուներ։ Հնուց գոյություն է ունեցել այն ավանդույթը, թե թզուկները պատերազմ են մղում կռունկների դեմ։</ref>
Ադմին, Վստահելի
1876
edits