― Այն ժամանակ մի օր էլ դու ինքդ կրակի մեջ կընկնես, ― պատասխանեց Ժանը, ― սատանաները շատ են սիրում քեզպեսներին, լավ հիշիր ասածս, բարեկամ։
==Գլուխ XVI==
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը ժամանում Ազգականների կղզին
Նավարկության երրորդ օրը լուսաբացին մենք տեսանք մի եռանկյունի կղզի՝ Սիցիլիային շատ նման։ Այդ կղզին կոչվում էր Ազգականների կղզի։ Այդ կղզու բոլոր բնակիչները իրար ազգական էին և շատ պարծենում էին դրանով։ Զարմանալի էր նաև այն, որ նրանք երբեք չէին ասում «իմ հայրը», «իմ դուստրը», «իմ մայրը», ինչպես ասում են ամեն տեղ։ Ազգականների կղզու բնակիչները տարօրինակ մականուններ ունեին։
― Բարև Օձաձուկ, ― ողջունում էր ազգականներից մեկն իր հարևանին։
― Բարև Ծովացուլ, ― պատասխանում էր հարևանը։
― Ինչպես ես Գրասեղան, ― հարցնում էր մեկ ուրիշը։
― Շատ լավ, Քերոց, իսկ դու ինչպե՞ս ես, ― պատասխանում էր ընկերը։
Մի երրորդ այսպես էր ողջունում իր ազգականուհուն․
― Բարի լույս, Կացին։
― Բարի լույս, կացնի կոթ, ― պատասխանում էր ազգականուհին։ Փողոցով անցնելիս այսպիսի խոսակցություն էինք լսում․
― Բարև Հացամիջուկ։
― Բարև Հացակեղև։
― Չգիտե՞ս, ուր է գնացել Օդը։
― Զբոսնելու է գնացել Կրակաքաշի հետ։
Կղզում զբոսնելուց հետո մենք մտանք մի պանդոկ ճաշելու։ Այդ ժամանակ պանդոկում երեք հարսանիք կար։ Մեր աչքի առաջ ջահել ու գեղեցիկ Տանձին մարդու էին տալիս Հոլանդական Պանրին, որի երեսին նշմարվում էր կարմրավուն աղվամազ։ Մյուս դահլիճում Հին Կոշիկը ամուսնանում էր ջահել ու գեղեցիկ Բոտիի հետ։ Պանտագրյուելին ասացին, որ ջահել Բոտին նրա համար է մարդու գնում Կոշիկին, որ Կոշիկին շատ ճարպ է քսված, որը կարող է պետք գալ տնտեսության մեջ։ Երրորդ դահլիճում ջահել Գուլպան ամուսնանում էր պառավ Հողաթափի հետ։ Ասում էին, որ Գուլպան պառավ Հողաթափին կնության է առնում միայն նրա համար, որ Հողաթափը զարդարված է ոսկով ու թանկագին քարերով։
==Գլուխ XVII==
Այն մասին, թե ինչպես է Պանտագրյուելը գալիս Դատամոլների կղզին
Հետևյալ օրը մենք հասանք Դատամոլների կղզին։ Աներևակայելի կեղտոտ էր այդ կղզին։ Դատամոլները մեզ ուտելու և խմելու ոչ մի բան չտվին։ Գլուխները հազար անգամ խոնարհելով և անվերջանալի ծամածռություններով նրանք մեզ հայտնում էին, որ պատրաստ են դրամով մատուցել իրենց ծառայությունը։ Թարգմանիչներից մեկը Պանտագրյուելին ասաց, որ դատամոլները իրենց ծեծել տալով են հաց վաստակում։ Երբ երկար ժամանակ նրանցից մեկը ծեծ չի ուտում, քաղցից մեռնում է։
― Ծեծվելու գործը այսպես է կատարվում, ― ասաց թարգմանիչը ― երբ մի տերտեր, վարդապետ կամ վաշխառու ուզում է մեկին վնասել, նրան գցում է դատամոլի ճանկը։ Դատամոլը քարշ է տալիս նրան դատարան, ենթարկում է հազար ու մի դատարանական քաշքշուկների և իր լկտիությամբ այնքան է իր զոհին համբերությունից հանում, որ վերջինս ճարը կտրած փայտն առնում ու դատամոլին մի լավ ծեծում է։ Խեղճը դրա համար ենթարկվում է տուգանքի, իսկ դատամոլի ուզածն էլ հենց այդ է լինում։ Դատամոլը դրանից հետո մի չորս ամսով հարստանում է և իր քեֆին ապրում։
