Ավելացվել է 4799 բայտ,
08:24, 4 Նոյեմբերի 2015 {{Վերնագիր
|վերնագիր = Կարմիր գլխարկը
|հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]]
|թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան
|աղբյուր = [[«Մոռացված ծննդյան օրը»]]
}}
[[Կատեգորիա:Մանկական]]
Ապրում էր, չէր ապրում, աշխարհում մի Ձկնիկ էր ապրում։ Ուրիշ ձկների հետ նա լող էր տալիս ծովում եւ կարծում էր, թե իր ներքեւում ծովը մութ֊մութ է։ Որքան խոր, այնքան մութ։ Իսկ երբ նայում էր վեր, տեսնում էր կապույտ երկինքը եւ այդ երկնքում էլ կարմիր մի գլխարկ։
«Երանի թե այդ կարմիր գլխարկը իմը լիներ»,— երազում էր նա։
Եվ մի անգամ նա հրաժեշտ տվեց մյուս ձկնիկներին ու լողաց դեպի վեր, վեր ու ավելի վեր, մինչեւ որ հասավ ծովի մակերեւույթին։ Որ կողմը նայեր՝ շուրջը միայն ծովն էր, ծովի վրա խոշոր նավեր կային, իսկ վերեւում կապույտ երկինքն էր, ճերմակ ամպերն ու կարմիր գլխարկը։
Ձկնիկն ուզում էր ավելի վեր լողալ, բայց նրա բոլոր ջանքերը իզուր էին․ հո նա չէր կարող ջրից էլ դուրս գալ։
Եվ նա դիմեց Ճային, որը թռչում էր ծովի վրայով։
— Սիրելի միսիս Ճայ, խնդրում եմ, ավելի վեր բարձրացեք ու բերեք այն կարմիր գլխարկը։ Ես շատ եմ հավանում։
Բայց Ճայը նրան այսպես պատասխանեց․
— Լավ կլինի, աչքիցս հեռու մնաս, այլապես նախաճաշ կդառնաս ինձ համար։
Այս խոսքի վրա էլ Ճայը սրընթաց վար իջավ ու փորձեց Ձկնիկին բռնել իր խոշոր, սուր եւ դեղնավուն կտուցով։ Բայց Ձկնիկը սուզվեց ծովի խորքերն ու անհետացավ։
Մյուս անգամ Ձկնիկը նավակի մեջ նստած Ձկնորսին տեսավ, որը մի երկար կարթ ուներ, իսկ կարթի ծայրին էլ, իհարկե, կեռիկ կար։ Ձկնիկը գլուխը հանեց ջրից ու ասաց․
— Բարի եղեք, միստր Ձկնորս, ձեր կարթով ցած բերեք այն կարմիր գլխարկը։
— Ավելի լավ է զգույշ լինես, որ հանկարծ ինքդ չընկնես իմ կարթին,— ասաց Ձկնորսը։
Եվ նա կարթը բարձրացրեց գլխից էլ վեր, երեք անգամ թափ առավ ու հետո նետեց որքան հնարավոր է հեռու, որպեսզի կեռիկով որսա Ձկնիկին։ Բայց վրիպեց, ու Ձկնիկն էլ լողաց֊փախավ։
Վերջապես, Ձկնիկը լողաց դեպի ափը եւ տեսավ փղին։ Փիղը քթի տակ մի երգ էր մռլտում․
<poem><i>
Փիղը շատ է գեր ու խոշոր,
Որոճում է նա ամեն օր։
Խոտ է ուտում տխուր, տրտում․
Բայց մուրաբա շատ է սիրում։
</i></poem>
Ձկնիկը ձայն տվեց նրան․
— Խնդրում եմ, քո այդ երկար կնճիթով ցած բեր կարմիր գլխարկը։
Փիղը կնճիթը ձգեց դեպի կարմիր գլխարկը, ձգեց, ձգեց որքան կարող էր, բայց այնպես էլ չհասավ գլխարկին։
— Չեմ կարողանում,— ասաց նա։— Ավելի լավ է, իմ կնճիթով բռնեմ քեզ ու նետեմ երկինք, եւ դու ինքդ ցած բեր կարմիր գլխարկը։
Եվ փիղը կնճիթով բռնեց Ձկնիկին, նետեց որքան հնարավոր է դեպի վեր, ամպերից էլ վեր, դեպի կապույտ երկինք։ Ձկնիկը նայեց ու տեսավ, որ կարմիր գլխարկի փոխարեն երկնքում գտնվում է կարմիր արեւը։ Եվ Ձկնիկը ետ գալով, աղմուկով շրմփաց ծովի մեջ։
Ձկները շրջապատեցին նրան ու հարցուփորձ արեցին․
— Ինչո՞ւ առանց կարմիր գլխարկի վերադարձար։
— Դա բոլորովին էլ կարմիր գլխարկ չէր,— պատասխանեց Ձկնիկը։— Դա արեւն է։
Բայց նրանք ծիծաղեցին ձկնիկի վրա ու ասացին․
— Դու մեզ չես խաբի։ Դա կարմիր գլխարկն է։