Երբ զանգերն իրենց նախկին տեղը կախվեցին, Գարգանտյուան ցանկացավ աշխատանքի կպչել։ Բայց Պոնոկրատը վճռեց նախ իմանալ, թե ինչ է սովորեցրել նրան առաջվա դաստիարակը, և պատվիրեց Գարգանտյուային ապրել այնպես, ինչպես առաջ։ Գարգանտյուան այդպես էլ արեց։
Եվ ահա , թե ինչպես էր անցկացնում նա իր ժամանակը։ Առավոտները զարթնում էր ժամը ութին֊ինին, մի կես ժամ մնում էր անկողնում պառկած, հետո հագնվում էր և սանրվում իր սեփական հինգ մատներով։ Այդպես էր սովորել նա մանկությունից, որովհետև նրա նախկին ուսուցիչը այն կարծիքին էր, որ գլուխ սանրելը, լվացվելը և մաքրվելը թանկագին ժամանակի ապարդյուն կորուստ է։
Դրանից հետո Գարգանտյուան հորանջում էր, թքում, հազում, փռշտում, խնչում, ճիշտ ավագ սարկավագի պես, հետո նախաճաշին ուտում էր տապակած երիկամներ ու միս, խոզապուխտ և որևէ ջրալի ու յուղալի կերակուր։
Ճաշից հետո Գարգանտյուան մեկնվում էր ու խռմփացնում, իսկ երբ զարթնում էր, մի տակառ գինի էր դնում մոտը և խմում էր, որքան քեֆն ուզում էր։
Այդպես էր անցնում նրա օրը մինչև երեկո։ Ընթրելուս Ընթրելիս էր Գարգանտյուան այնքան էր ուտում, որ քիչ էր մնում պայթի։ Հետո զառ էր խաղում և ապա պառկում քնում էր մինչև առավոտվա ժամը ութը։
Գարգանտյուայի կյանքը լավ ուսումնասիրելուց հետո Պոնոկրատը հասկցավ, թե ինչու է նա այդպես հիմար ու անպետք մարդ դարձել, և վճռեց նոր սովորություններ մշակել։
Պոնոկրատը իր սանին արթնացնում էր առավոտյան ժամը չորսին և դեռ չնախաճաշած՝ նրա հետ գնում էր զբոսնելու։ Զբոսանքից հետո Գարգանտյուային հագցնում ու գլուխը սանրում էին, և այդ ժամանակ Պոնոկրատը կրկնում էր նրա հետ նախորդ օրվա դասերը։ Այդպես պարապում էին նրանք երկու֊երեք ժամ անընդհատ, որից հետո Պոնոկրատը նրան նոր դաս էր տալիս։ Այնուհետև նրանք դարձյալ գնում էին զբոսնելու։ Մտնում էին հրապարակը, այնտեղ գնդակ էին խաղում, գնդաթի և ուրիշ խաղեր, որպեսզի զարգացնեն իրենց մկանները։ Երբ վերադառնում էին տուն, շփում էին իրենց մարմինները, փոխում շապիկները և նստում ճաշելու։ Ճաշելիս բարձրաձայն մի քանի զվարճալի պատմություններ էին կարդում հին դյութազունների դյուցազունների սխրագործությունների մասին և ուրախ զրուցում միմյանց հետ։
Ճաշից հետո Գարգանտյուան քնար էր նվագում, տավիղ և գերմանական սրինգ, հետո նորից սկսում էր սովորել, այսինքն կրկնում էր առավոտվա դասը, կարդում որևէ գիրք, գրում էր և գրելիս աշխատում էր ամեն մի տառը որքան կարելի է գեղեցիկ գրել։
Բացի այդ, Գարգանտյուան հաճախ որսի էր գնում, գնդակ էր խաղում, մենամարտում էր, վազում, ցատկում, լողում էր փորի վրա, մեջքի վրա, մի կողքի վրա։ Նա այնպես լավ էր լողում, որ կարողանում էր անցնել գետի մի ափից մյուսը միայն ոտնալող տալով և մի ձեռքը բարձր գլխավերևում պահած։ Հաճախ նա ձեռքին բռնած մի որևէ գիրք էր անցկացնում մյուս ափը և գրքի վրա ոչ մի կաթիլ ջուր չէր լցնում։
Մարմնամարզության մեջ նա առաջնակարգ վարպետ էր։ Պատահում էր , որ մի բարձր աշտարակի ծայրից թոկ էին կապում, որի մյուս ծայրն իջեցնում էին մինչև գետին։ Գարգանտյուան թոկից բռնած բարձրանում էր աշտարակի ծայրը, հետո իջնում էր ներքև ու թռչում խոտի վրա։ Կամ երկու միմյանցից քիչ հեռու ծառերի վրա մի հաստ փայտ էին դնում, և Գարգանտյուան այդ փայտից կախ ընկած ու առանց ոտքերը գետնին կպցնելու մի ծառից մյուսն էր անցնում այնպիսի արագությամբ, որ ոչ մի արագավազ չէր կարողանում հասնել ետևից։
Մարմնամարզական վարժություններից հետո Գարգանտյուան լվացվում էր, մարմինը շփում, շորերը փոխում և նստում էր ընթրելու։ Պետք է ասել, որ Գարգանտյուայի ճաշն այժմ շատ համեստ էր լինում, նա այնքան էր միայն ուտում, որ սովածություն չզգա, բայց ընթրիքը լինում էր շատ ճոխ ու համեղ։ Ընթրիքից հետո նախքան քնելը Գարգանտյուան իր ուսուցչի հետ դուրս էր գալիս պատշգամբ՝ ուսումնասիրելու աստղազարդ երկինքը։
Ժամանակ առ ժամանակ Պոնոկրատն իր աշակերտին տանում էր զբոսանքի։ Գարգանտյուան մտնում էր այն արհեստանոցները, որտեղ մետաղ էին հալում և թնդանոթներ ձուլում, ալքիմիկոսների աշխատանոցները, դրամահատարանը, մանածագործական գործարանները, որտեղ մետաքսե կտորներ ու թավիշ էին գործում, և ամեն տեղ դիտում, ուսումնասիրում էր աշխատանքները։ Գնում էր նաև նայելու լարախաղացներին և ձեռնածուներին, իսկ երբեմն պարզ և լավ եղանակին գնում էր քաղաքից դուրս և ամբողջ օրն անցկացնում այնտեղ՝ երգեր ասելով և խոտերի վրա թավալվելով։ Պանոկրատը հասկանում էր, որ երբ մարդ եռանդուն աշխատանքներ է կատարում, ժամանակ առ ժամանակ պետք է լավ հանգստանա, ուստի չէր խանգարում իր աշակերտին որոշ օրեր իր ուզածի պես զվարճանալ։
==Գլուխ VI==