― Այդ փորձանքից ազատվելու համար ես մի լավ միջոց գիտեմ, ― ասաց Պանուրգը։
― Ի՞նչ միջոց, ― հարցրեց Պանտագրյուելը։
― Լսեցեք ասեմ, ― ասաց Պանուրգը։ ― Դե Բաշե անունով մի մարդ է լինում, որի օձիքից այնքան պինդ են բռնում դատամոլները, որ նրանցից ազատվելու ոչ մի միջոց չի լինում։ Դե Բաշեն քաջ և վեհանձն մարդ է լինում, բայց դատամոլները նրան այնքան են տանջում, որ նա վճռում է ինչ էլ լինի նրանցից անպայման ազատվի։ Մի օր ճաշի է հրավիրում իր մոտ հացթուխ Լուարին իր կնոջ հետ, իր բարեկամ քահանային և իր բոլոր ծառաներին ու ասում․
― Բարեկամներ, դուք տեսնում եք, թե ինչպես են հոգիս հանում ու ինձ տանջում այդ սրիկա դատամոլները։ Ես վճռել եմ նրանցից ազատվել և խնդրում եմ ձեր օգնությունը։ Հաջորդ կիրակի դուք, պարոն հացթուխ, և ձեր կինը երկուսով եկեք ինձ մոտ պսակի զգեստ հագած։ Մենք ցույց կտանք, որ հարսանիք ենք անում։ Դուք, տեր հայր, եկեք ինչպես հարկն է զգեստավորված, իսկ դուք, պարոն երաժիշտ, ձեզ հետ վերցրեք սրինգ ու թմբուկ։ Դուք անշուշտ գիտեք, որ մեր հարսանիքներում սովորություն կա միմյանց թեթև ծեծել հարսանիքի հիշատակը հավերժացնելու համար։ Այ հենց այդ սովորությունից մենք կօգտվենք դատամոլին մի լավ պատժելու համար։ Երբ նորապսակները համբուրվեն, դուք բոլորդ թեթևակի իրար բամփեցեք, իսկ երբ հերթը հասնի դատամոլին, այն ժամանակ ազատություն տվեք ձեր բռունցքներին։ Շատ եմ խնդրում, ծեծեցեք նրան որքան ուժ ունեք։ Ահա տալիս եմ ձեզ կաշեպատ երկաթի նոր ձեռնոցներ։ Հագցրեք ձեռքներիդ և որքան կարող եք շատ ծեծեք այդ սրիկային։ Որքան շատ ծեծեք, այնքան մեծ բավականություն կպատճառեք ինձ։
Հետևյալ կիրակի օրը, նրանց սպասածի համաձայն, դե Բաշեի մոտ եկավ հաստլիկ ու կարմրաթուշ դատամոլը։ Դռնապանն իսկույն ճանաչեց նրան, նրա ձեռքին կտավե տոպրակի մեջ դատական ծանուցագրեր տեսնելով։ Դռնապանը քաղաքավարությամբ բարևեց դատամոլին և իսկույն զանգը խփեց, որ իմաց տա դատամոլի գալը։ Հացուխն և նրա կինը իսկույն հագան պսակի զգեստը և քահանայի հետ ներս մտան ընդհանուր դահլիճը։ Դատամոլին հրավիրեցին սեղանի մոտ այն ժամանակ, երբ բոլորը հագնում էին երկաթե ձեռնոցները։ Դատամոլին հյուրասիրում էին և գինի խմեցնում։
«Շատ լավ ժամանակ եք եկել դուք, ― ասում էին դատամոլին, ― մեզ մոտ այսօր հարսանիք կա, խնդրում ենք, կերեք, խմեք, ուրախացեք»։
Հենց որ դատամոլը մի քիչ խմեց, նրան հրավիրեցին ընդհանուր դահլիճ, որտեղ ամեն ինչ արդեն պատրաստ էր։ Երբ հերթը բռունցքներին հասավ, դատամոլին այնպես դմփեցին, որ նա իր օրում չէր տեսել։ Ամենից շատ ծեծեց տեր հայրը, որին Հարված էին ասում՝ սաստիկ ուժեղ լինելու պատճառով։ Մեծարգո Հարվածը իր շուրջառի ծայրով ծածկել էր երկաթե ձեռնոցը և այնպիսի հարվածներ էր հասցնում դատամոլին, որ նրա կողերից ութը ջարդեց։ Երբ ծեծն ուտելուց հետո դատամոլը տուն վերադարձավ, նրա ամբողջ մարմինը հարվածներից խայտաբղետ էր դարձել, և այն գնալն էր, որ գնաց ու այլևս չերևաց։
― Գուցե ավելի լավ կլիներ, եթե հենց իրեն՝ տերտերին ծեծած լինեին այդ ձեռնոցներով, ― ասաց Էպիտեմոնը։ ― Ի՞նչ մեղք են գործել այդ խեղճ դատամոլները։ Գուցե նրանք ամենևին վատ մարդիկ չեն։
― Այ հիմա մենք դա փորձով կիմանանք, ― ասաց եղբայր Ժանը։
Այս խոսքերն ասելիս նա գրպանից հանեց ոսկիներով լի իր քսակը և ասաց բարձրարայն․
― Է՜յ, ո՞վ է ցանկանում մի ոսկի դրամ աշխատել մի լավ քոթուկ ուտելու համար։
― Ես, ես, ես, ― գոչեցին դատամոլները։ ― Քոթակեցեք մեզ, պարոններ, որքան ցանկանում եք, միայն թե դրամ տվեք։
Հայր սուրբ Ժանն ընտրեց մի կարմրերես դատամոլ և ասաց նրան, որ առաջ գա։ Դատամոլների ամբոխը նախանձից տրտնջաց։ Առանձնապես անբավական էր մի բարձրահասակ ու նիհար դատամոլ, որ մի գիտնական մարդ էր և հարգանք էր վայելում եկեղեցական դատարանում։
― Ինչի՞ նման է այս, ― տրտնջալով ասում էր նա, ― այս Կարմիր Մռութը բոլոր մուշտարիներին մեր ձեռքից խլում է։ Ինչո՞ւ պետք է երեսուն հարվածից քսանութը նրան բաժին հասնի։ Մենք դարձյալ ծեծից զուրկ պետք է մնանք։
Ժան վարդապետը Կարմիր Մռութին այնքան ծեծեց, որ ձեռքերը թուլացան։ Դրանից հետո նա խոստացած ոսկե դրամը տվեց դատամոլին, իսկ այդ ապուշը, որի մարմնի վրա առողջ տեղ չէր մնացել, իրեն սաստիկ երջանիկ էր զգում կերած ծեծի համար։
― Է՜յ, պարոն սատանայապետ, ― ասում էին Ժանին մնացած դատամոլները, ― չէի՞ք ցանկանա արդյոք մեզանից մեկին էլ այդպիսի քոթակի արժանացնել, մենք պատրաստ ենք վճարից մի բան էլ պակասեցնել։ Մեզանից մեկին էլ ընտրեցեք։
― Գնացեք կորեք, լրբեր, ― աղաղակեց Կարմիր Մռութը ― ես չեմ թողնի, որ մուշտարիներիս ինձանից խլեք։ Նրանք ինձ են ընտրել և ոչ ձեզ։ Ձեզ բոլորիդ դատի եմ կանչում, գրողի արարածներ, ձեզ դատարաններում այնքան քարշ տամ, որ հոգիներդ դուրս գա։
― Պարոն սատանա, ― ավելացրեց նա, դառնալով դեպի հայր սուրբ Ժանը, ― դուք անշուշտ ոչ մի կասկած չունեք այժմ, որ ես իմ գործը հիանալի գիտեմ, շատ եմ խնդրում, ինձ մեկ էլ ծեծեցեք։ Ես համաձայն եմ կես գին ստանալու։ Հավատացեք, դա շատ էժան է։
Մյուս դատամոլները շրջապատել էին Պանուրգին, Էպիտեմոնին ու Գիմնաստին և իրենց ծառայությունն էին առաջարկում նրանց։ Դատամոլները այնպիսի աներեսությամբ էին կպել մեզանից, այնպես էին մեր զահլաները տանում, որ մենք ստիպված եղանք շուտով վերադառնալ նավը և հեռանալ այդ զզվելի կղզուց։
==Գլուխ XIII==
Այն մասին, թե ինչպես փոթորիկ բարձրացավ ծովի վրա
Պանտագրյուելը նստած էր նավում մտահոգված ու տրտում։ Նավապետը աչքը չէր հեռացնում հողմացույցից, տեսնելու համար, թե ինչպես է պտտվում։ Հողմացույցը լավ բան չէր գուշակում։ Նշաններից երևում էր, որ փոթորիկ է լինելու։ Նավապետը պատվիրեց նավաստիներին պատրաստ և աչալուրջ լինել։ Կայմի առագաստները իջեցրին, թողեցին միայն երկու կողմերի առագաստները։
Ծովը հանկարծ բարձրացավ ու մռնչաց։ Ահագին ալիքները խփում էին նավի կողերին։ Ահռելի ուժով փչեց հյուսիս֊արևելյան քամին և այնպիսի շաչ ու շառաջ բարձրացրեց կայմաձողի մեջ, որ մարդու ականջ էր խլանում։ Ամպերի գոռոցից դղրդում էր երկինքը, փայլատակում էր կայծակը, տեղում էր անձրևը։ Հանկարծ մութը պատեց ամեն կողմ և միայն կայծակն էր երբեմն լուսավորում փոթորկող ու մոլեգնած ծովը։
Պանուրգը ահից ու սարսափից իրեն կորցրած պպզել էր մի տեղ։
― Ողորմած աստված, ― ասում էր նա, ― այս ալիքները կքշեն ու մեզ ծովը կգցեն։ Բարեկամներ, ինձ մի քիչ քացախ տվեք, խմեմ, երկյուղից ես քրտնակոխ եմ եղել։ Վայ մեզ, առագաստները ծվեն֊ծվեն են եղել, թոկերը կտրատվում են, կայմերը կոտրատվում։ Ավա՜ղ, ավա՜ղ, ամեն ինչ կորած է։ Մի ճար արեք ինձ, թողեք որ ես թաքնվեմ ճաղերի ետևում։ Տեսեք, ձեր լապտերը վայր ընկավ։ Լսո՞ւմ եք, ինչպես է ճաքում ղեկը։ Երևի արդեն կոտրվել է։ Ավա՜ղ, այս ինչ փորձանք եկավ մեր գլխին։ Պարոն ղեկապետ, նայեք կողմնացույցին և դատեք, թե ո՞ր կողմից է փչում այս անիծված քամին։ Ազնիվ խոսք, ես սարսափից մեռնում եմ։ Վա՜յ, վա՜յ, փրկեցեք ինձ, ես խեղդվում եմ։
Այն ժամանակ, երբ Պանուրգը հեծում ու ողբում էր, Պանտագրյուելը նավապետի խորհրդով մոտեցավ գլխավոր կայմին և երկու ձեռքով պինդ բռնեց նրանից։ Եղբայր Ժանը, Էպիտեմոնը, Պոնոկրատը և մյուսները հանեցին իրենց բաճկոնները և սկսեցին օգնել նավաստիներին։ Միայն Պանուրգն էր, որ ոչինչ չէր անում։ Նա կուչ եկած նստել էր տախտակամածում և դառնագին լալիս էր։
― Աստված վկա, մեր Պանուրգը կատարյալ մոզի է, ― ասաց Ժանը։
― Է՜յ, լալկան Պանուրգ, աղմկարար Պանուրգ, ի՞նչ ես պպզել, կարծես կավից շինած խրտվիլակ լինես, շուտ եկ մեզ օգնի։
― Վա՜յ, վա՜յ, եղբայր Ժան, սիրելի բարեկամ, ես խեղդվում եմ, ջրի տակն եմ գնում, ― պատասխանում էր Պանուրգը։ ― Վայ ինձ, վերջս հասել է։ Սիրելի բարեկամներ, տեսեք, տեսեք կոշիկներիս մեջ արդեն ջուր է լցվել։ Ա՜խ, այս զարհումար ալիքը․․․ Ո՛չ, ո՛չ, ես ուզում էի ասել, այս աստծու պատիժ ալիքը մեր նավը ջրասույզ կանի։ Հայր սուրբ Ժան, հայր իմ, խոստովանեցրու ինձ։ Ահա ես ծունկ չոքած ասում եմ՝ հայր մեր, որ երկինս․․․
― Արի մեզ օգնի, շատ լակոտ, ― գոռաց Ժանը, ― քեզ եմ ասում, կգաս թե չէ, սատանի բաժին։
― Լավ է սատանայի անուն չտաք, ― լալագին ասում է Պանուրգը, առանց տեղից շարժվելու։ ― Վաղը որքան կուզես, բայց այսօր ոչ։ Վա՜յ, այս ի՞նչ է, նավի մեջ ջուր է լցվում։ Տեսեք, տեսեք, մենք ջրասույզ ենք լինում։ Խոստանում եմ ձեր վանքին մի զանգ նվիրել, թե ողջ֊առողջ ցամաք դուրս գամ։ Սիրելի բարեկամներ, ուզում եմ կտակս գրել։
― Այ դու հազար սատանաների բաժին դառնաս, սրիկա, ― ասաց Ժանը, ― ժամանակ է գտել կտակի մասին մտածելու, երբ բոլորս պետք է, որքան ուժ ունենք, աշխատենք։ Գիմնաստ, սիրելիս, եկ այստեղ, նավի ետին մասը։ Աստված վկա, այս անտեր ալիքը մեզ խորտակելու է։ Տեսար, լապտերն էլ հանգավ։ Երևում է, որ բոլորս էլ սատանայի բաժին ենք դառնալու։
― Վա՜յ, մենք կորանք, ― լաց էր լինում Պանուրգը, ― ես ծովի ջուր կուլ տվի, ինքան աղի է, ես խեղդվում եմ, ես մեռնում եմ, օգնեցեք, սիրելի բարեկամներ։
― Եթե ձայնդ չկտրես, ողորմելի արարած, ես քեզ շնաձկներին բաժին կդարձնեմ, ― ասաց Ժանը։ ― Աստված վկա, լավ կլինի դրան ծովը գցենք։ Էյ, ղեկավար, մի վախենա, բարեկամ։ Տո այս ինչ կայծակ էր, կարծես բոլոր դևերը կտրել են իրենց շղթաները։
― Մի երդվիր, Ժան, սիրելի բարեկամ, ― աղաչում էր Պանուրգը, ― մեծ մեղք է երդում ուտելը, մենք բոլորս ջրասույզ կլինենք քեզ պես մեղսագործի պատճառով։
― Սա խելքը բոլորովին կորցրել է, ― ասաց Ժանը, ― ինչո՞ւ չես մեզ օգնում, իշու ձագ, ի՞նչ ես տեղումդ պինդ նստել ու փնթփնթում, աստված վկա, եթե կենդանի մնամ, այդ ծույլ անասունին այնպես կքոթակեմ, որ մինչև կյանքի վերջը չի մոռանա։ Յունգա, սիրելիս, եկ այստեղ։ Պինդ կաց տեղումդ, մինչև այս ծովային հանգույցը վերջացնեմ։ Պոնոկրատ, հոգիս, հեռացիր այդտեղից, կարող ես վնասվել։ Զգույշ, զգույշ, Էպիտեմոն, կընկնես։ Աստված իմ, ի՞նչ պատահեց այնտեղ։ Նավաքիթը ջարդուփշուր եղավ։
― Վա՜յ֊վա՜յ֊վա՜յ, ― լսվում էր Պանուրգի ձայնը, ― ոչ երկինքն եմ տեսնում, ոչ գետինը, չորս կողմը միայն ջուր է։ Ախ, մեկ էլ լինեմ Փարիզում կարկանդակավաճառ Ինոկենտիոսի նախշած խանութում կամ Սելիեում, վանքի այգում։ Ղեկապետ, չէի՞ք կարող արդյոք ինձ ափ դուրս բերել։ Ես ձեզ կվճարեի իմ ունեցած ամբողջ դրամը։ Սիրելի բարեկամներ, եթե մենք անկարող ենք նավահանգիստ մտնել, գոնե կանգ առնենք որևէ մի հեռակայանում։ Բոլոր խարիսխներն իջեցրեք։ Անգին բարեկամ, աղաչում եմ, իջեցրեք խորաչափը, գուցե այստեղ շատ խոր չի։
― Բռնիր ղեկը, ― բղավեց ղեկապետը, ― ամրացրու առջևի կայմի առագաստի պարանը։ Պարզեցեք առագաստերն այնպես, որ նավն անշարժ մնա։ Թողեք ղեկալծակը։
― Մի՞թե գործը դրան է հասել, ― ասաց Պանտագրյուելը։ ― Ողորմած տեր, դու փրկիր և ազատիր մեզ։
― Պարզել առագաստները, շուտով, նավը կանգնեցնել, ― գոչեց ղեկապետը, ― այժմ հրաշքը միայն կարող է մեզ փրկել։
― Շուտ արեք, դևի զավակներ, կանգնեցրեք նավը, ― աղաղակում էր Ժանը, ― ինձ մի կում գինի տվեք։ Միևնույն է, գինին էլ այժմ սատանայի բաժին է դառնալու։ Որտե՞ղ է իմ սրվակը։ Ա՜յ քեզ կայծակ։ Այսօր երևի սատանաները մեծ տոնախմբություն ունեն։
― Վա՜յ ինձ, ― հեծեծում է Պանուրգը, ― Ժան վարդապետ, ― դու քո հոգին կորստի ես մատնում։ Վայ ինձ, վայ ինձ, ես ջրասույզ եմ լինում։ Թույլ տվեք մի փոքրիկ կտակ կազմեմ․․․
― Դու զառանցում ես, ― ասաց նրան Ժանը, ― ինչ լավ կլինի, որ դու էլ քո կտակն էլ սատանաների բաժին դառնաք։ Մի՞թե դու կարծում ես, որ մեր նավը կանգնած է նավահանգստում։ Չե՞ս տեսնում, հիմար, ոչ մի հնար չկա այստեղից ազատվելու։ Այսօր սատանաները երևի քեֆ են սարքել ծովի վրա։
Հենց այդ րոպեին լսվեց Պանտագրյուելի աղիողորմ ձայնը․
― Տեր, դու փրկիր մեզ, մենք կործանվում ենք։
Վա՜յ, վա՜յ, ― կրկնում էր շարունակ Պանուրգը։
==Գլուխ XIX==
Այն մասին, թե ինչպես փոթորիկը վերջանալուց հետո Պանուրգը նորից ուրախ մարդ է դառնում
Երբ սարսափը համակել էր բոլորին և նավում սաստիկ իրարանցում էր տիրում, Պանտագրյուելը հանկարծ բարձրաձայն գոչեց․
― Ցամա՜ք, ցամա՜ք։ Ես ցամաք եմ տեսնում։ Արիացեք, տղերք, մենք մոտ ենք նավահանգստին։ Տեսեք, երկինքն էլ է պարզվում։
― Պարզե՜լ առագաստները, ― գոչեց նավապետը, ― ղեկավարեցեք։
― Կատարված է, ― պատասխանեցին նավաստիները։
― Նայեցեք, նայեցեք, ― գոչեց Էպիտեմոնը, ― ահա լավ երևում է ցամաքը։ Տեսեք, ինչպես է վառվում փարոսի կրակը։ Նավահանգստում շատ ժողովուրդ կա։
― Պտույտ տուր հրվանդանի մոտով, ― հրամայեց նավապետը։
― Կատարված է, ― պատասխանեցին նավաստիները։
― Ահա տեսեք, հսկիչ նավեր են գալիս մեզ օգնելու, ― ասաց նավապետը։ ― Արիացեք, տղերք։
― Ոսկե խոսքեր եմ լսում, ― ասաց Պանուրգը, ― արիացեք տղերք, արիացեք։
― Այ դու սատանայի աղբ, ― ասաց Ժան վարդապետը, ― երդվում եմ, որ քեզ մի կաթիլ գինի չեմ տա։ Գիմնաստ, սիրելիս, բեր ինձ համար մի փարչ գինի, մի քիչ էլ հետը խոզապուխտ ու հաց։
― Տեսեք, ահա և հսկիչ նավերը, ― ասաց Պանտագրյուելը, ― ես շատ լավ տեսնում եմ։ Երկու բեռնանավակներ են, երեք գալերներ, հինգ անգլիական նավեր, չորս գոնդոլներ և վեց ֆրեգատներ։ Բայց ո՞վ է, որ այդպես սուգ ու շիվան է բարձրացրել։ Չէ՞ որ մեզ այլևս ոչ մի վտանգ չի սպառնում։
― Այդ Պանուրգն է հորթի դողով բռնվել, ― ասաց Ժանը։
― Սուտ եք ասում, ― բացականչեց Պանուրգը։ ― Ամեն բան գնում է իր կարգով։ Խնդրում եմ, ինձ ամենից առաջ ցամաք դուրս բերեք։ Այնտեղ մի քանի գործեր ունեմ անելու։ Թողեք ես ձեզ օգնեմ։ Տվեք այդ պարանը ես փաթաթեմ։ Դուք կարծում եք ես վախեցա՞։ Ամենևին։ Ճիշտ է, այն ալիքը որ նավի վրայով մի ծայրից անցավ մյուսը, ինձ մի վայրկյան շփոթեցրեց, բայց միայն մի վայրկյան։ Պարզեցեք առագաստները։ Եղբայր Ժան, ի՞նչ եք ձեռքներդ ծալած նստել։ Ի՞նչ գինի խմելու ժամանակ է։ Է՜յ, նավաստիներ, մի քիչ արագ շարժվեցեք։ Այ, այդպես։ Հիմա որ գործը լավ է գնում։
― Եթե ես քեզ պես աշխատեի, ― ասաց եղբայր Ժանը, ― վանքի այգին ամենևին գոյություն չէր ունենա։
― Այս ինչ եմ տեսնում, շարունակում է Պանուրգը, ― եղբայր Ժանը բոլորովին անգործ նստած է։ Այ, թե ով է դատարկապորտը։ Մինչդեռ ես քրտնաթոր ախատում եմ և օգնում այդ հրաշալի նավաստուն։ Ասացեք բարեկամ, այս նավի տախտակների հաստությունը որքա՞ն կլինի։
― Տախտակամածի հաստությունը երկու մատ է, ― պատասխանեց նավաստին։
― Տեր, ողորմա մեզ, կնշանակի մենք երկու մատ ենք հեռու եղել մահից։ Հա՜, հա՜, հա՜, երևի ձեր սիրտը ճաքել է մահից, սիրելիս։ Իսկ ես ոչ մի բանից չեմ վախենում։ Հենց դրա համար էլ ինձ Պանուրգ Անվախ են անվանում։ Արիացեք, պարոններ, արիացեք։ Խնդրեմ իջեցրեք սանդուղքը, որ ես ափ դուրս գամ։ Էլ, մակույկը մոտ բերեք, դարձյալ իմ օգնության կարիքն ունեք։ Ես եզան պես եմ աշխատել, բայց խնդրում եմ, չխնայեք ինձ։ Մարդս հենց նրա համար է ստեղծված, որ աշխատի։ Բոլոր դատարկապորտները սրիկաներ են։ Ուշք մի դարձրեք Ժան վարդապետի վրա, նա վախից քիչ է մնում մեռնի։
― Չէ, բարեկամ, ― ասաց Ժանը, եթե կա մեկը, որ այսօր վախից քիչ էր մնում մեռնի, հենց դու ես, որ կաս։ Բայց պետք է ասեմ, որ բոլորովին զուր է քո վախը։ Քեզ վիճակված չի ջրում խեղդվել։ Քեզ անշուշտ կկախեն կամ կենդանի կայրեն։ Պարոններ, ձեզնից ով ուզում է անձրևի թիկնոց ունենալ, թող Պանուրգի կաշին մաշկի ու նրանով ծածկվի։ Երդվում եմ կարգովս, երբեք չեք թրջվի։ Բացի այդ, եթե ջուրն էլ ընկնեք, չեք խեղդվի։ Պանուգրի կաշին ջրից չի վախենում։
― Լա՛վ, թողնենք այդ, ― ասաց Պանուրգը։ ― Այդպիսի փոթորկի ժամանակ մարդ ակամայից մի քիչ կշփոթվի, դա մեղք չի։ Մի ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել և ձեզ նախազգուշացնել։ Դուք երևի հիշում եք իմ խոստումը, որ եթե փոթորկից ողջ֊առողջ ազատվեմ, մի զանգ նվիրեմ ձեր վանքին։ Խնդրում եմ նկատի ունենալ, որ խոսքս ոչ թե մեծ զանգի մասին էր, որ կախում են զանգակատանը, այլ փոքրիկ զանգակի մասին, ավելի ճիշտ բոժոժի մասին՝ վանքի ձիու վզից կախելու համար։ Մի սիրուն ու փոքրիկ բոժոժ, որ կախված կլինի ձիու վզից և ման գալիս կզնզնգա։ Նախազգուշացնում եմ ձեզ, որ հետո ոչ մի թյուրիմացություն չպատահի։
― Այ դու սրիկա, ― ասաց Էպիտեմոնը, ― այ դու անամոթ, լկտի սրիկա։ Դուք, պարոններ, տեսած կա՞ք մի ուրիշ այդպիսի սրիկայի։ Նա խաբել է նույնիսկ աստծուն։
==Գլուխ XX==
Այն մասին, թե ինչպես են մեռնում հերոսները Մակրեոնների<ref>Մակրեոն հունարեն նշանակում է «ծերունի»։</ref> կղզում
Նավը վերջապես հասավ ափին, և մենք տանջված ու սոված ափ դուրս եկանք։ Պանտագրյուելն իր մարդկանց մեկ֊մեկ ստուգեց ու հրամայեց տալ նրանց նոր շորեր։ Դրանից հետո ափ դուրս բերին ուտեղենի պաշարը և մի շքեղ խնջույք սարքեցին։ Փառավոր կերպով կերան ու խմեցին։ Տեղացիները նույնպես բավականաչափ մթերքներ բերեցին նրանց համար։ Պանտագրյուելն իր կողմից նրանց հարուստ ընծաներ տվեց։
Ճաշից հետո Պանտագրյուելը կարգադրեց զբաղվել նավերի նորոգումով։ Տեղացիները ցանկություն հայտնեցին օգնելու։ Նրանց մեջ շատ ատաղձագործներ կային, երկաթագործներ, դարբիններ, և նրանք բոլորն էլ շատ լավ վարպետներ էին։ Բոլորը գործի անցան։ Աշխատանքը եռում էր։
Այն կղզին, որի ափին մենք խարիսխ գցեցինք, կոչվում էր Մակրիոնների կղզի։ Դա մի շատ մեծ կղզի էր, բայց բնակիչներն ապրում էին միայն ծովափում, երեք մեծ նավահանգիստներում։ Կղզու միջին մասն ամբողջովին ծածկված էր խիտ ու վայրի անտառով։
Մի տարիքավոր Մակրոբ (այդպես էին տեղացիները կոչում իրենց պետին) մեզ ցույց տվեց կղզում եղած բոլոր նշանավոր բաները։ Անմարդաբնակ ու ստվերախիտ անտառում մենք տեսանք մի քանի հին ու ավերակ տաճարներ։ Մի քանի բուրգեր ու դամբարաններ, որոնց վրա կային հին արձանագրություններ։ Այնտեղ կային հիերոգլիֆներով գրված արձանագրություններ, կային և արաբական տառերով ու սլավոնական տառերով արձանագրություններ։
Երբ Էպիտեմոնը արտագրում էր այդ արձանագրությունները որպես հիշատակ պահելու համար, ծերունի Մակրոբը հարցուփորձ էր անում Պանտագրյուելին, թե ինչպես է կարողացել նա այդպիսի փոթորկին իր նավերը բերել հասցնել նավահանգիստ։
― Ինքը բախտը մեզ օգնեց, ― ասաց Պանտրագրյուելը։ ― Մենք վաճառականներ չենք, որոնք շրջագայում են ծովերում փող վաստակելու համար։ Գո՞ւցե հենց դրա համար բախտը մեզ խնայեց։ Գուցե դուք ասեք մեզ, շարունակեց Պանտագրյուելը, ― այդ ի՞նչ էր պատահել ծովին, որտեղի՞ց են գալիս այդ փոթորիկները, հաճա՞խ են պատահում արդյոք այդպիսի փոթորիկներ այս կողմերում։
― Սիրելի բարեկամներ, ― պատասխանեց Մակրոբը, ― դուք գտնվում եք այժմ այն կղզիներից մեկում, որոնք հին ժամանակներում հայտնի էին իրենց հարստությամբ և հզորությամբ, իսկ այժմ, ինչպես տեսնում եք, աղքատացել են և անկման աստիճանի հասել։ Այդ մութ ու լայնատարած անտառում, որ դուք այստեղից տեսնում եք, ապրում են հին իմաստուններ և հերոսներ, որոնք այժմ կատարյալ զառամության են հասել։ Երբ նրանց մոտ ամեն ինչ կարգին է, ծովն էլ հանդարտ է լինում և ամենուրեք հրաշալի եղանակ է անում։ Բայց երբ նրանցից մեկը վախճանվում է, այն ժամանակ լսում ենք անտառից հուսակտուր աղաղակներ, լինում են երկրաշարժեր, հրդեհներ, հիվանդություններ, իսկ ծովում սկսվում է զարհուրելի փոթորիկ, որ դուք ձեր աչքով տեսաք։
― Ամեն մի այդպիսի իմաստունի կարելի է համեմատել ջահի հետ, ― ասաց Պանտագրյուելը։ ― Քանի ջահը վառվում է, նա լույս է տալիս անխտիր բոլորին, և մարդիկ գոհ են ու շնորհակալ։ Բայց հենց որ ջահը հանգչում է, չորս կողմը այնպիսի սարսափելի ծխահոտ է տարածվում, որ մարդիկ չեն իմանում, ինչպես ազատվեն նրանից։
― Դա ինձ համար անհասկանալի է, ― ասաց Ժանը, ― մի՞թե մեծ մարդիկ մեռնում են։ Ինձ այնպես է թվում, որ նրանք անմահ են։ Իսկ եթե նրանք մահանում էլ են, դա լինում է միայն խոր ծերության ժամանակ։ Ծերությունից մեռնում են նույնիսկ աստվածները։ Զուր չեն դրա մասին գրում հին գրքերում։
― Ես էլ եմ կարդացել դրա մասին մի առասպել, ― ասաց Պանտագրյուելը։ ― Մի անգամ զանազան ապրանքներով բեռնավորված առևտրական մի նավ Հունաստանից ուղևորվում է Իտալիա։ Երբ նավն անցնելիս է լինում Թունիսի մոտով, հողմը դադարում է, և ճանապարհորդներին ծովային հոսանքը տանում է դեպի Պակսոս կղզին։ Արդեն երեկո է լինում։ Ճանապարհորդներից մի քանիսը ընթրելիս են լինում, մյուսները պառկում են քնելու։ Հանկարծ մի կղզուց լսվում է մի բարձր ձայն՝ «Ֆամո՜ւս»։ Ճանապարհորդները ահի ու սարսափի մեջ են ընկնում։ Ֆամուսը նավի ղեկապետն է լինում և ծագումով եգիպտացի։ «Ֆամո՜ւս», ― կանչում է ձայնը երկրորդ անգամ։ Ոչ ոք պատասխան չի տալիս։ Բոլորը լուռ են մնում և երկյուղից դողում են։ Այն ժամանակ ձայնը լսվում է երրորդ անգամ, և այնպես ուժեղ, որ նման է լինում որոտի դղրդյունի։ Այդ ժամանակ Ֆամուսն առաջ է անցնում և ասում՝ «Ես այստեղ եմ, ի՞նչ եք ցանկանում, ո՞վ եք դուք»։ Ձայնը հրամայում է Ֆամուսին հայտարարել բոլոր ազգերին, որ մեծ աստված Պանը<ref>Պանը ըստ հին հունական դիցաբանության՝ հոտերի և անասնապահության աստվածն էր։ Նրան ներկայացնում էին որպես կիասամարդ և կիսակենդանի, այծի կճղակներով, երկար մորուքով ու եղջյուրներով։</ref> մեռել է։ Այդ խոսքերը լսելուց հետո բոլոր նավաստիները սաստիկ վախեցած, խորհրդակցում էին իրար հետ, թե ինչպես վարվեն, լռեն, թե հայտնեն ինչպես հրամայված է։ Սակայն Ֆամուսը վճռել էր, եթե ինքը ողջ և առողջ նավահանգիստ հասնի, անպատճառ կկատարի հրամանը։ Առանց փորձանքի գալիս են նավահանգիստ։ Այդտեղ Ֆամուսը նավի աջ կողմում կանգնած և երեսը դեպի ափը դարձրած հայտարարում է, որ մեծ աստված Պանը մեռել է։ Նա իր խոսքը վերջացրած չի լինում, երբ ափից լսվում է լացի ու ողբի ձայն, ախուվախ և բարձրաձայն հեկեկանք։ Այդ լուրը շուտով հասնում է Հռոմ։ Հռոմեացոց կայսր Տիբերիոսը կանչում է իր մոտ Ֆամուսին, լսում նրա պատմությունը և հավատում նրա ասածներին։
Պանտագրյուելն առասպելը պատմելուց հետո լռեց, խոր մտածմունքի մեջ ընկավ և գլուխը կախեց։ Շուտով նկատեցինք, որ արցունքի կաթիլները ջայլամի ձվի մեծությամբ թափվում էին նրա աչքերից։ Թող աստված ինձ սպանի, եթե ասածներիս մեջ մի սուտ խոսք կա։